25
Ամուսինն,
իրոք, հայտնվեց տղամարդու գնալուց քսան րոպե հետո, մրմրթաց, որ փող չկարողացավ ճարել,
բայց վաղը կգնա ու կխոսի հետները, որ էլ իր տուն չգան։ Ու լավ կլինի, որ եղածի մասին
ոչ ոք չիմանա: Իրեն ոչ մի հարց չտվեց, իր կողմը չնայեց ու արագ պառկեց։ Ինքը եղածից
հետո խուսափում էր ամուսնու հայացքից, բայց և սպասում էր որևէ լկտի ակնարկի, որ պայթի,
լացի, բողոքի, բաց թողնելով սանձած նախատինքների կատաղի ոհմակը, բայց լռության կեղտոտ
ծածկոցը փակեց երբևէ անպատմելի միջադեպը։
Ինքը խոսել չէր ուզում ու չէր կարող: Կատարվածը
հիշել էր ուզում, վայելել: Իսկ ամուսնու հանդեպ այլևս արհամարհանքի և խղճահարության
զգացում ուներ։ Բայց էլի կուզեր ներել ու ապրել հետը, եթե գոնե նա համարձակվեր ակնարկել
մի թույլ ներողություն։
Երկրոդ
հանդիպմանը օգնեց Նազենին՝ ամուսնու համար ծանոթի ամառանոցում երկու օրվա աշխատանք
գտնելով՝ գիշերակացով:
Ինքը տղամարդուն ընդունեց սիրալիր, սիրեց ու սիրվեց սիրող կնոջ
պես։ Վայելեց սիրած տղամարդու հետ ռոմանտիկ երեկո դրա բոլոր կանոններով: Եթե նրան պետք
է, որ լինի՝ թող լինի հաճույքի գիշեր ու վրեժի գիշեր՝ իրեն վաճառած ամուսնու համար։
Գիշերն, իսկապես, դարձավ իր կյանքի լավագույն հիշողություններից մեկը: Արդեն ոչ թե
սիրահարվեց, այլ իրոք, սիրեց իր տղամարդուն նրա խոստովանությունից հետո, որ նա իրեն
արդեն համակրելով, հատուկ եկել էր, որ իրեն վատ բան չպատահի: Ինքը կատակեց, որ փաստորեն
վատ բանն ինքն արեց, բայց սառսռաց, երբ տղամարդը լրջորեն նկարագրեց, թե ինչ կպատահեր,
եթե իր փոխարեն լինեին այն լկտի լակոտի պես երիտասարդներ, չհաշված կոյուղաջրով միախառնված
հաստատագրված ինֆորմացիոն հեղեղն իր հեղինակության վրա:
Ամբողջ մարմնով սեղմվեց սիրելիին,
միայն կմկմաց,-Միշտ մնա կողքիս, սիրելիս:
Տղամարդը
միայն հոգոց հանեց, որի իմաստն ինքը հետո ընկալեց:
Իրականում իրենց հարբերությունների հետագան բացի
գաղտնի սիրուց իրական սպառնալիքներ էր պարունակում: Սիրառատ գիշերվանից հետո տղամարդը,
որի անունն այդպես էլ չիմացավ, լիարժեք սիրահարված պատանյակի վարք էր դրսևորում։ Իրենց
կողմերում ժամերով կսպասեր իրեն տեսնելու, իր հայացքին, ժպիտին, լավագույն դեպքում՝
վախեցած զգուշավոր ռեպլիկին արժանանալու համար։
Չգիտեր անելիքը։
Ինքը նորից ընդունելուն ներքուստ
դեմ չէր, բայց անհեռանկար չարագուշակ մշուշը շատ էր, ու արդեն ծագած փսփսոցները կդառնային
բամբասանք։ Ինքն էլ հանդիպման հաջորդ օրը խալաթի գրպանում երկու հարյուր հազար դրամ
էր հայտնաբերել, ժպտացել, հաճույք ապրել դրա հեղինակի ու պատճառի մասին մտքից ու հետո
ամաչել դրա համար քրտնելու չափ ու կտրուկ որոշել՝ «վերջ այսպիսի արտաամուսնական կապին»:
Նազենին փրկեց բանիմաց խորհրդով։ Ասեց՝ «Սա անվերջ
է, դու որոշիր։ Երկուսով էլ սիրահարվել եք, ու նա սիրուց դրդված տեսնել է ուզելու։
Տղամարդու համար հեշտ է, անհետևանք: Որոշիր ու եթե չես ուզում հանդիպել, գնա հորանցդ
տուն։ Ժամանակը կբուժի»։
Գնաց հորանց,
իսկ տղամարդն իրեն փնտրեց, չգտավ ու դիմեց Նազենիին։ Նա էլ թե՝ «Ես իր ազգուտակին ասել
եմ, որ բռնաբարել ես։ Ինքը լռում է, անունդ ու հասցեդ չի տալիս, բայց զգույշ՝ չիմանան։
Գնա, ընտանիքիդ տեր եղիր»։ Ու կապը կտրվեց։
Ամուսնու հետ կյանքը, որ առանց դրա էլ մի բան չէր,
այդ դեպքից հետո ոչ մի բանի նման չէր։ Ինքն
սպասում էր նրա որևէ ակնարկին, որ երեսին շպրտեր իր ձախողված կյանքի պատճառի
խեղված պատկերը։ Բայց նա օրերով խռովի նման ապրեց, առանց պատճառն ասելու։ Ու մի օր
առանց իր կողմ նայելու ասեց, որ գնում է խոպան ու խնդրում է իրեն լավ պահել, որ բամբասանք
չլինի, ու գնաց։
Ինքը գնաց հորանց ու այնտեղ երևացին իր հղիության
նշանները։ Նա այդ լուրը շտապ և հույսով հաղորդեց ամուսնուն, որ ընտանիքը պահպանելու
առիթը չկորչի։
Ամուսնու անողնաշար պատասխանն այնքան ուշացավ, որ
բանից անտեղյակ պտղից ազատվելն արդեն ուշ էր։
Պատասխանը վիրավորական էր ու թափանցիկ՝
«էդ երեխեն ինձ պետք չի։ Իսկ եթե ունենաս, ոչ իմ ազգանունն իրեն կտաս, ոչ էլ ինձ որպես
հայր կգրանցես։ Թե չէ՝ փող չեմ ուղակի։ Դա ինձնից
չի»։
Ուզեց կոպիտ պատասխան ուղարկել այդ աղքատ հպարտ
ապուշին, թե հայրանունը ժանգոտ թիթեղ կդնեմ, բայց Նազենին չթողեց՝ «անուղեղ ապուշին
ոչինչ չես հասկացնի»։
Երեխային ունեցավ, բայց տնտեսական հոգսերին ավելացավ
նաև նվաստացուցիչ բացատրությունը երեխաների
ազգանունների ու հայրանունների տարբերության համար։
Ամուսինն
իր հետ կապ չէր պահպանում, շատ քիչ գումար էր ուղարկում իր քրոջ միջոցով ու միայն տղայի
համար։ Ամեն գումարի ստացումն իր համար հերթական նվաստացում էր, բայց հրաժարվել չէր
կարող, ապրելու հնար չկար։
Իրեն հազիվ էր զսպում, երբ ամուսնու քույրն ամեն
գալիս տնտղում էր անմեղ աղջնակին ու նայելով իր աչքերի մեջ, հարցնում՝ «Ախր էս աղջիկդ
ու՞մ նման է, տեղը չեմ բերում»։
Երբ հորական
տանից վերադարձավ իր տուն, այդ բախտորոշ թիթեղյա տակառն իրենց բակում գցած էր։ Հիշեց,
որ ինքն էր պատմել դրա պատմությունը տղամարդուն, որը նախ չհավատաց, բայց հիշելով իրեն
անծանոթ տղամարդկանց հետ թողնելու պատմությունը, իրեն երկար, շա՜տ երկար խղճաց, ու
ինքը վերջապես նրա ուսին կուշտ լացեց։
Փորձի համար այդ անիծյալ թիթեղն հարևաններին առաջարկեց,
բայց ոչ ոք, նույնիսկ՝ ամենախեղճը, չուզեց՝,- «Էդ զիբիլը տանեմ, ի՞նչ անեմ, Անո ջան»։
Ամուսինը երեխայի դպրոցի փողերն ուղարկել էր ու հատուկ
պահանջել, որ սեպտեմբերի մեկին երեխային իր քույրը տանի դպրոց ու իրեն ուղարկի արարողության
նկարները։ Ինքն այդ գումարը ծախսել էր ընտանիքի պետքերի վրա, ու հիմա ահով էր սպասում
սեպտեմբերի մեկի մոտենալուն ու կամավոր հեռակա ամուսնու քինոտ քրոջ դառնոտ նախատինքներին։
26
Դպրոցում
դասաժամեր էին խոստացել, ու մնում էր սպասել ու դիմանալ։ Բայց հարցը ձգձգվում էր, չգիտես
ինչու։ Միայն թե սեպտեմբերի մեկի այդ գումարը ճարի մեկնումեկից։ Ու երբ տղաներն այցելեցին
առանց ուղեկցողների, իր մեջ թփրտաց վաղուց իր մեջ ծվարած վախը՝ տան մեջ նրանց մնալու
ամեն ավել րոպեն բամաբասանքով կվարակի իր հիվանդացած անունը։ Նրան դեռ սպասում էր դպրոցում
ամուսնացած կնոջ տարբերվող ազգանուններով ու հայրանուններով երեխաներ ունենալու ստորացուցուցիչ
պատճառաբանությունը։
Եվ վախենում
էր թեկուզև անմեղ առիթով տանը տղամարդ ընդունել, և հոգնել էր ուժեղ երևալուց։
Տղամարդու
հուսալի ուս էր ուզում, հենվելու ու լացելու։
Երբ իրենց
տան կողմ եկող Արամին տեսավ, իրեն կորցրեց, սիրտն արագ բաբախեց։ Չգիտեր անելիքը։ Արամին
կոպտել ու վռնդել չէր կարող։
Մեջն ինչ որ ներքին ձայն հայտնվեց ու կարգադրեց Բաբկենին
ուղարկել Նազենիի տուն,- «Գնա մնա էնտեղ, մինչև կանչելս»։ Կիսաթափանցիկ գիշերազգեստ
հագավ, անուժ նստեց,- Էս ի՜նչ եմ անում, գժվել եմ։
Դրսում
լսեց Արամի ձայնը, սիրտը բաբախեց,-Ու՞ր ես
գնում, եղբայր։
Հետո լսեց
Բաբկենի բլբլոցը վազքի ոտնաձայներով միախառնված,- «Մաման ասեց, գնա, որ չխանգարես։
Ես գործեր ունեմ»
Սարսափեց՝ «հիմա գլխի կնկնի։ Ի՞նչ անեմ»։
Լսվեց
դռան թակոցը։
Անուժ
նստեց աթոռին, հետո մոտեցավ դռանը, փորձելով խոսել անհոգ ձայնով,-Արի, ի՜նչ ես ձևեր
թափում,- ու երբ զարմացած Արամը ներս մտավ, ինքը շփոթված տեսքով ձեռքը տարավ դեպի կրծքերը,
երկիմաստ ժեստով կիսածածկելով թափանցիկ գիշերազգեստի տակից երևացող մարմինը,- Վա՜յ,
կներեք։ Հարևանուհուս էի սպասում։ Գալիս է՝ մերսում մեջքս։ Դրա… դրա… համար… եմ այսպիսի
տեսքով… նստեք…- ու տեղից չի շարժվում, ծածկվելու ոչ մի փորձ չի ձեռնարկում։
- «Երանի՜
ինքը սկսի, փրկի էս ապուշ վիճակից։ Ցանկացած ակնարկից կհանձնվեմ, վե՜րջ»։
Իսկ Արամը ասպասելիությունից չգիտի, թե որ կողմ ուղղի հայացքը,- Ոչի՜նչ։ Եկա,
որ…
Անահիտը
չդիմանալով թաքցրած հուզմունքի ճնշիչ տառապանքին, որոշեց գաղտնազերծել ու մաքրագործել
իր ու Արամի մտքերը։ Համարձակվեց, շառագունեց, շունչը կտրվեց,- Լա՜վ եք արել։ Համաձա՜յն
եմ։
Արամի
շփոթվածությունը դեռ չէր անցել։ Չէր կողմնորշվում: Միայն շշմեց,- Ինչի՞ն։
- «Վերջ,
պետք է ասել ու վերջացնել: Անամոթության վարպետ եմ»։- Ուղիղ նայեց իրեն չնայող Արամին,-
Ինչի համար որ երիտասարդ տղամարդը գնում է երիտասարդ միայնակ կնոջ մոտ,-ուղեղն օդում
ինչ որ տեղ թաքնվել էր, նրա փոխարեն անամոթ ու սանձարձակ ծրագիր էր մտել գլխատուփի
մեջ:
Արամը կարկամեց, հպանցիկ հայացք գցեց իր կիսամերկ
մարմնին։
Ինքն արդեն որոշել էր ու այդ հայացքից հետո իրեն ստիպեց ասել,- Դե, վերցրե՜ք
ինձ։ Ես Ձերն եմ:
Արամը դեռ չէր շարժվում, շարունակելով թաքուն նայել
իր մարմնին։ Ինքը սկսեց կասկածել իր արածի ողջախոհությանը։ -«Խայտառակվեցի, բայց հետ
դարձ չկա: Էլ ինչ անե՞մ»։
Հիշեց իր տղամարդու խոսքը՝ «Հետևի կողմից անդիմադրելի ես,
չդիմացա»։
Թույլ
ու անվստահ ժպտաց Արամին ու թեքվեց դեպի օրորոցում քնած երեխան, Արամին պարգևելով ինտիմ
ակնարկած ու կիսաթանցիկ հագուստով կռացած կնոջ անդիմադրելի կանչը մեջքի կողմից,- Հիմա
երեխային ուղղեմ, կշարունակենք,- ու զգում է, որ դողում է ու քրտնում,-«Լրիվ անպատկառ
եմ։ Գոնե մոտենա՜ր, էլ չե՜մ դիմանում։ Սատկեմ, լավ է։ Դե՜, դե՜, դե տղա ջա՜ն, մի ձգիր,
խնդրու՜մ եմ, վերցրու՜ ինձ։ Էլ ի՞նչ անեմ սրանից ավել: Ինձ նման անպառկառ կնոջը մի
հպումն էլ բավ է»։
Անահիտի
դիրքից Արամի ուղեղի մշուշը ցրվեց, ու նա վերջապես գիտակցեց, որ իր երազանքի ու մեծարման
առարկան բացահայտ իրեն մերձեցման առաջարկություն է անում։ Մարմինը վերածվել էր պրկված
ցանկության ու ձգվում էր դեպի զուգավորման կանչող այս հիասքանչ էգը։
Ձեռքը երկարեց
դեպի նրա մարմինը։ Մի հպում ու այլևս անդառնալի կընթանար որձի ու էգի հանդիպման բնության
նախագծած սցենարը։
Հանկարծ կինն ուղղվեց ու շարժվեց դեպի անկողին,- Գնացե՜ք։
Արամի ականջներին հասավ բաղձալի «գնացինք», ու հետևեց
կնոջը, հայացքը չկտրելով նրանից ու ազատվելով վերնաշապիկից։
Բայց երբ Անահիտը պառկեց
մահճակալին, ու ինքը ծնկեց ու դեմքը մոտեցրեց կնոջ շրթներին, կինը փղձկաց ու ժեստով
արգելեց իրեն մոտենալ,- Ա՜խ, հեռացեք։ Անիծյա՜լ խեղճություն։
Արամը
սթափվեց, կարկամեց ու անշարժացավ, չհասկանալով կտրուկ փոփոխության պատճառը։ Իրեն կանչող
կիսամերկ ու ցանկալի կինն իր մերժման հեկեկոցով նրան շշմեցրեց այնպես, ինչպես՝ քիչ
առաջ անսպասելի իրեն մերձեցում առաջարկելով։ Ցանկացած այլ կնոջ ինքն այդ վիճակում բռնությամբ
կտիրանար, պայթյունի պատրաստ մարմնի ցանկության հրահանգով։
Բայց Անահիտն իր համար,
թեկուզ՝ այդ վիճակում, այդքանից հետո հեղինակություն էր, առաքինության տիպար։ Իր կրքի
կանչի դեմ ուղեղը տրամաբանական պատ շարեց՝
գիտակից, բայց խեղճ ու միայնակ կնոջ ֆինանսական խնդիրներով, երեխաների մանկական
պահանջները հոգալու անհնարիությամբ, դպրոցական պիտույքների առաջիկա ձեռքբերման կարևորության
հրամայականով։ «Անիծյա՜լ խեղճություն»։
Պաշտելի կնոջ անպարկեշտ արարքն իր աչքում վեհացրեց
ու սրբացրեց այդ ինքնազոհաբերման ճիգը։ Եզրահանգումից թեթևություն զգաց, փորձեց խոնարհվել
խեղճության ճիրաններում ինքնազոհաբերվող մայրության կերպարի մարմնավորման առջև, բայց
կինն արցունքների ու լացի միջից կտրուկ ու չոր տոնով արգելեց իր մոտ որևէ շարժում,-
Խնդու՜մ եմ, հեռացե՜ք: Ինձ մենակ թողեք։
Ձայնը
դողում էր, խոսելը դժվարացել էր, բայց ասեց,- Ձեզ պաշտում եմ անկախ ամեն ինչից։ Դուք
կնոջ իմ իդեալն եք։ Երեխայի դպրոցի հոգսերը ես կլուծեմ… կներեք ինձ…,- արագ իրեն դուրս
շպրտեց ու նստեց բակի նստարանին, փորձելով իմաստավորել տեղի ունեցածն ու թաքուն հույս
տածելով, որ դեռ կարող է ներս կանչեն։
Երևակայությունը բաց չէր թողնում կնոջ պատրաստակամ
մերկությունը, իսկ ողջամտությունը՝ դառը իրականությունը։ Այդ կիսամերկ մարմինը վերածվեց
ցանկալիի ու իրականության հատման գծի՝ խաչի տեսքով, որում մեկը հաճույք է փնտրում,
մյուսը՝ ինքնազոհողություն։ Ինքը հստակ ընկալում էր շրջապատը, տեսնում էր դիմացի տան
պատուհանից ծիկրակող Նազենիին, լսում Անահիտի հեծկլտոցը, բայց ուղեղում դրանց տրամաբական
կապը չէր հաջողվում ստեղծել:
Գլխում խառն էր, անպատասխան հարցադրումների մրրիկ, - բարձացրած
իրականության փոշով, աղմուկով։
Հասկացավ, որ Անահիտն իր առջև մերկացրել էր ոչ թե
իր մարմինը, այլ այն իրողությունը, որը ինքը տեսել է ու չի նկատել, չի իմաստավորել։
Անահիտն ուղեկից ուսուցչի պես հենց նոր իր ձեռքը բռնած իրեն պտտեցրեց իր համար անծանոթ
կյանքի դրվագների կողքով, օգնելով վերաիմաստավորել կյանքն ու մոտեցումը կյանքի հոգսերին,
հասկացնելով հաճույքի ու պարտականության գինը։
Հենց այդտեղ, Անահիտի տան դիմացի նստարանին նստած
նա զգաց, թե ինչպես հենց նոր դուրս եկավ ծնողական հոգատարության ու ինքնագոհության
բոժոժից ու հայտնվեց չոր հաշվարկային հարթությունում, որտեղ ամեն ինչ գին ունի, քո
մասին մտածող ու հոգացող չկա, մենակ ես անձրևի ու քամու, ծարավի ու քաղցի, ճամփեդ կտրող
ավազակի ու քեզանից օգուտ ակնկալող ծանոթ անծանոթների դեմ։
Ինքը պարզ տեսավ իր ծնողների ու պապիկի սպասելիքն
իրենից ու հասկացավ նրանց երբեմնի հիասթափության արմատները։ Պարզ տեսավ նրանց իրեն մեկնած կյանքի ընկալման բանալին
ու հենց այդտեղ ընդունեց այն։
-«Խոստանում եմ երբեք ձեռքիցս ցած չդնել, պապ, հեր։ Ի՜նչ
խորհրդավոր օր ապրեցի։ Ձեր արև, նույնիսկ էն կիսախելառ աղջկան էլ սկսեցի հասկանալ»։
Վճռական
շարժումով շարժվեց դեպի իրենց ամառանոց։ Մուտքի դռան մոտ տեսավ Շողերին, որ փորձում
էր այլալված դեմքին արհետական ժպիտ խաղացնել։
27
Շողերի
ժպիտը լացախառն էր,-Կարո՞ղ եմ շնորհավորել։ Ամենաերկարը դու մնացիր։
Կոպտեց,
ինչքան կարելի էր կոպտել սիրելի աղջկան,-Ինչքա՜ն դժվար է բարի ու կարեկցող լինել, գոնե՝
խեղճերի հանդեպ։ Տեղ չգնաս, գալիս եմ,- նստեց մեքենան։
- Իսկ
միգուցե ինձ տուն տանե՞ս։ Մնալուս իմաստը չեմ հասկանում։
- Իսկ
դու փորձիր։ Միգուցե ինձ մենակ թողնե՞լ չի կարելի այս վիճակում,- մեքենան տեղից շարժեց,
հեռացավ։
Շողերն
անակնկալի եկավ։ Գոնե լիներ որևէ սուտ բացատրություն, նորից իրեն կհամոզեր ներել, ինչպես՝
ննջարանում բռնությունը։
Ներս անցավ հայացքը փախցնելով։
Կորյունը, որ ևս անհանգիստ էր Արամի համար, նկատեց
Շողերի հուզմունքը,- Ի՞նչ եղավ, աղջիկ ջան։
-Ոչինչ,
առաձնապես։
-Արամն
ու՞ր գնաց։
-Ինձ չի
զեկուցում։ Կատաղած էր։
Կորյունը
բացատրության համար նայեց Գայանեին, սա ձեռքը տարավ սրտին։
Կորյունը գլխով արեց, հեռախոսի
վրա համար հավաքեց, շարունակելով գաղտնի հետևել Շողերին։
- Ու՞ր
ես, տղա ջան… չի կարելի էդպես: Եթե օգտագործել ես, անհապաղ..,- անջատեց հեռախոսը,-
Իր ասելով անհետաձգելի գործ ունի, կես ժամից կգա։ Մեզանից բոլորից ներողություն է խնդրում,-
դիմեց Շողերին, որ առանձնացած արցունքներն էր սրբում,- Մի հուզվի՜ր, աղջիկս։ Լավ կլինի։
Լռություն
տիրեց։
-Եկեք
ձեզ տուն տանեմ, աղջիկներ։ Ծնողներդ կանհանգստանան։
Տաթևը
ձայն տվեց համակարգչի սենյակից, Լևոնի կողքից,- ճիշտ է, Շողի ծնողները սպասում են։
Հը՞, Շող, գնացի՞նք։
Շողերն
անակնակալի եկավ, մոտեցավ սեղանին,- Սեղանն հո այսպես չե՞նք թողնելու։
Կորյունն
ու Գայանեն հայացքներ փախանակեցին։ Շողերը սկսեց հավաքել ափսեներն ու դրանք տանել խոհանոց։
Տաթևը
առաջացավ համակարգչի սենյակից,- Ասում էի, չէ, որ հերթով…
Լևոնը
բարկացած տոնով կտրեց Տաթևի խոսքը,- Տաթ, չե՞ս զգում, որ դրա տեղը չի…
- Էս ի՜նչ թարս
օր էր։
Կորյունը
նորից նայում է Գայաներին, սա հասկացնում է, որ ցուցմունք չի տալու։
Տաթևը
նկատում է նրանց լուռ երկխոսությունն ու բարկացած դիմում է Գայանեին,- Էս ամեն ինչը
քո պատճառով եղավ։ Գիտես, չէ՞, ընկերուհի։
Գայանեն
մի պահ լռում է, երևի սպասելով աջակցության։ Բայց նկատելով իրեն ուղղված հայացքները,
հասկանում է, որ յուրօրինակ դատավարությունը շարունակվում է, ուսերն է թոթվում,-Պատճառը
փնտրելիս նախ քեզնից սկսիր։
Տաթևն
էլ սկսեց հավաքել ափսեները, -Ինչպիսի՜ ապուշ միտք,- խոհանոցից լսվեց կոտրվող ափսեի
ձայնը,- տեսա՞ր։ Շողիկին ու ափսեներին էլ կատաղեցրիր։
-Միտքը
գնահատողը հասցեատերն է։ Ես չեմ ասել, մի իմաստուն է ասել։
- Ինչի
ապուշ իմաստուն չի՞ լինում։ Կարելի է ծածկվել ցանկացած մտքով ու մարդկանց կյանքը թունավորել։
Կորյունը
ժպիտով հետևում էր աղջիկների երկխոսությանը, բայց նորից ավելի զգայուն էր Գայանեի խոսքի
հանդեպ, ինչը բարկացնում էր Տաթևին։
Գայանեն,
ի տարբերություն Տաթևի, իրեն հանգիստ էր պահում,- Եթե մեջդ կյանքի անակնկալների հակաթույն
չունես, ու՞ր ես դուրս եկել զբոսանքի, բալիկ։ Ինչու՞ ես ծնողներիդ ձեռքը թողել, դուրս
եկել զբոսանքի տղաների հետ առանց վարքի կոդեքսի։
Տաթևը
աչքերը փախցրեց, գնաց խոհանոց, այնտեղից ձայն տվեց,- Ես իմ ընկերների հետ էի, ի միջի
այլոց։
- Ուրեմն
իրենցից էլ պահանջիր քո սպանված ու չստացված ժամանցի հաշիվը։
Շողերը
լարված էր, շարժումները՝ նյարդային։ Ափսեները նորից ձեռքից ցած թափվեցին։
Վերցրեց,
նստեց աթոռին,- Ես Գայանեից չեմ նեղանում։
Մեզ ցնցում էր պետք, ու ինքը դա արեց, ասելով, որ սխալ ենք ապրում։
Տաթևը
շշմեց,- Քեզ ի՞նչ եղավ: Դավաճա՜ն։
- Հնարավոր
է։ Իսկ մեր ինչը՞ դավաճանության չէ՞ր: Տղաների փողով թուղթ խաղալը Նվերի հետ, խեղճ
կնոջը հյուր գնալը, Գայանեի աշխատանքը վիրավորելը, թե՞ տատիկին նեղացնելը։
Լևոնն
արագ մտավ խոհանոց, դիմեց Շողերին,- Ախր, լռի՜ր։ Գոնե ձենդ իջեցրու:
-Ինչու՞
լռեմ, եթե դրանց դեմ եմ ու ամաչում եմ եղածի համար։ Միգուցե ասել՞ն օգնի, որ սթափվենք։
Տաթևը
զարմացած էր,- Ես էլ կարծում էի, թե ընկերուհիս ես, դավաճա՜ն։
- Ես մեկը
մյուսին բացառող կապ չեմ տեսնում։
Կորյունը
լրջացավ,- Մի ամբողջ պատմություն է խաղարկվել այստեղ ու ինչքան խորանում ենք, այնքան
տիղմն ու իր նեխահոտը նեղում են։ Իսկ արտաքուստ այնքան գեղեցիկ է ու գրավիչ։- տխուր
ժպտաց Գայանեին,- Արամի վրա՞ էլ հոդված կա։
Գայանեն
հոգոց հանեց,- Ինձ իմ արածն ու չարածը հերիք է։ Թող իրենք ասեն, մեղքերը վրաներից թոթափեն,
ու էլի երջանիկ ապրեն։
28
Կորյունի
հեռախոսի վրա զանգ եկավ, հեռացավ, միացրեց, խոսեց, վերադարձավ այլայլված դեմքով,-
Արամի հետ տհաճ պատմություն է տեղի ունեցել։
Լևոնը
շտապում է Կորյունի մոտ,- Ի՞նչ, Կորյուն քեռի։
Կորյունն
իր մտքերի հետ էր,- Չգիտեմ առայժմ։ Պատրաստվեք, ձեզ տանեմ ձեր տները, գնամ Արամի մոտ։
Խոհանոցից
կոտրվող ափսեների ձայն է լսվում։
Շողերն առաջանում է խոհանոցից, անուժ նստում բազմոցին։ Աչքերը դեռ թաց են,- Բայց
ի՞նչ է եղել։
- Գնացել
է կրթության բաժին, մեր հարևան Անահիտի համար վիճաբանել, թե ինչու դասաժամեր չեն տրամադրում,
չեն հետաքրքրվում։ Պահանջել է նրան վերաբերող թղթերը, հայհոյել, որ բոլորը կաշառակեր
են: Քաշքշել է, վիրավորել։ Էլի տհաճ բաներ են եղել, որ հեռախոսով գերադասեցին չասել։
Վատ է, շա՜տ։
-Իսկ ո՞վ
է եղել այնտեղ։
- Հավաքարարուհին
ու մի շարքային աշխատող, 60 տարեկան, որն այդ հարցերով չի էլ զբաղվում։ Աշխատանքային
օրվա վերջն է եղել ու դա երևի, լավ է,- խոսելու հետ Տաթևին միմիկայով հասկացնում է, որ Շողերին ուղեկցի
բաղնիք, օգնի լվացվել։
Տաթևը
դիմում է Շողերին,- Լավ չե՜մ, հետս արի բաղնիք,-Շողերի հետ գնում է բաղնիք։
Լևոնը
դիմում է Կորյունին,- Եթե պետք է, ես էլ գամ։
- Դու՝
չէ։ Հիմա երևի ստուգում են նրա հարբածության չափը։ Օգտագործե՞լ է։
Տաթևը
վերադառնում է բաղնիքից,- Շա՜տ քիչ, տրամադրության համար։ Ես էլ կգամ։
Շողերն
էլ է վերադառնում բաղնիքից,- Իսկ ես չեմ կարող գալ։ Գամ՝ որպես ո՞վ։ Վախենամ, որ կոպտի,
թե ինչու եմ գնացել։ Ինձ ճիշտ հասկացեք, այսքան բանից հետո ինձ թողնել այստեղ, հյուր
գնալ հարևանուհուն, հետո գնալ նրա համար կռիվ սարքել: Վիրավորական է, ստորացուցիչ։
Գայանեն
ուզեց խոսել, բայց լռեց։
Կորյունը
գլխով արեց Շողերի կողմը,- Ինչպես կուզես, պատրաստվեք։ Մենակ կգնամ։
Շողերն
ուղղում է հագուստը,-Տաքսի եմ կանչել։ Ձեզ չենք անհանգստացնի այդ վիճակով,- լսվում
է ավտոմեքենայի ազդանշանի ձայն։- Տաքսին է, գնացինք։ - մոտենում է Գայանեին, համբուրվում
հետը,- Եթե իմանամ, որ անակնկալ չես հրամցնի, կուզենայի էլի հանդիպել։ Ես քեզանից շնորհակալ
եմ:
Գայանեն
ուսերն է թոթվում,- Իմ վարքն արձագանք է վերաբերմունքի՝ իմ կամ շրջապատի հանդեպ։ Եվ
մեկի, և մյուսի ընտրությունը քոնն է, արձագանքն՝ իմը։
Լևոնը
հեգնում է ոչ մեկին չնայելով,- Անորոշ բառերի ծխածածկույթով տեսության հաճույքն էլ
է թմրանյութ, խաբուսիկ ու կրկնվելու իղձով։
Տաթևը, Լևոնն ու Շողերը Կորյունի հետ մուտքի դռնից
դուրս են գնում։
Մի քանի րոպե անց Կորյունը վերադառնում է,- Ու՜շ
է, աղջիկս, պատրաստվիր։ Քեզ ու՞ր տանեմ։
- Ես էլ
եմ գալիս, ու դա չի քննարկվում։ Այսպես Ձեզ չեմ թողնի։
- Դու՞։
Ինչի՞ համար, աղջիկս։
- Առնվազն՝
որպես վարորդ։ Դողում եք։ Այսպիսի վիճակով մեքենա վարել չի կարելի։
- Փաստորեն
անտարբեր չես քեզ համար անտանելի մարդու ճակատագրի հանդեպ։
- Հիմա
հակամարտություն չկա։ Կա լավ մարդ, ուսերին հոգսը թառած։ Երբ լավ մարդուն վիշտն է պատում,
բարիկադները քանդվում են, ճամփա բացում կարեկցությանը:
- Իրո՞ք լավ մարդ։ Չե՞ս շփոթում։ Արամիս մոտ նույնը
կասե՞ս։
- Տղերքը
լսել են Ձեր հրահանգը երիտասարդ ոստիկաններին՝ «Տղերք, բոլոր դեպքերում մարդ մնացեք։
Նրանք էլ մերոնք են ու մի այլ տեղ հանդիպելու ենք ուրիշ առիթով, իրար ճանաչելու ու
տա աստված՝ առանց ամաչելու»։
- Բա երեխեքի
մոտ ինչի՞ էդ մասին չասեցիր, ու պահվածքդ ագրեսիվ էր։
- Որ հակամարտության
ոգին չթուլանա։ Գնանք, ուշ է։ Խեղճը մենակ է։
- Իսկ
մեքենա վարել գիտե՞ս։
- Սեփական
տաքսի եմ վարել։ Մեքենան հին էր։ Հուսով եմ վարկով նորը գնել։
-Ի՞նչ
կարող ես անել, այնտեղ, աղջիկս։
- Իրոք
ամբողջ եղածի հեղինակը ես եմ։ Ընկերոջս օգնելու համար ու արդեն գիտեք, թե ինչպես ստիպեցի
մտածելով ապրել էդ խակ ուղեղներին։ Կանեմ բացառապես Ձեր ասածը, նունիսկ՝ անհնարինը։
-Գնացինք,
աղջիկս։ Էս պահին անհնարինը քո ջերմությունն էր, ապրե՜ս։ Զանգիր ծնողներիդ։ Եթե դեմ
չեն լինի՝ գնանք։
-Գնացինք,
ուսուցիչ։ Մեքենայի միջից կզանգեմ։
Կորյունը
գրկում է Գայանեի ուսը, համբուրում ճակատը,- Կարոտե՜լ էի, աղջիկս։
Գայանեն
չի ընդիմանում, ժպտում է Կորյունին։
Միասին
դուրս են գնում մուտքի դռնից։
վերջ, 2016 Դորոխովո