Վերջաբան
Երեք ժամ հետո
թագավորական ժյուրիի ընդլայնված խորհրդակցությունը, հորքուր մորքուրների,
ներխուժած և վրդովված խնամիների մասնակցությամբ, կայացնում է խաղաղամետ իր որոշումը,
որն արտահայտվում է թագավորական հրամանագրի
տեսքով:
<Մենք,
Միակալ և Արդարամիտ Թագավորս,
Առաջնորդվելով
ավելորդ և անիմաստ բողոքներից ու դատական նիստերից հրաժարվելու, ընտանեկան անհարկի
սկանդալներից խուսափելու սկզբունքով, և դավանելով խաղաղության և համընդհանուր
համաձայնության գաղափարները`
Որոշում ենք
1. Ամենասիրած
հարսի կոչումը հավասարապես բաժանվում է երեք սիրելի հարսների միջև, քանզի ճիշտ չէ
հարսների միջև տարբերություն դնել և վտանգել նրանց փխրուն հոգեկանը:
2. Հրամայում
եմ մրցույթի մասին թաղի կանանց պատմածը ձեր իսկ
օգուտի համար ուղտը որպես լու ընկալել:
3. Ամենաշնորհքով
հարսը մեր տղայի մասնակցությամբ ապրելու է պալատներում, որպեսզի իր շնորհքով փայլ տա պալատական նիստ ու կացին, իր ճարտար լեզվով
և մարդկանց համոզելու շնորհքով հյուրեր և դիվանագետներ ընդունի, ճամփի և ճանապարհ
դնի, և եթե պետք լինի, ուղարկի:
4. Ամենահամեստ
հարսն իր ամուսնուն կտանի մայրաքաղաք,
որպեսզի իր համեստությամբ փայլ տա քաղաքին ու նրա նիստ ու կացին: Ժողովուրդը մեղք
է, նրանով լիարժեք և ծանրակշիռ զբաղվելու ժամանակն է: Հարսն իրեն հատուկ եռանդով
կբացի դպրոցներ և հիվանդանոցներ, և իրեն հատուկ սրտացավությամբ կհետևի դրանց
գործունեության ընթացքին: Նրա պատճառով ավելի քիչ կհիվանդանան ու ավելի շատ կաշխատեն, ու հաճախակի տոներ կտոնեն:
5. Կրտսեր
տղան իր նշանածի հետ կապրի սահմանամերձ շրջանում: Նրանք
այնտեղ չեն կորչի, քանի որ հարսը լավ կարում է, ճաշ պատաստում, և թաղի կանանց ասելով, անասուններից էլ է լավ հասկանում: Թող նա իր մեծամտությունը թողի գյուղի
ցեխերում, և այն ժամանակ հնարավոր է ապրի քաղաքում, ավագ հարսների մոտ:
Թագավոր
խաղաղասեր և արդարամիտ:
Հույսով ենք՝ վերջ:
Նաև խնամիասեր:>
Այստեղ
թագուհին նկատեց, որ հարսների փորն իջել է, և շա՜տ ուրախացավ: Նա իրեն հատուկ նենգությամբ նայեց երեխաների աչքերի մեջ ու
հարցրեց,-«Բարի ազատում եղա՞վ, բալեքս»:
Ամենաշնորհքով
հարսն իրեն հատուկ համեստությամբ, գլուխը բարձր և դիպլոմը ցած պահած պատասխանեց, –«Բոլորի՜ս եղավ բարի ազատում, սիրելի՜ մայրիկ, և բարի՜ վերջաբան: Մենք հո խելքներս
հացի հետ չենք կերել, որ այն վիճակով երեխա բերենք, ու երեխաների հոգեկանը վնասենք:
Առայժմ հետաձգել ենք: Թող մնա հետո, հանգիստ սրտով, ինչպես կարգն է, հարսանիքից
հետո: Մենք հո խայտառակ չե՞նք»:
Այդ խոսքերից հետո նրա մարտավկան միամտորեն
ձայն տվեց,-«Կեցցեն թագավորի հարսները, ըստ սուբորդինացիայի»: Դրսում մի այնպիսի
աղմուկ բարձրացավ, որ պալատում իրար հետ առանց
գոռալ հնարավոր չէր խոսել:
Մյուս
հարսը, ազդված արքայի արդարամիտ որոշումից և դրսի աղմուկից, լալիս էր, որպես համաձայնության նշան, և անտեսեց այդ կանխատեսելի
կսմտոցը:
Միջնեկ
տղան երեք օր ու գիշեր քեֆ էր անում, կնոջն ուսերից չէր իջեցնում, և բոլորին
համոզում էր, որ նա աստվածուհի է: Այնքան զարմացավ, թե այդ աստվածուհին ինչի՞
համար է իրեն գժի պես սիրում, որ մի անգամ հարբած աստվածուհին զգուշացրեց, -«Ուշադիր
կլինես, զարմանքդ չջրիկանա՜»:
Դրանից հետո նա մի տարի այդ մտքի վրա տանջվում էր, ու՝ ջրից մահու չափ վախենում:
Հետո, երբ զարմանքի թեման փոխվեց, այդ մի վախն անցավ:
Ավագ տղան դժգոհեց, քեֆերի ժամանակ հարբեց, լաց
եղավ, իր բախտից բողոքեց, ու վազեց քաղաք, որտեղ կինը երեք օր էր, ինչ իրեն չէր
սպասում:
Կրտսեր տղան մեծամտորեն ձայն չհանեց, քեֆերին
չմասնակցեց, ծնողներից կնոջ հետ ստացավ նրանց օրհնությունը, գնաց սահմանամերձ
գյուղ:
Այսպես խաղաղությունը իջավ
թագավորության վրա: Ամենակարևորը, որ բոլորն էլ դժգոհ չէին: Կրտսեր հարսը
մեծամտորեն լռում էր ու բոլորին ժպտում: Դե, մեծամիտներն իրենց բախտի համար թող
իրենց մեղադրեն: Նա գիտեր, որ արժանիքներ չունի, և այդ պատճառով ավագ հարսի պես
չնեղվեց:
Տեր թագավորի
առողջությունը լավ չէր, և չգիտես ինչու, իրեն լավ էր զգում միայն սահմանամերձ
շրջանում, որտեղ հակառակի պես ապրում էր ամենաանհաջող հարսը՝ մեծամիտը: Թագավորի ասելով, ինչ որ մի իմաստուն, որի
անունը չի հիշում, ժամանակին իրեն խորհուրդ է տվել ճնշումը բուժել
անասնապահությամբ զբաղվելով: Երևի գյուղ գնաց նաև նրա համար, որ թագուհին անճար
հարսին որոշ բաներ սովորեցնի, և սա խեղճ տղայի կյանքը քի՜չ ուտի: Ասում են, որ առերես իրար հետ լավ են,
բարեհամբույր: Իբր տնից ծիծաղի ձայն է գալիս, և հյուրերն էլ գոհ են մնում: Ստի ոտները
կարճ են: Պարզ է, որ մեծամիտն ուզում է
թագուհու հետ թագավորի գլուխն աղալ և հրամանը փոխել տալ: Շու՜տ արա, միամիտ, բա՜ն չմնաց, էսօր էգուց է:
Իբր թե ամուսինը անասնագոմեր
է պատրաստել, հողեր է մշակում, տեխնիկա է ձեռք բերել: Կինն օգնում է հաշվարկներում,
դպրոցում էլ դաս է տալիս: Մեծամիտն ամեն ինչ դիտմամբ է անում ու տարածում, որ
մյուս հարսները լսեն, ու սրտները տրաքի: Եվ կարողանու՜մ է անաստվածը հեռվից հեռու վնասել խեղճերին:
Երկուսի էլ
հոգեկանը և նյարդերը խախտվել են: Ամռանը
հանգստանալու մի նորմալ տեղ կար ամբողջ թագավորությունում: Անխիղճը թագուհու պես նստել է այնտեղ, պառավներին տարել իր մոտ, ու իրենց սևերես է անում: Խեղճ թագավորին քանի անգամ տեսել
են կովեր արածացնելիս: Ասում են, թագուհին էլ կով է կթում, ու իբր հարսին չի
թողնում մոտենալ, քանի ուժը տեղն է: Ճիշտն ասած, իրենց տեղ՜ն է: Եթե չեն ուզում առոք փառոք վայելել իրենց
ծերությունը համեստ հարսի կամ շնորհքով հարսի մոտ, թող մեծամիտ անդիպլոմավոր
գեղջկուհու ձեռքի տակ իրենց օրվա հացը վաստակեն:
Տղաները չդիմացան կարոտին,
առանձին առանձին նամակ գրեցին՝ վեր կացեք, եկեք:
Ավագ տղայի նամակը.-«Բարևագիր:
Այ հեր, ո՞նց ես, մերս ո՞նց է, մենք ոչինչ: Կամ շուտ արի քաղաք, իշխանությունն ինձ
տուր, կամ …չգիտեմ, ժամանակ չկա, որոշիր: Քեզ չեմ ուզում կորցնել,
բայց չեմ ուզում կորցնել նաև իմ հնարավորությունը: Զորքը հավաքել ենք,
անվտանգության տղերքը միշտ մեզ հետ են: Քո անխուսափելիին ենք սպասում, որ դրա հերն անիծեմ:
Անունով եղբայր է: Ժառանգության մեջ
ավագության սկզբունք կա: Աշխարհի կարգն է: Քո
հեռակա հրամաններով և այստեղի անկայուն վիճակով լավ բան չի սպասվում: Քո
ամենահամեստ հարսը քեզ և մայրիկին բարևներ ու համբույրներ է ուզարկում, և
հիշեցնում, որ դուք իր թալիսմանն եք»:
Միջնեկ տղայի նամակը.-«Կարոտագիր:
Սիրելի հայրս, ես լավ չեմ: Քանի որ չգիտեմ, թե՝ ես ով
եմ: Կինս հաղթե՞ց ազնվաբար, այո՞: Դե արի ու քո ձեռքով հրաման գրիր, իշխանությունը
տուր իրեն և ինձ, որ դրանց բոլորի բերանները փակենք, ու՝ աստված քեզ հետ: Մի վախեցիր, հատուկ բաժնի տղերքը միշտ հետներս
են, զորք եմ հավաքել, ու հենց մեռար, աստված չանի, ես դրա մերը կլացացնեմ:
Քո կարոտից մաշվող որդի: Հա, դրան ասա, թող կնոջս մասին քիչ բամբասի: Բա որ ես եմ բերանս բացել:
Քո ամենաշնորհքով հարսը
քեզ ու մայրիկին ջերմ բարևներ ու համբույրներ է ուղարկում, և հիշեցնում, որ
մայրիկի կանաչ աչքերն իր թալիսմանն են»:
Թագավորն այս նամակները կարդում է տղայի, հարսի
և կնոջ հետ, քանի որ քեռու գործերը լավ չէին: Հարսի հետ վիճել, բաժանության հարց
էր լուծում:
Բոլորով
միասին գրում են մի հրովարտակ, որով երկրում պառլամենտական կառավարում է մտցվում:
Խեղճ ավագ տղաների մոտից տանում են և հատուկ
բաժինները և զորքը: Ամպրոպ պարզ երկնքում: Տղաները նորից են նամակ գրում;
«Այ հեր, մենք հասկացանք,
թե ով է այդ սոսկալի խորհուրդը քեզ տվել, քանի որ այն ժամանակ դու խելացի էիր: Մենակ
գիժը կասի,-«Ոչ ի՜նձ, ոչ քե՜զ»: Գոնե իրեն պահեր անաստվածի աղջիկը, մնայինք
թագավորական ընտանիքի անդամներ: Ամեն ինչ դժվարացել է, հիմա շուրջբոլորը դեպուտատներ
են, մինիստրեր ու դիվանագետներ իրենց կանանցով, որոնց մոտ մեր մեծամիտը
համեստության տիպար է:
Ձեզ համար գյուղում հեշտ
է: Դու քո չոբանների մոտ ես թագավոր, մայրիկն՝ իր թոռների, մեծամիտն էլ՝ գեղջկուհիների: Սրանց հետ առանց պաշտոնի ու ուժի դժվար
է: Մի պաշտոն ու մի բաժին տուր, սրանց բոլորի լեզուն կարճացնեմ»:
Թագուհին է պատասխանում,-«Սիրելիներս,
ձեր նամակները մեզ տխրեցնում են: Դրանցում միայն մեկ ախտ է պարզորոշ արտահայտվում՝ ամեն գնով հասնել գերագույն կարգավիճակի, և մյուս
բոլորին՝ հարազատ, թե անծանոթ, տեսնել
ներքևում, ավելի ցածր և անարժան վիճակում: Ո՞վ և ե՞րբ է ձեզ ներարկել այդ ախտը, և
ինչու՞ ես այդքան խելամիտ չեմ եղել իմ կաթի հետ ձեզ դրա հակաթույնը փոխանցելու
համար:
Ծնողի իրավունքով և հնարավորությունների չափով մենք
ձեզ զրկում ենք դրան հասնելու լծակներից: Դուք պատրաստ եք զոհել ցանկացածի, լինի
եղբայր, թե օտար, ձեր փառասիրությանը հագուրդ տալու համար: Նմանի հանդեպ ո՞ր մի
առավելությունը կարդարացնի հեղված արյունը, և կպատասխանի այդ նպատակի համար զոհված
զինվորի զավակի անխոս հարցին՝ ու՞ր է
իմ հայրը:
Ինչու՞ իմ տղաներն այդքան
հեշտությամբ հրահրվեցին սին գաղափարի ազդու ստվերից: Չգիտե՜մ, երևի սին գլխին սին գաղափարը կսազի: Դա էլ թող լինի
ձեր անուղղակի գնահատականը ծնողական պարտքի կատարման մեր ջանքերին:
Իսկ ձեր վայրենի մոտեցումը
մեկմեկու հանդեպ, և արհամարհանքը մարդկային արժեքների համակարգին թող լինի մեր
պատիժը և թունավորի մեր ծերունական առօրյան, քանզի մեր աճեցրած այգին այդքա՜ն հեշտությամբ ախտահարեցին ճիճուները:
Մի երկու խոսք էլ իմ
հարսներին՝ համեստ ու շնորհքով:
Թագուհին հոգեվիճակ է և ոչ
թե հպարտ տիկին, խոնարհ ծառայի կողքին:
Մենք ձեզ թողել ենք
որոշոկի կարողություն, շատացրեք այն, ընդլայնեք: Ուրախացեք եղածով, որը ձեզ մոտ,
փառք աստծո, քիչ չի: Վայելեք կյանքը ձեզ արժանի
շրջապատով: Ամեն կին էլ թագուհի է, եթե ինքն ուզում է և կարողանում է:
Թագուհին հոգեվիճակ է և ոչ
թե՝ կարգավիճակ»:
Ինչպես ասում են, ձեռագիրը
թագուհունն է, գիրը՝ խորհրդականինը: Կծում է, կծում
անիրավը, ոչինչ չի մոռացել, հիշաչար էլ է:
Ամենաշնորհքով հարսն էլ
մարդկանց զարմացնում է: Դարձել է բռնկվող, ամեն փուչ բանից բորբոքվում է, անհաջող
բառեր օգտագործում: Վատ երազներ է տեսնում, որ իր կողքից ինչ որ լիքը պարկ են քարշ
տալով տանում: Ոչ մի բախտ նայող բան չհասկացավ: Ամուսինը բոլորին համբերատար
բացատրում է, որ հոգսերը շատացել են, փխրուն սիրտ ունի, և երկաթից չի: Կարևորը,
դիպլոմը, հո կա: Հրեն, պատից կախ:
Իսկ ամենահամեստ հարսը տարիքի և կոչումի համեմատ
մեկ մեկ անհամեստ բաներ էր անում: Զարմանում էին և չէին հավատում, որ դա նույն
անձնավորությունն է, բայց դե տարիքի հետ մենք բոլորս ենք փոխվում:
Թագուհին է անընդհատ ինչ որ բանից դժգոհում,
ինքն իրեն խոսում: Երեք հարսից էլ, փառք աստծո, գոհ է: Բայց ուր նստում է, փոքր
հարսին է գովում: Մենք հասկանում ենք, որ վախեցա՜ծ է, կախում ունի, ա՜չք է մտնում: Բայց չի՜ կարելի տարբերություն դնել, կռի՜վ գցել:
Ինչքա՜ն մի դժվար է երեք հարսին
էլ հավասար սիրել: Մյուս կողմից էլ մեծացել է, խելքը՝ թռցրել: Գոնե մեղք է, քի՜չ տանջվի:
Ավագ հարսները հիշելով նրա անարդար վերաբերմունքն իրենց հանդեպ,
և անառողջ հայեցակետը, նրա ծերության տարիները կոչել են “չարի վերջը”, ու անհամբեր
նորություններ են հավաքում գյուղից, զարգացնում ու լիցքավորում իրենց տեսությունը,
որի նախաբանը վաղուց պատրաստ է:
«Մենք քեզ կոչում էինք արդարամիտ տիրուհի
Սերունդների դատից չե՜ս փախչի, սիրելիս»:
Թագավորն է սկսել շատ
կարդալ: Հատկապես կանացի հոգեբանության մասին:
Կարդում է, զարմանում ու
կրկնում,-«Ինչու՞ աշակերտ և ուսանող ժամանակ դասերս լավ չեմ սովորել: Երջանիկ ծերությունս
ապահովա՜ծ կլինեի»:
Ասում են, նույնիսկ գիրք է
գրել այդ թեմայով, բայց վախենում է տպագրել:
Ումից է վախենում, չի
ասում բայց մեզ հո պարզ է` փոքր հարսից: Ասում են, տվել է նրան, որ կարդա, իրեն
անդուր բաժինը հանի, ու տա իր համաձայնությունը գրքի տպագրության համար:
Վերջ
Բրյանսկ,
ք. Սուրաժ
01.2010