Վահագին բացարձակապես չէր ճանաչում: Կարծես թե, իրոք, ուրիշ տղամարդ էր: Ինչքան էլ նեղվում ու նեղանում էր իր և իր ինքնասիրության համար, ավելի շատ անհանգստանում էր ամուսնու հետ կատարվող անբացատրելի ու վտանգավոր փոփոխության պատճառով:
Եթե գինին է, ապա գինին ընդամենը դուրս հանեց ներսում կուտակվածը, օրերի ընթացքում հավաքված կասկածներն ու վախերը, որոնք ուղարկվում են պարկեշտության պահեստի արգելված միջոցների բունկեր:
Ոտեղի՞ց ամուսնու մոտ այդքան կասկածներ իր հանդեպ: Ո՞վ է բացել բունկերի դուռը և ինչու՞ նա մուտք ունի այնտեղ: Որոշեց ամուսնուն օգնել անխոս հնազանդվելով, քանի որ խղճում էր, ու միաժամանակ վախենում էր նրա համար, և հույս ուներ, որ դա նրան կստիպի մտածել ու սթափվել:
Այն ամենը, ինչ սիրո խաղերում նորմալ է, ամուսինը կոպտացնում էր, բռիացնում բառային կեղտոտ ձևակերպումներով ու անհարգալից հրումներով: Ստորացնում էր զուգընկերուհուն,
ինչ որ բան հասկացնելով: Այդ ինչ որ բանը Սաթիկը փորձեզ հասկանալ, որ օգնի ամուսնուն, բայց չկարողացավ ու խեղճացավ:
Վահագն էլ, գլխից գինու գոլորշիների հեռանալուն չափով, փորձեց հասկանալ, թե ինչ է անում և ինչու, ու՝ չհիշեց: Ու ուզում էր դադադերցնել, բայց չէր կարողանում: Ու, չնայած արտաքուստ ագրեսիվությանը, խեղճացել, անօգնական էր դարձել, ու բավական էր Սաթիկի որևէ վճռական քայլ, ամեն ինչ կվերջանար:
Բայց այդ քայլը չեղավ, քանի որ Սաթիկը փորձում էր օգնել չհակաճառելով ու ավելորդ չբարկացնելով: Ու անիմաստ խաղը գնաց մինչև վերջ, ստորացնելով և ստորացնողին և ստորացվողին:
Երբեք իր մոտ այդպիսի բառեր չէր ասել: Խաղը դարձավ հոգեկան խառնաշփոթ ապրումների ու թաքցրած վախերի չիմաստավորված հաղորդում կնոջը,- «Փրկի՜ր, օգնի՜ր: Մոլորվե՜լ եմ, քեզ կորցնու՜մ եմ»:
Բայց ինչու՞ այդ ձևով: Թե՞ տղամարդուն վայել չի խեղճանալ կնոջ մոտ, լացե՜լ, թուլանա՜լ:
Ու քանի Սաթիկը հնազանդ ու անխոս ենթարկվում էր, այդքան ինքը կատաղում էր ,- Ուրեմն եթե ստացվի, նրա հետ էլ էսպես, հա՞,- ու շարում էր կեղտոտ բառերի շարան,- Հը, գո՞հ ես, բոզ: Էլի կգա՞ս։
Խոսեց աչքերը խոնարհած, լացկան ձայնով,- Եթե ամուսինս ասի, կենթարկվեմ, բայց չեմ հասկանա ու չեմ ների,- նորից փորձել հուշել ու հիշեցնել, թե ինչ է կատարվում:
Մի անգամ Վահագըն իր ներկայությամբ կեղտոտ բառեր ասելու պատճառով երեք հոգու դեմ դուրս եկավ,- Դուք հասկանու՞մ եք, որ ուրիշի կնոջ մոտ այդպիսի բառեր ասելն էշություն է: Դուք օջախն եք վիրավորում»:
Նրանք երեքն էին, բայց զիջեցին ու ներողություն խնդրեցին, իբր շշուկով են խոսել: Ու ինքը նորից սիրահարվեց իր ընտրյալին, այս անգամ անվեհեր ասպետի կարգավիճակում:
Մեկ անգամ նորից ապտակ կերավ, երբ Վահագը տեսավ իր արցունքներն ու երկրոդ անգամ, երբ խնդրեց չվիրավորել ու չկոպտել: Բայց դրանք արդեն ոչ թե ապտակ էին, այլ՝ սիրող, բայց չարացած տղամարդու կոպիտ փաղաքշանք: Վահագը վերադառնում էր: Փաստորեն, նա բռնաբարվեց ուրիշից ամուսնու կերպարով ու միջոցով:
Վահագն էլ գինու ազդեցութունից ազատվելուն զուգընթաց ամաչում էր ու կատաղում և իր վրա այս հիմար խաղը սկսելու համար, և կնոջ վրա, որ առիթ չէր տալիս վերջացնելու սկսած հիմարությունը:
Սաթիկը հպվեց ամուսնուն ու շտապ, քանի դեռ նա նոր բան չէր մոգոնել, ասեց,- Ես այս ամենն արեցի ամուսնուս հոգեկան հանգստության և ընտանիքիս կայունության համար: Հուսա՜մ, որ իմ այս ստորացումն իրեն օգնեց,- ու շտապ մատուցեց հաջորդ կոդավորված միտքը, որը թարգմանելը դժվար չէր,- Ես գնամ, հա՞: Այլևս Ձեզ պետք չե՜մ:
Վահագը կարդաց այն, ինչին սպասում էր,- "Սիրելիս, եկ վերջացնե՜նք, խղճա ինձ: Ո՜չ դու ես դու, ո՜չ ես եմ՝ ես: Վախեցա՜ծ եմ ու ստորացված":
Թուլացավ, գրկեց կնոջ ուսերը,- Դմբո՜, խաղ է, հենց քո՜ խաղը: Ի՜նչ մի լարվել ես:
Սաթիկն ուզում էր հեկեկալ ու ասել,
«Իմ խաղը հաճույքի խաղ է, ոչ թե՝ վիրավորանքի»,- բայց թողեց հետոյին: Լռեց, լուռ գրկվեց, արցունքներին ազատություն տալով:
Վահագը քնելու ձև արեց: Ուզեց ձեռքը տանել, գրկել կնոջը, բայց վախեցավ հաշտարար մտերմության ճշտող հարցերից, մտքում խնդրելով սիրելի էակին, որ առայժմ ոչ մի բացատրություն չպահանջի, խղճա իրեն:
Իսկ ինքը երկար լուռ լացեց, խալաթով ամբողջ գիշեր մաքրելով քթից ու աչքերից հորդող վախի ու ցավի հեղուկն ու շատ ուշ քնեց, շշմած կատարվածից:
Գիտեր, որ Վահագն էլ քնած չի, ու զսպում էր լացն, ինչքան կարողանում էր, վախենալով նոր բարդացումներից:
19
Սաթիկն առավոտյան շատ շուտ զարթնեց ու Տիգրանին ցածրաձայն ասեց, որ իրեն թվացել է, թե պատուհանի մոտ ինչ որ ստվեր է նկատել:
Քնարիկն ակնարկը չհասկացավ ու զարմացավ, - Մի տեղ կար, փակել եմ: Երեխեքն են գնդակ կորցրել, անցել երևի:
Տիգրանը գնաց, անցավ ցանկապատի երկայնքով, ինքն իրեն խոսելով զննեց հողն ու նայեց իր աչքերին,- Ոչի՜նչ էլ չկա: Շան հետքեր են, կփակեմ: Լա՜վ է, ասեցիր: Հավերին էլ վնաս կտա անասունը:
Սաթիկի մարմնով երախտիքի ալիք անցավ,- «Իրոք, ինչքա՜ն խելացի է Տիգրանը:»,-երբ Քնարիկը հեռացավ, շշնջաց, - Ցերեկով, քանի դեռ Վահագը տանը չի լինի, վարագույրը կնորոգե՞ս: Չի փակվու՜մ:
Տիգրանը շշնջաց,- Տեսնե՞ս, կճանաչե՞ս:
- Չէ՜, վստահ չեմ: Պարզապես չեմ ուզում, որ ամեն հիմար աչքերը պլշի վրաս մերկ վիճակում:
Ինքը շտապելուց մերկ մարմնին բարակ խալաթ էր հագել: Տիգրանն աչքերով հպանցիկ անցավ իր մարմնի վրայով, կարծես թե վայելելով իր մերկությունը խալաթի տակից: Ինքն անկախ իրենից վրա բերեց խալաթի վերին մասը:
Տիգրանը տխուր ժպտաց,- Դու տկլոր չես, ու ես էլ՝ հիմար չեմ:
Իրոք, շփոթվեց: Ի՜նչ ասեր սիրելի մարդուն, բայց ոչ՝ իր տղամարդուն- Սիրելի՜ եղբայր, ես քոնն եմ այնքանով, ինչքանով քույրդ եմ, ու՝ հավատարիմ քույրդ:
Տիգրանն անհասկանալի միտք ասեց,- Դու երկնայի՜ն նվեր ես, ու ես արդեն հավատում եմ հրաշքներին,- աչքով արեց ու գնաց իր գործին:
20
Մի քիչ քնեց, որ հասցնի Հովսեփին արթնացնել ու դպրոց ճամփել: Հովսեփը սկսել էր ուշ զարթնել, ու պետք էր օգնել երեխային:
Քնարիկն արգելել էր իր վրա վերցնել նաև Հովսեփի հոգսը,- Թ՜ող պատժվի, որ խելքի գա:
Իսկ Հովսեփը վաղուց արթնացել ու սրտի տրոփյունով սպասում էր այն երանելի պահին, երբ Սաթիկն իրեն կմոտենա, ինքը քնած կձևանա, ու նա դեմքը կմոտեցնի, կշշմեցնի իր բույրով, կշշնջա, կխտտի, խուտուտ կտա, ու ինքը ձևեր կթափի, իբր քնել է ուզում, ու Սաթիկը կսկսի բարկանալ ու հրամայել, աչքերում սեր ու ժպիտ,- Այս ի՜նչ նորություն է: Երեք րոպեից մոտենալ սեղանին, երիտասարդ:
Սաթիկը երիտասարդին արթնացրեց ըստ արդեն մշակված սխեմայի, չզրկելով հասանելիք հաճույքից: Հովսեփը վայելեց այդ հաճույքն ու տեղավորվեց իրեն տրված ժամկետի մեջ, Սաթիկից ստանալով գոհունակության գժվեցնող ժպիտ:
Մինչ Հովսեփը նախաճաշում էր, Սաթիկը նրա պայուսակն էր հավաքում, քանի որ նրանից լավ գիտեր նրա դասերն ու դասացուցակը: Հովսեփն էլ երանության մեջ էր: Ամբողջ օրը կշնչի պայուսակին ու գրքերին փոխանցված իր Սաթիկի բույրը:
Սաթիկը քնել էր ուզում, իսկ Հովսեփը չէր շտապում,- Բա գնա, կուշանա՜ս:
-Դե, գնում եմ, էլի՜: Ի՜նչ ես խառնվել իրար։ «Դու՜ ես մեղավոր, չեմ կարողանում հեռանալ»:
- Ֆու՜, էս ինչքա՜ն ես ցանել: Տղա, հո սիրած միրած չունե՞ս։
Հովսեփը կարմրեց: Մեծահասակներին թվում է, որ իրենց կյանքի անկրկնելի փորձն ուսանելի շատ էջեր ունի ու այդ էջերի բովանդակությունը փորձում են խցկել դեռահասների ուղեղը, քանի դեռ նրանք ամաչում են բողոքել կամ ճշմարտությունը կրակել աչքերին,-«Այն բանի պետք չի, պապիկ, բորբոսնած է ու հնացած»:
Ու եթե չնեղացնելու համար վերցնում էլ են, ապա դրանից ազատվում են առաջին իսկ աղբանոցի մոտ,- «Ի՜նչ եք ուզում: Թողեք ապրենք, էլի՜»:
Սաթիկն էլ ոգևորվեց,-Հապա՜, նայիր աչքերիս,-ու քանի որ Հովսեփը չի նայում, բռնում է ձեռքերից, իրեն մոտեցնում,- Հը, կասե՞ս: Միա՜յն ինձ, հը՞:
-Ունե՜մ:
Սաթիկն անակնկալի եկավ: Կարծում էր, որ կխուսափի,- Հապա՜, ո՞վ է: Որ այսօր գամ դպրոց, ցույց կտա՞ս:
- Որ ասե՜մ, ոչ մեկին չե՞ս ասի:
Սաթիկը մատները խաչեց,- Ըհը՜, տե՜ս: Սիրու՞ն է, տղաս:
Հովսեփի շունչը կտրվեց, բայց պահը հարմար էր, էլ ե՞րբ,-Արի մո՜տ, մա՜րդ չլսի,- Սաթիկը, չգիտես ինչու, աչքերը փակեց, դեմքը մոտեցրեց:
Հովսեփը չգիտեր, այդ պատկերով հիանար, թե դեմքով դեմքին հպվեր ու շնչեր Սաթիկին: Շուրթերը մոտեցրեց Սաթիկի ականջին ու այտով հպվեց դեմքին, վայելելով արբեցնող բույրն ու երևակայության տրտինգի հրճվանքից մոռանալով, թե ինչի համար են դեմքերով մոտեցել իրար:
Սաթիկը նրա հապաղելը վերագրեց ամաչկոտութանը, ձգեց բռնած ձեռքը,-Դե, ասա՜:
Հովսեփը սթափվեց ու շշնջաց,- Շա՜տ սիրուն է։ Դու՜ ես, դու՜: Միայն դու՜,- ու դուրս փախավ:
Անսպասելի էր: Սաթիկը հիշում էր նրա խոստովանությունները, բայց լուրջ չէր ընդունել, և վստահ էր, որ հասակակից աղջիկներն իրենց բողբոջող հմայքով ու փթթող կանացիությամբ կգրավեն նրա սիրտն ու երեխան կմոռանա իր հրապուրվածությունը մեծահասակ կնոջով:
Վերցրեց պայուսակն ու վազեց փողոց,- Հովսե՜փ, տղաս, սպասիր: Պայուսակդ մոռացար,-Հովսեփը մոտեցավ հայացքը փախցնելով,- Երեկոյան կգա՞ս, գնանք Նելլին հյուր: Կարոտել եմ:,- այդ պահին կարևոր չէր, որ երեկոյան Վահագի հետ Սեդայի հյուրն են: Իսկ եթե երեխան խոստովանության պատճառով ամաչի՞ տուն գալ: Ի՜նչ անենք, որ երեխայի մոտ անհաջող կողմնորշում է ձևավորվել ու հրապուրվել է նրանով, ում պետք չէր: Հո չե՞նք դատելու: Պետք է օգնենք հաղթահարել հասունացման դժվարին էտապը:
Որպես մայր, միանգամից եղածը կապեց իր տղային- «Բա տղաս ու՞մ է սիրահարվելու: Ո՞նց եմ ճիշտ խորհուրդ տալու, որ հաղթահարի այդ էտապը: Այսինք՜ն, թող հայր՜ն անհանգստանա: Նրա համար խոսելը հեշտ կլինի: Ես կդժվարանամ շատ տերմիններ դեռահասի հետ քննարկել: Վա՜խ, մայրիկ ջան, ի՜նչ դժվար բան է ճիշտ մայր դառնալը»,- ու չնայած մենակ էր, մտքում ավելացրեց,- «Նաև՝ կին»:
Լրջացավ,- Բա ես ինձ ո՞նց պահեմ երեխայի հետ, որի ցանկության օբյեկտն եմ,- ծիծաղեց,-- Ո՞վ է լինելու Դավիթիկիս գաղտնի ցանկության առաջին օբյեկտը: Ո՞նց օգնեմ տղայիս,-լրջացավ,- Ի՜նչ դժվար է ամեն ինչում ճիշտ լինելը: Փաստորեն գնում ենք Սեդայի տուն:-ծիծաղեց,- Այս մեկ ասպետին ճանապարհեցինք, մնաց մեծն ու ծանրաշարժը:
Գնաց, բառացիորեն փռվեց մահճակալին, -Ձայն կտաս, որ ճանապարհեմ,- հետո չհիշեց՝ մտքու՞մ էր ասել, թե՞ բարձրաձայն: Բայց քնել էր ուզում ու աչքերը փակեց:
Հովսեփը դպրոց էր գնում խուլ փողոցներով, որ եղածը վերհիշելուն ոչ ոք չխանգաի,- Ո՜նց չպաչեցի ախմախի պես: Թուշը դեմ էր տվել: Ի՜նչ պիտի ասեր, կկարմրե՜ր, կշփոթվեր: Ի՜նչ կորցրեցի:
Սաթիկը քնի մեջ ձայներ լսեց, աչքերը բացեց: Վահագն էր խոհանոցում նախաճաշում ինքնասպասարկման մեթոդով: Խղճացե՞լ է, թե՞ խուսափել: Գնաց սեղանը կարգավորեց, նստեց կողքին, բայց դեռևս իրար աչքերին խուսափում էին նայել:
Վահագը երկու խոսքով ասեց, որ այսօր քաղաք չի գնում, գյուղում է լինելու: Պետք է մի երկու տեղ հանդիպի, սպասվող բերքի պայմանագիր կնքի: Հանձնարարեց պատրաստվել ցերեկով Կարինեին հյուր գնալու, քանի որ մի կերպ գուշակության հերթ է պոկել:
Տհաճ նորություն էր: Ինչու՞ է նոր ասում: Ինչու՞ իրեն չի հարցրել՝ ուզու՞մ է, թե՞ ոչ:
Ինքը Կարինեին տեսնելու ցանկություն բացարձակապես չուներ: Զգաց ինչ որ դավադրություն, բայց վախեցավ ոչ այնպես արձագանքել ու լարել առանց այդ էլ պրկված իրավիճակը:
Ժպտալով ասեց, որ գիշերը չի քնել, բայց Վահագն աչքերը փախցրեց, զարմանք ձևացրեց ու մեքենայով շուտ փախավ, մոռանալով հրաժեշտի համբույրը, որից ինքն էր որոշել խուսափել, նեղացածություն խաղալու համար։ Բայց սիրելին իր կողմը չնայեց էլ ու՝ չստացվեց: Ստիպված ինքը մտքում նեղացավ, ու ծիծաղելով գնաց քնելու:
21
Տանը մնաց մենակ: Աչքերն ամենուր բարձ էին փնտրում,- Վե՜րջ, կյանքն հրաշալի՜ է նաև առանց ասպետ մասպետ,- ծիծաղեց, հիշելով իր նորահայտ ասպետ Հովսեփի բառերը:
- Սաթիկ, կգա՞ս սրճենք- Անահիտն էր, Նորայր պապի հարսը:
- Չէ՜, Ան ջա՜ն, ու՜շ է: Քնարիկը հանձնարարություն է տվել:
- Կգամ, կօգնե՜մ: Կեռաս ունենք: Հայրիկը հատուկ քեզ համար է քաղել ու կանչում է:
Նորայր պապը չհամբերեց, հաստատեց իր հեղինակությամբ,- Արի՜, հարսո: Մի՜ նեղացրու, բալե՜ս:
Ի՞նչ պատճառ բռնի: Քնե՜լ, միա՜յն քնել: Նորայրն էլ, կեռասն էլ, Վահագն էլ թող գան երազում իրեն զբաղեցնեն, մինչև բարեհաճի զարթնել,- Տիգրանը կբարկանա, պապի՜կ: Արգելել է առանց իրեն կամ Վահագի լքել տարածքը:
-Տիգրան իմ անուն չի՞ տվել: Ամո՜թ իրեն: Ուրեմն ես գյուղի անվստահելի մարդկերանցից եմ, հա՞: Իրիկուն կանչեմ, թքե՜մ երեսին:
Ի՞նչ պատճառ մնաց, հա՜,- Անո ջան, թո՜ղ չնեղանա: Չե՜մ ուզում նախշվել: Նեղվու՜մ եմ:
- Հարսիկ ջա՜ն, ասա՝ բիձեն խելոքացել ա: Համ էլ ասա, իրան շա՜տ են գովում, ուզում ա տենա՝ էդքան գովալու՞ ա, թե՞ չէ:
«Էս էլ՝ մասպետը»,- մտքում ծիծաղեց,- Եթե գովելու չլինեմ, ի՞նչ կլինի: Ուղիղ ճակատիս կասե՞ք, պապիկ:
Ծերուկն, իրոք, խնդրում էր,-Արի՜, բալե՜ս, արի: Մարդիկ որ իրար չներեն, ինչի՞ նման կեղնի: Խելոքցել եմ, բալե՜ս: Անո ջա՜ն, ասա:
Անահիտը ծիծաղում է,- Չե՜ս հավատա: Արդեն քանի՜ օր է: Մենք էլ մտածում էինք, թե հո չի՞ խեղճացել:
Ծերուկն ու՞մ ասեց, պարզ չէր,-Վախում եմ, թե՝ խոսամ: Ես նախագայից չեմ վախե, ռայկոմի քարտուղարից չեմ վախե: Ջահել կնկա լեզվից վախցա, այ տա՜:
«Ա՜խ, ո՜նց կնախշեի քեզ մի քանի անհարմար բառով, ծերուկ: Ափսո՜ս, սկզբունքներիս դեմ է»,- քմծիծաղեց, գնաց հարևանի բակ,- Բարև՜ ձեզ:
Նորայրի կինը, Տիրուհին, ուրախացավ,- Բարև, աղջիկ ջա՜ն: Համեցի՜ր, նստիր:
Անահիտը սրբեց պապիկի մոտ դրված ազատ աթոռը, առաջարկեց: Ինքը նստեց ու օգտվեց կեռասներից:
Արտակարգ համեղ էին, չդիմացավ,-Օ՜, էս բնական են:
Անահիտը ժպտաց,- Լավաշ ենք թխում: Նստիր, զրուցիր, թա՜րմ լավաշ կուտես ընտիր պանիրով:
-Ի՜նչ լավ բան եք անում, բայց այդքան ժամանակ չունեմ,-ասեց ու փոշմանեց: Էլ ե՞րբ տեսնի:
Նորայրն ուշադիր Սաթիկին էր զննում,- Քեզ պատմելու շա՜տ բան ունեմ, նախշու՜ն հարսիկ: Ուզում եմ, որ իմանաս հայրիկիս՝ Դերոյի արածները: Բա ու՞ր է էն քո ապարատ:
Չնայած Անահիտը նշան էր անում, Սաթիկը հիշեց, - Հա՜, պապիկ: Ապարատն ուղարկել եմ, որ նյութերը հանեն, հետ ուղարկեն: Մյուս անգամ: Որ չնեղանաք, կարող եմ ձեզ նկարել թղթի վրա, ինձանից հիշատակ:
-Պապին մի խայտառակիր, բալես: Քու նման ջահել, սիրուն երեխու հետ ինչի՞ պիտի կռվեմ, որ հաշտվեմ: Թե նեղացել ես, պետք չի,- ասեց, փոշմանեց: Որ նկարի, իրեն կնայի, ինքն էլ՝ էս սիրուն ու քաղցր բալիկին,- Թե չես նեղացե՜լ, բե՜ր:
Սաթիկը թուղթ ու մատիտ է բերում ու, մեկ՝ ակտիվ, մեկ՝ կիսաննջած ծերուկի կերպարը հանձնում թղթին՝ նկարի մեջ մի փոքր սարկազմ ավելացնելով: Մեջի չարաճճիությունը բարձրացավ վերև, ճախրեց իրենց գլխավերևում ու իրեն ցուցադրեց ներքևի անցուդարձը ճախրանքի ընդգրկուն բարձրությունից:
Ու Սաթիկը տեսավ աթոռին գամված ու աթոռի մաս դարձած զառամյալ ծերունու, որը կարծես սերտաճել է աթոռին, իսկ գավազանը դարձել է նրա ոչ միայն գոյության, այլ նաև գիտակցության մի մասը: Սաթիկի սրտացավ չարաճիությունը ծերուկին հաղորդագրություն ուղարկեց,- «Ակտիվությունը պակասեցրած, շարժվել չուզող, իսկ հետո արդեն՝ չկարողացող մարդը դատապարտված է, պապիկ, սթափվեք»:
Նկարը հաջող ստացվեց, մանավանդ որ՝ կեռասի ափսեն երեք անգամ թարմացվեց:
Անահիտը նայեց, սկեսրայրի մոտ ծիծաղը զսպեց, շշնջաց,- Համ դու՜ ես անում, համ էլ ասում ես՝ նեղվու՜մ եմ, որ նախշում է:
Սաթիկի թևին ինչ որ մեկը կպավ, ինքը ցնցվեց: Նայեց, հասկի տեսակի շուն էր, հանգիստ դեմքով: Ինքը մանկուց հայրական տանը սովոր էր շներին, չվախեցավ,- Հեռու՜, շունիկ, հեռու՜:
Անահիտը հրեց շանը,- Գնա, Պարոն: Դերոյի շունն է: Դրանից իսկի մեր հավերը չեն վախենում: Մե՜ղք էլ է:
Սաթիկը ծիծաղեց,- Պարո՞ն:
- Դերոն ասեց՝ «Բարոն» ասեք, մենք պարոնին ենք սովոր: Ինքն էլ չի՜ բողոքում:
Տիրուհին եկավ, նկարին նայեց, բարեհոգի ժպտաց, «վա՜խ» արեց,- Բիձուս ի՞նչ ես սարքել:
Նորայրը ձայներից ակտիվացավ ու զննեց նկարը: Սաթիկը վախով էր սպասում արդեն ծանոթ հայհոյանքների կրակահերթին: Նաև՝ ինչ որ տեղ դրանք ուզում էր, որ պատճառ լինի տուն գնալու ու քնելու: Երևի դրա համար էլ այդպես նկարեց: Բայց ծերունին երկար նայեց, շա՜տ երկար:
Տիրուհին անհանգստացավ,- Բիձա, քնեցի՞ր, թե՞ մոռացար՝ էդ ինչ ա:
-Էս ե՞ս եմ,- ու հույսով նայեց կնոջն ու հարսին, որ ասեն,- «Չէ՜, սխալվել է, ջահել աղջիկ է: Մի՜ նեղվիր ու մի՜ նեղացիր»:
Առաջինը հարսը ճշմարտության հայելին դեմ տվեց սկեսրայրին: Հավանաբար՝ հին վրեժ ուներ սրտում պահած, - Դու ես տիպի՜կ: Բա էլ ո՞վ:
Ծերունին աղերսահույս նայեց կնոջը: -«Գոնե դու՜ խնայիր: Հիշի՜ր, թե ի՜նչ տղա եմ եղել»:
Կնոջ վրա նկարն ավելի էր ազդել, քան՝ ամուսնու քաջարի անցյալը,- Լրի՜վ դու ես, հալիվոր: Ես էլ վախեցա՜, բայց՝ դու ես:
Սաթիկի թաքնված չարաճճիությունը նորից աշխուժացավ: Եթե սկսել է, պարտավոր է մեկնաբանել,- Նրանից է, պապիկ, որ քիչ եք շարժվում: Ախր ինչու՞ եք այդքա՜ն նստում: Շարժվե՜ք: Տեսեք ի՜նչ տարածք ունեք: Ու կփոխվեք, ու ես ու Դուք պարելու ենք: Հը, գա՞մ մի ամսից:
Ծերունին խեղճացել էր,- Բալե՜ս, ցավում է.. են անտեր ոտերս:,- մի պահ աչքերի մեջ կայծ հատնվեց,- Թե ուզում ես, հիմա էլ, …բայց անտեր ցավը…- հույսով նայեց Սաթիկին,- Բայց կգա՞ս:
Կանայք ծիծաղեցին:
Տիրուհին համբուրեց Սաթիկին,- Ի՜նչ համով աղջիկ ես: Կգաս, հա՞:
Սաթիկը կեռաս վերցրեց,- Հնարավոր չի՜…. ,-բոլորը լարվեցին,- որ՝ չգամ,- ծիծաղեցին:
Ծերուկն էլ ծիծաղեց, աչքերը սրբելով:
Տիրուհին կարգավորեց ամուսնու հագուստը, հույսով նայեց Սաթիկին, - Թե քելաց, նվերդ աչքիս վրա, բալե՜ս: Էս ո՜նց ա քեզ լսում: Ի՞նչ ես արել բիձուս,- համբուրում է Սաթիկի ճակատը, ափսեից մի քանի կեռաս առաջարկում:
Սաթիկը հաճույքով վերցնում է:
Շունը նորից մոտեցավ Սաթիկին հետևի կողմից, նրան ստիպելով ցնցվել: Անահիտը շանը հրեց, նա հեռացավ,- Հեռու, Պարոն: Ի՜նչ աներեսն ես,-դարձավ Սաթիկին,- Ախչի ջա՜ն, բիձուն հասկացա՜նք: Շանս ի՞նչ ես արել, որ քեզ է կպել: Խանդու՜մ եմ,- ծիծաղում է մյուսների հետ:
Սաթիկը ծիծաղեց,- Հովսեփիս համար երշիկով ձվածեղ եմ արել, մի՜ քիչ էլ կերել, որ երեխային ոգևորեմ:
Դարպասների կողմից բակ է մտնում միջին տարիքի կին, նիհար կազմվածքով,- Բարև ձե՜զ: Հը, հո չե՞մ ուշացել: Շու՜տ անենք, որ Գագոյենք էլ են էսօր որոշել:
Անահիտն աթոռ առաջարկեց կնոջը,- Արի՜, Սուսան ջան,-դիմեց Սաթիկին,- Սուսանն է, գյուղի ամենալավ հաց թխողը, ծանոթացեք,-Նայեց Սուսաննային,- Սուսան ջա՜ն, Տիկոյի քուրիկն է, իմ լա՜վ ընկերուհին՝ Սաթիկը:
Սուսաննան զննող, բայց իներտ հայացքով նայեց Սաթիկին,- Հա՜, շա՜տ ենք լսել ընկերուհուդ մասին:
Սաթիկը տհաճութուն զգաց, բայց՝ ուշադրություն չդարձրեց: Դիմեց Սուսաննային,- Հաճելի է: Կարելի կլինի՞ նայել, թե ոնց եք հաց պատրաստում:
-Հաց չի, լավաշ ա՜: Լավաշը չեն պատրաստում, թխում են: Մենք էլ կրկեսի ձի չե՜նք, որ նայես: Եթե եկել ես, աշխատիր: Նայելս որ՞ն ա: Քաղաքացիք մենակ ուտելու ու պարելու են սովոր:
Անահիտն ինչ որ նշան արեց Սուսաննային, դիմեց Սաթիկին,- ճի՜շտ է ասում, Սաթ: Մի կես ժամով չե՞ս օգնի: Մաման խանութ գնա, գա:
- Դժվա՞ր է:
Անահիտը ծիծաղեց,
- Քեզ համար՝ չէ: Գնդերը կբերես, կնայես, թե ոնց ենք թխում ու մեկ մեկ էլ լավաշ կուտես:
Չէր ուզում, քնել էր ուզում, բայց առիթը բաց թողնել չէր կարելի,- Կես ժամով կարող եմ, կհասցնեմ մի կես ժամ էլ քնել:
Սուսաննան ինչ որ մեկին ասեց,- Զարթնում են, որ քնեն: Ա՜յ քեզ կայֆոտ կյա՜նք:
Գնացին թոնրատուն: Թոնիրը պատրաստ էր ու աշխատանքը սկսվեց: Սաթիկի համար սկզբում դժվար էր, հետո զարմացավ իր վախի վրա: Մտածեց,- ,-«Ծույլը կամ վախկոտը գործից կվախենա
նրա մեջ չխորանալով»:
Ինքը տանից պատրաստի գնդերը սկուտեղով բերում էր, շարում Անահիտին մոտ, որը գրտնակով դրանք բացում էր և փոխանցում Սուսաննային: Նա էլ բացած գունդը մեծ ճարպկությամբ հատուկ երկար ու ձվաձև հարմարանքի միջոցով հարմարեցնում էր թոնրի պատին ու անհրաժեշտ պահին այնտեղից հանում պատրաստի լավաշը: Աղջիկները ներդաշնակ ու եռանդով էին աշխատում:
Ուզում էր նայել, հիանալ նրանցով, բայց կանչում էին՝- «Սաթիկ, գունդ» ու ինքը շտապում էր, որ շուտ վերադառնա ու երկար նայի ու հիանա: Դեպի գնդերի սենյակ ճանապարհը Նորայր պապի մոտով էր: Նա որոշ ժամանակ իրեն էր ժպտում, հետո տեղում ննջեց:
Մի պահ, երբ հիացած նայում էր աղջիկների աշխատանքին, ծանոթ ձայն լսեց,-Բարև՜ աղջիկներ: Ի՜նչ լավ գործի եք:
Նայեց՝ Վաղինակն էր, գիշերային ծիկրակողը, իրեն բառերով ու նշաններով կեղտոտ սեքս առաջարկողը: Վաղինակն առանց որևէ շփոթմունքի նայեց իրեն, շշնջաց,- Ո՞նց ես, Տիկոյի քուր: Գժվեցի՜, էն որ լրի՜վ ցույց տվեցիր: Տեղը տեղի՜ն կնիկ ես ու ինձ տրամադրել ես, ապրե՜ս:
Ակնարկը ավելի քան թափանցիկ էր ու չէր բացառվում, որ հենց տեղում աղջիկների մոտ կպատմի իր մերկապարն ու իրեն ծաղրի առարկա դարձնի:
«Ահա և գիշերային ստրիպտիզի արձագանքը»:
Ուզում էր Անահիտին ասել, որ հեռանում է, բայց այդ պահին Սուսաննան ժպտաց Վաղինակին,- Ի՜նչ մի թրաշվել, նո՜ր շորեր ես հագել: Սիրահարվե՞լ ես, թե՞ նշանածդ է ստիպել:
Վաղինակը նայեց Սաթիկին, ժպտաց,- Սիրահարվե՜լ եմ, գժվե՜լ:
Սուսաննայի ժպիտն անհետացավ,- Ի՜նչ մի վռազ վազում ես ծառի տակի մաժմժած դեղձին: Վերևինը դժվար է, բայց ձեռ տված չի: Սաթիկ, գունդ:
Տուն գնալուց առաջ պետք է գնդերը հասցնել: Գնաց գնդերը բերելու, բայց լարվեց, երբ նկատեց, որ Վաղինակը հետևում է իրեն: Մի քիչ թուլացավ երբ լսեց նրա ձայնը,- «Քեռուս բարևեմ, գամ»: Երբ սենյակում գնդերն էր շարում սկուտեղին, Վաղինակը հայտնվեց կողքին, փորձեց համբուրել ու գրկել: Ինքը կանգնեց, պատրաստ փախչելու: Վաղինակն ինքնավստահ ժպտաց,- Հը, քաղց՜ր, եկել եմ: Էսօր կհարմարացնե՞ս՝ քեզ սիրեմ, կյա՜նք:
Սկուտեղը կիսատ վերցրեց, վազեց թոնրի մոտ, երեսից զզվանքով մաքրելով Վաղինակի հպման հետքերն ու
վախեցած շուրջը նայելով:
Անահիտը զարմացավ,-Սաթ ջա՜ն, կիսա՜տ ես բերել:
Սաթիկը նայեց Անահիտի աչքերին, հայացքով ցույց տվեց Վաղինակի կողմը,-Չէ՜, չե՜մ կարող: Պիտի գնա՜մ:
-Գոնե մաման գա՜ր: Բա՞ն է ասել: Այ տղա՜, Վաղո, եթե Սաթիկին մոտեցել ես, նեղացրել, քեռուն կասեմ: Գնա՜, դու էստեղ գործ չունես:
Սուսաննան էլի ոչ մեկին չնայեց,- Տղամարդն առանց պատճառ չի՜ մոտենում: Բա ինչի՞ ինձ չեն մոտենում, հը՞:
Վաղինակը ոգևորված նայեց Սուսաննային,- Ճի՜շտ ես, Սուս ջան: Ուրեմն մի բան կա, չէ՞:
Եկել եմ լավաշ ուտեմ, քեռուս տնից լարում են:
Անահիտը խիստ էր Վաղինակի հետ,- Գնա, քեռու սեղանին լավաշը դրված է: Խոստացիր, որ չես նեղացնի:
-Տղամարդու խոսք, չե՜մ նեղացնի: Նեղացնելը որ՞ն է,- գնաց նստեց ննջող պապի մոտ ու սկսեց լավաշ ուտել:
Անահիտը խեղճ խեղճ նայեց Սաթիկին,- Սաթ ջա՜ն, կրակն ափսո՜ս է: Հիմա մաման կգա: Եթե կմոտենա, էդ ձեռիդ ամանը եղած չեղածով կտաս դրա գլխին, մնացածն՝ իմ վրա: Գնդերին չափսոսես:
Սաթիկը չկարողացավ մերժել, չնայած, որ մարմնով դողում էր: Վաղինակը ամեն անգամ իր կողքով անցնող Սաթիկին ռեպլիկ էր նետում,- «Հը քաղցր, էսօր կպարե՞ս»: Սաթիկը չգիտեր անելիքը: Նյարդերը լարված էին, մարմինը դողում էր: Կփրկեին պապիկի զարթնելը, Տիրուհու վերադառնալը, կամ էլ իր ասպետի՝ Հովսեփի հայտնվելը, բայց ոչ մի հույսն էլ հույս չէր ներշնչում:
Գնդերը տանելիս նորից լսեց իր լկտի երկրպագուի հերթական զազրախոսությունը,-
Քաղցր, քամակդ խաղացրու գնալ գալիս, մինչև կպնենք իրար։ Հեչ էլ չքաշվես, էս քեռուս տունն ա:
Ձայն չհանեց, բայց երբ վստահացավ, որ այդ հիմարը տեղից չշարժվեց ու իրեն չի հետևում, գնդերը շարեց Անահիտի մոտ ու քիչ հեռվից նայեց աղջիկների աշխատանքին, որ Վաղինակին առիթ չտա իրեն դիմելու, մինչև վերջանա դրա հետ կապված մղձավանջը: Չէր կարողանում կենտրոնանալ ոչ իր լարվածության վրա, ոչ էլ՝ լավաշի թխման պրոցեսի, որ ներվերը թուլացնի: Քունն էլ անասելի տանում էր:
Չնայած նայում էր աղջիկների աշխատանքին, բայց ականջը ձայնի էր,- «Ախր ե՞րբ են գալու Տիրուհին կամ Հովսեփը»: Նայեց աղջիկների աշխատանքին, հաշվեց գնդերը: Հետևից ինչ որ մեկը կպավ ազդրին:
Առանց թեքվելու ձեռքը հետ մեկնեց ու շշնջաց,- Գնա՜, Պարոն:
Շունը չհեռացավ: Փորձեց սկուտեղի օգնությամբ շանը հեռացնել, բայց նկատեց, որ Սուսաննան իրեն է նայում աչքերը լայն բացած: Սպասեց Սուսաննայի բացատրությանը, բայց սկուտեղը մեքենայաբար հետ մեկնեց: Այն ինչ որ բանի կպավ:
Անահիտը ուզեց բացած գունդը փոխանցել Սուսաննային,- Սուսան, ու՞ր ես նայու՜մ: Լավաշը վառեցի՜ր,- բայց տեսնելով, որ անօգուտ է, ինքն էլ նայեց Սաթիկի կողմն ու աչքերը լայնացրեց:
Սուսանան քմծիծաղեց,-Լա՜վ էլ գովածդ սիրունը դեմ չի: Ասում էի, չէ՞:
Սաթիկը նույն պահին զգաց, որ մեկը
կպավ իր ազդրին ու շրթներով հպվեց ծոծրակին: Ճչաց, թռավ մի կողմ:
Վաղինակն ինքնավստահ էր,- Ձեր գործն արեք, մերից գործ չունե՜ք: Չէ՞, քաղց՜ր: Նախանձում են, խանգարու՜մ:
Սուսաննան թեթևացած շունչ քաշեց,- Նախանձելու բան ա, բա ի՜նչ: Մարդ էլ կա՜, սիրած էլ։
Մենք ենք ախմախ ախմա՜խ հեռու քշում քո նման այլանդակին: Ան, գոնե՜ ասա՝ վրեն մաքրի։ Թե՞ դուրն եկել ա: Վերջը ձեր տան պատիվն ա՜:
Սաթիկը քիչ հեռվում դողում էր և անձայն արտասվում, մեջքով կանգած մյուսներին: Առաջին անգամ այդպես կոպտորեն ու բռի կերպով արհամարհեցին իր ինքնասիրությունն ու պատիվը: Իրենց անասնական ցանկությունը գերակա շահ է, ինքն այդ ցանկության հնազանդ օբյեկտ: Իրենց հիմնի բառերով,- «Ե՜րբ կուզեն, ո՜նց կուզեն»: Միթե՞ դա հնարավոր է, և ինչու՞:
Անահիտը բարկացավ,-Սուսան, շա՜տ ես խոսում: Քեզ ընդհանրապես խոսք չի հասնում: Կանչել ենք հաց թխելու՞, թե՞ հյուրերիս չարախոսելու: Էլ չխոսե՜ս,- տեղից վեր կացավ, ձեռքին՝ մետաղե ձող: Այդ ձողով հարվածեց Վաղինակին,- Իսկ քեզ, Վաղո տղա, զրկելու եմ մեր տուն մտնելու իրավունքից: Մեկ ա, անուղե՜ղ ես:
Նեղսրտած Վաղինակը վերնաշապիկն էր զննում,- Վա՜խ, վառեցիր շորս, Ա՜ն: Փող ա, չէ՞:
Անահիտը մոտեցավ Սաթիկին, հագուստի հետևի մասը թափ տվեց,- Ինչի՞ ձեն չես հանում, ձեռիդ եղածը գլխին տալիս:
Սաթիկը բարձրաձայն լացեց,-Բայց ասեցինք, չէ՞, որ՝ տհա՜ճ է: Հո չե՞մ քաշքշվելու հետը: Ա՜խ:
Անահիտը լավ էր տիրապետում զրույցի թեմային,- Ինքն անասուն է: Անասունին չեն ասում, գլխի՜ն են տալիս:
Սուսաննան էլ չզլացավ կիսվել անձնական կյանքի փորձով,-Չէր ուզում, թող եղածը գլխի՜ն տար: Հլա թող ընձի մոտենա՜: Գիտի, ախ՜ր: Այ Անո՜, իրանք իրանց հարցերը լա՜վ էլ կլուծեն: Կրակդ կպրծնի: Ուշ ա, ափսո՜ս ա: Ես պարա՜պ չեմ, ուրիշների նման չեմ, որ մարդ էլ ունեն, ձեռն էլ գցում են, սիրած բռնում: Պետք ա ինձ ու երեխուս պահեմ:
Սաթիկին դժվար էր արդեն նաև Սուսաննայի կողմը նայելը, կամ՝ նրա խոսքին արձագանքելը: Ոչ այդ տեսքով կարող էր տուն գնալ, ոչ էլ՝ սեղանին մոտենալ: Նորից առանձին կանգնած լացեց,- Ան, հիմա կհանգստանամ, կգնամ: Դուք ձեր գործին եղեք:
Անահիտը սրբեց Սաթիկի աչքերը, համբուրեց այտը,- Միասին կգնանք, չմտածես: - նայեց Սուսաննային,- Սուսան, ձենդ: Էստեղ էնտեղ գործ ես անում, տեսածդ տարածում: Ջահել կին ես, քեզնով ապրիր: Թո՜ղ մնա: Մի՜ քիչ ցախ գցիր, մինչև մաման գա:
Սուսաննան տեղից վեր կացավ, գնաց, ցախի կույտ բերեց, գցեց թոնրի մեջ, կանգնեց կողքին:
Անահիտը գնաց, հրեց Վաղինակին,- Գնա տես, քեռիդ ինչ է ասում: Ասելու եմ, գլուխդ ջարդի՜:
Վաղինակը բերանը բաց ժպտաց,- Քեռին հի՜ն բոզարած ա: Մի բան էլ կգովի՜:
Սաթիկը ցնցվեց հրապարակավ արված իր նոր որակավորումից:
Անահիտն անհարմար զգաց, ձողով հարվածեց Վաղինակին,-Է՜շ:
Սուսաննան չուշացրեց մեկնաբանությունը,-
Նմանը նմանին վռա՜զ գտավ:
Անահիտը շշնջաց Սաթիկին,-Մի երկու րոպեից կգնանք: Հովսեփը եկել է: Ես տեսա;
Սաթիկը խեղճացած շշնջաց,- Հա՜, բայց շատ հեռու չգնա՜ս: Վախենու՜մ եմ: Դա լրի՜վ ապուշ է:
Անահիտը մոտեցավ ծերունուն,- Ահա, հայրիկ: Էս հիմարը Տիկոյի քրոջը լացացրեց ու նա նեղացա՜վ, գնաց:
Ծերունին արդեն զարթնել էր, ու լավ ճանաչելով Վաղինակին, ըմբռնեց կատարվածի էությունը: Ձեռնափայտով հարվածեց Վաղինակի գլխին: Ձեռնափայտից ու գլխից ձայներ լսվեցին, Վաղինակից՝ ոչ,- Դու ո՞նց կարացիր քեռու կանչած հյուրին վիրավորես: Քեռուդ անուն ցեխ կոխեցիր, է՜շ:
Վաղինակը գլուխը շփեց նույն ինքագոհ ժպիտով: Համոզված էր, որ հոգու խորքում քեռին հիացած է իր արարքով,- Հա՜, դե ի՞նչ եղավ: Սիրու՜ն կնիկ էր, դուրս եկավ, ձեռս քսեցի,-
ու հեռացավ ձեռնափայտի հասանելության ռադիուսից:
-Մերդ էլ ա սիրուն կնիկ: Հիմա հարևան Վռամը տարել ա իրա ծառի տակ, էլի քսու՜մ ա:
Վաղինակի դեմքից հիմար ժպիտն անհետացավ,- Քեռի, էնի մերս ա՜, քո էլ՝ քուրը: Ըտենց մի՜ ասա:
-Ինքը մեր ու քուր չի՞, էշ: Ընտանիք սրբություն ա, ու ինքն՝ էդ ընտանիքի հոգին: Հաճույք լավ բան ա, քեզ չզրկես: Բայց որ էդ քո հաճույքից ոչ մեկին ցավ չլնի, թե չէ՝ կդառնա կեղտ, կկպնի անունիդ: Դրանից առավել ի՞նչ ունես: Էն խեղճ աղջիկ կմտածի՝ դիտմամբ ենք կանչել:
Վաղինակը փորձեց իր խելքի չափով գյուղի աղջիկների ու սրտի սիրածի մոտ փրկել իր պատվի մնացորդները,- Քեռի, ես իրան սիրու՜մ եմ:
Լսվեց Սուսանայի հուսահատ կանչը,- Վախ, մորս արև՜:
- Պատիվդ սիրիր, որ քեզ մարդահաշիվ անեն, հետևիցդ չթքեն: Մոզի, քոնը պոռնիկ Ոսկին ա, տաս կիլո կարտոլով: Դու քաղաքի էդ աղջկան մարդավարի բարև էլ չես կարա տաս: Ինքն իրա որձն ունի ու որձն ի՜նչ կանի, ո՜նց կանի՝ իրանց գործն ա: Ու հայոց օրենք ա՝ ամեն որձին մի էգ, ու էդ էգը մյուս որձերի համար քուր ա:
Պատիվը փրկելու համար Վաղինակը ուզեց պատմել գիշերային ստրիպտիզի մասին, ինչին Սաթիկն ահով էր սպասում, բայց, ի փրկություն իրեն և Սաթիկի, և ի դժբախտություն Սուսաննայի, հիշեց, որ նշանած ունի, և որ խայտառակություն է գիշերով թաքուն ուրիշի հողամաս մտնելը, պատուհանից ծիկրակելը: Նշանի մատանին կես ժամից հետ կտան, գյուղում կպախարակվի ու էլ իրեն աղջիկ չեն տա:
Սաթիկն, այդքան բան չիմանալով, համենայն դեպս զարմացավ ու երախտապարտ էր իր անպատկառ երկրպագուին այդ մեծահոգի քայլի համար, բայց վիրավորանքը խորն էր ու հեկեկոցը կանգնեցնել չէր ստացվում:
Անահիտը զարմացավ Սաթիկի վրա,- Դեռ լացու՞մ ես:
-Բա ի՞նչ անեմ: Հասկացրեցինք, չէ՞, որ տհա՜ճ է: Ինչու՞ մոտեցավ առանց հարցնելու:
-Ախչի ջա՜ն, ո՞վ է գռգռված էշին նայելով բան հասկացնում: Ձեռիդ տակ ինչ ունես, գլխին կամ ձվերին տուր, որ ուշքի գա՜:
- Ես ի՞նչ գործ ունեմ իր օրգանների հետ: Չէ, այդպես ճի՜շտ չի:
- Իսկ ինքն ի՞նչ գործ ունի ամուսնացած կնոջ հետ: Դրանց վրա վախը կազդի: Վախում են ճիպոտից, քարից, մեկ էլ՝ տղամարդուց: Երևի գիտի, որ Տիկոյին չես ասի՝ գլուխը պոկի: Ես կասե՜մ:
Սաթիկը շշնջաց, որ Վաղինակը չլսի ու չոգևորվի,-Ախր, մե՜ղք է, սրտի խնդիր ունի:
Անահիտը գիտեր, Տիգրանը վիրավորանք կուլ տվող չի, և որ Վաղինակը Տիգրանից վախենում է,
- Սրտի խնդիր ունի, սրտով էլ ընկերներ ունի: Գլուխն ու ձվերը կդնեն քարի տակ, ձենը գոռալուց կկտրվի: Հը՜, ասե՞մ:
Վաղինակը ահով սպասում էր Սաթիկի թույլտվությանն ու, նույնիսկ պատկերացրեց իրեն այդ քարաղացի տակ գոռալիս, շրջապատված իր բռնաբարած hռհռացող կանանցով, բայց թեթևացած շունչ քաշեց, երբ լսեց Սաթիկի ձայնը,- Չէ՜, Ան ջա՜ն: Եթե կրկնի, կխնդրեմ, կասես, հա՞: Դե ես գնամ, ու՜շ է:
Անահիտը փորձեց կանգնեցնելՍաթիկին,-
Սպասիր, լավաշ տամ, ամո՜թ է:
Սաթիկը զարմացավ,- Ամոթը վերցնելն է: Ինչի՞ համար:
- Դե լավ, ես կբերեմ: Լա՜վ, ինչ եղել է, եղել է: Մի՜ նեղվիր, էդ Սուսանի ասածներն էլ սրտիդ մոտ չընդունես: Հետո՝ կասեմ:
- Աստված իր ու իր լեզվի ու խղճի հետ, գնամ:
- Բայց՝ Տիկոյին չասես: Ես էդ ապուշի մոտ ասեցի, որ վախենա: Կստացվի, որ քեզ կանչել ենք ու վիրավորել: Համ Տիկոն ա մեղք, համ՝ հայրիկը, համ էլ՝ մեր էսքան տարվա հարևանությունը: Համ էլ՝ առանձնապես բան էլ չեղավ: Որ ըտենց բաներից սկսեմ պատմել, մի տարին հերիք չի:
22
Սաթիկը գնաց տուն, մտածելով միայն քնելու մասին: Հովսեփն արդեն փոխել էր հագուստն ու, երևի չդիմանալով, բրդուճ էր ծամում: Միշտ միասին են ճաշել: Հովսփն ուրախացավ, բայց ինքը փորձեց չնայել նրա կողմը,-Իմ ասպետը կհամբերի՞, մի ժամի չափ քնեմ,- ու շարժվեց դեպի տուն:
Հովսեփը, որ երանությամբ էր սպասում կատակներով ու Սաթիկի բույրով ու ժպիտով համեմված համատեղ ճաշելուն, ձայնի անծանոթ ելևէջներ որսաց,- Բա՞ն ա եղել, Սաթիկ քուրիկ:
-Չէ՜, բալե՜ս, հոգնած եմ, մի բան արա: Չե՜մ դիմանում,- վազեց իր սենյակ, արցունքները կուլ տվեց ու աչքերը փակեց: Մի քիչ էլ լացեց ու այդպես քնեց:
-Հովսեփ ջա՜ն, կգա՞ս, բա՜ն եմ ասում,- Անահիտն էր, Դերոյի կինը:
Վազեց, քանի որ ինքն էր ուզում գնալ:
Անահիտը ընդառաջ գնաց, ձեռքին թարմ լավաշի կապոց,- Վերցրու՜, ախպերս: Սաթիկ քուրիկի շնորհք՜ն է,- ուրախ էր ձևանում, բայց աչքերը փախցնում էր:
Անահիտը Հովսեփին ուզում էր ուղեկցել դեպի դարպասը, բայց նույն պահին հացատնից լսվեց Վաղինակի ձայնը, որը վերջերս սկսել էր հաճախակի ֆռֆռալ շրջակայքում,- Սուս ջան, չգիտե՞ս քաղաքի քածերին, առանձին կբացվեն, մարդկանց մեջ պատիվ կխաղան:
Սուսաննան ինչ որ բանից ոգևորված էր,- Էդ դու՜ք եք կարգին կնանիքից երես թեքել, աչքներդ դրանց քամակից կախել, խաբնվելով դրանց ձևերին ու ծիծաղին: Հլա թող ամբողջ օրը թոնրի մեջ կախվե՜ր, էլի կծիծաղե՞ր: Ձենը փորից դուրս չէ՜ր գա: Ախ, ձեր աչքերն ու ճաշակը:
Հովսեփի գենետիկան ու Տիգրանից ակամա ստացած դասերն հուշեցին կիրառել տեղեկացվածութան ֆանտոմի սպառնալիքը, երբ ենթադրվող ինֆորմացիան ստանում ես հենց թաքցնողից դրա հաստատման միջոցով:
Նեղացած խոսեց ատամների արանքից,- Կանչել եք ու նեղացրե՜լ: Ու անողը չի՜ մարսի:
Անահիտը վախեցած համբուրեց Հովսեփի ճակատն ու հաստատեց նրա կասկածը,- Բայց հորդ չասե՜ս, էլի՜, մեռնե՜մ քեզ: Որ է՜շ ա, ի՞նչ անենք: Պապը մեղք ա՜, շատ կնեղվի:
-Չե՜մ ասի: Հերս ըտենց մանր հարցերով չի զբաղվում,-չոր ասեց, բայց Անահիտը գոհ մնաց:
(շարունակելի)