Հետո Քնարիկը Հովսեփի հետ սեղան բացեց, Սաթիկին չթողնելով առաջին օրը լարվել, բոլոր հարցերը թողնելով վաղվան:
Սաթիկը, երբ կշտացավ ու Տիգրանի գինուց համտեսեց, հիշեց,- Բա ու՞ր է դդմի իմ ճաշը:
Տիգրանը փորձում է նորից գինի լցնել հյուրերի բաժակները, հաղթահարելով Վահագի ըմբոստությունը,-
Քույր, դիտմա՜մբ է արել, որ մնաք: Գիտի, որ սիրում ես:
Վահագը, չկարողանալով համոզել Տիգրանին, հրահանգում է Սաթիկին, վախով նայելով լցվող բաժակներին ու չհավատալով իր հրահանգի ուժին,- Վե՜րջ, էլ չենք խմում, ի՜նչ կենաց էլ որ լինի:
-Բայց ես հարբած չե՜մ, սիրելի՜ս, չե՞ս տեսնում,- ծիծաղեց Սաթիկը,- բայց ենթարկվում եմ: Թող Տիգրանը տեսնի, թե ի՜նչ օրինակելի քույր ունի: Դու իրեն ասա, որ էլ ստիպող կենաց չասի:
Վահագն ուզեց կնոջն առանձին ինչ որ բան ասել, հետո էլ զգաց, որ գինին իր վրա էլ է քիչ ազդել,- Գնամ թարմ օդ շնչելու: Կգա՞ս, տիկինս:
Սաթիկի գլխում ուրախության հաճույքն ու գինու ուժը խառնաշփոթ էին սարքել, բայց կարողացավ ասել,- Մնում ենք, մնու՜մ: Ու՞ր պիտի գնանք անծանոթ գյուղում: Ես հարբած վարորդի հետ ճամփա չեմ գնում: Չէ՞, եղբայր:- համբուրեց Տիգրանին,- հարազատ՜ս, քեզ գտա՜: Ախր դու չե՜ս հասկանում, թե դա ինձ համար ի՜նչ է նշանակում:
Տիգրանն աչքով արեց Սաթիկին,- Անաստվածի աղջիկ, պետք ա կարոտե՞ք, որ գաք: Եկեք գնացեք, էլի՜: Տունն էլ ձեզ լինի:
Հովսեփը երկար ժամանակ փորձում էր խառնվել խոսակցությանն ու վայելել Սաթիկի հետ շփվելու հաճույքը: Դիմեց մորը, անհամարձակ նայելով Սաթիկին,- Ես իրեն հիշու՜մ եմ, ինքն ինձ խաղալիք է նվիրել:
Սաթիկը Հովսեփին սեղմեց կրծքին, համբուրեց ճակատը,- Խելացի՜ս, համով՜ս: Ես էլ հիշեցի՜: Ո՜նց ես մեծացել:
Հովսեփը կարմրեց, ու դեռ երկար գաղտագողի նայում էր Սաթիկին: Մտմտաց նրա փափուկ կրծքին նորից սեղմվելու նոր պատրվակ, գտավ ու ուղղակի դիմեց Սաթիկին,- Ուզու՞մ ես՝ քեզ համար երգեմ,- ու պատկերացնելով երգի հաճույքից արտասվող ու իրեն իր կրծքին սեղմած ու համբուրող Սաթիկին, հուզվեց, աչքերը գաղտնի սրբեց:
Վահագն աչքը ժամացույցից չէր կտրում,- Ու՜շ է: Մենք դեռ պետք է տուն փնտրենք: Ամեն ինչ լա՜վ էր, բայց գիշերել պետք է, չէ՞:
Տիգրանը նայեց որդուն, աչքով արեց,- Վաղը, ախպե՜ր: Հոգնա՜ծ են:
Սաթիկը նայեց իրար նայող Տիգրանին ու Քնարիկին ու տեղից չշարժվեց,- Ուզում ես մեզ սպանի՞ Տիգրանս, խռովի՞ ամբողջ կյանքում: Երեխուն չլսե՞մ, կարծիք չասե՞մ: Ինքը տուն ունենա, ու մենք ուրիշի տանը քնե՞նք:
Քնարիկն ուսերը թոթվեց,- Մի քի՜չ նեղվածք է: Եթե չեք նեղվի, մենք խնդիր չունենք:
Վահագը կանգնեց, ձեռքը տարավ գրպանը,- Գնում ե՜նք, գնու՜մ: Տեսնու՞մ ես՝ նեղվածք է: Նախ գումարային հարցերը լուծենք…
Քնարիկը զարմացավ,- Ինչը՞:
Վահագը նայեց նույնպես զարմացած ձևացող Տիգրանին, շփոթվեց, զգալով, որ հիմարություն է, բայց ինքաբերաբար ասեց,- Տիգրանն ասեց, որ փոխանակ խանութից առնե՜նք…
Քնարիկը հոգնած տրամադրության ուժով բարկացավ ամուսնու հասցեին,- Էլի խոսե՞լ ես տակից գլխից: Խիղճ ու ամոթ չունե՜ս: Եղբայր Վահագ, ինքն էդպես կատակել է, բայց հիմարությու՜ն է ասել: Եթե ուզենաք մնալ մեր տանը, մի բան կմտածենք, բայց մեզ մի խայտառակեք:
Տիգրանն աչքով արեց Սաթիկին, նայեց Քնարիկին,- Վահագ ջան, գյուղում ապրանքափոխանակություն է: Մի երկու օր էլ մնացեք, հետո մե՜ծ սեղան կբացես, կկանչեմ բոլոր բարեկամներիս ու խնամիներիս, որ ուրախացնեմ ու Սաթիկիս ու իր շնորհքի հետ էլ ծանոթացնեմ: Ու հարցը կփակվի՜:
Սաթիկը հույսով նայեց ամուսնուն,- Շա՜տ հավանեցի հաճելի միտքը: Բոլորին կտեսնեմ, կարոտս կառնեմ: Չե՜մ համբերում,- ու աչքերը սրբեց:
Վահագն արդեն, համոզված չլինելով լսածի լրջությանը, ուսերը թոթվեց,- Անխոս ենթարկվում եմ: Հիմա գնանք:
Սաթիկը կանգնում է, բռնում Քնարիկի ձեռքը,- Գնացինք,- հերթով մտնում է կողքի սենյակները, կանգնում մեկում,- ազա՞տ է:
Քնարիկը հատակից մի երկու իր է վերցնում, տեղավորում,- Հովսեփիկիս սենյակն է, ինքը կքնի հյուրերի սենյակում: Ափսո՜ս, կիսապատրաստ է:
Վահագը հետևում է կնոջը, զգալով դավադրության հոտն ու իր պարտությունը, բայց էլի բռնվում է ծղոտաչափ հույսից,- Բայց ինչու՞ նեղություն տալ մարդկանց:
Հովսեփը, որ հետևել էր կանանց, ցանկանալով Սաթիկին ամեն կերպ պահել իրենց տանը, փորձում է Վահագին նայել տղամարդու հայացքով,- Ո՜նց ասի Սաթիկ քուրիկը,- ու շփոթվում է: Լա՜վ է, որ չնայեցին իրեն: Չկարողացավ հորաքույր ասել: Վախեցավ Սաթիկին վիրավորել: Իր հորաքույրները տարիքն առած, լու՜րջ, ծանրակշիռ թեմաներով խոսող կանայք էին: Սաթիկն ուրի՜շ էր հաճելի իմաստով:
Սաթիկը որոշեց,- Հենց այս սենյակում էլ կքնենք: Ի՜նչ է եղել,- ու հրամայեց,- տղամարդի՜կ, դուրս եկե՜ք, դուք այստեղ անելիք չունեք,- ու հիշեց, նայելով Վահագի աչքերին, համբուրելով Քնարիկին,- մոտիկ մարդուն հյուրասիրությունը հաճու՜յք է, ոչ թե՝ նեղություն:
Հովսեփը շատ էր ուզում մնալ ու հենց այնպես նայել Սաթիկին, հետևել շարժումներին, լսել ձայնը, բայց «տղամարդիկ» որակումն անկախ իրենից իրեն սենյակից դուրս քշեց, ու ստիպեց հուզվել, մտքում կրկնելով հաճելի կնոջ իրեն ուղղված հարգալից բառը՝ տղամարդ:
Այդ պահից նա, իրոք, շատ հարցերում արդեն տղամարդ էր:
7
Հետո արդեն իրենց սենյակում հերթով խոսեցին Մանանի հետ, իմացան փոքրիկի վերջին խոսքային նվաճումներն ու անսպասելի իմաստային միացություները, համատեղ ծիծաղեցին ու պառկեցին քնելու: Անկողիններն արտակարգ լավն էին, բայց մահճակալները դավադիր ճռռոցով արձագանքում էին ամեն մի շարժման:
Վահագը տեղափոխվեց Սաթիկի մոտ, մոտավորվելու շարժումներով, շոյեց, համբուրեց, հասկացնելով, որ իրեն մերկ է ուզում, մերձենալ է ուզում, միանալ է ուզում:
Սաթիկը չմերժեց, պատասխանեց համբյուրներին ու շոյանքներին, բայց շշնջաց,- Կլսվի՜, ախր:
Վահագը համաձայնվեց, շարունակելով շոյել ու համբուրել սիրելիին, օգնելով նաև մերկանալ,- Հետո ի՜նչ, բա մեղք չե՞մ:
Նրանց անկողնային սերը մի քիչ առանձնահատուկ էր՝ մշակված: Հերթով նրանցից մեկը երբեմն դոմինանտ էր դառնում ու որոշում համբույրների ու փաղանքշանքների ձևերն ու եղանակը: Մյուսն անխոս ենթարկվում էր ու ստանձնում իրեն վերապահված դերը, որի մասին իմանում էր բացառապես մահճակալում: Անակնկալը պարտադիր էր այդ խաղում և նույնիսկ հրամայական: Վահագը նույնիսկ խոստովանել է կնոջը, որ օր է եղել, որ ամբողջ օրը մշակել է առաջիկա գիշերվա սցենարը:
Սաթիկի համար առանձին հաճույք էին այդպիսի քննարկումները, եղածը հիշելը, իր պատրաստվելն ու սիրելիին անակնկալի բերելու մտադրության նախօրոք ապրած հաճույքը: Իրականում խաղի հեղինակն էլ ինքն էր ու հետևողական էր նրա կանոնների պահպանման հարցում:
Սաթիկը հանկարծ շշնջաց,- Ենթարկվիր, սիրելիս,- ու մոտեցավ, անտեսելով ճռոցները:
գիշերային Լռության
մեջ լսվեցին ճռոցներ նաև կողքի սենյակից ու Քնարիկի շշնջոցը,- Կամա՜ց, այ տղա՜: Ի՞նչ ես կատաղել, չե՜մ հասկանում…
Կարծես թե լսվեց նաև Տիգրանի ավելի թույլ շշնջոցը, - Սու՜ս, իմ սե՜ր, լավ՜ն ես, սու՜ս:
Սաթիկն ակտիվացավ իր փաղաքշանքներում, ևս շշնջաց,- Ապրե՜ս, լավ՜ն ես, իմ… սե՜ր:
Ու սիրո խաղի կուլմինացիոն պահին, Սաթիկը, շշնջաց, - Սիրելի՜ս, հիմա մենք այստեղ մնալու հինգ օրվա պայմանագիր կկնքենք:
Վահագը շշմեց, ինչքան հնարավոր էր այդ պահի համար՝ ինչի՞ համար, ինչու՞:
Ուզեց բարկանալ, բայց ընդամենը բողոքեց,- Ո՜չ մի օր: Վաղը տուն եմ գտնում: Ո՜չ մի հարմարություն չկա:
Սաթիկն առանձնացավ, պառկեց քիչ հեռու, մեջքի վրա, ցանկալի ու կանչող դիրքով, շշնջաց,- Վե՜րջ այսօր: սիրելի՜ս: Մինչև պայմանագիր չկնքենք:
Վահագի մարմինը սիրել ու սիրվել էր ուզում, իսկ կինը, աշխարհի ամենացանկալի կինը, անհասանելի էր: Սա արդեն չափազա՜նց էր: Խաղի կանոնները հասկացանք, բայց սիրո կանոնը գերակա է:
Ձեռքը երկարեց դեպի կինը,- Մեկ, դե լա՜վ, երկու:
Սաթիկը Վահագի ձեռքն այնպես բռնեց, շարժեց իր վրայով ու քնքշորեն ու դանդա՜ղ հեռացրեց, որ արդեն դիմանալն անհնար էր,- Հինգ, սիրելիս, իմ տիրակալ:
-
Դու հասկանու՞մ ես, որ հիմա չի կարելի ինձ մենակ թողնել։
-Իսկ դու՞, սիրելի՜ս, որ բերել ես եղբորս տուն, ու չես թողնում վայելել: ճի՞շտ ես վարվում:
Չէ՜, էլ դիմանալու ուժ չկար: ձեռքը երկարեց դեպի կինը։ իսկ նրա հայացքի մեջ խնդրանք կար, վախ, աղաչանք, սարսափ: Ինքը սպասում էր սիրելիի աչքում տեսնել կիրք, տենչանք, սպասված տղամարդու գրկաբաց ընդունում, բայց տեսավ միայն հինգ թվի աղաչանք:
Ու լսեց իր պարտվողական ձայնը,- Հինգ, անամոթ առևտրական: Գի՜ժ անբուժելի:
Կծկված կինն այնպես ժպտաց ու բացվեց, որ մինչև առավոտ Վահագը ներեց սիրելիի այդ անամոթ առևտուրը, գրկված նրա հաճելի բուրող մերկության հետ, վայելելով սիրելի կնոջ կողմից գիշերը գրկված լինելու պահանջը բավարարողի տղամարդու երջանկությունը:
Միաժամանակ դադարեցին նաև հարևան սենյակից լսվող ճռռոցներն ու շշնջոցները:
Մտադրություն
8
Վահագն առավոտյան զարթնում է, նայում՝ Սաթիկը չկա: Նայում է ժամացույցին-, Օ՜, լա՜վ էլ քնել եմ,- հագնվում է, գնում դուրս: Պատշգամբում Սաթիկն էսքիզներ է անում: Դիմացը սեղանին դրված ծաղիկներ են, կողքին՝ կոտրված կուժ և կիսամերկ կնոջ պատկերով օրացույց, մեկ էլ՝ մրգերով լի ափսե: Իրեն չնայեց, երևի տարված էր նկարով:
Մոտենում է, համբուրում կնոջը,- Եվ ի՞նչ ես պատկերում: Մենա՞կ ենք:
-Մենք այո, մտքերս՝ չէ: Մեր ապրումներն, իմ սեր:
- Գիշերային առևտրի պլա՞ն ես մշակում: Խորհուրդ տա՞մ:
Սաթիկն այդ հարցից էր վախենում ու դրա համար, ուշադրության կենտրոնացում ձևացնելով, չնայեց ամուսնու կողմը: Բայց Ճար չկար, դեմքը պարզեց ամուսնու կողմը, աչքերը փակեց, համբույր տենչող դեմքին տեղադրելով ծիկրակող ժպիտ: Ու նորից աշխատեց Վահագին շեղելու փորձված զենքը:
Ու երբ Վահագը համբուրեց, ինքն այն ձգեց, զրույցի համբույրից վերածելով կրքոտ համբույրի, ու չթողեց ուշքի գալ,- Ապրե՜ս, կարոտել էի՜: Բարի լույսը մեզ չի ների և դրան չեմ հասել: Նայիր, գրություն են թողել, չեմ հասկացել: Հիմա՞ նախաճաշենք, թե՞ իրենց սպասենք:
Վահագը վերցնում է թուղթը, կարդում,-«Հարազատներ ջան, մեր անպատրաստ բաղնիքը պատրաստ է, նախաճաշը՝ ևս: Ժամը տասնմեկին կերևանք մի չորս ժամով, չվախենաք: Տունն էլի ձերն է»: Պարզվում է, մենք տարբեր ժամային գոտիներում ենք գտնվում: Հեշտ չի գյուղացու կյանքը: Բա երեխեն ու՞ր է:
-Դպրոցում: Ասեց, որ շուտ կգա: Հիմա ի՞նչ,- շեղման օպերացիայի հաջող ընթացքն ամրապնդում է մրգերի պարզած ափսեով,- Հատուկ քեզ համար են թողել:
Վահագը միրգ է վերցնում,- Բա ինչու՞ ես առանց իմ թույլտվության կերել: Թե՞ էլի…
Վախեցած Սաթիկին փրկում է դարպասի ձայնը,- Լա՜վ է: Հովսեփն եկավ, հիմա կճաշենք,- փախչում է խոհանոց:
Վահագը վերցնում է կնոջ նկարածը, ուսումնասիրում, հոգոցով դնում սեղանին:
Հովսեփն առաջ է գալիս, տանջանքի գործիք պայուսակը շպրտում դռան մոտ,- Բարի լու՜յս, Վահագ ապեր,- իր վարկանիշը պահելու համար ընտրել էր դիմելու այդ ձևը,- Սաթիկ քուրիկն է՞լ է տանը: Օգնելու ի՞նչ կա, ասե՜ք:
Վահագը բարեհոգի ճմլկոտեց, հորանջեց,- Հա՜: Ձերոնք ե՞րբ կգան, դաշտու՞մ են:
- Հա՜, շուտ են գնում, որ արևը չվառի,- ականջը խոհանոցից եկող ձայներն էին ու հենց երևաց ձայների հեղինակն ափսեներով, փայլեց,- Բարի լու՜յս, Սաթիկ քուրիկ:
Սաթիկը համբուրեց Հովսեփի ճակատը,-Բարի լու՜յս, հարգարժան Հովսեփ,- Տղամարդիկ, արագ լվացվեք, եկե՜ք,- ու գնաց խոհանոց:
Վահագը գնաց լվացվելու: Տղամարդ խաղացող Հովսեփն արդեն ձգված մարմնով ու հարգարժան դեմքով իրենից անկախ գնաց Սաթիկի հետևից,- Ինչո՞վ օգնեմ՝ չհօգնես,- ու շատ մոտ է գնում երկրորդ համբույրի հույսով:
-Արագ սեղանի մոտ, ծիտիկներն ու կատուները վրա չտան, ու հետո արագ լվացվելու, - ու չի էլ նայում հարգարժան Հովսեփին, որ նույն վայրկյանին դարձավ ծտերի ու կատուների ամենաերդվյալ թշնամին:
Հովսեփը հոգոց հանեց, ու կյանքում առաջին, բայց ոչ՝ վերջին անգամ զարմանալով կանանց տրամադրության չպատճառաբանված փոփոխականության վրա, գնաց պատշգամբ, սպասելու Վահագին, որ կարողանա արագ լվացվել ու Սաթիկի կողքին լինել:
Բայց Վահագին ինչ որ զանգ եկավ, ու նա հեռվում երկար ինչ որ հարց էր քննարկում: Հովսեփը նորից բարկացավ նրա անշրջահայացության վրա՝ քեզ սպասում են, որ լվացվեն: Բարի եղիր հարգել սեղանի ընկերոջը, խոսիր սեղանի մոտ:
Սաթիկն էլի ինչ որ ափսեներ բերեց, բարեհոգի խաղաց իր մազերի հետ,- Ի՞նչ ես բերել դպրոցից:
Սպասված հարց էր՝ պատրաստի պատասխանով, բայց հուզվեց,- Գովասանք:
- Օհօ՜, և ո՞վ և ինչու:
Իսկը աչքերին նայելու ժամանակն էր ու նայեց, միայն թե սրտի խփոցն էր շեղում,- Պիտի ներկայացնեինք մեր սիրած մարդկային կերպարը, ես քո մասին պատմեցի: Հակոբյանն ինձ գովե՜ց, քեզ բարև ուղարկեց, ու ասեց, որ կուզենար ծանոթանալ:
Զարմացած Սաթիկը նախ նայեց Վահագի կողմը, ապա վերջապես այնպես զննեց Հովսեփին, կարծես թե նա հենց նոր դիմակը հանեց,- Ա՜յ քեզ հաճ… նորություն: Ուրեմն ես քո սիրելի կերպար՞ն եմ: Լա՜վ, հետո կխոսենք երկուսով, լա՞վ,- Հովսեփը գլխով արեց, քանի որ կոկորդին ինչ որ բան կար, խանգարում էր,- իսկ Հակոբյանն ո՞վ է:
Հիմա կասի ամենակարևորը՜: Երկուսով են ու խանգարող չկա,- Քեզ նման սիրու՜ն, ջահել աղջիկ է: Էլի ուզում ես մի՜շտ կողքին մնալ, նայե՜լ,- Սաթիկի մեծացող աչքերից զգաց, որ ավել բաներ ասեց:
Աչքերը փախցրեց, բայց դեմքը վառվում էր:
Վահագը վերջացրել էր խոսակցությունը, մոտենում էր: Շփոթված Սաթիկը շշնջաց,- Անպայմա՜ն կծանոթանանք,- ու բարձրաձայն,- արագ լվացվելու՜:
Հովսեփը սլացավ բաղնիք, թաքցնլու հուզմունքը, շփոթմունքը, ամեն տեղից վազող քրտինքը:
Վահագը նստում է սեղանի մոտ,- Քաղաք պետք է գնամ: Ապրանքի հետ խնդիրներ կան:
Հովսեփի խոստովանությունից շփոթված Սաթիկը լրիվ չընկալեց նյութը,- Լողացիր, գնա:
Վահագը նեղացավ Սաթիկի անտարբեր արձագանքից,- Քաղաքում երևի ավելի՜ հարմար բաղնիք կգտնեմ:
Սաթիկը դեռ խոսակցության մեջ չէր,- Պատերը քարից են, բայց կարելի՜ է հարմարվել:
-Քարի պատով բաղնիքը՜, անհարմար խոհանոցը՜, մահճակալի ճռճռոցը՜:
Սեղանին մոտեցող Հովսեփը զգաց, որ Սաթիկին աջակցել է պետք, ու որոշում կայացրեց:
Սաթիկը թեման փոխելու ճիգ արեց, - Դրանում խնդիր չեմ տեսնում,- ժպտաց մոտեցող Հովսեփին,- այսօր Հովսեփս ուսուցչուհուն պատմել է իմ մասին, գովե՜լ:
Հովսեփը նորից կարմրեց «Հովսեփս» բառից ու բարկացավ դեռ պարող սրտի վրա:
Վահագը հորանջեց,- Պետք է ի՜նձ գովեիր, Հովսեփիկ ջա՜ն:
Եթե Սաթիկին ասել է, իրեն էլ կասի, թե չէ ինչքան լսի՝ «Հովսեփիկ»,-Քի՜չ ես խոսում, ինչ՞դ գովեմ:
Սաթիկը ժպտաց իր նորահայտ երկրպագուին, որի տանջալից խոստովանությունն արդեն տեղափոխել էր անլուրջ նորությունների դարակ,- Այսինքն ես շատախոս եմ, հա՞,- նայեց Հովսեփի աչքերին,- Իրո՞ք շատ եմ խոսում:
Հովսեփի սիրտը թփրտաց՝ «ուրեմն ասելուց հետո էլ իրեն ընդունում է»: Ժպտաց Սաթիկին,- Էնքան, ինչքան պետք է ջահել, սիրուն աղջկան,- դարձավ Վահագի կողմը, վրեժն իրագործելու: Թող իմանա, որ դիմացը տղամարդ է, ոչ թե՝ Հովսեփի՜կ,- Գիշերն ի՜նչ ժրել էիք ժրել տղերքով:
Վահագը մտքերով արդեն քաղաքում վիճում էր գործընկերոջ՝ Սմբատի հետ,- Խմեցինք, զրուցեցինք, քնեցի՜նք: -Նայում է Սաթիկին, որ նույնպես զարմացած է,- Բա՞ն եմ ասել… իրեն:
Վտանգավոր թեմայից Վահագին շեղելու ծրագրի համաձայն Սաթիկը խրախուսում է այդ անիմաստ խոսակցությունը,- Հետո խելո՜ք քնել ենք:
Հովսեփն արդեն մտքով ասել է, ու չասել չի կարող: Քրտնեց նայելով Վահագին, բայց աչքը Սաթիկի կողմը, որ նրա սպասելիք շփոթվելուց հաճույք ստանա:- Խելո՜ք էլ ճռացնում ու թոթխում էի՜ք:
Սաթիկը փորձեց մտքում թարգմանել երեխայի արտաբերած անծանոթ տերմինը, զգուշանալով լարված Հովսեփի նոր անակնկալից, բայց և չկասկածելով բառի իմաստի գռեհկության մեջ,- Շա՜տ ցածր ենք խոսել: Բայց ես ծիծաղե՞լ եմ:
Հովսեփը հիասթափվել էր:
Իրենք բառը չէին հասկացել, մտածելով որ ինքը դրանից գաղափար չունի,- Լսվե՜լ է, լսվե՜լ: Չէի կարողանում քնել,- «վերջ, հնարավոր ամեն ինչ ասվեց»:
Սաթիկի կանխազգացումը
նոր վտանգ գուժեց ու նա այն հեռացրեց հրահանգով,- Քի՜չ խոսեք, սառե՜ց,- ու նայեց Վահագին, բայց նրան թեման հետաքրքիր չէր ու չխորացավ:
Բակ են մտնում Տիգրանն ու Քնարիկը, ձեռքի գործիքները տեղավորում պատի տակ, մոտենում, ինչ որ հաշվարկի շուրջ անտարբեր վիճելով:
Տիգրանը ձեռքի շարժումով ողջունում է,- Ինչի՞ եք շուտ զարթնել: Հավեր՞ն են խանգարել: Բռնե՞մ, մորթեմ:
Սաթիկը ուզեց խղճահարություն արտահայտել վաղ առավոտից դաշտ գնալու ինքնապարտադրող կյանքի համար, բայց խելամտորեն այն փոխարինեց դրական լիցքի հաճելի չափաբաժնով,- Արագ երկուսով էլ լվացվեք, նստեք: Ես կմատուցեմ: Հավերդ էլ, սիրելի եղբայր, ջրի մեջ են: Խելո՜ք նստած էին, տակները լիքը՜ ձու: Ձվերն էլ խաշել եմ, հիմա կբերեմ:
Քնարիկը Տիգրանի հետ հայացք փոխանակեց, շտապեց հավերի բույն,- Ո՜նց չէի ասել:
Տիգրանն, իրոք, վախեցած էր,- Գյուղում մի տարի՜ վրես կծիծաղեն՝ թուխս ուտո՜ղ Տիկո: Քանի՞ հավ մորթեմ, որ գյուղացիքի ծաղրը չեզոքացնեմ:
Քնարիկը ժպտալով մոտենում է Տիգրանին, թևից բռնում,– Դեռ էսքան վախեցնող չէր եղել: Ապրի՜ Սաթիկս: Ի՞նչ ես առնում, որ գյուղը չիմանա:
Վահագն էլ հիացած էր կնոջ հանպատրաստից հումորով ու աչքը նրանից չէր կտրում,- Ձեր տանը առևտրի հոգի կա, հաստա՜տ:
Սաթիկն է՜լ արդեն շնչեց նրա շունչը:
Հովսեփը երկար ծիծաղեց, ծափ տվեց ու Սաթիկով երկար հիանալու հիանալի առիթը բաց չթողեց, սիրահարված
հայացքին ազատություն տալով:
Սաթիկն իր կատակը կնքեց զրնգուն ծիծաղով,- Մեկ զրո: Կսմիթների հերոսը
վախեցավ դառնա գյուղի կսմիթների թեմա՞:
Տիգրանը դեռ շշմած էր,- Տաս զրո ասա, չես սխալվի: Դու որտեղի՞ց գիտես, թե թուխսն ինչ է, գրքից աճած, գրքով սնված քաղաքացուհի:
Սաթիկը երանության մեջ էր հենց Տիգրանին հաղթելու առթիվ: Զրնգուն ծիծաղեց,- Այդ գրքում թխսի նկար կար, բացատրությունն էլ՝ հետը: Դե, արագ որոշեք հաղթողի օրը հետաքրքիր անցկացնելու ծրագիր:
Տիգրան,- Հանձնվում եմ, ենթարկվում: Ձեզ կտանեմ «Աղջիկների ժողովատեղ»: Շուտվանից չեմ եղել։ Ժամանակ չկա, ու,
փառք աստծո՝ առիթ էլ:
Քնարիկը նեղվեց զարմացած,– Դու էլ տե՜ղ գտար տանելու:
Սաթիկը լարվեց,- Ի՞նչ կա:
Տիգրանը հորանջեց,- Այնտեղից մի քանի անգամ մեր գյուղից որևէ կին իրեն գցել է ձորը: Պատճառը մութ է, միայն կեղտոտ կասկածներ: Ժողովուրդն էլ ախմախ ախմախ էդ անունն է տվել: Տեղը սիրու՜ն է, ճի՜շտ նկարչի համար: Ես ննջեմ, որոշեք: Հաց հետո կուտեմ, կծմծել եմ:
Վահագ,- Քաղաք պիտի գնամ: Շուտ կգամ, դուք պլանը կազմեք:
Հովսեփը նախօրոք կարմրեց,- Հա՜, մենակովս կտանեմ, ի՞նչ ա եղել,- սիրտը թփրտաց, պատկերացնելով, թե ո՜նց է քայլում գեղեցկուհի Սաթիկի ձեռքը բռնած ու հետը ուրախ շշնջում, ու բոլորը նայում են իրենց:
Տիգրանն արդեն քնած էր, ու չէր ուզում շեղվել,- Բացառվում է: Միայն Վահագի հետ: Էդ տեղում կնանիք գժվում են:
Սաթիկն արդեն մտքով Աղջիկների ժողովատեղում էր,- Բայց ինչ՞ն է վտանգավոր: Դու տար:
Տիգրանը ստիպված բացեց կիսափակ աչքերը,- Ես կարող եմ
միայն կարճ ժամանակով։ Էդքան ժամանակ չունեմ: Բանկի տոկոսն ու Քնարը չեն թողնի: Գյուղացու օրը բանկ դրած փող է՝ տոկոս բերող, տոկոս փակող: Եթե հանեմ՝ բա ձմեռն ինչո՞վ ապրենք: Երեխու հետ՝
երբեք։ Քեզ լավ չգիտեն մեր լկտիները, դու էլ ուշադրություն գրավող կին ես:
Քնարիկը գորովանքով նայեց Սաթիկին, աչքերը սրբեց,- Ճի՜շտ է ասում: Ջախոբերան լակոտներ շա՜տ կան:
Հովսեփը ոգևորվեց,- Ես Սաթիկ քուրիկի կողքին լինեմ ու մեկը բան ասի՞: Կմորթե՜մ:
Սաթիկը նայեց Հովսեփի աչքերին,- Իմ ասպե՜տ,- ու փոշմանեց, տեսնելով Հովսեփի կարմրելն ու հիշելով քիչ առաջվա խոստովանությունը:
Կիսաքնած, բայց թխսի պատճառով Հովսեփի ծիծաղը չմոռացած Տիգրանը նորից շխկացրեց որդու ծոծրակին,- Ինձ մենակ գլխացավանք՜ն էր պակաս,- ու ստիպված զարթնեց:
Սաթիկը մտքում հիշեց, «Ախր խեղճը սրտի խնդիր ունի՜: Չբարկացնեն՜ք»,- ու ժպտաց Տիգրանին,- Ո՜նց կասի հոգատար եղբայրս:
Վահագը կանգնում է,- Շա՜տ ճիշտ են ասում: Չենք քննարկում: Շու՜տ կգամ, կգնանք,- ժպտաց Քնարիկին,- Դուք ձեր առևտուրը պրծեք, որ մերից խոսենք: Ի՞նչ է առնելու լռության դիմաց:
Քնարիկը ուսերն է թոթվում, նայում
Սաթիկին:
Սաթիկը նորից փորձել թեման շեղել: Քնարիկին առանձին շշնջաց,- Թոթխելն ի՞նչ է, շատ խոսե՞լ:
Քնարիկը այնքան էլ չի զարմանում, մտածելով որ գյուղի անաղմուկ իրականությունը Սաթիկի ականջին գռեհիկ խոսակցության կտորներ է հասցրել: Նույն պահին հավաբնում աքլորը իրականացում է բեղմնավորման իրեն վերապահված պարտականությունն ու մենաշնորհը, իջնում, իրեն թափահարում, կանչում գյուղի մյուս աքլորներին իրենց ծածկագրով,- «Ես արդեն ու՜թ: Հը՜, տղե՜րք, ձե՜ն հանեք»: Քնարիկը Սաթիկին հասկացնում է նայել աքլորին ու նրա զարմացած հայացքին հաստատող ժեստ ուղարկում: Ու լրջորեն վախենում է, երբ զարմացած Սաթիկի շշմած հայացքն աքլորից հետո ուղղվում է Հովսփի կողմը՝ «Ե՞րբ, ինչու՞ և ի՞նչ է ասել հիմարը: Պետք է շտա՜պ առանձին զրուցել»:
Զարթնած ու վրեժ լուծելու հնարավոր ձևեր փնտրող Տիգրանի աչքից չի վրիպում հայացքների փոխանակմամբ աքլորի ակտը քննարկող կանացի փսփսոցն ու կանանց՝ Հովսեփին ուղղված աչքերը,- Ինչ՞ն ես բացատրում, որ չգիտի թխսի մասնագետը: Աքլորի դերը՞:
Սաթիկը ծիծաղում է, մեծացրած աչքերն ուղղելով Տիգրանի կողմը,-«Ո՜նց կռահեց»:
Քնարիկը շփոթվում է, - Բան չկա՜: Գյուղում հայհոյանք է լսել, զարմացել:
Վահագը զարմանում է,- Ե՞րբ, տանը նստա՞ծ: Հա՜, Հովսեփիկ: Ասեցիր՝ գիշերն ի՞նչ ենք արել:
Հովսեփն ուսերն է թոթվում, հոր կողմը չնայելով,- Չե՜մ հիշում:
Սաթիկ,- Լա՜վ, թողեք: Տեսե՜ք ի՜նչ մրգեր եմ նկարել: Տիգրան, չե՞ս գովում: Հո խա՞կ չեն:
Ենթատեքստային զրույցների մասնագետ Տիգրանն իրար կապեց գիշերվա ճռճռացող միջսենյակային սինխրոն սեքսն ու աքլորի ակտը քննարկող կանանց, սեռական հասունացման շրջան թևակոխած որդու կարմրելն ու Սաթիկի շեղման միամիտ օպերացիան: Մտքում զգու՜յշ ժպտաց, բայց շխկացրեց որդու ծոծրակին ու դիմեց կնոջը,- Էս լակոտի տեղաշորը դուրսը գցիր: Ախմախ քեռի՜ն է, մտքին ի՜նչ լինի՝ կասի:
Սաթիկը շշմեց ու դրանով հաստատեց Տիգրանի թույլ կասկածները,- Ո՞նց իմացար: Չե՜մ հավատում,- թերահավատորեն նայում է Քնարիկին, որն ուսերն է թոթվում ամուսնու կռահման տաղանդով հպարտացող կնոջ բարեհոգի ժպիտով:
Երևի շխկոցը ուժեղ ստացվեց: Քնարիկը նեղվեց Տիգրանի կողմն ու բրդուճ հավաքեց,- Ի՞նչ ես ուզում ախպորիցս: Իբր դու պակաս՜ն ես,- ու բրդուճը մեկնում է որդուն,- Գնա կոմպիդ մոտ:
Հովսեփն անձայն վերցնում է բրդուճն ու հեռանում սեղանից, հայացքն ուղղած բացառապես Սաթիկի կողմը:
Սաթիկը փորձում է ազդել Տիգրանի վրա, խոսքը նրան չուղղելով,- Բայց ինչպե՞ս եղավ, որ գիտի բառն ու նշանակությունը: Ձեր մեղքն էլ կա, չէ՞:
Տիգրանը հասկացավ, որ դատավարության թիրախն ինքն է,- Մեր մեղքը որ՞ն է: Որ հավ ենք պահու՞մ աքլորով: Աքլորին զինաթափե՞նք: Բա դու թուխս չուտե՞ս:- Սաթիկը ծիծաղում է,- Մի երկու օրից մեր մեղքերին լրի՜վ թողություն կտաս:
Վահագը փորձում է վերադառնալ իրականություն,- Չասեցի՜ք բառի նշանակությունը: Ո՞նց
էր։
Այգու կողմից լսվում է չերևացող դեռահասի զրնգուն ձայնը,- Տիկո հոպա՜ր, Հոսոն տան՞ն է:
Հովսեփը դռնից դուրս է թռչում, բայց հորից իրեն մի ձեռաչափ հեռու պահում,- Ի՞նչ կա, Գա՜ր:
- Արի Գագոյենց որձին տանենք մեր ոչխարներին թոթխի, բերենք: Մենակ եմ, կբռնե՜ս:
Քնարիկը մեքենայաբար նոր բրդուճ է փաթաթում, մեկնում որդուն:
Հովսեփը հացը վերցնում է, հայացքը սպասողական ուղղում հորը, փողոց վազում,- Եկա՜: Մամ, կոմպիս ձեռ չտա՜ս:
Սաթիկը շշմում է արդեն բառի նշանակությունն իմացողի իրավունքով,- Այ քեզ բա՜ն:
Տիգրան,- Ո՞վ է մեզ հարցնում ուշն ու շուտը: Տեսան, գլխի ընկան, փսփսացին, ասեցին:
Վահագի մտահանգումը հուշեց բառի իմաստը,-
Ես էլ հասկացա՜,- բոլորը ծիծաղում են։
Կանգնում է,- Գնա՜մ, գամ:
Սաթիկը դեռ լսածի տպավորության տակ ծիծաղելով հետևում է ամուսնուն, մտքում կրկնելով, «Ո՜նց շեղեմ միտքը, չհիշի իմ մեղքը»: Կռանում է մեքենայի դռան բաց պատուհանի մոտ- Չուշանա՜ս, սիրելիս:
- Չգիտե՜մ: Սմբատն ինչ որ խաղեր է տալիս, չե՜մ հասկանում: Ասում ես՝ գիշերը՞…
Սաթիկը տեսնում է փողոցով անցնող երեկվա ծանոթին, գյուղամիջի նիհարին՝ էլի բարեկիրթ հագնված, շշնջում է,- Սպասի՜ր:
Նիհարը մի պահ կանգնում է,- Բարև ձեզ: Դդումի ճաշը վերջացրե՞լ եք: Ուզում եմ հյուր գալ:
Սաթիկը ծիծաղում է,- Բարև Ձեզ: Այո՜, բայց Տիգրանը պահանջեց Ձեր բաժինը պահել:
Նիհարը եվս ծիծաղում է,- Հարս ջան, իրո՜ք Տիկոյի քուրն ես: Ուրա՜խ եմ: Վաղը Տիկոյենց հետ համեցեք: Յուրահատու՜կ տոլմա ունենք, ինքն էլ՝ լավ գինի:
Սաթիկը նայում է Վահագին,- Ես համաձայն եմ, բայց ամուսնունս հետ վիճած ենք, իրար թարս ենք խոսում: Մի խոսքի գանք, կգանք: Անու՜շ լինի:
Նիհարը ոգևորվեց,- Դե՜, դիմացը գիշեր է: Ես էլ դրա զոհերից եմ: Ի՜նչ էլ որոշեմ,-ծիծաղում է,- գիշերը համոզում են խորը գցել բռնել, ու առավոտ իմանում եմ, որ փոխել եմ որոշումս: Հը՞:
Սաթիկը ծիծաղում է, չնայելով գլուխը դժգոհ շարժող ու իրեն նայող Վահագի կողմը:
Վահագը որոշում է միջամտել,- Շնորհակալ ենք, բայց՝ արդեն հրավիրված ենք: Մի ուրիշ անգամ: Կներե՜ք:
Նիհարը ձեռքով որջույնի ժեստ է ուղարկում, հեռանում:
Սաթիկը փորձում է կատակել,- Առանց ինձ հրավե՞ր ես ընդունել:
- Դե, ձևը գիտե՜մ, գիշերը կհամոզեմ:
Սաթիկը խառնում է ամուսնու մազերն, անցնում հարձակման,- Թեման փոխիր, ամո՜թ ունեցիր:
- Շա՜տ ուրախ ես քեզ զգում այս անմակարդակ միջավայրում: Կարգին զուգարան չկա, բաղնիք չկա, խոհանոցում նեղվա՜ծք: Երեխան ծնողների մոտ կոխելուց է խոսում: Ու վատն այն է, որ չե՜ս նեղվում: Դու սա՞ ես:
-Կոխել չի, թոթխել է, անամո՜թ, ավելի՜ բարեհունչ:- երկուսով ծիծաղում են,- Դե, գնա՜, որ շուտ գաս:
-Բացատրի՜ր, գնամ:
Սաթիկն արագ մտքում տեքստ է հավաքում,- Օգնի՜ր ինձ: Ժամանակավոր անտեսիր այդ կենցաղային անհարմարությունները՝ հանուն իմ հոգևոր բավարարվածության, ու ես քեզ երախտապա՜րտ կլինեմ: Վերջ ի վերջո, պատրաստակամ հարազատի տանը մնալն իրո՜ք հաճույք է: Զգու՜յշ կլինես,- համբուրում է Վահագին, որ պատրաստվում էր մեկնել ու դիմում փողոցով անցնող տարիքով կնոջը,- Բարև Ձեզ, մորաքու՜յր:
Կինը բառացիորեն զննում է Սաթիկին,- Բարև, աղջիկ ջան: Դու Տիկոյի հո՞ր, թե՞ մոր կողմից ես:
Սաթիկը, կանխազգալով տեղեկատվական հոսքի
հեղեղի ուժը, մոտենում է կնոջը, առանձին խոսելու պատրվակով, -Մոր տատի… կարծեմ…
Վահագը, չգիտես ինչու, չի գնում: Սպասում է ու ուշադիր լսում նրանց զրույցը:
Կինն իր ուղեղի անհայտ ծալքերից վերարտադրում է Տիգրանի մորական կողմի տոհմի ծագումնաբանությունը,- Քա՜, ախչի ջա՜ն, Ռոզը էրկու քուր ունի, Լուսիկն ու Գոհարը: Դրանց բոլորին իրանց խնամիներով, երեխեքով գիտեմ:
Սաթիկը փորձում է կնոջ հետ զրուցել քայլելով, բայց կինը, երևի, որոշել էր զրուցելով հանգստանալ,- Այդքան չգիտեմ: Միգուցե Լուսիկի ամուսնու կողմի՞ց:
Կինն ընդունեց մասնագետի պահվածք,- Լուսիկի մարդու ազգ ու տակը մեր գյուղն են: Վարդուշն էրկու տղա ունի, Ռիփսիկը՝ իրեք աղջիկ: Վլադը Բելգիա ա, Հովիկը՝ Աբստրալիա:
Վահագն ուշադիր լսում էր:
Սաթիկին պետք էր պատվով թեման փակել,- Քնարիկը բան է ասում: Հետո կխոսենք, մորաքույր:
Բարեհոգի կինը հանգստացրեց,- Ոչի՜նչ, բալես: Կսպասե՜մ:
-Հետո, հա՞: Ամուսինս շտապում է, Քնարիկն էլ սպասում է…
Վահագը հանկարծ որոշեց չշտապել,- Թե շտապում ես, գնա՜: Ես չե՜մ շտապում:
Սաթիկը նախ խնդրում է ամուսնուն,- Բայց ախր շու՜տ գնա, որ շու՜տ գաս:
- Ես իմ խոստացած ժամին կգամ:
Գոռաց, որ չլացի,- Տիգրա՜ն, օգնի՜ր:
Քնարիկը դարպասից դուրս նայեց, տեսավ կնոջը, ժպտաց,- Բարև՜, Քնքու՜շ տատ:
-Բարև, Քնար ջա՜ն, Սուրոն ո՞նց է:
Տիգրանը դուրս եկավ քնատ աչքերով, անսխալ գնահատեց իրավիճակը, դիմեց Սաթիկին,- Սուրոն Քնարի քրոջ յոթերորդ թոռն է, հինգ տարի առաջ երեք օրով եղել է մեր տանը: Ես անունը մոռացել էի՜:- դիմում է կնոջը,- Տո Քնքուշ տատ, քեզ ինչի՞ են ուղարկել:
Քնարիկը ժպտաց Սաթիկին, գնաց իր գործին:
Քնքուշը լարվեց,- Մոռցա՜, քա Տիկո ջա՜ն: Վա՜յ թե՝ մածունի մերանի: Դուք չունե՞ք:
Քունը խանգարված Տիգրանն իրոք բարկացած էր,- Չէ՜, հետ գալուց մեզ էլ կտաս: Հիմա կաթը կկտրվի, հարսդ էլ գոռգոռոցը կգցի: Մերս իրա հոր սիրածն ա եղե՜լ, հանգստացա՞ր:
Կինը շտապեց իր ճանապարհով,- Վա՜յ, ի՞նչ մի վռա՜զ: Ձենդ, անամո՜թ: Ինքն ըտենց աղջիկ չէր: Հիմա հարսս էլի՜ կգոռա,- ու հեռացավ ծանր ծանր հևալով, բայց արագ քայլերով:
Վահագը նայեց Սաթիկին, այս անգամ՝ մի քիչ տխուր, աչքով արեց ու հեռացավ մեքենայով:
Տիգրանը նայեց շուրջը,- Էլ դրա ո՜չ մի հարցին չպատասխանես: Կասես՝ Տիկոն գիտի: Թե չէ ամեն բառ ուղեղում կտպի, էլ չե՜ս ջնջի:
Սաթիկը թևանցուկ արեց եղբորը, ու շարժվեցին դեպի տուն,- Բայց ինձ էլ չե՞ս հիշեցնի: Ես էլ եմ խառնու՜մ մեր կապը երկրորդ պորտում:
Տիգրանը քնքշորեն սեղմեց Սաթիկի ձեռքը,- Էդքանը հերի՜ք է: Մնացածն ինձ թող: Ես դրա փորփրող բնավորությունը՜…
Սաթիկը մարմնով հպվեց Տիգրանին,- Մոտս երբե՜ք չհայհոյես, խնդրու՜մ եմ:
Տիգրանը համբուրեց Սաթիկի ճակատը,- Չե՜մ էլ պատրաստվում: Դու դեռ հոգեբանորեն չե՜ս հասունացել գյուղի կյանքի համար:
Սաթիկը զրնգուն ծիծաղում է,- Խնդրու՜մ եմ, Քնարիկին էլ հոգեբանորեն հետ վարժեցրու: Որ քեզ … սիրե՜մ… եղբոր պե՜ս:
9
Վահագը մեքենայով շտապում է քաղաք: Նա պետք է հասցնի արագ վերջացնել ընթացիկ բիզնես գործերն ու գյուղ վերադառնալ, ըստ խոստման, որ չփչացնի Սաթիկի արձակուրդի առաջին օրը: Վերջապես առիթ է ստեղծվել միասին անցկացնել մի քանի օր, և ահա՝ գործերի թարսություն:
Մի քիչ էլ խանդում է ամեն ինչին և ամեն մեկին, որ առանց իրեն կապ ունի Սաթիկի մտքերի ու ուշադրության հետ: Ու այդ գերնուրբ բնագավառ ինքնաբերաբար հախուռն ներխուժեց նորահայտ եղբայրը: Չի կասկածում ոչ Տիգրանի օրինավորությանը, ոչ Սաթիկի, բայց խանդում է:
Խանդում է նրանց կատակներին, որ իր համար տհաճ տափակություն են, խանդում է արյունակցական նվիրվածություն արտահայտող նրանց հայացքներին, երբեմն իրար ձեռք բռնելուն, համարելով, որ դրանց ենթադրական չափը խիստ չափազանցված է:
Ընկերոջ, իսկ հիմա նաև գործընկերոջ Սմբատի հետ ահագին գումար են ծախսել, ապրանք ուղարկել, և առայժմ միայն վատ լուրեր են գալիս: Թե ապրանքն է անորակ, թե արգելքի տակ է, թե իրացում չկա: Եթե վիճակը չշտկվի, պարտքերից դուրս գալու միակ ելքը կլինի տունը վաճառելն ու մոր նեղլիկ բնակարանը տեղափոխվելը: Կամ էլ…. որևէ բնակարան նվեր ստանալ: Պետք է նաև հասցնել լուծել մանր մունր հարցեր, կապված գումարի հետ, որ անհրաժեշտ են ընթացիկ ծախսերի համար:
Պարզվեց, որ Սմբատը տանն է: Միթե՞ իրենից խուսափում է, միթե՞ շահույթի գռգռիչ հոտը ընկերոջն ուղղել է մեքենայությունների ուղին մոտ ընկերոջ հաշվին: Ինչու՞ պարզ գործարքը բարդացավ, թունավորեց օդը, իր մտքերը, օրերը:
Սմբատը դուռը բացեց:
Տնային հագուստով էր, –Արի՜, էսօր երեխա խնամող եմ: Անպետքը տաքություն ունի: Հաց կուտե՞ս, ես սովա՜ծ եմ:
Սոված էր, բայց կոպիտ խոսել էր ուզում,- Չէ, մի տեղ կանչված եմ, ախորժակ չփչացեմ:
Սմբատը գնաց խոհանոց,- Չգիտեմ էլ՝ ինչ կա: Մնա մոտը, գալիս եմ:
Երեխան՝ Սոնան պառկած էր բազմոցին: Երբե՜ք այդպես խեղճ չէր տեսել,- Էս ո՜նց ես խեղճացել, քուր՜ս: Ի՞նչ է եղել:
- Հիվա՜նդ եմ, գիտե՞ս, Վահագ քեռի: Մայրիկիս ու հայրիկիս չեմ լսել, սառը ջուր եմ խմել: Իսկ դու լսու՞մ ես Սաթիկ մորաքույրին:
«Փաստորեն՝ այո»,- մտածեց Վահագը,- Ավա՜ղ, այո:
- «Ավաղ» ի՞նչ է նշանակում
- Որ ուզում եմ մի բան անել, որ ուրախանամ, բայց պատկերացնում եմ նրա նեղացկոտ դեմքն ու չեմ անում, որ չտխրի,- մտքում ավելացրեց՝ «չհիասթափվի»:
Փոքրիկը հոգոց հանեց,- Ավա՜ղ, ես էլ պետք է այդպես անեմ, որ իրենք չլացեն: Ես կդիմանա՜մ:
Վահագը փորձեց դաստիարակի դեր խաղալ,- Երբ ծարավում եմ, մի՜շտ հարցնում եմ՝ «կարելի է՞ սա խմել»:
Փոքրիկը ծիծաղեց,- Ձեր տանը հայրիկի հետ խմում էիք ու ասում՝ լցրու, քանի խոհանոցում են: Ու չէիք հարցնում։
Մորաքույրն էլ էլ մռութ արեց, ու երբ ինձ պաչեց, աչքերը թա՜ց էին: Էլ չանես, հա՞:
Սմբատը չդիմացավ, վազեց սենյակ,- Ինչի՞ վրա ծիծաղեց աստվածուհիս:
Վահագը աչքով է անում ընկերոջը, դիմում աստվածուհուն,- Դա սովորական ջուր չէր, իմ հեքիաթ երազ տանող խմիչք էր: Ինձ այլևս այն պետք չի: Ներկան կապել է ինձ ու հայրիկին պարտականության ցցից ու չի թողնում թուլանալ, որ ծարավելիս ջուր տա՝ խմենք:
- Բա՜ն չհասկացա, քեռի,- նայում է հորը, իր փրկիչ օգնականին, բայց նա շարժման մեջ է:
- Ես էլ, բայց գեղեցի՜կ ստացվեց:
- Ու՞մ է պետք գեղեցիկը, եթե՝ ոչ կուտես, ոչ կխաղաս:
Սմբատը ափսեներ բերեց, դասավորեց սեղանին,- Օհո՜, հաճախակի եկեք Սաթիկի հետ: Աղջիկս արվեստագետի մտքեր ասեց: Սիրահարվել է Սաթիկին:
«Էլի՜», առկայծեց Վահագի գլխում: Դարձավ փոքրիկին,- Ուզում եմ ի՜նձ էլ սիրահարվես, գեղեցկուհի՜:
-Դրա համար պետք է շա՜տ լինես կողքիս, ձեռքս բռնես, կատակե՜ս: Դու շա՜տ ես լուրջ:
Վահագն անհանգստացավ, հիշելով Հովսեփիկի նույնանման բառերը,- Այսքան դաժա՜ն կյանքի դաս դեռ չէի՜ ստացել, գեղեցկուհի՜:
Սմբատը բարեհոգի ծիծաղեց ու ժեստերով հասկացրեց օգտվել ուտեստից,- Ժամանակ ունե՞ս, գնանք այդ քաղաք՝ երկու օրով:
Անսպասելի էր: Ինքը եկել էր գոռգոռալու, որ իրեն գործերից հեռու է պահում,- Չէ՜, չգիտե՜մ:
-Ես էլ չգիտեմ: Իմ կարծիքով թղթաբանական քաշքշուկ է: Դրանց ոճն է: Եթե գաս, լա՜վ կլինի:
-Ի՞նչ տարբերություն, ես քեզ չե՜մ կասկածում,- Ինչու՞ ասեց՝ չգիտի: Եկել էր լրիվ հակառակ միտքն ասելու՝ ուլտիմատիվ ձևակերպմամբ:
- Գիտեմ, ես էլ՝ քեզ: Աստված չանի՜ իրար կասկածենք: Մեր կապն ինձ համար արժեք է:
Վահագը հուզվեց- Ինչո՞վ օգնեմ:
- Ամեն զանգիս օպերատիվ արաձագանքես ու որևէ հարցի դեպքում արագ կարգավորես: Ամեն օրը փող է ու վստահությու՜ն: Մարդիկ ապրանքին են սպասում:
- Փաստորեն ստացվեց շա՜տ վտանգավոր խաղ: Ինչու՞, ու՞մ մեղքով,- փորձեց նայել Սմբատի աչքերին:
Սմբատն ախորժակով ուտում էր ու կասկածի թույնը չկարդաց,- Ահավո՜ր, եթե տնից զրկվեմ, կգնամ կկորեմ:
Վահագը մտքում կատաղեց՝ «Այդպիսի միտքն ախորժակով ուտելով չեն ասում», ու բարձրաձայնեց,- Հիմարությու՜ն է, բայց ես էլ՝ երևի,- նայեց ժամացույցին:- Գնամ, ու՜շ է: Իբր թե գնացել ենք հանգստանալու, թողել եմ մենա՜կ:
-Ո՞նց են տեղ տուն, ժողովու՜րդ: Հարմա՞ր են:
Ինքն էլ չգիտեր: Մտածեց,- Այո, իսկապե՜ս՝ այո: Հանգի՜ստ կարող եմ վստահել: Դա արժեք է, մանավանդ հիմա, երբ ահա ստիպված եմ լինելու բացակայել: Ես գնամ,- երեխային համբուրեց ու դուրս գնաց:
Արգիշտին ևս Վահագի ընկերն էր: Նա մարդու և կենսակերպի իր օրինակն էր, բարի նախանձի օբյեկտը, չնայած նրա պես երբեք չի կարող: Քչով բավարարվող, սկզբունքների սահմանին մահապարտի նման կանգնած, արվեստի ու հավերժական ճշմարտությունների պահակակետին ինքնակամ հերթապահ: Այսինքն՝ խփնված արվեստագետ, ըստ ամեն օր ձգտող, վազող, պայքարող, փողի կռիվ տվող, իրար նախանձող ու քննադատող մասսայի կարծիքի, որը ձևավորում է
կյանքի բարոյական հիմքի կոորդինանտերը: Զինվորից ավել չեն էլ ուզում: Ո՜չ մի ամբիցիա, ո՜չ մի կասկածամտություն ընտրած ուղու վերբերյալ:
(շարունակելի)