Ամենաշնորհքով հարսի մրցույթը
Ամենաշնորհքով
հարսի մրցույթին հարսները պետք է ճաշ պատրաստեին ընտանիքի համար, կարկատան անեին,
և ապահովեին տան մաքրութունը:
Ամենահամեստ հարսը հայտարարեց, որ ինքը փոխել է իր վերաբերմունքը մրցույթի
հանդեպ, քանի որ իր մայրիկին չեն թույլ տվել մասնակցել որպես դիտորդ, ինչ է իր
համեստ մայրիկը ժամանակին մերժել է ոմանց որոշ առաջարկությունը:
Թագավորը լարվում է, -«Պաշտոնակա՞ն առաջարկությունը»:
Հարսն ուղիղ նայում է արև արքային, որ նա նկատի,
թե ինքն ինչքան ամաչկոտ է-«Իմ մայրը վայելուչ է
համարում ցուցակում նշել միայն պաշտոնական առաջարկները»:
Թագավոր,-«Աղջիկ ջան, իմ
լավ տարիներին ինձ երեք հոգի են վերջնականապես մերժել: Թագուհին, որն այդ պատճառով
դարձավ թագուհի, Ֆրանսիայի թագուհին, որն այդ պատճառով դարձավ Ֆրանսիայի թագուհի, և
մենաստանի ավագ միանձնուհին, որն այդ պատճառով դարձավ ավագ միանձնուհի: Քո մայրը
դրանցից ո՞րն է»:
Հարս, –«Իմ մայրը, ինչպես
և ես, այնպես դիվանագիտորեն է մերժում, որ ոչ ոք չի հասկանում, մերժե՞ց, թե՞ ոչ: Ահա
ես էլ այդ մերժումներից մեկի արդյունքն եմ»:
Հորքուր մորքուրներն աշխուժացան, հիշելով և
մեկնաբանելով իրենց մերժումները:
«Լա՜վ արեցիր, դրան հասնում էր», «Ես մի՜ տարի մերժելով կորցրեցի», «Պետք է այնպե՜ս մերժել, որ փոշմանելու
տեղ մնա», «Ես մերժեցի, իսկ դու ձևեր թափելով ճանկեցի՜ր»:
Թաղի կանայք էլ ինչ որ
բան հիշեցին, ախ ու վախ արեցին, փսփսացին, ու հաստատեցին գաղտնի ճշտումներով: Թագավորն
էլ, չգիտես ինչու, առույգացել էր:
Ավագ հարսն ավելացրեց, որ իր պատճառաբանված
վրդովմունքի պատճառով ոչ մեկին չի զարմացնելու, թող իրեն զարմացնեն, և ինքը կասի,
թե՝ ինչպես :
Նա մի ամանի մեջ խաշեց
ձու, անմաքրել կարտոֆիլ, որ չփչանա, բրինձ, մակարոն,
բադրջան, լոբի և տարբեր մսերի խառը կտորներ: Սեղանին շարեց կաղամբ, կանաչի, գազար, ձեթ,
համեմունքներ, հաց ու պանիր և առաջարկեց՝ թող ամեն
մեկն ուտեստ սարքի իր շնորհքին համապատասխան: Դա կոչվում է զարմանակեր: Ինքը
շրջելու է, գնահատելու և ըստ դրա համբուրելու
հաղթողներին: Շատերը տանջվեցին, բայց նա համբուրեց միայն հորքուր մորքուրներին, քեռուն, թագավորին, թագուհուն և մի քանի սպաների: Բոլորին ստիպում էր երգել ու արտասանել,
որ ախորժակ բացվի:
Թագավորը թարմ հիշողությունների և գինու ազդեցության
տակ երգեց «Պառավ յարս», թագուհին «Արաքսն անցավ էն կուռն» ու հուզվեց, քեռին
երգեց «Կանգ առ, արևը», աչքը չկտրելով դատարկվող գինու շշից:
Մեծամիտը սկսեց «Կիլիկիան», բայց տեգրերը բողոքեցին,
որ մրցույթի մասնակիցները չպետք է ամեն առիթ օգտագործեն միավոր շահելու համար:
Համարյա ոչ ոք չկերավ իր
սարքածը: Առանձնապես սոված չէին, և հենց այնպես հաց ու պանիր էին ուտում, քանի որ արտակարգ
համով էին ստացվել: Աղախինները չէին հասցնում հաց ու պանիրը, քրտնել էին:
Ինչ որ մեկը կատակի համար կերավ մեծամիտի
սարքած սալաթը, ու կատակի համար էլի ուզեց: Մեծամիտը սարքեց, ու բոլորը կատակի
համար կերան, չմոռանալով տեղը տեղին դիտողություններ անել: Տնաշենի աղջիկը փոքր
բաժիններով էր սարքում, իբր չի հասցնում: Հորքուր մորքուրները երեքական աման
կերան, որ ոչ մի դիտողություն բաց չթողնեն: Աղջիկ ջան, զարմանակերը նախ և առաջ
պետք է զարմացնի: Մեծամիտը դիտողությունները լսում էր, ու մեծամտորեն ծիծաղում: Հորքուր
մորքուրները, լա՜վ հասկանալով, թե ինչի
համար է ծիծաղում, իրենք էլ նրա վրա էին ծիծաղում ու հոգեպես թեթևանում:
Մրցույթի «հարսի լավագույն
կարկատան» մասում ամենահամեստ հարսը կտորների վրա քահ քա՜հ ծիծաղեց,-«Խե՜ղճ լինեք դուք, ողբա՜մ իմ բախտն, ու ձեր վիճակը: Թագավորի տանը շոր չեն
կարկատում: Թագավորն իր հին շորերը զզնում է, անհույս մասը տալիս պալատականներին, սրանք էլ որոշ ժամանակ հետո դրանք տալիս են ծառաներին: Սրանք էլ կարկատում են ու հագնում,
կամ էլ գցում են շան տակ: Եթե ինքը թագավորի հարս է, ոչինչ չի անի, իսկ եթե բերել
են որպես տան ծառա, թող ինչքան շոր կա հավաքեն, բերեն»:
Մաքրությունն ապահովելու
համար նա պալատի բոլոր սենյակներն ու իրերն այնպես խառնեց իրար, որ մեկ շաբաթ չէին
կարողանում հիշել ու որոշել, թե որտեղ է բաղնիքը, որտեղ ննջարանը և որտեղ`
թագավորի ընդունարանը: Լարված օրեր էին, խեղճի ձայնը կտրվել էր: Ստիպված այդ խառը
վիճակում նշանածի որոշակի մասերն էր քաշում, որ սա իր
փոխարեն գոռա: Հետո նշանածի ձայնն էլ կտրվեց, բայց այդ ժամանակ արդեն ոչ ձայնն էր
պետք, ոչ՝ ինքը:
Խեղճ թագավորը երեք օր քնել էր սպասուհիների
ննջարանում: Դժգոհ էր, բայց ճնշումը կարգավորվել է: Անընդհատ կրկնում էր,-«Հարս ջա՜ն, մի՜շտապիր: Ուշ լինի, նու՜շ լինի»: Հետո էլ երկար
ժամանակ ննջարանները խառնում էր: Խռոցի ձայնով գտնում էին, ու մահճակալով առանց
քնեցնողի հետ բերում:
Այնքան խառնվեց իրար ամեն ինչ, որ ավագ հարսներն
իրենք էլ էին կորչում: Խեղճ փեսաներն անվտանգության սպաներին խնդրում ու հանձնարարում
էին գտնել նրանց պալատի ցիրուցան
սենյակներում և կահույքաշատ միջանցքներում, որտեղ հարսները մաքրություն էին
ապահովում մինչև ուշ գիշեր: Ամեն անգամ և փեսաները, և հարսները կարոտից լաց էին
լինում, երբ սպաները նրանց նորից իրար էին
միացնում:
Անխոնջ հարսները չէին բողոքում, միայն քնել էին ուզում:
Միջնեկ հարսը ճաշը սարքեց երգ ու ծիծաղով, ասել
խոսելով, իր բառերով` առանց վախի ու զարմանքի, ինչպես ոմանք: Միայն թե, երբ իջավ
բակ, ճաշի համար հատուկ խոտ բերելու,
ուրիշ ոմանք վատ նպատակով կրակն
էին ուժեղացրել, ու ինչ ինչ դեղեր գցել ճաշի մեջ: Ճաշը հսկող սպան երդվում էր հոր
արևով, որ խոհանոց ոչ ոք չի մտել, ինքը հարսի մարտավկայի հետ միայն ինքնամոռաց եվրոտեսիլն է քննարկել: Բայց հարսը նրա հետ առանձնազրույց ունեցավ,
որից հետո սպան ցանկացած հարցին «այո» էր պատասխանում, և նայում երկնքին: Ճաշը մի՜ քիչ վառվել էր, ու մարդիկ մի փոք՜ր փորացավ ընկան: Զուգարանները չէին հերիքում, քանի որ
վերին հարկինը պինդ պինդ գրավել էր թագավորը և հրամաններն այնտեղից էր տալիս, իսկ քեռին նստած ներքևի հարկի զուգարանում իր բախտն էր ողբում տարբեր ձայներով: Հորքուր
մորքուրները, մի քանի սպաներ մարտավկաների հետ այգուց այս կողմ չէին գալիս, ու միայն ճաշից էին խոսում
և վատ մարկանցից: Թաղի կանայք մի քանի օր չերևացին, ու պալատներում անծամոն լռություն
էր:
Կարկատանը նա նույնպես
արեց արագ, և առանց մի վախի, ոչ ինչպես ոմանք: Ստացվեցին գույնզգույն և վառ կտորներ
անորոշ նշանակության: Թագավորը զգուշորեն փորձեց զարմանալ, բայց նրան շատ խելացի
բացատրեցին, որ կարկատանի իմաստն այն է, որ կտորը շարունակի ծառայել, թեկուզ և այլ
անորոշ նպատակի: Վառ գույների նպատակը մարդկանց միտքն ու հոգին վառ պահելն է, ու
կյանքը որպես հավերժական տոն զգալը: Մարմնի մասերն էլ պետք է այնպես ծածկվեն, որ նրանք
կյանքի տոնը լիարժեք արտահայտեն:
Այտդեղ հորքուր
մորքուրները, գույները համադրելով փաստերով, իրար աչքով անելով և երբեմն փսփսալով հիշեցին
իրենց կյանքի վառ էջերը, և հարսներին բարեմաղթեցին, որ
նրանք իրենց կյանքում տեսնեն գոնե իրենց տեսածի կեսի կեսի կեսը, և երջանիկ կլինեն:
Պարզապես անուններն ու դեպքերը չխառնելու համար պետք է մասունքներ պահել, ու
նշումներ անել:
Մաքրություն ապահովելու համար հարսը պահանջեց տաս
ավել, տաս դույլ, տաս աղբահավաք թասակ, տաս հատակ լվանալու շոր, և տասական այլ
պարագաներ:
Բոլոր սենյակների
կենտրոնում հավաքվել էին կեղտի կույտեր, դույլեր և ավելներ: Խեղճն անընդհատ
կրկնում էր,- «Կներեք, մաքրություն եմ ապահովում»:
Նա հաճելիորեն քրտնել էր, ստիպված բացել թևերը,
վիզը և այլ մանր մունր մանրամասներ, որ ազատ շնչի: Նրա անձնական հմայքն այնքան էր
մեծացել, որ հատուկ բաժնի բոլոր ավագ սպաները կատարում էին նրա
հանձնարարություններն իր մի հայացքին ու գովասանքին արժանանալու համար: Կրտսեր
սպաները միայն դռնից էին նայում:
Մարդիկ թարսի պես գնում գալիս, հավաքվում էին այնտեղ, որտեղ ինքն էր, ընկնում ոտի տակ, ու
խանգարում: Թագուհին էլ, իբր թե օգնելու, բայց վարկանիշային հասկանալի նպատակով,
խորհուրդ է տալիս,-«Աղջիկ ջան, ճիշտ կլինի մի սենյակը վերջացնես, անցնես մյուսին: Եվ
քեզ հարմար կլինի, և մարդկանց չես խանգարի»:
Խեղճ հոգնած ու քրտնած հարսն իրեն զսպեց, և ցածր
ձայնով (այնքան ցածր, որ հարևանները լավ չհասկացան միտքը) ասաց,-«Սիրելի՜մայրիկ, դու արդե՜ն տարբերություն եք դնում,
և կծում ձեր ձևերով և շեղման բառախաղերով, բայց ես անխաթար սրտով եմ մաքրում և
փայլացնում ձեր երբե՜ք չփայլած տունը: Ես տան
քոծ չեմ, որ ընդամենն ավլեմ: Ես դա անում եմ թագուհու՜ թափով: Դուք դա չես հասկանա, բայց դա հասկացավ գնչուհին,
որ ասաց, որ ինձ վտանգ է սպառնում կանաչ աչքերով, սպիտակ մազերով և գլխին դեղին
թասակով կնոջից: Խեղճը լալիս էր ու կրկնում, որ կանաչ աչքը վտանգ է, ու փող չվերցրեց:
Ես մեղավոր չեմ, որ այսքան կեղտ է հավաքվել, և ընդամենն անմեղ զոհ եմ ի չարչարանաց
(այստեղ նա խաչակնքում է):Լռեք, մայրիկ, ու իմացեք, որ իմ մորից շատ ես թագուհուն եմ սիրում»:
Թագուհին ըմբռնեց իր սխալը, ձեռքով փակեց
բերանը, և երեք օր չէր բացում, թաղի կանանց ասելով՝ նույնիսկ
փռշտալիս: Ու սկսեց ավելի հաճախ եկեղեցի գնալ, ու մոմ վառել: Այդպես հարսը նրան ճշմարիտ
ուղին ցույց տվեց:
Կրտսեր հարսի սարքած ճաշը բոլորը կերան,
հատկապես հորքուր մորքուրները: Նրանք լրացուցիչն էլ սրբեցին, որ սխալների ճշտված ցուցակ
անեն, ու մի քանի հոգատար խորհուրդ տվեցին, որ մյուս մրցույթներին էլ խայտառակ
չլինի: Ավագ հարսների ցուցումով նրանց նշանածները նկատեցին, որ ճաշը ահավոր աղի է
և յուղոտ, և ուտում են, քանի որ մի քիչ սոված են, և շատ կիրթ: Միջնեկ տեգրը հետևել ու բռնացրել էր, որ
հարսը երբեմն թղթին է նայել: Հարսը չժխտեց, ու ասաց,
որ կարող է ճաշի բաղադրատոմսը բաժանել: Այստեղ ավագ հարսն իր կրծկալի տակից
պատահաբա՜ր գտավ անցյալ տարվա
թերթը, որի մեջ գտան կրթության նախարարի հրամանը, որտեղ ասվում էր, որ ծածկաթերթիկ
օգտագործողները հեռացվում են քննությունից, իսկ միջնեկ հարսն իր կրծկալի տակից
պատահաբա՜ր գտավ մի քանի պատրաստի
դիմում բողոքներ,և հենց սեղանի վրա դրանք հանձնվեցին կերած խմա՜ծ և ննջող ժյուրիին:
Կրտսեր հարսն այնպես կարկատեց նորին մեծության
շորերն ու լրացուցիչ այնպիսի նախշեր արեց, որ ոչ նորին մեծությունը, ոչ հորքուր
մորքուրները չկարողացան պարզել, թե որտե՞ղ է կարկատած, և նախշերը հնարավո՞ր է
արդյոք ձեռքով անել: Թաղի կանայք երկա՜ր նայեցին, ու բացի ծամոնի
ճտոցից, այլ ձայն չհանեցին: Հարսների հուշումով տեգրերը բողոքեցին, որ շորերը նոր
են եղել, և իրենք գիտեն, թե ո՞վ է խաղեր տալիս, և կգտնեն
մեղավորին, քանի որ մատնահետքերի և հոտերի լա՜յն հավաքածու ունեն: Հորքուր մորքուրները հարսին ստիպեցին, որ նա իրենց
շորերն իրենց մոտ կարկատի և նախշեր անի, որ հենց տեղում սխալների ուղղում անեն: Բայց
նա մեծամտորեն չնդունեց իր սխալները, նորից նույնը կրկնեց, և մի բան էլ ուրախ
ուրախ ուզում էր սովորեցնել, որ հետո երեսով տա, ու ամեն տեղ պատմի: Եվ խեղճ
հորքուր մորքուրները համակերպվեցին: Կրում էին այդ շորերը և բոլորին ասում, որ
իրենց ձեռքի գործն է: Հո ջահել հարսին խայտառակ չէի՞ն անելու: Մեծամիտներն այդպես են, իբր ամե՜ն ինչ գիտեն, բայց ապրե՜լ չգիտեն:
Մաքրությունը նա այնպես
ապահովեց, որ ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ և ե՞րբ: Պարզապես տեսան, որ
սենյակները դարձել են ավելի լուսավոր և մաքուր, հաճելի ու հարմարավետ: Ավագ հարսները
և տեգրերն ասացին, որ բողոքն արդեն ուղարկված է ընդհանուր գծերով, որ արգելված
հնար է անուշահոտեր և օծանելիքներ օգտագործելը, և այդ մասին մրցույթի ծրագրում
գրված չի եղել: Իրենք էլ կարող էին այնքան ցանել, որ այդ ամբողջ հորքուր
մորքուրների խումբը խեղդվեր, բայց չի կարելի լավամարդ լինել ուրիշի հաշվին: Պետք է
խնայող լինել, ինչպես մյուս հարսները: Այդպես որ գնա, գանձարանը կդատարկվի, և
իրենց բալիկները բուլկին առանց չամիչ կուտեն:
Հորքուր մորքուրներն ուզեցին
ճշտել մանրամասները, որ իրենց խորհրդով օգնեն, և մյուս անգամ ամուսնանալիս սխալներից
հեռու մնա, բայց նա մեծամտորեն ոչ մի գաղտնիք չբացեց: Միայն ծիծաղում էր, իբր, ինչ գաղտնիք տուն մաքրելու մեջ: «Աղջիկ ջան, գաղտնիքը մտնում է պահողի փորը, քեզ
համար ենք ասում, ասա: Դու գիտես, տանը մնաս, մի ամուսնով բավարարվես, բարի
վայելում»:
Խիստ ընդլայնված ժյուրին կարճ քննարկումից հետո, հանձինս ավագ մորքուրի, մեկ ձայնի առավելությամբ ամենաշնորհքով հարսի
տիտղոսը դիպլոմով և հատուկ երգ ու պարով տվեց միջնեկ հարսին:
Սա, որ երկու օր մռութները լարվածությունից չէր
բացում ու սևացել էր, սկսեց նորից երգել, պարել ու աջ ու ձախ համբուրել: Ուզում էր անկեղծ
սրտով դաշնամուր էլ նվագել, բայց, ցավոք սրտի, դաշնամուրն ինչ որ մի ապուշ փչացրել
էր: Չնայած, բացի նրանից, ոչ ոք չդժգոհեց: Ասում են թագավորը գիտի, թե ինչու: Որ
փրկեն մեծամիտի պատիվը:
Ամենահամեստ հարսը և իր նշանածը պահանջում էին
լրացուցիչ քննություն երկու հաղթողների միջև առանց մեծամիտի մասնակցութան:
Ամենաշնորհքով հարսի
նշանածն ուրախությունից բոլորին համբուրում էր: Հորքուր մորքուրներից անցավ թաղի կանանց, հետո՝ սպասուհիներին, և կանգ առավ, երբ հոգնեց: Հարսն էլ ուրիշ կողմից էր համբուրելով գալիս:
Հանդիպեցին առավոտյան, և գոհ սրտով գնացին քնելու:
Մյուս օրը քաղաքը քեֆի մեջ էր, նշելով
ամենաշնորհքով հարսի ծնունդը, կնունքը և երևույթն ինքը: Երևույթի նշանածը տղերքի
հետ հարբել էր, ու ասում էր, որ իրեն բոլորը նախանձում են, քանի որ այդ գանձը
միայն ինքն է վայելում ու, որպեսզի ավելի գռգռի նրանց նախանձը, նկարագրում էր
գանձարանի ուշագրավ անկյունները և մուտքի դուռը:
Կրտսեր տղան մեծամտորեն
լռում էր, և հայտարարեց, որ հարգում է ժյուրիի և ծնողների որոշումը: Երբ ավագ
եղբայրն առաջարկեց միասին բողոքել, որ իրենց ձայնը լսվի, սա այնպես նայեց, որ
եղբայրը հասկացավ: Վերջ եղբայրությանը, մեծամիտը վարակել է, ու իրենով արել
արյունակից եղբորը, որի հետ այդքա՜ն կռիվ
կռիվ են խաղացել: Վե՜րջ մանկական խաղերին:
Ամենասիրելի
հարսի մրցույթը
Ամենասիրելի
հարսի կոչումը պետք է որոշեին միայն թագավորն ու թագուհին, քանի որ ամենասիրելի
հարսը պետք է ապրեր ծերունիների հետ, դրանից բխող ենթադրյալ հետևանքներով:
Ավագ հարսների
և նրանց մարտավկաների ծանրակծիռ փաստարկումների ու մարտական գործողությունների
շնորհիվ քեռին, որպես կանանց փորձագետ, տեղադրվեց
ժյուրիի կազմում: Քեռին անվերջ քեֆերի հետևանքով մի փոքր գինովցած և քնած էր, և այդ
մասին նրան գոռացին հետո, քվեարկության ընթացքում:
Հարսների բարեկամներն ու հարազատները հավաքվել
էին պալատի շուրջբոլորը, վրաններ խփել, ցուցադրում էին իրենց թեկնածուների ժպտառատ նկարները, ծանոթների ցուցակն իրենց
հնարավորություններով, կենսագրությունը, ժողովրդամետ ծրագրերը, և անծանոթ
հեղինակությունների թարմ դրական կարծիքները: Մի ժամ ժողովրդական մասսաները գոռում
էին «կեցցե ավագ հարսը», մի ժամ էլ՝ «կեցցե միջնեկ
հարսը»: Մեծամիտի բարեկամները մեծամտորեն մերժեցին մասսաների առաջակը՝ զեղջ գներով մի ժամ էլ գոռալ «կրտսեր հարս»: Իբր իրենք
կեղտոտ խաղեր չեն խաղում: Աղքատ հպարտ: Բա իհարկե՜, մաքու՜ր ձևերով հաջողացրել են ծանոթացնել
թագավորի տղայի հետ, մաքու՜ր ձևերով խցկել պալատ, մաքու՜ր ձևերով թագուհի են սարքում, ու չեն ուզում մի քիչ էլ ժողովրդի
հետ կիսել գողացածը: Նենգության օրենքով դրանց բախտն էլ բերելու է:
Մրցույթին հարսները պետք է ելույթ ունենային,
և ասեին, թե ինչու՞ են սիրում իրենց
ընտրյալին, նկարագրեին, թե ինչպե՞ս են պատկերացնում իրենց
համատեղ կյանքը, ներկայացնեին իրենց սկզբունքները և սիրած զբաղմունքը:
Ավագ հարսը, այսինքն, ամենահամեստ հարսն ասաց,
որ շատ է ամաչում ասել, բայց սիրում է, քանի որ նա թագավորի տղա է, և դա նրա մասին
ասում է ամեն ինչ:
Ամենահամեստ հարս, –«Ուզենալով համոզվել նրա
անկեղծության մեջ, սիրո ապացույց պահանջեցի, իսկ նա ասաց, որ եթե նա, իմ մորը
ճանաչելով, այլ ելք չի գտնում, այդ մասին խոսելը սադիզմ է»:
Այս խոսքերի վրա մորքուրները հուզմունքից լաց
եղան անցյալը թարմացնող ձայնարկություններով, հորքուրները քնքշորեն նվաղեցին
սպաների ձեռքերի վրա, քեռին քնի մեջ զկրտաց:
Իրենց
համատեղ կյանքը լինելու է ուրախությունների շարան: Իսկ որտե՞ղ: Ընտիր
հասարակությունը համարյա թե զբաղվելու տեղ չունի: Ինքը կբացի գիշերային ակումբներ,
ստրիպտիզ բարեր, խաղատներ: Ի՜նչ հետաքրքիր ժամանց, և որ
շատ կարևոր է, փող աշխատելու ի՜նչ հեշտ ու բարոյական ձև,
համեմատած կարկատանի և ավելի հետ:
Իր բարության
մասին մինչև հիմա, ցավոք սրտի, գիտեն միայն ինքը, մայրը և իր նեղ շրջապատը: Իր թագուհի դառնալով այդ մասին կիմանան բոլորը,
սպաներից մինչև դիվանագետներ և, բնականաբար, արդեն լայն շրջապատը: Ինքը երազել է զբաղվել շոու բիզնեսով,
կամ կարիերա անել: Առայժմ կբավարարվի այսքանով, հետո՝ նայած նոր հնարավորություններին:
Ծրագրել է իր մասին գրքի տպագրությանը նվիրված բարեգործական
համերգներ, որոնց տոմսերը վաղուց իրացվել են:
Ինքն այս ընթացքում հատուկ
բաժնի մի շարք սպաների հետ իր անձնական հեղինակությունն ապահովելու մանրամասն գաղափարներ է մշակել:
Ինքը պետք է գնա ուր ուզում է,
երբ ուզում է, և թերթերը պետք է գրեն, որ գրադարանում գիրք է գրում: Այդ նպատակով արված լուսանկարները շատ համոզիչ են ստացվել:
Իր արտաքին տվյալները ևս խիստ համապատասխան են
իր ապագային, ինչպես երևում է տարբեր հագուստներով և դիրքով բոլորին բաժանված իր
նկարներից: Թող բոլորն էլ իմանան, որ կարող են հպարտանալ իրենց ամենահավանական
ապագա թագուհով բոլոր առումներով: Եվ ուշադիր եղեք, ո՜չ մի սիլիկոն:
Կյանքի իր սկզբունքն է՝ չվախենալ սխալվելուց, այլ
զգուշանալ այդ սխալը սխալ ներկայացնելուց, և ինչքան կարելի է դրանից էլ օգուտ քաղել: Միայն այդպե՜ս են հաղթում:
Ամենաշնորհքով հարսն ասաց, որ իր զգացմունքները
հնարավոր չի արտահայտել բառերով, բայց ներկաների համար հասկանալի լեզվով ասած, սիրում
է, քանի որ նա թագավորի տղա է, և նա իր մանկության երազանքն է: Իրենց սերը ծնվեց առաջին լիարժեք համբույրից, որի
հետևանքով միակ ելքը նշանվելն էր: Այս խոսքերի վրա հորքուրը լաց եղավ, նայելով քեռու կողմը, մորքուրները նվաղեցին
այլ սպաների ձեռքերի վրա, ու մի քանիսի ուշքն անցավ, երբ սպաները կռացան նրանց վրա:
Քեռին քնի մեջ կանչեց,-«Հայ գիտի հա՜, էսպես չիմանաս, ջահել
ժամանակ ուրիշ էի»: Չգիտես ինչու հորքուրը հառաչեց,-«Ճիշտ չի ասում, ա՜խ»:
Իրենց համատեղ կյանքն ինքը տեսնում է բարի
գործեր կատարելու մեջ: Ինքը որոշել է դառնալ թագուհի, և շատ շատ բարի գործեր անել՝ ծառաներին անկեղծ սրտով նվիրել հին շորեր ու ժպիտներ, կիրակի
օրերը դուրս գալ զբոսանքի, որ բոլորն իրեն տեսնեն ու հիանան, թղթակիցների հետ
համատեղ աղքատներին և երեխաներին փուչիկներ, ծամոններ և իր նկարները բաժանելու ակցիաներ
կազմակերպել, աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնել իր թագավորին և շրջապատը:
Նա ծառաներին կբացատրի աշխատելու օգուտը, շատ
ուտելու և քնելու վնասը, և նրանք կապրեն երկար ու երջանիկ:
Մինչև
դուք այստեղ կար ու ավել էիք անում, ինքն ուսումնասիրել է քարտեզը, և գտել ամառվա
հանգստի մի հոյակապ տեղ, որը, ցավոք, գտնվում է հարևան պետության տարածքում: Ընդամենը
քսանից երեսուն հազար մարդ կորցնելով, ինչպես իրեն զեկուցել են գլխավոր շտաբից,
այդ տեղը կարելի է նվաճել: Եվ կլուծվի ամառյին
հանգստի հարցը, և կարելի է լավ փող աշխատել: Դա կլինի իր կյանքի ամենաբարի գործերից
մեկը: Ցանկացողներն արդեն կարող են հանգստի տոմսեր պատվիրել իր մարտավկայի մոտ
առայժմ զեղջ գներով:
Իր սկզբունքն է կյանքից միշտ վերցնել
ամենալավը, օգտվել կյանքի բարիքներից մինչև վերջ: Հետ չմնալ կյանքի բարիքների
բաշխումից, ու առանց երկար մտածելու հրաժարվել հնից, ձանձրալիից, օգուտ չբերողից:
Կրտսեր հարսը ընդհանուր ու ծամծմված բաներ
ասեց, որ սիրում է, քանի որ նշանածը հարգում է իրեն ու իր զգացմունքները, որ իրենց
արժեքների համակարգը նույնն է, իրար հասկանում են կես խոսքից, որ նա արժանի տղամարդ
է՝ առաքինի, կանոնավոր, համարձակ:
Իրենց
համատեղ կյանքը երջանկություն կռելն է իրենց, հարազատների և շրջապատի համար: Իր
սկզբունքն է՝ փորձել հասկանալ
մարդկանց, օգտակար լինել նրանց իր հնարավորությունների չափով, չվախենալ աշխատանքից,
կարողանալ ուրախանալ եղածով:
Ոչ ոք ոչ մի բան չհասկացավ: Հնչեցին մի
ծրագրային, մի երկու ձևական, և մի հինգ քծնողական ծափեր:
Միջնեկ հարսի մարտավկան
ձայն տվեց,- «Քունս տարա՜վ»:
Լսվեցին հարսների ծիծաղն ու ծափը, իսկ նրանց
նշանածները քնից զարթնեցին և հարցրեցին,- «Գովազդը վերջացա՞վ»:
Եվ նրանք բոլորը երկար ծիծաղում էին: Շա՜տ զվարճալի համար ստացվեց: Միայն թագուհին այևայլ
նպատակներով աչքերը թրջեց, համբուրեց հարսին ու ասաց,- «Դու արժանի՜ ես իմ տղային, աղջիկ՜ս, բախտավո՜ր լինեք»: Իսկը սկեսուրական
քծնա՜խտ:
Մյուս
հարսներն իրենց նշանածներին բզեցին, և իրավացիորեն
բողոքի ալիք բարձրացրին, ասելով, որ ժյուրիի անդամն իրավունք չունի իր
վերաբերմունքով ուղղություն տալու հասարակական կարծիքին և ճնշում գործադրելու նրա
վրա: Այդ ընթացքում նրանց նշանածները փորձում էին թափահարելով քնից հանել ժյուրիի
լիիրավ անդամ քեռուն, որպեսզի բողոքեն:
Միջնեկ հարսն այդպես էլ արձագանքեց, -«Ջադուն
խաղե՜ր է տալիս»: Իսկ ավագ
հարսը նշանածին բարձր ձայնով ասաց,-«Մեր թշնամուն համբուրելով մեզ են կծում, բայց
մենք հակաթու՜յն ունենք»:
Զգայուն
հարսներն այդ միջադեպը շատ վատ տարան, ու համեստորեն փսփսալով ու խոնարհ աչքերով շտապ գնացին մյուս սենյակ,
հոգեկան փխրուն հավասարակշռությունը
վերականգնելու համար:
Մի կես ժամ կիսաքնած քեռու հետ խորհրդակցելուց
հետո ժյուրին ընդունում է անհասկանալի որոշում: Նա ձայների երկուսը մեկի
հարաբերությամբ ամենասիրելի հարսի կոչումը շնորհում է կրտսեր հարսին:
Ավագ տղաներն ապտակներով և ոտքերի հարվածներով
քեռուն վերջնականապես քնից հանեցին, և բողոքները վրդովված մեկնաբաննություններով
ներկայացրեցին զարթնած և լացող քեռուն, որը բողոքում էր, որ էլ իրեն ոչ ոք չի
սիրում, և տուն չի ուզում գնալ:
Կրտսեր տղան մեծամտորեն հայտարարեց, որ հարգում
է ժյուրիի և ծնողների որոշումը:
Համարյա
միաժամանակ մյուս սենյակում ողբ ու աղաղակ է բարձրանում: Այնտեղից ներս են մտնում ամենաշնորհքով
հարսը և ամենահամեստ հարսը լացակումած աչքերով, ուռած փորերով և դիպլոմները վեր
պարզած ձեռքերով:
Իրենց հուզմունքի առաջին հանրամատչելի պարզաբանումը տալիս է ամենահամեստ
հարսը, – «Բախտատերը թաղե՜մ, աշխարհը խորամանկներինն
ու անգրագետներինն է, անդիպլոմավորիններինը: Ոչի՜նչ չունի, ո՜չ կարգին օժիտ, ո՜չ համեստ է, և ո՜չ էլ շնորհքով: Միա՜յն մեծ ախորժակ: Իսկ ես էս դիպլոմը ձեռքիս ամեն ինչից զրկվե՞մ: Ո՞վ է
տեսել մարդկանց բախտը մեկ ձայնով փոխվի: Եվ այն մարդու ձայնով, որն առանց կնոջ
համաձայնության չի էլ հազում»:
Այստեղ թագավորը պարզ և
լսելի երեք անգամ հազում է:
Դժբախտ հարսը դիմում է իր սիրեցյալին,-«Ճիշտ չե՞մ
ասում, այ տղա, ի՞նչ ես բերանդ ջուր առել: Քեզ էշի տեղ են դրել, հասկանու՞մ ես: Եթե
ինձ չեն սիրում, ուրեմն քեզ էլ չեն սիրում: Երեխան փորիս մեջ ես ու՞ր գնամ, ու՞մ
բողոքեմ: Էն սահմանամերձ շրջանում խեղճը չոբաններից
ի՞նչ պետք է սովորի: Ոչ հեռախո՜ս, ոչ ասֆալտ, ոչ բա՜ր, ամենաշատը բանվորական ճաշարան: Ես այնտեղ որտե՞ղ
գեղագիտական զրույցներ ունենամ, բար գնամ, լամբադա պարեմ, տժժամ ու սրճեմ: Ամբողջ
օրը պետք է սերմ չրթեմ, ու գեղջկուհիների հետ բաժակ ու սերիալ նայե՞մ»:
Այստեղ թագուհին թեման շեղելու ակնհայտ նպատակով
իբր թե զարմանում է,
- «Աղջիկ ջան, դուք կես ժամ առաջ փոր չունեիք, ո՞նց հայտնվեց»:
Ամենահամեստ
հարսը տալիս է արժանի հակահարված,-«Մայրիկ, փորի հարցերը լուծվա՜ծ են, մի՜ հուզվիր, մի՜ փոքր շեշտ ենք ավելացրել:
Մի փորձեք տարբեր մանրուքներով շեղել բախտորոշ զրույցը բուն թեմայից: Արի, ախչի,
մի երկու բան էլ դու՛ ասա»,- հուզված դիմում է նա իր բախտակից թիմակցին:
Ամենահամեստ
հարսը, լաց լինելով, ելույթի տեղը զիջում է տեգոր նշանածին, տեղ գրավելով հորքուր մորքուրների կողքին, ու ակտիվ շարժումներով
համեմված բարձրաձայն մեկնաբանություններով հիմնովին մերկացնում չարամիտ մարդկանց
նենգ պլանները:
Ամենաշնորհքով
հարսն առաջ է գալիս ու ձեռքերը տարածում, –«Ես ե՞րբ եմ բախտ ունեցել, որ հիմա
ունենամ, բախտատերը թաղեմ: Ահա, քեռի ջա՜ն, (քեռու ձեռքը դնում է
իր փորի վրա: Քեռին գլուխն է դեմ անում փորին, որ լավ լսի ու չնկնի, հարսն էլ
քեռու գլուխը ձեռքով պահում է, որ երեխային վնաս չտա) տես, երեխան ոնց է խաղում:
Հարգելի քեռի՜ ու անհարգելի՜ ժյուրի, էսօր էգուց որ ծնվի ու հարցնի, թե պապիս ո՞վ էր, ի՞նչ մարդ էր, ի՞նչ
ասեմ: Կաթս նույն պահին կկտրվի»:
Այստեղ հարսը չի դիմանում, և լաց է լինում,
բայց ոչ բարձր, որպեսզի մարդկանց հնարավորություն տա մեկնաբանելու լսածն ու
տեսածը, և ինքն էլ կարողանա լսել այդ մեկնաբանությունները:
Թագավորը
խոսում է գլուխը բռնած, հազիվ լսելի ձայնով, -«Վատ մարդ չէր, միամիտ էր, շա՜տ»:
Թագուհին էլ
իբր թե խոսւմ է մեծն արքայի հետ, բայց հարսները հո լսում են,- «Ո՜վ կսպասեր, տեսա՞ր դրանց լեզուն»:
Այստեղ ամենաշնորհքով
հարսն արդեն չի դիմանում, քեռու գլուխը վրդովված մի կողմ է շպրտում, և դուրս
թափում կուտակված զայրույթը,-«Հա բա՜, ձեզ անլեզու մեկն էր
պետք, որ նստեիք, քշեի՜ք: Լա՜վ հիշեք ասածս, մարմանդ գետից վախեցեք»,-և ձեռքն ուղղում
է կրտսեր հարսի կողմը, որ ամաչելով իր բոլոր արածներից, երեսը թաքցնում է, և հեռանում: Իսկ շնորհքով հարսը խորը շունչ է քաշում, շարունակում,-«Ես
էի է՜շ, ջանս դուրս եկավ, քսան տարվա՜ քո կեղտերը մեջտեղ բերեցի, պառավ, ու աչքիցդ ընկա: (գլխին
է տալիս) Ասա է՜շ, կեղծավոր եղիր էլի,
երկու հատ քըս մըս անեիր էն մեկելի պես, բան ման ցանեի՜ր, անիմաստ ծիծաղեիր, ճակատդ
պաչեի՜ն»:
Թագուհին
իբր թե զարմանում է,- «Քսան տարվա կեղտ, ամոթ չի՞, սուտ ես խոսում»:
Ամենաշնորհքով
հարսը ձեռքը տանում է փորին,- «Սուտ խոսողի բալեն թաղեմ: (նշանածին) Խոսիր այ տղա, սիրտս ճաքե՜ց»:
Թագավորի
միջնեկ տղան վախենում է,-«Բայց բալեն կամ ես եմ,
կամ՝ իմ տղան»:
Ամենաշնորհքով
հարսը վրդովվում է նրա մտածողության պարտվողական ձևի վրա և ճչալով ձևակերպում իր
հոգեկան ապրումների նրբությունը,-«Դե, ուրեմն էն լաչառ մորդ բացատրիր, որ իրեն
խելոք պահի, կյանքս չուտի: Թէ չէ՝ գնա մորդ փեշի տակ նստիր,
մամայի բալա՜: Ես, որ սառը թեյի
հեղինակն եմ..»,
Գահի մոտից
լսվում է,-«Համահեղինակը»:
Ամենաշնորհքով հարսը սպառնալից հայացք է նետում հավանական ձայնի կողմը և շարունակում, -«Եվ ճնշման գյուտի
գյուտարարը…»
Նույն ձայնը,-«Ասիստենտը: Հիվանդությունն իմն է,
գյուտը`իմը»:
Ամենաշնորհքով
հարսը խեղճանում է,-«Ես չեմ լռելու, ինձ դեռ նո՜ր գյուտեր են
սպասում, բայց, (լալիս է, նայում շուրջը) բոլորը զրկում են իմ առկա նվաճումներից»:
Դրսից լսվում են ծափեր ու ձայներ, «բի՜ս», «քննարկումների թափանցիկությու՜ն», «հրապարակայնությու՜ն», «կեցցե՜ ամենաշնորհքով հարսը»:
Վերջացնելով
ելույթը, խեղճը վայրիվերո ապրումներից հոնգուր հոնգուր լաց է լինում, աննկատ հետ
գնում, ու խեղճ խեղճ աչքով անում միջնեկ հարսին: Սա, որ վաղուց էր սպասում, համեստորեն առաջ է գալիս, ձեռքերը կանթում, ու սկսում իր ելույթն առանց
շեղող նախաբանի:
Ամենահամեստ
հարսը,-«Պառավ, դու իմ լեզուն էսքան ժամանակ տեսե՞լ ես: Ես քո հավին քշա ասե՞լ եմ:
Օգտվե՜ք իմ համեստությունից, ինչ անե՜մ, արյանս մեջ է, կերեք պրծնե՜մ: (իր վրա շարժում է ուտելու առավել մսոտ կտորները, ու ոտքով
հարվածում հատակին: Տունը սպաների հետ մի փոք՜ր արձագանքում է) Այ տղա, է՞ս էր քո
խոստացած թագավորությունը, մեքենաները, ամառանոցը: Կարկատան, ավել: Ով լավ անի, կդառնա
թագուհի: Սա թագավորությու՞ն է, թե՞ կոմունալ գրասենյակ: Դե ասա, եթե ամուսնանայի ինժեների
հետ, պիտի պատ շարեի՞: Տղամարդ չե՞ս, խոսիր, թե՞
հորդ պես մորդ կրնկի տակ ես»:
Նշանածը
ձեռքը թափ է տալիս, իբր՝ անօգուտ
է: Թագավորն, ի միջի այլոց,
բարձրացնում է կնոջ հողաթափերը: Ի՜նչ կրունկ, ի՜նչ կրնկատակ:
Հարսը շունչ է քաշում, քիթը մաքրում: Այստեղ
հորքուրը շտապ թաշկինակ է հասցնում, սա հախուռն մաքրում է քթածակերը, թաշկինակը հետ
տալիս և շարունակում,-«Իբր չե՜նք տեսնում (աչքերը սրբում
է, թաշկինակը ետ վերցնում և նորից քիթը դատարկում), գնում են, գալի՜ս, խեղճ ու միամի՜տ թագավորի և մայրիկ
թագուհու գլուխը լցնում բամբասանքներով: Հա, ասենք ուրախությունից սրան նրան պաչել
եմ, ու արանքը մի երկու հոգի ավել են ընկել: (ճչում է) Ես ի՞նչ անեմ, որ սիրտս
մաքու՜ր է: Այդպիսի ժամանակ տարբերություն դնելս ո՞րն է: Եթե
ինձ, պաշտոնապես ամենահամեստ հարսին չեն հավատում, նշանակում է էս պալատներում
սրբություն չի մնացել: Այ տղա, քեզ հակառակ քսան հատ երեխա եմ բերելու, որ երեսդ
չտեսնեմ: Գիշերներըտուն չգաս, փող
հասցնես, ու ես էլ երեխա բերեմ: Դե գնա՜»:
Դրսից լսվում են ծափեր, ձայնարկություններ, «օբյեկտիվությու՜ն», «արդարությու՜ն», «կեցցե՜ ամենահամեստ հարսը», «դեմոկրատիա՜»:
Թագավորը կնոջ կողքին բարձրաձայն մտորում է,-«Պետք է արագացնել, քանի չեն կանչել «էմանսիպացիա»:
Ամենահամեստ
հարսը հետ է գնում, տեղը զիջելով ամենաշնորհքով հարսին, որն արդեն հազալով նշան էր
արել, որ լավ մարզավիճակում է:
Ամենաշնորհքով
հարսը, -«Ով լավ կարկատան ու ավել անի, կդառնա սիրելի՜ հարս:
Մի հատ էլ
կով բերեք, կթենք, դառնանք կաթնատու հարս: Փորս բռնեք, երեխես մեղք է: (քեռին
վազում է, փորը բռնում) Ավելի լավ է տանը մնամ, քան
թե անդիպլոմ
մեծամիտի
ձեռքի տակ քոծություն անեմ»:
Հանկարծ հիշելով, որ թագուհու հետ զրուցելու
անձնական թեմա ունի, հարսը քեռու գլուխը շպրտում
է, և շարժվում թագուհու ուղղությամբ, նրան տեղյակ պահելով այդ մասին, - «Դու՜, դու՜»:
Թագավորը, տեսնելով նրա շարժման թափը, և ըստ թագավորական մտածողության իներցիայի մտածելով, որ թիրախն ինքն է, շտապ թաքնվում է կնոջ գահի
հետևում, իսկ կինը ձեռքերն է տարածում և աչքերը փակում, ի պաշտպանություն
ամուսնու:
Հորքուր
մորքուրները, ապակողմնորոշվելով թագուհու հրահրող վարքից, փորձում են կասեցնել իրականում
հուզված հարսի ոչ ագրեսիվ մտադրությունը,-«Այ
հա՜րս, պետք չի՜, ճնշում ունի»:
Ամենաշնորհքով
հարսը, վրդովված, որ սխալ մեկնաբանեցին իր խաղաղասեր ձեռնարկումը, փորձում է
վիճակից դուրս գալու խաղաղ ելք գտնել, -«Ճնշում ունի, թոշակի ուղարկեք, որ ուրիշի
բախտի հետ չխաղա, ու իմանանք, թե ի՜նչ ենք անում: Ես ընդամենը
գնում էի տակաշորը փոխելու»:
Թագավորը
դուրս է գալիս գահի հետևից, մտածելով գնում գալիս, համենայն դեպս ցուցադրում իր շորերի
վիճակը, և արագ մտնում իր թաքստոցը:
Հորքուրը,
տեսնելով իր թագավոր եղբորը կնոջ հետևում թաքնված, վրդովվում է և ինդուկցիայի
մեթոդով միամտաբար այդ բոլորը կապում հարսի անկեղծ կարծիքի հետ,- «Աղջիկ ջան, թագավորի մասին ես խոսում, ի՞նչ ես բերանդ
շաղ տալիս»:
Ամենաշնորհքով
հարսը հասկանալով, որ գործընթացի թյուրըմբռնում
կա, փորձում է սթափեցնել մոլորված հորքուրին, և միաժամանակ այլաբանորեն
հարթել կոնֆլիկտը, -«Հորքուր ջան, ո՞նց անեմ ձեր հետ: Դու՝ խելա՜ռ, մարդդ՝ հարբեցող, կյանքս կերա՜ք»:
Քեռին, լսելով լուրը, հարկ է համարում ճշտում
մտցնել,-«Ճիշտ է, բայց շրջապատի, լավ ընկերական տղա է:(այստեղ հանկարծ ինչ որ բան է հիշում ու դիմում ամենաշնորհքով
հարսին) Ե՞րբ եք հետ տալու մեդալյոնս, հարսս տուն չի թողնու՜մ»:
Հարսը բարկացած նայում է ամուսնուն,-«Այ տղա,
շուտ գնա բեր, քրոջս մոտ է: Խեղճն ուզեցավ մի երկու՜ օր ուրախանալ: Ի՞նչ ես վրաս հաչոց բերում, մեղք չե՞մ, ի՞նչ ենք ուզում
ինձանից»:
Նշանածը վազում է, իսկ ինքը աղիողորմ լալիս:
Իսկ հորքուրը կարողանում է կարդալ խաղաղության
կոչի ենթատեքստը և փորձում ուղղել իր սխալը, -«Նա իմ ամուսինը չդար…չի: Իսկ ինչ որ
դու նկատի ունես, դա չհաստատված բամբասանք է, ես այդքա՜ն միամիտ չեմ: Ջահել աղջիկ ես, ամո՜թ է: Ես ոչի՜նչ չեմ բարձրաձայնում, դու ինձ հասկացա՞ր: Իսկ խելառ
խոսքի համար դու իմ տված նվերը հետ տուր, ես մեկ ուրիշը կտամ, մեր այս հարաբերություններին
և իմ նոր զգացմունքներին համապատասխան»:
Ամենաշնորհքով
հարսը, խղճալով միամիտ ու բարի
հորքուրին, մեղմացնում է ճնշումը, –«Ով որ
իմ արժեքն ու ապագան չի հասկանում, ու ինձ չի պաշտպանում, խելառ է, բա ինչ է: Նվե՞ր,
դու ինձ ո՜չ մի նվեր էլ չես տվել,
տվածդ էլ էժա՜ն, բանի նման չէր: Հետո էլ ուզեցիր, որ տանես, լավը բերես, չբերեցիր: Դե գնա՜»:
Թագուհին կրծքի մոտ շորը բռնած «Վա՜յ, վա՜յ, վա՜յ» է անում, իսկ հորքուրն
իր կրծկալի տակ պատահաբար հայտնաբերում է նվերի գնապիտակի պատճեները, և բոլորին բաժանում:
Թագավորը,
կնոջ գահի հետևում, մեն մենակ, առանց խորհրդականի, վերլուծում է իրավիճակը, և
քննարկումը շարունակում կնոջ հետ ,-«Ախչի, խայտառա՜կ եղանք, էս ի՜նչ կրակ էր: Կառավարական ընդմիջում հայտարարիր: Վաղը
մյուս օրը ֆեոդալական երկպառակտչական պատերազմներ կսկսվեն, երկիրը կթուլանա, իմ
ճնշումը կբարձրանա, թշնամիներն էլ կուրախանան: Բոլոր հրավիրատոմսերը բաժանել ենք, բաստուրման՝ բռնել: Գոնե էս թաղի կանայք ներկա չլինեին, դրանց
բերանը ոսկով էլ չես փակի, դրանք հարսներ չեն, ու՝ թղթակցից էլ վտանգավոր: Քո գաղափարն էր, դե գնա հետները ժպտալով սուրճ խմիր, ու արի զեկուցիր: Քանի դրանք դեռ իրար մեջ
են քննարկում տեսածը, բեր մտածենք, թե էլ ինչ անենք, որ էս կրակը թուլացնենք, ու խաղաղությունը
պաշտպանենք: Քեռուն քնից հանիր, գրպանի գինին ինձ տուր, իրեն թան բեր, թող խմի ու խելքի գա: Շու՜տ արա»:
(շարունակելի)