Литературный портал

«ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ»

հաշվետվուցյուն 1 - մարտի 5, 1965


Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի գրեմ ինչեմ մտածում ու ամեն ինչ որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց ինքն ասում է որ էդ շատ կարեվոր է որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ որ ինձ կոգտագործեն: Միսս Կինիանն ասում է որ նրանք երեվի կկարողանան ինձ խելացի դարցնել: Ես ուզումեմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկանեմ ու 2 շափաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ էսոր վերջացնումեմ գրելը:

հաշվետվուցյուն 2 - մարտի 6
Ես էսոր տեստ արեցի: Ինձ թվում է կտրվելեմ: Ու ինձ թվում է որ հիմա իրենք ինձ հազիվ թե օգտագործեն: Տեստը էն էր որ մի բարի ջահել մարթ կար սենիակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում:
Ես ասացի որ թանաքի բիծեմ տեսնում: Ինքը ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց որ վերջ բայց հենց վերկացա որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր որ ասեմ ինչ կա թանաքի մեչ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչոր նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորցեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիսեմ դնում բայց հետո ասացի որ միջանցքում պահարանի մեչ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտտ ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեչ ինչ կա:
Ես շատ փորցեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչոր բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվելեմ: Ասացի որ էդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կաին: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրումեմ թողեք մի անքամ էլ փորցեմ: Մի քանի րոպե որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետեվ մեկմեկ ես մի քիչ դանդաղեմ մտածում: Ես համել դանդաղեմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա ու ուզումեմ արագ կարթալ:
Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ:
Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ տեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեչ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երեվի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնումեմ փչացած գրիչ ու սփռոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց:
Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվելեմ:

հաշվետվուցյուն 3 - մարտի 7
Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ասում են որ թանաքի բծերը կարեվոր չեն: Ես ասացի որ քարտերի վրա ես չէի թանաքը թափել ու որ թանաքի մեչ ոչմի բան չկարողացա տեսնել: Իրենք ասացին որ երեվի դեռ կոգտագործեն ինձ: Ես ասացի որ միսս Կինիանը ինձ երբեք այդպիսի տեստեր չեր տալիս մենակ ուղղագրուցյուն ու ընթերցանուցյուն էր ստուգում: Իրենք ասացին որ միսս Կինիանը պատմել է որ ես իր ամենալավ աշակերտն եմ հետամնաց չափահասների գիշերոտիկ դպրոցում որովհետեվ ես ամենաշատն եմ աշխատում ու իսկականից ուզումեմ սովորել: Հետո ասացին Չարլի բա ոնց եղավ որ դու ինքնուրույն գնացիր չափահասների գիշերոտիկ դպրոց: Ոնց գտար: Ես ասացի որ հարցրեցի մարդկանց ու մեկը բացատրեց ես ուր գնամ որ լավ կարդալ ու գրել սովորեմ: Իրենք ասացին իսկ ինչու էիր ուզում դպրոց գնալ: Ես ասացի որ ամբողչ կյանքումս ուզելեմ խելացի լինել ոչ թե հիմար: Բայց խելացի լինելը շատ դժվար բան է: Իրենք ասացին գիտես չէ որ դա երեվի ժամանակավոր է լինելու: Ես ասացի այո: Միսս Կինիանը ինձ արդեն ասել է: Ոչինչ թող մի քիչ էլ ցավա ես չեմ վախենում:

Հետո էսոր էլի ուրիշ խառը տեստեր էլ ունեցա: Տեստը մի հաճելի կին էր անցկացնում ու ինձ ասաց դրա անունը ու ես հարցրեցի թե ոնց է գրվում որ կարողանամ իմ հաշվետվուցյան մեչ գրեմ: ԹԵՄԱՏԻԿ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԵՍՏ: Ես առաչին երկու բառերը չեմ հասկանում բայց գիտեմ տեստը ինչ է նշանակում: Տեստը այն է որ կամ անցնումես կամ էլ վատ գնահատականներ ես ստանում: Այս մի տեստը սկզբում ավելի հեշտ թվաց որովհետեվ ես նկարները տեսնում էի: Բայց այս անքամ ինքը չեր ուզում որ ես ասեմ ինչ նկար եմ տեսնում: Ես շփոթվեցի: Ասացի որ երեկվա մարդը ասում էր որ պետք է ասեմ ինչեմ տեսնում թանաքի մեչ իսկ կինը ասաց որ դա կապ չունի: Ասաց պատմիր նկարների միջի մարդկանց մասին:

Ես ասացի ոնց կարողեմ պատմել այն մարդկանց մասին ում կյանքում չեմ տեսել: Ասացի ինչու պիտի ստեր հորինեմ: Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետեվ ամեն անքամ բռնվումեմ:


Ինքը ասաց այս տեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են: Ես քիչ էր մնում ծիծաղից մեռնեի: Ասացի ոնց կարող եք թանաքի բծերից ու նկարներից այդպիսի բան պարզել: Ինքը տխրեց ու նկարները պահեց: Ինձ մեկ է: Այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Ինձ թվում է ես այդ մի տեստից էլ եմ կտրվել:

Հետո սպիտակ խալաթներով մարթիկ ինձ տարան հիվանդանոցում մի ուրիշ տեղ ու խաղ տվեցին որ խաղամ: Խաղը մի տեսակ մրցուցյուն էր սպիտակ մկնիկի հետ: Մկնիկի անունը Էլջերնոն է: Էլջերնոնը մի արկղի մեչ էր որտեղ լիքը ծուռումուռ ճամփաներ ու պտույտներ կաին ոնց որ ասենք շատ խառը պատեր ու ինձ էլ մատիտ տվեցին ու թուղթ որի վրա լիքը գծեր ու քառակուսիներ կաին: Մի կողմում գրված էր ՍԿԻԶԲ մյուս կողմում ՎԵՐՋ: Ինձ ասացին որ դա լաբինթոս է ու որ իմ ու Էլջերնոնի լաբինթոսները նույնն են: Ես չհասկացա ոնց կարող են մեր լաբինթոսներընույնը լինել եթե Էլջերնոնինը արկղ է իսկ իմը թուղթ բայց ոչմի բան չասացի: Մեկ է ժամանակ չկար որովհետեվ մրցուցյունը արդեն սկսվել էր:

Մարդկանցից մեկը ժամացույց ուներ ու փորցում էր պահել որ ես չտեսնեմ դրա համար էլ ես աշխատում էի այդ կողմ չնայել ու դրա պատճառով անընդհատ նյարդայնանում էի:

Ես այդ տեստից ավելի շատ նեղվեցի քան մնացած բոլորից որովհետեվ իրենք դա անցկացրեցին տասը անքամ ամեն անքամ ուրիշ լաբինթոսով ու բոլոր անքամները Էլջերնոնը հաղթեց: Ես չգիտեի որ մկները այդքան խելացի են: Երեվի Էլջերնոնը սպիտակ մկնիկ է դրանից է: Երեվի սպիտակ մկները ավելի խելացի են քան մյուսները:
hաշվետվուցյուն 4 - մարտի 8
Ինձ օգտագործելու՜ են: Էնքան վոգեվորվածեմ որ հազիվեմ կարողանում գրել: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկզբում այդ մասին մի քիչ վիճեցին իրար հետ: Դոկտոր Նեմուրը այնքան էլ չեր ուզում ինձ օգտագործել բայց դոկտոր Շտրաուսը ասաց որ միսս Կինիանը խորուրդ է տվել ինձ վերցնել ու որ ես իր աշակերտներից ամենալավն եմ: Միսս Կինիանը ինձ դուրէ գալիս որովհետեվ ինքը շատ խելացի ուսուցչուի է: Ու նա ինձ ասաց Չարլի դու երկրորդ շանս կունենաս: Եթե կամաոր համաձայնես այս գիտափորցին մասնակցել հնարաոր է որ խելացի դառնաս: Իրենք դեռ չգիտեն դա մշտական կլինի թե ոչ բայց շանս կա: Դրա համար էլ ես ասացի համաձայն եմ չնայած շատ էի վախեցած որովհետեվ միսս Կինիանը ասաց որ ինձ վիրահատուցյուն են անելու: Հետո ինքը ասաց մի վախեցիր Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի:
Դրա համար էլ վախեցա երբ դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկսեցին կռվել: Դոկտոր Շտրաուսն ասաց որ իմ մեչ ինչոր մի շատ լավ բան կա: Ասաց որ ես լավ մոտիկացիա ունեմ: Ես կյանքում չգիտեի որ այդպիսի բան ունեմ: Ես ինձ հպարտ զգացի երբ ասաց որ 68 վայքու ունեցող ամեն մեկը չի որ կարող է դա ունենալ: Ես չգիտեմ թե դա ինչ է կամ որտեղիցեմ գտել բայց ինքը ասաց որ Էլջերնոնն էլ ունի դրանից: Էլջերնոնիմոտիկացիան իր արկղի մեչ դրված պանիրն է: Բայց իմը հաստատ ուրիշ բան է որովհետեվ ես էս շափաթ պանիր ընդհանրապես չեմ կերել:
Հետո ինքը ինչոր բան ասաց դոկտոր Նեմուրին որ ես չհասկացա դրա համար էլ մինչեվ իրենք խոսում էին ես մի քանի բառ գրեցի որ հիշեմ:
Ասաց դոկտոր Նեմուր ես գիտեմ որ Չարլին հաստատ այն չի ինչպիսին պատկերացնում էիք որ կլինի ձեր առաջին իմտելեկ*** (չկարողացա գրել) սուպերմենը: Բայց նրա նման ցածր բանակա*** ունեցող մարդկանց մեծ մասը թշնա*** են տրամադրված լինում ու չեն համագործ*** նրանք սովորաբար համառեն ու ապաթ*** ու նրանց հետ շատ դժվար է աշխատելը: Իսկ ինքը լավ բնավորուցյուն ունի հետարքրված է ու պատրաստակամ:
Դոկտոր Նեմուրը ասաց հիշեք որ ինքը առաջին մարդկայն արարածն է լինելու ում իմտելեկտը վիրահատական միջամտուցյան արձյունքում եռապատկվելու է:
Դոկտոր Նեմուրը ասաց ճիշտ է: Տեսեք թե ինքը իր ցածր մտաոր տարիքի համար ինչքան լավ է կարթալ ու գրել սովորել դա նույնքան լուրջ ձեռքբեր*** է ինչքան եթե ես ու դուք առանց որեվե օգնուցյան սովորեինք էնշտեյնի ***կանուցյան տեսուցյունը: Դա հենց շատ մեծ մոտիկացիայի նշան է: Ինքը ահռե*** մեծ կամք ու ցանկուցյուն ունի ու ես համոզված եմ որ պետք է օգտագործենք Չարլիին:

Ես լիքը բառեր չէի հասկանում ու համել իրենք շատ արագ էին խոսում բայց ոնց որ թե դոկտոր Շտրաուսը իմ կողմից էր իսկ մյուսը չէ:
Հետո դոկտոր Նեմուրը գլխով արեց ու ասաց լավ գուցե դուք ճիշտեք: Արի օգտագործենք Չարլիին: Երբ այդպես ասաց ես այնքան շատ ուրախացա որ տեղիցս վեր թռա ու ձեռքը սեղմեցի որ իմ հանդեպ այդքան բարի է: Ասացի շնորհակալուցյուն բժիշկ դուք չեք փոշմանի որ ինձ երկրորդ շանս եք տալիս: Ու ես անկեղծ համոզվածեմ որ չեն փոշմանի: Վիրահատուցյունից հետո ես փորցելու եմ խելացի լինել: Փորցելու եմ ինչքան ուժ ունեմ:
հաշվետվուցյուն 5 - մարտի 10

Ես վախենումեմ: Այստեղ աշխատող լիքը մարդիկ բուշքույրերն էլ ու ինձ տեստ տվողներն էլ եկան ու ինձ շոկոլադ բերեցին ու հաջողուցյուն մախթեցին: Ես հույս ունեմ որ բախտս կբերի ու հաջողուցյուն կունենամ: Նապաստակի ոտքը մոտս է բախտավոր պեննին էլ ու համել պայտս: Մենակ թե երբ հիվանդանոց էի գալիս դիմացովս մի սեվ կատու անցավ: Դոկտոր Շտրաուսն ասում է Չարլի սնավատ մի եղիր սա գիտուցյուն է: Բայց ես ամեն դեպքում նապաստակի ոտքս պահումեմ մոտս:
Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի իսկ վիրահատուցյունից հետո Էլջերնոնին կհաղթե՞մ ու ինքը ասաց երեվի: Եթե վիրահատուցյունը ստացվի ես էդ մկնիկին ցույց կտամ որ կարողեմ այնքան խելացի լինել ինչքան ինքը: Երեվի նույնիսկ ավելի խելացի: Ու հետո ես կկարողանամ ավելի լավ կարդալ ճիշտ գրել լիքը բան իմանալ ու մյուս մարդկանց նման լինել: Ես ուզումեմ մյուս մարդկաց նման խելացի լինել: Եթե պարզվի որ մշտական է իրենք ուզումեն ամբողչ աշխարհում բոլորին խելացի դարցնել:
Այս առավոտ ինձ ուտելու ոչմի բան չտվեցին: Ես չեմ հասկանում ուտելը ինչ կապ ունի խելացի դառնալու հետ: Ես շատ սովածեմ ու դոկտոր Նեմուրն էլ տարավ իմ շոկոլադները: Այդ դոկտոր Նեմուրը լրիվ խոզ է: Դոկտոր Շտրաուսն ասում է որ վիրահատուցյունից հետո շոկոլադներս կվերադարցնեն: Վիրահատուցյունից առաջ ուտել չի կարելի:

Հաշվետվություն 6 - մարտի 15
Վիրահատուցյունը հեչ չցավաց: Ես այդ ժամանակ քնած էի: Այսոր աչքերիս ու գլխիս վիրակապները հանեցին ու ես արդեն կարողեմ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ գրել: Դոկտոր Նեմուրը նայել էր իմ հին գրածները ու ասում է որ ես ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ բառը սխալեմ գրում ու բացատրեց թե ոնց են ճիշտ գրում: Ուզումեմ փորցեմ հիշել:
Ես ուղագրուցյունը շատ վատեմ հիշում: Դոկտոր Շտրաուսն ասում է որ լավ է որ գրումեմ ինձ հետ եղած ամեն ինչի մասին բայց պիտի ավելի շատ պատմեմ թե ինչեմ զգում ու ինչեմ մտածում: Երբ ասացի որ չգիտեմ ոնց են մտածում ինքը ասաց ոչինչ փորցիր: Երբ վիրակապները աչքերիս վրա էին ես անընթատ փորցում էի մտածել: Ոչ մի բան չստացվեց: Ես չգիտեմ թե ինչի մասին մտածեմ: Երեվի եթե իրեն հարցնեմ ինքը կասի թե ոնց մտածեմ: Հիմա պիտի որ արդեն կամաց կամաց սկսեմ խելացի դառնալ: Հետարքրիր է ինչ են մտածում խելացի մարդիկ: Ինձ թվում է շատ սիրուն բաներ: Ես էլ կուզենայի սիրուն բաներ իմանալ:

Հաշվետվություն 7 - մարտի 19
Ոչմի բան չի փոխվել: Ես էլի լիքը տարբեր տեստեր արեցի ու լիքը մրցեցի Էլջերնոնի հետ: Ես ատումեմ այդ մկնիկին: Ամեն անքամ հաղթում է ինձ: Դոկոր Շտրաուսն ասում է որ այդ խաղերը խաղալը կարեվոր է: Ու համել ասում է որ պիտի պարբենաբար նորից հանձնեմ նույն տեստերը: Թանաքի բծերը ապուշուցյուն են: Նկարներն էլ են ապուշուցյուն: Ես սիրումեմ մարդ ու կին նկարել բայց ոչմի դեպքում ստեր չեմ հորինի մարդկանց մասին:
Այնքան շատեմ փորցում մտածել որ գլուխս ցավում է: Ինձ թվում էր որ դոկտոր Շտրաուսը իմ ընկերն է բայց ինքը ինձ չի օքնում: Չի ասում ինչ մտածեմ կամ երբ խելացի կդառնամ: Միսս Կինիանն էլ չի գալիս ինձ տեսնելու: Ինձ թվում է այս հաշվետվություններն էլ են ապուշուցյուն:

Հաշվետվություն 8 - մարտի 23
Ես հետ եմ գնում գործարան աշխատելու: Ինձ ասացին որ ավելի լավ կլինի եթե նորից գնամ գործի բայց ոչմեկի չի կարելի ասել թե վիրահատուցյունը ինչի համար էր ու համել ամեն օր գործից հետո պիտի մի ժամով գամ հիվանդանոց: Իրենք ինձ ամեն ամիս փող են տալու որ ես սովորեմ խելացի լինել:
Ես ուրախեմ որ նորից գործի եմ գնում որովհետեվ շատեմ կարոտել իմ աշխատանքը ու իմ բոլոր ընկերներին ու թե ինչքան լավ ենք ուրախանում մենք իրար հետ:
Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի շարունակեմ գրել բայց արդեն ամեն օր պետք չի մենակ երբ ինչոր բան եմ մտածում կամ ինչոր կարեվոր բան է պատահում: Ինձ ասում է մի հուսատվիր որովհետեվ դրա համար ժամանակ է պետք ու դա դանդաղ է լինում: Ասաց որ Էլջերնոնն էլ շատ ուշ դարցավ երեք անքամ ավելի խելացի քան առաչ էր: Ուրեմն Էլջերնոնը ինձ միշտ հաղթում է որովհետեվ իրեն էլ են նույն վիրահատուցյունից արել: Ես հիմա ինձ միքիչ ավելի լավ եմ զգում: Ինձ թվում է որ եթե սովորական մուկ լիներ ես կկարողանայ այդ լաբինթոսը իրենից արագ անցնել: Կարող է նույնիսկ մի օր հաղթեմ Էլջերնոնին: Երեվի ուրախուցյունից կգժվեմ: Մինչեվ հիմա ամեն ինչ ցույց է տալիս որ Էլջերնոնը ոնցոր թե մշտական խելացի է մնալու:
Մարտի 25 - (Հիմա արդեն պետք չի վերեվում անընթատ գրել ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ուղակի շափաթը մի անքամ երբ բոլորը միանքամից հանձնումեմ դոկտոր Նեմուրին: Ուղակի պիտի ամսաթիվ գրեմ: Լավ է ժամանակեմ խնայում):

Այսոր գործարանում կարքին ուրախացանք: Ջո Կարպը ասաց հլը նայեք Չարլիի ինչն են վիրահատել Չարլի բա ինչ են արել չլնի մի քիչ ուղեղ են ավելացրել գլխիտ մեչ: Արդեն քիչ էր մնում ասեյ բայց հետո հիշեցի որ դոկտոր Շտրաուսը ասել էր որ չի կարելի: Հետո Ֆրենկ Ռեֆլին ասաց հաստատ բանալիներտ մոռացել էիր մի տեղ ու ստիպված դուռը էտ հաստ գլխովտ ես բացել: Ես շատ ծիծաղեցի: Իրենք իմ իսկական ընկերներն են ու սիրում են ինձ:
Մեկմեկ ինչոր մեկը ասում է հլը նաիր Ջոն կամ Ֆրենկը կամ Ջորջը իրեն լրիվ Չարլի Գորդոնի տեղն է դրել: Ես չգիտեմ թե ինչու են այդպես ասում բայց հետո միշտ ծիծաղում են: Այս առավոտ Ամոս Բորգը որ Դոնեգանսի գործարանում չորորդ մարդն է գոռում էր առաքիչ Էռնիի վրա ու իմ անունն էր տալիս: Էռնին փաթեթ էր կորցրել: Ասում էր գրողը քեզ տանի Էռնի կարող է գիտես Չարլի Գորդոն ես: Ես չհասկացա թե ինչու այդպես ասաց: Ես երբեք ոչմի փաթեթ չեմ կորցրել:

Մարտի 28 – Այսոր դոկտոր Շտրաուսը եկավ իմ սենյակ որ տեսնի թե ինչու գործից հետո իր մոտ չեմ գնացել: Ես ասացի որ էլ չեմ ուզում Էլջերնոնի հետ մրցել: Ինքը ասաց որ միվորոշ ժամանակ դեռ կարող եմ չմրցել բայց ամեն դեպքում պիտի գնամ: Ու համել ինձ նվեր էր բերել բայց ոչթե իսկական նվեր այլ ուղակի թողնում էր որ մնա մոտս: Սկզբում ինձ թվաց փոքրիկ հեռուստացույց է բայց չէ ուրիշ բան էր: Ասաց որ երբ պարկում եմ քնելու պիտի միացնեմ: Ես ասացի ձեռ եք առնում ինչու պիտի միացնեմ եթե պարկում եմ քնելու: Ով է այդպիսի բան լսել: Բայց ինքը ասաց որ եթե ուզումեմ խելացի դառնալ պիտի անեմ ինչ ասում է: Ես ասացի որ չեմ կարծում որ ես խելացի կդառնամ ու ինքը ձեռքը դրեց ուսիս ու ասաց Չարլի դու դեռ չգիտես բայց դու հիմա ամեն վարկյան ավելի ու ավելի խելացի ես դառնում: Միվորոշ ժամանակ դու դա դեռ չես նկատի: Ինձ թվում է ինքը ուղակի ուզում էր ինձ հանգստացնել որովհետեվ ես ինձ հեչ խելացի չեմ զգում:

Հա քիչ էր մնում մոռանայ: Ես հարցրեցի թե երբ կկարողանամ հետ գնալ միսս Կինիանի դասարան: Ինքը ասաց որ էլ չեմ գնալու դպրոց: Ասաց որ շուտով միսս Կինիանը ինքը կսկսի գալ հիվանդանոց ու ինձ առանձին դաս կտա: Ես միսս Կինիանի վրա շատ էի ջղաինացած որ չեկավ ինձ տեսնի վիրահատուցյունից հետո բայց ես նրան շատեմ սիրում ու ուզումեմ էլի ընկերանանք:

Մարտի 29 - Այդ ապուշ հեռուստացույցը ամբողչ գիշեր չթողեց քնեմ: Ոնց կարողեմ քնել երբ ամբողչ գիշեր ականջիս մեչ ապուշ բաներ են գոռում: Բա խելառ նկարները: Ուֆ: Ես նույնիսկ արթուն ժամանակ բան չեմ հասկանում ուր մնաց թե քնած ժամանակ հասկանամ։

Դոկտոր Շտրաուսը ասում է որ ամեն ինչ լավ է: Ասում է որ ուղեղս շարունակում է սովորել երբ ես քնածեմ ու դա ինձ շատ կոքնի երբ միսս Կինիանը սկսի հիվանդանոցում ինձ դաս տալ (մենակ թե ես պարզել եմ որ դա ոչթե հիվանդանոց է այլ լաբատորիա): Ինձ թվում է այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Եթե կարողես քնած ժամանակ խելոքանալ ուրեմն էլ ինչու են մարդիկ դպրոց գնում: Ես չեմ կարծում որ մի բան կստացվի: Առաչ ես միշտ նայում էի ուշ երեկոի ու գիշերվա բոլոր շոուները բայց դրանից ոչմի կաթիլ ավելի խելացի չեմ դարցել: Երեվի պիտի նայելու ժամանակ քնած լինես:
Հաշվետվություն 9
Ապրիլի 3 - Դոկտոր Շտրաուսը ինձ ցույց տվեց թե ոնց հեռուստացույցի ձայնը իչեցնեմ ու հիմա գոնե կարողանումեմ քնել: Արդեն ոչմի բան չեմ լսում: Բայց մեկ է չեմ հասկանում ինչ է ասում: Մեկմեկ առավոտն էլ եմ միացնում որ իմանամ քնած ժամանակ ինչեմ սովորել ու ինձ թվում է որ ոչմի բան էլ չեմ սովորել: Միսս Կինիանն ասում է որ կարող է դա ինչոր ուրիշ լեզու է կամ ուրիշ եսիմինչ: Բայց հիմնականում ոնցոր ամերիկերեն լինի: Այնքան արագ է խոսում որ էլ չասած նույնիսկ ավելի արագ քան միսս Գոլդը: Ինքը իմ վեցերորդ դասարանի ուսուցչուին էր ու այնքան արագ էր խոսում որ բան չէի հասկանում:
Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի ում է պետք քնի մեջ խելացի դառնալը: Ես արթուն ժամանակ եմ ուզում խելացի լինեմ: Ինքը ասաց որ դրանք նույն բանն են ու որ ես երկու խելք ունեմ ենթագիտակցություն ու գիտակցություն (այսպես են ճիշտ գրվում): Ու մեկը մյուսին չի ասում թե ինքը ինչ է անում: Նույնիսկ չեն էլ խոսում իրար հետ: Դրա համար էլ երազներ եմ տեսնում: Ու էս վերչերս ինչ գիշերը հեռուստացույցը միացրած եմ թողնում ահավոր խառը երազներ եմ սկսել տեսնել: Հաստատ էդ ուշ ուշ ուշ ուշ ուշ գիշերվա շոուներից է:
Մոռացա հարցնեմ մենակ ես եմ թե բոլորն էլ երկու խելք ունեն:
(Միքիչ առաչ նայեցի դոկտոր Շտրաուսի տված բառարանում Ենթագիտակցություն, գ. Աղոտ՝ ոչ լիովին գիտակցված պատկերացումների՝ տրամադրությունների՝ զգացմունքների ևն տիրույթը: ) Էլի կա գրած բայց մեկ է չեմ հասկանում թե դա ինչ է նշանակում: Սա ինձ նման հիմար մարդկանց համար այնքան էլ լավ բառարան չէ:
Գլուխս երեկվանից հետո դեռ ցավում է: Գործարանի ընկերներս Ջո Կարպն ու Ֆրենք Ռեյլին ինձ հրավիրեցին Մագսիի սալուն իրար հետ խմելու: Ես խմել չեմ սիրում բայց իրենք ասացին արի արի տես ոնց ենք ուրախանալու: Ես լավ ժամանակ անցկացրեցի:

Ջո Կարպը ասաց որ ես պետք է ախչկերքին ցույց տամ թե ոնց եմ գործարանում զուքարան լվանում ու ինձ հատակի շոր տվեց: Ես ցույց տվեցի ու բոլորը շատ ծիծաղեցին երբ ասացի որ միստր Դոնեգանը ասում է որ ես իր ունեցած ամենալավ հավաքարարնեմ որովհետեվ սիրումեմ իմ գործը լավեմ աշխատում ու երբեք չեմ ուշանում կամ օր չեմ բացթողնում բացի վիրահատուցյանս օրից:
Ես ասացի որ միսս Կինիանը միշտ ասում է Չարլի հպարտ եղիր քո աշխատանքով որովհետեվ դու լավես աշխատում:
Բոլորը ծիծաղեցին ու մենք կարքին ուրախացանք ու հետո իրենք ինձ լիքը խմելու բան տվեցին ու Ջոն ասաց Չարլին էս ինչ դեմք է ճաքած ժամանակ: Ես չգիտեմ դա ինչ է նշանակում բայց բոլորը ինձ սիրում էին ու մենք ուրախ էինք: Արդեն չեմ համփերում ուզումեմ Չարլի Կարպի ու Ֆրենկ Ռեյլիի նման խելացի դառնալ: Իրենք իմ ամենալավ ընկերներն են:
Լավ չեմ հիշում երեկոն ոնց վերչացավ բայց ոնցոր թե ես դուրս եկա որ Ջոի ու Ֆրենկի համար սուրճ ու թերթ առնեմ ու երբ հետ եկա արդեն բոլորը գնացել էին: Ես մինչև ուշ գիշեր ամեն տեղ նրանց էի ման գալիս: Հետո արդեն համայրա բան չեմ հիշում բայց ինձ թվում է մի տեսակ քունս տարավ կամ հիվանդացա: Ինչոր բարի ոստիկան ինձ տուն բերեց: Տանտիրուհիս միսիս Ֆլինն էր այսոր պատմում:
Բայց մեկ է գլուխս ուժեղ ցավում է ու վրան մեծ ուռած տեղ կա ու դեմքս լրիվ սեվ ու կապույտ է: Ինձ թվում է ընկելեմ բայց Ջո Կարպն ասում է որ ոստիկանի արածը կլինի դրանք մեկմեկ հարփեցողներին ծեծում են: Ես այդպես չեմ կարծում: Միսս Կինիանը ասում է որ ոստիկանները մարդկանց օքնելու համար են: Ինչոր է գլուխս ահավոր ցավում է ու ինձ վատեմ զգում ու ամբողչ մարմինս նվվում է: Էլ երփեք չեմ խմելու:
Ապրիլի 6 - Ես Էլջերնոնին հաղթեցի՜: Նույնիսկ չգիտեի էլ որ հաղթելեմ մինչև տեստը անցկացնող Բարտը ինձ չասաց: Հետո երկրորդ անքամ պարտվեցի որովհետեվ այնքան էի ոքեվորվել որ կեսից աթոռից ընկա: Բայց դրանից հետո էլի ութ անքամ իրեն հաղթեցի: Ես երեվի խելոքանումեմ եթե կարողանումեմ Էլջերնոնի նման խելացի մկնիկին հաղթել: Բայց ես ինձ խելացի չեմ զգում:

Ես ուզում էի մի քիչ էլ մրցել Էլջերնոնի հետ բայց Բարտը ասաց որ մի օրվա համար հերիք է: Հետո թողեցին որ մի քիչ իրեն բռնեմ: Ինքը այնքան էլ վատը չէր: Ոնց որ բամբակի գունդ լիներ այնքան փափուկ էր: Անընթատ թարթում էր ու երբ աչքերը բացում էր սեվ էին ու եզրերը վարթագույն:

Ես հարցրեցի կարողեմ իրեն կերակրել որովհետեվ ինձ վատ էի զգում որ հաղթելեմ ու ուզում էի լավը լինել ու հետը ընկերանալ: Բարտը ասաց ոչ Էլջերնոնը շատ յուրատուկ մկնիկ է իրեն էլ են իմ վիրահատուցյունից արել ու ինքը բոլոր կենդանիներից առաչինն է ով այսքան երկար խելացի է մնացել: Ասաց որ Էլջերնոնն այնքան խելացի է որ ամեն օր պետք է տեստ լուծի որ ուտելիք ստանա: Էդ ոնցոր մի տեսակ կոխպեք լինի ուտելիքի դռան վրա ու ամեն անքամ երբ Էլջերնոնը մտնում է այդտեղ կոխպեքը փոխած են լինում այսինքն ինքը ուտելու համար պիտի ամեն անքամ նոր բան սովորի: Ես դրանից տխրեցի որովհետեվ եթե չկարողանա սովորել սոված կմնա:
Ինձ թվում է չի կարելի ինչոր մեկին ստիպել որ ուտելու համար տեստ անցնի: Դոկտոր Նեմուրի դուրը չէր գա չէ եթե ամեն անքամ երբ ուտել ուզենար տեստ անցներ: Ինձ թվում է ես ու Էլջերնոնը ընկերներ կդառնանք:

Ապրիլի 9 - Այսոր գործից հետո միսս Կինիանը եկել էր լաբորատորիա: Նա ոնց որ թե ուրախ էր ինձ տեսնելու համար բայց մի տեսակ վախեցած էր: Ես ասացի մի վախեցեք միսս Կինիան ես դեռ խելացի չեմ ու ինքը ծիծաղեց: Հետո ասաց Չարլի ես հավատում եմ որ դու կկարողանաս ոնց էիր ամբողչ ուժով փորցում մնացած բոլորից լավ կարթալ ու գրել: Վատագույն դեքում գոնե մի որոշ ժամանակով կփոխվես ու նաև կօգնես գիտությանը:

Հիմա մի շատ դժվար գիրք ենք կարթում: Ես կյանքում այսքան դժվար գիրք չեմ կարթացել: Անունը Ռոբինզոն Կրուզո է ու մի մարդու մասին է ով ընկնում է անմարդաբնակ կղզի: Ինքը խելացի է ու հազարումի բաներ է հորինում որ տուն ու ուտելիք ունենա ու համ էլ լավ լողորդ է: Ուղակի մի տեսակ մեխքս գալիս է որովհետև լրիվ մենակ է ու ոչ մի ընկեր չունի: Բայց ինձ թվում է որ կղզու վրա էլի ինչոր մեկը կա որովհետև մի նկար կա որտեղ ինքը իր ծիծաղելի հովանոցը բռնած նայում է ինչոր ոտնահետքի: Ես հույս ունեմ որ ինքը ընկեր կճարի ու մենակ չի մնա:

Ապրիլի 10 - Միսս Կինիանը ինձ ուղագրություն է սովորեցնում: Ասում է նայիր բառին աչքերդ փակիր ու այնքան կրկնիր մինչև հիշես: Ահավոր դժվար էր պառկելը որ պարկել ես ասում ու կրծելը որ կռծել ես ասում: Ես ոնց լսում էի այդպես էլ գրում էի քանի դեռ չեի սկսել խելոքանալ: Հիմա մի քիչ շփոթվածեմ բայց միսս Կինիանը ասում է որ վախենալու բան չկա ուղակի պետք է հիշել:
Հաշվետվություն 10
Ապրիլի 14 - Վերջացրեցի Ռոբինզոն Կրուզոն: Ուզումեմ իմանալ թե հետո ինչ է լինում իր հետ բայց միսս Կինիանն ասում է որ վերջ այդքանն է: Ինչու:

Ապրիլի 15 - Միսս Կինիանն ասում է որ ես արագեմ սովորում: Ինքը կարդաց իմ նախորդ հաշվետվություններից մի քանիսն ու մի տեսակ տարորինակ նայեց ինձ: Ասաց որ ես լավ մարդ եմ ու դեռ դրանց բոլորին ցույց կտամ: Ես հարցրեցի ինչու: Ինքն ասաց կարևոր չէ բայց չպետք է ինձ վատ զգամ եթե հասկանամ որ բոլորը այնքան բարի չեն ինչքան ինձ է թվում: Հետո ասաց աստված քեզ այդքան քիչ բան է տվել բայց դու ավելի շատ բանի ես հասել քան լիքը ուրիշ մարդիկ ովքեր չեն էլ փորցում իրենց ունեցած ուղեղները օգտագործել: Ես ասացի որ իմ բոլոր ընկերները խելացի են բայց լավն են: Նրանք ինձ սիրում են ու երբեք չեն նեղացնում: Հետո նրա աչքի մեջ ինչոր բան ընկավ ու նա վազեց դուրս լվացվելու:

Ապրիլի 16 - Ես այսօր, սովորեցի, ստորակետը, սա ստորակետ է (,) պոչիկով, կետիկ, միսս Կինիանը, ասում է որ, ստորակետը կարևոր է, որովհետև, ավելի ճիշտ, է, դարցնում, գրածը, ասում է, որ ինչոր, մեկը, կարող է լիքը, փող կորցնել, եթե, ստորակետը, ճիշտ, տեղում, չլինի, ես փող, ընդհանրապես չունեմ, ու չեմ հասկանում, ոնց պիտի, ստորակետը, չթողնի որ փողերտ, կորցնես:
Բայց ինքն, ասում է որ, բոլորն էլ, ստորակետներ, դնում են, ուրեմն, ես էլ, կդնեմ:

Ապրիլի 17 - Ես ստորակետը սխալ էի օգտագործում: Դա կոչվում է կետադրություն: Միսս Կինիանը ասաց որ երկար բառերը բառարանով նայեմ որ սովորեմ դրանք ճիշտ գրել: Ես ասացի ինչ օգուտ եթե պիտի նայելով գրեմ: Ինքն ասաց ոչինչ դա քո կրթության մի մասն է ու դրա համար էլ հիմա բոլոր այն բառերը որ հաստատ չգիտեմ ոնց են գրվում բառարանով նայում եմ: Այդպես շատ դանդաղ եմ գրում բայց ինձ թվում է որ հետո հիշում եմ: Ընդամենը մի անգամ նայում եմ ու դրանից հետո արդեն միշտ ճիշտ եմ գրում: Դրա համար էլ կետադրություն բառը ճիշտ եմ գրել (բառարանում այդպես է գրված): Միսս Կինիանը ասում է որ վերջակետն էլ է կետադրություն ու դեռ լիքը ուրիշ սովորելու կետադրություններ կան:
Պետք է բոլոր նշաններն էլ օգտագործել ինքը. ինձ՛ ձևը, ցույց՞ տվեց» ու հիմա՛: գրելիս( կարողա՜նում... եմ ինչ տեսակ« կետադրու՝թյուն ասե՛ս. օգտագոր՞ծել. Դեռ՞ լիքը՛ «օրենքներ, կան՜ որ) չգի-տեմ... բայց ես ամեն ինչ՝ շատ արագ-եմ սովորում:
Ամենաշատը՜ սիր՞ում եմ, որ ինչ էլ հարցնեմ» Հարգելի միսս Կինիանին (գործնական նամակներում այդպես է պետք գրել եթե հանկարծ մի օր գործնական դառնամ) ինքը միշտ՝ ամեն ինչ բացատրում... է: Նա հանճա՛ր է: Ես երազու՛մ եմ որ իր» նմա՜ն խելացի, լինեմ:

(Ինչ, հավե՜ս բան է՝ կետադրությունը»):
Ապրիլի 18 - Բայց ի՜նչ բութ եմ ես: Փաստորեն՝ նույնիսկ չէի էլ հասկանում, թե միսս Կինիանը ինչ էր ասում: Անցած գիշեր քերականության դասագիրքը լրիվ կարդացի, ու այնտեղ ամեն ինչ շատ լավ բացատրած էր: Հետո հանկարծ տեսա, որ լրիվ նույն բանն էր, ինչ ինքն էր փորձում ինձ հասկացնել, բայց իմ գլուխը չէր մտնում: Գիշերվա կեսին վեր կացա, ու գլխիս մեջ ամեն ինչ իր տեղն ընկավ:

Միսս Կինիանն ասում է, որ այդ ամենը քնածս ժամանակ աշխատող հեռուստացույցի շնորիվ է: Ասում է, որ պլատոյի եմ հասել: Պլատոն նույն բանն է, ինչ բլրի հարթ գագաթը:
Կետադրությունը հասկանալուց հետո նստեցի ու իմ բոլոր հին հաշվետվությունները սկզբից մինչև վերջ նորից կարդացի: Ո՞նց կարող էի այդքան ահավոր սխալներ անել մի ժամանակ, չեմ պատկերացնում: Միսս Կինիանին ասացի, որ ուզում եմ մի հատ նորից անցնել հին գրածներիս վրայով ու բոլոր սխալներս ուղղել, բայց ինքն ասաց. «Չէ, Չարլի, դոկտոր Նեմուրն ուզում է, որ ոնց կան, այդպես էլ մնան: Գիտե՞ս ինչու է պատճենելուց հետո բնորինակները վերադարձնում քեզ: Որ դու ինքդ տեսնես, թե ինչքան ես աճել: Դու շատ արագ փոխվում ես, Չարլի»:
Ես ինձ լավ զգացի: Դասից հետո իջա ներքև ու մի քիչ խաղացի Էլջերնոնի հետ: Մենք այլևս չենք մրցում:

Ապրիլի 20 - Ինձ ահավոր վատ եմ զգում: Ոչ թե վատ եմ զգում ու բժիշկ է պետք, այլ ոնց որ կրծքիս մեջ դատարկություն լինի, ու ինչ-որ բան ներսումս անընդհատ կծկվի ու վառվի:
Չէի ուզում այս մասին գրել, բայց կարծում եմ՝ գրել ամեն դեպքում պետք է, որովհետև սա կարևոր է: Այսօր առաջին անգամն էր, որ մնացի տանն ու գործի չգնացի:
Անցած գիշեր Ջո Կարպն ու Ֆրենկ Ռեյլին ինձ էլի հրավիրել էին մի տեղ: Այնտեղ լիքը աղջիկներ կային ու մեր գործարանից էլի մի քանի հոգի: Ես հիշեցի, թե անցած անգամ շատ խմելուց ոնց էի վատացել, ու Ջոյին ասացի, որ խմել չեմ ուզում: Ինքը փոխարենը ինձ սովորական կոլա տվեց: Զգացի, որ մի տեսակ տարօրինակ համ ունի, բայց ինձ թվաց՝ ուղղակի բերանիս մեջ է դառնությունը:

Սկզբում լավ ուրախանում էինք: Ջոն ասաց, որ ես պիտի պարեմ Էլենի հետ, ու որ Էլենն ինձ ձևերը ցույց կտա: Ես մի քանի անգամ ընկա ու չհասկացա, թե ինչու, որովհետև ինձնից ու Էլենից բացի ուրիշ ոչ ոք չէր պարում: Ու ամեն քայլի սայթաքում էի, որովհետև ինչ-որ մեկն անընդհատ ոտքը դեմ էր տալիս:
Հետո հատակից վեր կենալիս հանկարծ տեսա Ջոի դեմքի արտահայտությունն ու ներսումս ինչ-որ տարօրինակ բան զգացի: «Էս ինչ բոց էր», ասաց աղջիկներից մեկը: Ու բոլորը ծիծաղում էին:
«Վերջին անգամ էսքան շատ երևի Մագսիի մոտ էի ծիծաղել, երբ սրան գիշերվա կեսին ուղարկեցինք թերթ առնելու ու մենք թռանք», ասաց Ֆրենկը:
«Հլը դրա դեմքին նայեք: Ոնց որ բազուկ լինի»:
«Չէ հա՜, կարմրե՜լ է: Չարլին կարմրե՜լ է»:
«Էլեն, էդ ի՞նչ ես արել մեր Չարլիին: Առաջին անգամ եմ տեսնում, որ կարմրի»:
Ես չգիտեի՝ ինչ անեմ, ուր կորչեմ: Բոլորն ինձ էին նայում ու ծիծաղում էին, ու ես ինձ մերկ էի զգում: Սիրտս խառնում էր: Ուզում էի թաքնվել ինչ-որ տեղ: Դուրս վազեցի փողոց, այնտեղ չդիմացա ու հետ տվեցի: Հետո քայլեցի տուն: Ինչպե՞ս մինչև հիմա չէի նկատել, որ Ջոն, Ֆրենկն ու մյուսները սիրում էին ինձ իրենց հետ քարշ տալ, որովհետև ծիծաղում էին վրաս:

Հիմա արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում «իրեն Չարլի Գորդոնի տեղը դնել»:
Ամաչում եմ:
Հաշվետվություն 11
Ապրիլի 21- Այսօր էլ գործարան չգնացի: Խնդրեցի, որ տանտիրուհիս՝ միսիս Ֆլիննը, զանգի միստր Դոնեգանին ու ասի, որ հիվանդ եմ: Միսիս Ֆլիննը վերջերս ինչ-որ շատ տարօրինակ է ինձ նայում, կարծես մի տեսակ վախենում է ինձնից:
Ինձ թվում է՝ լավ էր, որ իմացա, թե ինչպես էին բոլորը վրաս ծիծաղում: Հիմա անընդհատ այդ մասին եմ մտածում: Պատճառն այն է, որ ես այնքան հիմար եմ, որ նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչ հիմարություններ եմ անում: Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:
Ամեն դեպքում՝ հիմա հաստատ գիտեմ, որ օր օրի ավելի եմ խելոքանում: Արդեն կետադական սխալներ չեմ անում ու կարողանում եմ ճիշտ գրել: Ինձ դուր է գալիս բարդ բառերը բառարանում նայելն ու հիշելը: Հիմա շատ եմ կարդում, ու միսս Կինիանն ասում է, որ շատ արագ եմ կարդում: Երբեմն նույնիսկ հասկանում եմ, թե ինչ եմ կարդում, ու մտապահում եմ ամեն ինչ: Պատահում է, որ աչքերս փակում եմ ու մտածում եմ ինչ-որ էջի մասին, ու դա նկարի նման հայտնվում է աչքիս առաջ:

Միսիս Կինիանն ասում է, որ բացի պատմությունից, աշխարհագրությունից ու հանրահաշվից՝ ես պիտի սկսեմ օտար լեզուներ էլ սովորել: Դոկտոր Շտրաուսը մի երկու նոր ձայներիզ է տվել, որ քնած ժամանակ միացնեմ: Մինչև հիմա դեռ չեմ հասկանում, թե գիտակցությունն ու ենթագիտակցությունը ոնց են աշխատում, բայց դոկտոր Շտրաուսն ասում է, որ անհանգստանալու կարիք չկա: Ինձ խնդրեց, որ երբ մյուս շաբաթ սկսեմ քոլեջի դասընթացով անցնել, հոգեբանության մասին ոչ մի գիրք չկարդամ (քանի դեռ ինքը թույլ չի տվել):
Այսօր ինձ արդեն ահագին ավելի լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ դեռ մի քիչ ջղայնացած եմ, որ մարդիկ ինձ անընդհատ ձեռ էին առնում, որովհետև այնքան էլ խելացի չէի: Երբ դոկտոր Շտրաուսի ասածի չափ խելոքանամ, ու իմ IQ 68-ը երեք անգամ ավելանա, ո՞վ գիտի, գուցե կդառնամ բոլորի նման, ու մարդիկ ինձ կսիրեն ու հետս կընկերանան:
Ափսոս՝ հաստատ չգիտեմ՝ IQ-ն ինչ է: Դոկտոր Նեմուրն ասաց, որ դրանով չափում են քո մտավոր ունակությունների մակարդակը, ոնց որ, օրինակ, դեղատանը կշեռքով դեղ են կշռում: Բայց դոկտոր Շտրաուսը շատ կոպիտ հակաճառեց ու ասաց, որ IQ-ն հեչ էլ խելացիությունը չափելու համար չէ: Ասաց, որ IQ-ն ցույց է տալիս, թե դու ինչքան խելացի կարող ես դառնալ, ոնց որ չափող բաժակի վրայի գծերն ու թվերը: Բաժակը դեռ լցնել է պետք:

Հետո, երբ հարցրեցի Բարտին (ինքն ինձ խելացիության տեստեր է տալիս ու աշխատում է Էլջերնոնի հետ), Բարտն ասաց, որ նրանք երկուսն էլ սխալ են (ուղղակի խնդրեց խոստանալ, որ իրենց չեմ պատմի, թե ինքն ինչ է ասել): Բարտն ասաց, որ IQ-ն հազար ու մի տարբեր բաներ է չափում՝ ներառյալ արդեն սովորածդ բաների մի մասը, ու որ, մեր մեջ ասած, էդ IQ-ն ընդհանրապես ոչ մի բանի պետք չէ:

Մի խոսքով՝ ես դեռ չգիտեմ, թե IQ-ն ինչ է, բացի նրանից, որ իմը շուտով 200-ից բարձր է լինելու: Չեմ ուզում ոչ մի բան ասել, բայց ամեն դեպքում՝ չեմ հասկանում. ո՞նց պիտի իմանան, թե ես դրանից ինչքան ունեմ, երբ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է կամ որտեղ է:

Դոկտոր Նեմուրն ասում է, որ վաղը պիտի Ռորշախի տեստ անցնեմ: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ է:
Ապրիլի 22 - Պարզեցի, թե Ռորշախն ինչ է: Փաստորեն՝ նույն տեստն էր, որ վիրահատությունից առաջ էի անցել՝ քարտերն ու թանաքի բծերը: Տեստ տվողն էլ էր նույն մարդը:

Ես ահավոր վախեցած էի այդ թանաքաբծերից: Արդեն գիտեի, որ ինձ էլի ասելու է՝ նկարներ գտնեմ, ու նաև գիտեի, որ չեմ կարողանալու: Անընդհատ մտածում էի, թե ինչ լավ կլիներ, եթե ինչ-որ կերպ իմանայի՝ գոնե ինչ տեսակ նկարներ են այդտեղ թաքցրած: Իսկ գուցե ոչ մի նկար էլ չկա՞: Գուցե ուղղակի խաբու՞մ են ինձ, որ ստուգեն՝ արդյո՞ք ես իսկականից այնքան բութ եմ, որ չեղած բաներ եմ փնտրում: Հենց միայն այդ միտքը հերիք էր, որ սկսեի վրան ջղայնանալ:
«Դե լավ, Չարլի», ասաց նա, «հիշում ես, չէ՞. առաջ էլ ես այս քարտերը տեսել»:
«Իհարկե հիշում եմ»:
Ինքն իմ ասելու ձևից հասկացավ, որ բարկացած եմ, ու ոնց որ թե զարմացավ: «Այո, իհարկե: Հիմա նայիր այս մեկին: Քո կարծիքով՝ սա ի՞նչ կարող է լինել: Ի՞նչ ես տեսնում քարտի վրա: Մարդիկ այս թանաքաբծերի մեջ ամենատարբեր բաներ են տեսնում: Ասա, թե քեզ համար սա ինչի է նման կամ ինչի մասին է ստիպում մտածել»:

Ես շշմեցի: Սպասում էի, որ լրիվ ուրիշ բան պիտի ասեր: «Ուզում եք ասել, որ այս թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ չկա՞ն»:
Ինքը հոնքերը կիտեց ու ակնոցը հանեց. «Ի՞նչ»:
«Նկարներ: Թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ: Անցած անգամ ասացիք, որ բոլորը կարողանում են դրանք տեսնել, ու ուզում էիք, որ ես էլ գտեմ»:

Ինքն ինձ բացատրեց, որ անցած անգամ բառացիորեն համարյա նույն բանն է ասել, ինչ հիմա: Չհավատացի, ու մինչև հիմա էլ կասկածում եմ, որ այն անգամ ուղղակի դիտմամբ խաբել է ինձ, որ վրաս ծիծաղի: Չնայած... Արդեն վստահ չեմ: Մի՞թե իրոք այդքան հիմար եմ եղել:

Մենք առանց շտապելու նայեցինք բոլոր քարտերը: Մեկը ոնց որ իրարից ինչ-որ բան խլող չղջիկներ լիներ: Մյուսը նման էր սուսերամարտող տղամարդկանց: Ինչ ասես, որ չպատկերացրեցի. երևի մի քիչ շատ էի տարվել: Բայց մեկ է՝ իրեն չէի վստահում, ու անընդհատ շրջում էի քարտերն ու նույնիսկ հետևներն էի նայում, որ տեսնեմ՝ ինչ-որ բան բա՞ց եմ թողել, թե՞ ոչ: Երբ իր ծոցատետրում նշումներ էր անում, մի պահ աչքի պոչով նայեցի, ուզում էի կարդալ: Բայց բան չհասկացա. երևի ծածկագրով էր գրում. WF+A DdF-Ad orig. WF-A SF+obj
Ինչ որ է՝ տեստի իմաստը դեռ չեմ հասկանում: Ինձ թվում է, որ բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել: Ի՞նչ գիտեր, որ հենց իրեն հիմարի տեղ չէի դնում՝ այնպիսի բաներ ասելով, որ իրականում չէի պատկերացնում: Գուցե մի քիչ ավելի շատ բան հասկանամ, երբ դոկտոր Շտրաուսն ինձ թույլ տա հոգեբանության մասին գրքեր կարդալ:

Ապրիլի 25 - Գործարանում հաստոցները շարելու նոր ձև եմ մտածել: Միստր Դոնեգանն ասաց, որ ինքն այդպես տարեկան տասը հազար դոլար կխնայի ու ավելի շատ արտադրանք կտա, ու ինձ քսանհինգ դոլար նվիրեց:

Ուզում էի նշելու համար Ջո Կարպին ու Ֆրենկ Ռեյլիին ճաշի հրավիրել, բայց Ջոն ասաց, որ պիտի կնոջ համար ինչ-որ բան առնի, իսկ Ֆրենկը՝ որ արդեն քեռու աղջկա հետ է պայմանավորված: Կարծում եմ՝ դեռ մի քիչ էլ է ժամանակ պետք, որ վարժվեն իմ փոփոխություններին: Բոլորը ոնց որ ինձնից վախեցած լինեն: Երբ մոտեցա Ամոս Բորգին ու ձեռքս ուսին դրեցի, բառացիորեն օդ թռավ:
Մարդիկ հետս էլ համարյա չեն խոսում կամ նույնիսկ չեն էլ կատակում, ոնց որ առաջ: Ինձ մի տեսակ մենակ եմ զգում գործի տեղը:
Ապրիլի 27 - Այսօր ամբողջ քաջությունս հավաքեցի ու միսս Կինիանին հրավիրեցի վաղը երեկոյան ընթրելու ու բոնուսս նշելու:
Սկզբում ինքն այնքան էլ համոզված չէր, որ ճիշտ բան ենք անում, բայց հետո հարցրեցի դոկտոր Շտրաուսին ու նա ասաց, որ կարելի է: Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ոնց որ թե այնքան էլ լեզու չեն գտնում իրար հետ: Անընդհատ վիճում են: Երբ այս երեկո գնում էի դոկտոր Շտրաուսից հարցնելու ընթրիքի մասին, լսեցի, թե ոնց են իրար վրա գոռում: Դոկտոր Նեմուրը պնդում էր, որ սա իր գիտափորձն է ու իրուսումնասիրությունը, իսկ դոկտոր Շտրաուսը հակաճառում էր, որ ինքն էլ պակաս գործ չի արել, որովհետև ինքն է միսս Կինիանի միջոցով ինձ գտել ու ինքն էլ ինձ վիրահատել է: Դոկտոր Շտրաուսն ասաց, որ մի օր ամբողջ աշխարհում հազարավոր նյարդավիրաբույժներ հենց իր տեխնիկան են օգտագործելու:

Դոկտոր Նեմուրն ուզում է ամսվա վերջում արդեն հրապարակել գիտափորձի արդյունքները: Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ դեռ մի քիչ էլ է պետք սպասել: Նա հայտարարեց, որ դոկտոր Նեմուրին Պրինսթոնի հոգեբանության ամբիոնն ավելի շատ է հետաքրքրում, քան հենց բուն գիտափորձը: Իսկ դոկտոր Նեմուրն ասաց, որ դոկտոր Շտրաուսը սովորական պատեհապաշտի մեկն է, ով փորձում է իր վզին նստած փառքի հասնել:
Երբ դուրս եկա, զգացի, որ դողում եմ: Հիմա հաստատ չեմ կարող ասել՝ ինչու, բայց երևի զգում էի, որ կյանքում առաջին անգամ կարողացել էի երկուսին էլ պարզ տեսնել: Հիշում եմ, թե ոնց էր Բարտն ասում, որ դոկտոր Նեմուրի կինն իսկական ջադու է ու ամուսնուն անընդհատ խեղդում է, որ ինչ-որ բան հրապարակի ու հայտնի դառնա։ Բարտն ասաց, որ նա ամբողջ կյանքում երազել է հռչակավոր ամուսին ունենալու մասին:

Մի՞թե դոկտոր Շտրաուսն իրոք ուզում է ուրիշի վզին նստած փառքի հասնել:

Ապրիլի 28 - Չեմ հասկանում՝ ինչպես մինչև հիմա չէի նկատել, թե ինչքա՜ն գեղեցիկ է միսս Կինիանը: Նա շագանակագույն աչքեր ու փափուկ, շագանակագույն մազեր ունի: Ու ընդամենը երեսունչորս տարեկան է: Հիմա նոր եմ գլխի ընկնում, որ ամենասկզբում ինձ թվում էր, թե նա ինչ-որ անհասանելի հանճար է ու որ, մանավանդ, շատ, շատ, շա՜տ ծեր է: Իսկ հիմա ամեն տեսնելուցս կարծես ավելի ու ավելի է ջահելանում ու սիրունանում:

Մենք ընթրեցինք ու երկար խոսեցինք: Երբ ասաց, որ այնքան արագ եմ առաջ գնում, որ շուտով իրեն էլ կանցնեմ, ծիծաղեցի:
«Ճիշտ եմ ասում, Չարլի: Դու արդեն ինձնից լավ ես կարդում: Մի հայացքով ամբողջ էջը կարդում ես, իսկ ես այդ ընթացքում կարողանում եմ ընդամենը մի երկու տող ընկալել: Ու ծայրից ծայր հիշում ես կարդացածդ ամեն ինչ: Ես, լավագույն դեպքում, հազիվ հիմնական մտքերն ու ընդհանուր իմաստն եմ հիշում»:

«Բայց ես ինձ խելացի չեմ զգում: Դեռ լիքը բաներ կան, որ չեմ հասկանում»:
Միսս Կինիանը ծխախոտ հանեց, ես վառեցի: «Պիտի ուղղակի մի քիչ էլ համբերես: Դու հիմա մի երկու օրում կամ մի երկու շաբաթում այնքան բանի ես կարողանում հասնել, ինչքան սովորական մարդիկ իրենց կյանքի կեսում էլ չեն հասցնում: Հենց դա է ամենաապշեցուցիչը: Դու հսկայական սպունգի նման ներծծում ես ամեն ինչ. փաստեր, թվեր, ընդհանուր տեղեկություններ... Ու շուտով նաև սկսելու ես դրանք համադրել: Տեսնելու ես, թե գիտելիքների տարբեր բնագավառներն ինչպես են իրար հետ կապված: Աստիճանները շատ են, Չարլի, ու ամեն հաջորդ աստիճանը քեզ ասես ավելի ու ավելի վերև է բարձրացնելու, ու դու ավելի ու ավելի խորն ես տեսնելու քեզ շրջապատող աշխարհը: Ես հիմա ի վիճակի եմ դրա ընդամենը մի փոքրիկ կտորը տեսնելու, ու վախենամ՝ էլ շատ չեմ բարձրանա, բայց դու շարունակելու ես մագլցել վերև ու վերև, ու ամեն մի քայլդ քեզ համար մի նոր աշխարհ է բացելու, որի գոյության մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում»: Նա մռայլվեց: «Ու Աստված տա... Աստված տա, որ...»
«Ի՞նչ»:
«Ոչինչ, Չարլի: Ուղղակի Աստված տա՝ սխալված չլինեմ, որ քեզ խորհուրդ տվեցի մասնակցել այս ամեն ինչին»:
Ես ծիծաղեցի: «Ո՞նց կարող եք սխալված լինել: Ախր ամեն ինչ ստացվեց, չէ՞: Նույնիսկ Էլջերնոնն է դեռ խելացի»:
Մի որոշ ժամանակ մենք լուռ նստած էինք:
Создано 29.06.18 11:40
Автор: Դենիել Քիզ
Ссылка не ресурс
2713