Литературный портал

Автор поста

Արժան անարժան (1) 18+



Արամն ու Լևոնը պարապությունից սրճում էին բացօթյայում ու զննում մայթով անցնող աղջիկներին, նրանց համար կիսալսելի քննարկում նրանց բարեմասնությունները, բայց էլի ձանձրալի էր: Ձանձրույթը հունից հանում էր, որոճող լարվածություն ստեղծում։ Այն որևէ տժժոցով սվաղել էր պետք։ Կրկնության թանձրուքը կախվել էր օդում, դանդաղեցրել միտքն ու շարժն ու դարձել անհետաքրքիր։ Մտքերը երկար որոճվում էին, բայց էլի առաջ չէին գնում։ Փախչել էր պետք։
Արամը հորանջեց,- Սրություն եմ ուզում, ուղեղիս խուտուտ եմ ուզում, գռգռիչ ու գժոտ,- փորձեց ձեռքի շարժումով ողջույն ուղարկել դասի շտապող Շողերին, բայց նրա շարժումը դանդաղ էր, իսկ Շողերը շուրջը չէր նայում։ Փորձեց կանչել, բայց Շողերն արդեն ընկերուհիների հետ կրկչում էր։
Արամը ձեռքը նորից կախեց ու նորից հորանջեց,- Էսօր ծնունդդ չնշե՞նք:
-Իմաստը,- հորանջեց Լևոնը, որ մտնի խոսակցության իմաստի մեջ:
-Կվերցնենք Տաթոյին ու Շողերին, կգնանք մեր ամառանոց, ու էնտեղից Շողերը տանտիկին դուրս կգա: Ոնց են ասում՝ կկպցնենք հետաքրքիրը անհրաժեշտին, իսկ անհարժեշտը կարևորին։
-Այսինքն ի՞նչ պիտի անես, որ դառնա տանտիկին: Վտանգավոր չի՞:
-Կհամոզեմ։ Սիրում եմ, կհամոզեմ, որ իրոք սիրում եմ։ Տաթոյին կասե՞ս, որ չվառի:
-Տաթոս նորվա համոզվածն ա՞: Հետս քեֆի անուն տուր, խելքը առ: Լա՜վ կլինի, մի քիչ էլ կտանկահարեմ։ Երեկ ջարդվեցի։ Այրաթ էր, ինչ էր, սատանի ճարպկություն ուներ ախմախը։ Կատաղությունից չեմ քնել։ Գնացինք շուտ։ Դրան ջարդելու եմ։

Արամի մեքենայի մեջ չորսն էին՝ Լևոնը վարորդի կողքի նստատեղին ու Տաթևն ու Շողերը՝ հետևի նստատեղին: Լևոնն աշխուժացել էր, անեկդոտներ էր հիշում ու շարում: Ու, որպեսզի Շողերը կտրվի իրականությունից, Արամն իր հռհռոցով վարակում էր աղջիկներին ու մեկնաբանում և անեկդոտը և հռհռոցը, որ անհոգության մթնոլորտը արգելափակի լրջության որևէ հավանականություն։
Բայց ծիծաղելու արանքում Շողերը հասցրեց լրջացնել ժամանակի քրքջոցը, - Երեխեք, բայց գոնե ժամի յոթին տանը լինեմ։ Հայրիկիս խոստացել եմ:
Արամը համաձայնվեց ծանրակշիռ դեմքով,- Հա, բայց ճամփի ծախսը հանած։ Էդ մաթեմը ում պետք է-կբացատրեմ։
-Ժամ ու կեսի կեսը հենց ճանապարհն էր,- Շողերը նայեց շուրջը,- բայց ու՞ր ենք գնում։ Այդ ի՞նչ սրճարան է քաղաքից դուրս։
Տաթևը ծիծաղեց,- Փախցնում են ․․․ վերջապես։ Ա՜խ, տեսնես ո՞վ է էդ առյուծը:
Արամը ժպտաց,- Լա՜վ միտք էր, Տաթո ջան։ Աչքիս դու դեմ չես, Շողիկին էլ կպարտադրենք՝ կհամոզենք, չէ՞։
-Դուք ինձ տարեք, Շողերին հետս կբերեմ, հետո դուք գիտեք։ -Չէ։ Կտրականապես ոչ մի փախցնել ․․․ առանց ծնողներիս իմացության։
Արամը գոհ ծիծաղեց, -Այ Շող, մենակ քո հերը չի խիստ: Զանգեց, գոռաց, որ պատուհանները բաց են։ Փակենք ու կգնանք մեր ծնունդին։ Լևոն, չես նեղանա, չէ՞։
-Չէ, ինչի՞ց: Կարելի է էնտեղ էլ նշել: Ժամանակ ու փող կշահենք,- ու Շողերից թաքուն աչքով է անում Տաթևին։
Տաթևը ծափ է տալիս, - Պաշտու՜մ եմ ամառանոցը: Աչքից հեռու, մաքուր, առանց կողմնակի նախանձների թթված ու աղակալած արձագանքների։ Շող, կասենք գրադարանում ենք եղել: Պետք է, հետդ կգամ, ձեռքիս էլ գիրք․․․ եթե․․․ չփախցնեն։ -Ոչ ստելու եմ, ոչ փախնելու: Հայրիկիս խոստացել եմ չստել: Թեկուզ անմեղ սուտը դառնում է մեղք։ Ծնողներիս համար կլինի տհաճ բացահայտում, որ ամառանոցում, բոլորից թաքուն, տղաների ընկերակցությամբ․․․․
- Ի՞նչ մեղք: Մեղքը դու ես անիմաստ սկզբունքով։ Անմեղ սուտը ծնողին փրկում է անիմաստ ապրումների հուզմունքից։
-Չեղավ, ի՞նչպես բացատրեմ հայրիկիս, որ չկասկածի, որ իրեն խաբում եմ։ Ես ու հայրս ամուր սկզբունքերի տեր ենք։
Լևոնը խոժոռվեց,- Երբ ինձ ողջունում ես, զանգում ես հոր՞դ։- աչքով է անում Տաթևին, ով կրկչաց։
-Չէ, դրանք ամրագրված գործողություններ են, ի սկզբանե համաձայնեցված: Իսկ այ, սրճարան գնալը տղաների հետ, անպայման...
-Դրանք քո ընկերներն են, ոչ թե՝ ինչ որ տղաներ,- ավելի խոժոռվեց Լևոնը։
-Ծնողներիս հետ ամրագրված օրակարգի մեջ դուք նշված չեք։ Եթե ուշանանք՝ կզանգեմ,- ժպտաց Շողերը։
Արամը պաշտպանեց Շողերին,- Ի՜նչ եք վրա տվել։ Հարգում է ծնողին տված խոստումը։ Դա շատ ճիշտ է։ Ես էլ մեր․․․ իմ երեխեքին էլ էդ ձև կդաստիարակեմ։
Արամը շփոթվեց, մյուսները ծիծաղեցին։

2
Հասան տեղ, իջան մեքենայից։ Աղջիկները որոշեցին զբոսնել ամառանոցի այգում, իսկ տղաները մեքենայի միջից իրերը դատարկեցին ։
Արամն ուրախ էր, -Աղջիկներ, ո՞նց եմ այգի մշակում։
Լևոնը զարմացավ, շշնջաց,- Դու այգի մտած կա՞ս, թիթիզ։ Արամն առարկեց հպարտ դիրքով, բայց էլի շշնջոցով,- Միավոր է, էլի։ Ապագա կնոջս մոտ թող հավաքվեն։
Շողերն ուշադիր զնում էր ծառերը, -Ընտիր է, իսկ սա ի՞նչ ծառ է։ Արամը նայեց ծառին, շուրջը, գլուխը քորեց, ուսերը թոթվեց, - Չգիտե՜մ։ Բերքը տեսնու՞մ եմ, որ իմանամ։ Հարևանների երեխեքը թռցնում են։
-Հետաքրքի՜ր է, իսկ սա՞։
Արամը փորձեց հեռանալ, բայց չհասցրեց։ Ցածրաձայն բողոքեց Լևոնին, - Այ քեզ կրա՜կ։ Սա պոտենցիալ քննի՞չ է, թե՞ պոտենցիալ կին։ Դու չգիտե՞ս։
Լևոնն ուսերը թոթվեց,- Բայց դա նույնը չի՞։ Չէ, չգիտեմ։
Արամը դիմեց Շողերին,- Չգիտեմ, խառնում եմ։ Կարծեմ՝ խնձոր։ Շողերը ծիծաղեց,- Մշակելիս գոնե հարևանի երեխեքից ճշտիր, նոր մշակիր։ Եթե բալի ու ծիրանի ծառերն առանց բերքի չես տարբերում, լավ կլինի ծառներին չմոտենաս, կչորանան։ Ես ծիրանենու տեսակն էի ճշտում։
Լևոնը սրամտեց,- Ծիրանը շուկայում չի առաջանու՞մ։- սեղմեց Արամի ձեռքը,- Գործերդ լավ են։ Միավորներդ հաշվիր։ Այգուց հասկանում է։
Արամը հրեց Լևոնին,- Դավաճան, չէի՞ր կարող հուշել կամ թեման փոխել։
- Հուշել հաստատ չէի կարող, կվնասեի։ Մեջ ընկնելուց վախեցա, որ ինձ էլ հարցեր չտա։ Ուսանող չե՞մ։

Շողերը նկատեց, որ տղաները ուտելիք են դատարկում մեքենայից- Տղաներ, դուք պատրաստված եք եկել: Ինչու՞ ախր։ Միթե՞ չէր կարելի առանց դավադրության։
Արամը զարմանք խաղաց,- Բայց ամառանոց ուտելիք բերելու իրավունք չունե՞մ: Կիրակի գալու ենք։ Բայց լա՜վ միտք էր։ Ի՞նչ չունենք, որ սրճարանում կա, բացի հարբած մռութներից, բոնուս կռվշոցից ու զրույցներից՝ ով ում ինչ ասեց։
Շողերը գլխով է անում,- Ձեր գինեհամ կռվշտոցի պատճառ դառնալը սառսուռ է բերում։ «Ինչի՞ նայեցիր աղջկաս մարմնին»։ «Չեմ նայել, ախպեր»։ «Ո՞նց թե, ուրեմն նայելու բան չկա, հա՞»։ Տաթևը ծափ տվեց,- Կոնսենսուս։ Պաշտում եմ լավ մտքերն ու միջավայրը։ Մեկ է՝ ինձ նայելու են, Լյովս էլ՝ նեղվելու: Էստեղ։ Արամն աչքով արեց,- Ո՜նց ուզում եք։ Ձեզ՝ սեղանը, մեզ՝ խորովածը։
Շողերը ծիծաղեց,- Պատուհաններին չնայեցիր էլ։
Արամը նայեց՝ պատուհաններ փակ էին։ Հոգոց հանեց, -Որ փակ են, ինչ նայեմ։ Չկպավ, ես սուտլիկ չեմ։ -ուրախացած շշնջաց Լևոնին,- Լավ ա: Ինձ հետևում է։
-Հա, բայց ռեյտինգդ ես կորցնում։ Կինն ի՞նչ է ուզում ու փնտրում։
-Կայուն եկամուտով, լուրջ ամուսին։
- Ես կասեի՝ նախ կայուն կերպարով ամուսին։ Տեր եղիր կերպարիդ իմիջին։ Աչքիս առաջ քայքայվում է։ Վատ կողմերդ ցցվեցին աչքիս դեմ, փուհ։
-Հիմա։ Բայց էլ քո վրա հույս չեմ դնի։
- Ինքնահավան ստեր փրկելը խելք է ուզում։ Իմ չափի ստեր ասա, փակեմ։

Դարպասից տարիքով կին է ներս մտնում, նայում Արամի կողմը,- Հարևանի իրավունքով եկա ստուգեմ, թե՝ ով է եկել: Բարով եք եկել, Վազգեն ջան:
Արամն ընկերներին է ներկայացնում կնոջը,- Երեխեք ջան, մեր լավ հարևանուհին է- Նազենի տատը:,- թեքվում է Շողերի կողմը,-Ես ձևիստ չեմ։ Տատին է փակել, բայց չի ասել։ Չէ՞, տատ,- մոտենում է Նազենիին, խոսում ցածրաձայն,- Տատ, ասա, որ դու ես փակել հորս զանգելով։
Նազենին գլխով է անում,- Հա, Վազգեն ջան։ Քամի էր ուժեղ։ Հերդ էկավ, փակեց, գնաց։- աղջիկները ծիծաղում են, Արամը շշնջում է Նազենիի ականջին,- Չէ, վա՜յ։ Առավոտն եմ փակել։ Հերդ զանգեց։ էս ի՜նչ սիրուն աղջիկներ ես բերել, տղա։ Չնայած հիմիկվա սիրունությունը սարքովի կպցնովի ա, բայց էլի ոչինչ:։ Աղջիկների կողմից դժգոհ քրթմնջոց լսելով, Արամը թևանցուկ է անում Նազենիին, քիչ հեռանում,- Սու՜ս, տատ։ Իրենք իմ ընկերուհիներն են, կնեղանան։
Շողերը նեղացած արձագանքում է,- Փաստորեն հայրդ փակել է, հետո քեզ ցուցում տվել, թե եթե պատրվակ պետք լինի, պատուհանները կնշես: Ես իրեն կբողոքեմ։
Լևոնը զարմացած նայում է Արամին,- Շողեր, կապշեմ այն տղայի վրա, որ քեզ ճանաչելով կտանի իրեն կին, որպես հսկիչ վերակացու: Սուրաչք, դաժան հսկիչ ես:
Արամը ոգևորվում է, տեսնելով Շողերի իրեն ուղղված շփոթված հայացքը,- Շողեր, ինչի՞ ես քո դեդուկտիվ տաղանդն իմ կերպարի դեմ ուղղել։
Շողերն ավելի է շփոթվում, տեսնելով տղաների դավադիր ժպիտները, - Ոչ թե կերպարիդ, այլ՝ մտադրությանդ,-հանկարծ ձգվեց,- ինձ վերաբերվող հարցերում շատ ես օգտվում մութ գույներից։ Ազնվորեն ասա, մի ձևացրու միամտություն։ Ձեզ հո վստահում ենք:
Լևոնը հիացավ,- Պարզվում է՝ անխղճությունն էլ շրջանցող տեսություն ունի թթվածնի խնայող չափաբաժնով։
Տաթևը դժգոհոթյան ժեստ է ուղարկում Շողերին,- Լավ, վե՜րջ։ Ես իրենց հետ ապահով եմ զգում, ու դու էլ գիտես։
Արամը համբուրում է Տաթևի ձեռքը,- Ընկեր եմ ասել, հա՜։ Լևոնը ցցում է կուրծքը, - Իմ ծանր հրետանին։ Ծնողներիս դատից փրկողը։
Նազենին գնում է դեպի դարպասը,- Վազգեն ջան, գնալուց տեղյակ կպահեք։
Արամը շտապում է ուղեկցել Նազենիին,- Ես Վազգենը չեմ տատ, ինչքա՜ն ասեմ։ Վազգենը փոքրն է, տանը քնած, կամ՝ դրա նման մի բան։ Մենք եկել ենք քննության պատրաստվելու։ Արդեն ցանկապատի այն կողմից Նազենին ժպտում է,- Տեսա տղես, քննության նյութերը,- աղջիկները շփոթված ծիծաղում են,- միսը, շշերը։ Ձեզ ուրախ ժամանց։
Շողերը նկատում է,- Ի՜նչ լավ տատի եք։ Բաց հոգի, անկեղծ լեզվով, մաքուր սրտով:
Արամը հոգոցով դիմում է աղջիկներին, - Վայ, ճաշին տեր եղեք,- աղջիկները ներս են գնում,- դառնում է Նազենիին,- Տատ, հիմա թող աշխատեն, խորովածը որ եղավ, կկանչենք, հա՞։
Նազենին տխուր ժպտում է,- Չէ, տղաս, չեմ ուզում։ Եթե ուզում եք, տարեք․․․- մտածում, ձեռքը հուսահատ շարժում է, ինքն իրեն խոսելով հեռանում։

Քիչ հետո ներսից Տաթևը ձայն է տալիս,- Տանդ հոսանք չկա, պարոն Արամ։ Թե բան ես մտածել, մենք մթան մեջ քեֆ անող չենք։ Ապացուցիր, որ անմեղսունակ ես։
Լևոնը ևս մտնում է շենք,- Վայ, կռիվս մնաց, հոսանք բերեք։ Տաթևը դժգոհ է,- Լա՜վ էլի, Լյով, էսօր ի՞նչ տանկ։ Կռի՞վ ես ուզում, սարքեմ գլխիդ։ Իմ սիրած թեման է։
-Այ, դրա համար էլ չեմ ամուսնանում: Ատելության չարություն եմ ուզում։ Ունե՞ս, որ ատեմ, կրակեմ ու սպանեմ։ Բայց քեզ չեմ սպանի, կօգտագործեմ: Այրաթին եմ ուզում։
-Ինձանից սիրուն է՞։ -Դժվար։ Տղամարդ է, թաթար։ Տանկերս կոտորել է, կյանքս՝ կերել։ Մի ամիս է, երազումս ոչ թե քեզ, այլ նրան եմ տեսնում։ Էսօր ջարդելու եմ։ - Ամե՜ն ինչ կլինի, սիրելիս։ Ամուսնանանք, էնպես չարացնեմ, հեղափոխություն անես: Արամը ձայն է տալիս Նազենիի կողմը,- Հոսանքին ի՞նչ է եղել, տատ։ Դուք ունե՞ք։- ձայնը ցածրացնում է,- Այ քեզ կրա՜կ, հիմա հետ կգա։
- Քամի է եղել, տղա ջան։ Ուժեղ քամի եղավ, հարևանների տանիքը տարավ, ձեր լարերը պոկեց, եկան բզբզացին գնացին, թե՝ թող տանտերերը զանգեն, կգանք: Չգիտեմ, կարողա և փող են ուզում։
Արամը քրթմնջում է,- Բայց ինչքա՞ն կուզեն։ Զանգեմ դասընկերս գա։ Ամեն ինչից հասկանում է, բացի՝ կյանքից։ Գոնե՝ նոր ծախս չբուսնի։ Աղջիկները կհամբերեն, չէ՞:
Տաթևը ձայնը ծորացնում է,- Դե ոչի՜նչ, էլի՜։
Արամը զարմանում է,- Ինչ՞ն է պակաս։
Տաթև,- Ժենգալով հաց ուզեցի, չլսեցիք։ Ոչինչ, դե լավ: Երշիկեղենը ծերացնում է։
Լևոնը վազում է միջացքի հայելու մոտ,- Բա ինչի՞ ես հիմա ասում։ Հիմա ես քանի՞ տարեկան եմ, եթե քսանմեկ տարեկան եմ ու երշիկակեր եմ։ Կհիասթափվե՞ս:
Շողերը մոտենում է Տաթևին, շշնջում,- Իրո՞ք ուզում ես։ Մե՜ղք են, երևի փող չունեն։
Տաթևը հեգնում է բարձրաձայն,- Ամեն մեղքի չափը ցանկությունն է։ Մեր այստեղ գալը հենց պահանջելու իրավունք է: Լյով, կլինի՞ ձեր ու մեր ժենգալով հացը։
-Ախր խորովածի հետ էլ ի՞նչ հաց, այ մեղմամաբարո ահաբեկիչ։ Արամը հանում է հեռախոսը,- Չէ՜, իրենց ուզածն է։ Ասեմ՝ Նվերը բերի։ Չէ, փող չի ունենա։ Զանգեմ, ընկերս իր խանութից ծաղիկների հետ ուղարկի,- հեռախոսով զանգում է,- Գագ, մոռացել ենք աղջիկների համար ծաղիկներ ու ժենգալով հաց վերցնել ․․Ամառանոցում ենք։ ․․․երկու... Կես ժամի՞ց, եղավ։

3
Փողացում տաքսի է կանգնում։
Արամը մոտենում է, վճարում ու դարպասից ներս գալիս ուղևորի հետ։ - Ծանոթացեք, դասընկերս է, Նվերը։ Ամեն ինչի սարքել մարքելու մասնագետ։ Նվեր, ընկերս ու ընկերուհիներս են՝ Լևոնը, Շողերն ու Տաթևը։ Աղջիկները չափից դուրս գեղեցիկ, բայց համեստ են, չսիրահետես։ Կթողնեն, կգնան, մենք՝ կթոշնենք։
Տաթևը ծիծաղում է,-ճիշտ չի ասում, Նվեր։ Պաշտում եմ սիրո խոսքերը, մանավանդ՝ այ էդպիսի մտահոգ դեմքով տղաներից։ Շողերը ժպտում է Նվերին,- Բարով ես եկել: Հաճելի է: Իսկ ես չգիտեմ՝ դա ինչ է: Շատ կուզենայի ու առաջինի հետ էլ կգնայի: Մի անգամ կմերժեմ, որ լուրջ երևամ, ու կգամ։
Արամը ծաղկաթմբից ծաղիկ է պոկում, մեկնում Շողերին,- Իսկ իմ կիսաթափանցիկ ակնարկները՞։
Շողերը ծիծաղում է, համբուրում ծաղիկը,- Իսկ դրանց իմ թափանցիկ «այո» ները չնկատելու տալը՞:
Տաթևն ու Շողերը ծիծաղում են, Արամը հայացքը փախցնում, Նվերը գրպանից հանում է էլեկտրական հոսանքի տեստերը,- ճիշտն ասած, ինձ ուրիշ բանի համար են կանչել։ Հենց վերջացնեմ ու ինձ արդարացնեմ, հերթով դա էլ կփորձեմ,- բոլորը ծիծաղում են, բացի շփոթված Նվերից։
-Լավ էր,- բութ մատը վեր է պարզում Լևոնը։ Արամը դիմում է Լևոնին,- Դու խորովածի վառելիքով զբաղվիր, Նվերին ներկայացնեմ առաջին խնդիրը, որ երկրորդն էլ հասցնի,- Նվերի ու աղջիկների հետ ներս է գնում:
Լևոնը դժգոհում է, - Ո՜նց անիմաստ գործն ինձ կպցրեց:- ձայն է տալիս Արամին,- Ես ո՞ր օրվա խորոված անողն եմ։
Արամը ծիծաղում է,- Կրակը վառիր ու կողքին մնա։ Քիչ հետո կգամ։
Լևոնը մտնում է շենք,- Չէ, միասին կանենք։ Ինչքա՜ն ցախ գցեմ, կրակը ո՞ր կողմից վառեմ,- գրադարակից խաղաթղթեր է վերցնում, խառնում, բաժանում,- քեզ տեսնեմ, կարո՞ղ ես պարտքդ փակել։
Արամը նայում է ժամացույցին, նստում խաղալու։
Քիչ հետո սենյակների լամպերը լուսավորվում են:
Շողերն ուրախ ձայն է տալիս,- Ապրի Նվերը։ Նվեր հրաշագործ, ի՞նչ կուզես, պատրաստենք, որ անցնես երկրորդ խնդրին։ Մենք էլ պատրաստվենք:
Նվերը մոտենում է տղաներին, նրան ժպտում,- Առաջինը շատ էր հասարակ: Երկրորդին պետք է հատուկ նախապատրաստվեմ ու սպիրտային մարզավիճակ ստանամ։-դիմում է Արամին,-Մի երկու թույլ կետ կա։ Ձգեմ ու գնամ։
Արամը նեղանում է,-Առանց խորոված ուտելու չես գնա, կնեղանամ:
Լևոնն ազարտի մեջ երգում է, շարժումներ անում։ Նայում է Նվերին,- Դե լավ է, խորովածի հետ կհասցնես։ Արի, դարձիր երրորդը, երկուսով էն չի։
- Եթե փողով է, ես չկամ։ Չեմ խաղում, վիճակ էլ չկա։
Լևոնը ցույց է տալիս լուցկու չոփերը,- Տաս դրամ է, տրամի համար։ Չունես, չունես, տաս դրամ է՞լ չունես։
Նվերը փորձում է հեռանալ,-Մեկ է, խաղը չգիտեմ։ Կխառնեմ, խաղի որակը կգցեմ։
Լևոնը նրա թևից բռնում, մոտեցնում է սեղանին,- Իմանալու բան չկա: Թղթի մեծությամբ հաղթում ես, մեկ էլ պիտի խորամանկես, այսինքն՝ բլեֆ անես։ Արի, երկուսով հետաքրքիր չի։ Տաթո ջան, մի միջանկյալ սուրճ չե՞ս բերի։
Նվերը նայում է ժամացույցին, հոգոցով նստում, միանում խաղին:
Քիչ անց նրանց Տաթևն է մոտենում, սուրճի բաժակներով, զարմանում,- Էս ի՞նչ է։
Լևոնը նայում է Արամին,- Նվերը սարքն է դրել լարման տակ: Հիմա կգնանք։
Տաթևը թույլ հրում է Լևոնի ուսը,- Դե որ էսպես է, տաս րոպեից մենք էլ ենք գնում,- գնում է խոհանոց, բողոքում Շողերին,-Փող խաղալը մեզանից կարևոր է։ Էդ են, էլի:
Որոշ ժամանակ անց Արամը թողնում է խաղալը,- Չէ, հերիք է, ուշ է։
Լևոնը նայում է խաղի արդյունքների գրանցման թղթին,- Նվեր, իրոք որ հեռու ես։ Էս ի՞նչ պարտք ես հավաքել գլխիդ։
- Ինչքան է։ Հիսուն դրա՞մ։
- Ի՞նչ հիսուն։ Դու ո՞ր դարից ես։ Հարյուր ․․․հազար
- ...Ի՞նչ։ .... Դու չասեցի՞ր չոփը տաս դրամ է։
- Բա քո մուծումներն ու սակարկումները՞։ Ահա, հիսուն ինձ ես պարտք, հիսուն՝ Արամին։
- ... Ձեռ եք առնում, թե՞ գլխիս սարքեցիք։ Էդքան փող որտեղի՞ց տամ։ Արամ կանչել ես, որ օգնե՞մ, թե՞ որ գլխիս սարքես։ Փո՞ղ էր պետք քեֆի համար:
Արամը հայացքը փախցնում է, Լևոնը ժպտում,- Հո թշնամի չե՞նք։ Կտաս էլի, ամիս ամիս։ Կարո՞ղ ա մորթենք։ Բայց ժամկետով, որ դար չսարքես։ Էդքան չենք ապրի։
Նվերը հուսահատ տեսք ունի,- Ա՜յ քեզ վիճակ։
Լևոնը դեռ ժպտում է,- Լաց մի եղիր։ Փողի մեջ չի երջանկությունը, մի բան կանենք։ Կյանք է, կարող է մի հարցում պետք գաս, մի քիչ զիջենք, հը՞ Արամ։
Արամը խոսում է չուզենալով,- Ինձ էդ փողը պետք չի։ Էսօրվա գործդ ի՞նչ արժի քո գնացուցակով։
-Քսան հազար -Դե հոսանքին տեր եղիր, երկու ժամ էլ մնա, որ խնդիր չլինի, ինձ հետ հարց չունես։
Նվերն առարկում է,- Բայց պատվեր ունեմ, դրանով եմ ապրում։ Ինձ սպասում են։
Արամն ուսերն է թոթվում,- Էդ էլ իմ լավությունը՞։
Լևոնը ծիծաղում է, դիմում Նվերին, - Ոտի վրա հիսուն հազար աշխատեցիր։ Էս տեմպերով մի ամսում կփակվես։ Մի նեղսրտիր։ Կյանք է, կպատահի։ Ես էլ չեմ խեղդի։ Գործ մործ կլինի՝ կխնդրեմ, կանես, կփակվես։
Նվերը նայում է Արամին,- Քեզ չհասկացա: Էլ չզանգես ու չկանչես ոչ մի հարցով, ու չհամարես քո ընկերը։ Պարզ ասեցի՞։ Արամը հայացքը փախցնում է,- Ուշ է, գնանք խորովածի, Նվերն էլ՝ իր գործին։

4
Տղաները վառում են խորովածի կրակը։ Հեծանիվով նրանց է մոտենում երիտասարդ աղջիկ։
Կանգ է առնում, դիմում տղաներին,- Բարև ձեզ։ Այս հասցեով Գագիկը տոպրակ է ուղարկել։ Ձե՞րն է։
-Ժենգալով հաց և ծաղիկներ։ ճի՞շտ է, գեղեցկուհի։ Ներս եկեք,-Արամը բացում է դարպասի դուռը:
Աղջիկը հեծանիվը թողնում է դրսում, դարպասից ներս անցնում, ձեռքին տոպրակ,- Ես Գայանեն եմ։ Բերածս ապրանքի և ծառայությանս արժեքը հինգ ու կես հազար դրամ է։ Վճարեք, գնամ։
-Վճարը հետո։ Գագոն գիտի՝ ապառիկ,-Արամը վերցնում է տոպրակը, ձայնում,- Շողեր, ստացեք,- տոպրակը փոխանցում է մոտեցած աղջիկներին։
Տաթևն ու Շողերը կիսում են հացերից մեկն ու սկսում ուտել,- Շնորհակալություն, շա՜տ սիրալիր եք։ Ի՜նչ համով է։
Արամը ժպտում է Շողերին,- Անու՜շ լինի։
Շողեր,- Ասպետի վարք ունեք, Արամ։
Գայանեն գնալու միտք չուներ,- Գագիկն իմ շեֆը չի, ինձ ոչինչ չի ասել, հարգելի ասպետի վարքով Արամ։ Հիմա կզանգեմ, բայց ծառայությանս արժեքը՝ հազար դրամ պիտի վճարեք։ Ոչ սպասելու հնարավորություն ունեմ, ոչ էլ՝ վստահություն,- զանգում է, հեռախոսն անջատում,- զբաղված է, հիմա հետ կզանգի։
Արամը փորձում է թաքցնել շփոթմունքը,- Հարգելիս, իրոք չկա։ Ահա գրեք մեքենայիս ու հեռախոսիս համարները, հետո կվճարեմ։
Գայանեն դեմքի արտահայտությունը չի փոխում,- Չեմ հավատում։ Ես հեծանիվով հազար դրամի համար մեքենա բռնելու ցանկություն չունեմ։
Լևոնը ձայնում է կրակի մոտից,- Սիրուն աղջիկ, բարով ես եկել: Միացիր մեզ, կեր, խմիր, ինչքան ուզում ես։ Արժի երեք հազար, մենք հազարով կփակվենք։
- էդպե՞ս եք քեֆ անում։ Միսն էդպե՞ս եք բերել։ Աղջիկները գիտե՞ն։
Արամը բարկանում է,- Այ քեզ խոսելու ձև։ Աղջիկ ջան, չհասկացա՞ր։ Գագի հետ ես իմ հարցերը կլուծեմ։ Դու գնա։ -Գագիկն իմ վճարի հետ կապ չունի: Վճարեք գոնե իմ ծառայության վարձը, կամ որևէ ռեալ երաշխիք տվեք, ես գնամ։ Նվերը շենքից դուրս է գալիս մուտքի դռնից, Գայանեին ժեստով ողջունում,- Գայ, ողջույն։ Ի՞նչ կա։
-Ապրանք եմ բերել, դու՞։
-Ընկերոջս եմ օգնում: Հոսանքի հարց է։
-Ու ինչքա՞ն ես իրեն պարտք մնացել,
-Հարյ․․․հի... Ի՞նչ իմաստով։
-Հետո կհասկանաս։ Իմ փողը չեմ կարողանում ստանալ։ -դառնում է Արամին,- հը, չե՞ք զանգում Գագիկին։
Արամը ձայնը բարձրացնում է,-Չհասկացա՞ր։ Դու հանգիստ գնա։ Ես ու Գագը էդ տղերքը չենք, որ ամեն մեկի ուզածով իրար գործից կտրենք։
- Իհարկե,- Գայանեն մոտենում է աղջիկներին, նրանց ձեռքից վերցնում ծաղիկները, տոպրակը, հացերը,- Գագիկի հետ իմ հարցերը ես կլուծեմ,- դուրս է գնում դարպասից, հեծանիվով հեռանում։
Տաթևը դեռ ծամում էր հացի մնացորդը,- Չհասկացա՜։
Լևոնը ևս զարմացած է,- Արամ, զանգիր ընկերոջդ։
Արամը հայացքը փախցնում է,- էս ի՜նչ լկտի աղջիկ է։ Ի՞նչ անեմ բռնեմ, ծեծե՞մ։
Շողերը մոտենում Արամին, իր թաշկինակով սրբում նրա երեսը- Վա՜յ, ինչի՞ց ես քրտնել։ Մի հուզվիր։ Ոչի՜նչ, մենք կդիմանանք։
-Այ քեզ բան, այ քեզ լկտիություն։ Բայց ես սովա՜ծ եմ, -թնկթնկում է Տաթևը։
Շողերը նայում է Գայանեի կողմը, որ Նազենիի հետ զրուցում է,- Պետք չէր նեղացնել: Հեծանիվով իր հացն է աշխատում։ Խեղճը քրտնել էր։ Պետք է հարգել տքնանքը։
Արամը պոռթկում է,- Ի՜նչ աղջիկ, գի՜ժ է։ Էս ինչ բերեց իմ գլխին։ Եթե մի կտոր հաց է, թող ինքն էլ փակվի։ Ինձ հետաքրքիր չի՝ քրտնել է թէ՝ չէ։
Շողերը զարմանում է,- Ու քո ընկերոջն ի՞նչ ես ասելու։
Արամը փորձում է զանգել հեռախոսով, -Ասելու եմ՝ հեռացնի նման խփոներին,- անջատում է հեռախոսը,- բայց ի՞նչ ասեմ։ Առանց էդ էլ մի տաս էլ պարտք եմ,- հեռախոսին զանգ է գալիս,- Ըհը՝ ինքն է։ Այ քեզ կրա՜կ։ Ո՞նց ասեմ, որ դրա լեզվի տակից դուրս գամ, - միացնում է հեռախոսը,- Ասա, Գագ ախպեր։ Հա, բերեց։ ․․․ Գոհ եմ։ Դե դու էլ ես խոսքի տեր, ես էլ․․․ Իրեն տեղում փակվեցի, քոնը քեզ կտամ։ ․․․ Չէ, լեզվից վախեցա։ ․․․ Ծիծաղում ես, լացելու բան է,- հեռախոսն անջատում է,- ու փողը տամ, տանի ուտի՞։
Շողերը զարմանում է,- Իրո՞ք փողը չես վճարել, Արամ։
- Դե ձեռքիս չկար։ Կատակեցի, ինքն էլ նյարդային տեսակի գիժ է։
Շողերը նայում է Նազենիի տան ուղղությամբ,- Ինքը հեռու չի, տատու մոտ է։ Ես կվճարեմ, վիճակը կհարթվի։ Ձայն տա՞մ։ Տաթև,- Չկար, չպատվիրեիր։ Հո չէի՞նք կոտորվի։ Մի քիչ կլացեինք, կմոռանայինք։ Հիմա լա՞վ է, ինքն ուտի, դու վճարես։ Արամը նստում է մոտակա քարին,- Գի՜ժ։ Չէ, Շող, դու փողից գործ չունես։ Լա՜վ, թեման փակենք։ Հաշվենք, որ կարիքավոր մեկին ողորմություն եմ արել։ Դուք գնացեք ձեր գործին, մենք՝ մեր։ Նվեր, իրեն որտեղի՞ց գիտես։
-Պարզապես ծանոթ ենք։ Ցույցերում ենք ծանոթացել:
-Մի՞շտ է էսպես գժոտ։
-Գժոտ չի, ճշմարտախոս է։ Երբեմն անդուր, բայց դաղոցը երկար է հիշվում։
Արամը հեգնում է,- Ոնց որ քեզ լավ է դաղել, բայց հեծանիվով աղջիկն ինձ հազիվ էլ է մոծակի խայթոց հասցնի։

Գայանեն ուղղվում է դեպի Նազենին,- Բարև, տատ։
-Բարև, աղջիկ ջան։ Արի ներս գնանք։ Լա՜վ մածուն ունեմ։ Շոգ է, ծարավ կլինես։
- Կարելի է։ Այս ծաղիկները քեզ։ Էս հացն էլ հետս կուտե՞ս։
- Ու՞մ կողմից, աղջիկ ջան։
- Ինքը հետո կասի։ Առայժմ ցանկացավ անհայտ մնալ։
- Անհայտը որ՞ն է։ Տեսա՝ Վազգենս է ուղարկել։ Ապրի՜ ինքը։
- Հացը չհավանեցի՞ր, չես ուտում։ Լավ՜ն է, թարմ։
Նազենին շարժվում է դեպի փողոց,- Արի, գնանք։ Քեզ մի բան ցույց տամ։
Միասին մտնում են մոտակա մի կիսապատրաստ տուն, որտեղ վեց և երկու տարեկան երեխաներն են վազվզում։ Տան կինը տաշտակի մեջ լվացք է անում։ Սենյակի կահավորումը աղքատիկ է, բայց մաքուր ու կոկիկ։ Սեղանին ու երեխաների համար անհասանելի տեղերում գրքեր են։ Կինը ձեռքերը սրբում է, հարցական նայում Նազենիին,- Եկեք առաջ։ Կներեք, տունը թափթփված է։
Նազենին տան անդամի իրավունքով ներս է հրավիրում Գայանեին, դիմում կնոջը,- Հաց կերե՞լ եք,- ու պատասխանի չսպասելով երեխաներին հացի կտորներ է բաժանում,- Բաբո ջան, քուրիկը ձեզ համար կանաչիով համով հաց է ուղարկել։ Կերեք ու ասեք՝ շնորհակալություն։
Տանտիկինը հոգնած ժպիտով նայում է երեխաներին, - Ապրես, Նազենի տատի։ Ես էլ մտածում էի՝ երկու ձու խնդրեմ, ձվածեղ անեմ։ Մերոնք չե՜ն ածում թարսի պես։
-Կածեն, իմոնք էլ նոր են սկսել։ Իրիկունը մի հինգ հատ կտամ։ Հացն էլ էս սիրուն աղջիկը բերեց։ Բարեգործ է, լսել է Բաբոյիս խելքը, եկել։ Էս ծաղիկներն էլ քեզ։
- Ես ի՞նչ ծաղիկ ստացող, - մեղավոր ժպտում է կինը, վերցնում ծաղկեփունջը, հոտ քաշում, ժպտում Գայանեին։
Գայանեն զարմացած է,- Ձեր ամուսինն էլ չի նվիրու՞մ։
Կինը հայացքը փախցնում է, լռում։
Նազենին գաղտնի սեղմում է Գայանեի ձեռքը,- Անոյիս ամուսինը Ռուսաստան է, գործերը լավ չեն։ Բայց լա՜վ կլինի։ Երեխաներն իրենց բաժինը ախորժակով ուտելուց հետո մոտենում են Նազենիին։ Նազենին նրանց նոր կտորներ է տալիս ու մի կտոր էլ Անահիտին առաջարկում։
Անահիտը հրաժարվում է,- Անունը ժենգալով հաց է։ Հատուկ մեզ նմանների համար է, ով մսի փող չունին։ Լավ բան է: Ինչի՞ մենք չենք սարքում, հը՞։
Գայանեն հասկացավ, որ նա էլ է սոված։ Նստեց կողքին,- Դու էլ կեր։
Անահիտն աչքերը լցրեց,- Չէ՜, թող իրենք ուտեն։
Գայանեն հացի կտորը զոռով դրեց Անահիտի ձեռքի մեջ,- Կե՜ր, եթե չուտես, կնեղանամ, կգնամ։ Որ առողջ մնաս,- Անահիտը սկսեց ուտել, ինքն ինչ որ բան մտածեց,- Էն քեֆ անողներին կխնդրեմ՝ խորոված ու էլի ինչ որ բան կբերեն։
Անահիտը փորձեց թույլ առարկել,- Պետք չի՜, ողորմություն պետք չի։
Բաբկենի աչքերը փայլեցին,- Ես խորոված սիրու՜մ եմ։ Մսի խորովա՞ծ, քույրիկ։
Անահիտը մեղմորեն հանդիմանեց փոքրիկին,- Քույրիկ չի, մորաքույր է։
Գայանեն ժպտաց,- Չէ, քույրիկը լավ է,- դիմեց տղային,- Իսկ դու մայրիկին օգնու՞մ ես։
-Լիքը։ Ինքն ասում է՝ ձեր օգնելն ինձ չխանգարելն է։ Մենք էլ չենք խանգարում։
Գայանեն հիացավ,- Ի՜նչ խելացի ես։
- Գիտեմ։ Բազմապատկման աղյուսակն էլ գիտեմ, կարդալ էլ գիտեմ։ Ասե՞մ:
Անահիտը ժպտաց,- Սեպտեմբերին Բաբկենս առաջին դասարան է գնալու,- մատի շարժումով սրբեց աչքի արցունքը,- բայց դեռ ոչի՜նչ չեմ առել։
Նազենին հանդմանեց Անահիտին,- Առաջ մի ընկիր։ Թոշակովս մի բան կանենք։
Գայանեն կանգնեց,- Ես գնամ ուշ է։ Էլի կգամ, եթե դեմ չեք։ Անահիտը խեղճ ժպտաց,- Նախօրոք կասես, որ պատրաստվենք հյուրասիրության։
Գայանեն համբուրվեց Անահիտի հետ,- Անպայման։

Նազենին ու Գայանեն գնացին Նազենիի բակ։ Նազենին Գայանեի համար բաժակով մածուն բերեց, ծաղկեփունջը տեղավորեց ջրով լի բանկայի մեջ, - Ապրի՜ Վազգենս, պապուց է սովորել։ Նա ինձ միշտ ծաղիկ էր նվիրում։
Գայանեն ժպտաց,- Իսկ պատճառ կա՞ր։
Նազենին աչքերը երանությամբ փակեց,- Դե, մեր չափով կար։ Այն ժամանակ այստեղ հոլիկներ էին, շինություններ չկային։ Մենք էլ մեր ձևով հարևանություն էինք անում։ Էդքա՜ն բան։ Լա՜վ մարդ էր, պատվասեր, ազնիվ, բացձեռ, կարեկցող։ Տղան էլ է էդպես։ Ոնց որ տեսնում եմ՝ թոռն էլ։ Էլի բերե՞մ, աղջիկս։ -Գայանե։
-Հա, Գայանե ջան, բերե՞մ։
- Չէ, տատ։ Ցտեություն։
- Ցտեսություն Գայանե ջան։ Դու Վազգենիս ինչ՞ն ես։ - Վազգենին չեմ ճանաչում, չեմ էլ ուզում։ Պատահական եմ եկել ու գնում եմ։ - Ափսո՜ս, լավ աղջիկ ես։ Հաջողությու՜ն քեզ, բալես։ Կգաս, կսպասեմ։ -Անպայմա՜ն։ 

 5
Գայանեն հեծանիվով գնում է,- Ասելը հեշտ է։ Ո՞նց, ու՞մ ասես, որ դրանց խորոված տանեն։ Սրանք մնացորդ նվիրող ու թերթերում դրա ճոռոմ լուսաբանողներից են։
Արամենց ամառանոցի կողքով անցնելիս ցանկապատից մյուս կողմից լսում է տղաների խոսակցությունը։ Ծառերը փակել էին տեսադաշտը։ Արամն ինչ որ բանից դժգոհ էր,- Տեսար էդ ժենգալի քածը ո՞նց սարքեց գլխներիս։
Գայանեն կանգ է առնում, լարվում։
Լևոնը քմծիծաղում է,- Դրանց լա՜վ գիտեմ՝ ցույց անող պոռնիկներին։ Մշտապես չբավարված։ Գիշերները հենց ցույցի տեղն էլ քնում են, սրա նրա տակ։
- Էլի հորինեցի՞ր, թե՞ բան գիտես։
-Չի՞ երևում։ Մարդ կա, դժգոհ է ու ցույց է անում, քած էլ կա, որ իրեն առաջարկի։
Արամը չհամաձայնեց,- Պետք չի վատաբանել։ Իրեն լկտի պահեց, բայց ինչ չգիտենք՝ չենթադրենք, չփնովենք։
- Պիտի պահեինք քեֆի, ես էլ դրան սարքեի, որ ապացուցեի, որ կյանքը չես ճանաչում։ Չտեսա՞ր, որ աչքերից հեշտանք էր թափվում։
- Չէ՜, քեֆի բան չի։ Կմունդռեր ամեն ինչ։
Լևոնը ծիծաղեց,- Քշված դասընկերդ դրան գիտի։ Ոնց որ էլի ցույց անող է։ Զգու՜յշ, դա էլ չսարքի։
- Ի՞նչ պիտի սարքի։ Դու գլխին պարտք սարքեցիր ու ինձ դրեցիր անհարմար վիճակի մեջ։ Բախտը բերեց, որ խղճացի, երբ լացեց։ Խաղալ չգիտես, մի խաղա էլի։
- Ես հատուկ հոտառութուն ունեմ։ Ըտենց քշվածներին զգում եմ ու ներս քաշում։
- Բայց զարմացա, որ խաղաց։
- Քշվածներն էդպես են։ Ուժեղի դեմ՝ չէ, բայց թույլին կխաղացնեռն ու փողը խեղդելով կառնեն։
Արամը բարկացավ,- Քիչ խոսիր, միսը պտտիր։
- Հանգի՜ստ։ Մեկ է, փողիս տերն եմ։ Հեչ որ չեղավ, էդքանով մի տեղ մի լավ քեֆ կանենք, իրեն կհարբեցնենք, նորից կխաղացնենք,- երկուսով ծիծաղում են։

6
Գայանեն նայում է շուրջը,- Խեղճին կանչել են օգնելու, գցել են պարտքի տակ ու պահում են պատանդ։ Շշմած էր։ Հաստատ չգնացի։ Ես սրանց կանեմ ու կհասկացնեմ, թե ինչ է պոռնկությունը՝ հոգևոր ու կամավոր։
Գնում է Նազենիի մոտ,- Տատ, էս կողմերու գործ ունեմ: Կարելի՞ է հեծանիվը թողնել քո բակում։
-Ինչու՞ չէ, թող մնա՝ ինչքան պետք է։ Էլ ինչո՞վ օգնեմ, բարի աղջիկ։
-Չէ, նորմալ է։ Ընկերոջս գործերը լավ չեն: Պիտի օգնեմ։ -Վազգենի պապի սիրած խոսքն էր՝ «Չնեղվես, թե նեղ օրվա ընկեր ունես»։ Ինքն էլ էր էդպիսին։ Մի օր լուր եկավ, թե ընկերը Թիֆլիսում նեղն է։ Առանց զանգելու վեր կացավ, գնաց։ Լավ մարդ էր, պատրաստակամ։ Քեզ նման։
-Դե լավ, գնամ, տատ։ Կգամ՝ կխոսենք։
- Հաջողություն գործերիդ, աղջիկս։
-Հաջողություն բոլոր բարի գործերին, տատ։

Գայանեն մոտենում Արամենց տան դարպասին,- Բայց մտնեմ՝ ի՞նչ ասեմ։ Կասեմ՝ հեծանիվը փչացել է։ Չէ՝ ծարավ եմ, հետո մի բան կմտածեմ:
Հասնում է դարպասին։ Դուռը բաց է լինում։ Մտնում է բակ, մոտենում շենքի մուտքի դռանը։ Այն ևս բաց է:
- Սկսեմ աղջիկներից։ Տուկ տուկ, ո՞վ կա,- գնում է առաջ, մտնում միջանցք։ Խոհանոցից ջրի խշշոցի հետ լսվում է աղջիկների խոսակցությունը։
Տաթև,- Լսեցի՞ր, որ տղաներն ուզում էին էն խփնվածին հրավիրել քեֆի։
-Ու՞մ։ -ժենգալով հացի լկտիին։ Լյովի աչքը ծուռ է։ Պատրաստի աղջիկ տեսավ, վրա կքշի։
Գայանեն քարանում է, նայում մուտքի դռանը։
Տաթև,- Հը՞, էսօր պատրա՞ստ ես ընդունել երջանկությունդ։
- Գիտես, թե չե՞մ հասկանում։ Կասկածում եմ, որ Լևոնի ծնունդն է։ Հը, ճիշտ ե՞մ։
-Ազնվորեն՝ խառնում եմ։ Պետք էլ չի, ինչի՞ համար։ Լվացվեմ, գամ։
Գայանեն հանկարծակիի է գալիս, մտնում մոտակա դռնից ներս։ Պարզվում է, որ այն ննջարան է,- Լռվեցի։ Ախր ինչի՞ց վախեցա։ Որ տեսնեն, ի՞նչ ասեմ։ Գո՞ղ եմ:
Տաթևը լվացվում, բաղնիքից դուրս է գալիս,- Չմոռանամ, զարդերս ննջարանում են։ Ոչինչ, չէ՞։
Գայանեն հայելու մոտ նկատում է ոսկյա զարդերը,- Հիմա կխայտառակվեմ,- մտնում է մահճակալի տակ,- Ու նորից՝ ապուշ վիճակ: Ճակատիս գրա՞ծ է։ Էլի՜ թարսվեց։ Ինչ էլ ցածրոտ է: Տաթևը մտնում է ննջարան, զարդերը վերցնում, հայելու մոտ իրեն հարդարում,- Բայց ժենգալով հացը համո՜վ էր։ Էդ քոքվածը ո՜նց խաղ խաղաց Արամի գլխին։
Շողերը ևս մտնում է ննջարան, սկսում իրեն հարդարել,- Մե՜ղք էր, սոված։ Մենք էլ իրեն չառաջարկեցինք։ Ախորժակը բացվեց, պատճառ բռնեց, տարավ։ Հեծանիվով աղջկանից ի՞նչ ես պահանջում։
-Լևոնն ասեց՝ ցույց անողներից է։ Որ գիշերներն էլ են փողոցում՝ ոնց պատահի, ով պատահի։
-Նա ուրիշ հարթության վրա է՝ խեղճ պայմաններով, կիսասոված կյանքով ապրող։ Բա իհարկե, ցույց էլ կանի, վարքն էլ ինքստինքյան կձևախեղվի։
- Լա՜վ եղավ, որ չկանչեցինք։ Լյովը դուրս ընկած աղջիկների հանդեպ թուլություն ունի։ Դա էլ հաստատ պառկելու էր ու վիճվելու էինք։
-Գնանք, խորովածը հասունացել է։
Սենյակիս դուրս են գնում, դուռը բաց թողնում։
Գայանեն դուրս է գալիս մահճակալի տակից, ձգվում,- Հոտած դատարկամիտների միջավայրում դուրս ընկածի կոչումի եմ արժանացել։ Նվերի ու իմ վրեժը չլուծած չեմ գնա։ Բայց ո՞նց։

Արամն ու Լևոնը մտնում են շենք, խորովածով լի կաթսայով,- Պա՜հ, պա՜հ, պա՜հ։ Վա՜յ չուտողին։
Բոլորը տեղավորվում են սեղանի շուրջը։ Լևոնը լցնում է բաժակները։
Տաթևն իր ու Շողերի բաժակի մեջ առանձին շշից է լցնում,- Մերն առանձին է, հյութով խառնած։ Մենք ձեր թափը չունենք։ Լևոն,- Այ, դրա համար հատուկ ուզում եմ խմել աղջիկների կենացը։
Արամն առարկում է,- Մոռացա՞ր, ծննդյանդ օրն է։ Նախ՝ քեզ շնորհավորենք։
-Ձեր ներկայությունն արդեն շնորհավորանք է։ Գժվու՜մ եմ։ Կգժվեմ, կձուլվեմ ձեր էության հետ, ու հետս կմնա երջանկության անվերջ ընկալման ձեր ոգին, ուու՜։
Տաթևը ծափահարում է երջանիկ դեմքով,- Մինչև չերգես, չե՜մ հավատա։
Շողերն աջակցում է ընկերուհուն,- Ես էլ։ Երգի՜ր, Լյով։
-Որը՞, քաղցրներ։
- «Զդոսայգում, երեկոյան»-ը։
Լևոնը բաղձալի հայացքով նայում է բաժակին,- Մինչև մի բաժակ չխմեմ, ինձնից լավ բան չսպասեք։
Տաթևը թախանձում է խստության երանգով,- Չէ՜, այսօր չե՜ս հարբելու, չէ՞։
Շողերը քմծիծաղում է,- Արդեն՝ խորովածի մոտ։ Ուշացե՜լ ես։
- Հա ի՞նչ, մի երկու բաժակ նախերգանք։ Չխմեմ, չե՜մ երգի։ Արամն ու Շողերը միասին դիմում են Տաթևին,- Տաթո, թող խմի՜, թող խմի, մե՜ղք է։
-Ախր որ սկսեց, էլ կանգ չի՜ առնի։
Շողերն ուշադիր նայում է Լևոնին,- Վախ: Մարդուն է՞լ չթողնեն իր ծննդյան օրը խմի։
Տաթևը բռնում է Լևոնի ձեռքը,- Դե խոստացիր, որ նորից չափը չես անցնի։
- Երդվում եմ, իմ չափը կպահպանեմ,- Լևոնը մի ըմպանակ խմում է, - Էս, քանի դեռ չի փոշմանել պահապան հրեշտակս,- Դե, կենաց ասեք, խմենք։ Ծարավ մեռա՜նք։
Տաթևը թնկթնկում է,- Էլի: Ա՜խ, կյանք իմ գալիք, էլ ի՞նչ ունես ինձնից գաղտնիք։
Արամը լի բաժակ է բարձրացնում,- Լավ, այսօր խորհրդավոր օր է։ Քսանմեկ տարի առաջ մի երիտասարդ ընտանիքում խնդություն է եղել։ Երանության մեջ հայտնված ծնողների հետ ուրախացել են ու հրճվել նրանց բոլոր ծանոթներն ու բարեկամները։ Եվ ակամա մեղավորը եղել է մեր Լյովը։ Սիրելի Լյով, շարունակիր ուրախություն պատճառել ծնողներիդ ու շրջապատիդ, բայց արդեն՝ գիտակցաբար։ Մնա մեր լավ ու հուսալի ընկերը։ Կենացդ ախպեր։ Երկար, առողջ ու հագեցված կյանք եմ մաղթում…
Լևոնը նեղվում է,- Դե, պրծի՜ր։
Տաթևը տխուր նրան է նայում,- Լյո՜վ, անհարմար է։
- Իրոք, խմենք,- Արամի հետ բոլորը կանգնում են, բաժակները թեթևակի խփում իրար ու խմում պարունակությունը։
Շողերը նկատում է,-Բայց Նվերը չի խմում, որ իրեն չկորցնի ու ինձ սեր չխոստովանի, ես բողոքում եմ:
Նվերը ժպտում է Շողերին,-Հարգելիս, դոզան շատ կլինի: Ձեր ներկայությունից արդեն հարբած եմ: Օղին արդեն կքնացնի, կդարձնի անգործունյա:
Լևոնը բութ մատը վեր է պարզում,-Նորից փայլեցիր: Այ, դրա համար քեզ խմելու ամնիստիա եմ տալիս: Համ էլ մեզ շատ կմնա:
Լևոնը կիթառ է նվագում և երգում։ Մյուսները լսում են, երբեմն ձայնակցում։

Գայննեն այդ ժամանակ, օգտվելով աղմուկի ֆոնից, ննջարանում հնարավորինս անաղմուկ փոշեկուլի խողովակն է հարմարեցնում։ Մի ծայրը տանում է մահճակալի տակ, մյուսը՝ ներքևի մասին մտցնում պահարանի մեջ ու ծածկում հագուստով։ Այդ նպատակով պահարանի հետևի ֆաներան մի փոքր առանձնացնում է կորպուսից,- Օ՜ֆ, քրտնեցի։ Արդարը թաքնվի, քրտնի, տանջվի, իսկ լկտի հղփացածները քեֆ անեն։ Ոչի՜նչ, կգա մեր ժամանակը։ Չգա էլ, քաշելո՜վ կբերենք։- պատուհանն է բացում, զննում դրսի տարածքը, նորից փակում, բայց ոչ ամուր,- Նահանջիս ուղին, եթե՝ նեղվեմ։
Լևոնը վերջացնում է երգելը, մյուսները ծափահարում են։ Արամը դիմում է Նվերին,-Միշտ փայլել ես մեր երեկոներին: Որևէ բանով ուրախացրու:
Աղջիկները ծափահարում են,-Ինչ հաճելի նորություն էր: Նվեր, խնդրում ենք
Նվերը թույլ ժպտում է,-Բայց ես չեմ երգում: Մի երկու ոտանավոր գիտեմ: Էդ է:
Շողերն ուրախանում է,-Եթե ինձ տրամադրես լիրիկայի, կարող ես նույնիսկ սեր չխոստովանել: Հետդ կգնամ՝ ուր ասես:
Արամը կեղծ վախ է խաղում,-Նվեր, լռիր: Նվեր, լռիր:
Աղջիկները ծիծաղում են, ծափահարում,- Նվեր, խնդրում ենք: Նվերը թույլ հազում է,-Դե լավ, բայց շատ չեմ կարդա: Երեք չորս գործեր Չիլոյից ու էլի էդ ոճի գրողներից:
Լևոնը զարմանում է,-Չիլոն ո՞վ է: Մե՞ծ գրող է:
Շողերը նայում է Լևոնին,-Դա՝ հետո: Հիմա լսում ենք, խնդրում եմ:
Նվերը արտասանում է հուզված, լարված: Վերջացնում է, քրտինքը սրբում,-Ավել, պակաս, կներեք:
Մյուսները ծափահարում են, Արամը նրան ժեստով գոհունակություն է ցույց տալիս: Շողերը ժպտում է Նվերին,-Բայց դու ինձ տրամադրեցիր ոչ թե հետևիցդ գալու, ինչը ես էի ուզում, այլ՝ այստեղից ուղիղ հրապարակ՝ ցույցի, ինչը որ դու ես ուզում: Ափսոս:
Նվերն ի պատասխան ժպտում է Շողերին,-Այդ դեպքում ես իմ նպատակին հասել եմ ու քեզ շնորհավորում եմ քաղաքացիական հասունացման առթիվ:
Արամը լարվում է, - Շողերն առանց այդ էլ մեր միջի լրջախոհն է ու դատավորը: Բայց, չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ տանն էլի ինչ որ մեկը կա։
Շողերը զարմանում է,-Ո՞վ։ Դեռ լարվա՞ծ ես։ Այդ աղջկա պատճառով, հա՞։
- Մտքիցս չի գնում։ Իրեն լավ չպահեց, լարվեցինք։ Ընդհանրապես դժգոհ եմ։
Տաթևը դժգոհում է,- Մի լարվիր, էլի՜։ Ես էլ սկսեցի կողմնակի ձայներ լսել։
Լևոնն օղու շշից լցնում է բաժակները,- Ի՞նչ եք խառնվել։ Մուկ բան կլինի։ Հո չե՞նք սկսելու փնտրել։ Բա որ վախենա՞: Աղջիկները ճչում են, կանգնում, նայելով հատակին,- Ո՜չ, միայն թե՝ ոչ մուկ։ Կգնանք։
Արամը խեթում է Լևոնին, որ առիթից օգտվելով օղի է լցնում իր բաժակը,-Դու էլ թեմա գտա՜ր։
Տաթևը նկատում է Լևոնի փորձը,- էլի՞, քիչ խմիր Լյով, խնդրու՜մ եմ։
-Մտքումս քո կենացն էր, ո՞նց չխմեմ,- Լևոնն ըմպում է ընպանակի եղածն ու կանգնում,- Նվերը կռվի է տրամադրել: Կռիվ ունեմ։ Ջարդելու՜ եմ։
(շարունակելի)


Создано 27.09.19 09:49
© Все права защищены
165