Ամենահամեստ
հարսի մրցույթը
Մրցույթի առաջին մասով պետք է որոշվեր ամենահամեստ հարսը: Հարսը պետք է զարթներ արքայից շուտ, նրան բարի լույս մաղթեր,
ապահովեր լվացարանում օճառի, սրբչի և ատամի խոզանակի առկայությունը, մաքրեր
կոշիկները, նրան ապահովեր առավոտյան թեյով և թեթև ուտեստներով:
Ավագ հարսը սենյակից դուրս չեկավ:
Չար լեզուներն ասել էին միջնեկ հարսին, սա էլ միամտաբար կրկնել էր ժյուրիի մոտ, որ
քեֆ է արել ու քնով ընկել, և սիրում է քնել և այլն: Բայց խեղճն արցունքն աչքերին
երդվում էր բոլոր սրբություննորով, արքայի ու թագուհու
առողջությամբ, որ զարթուն է եղել: Պարզապես իր համեստությունից ելնելով շփոթվել է
և ամաչել դուրս գալ, երևալ արև արքայի աչքին, և նորից մտել է անկողին, որ թաքնվի: Մյուս կողմից էլ ծանոթ
սպայի ծծնդյան օրն է եղել, ինքը համեստությունից չի կարողացել մերժել, և մի քանի
բաժակ իրեն ստիպելով խմել է, քանի որ առաջարկվել է խմել արևափայլ թագավորի ու
թագուհու կենացը: Հետո պարզել են, որ այդ սպան իր հայրիկի մանկության ընկերոջ տղան
է, և իրենք փաստորեն քույր ու եղբայր են: Դա էլ են նշել: Հետո խմել են իր քնած նշանածի
կենացը, հետո՝ սիրելի քեռու, իսկ հետո
արդեն չի հիշում: Հետո էլի մարդիկ եկան, ծանոթ անծանոթ, և իր և մարտավկայի
բաժակների մեջ քնաբեր լցրեցին: Եվ խեղճ հարսը երդվում էր, որ եղածն ընդամենը դա է , և բոլոր ասեկոսները աղքատ խնամիների պալատական բանսարկություններ են, և ինքը մյուս անգամ դրանց պատճառով պալատ հարս չի գա:
Հորքուր մորքուրներն ուրախությունից
լաց էին լինում, հիշելով, ախ ու վախ անելով, իրար աչքով
անելով ու շշնջոցով հիշեցնելով անցյալից հիշվող
մի քանի նմանատիպ քեֆեր իրենց համեստության ապացույցներով:
Ահա այդպես այս խեղճը ևս դարձել է իր
համեստության և միամտության զոհը: Բայց
ինքը համարյա գլխի է ընկնում, թե գիշերվա ժամը չորսին ում գործակալը հատուկ չի
քնել, որ իրեն քնացնի: Եվ շատ որոշակի նայում է որոշ մեծամիտների ուղղությամբ:
Այ, եթե իրենք ամուսնացա՜ծ լինեին, ամուսնուն կդներ կողքին, պետք եղած ժամանակ կբզեր,
և սա էլ իրեն տիրություն կաներ, և ոչ թե կխռացներ, երբ ինքը հաղթական ավարտով մաքառում
էր ալկոհոլի վատ ազդեցության և բռի՜ ուժերի ներգործության դեմ: Ի միջի այլոց, բռի ուժերի հոտերը վերցված են, արձանագրված,
և շուտով կլինի առերեսում, որտե՜ղ որ պետք է: Պետք է ասել,
որ մեծամիտի այդ ենթադրյալ նենգ արարքը ոչ մեկի, հատկապես հորքուր մորքուրների, դուրը
չեկավ:
Միջնեկ հարսը հատուկ չքնելու համար ընկերների
հետ թղթախաղով էր զբաղվել, հետո ծխախոտի ծխից ու գինուց թմրել, և՝ քունը տարել էր: Խեղճն ընդամենը մեկ ժամ զարթուցիչը առաջ
էր տվել և արագացնելու համար արքային արթնացրել: Թաց սրբիչով հենց մահճակալում
սրբել էր արքայի ձեռքերն ու դեմքը, ստիպել, որ հենց այնտեղ մաքրի ատամները: Հետո հայտել
է, որ թեյը լցրած է և դրված
սառնարանում, որ չթթվի: Իսկ իր քունը տանում է, և գնում է քնելու: Արքային հենց
մահճակալի մեջ աղաչում է երդվել, որ կգա, իրեն քնից կհանի և կզեկուցի, որ թեյը խմած է, հացը կերած, և սրբած կոշիկներն էլ իր
մահճակալի մոտից կամ մի այլ տեղից կգտնի ու կհագնի, թե չէ ինքը կարող է վատ երազներ տեսնել:
Հետո պարզվել է, որ սրբիչը եղել է ոտների սրբիչ:
Բայց եթե հաշվի առնենք, որ արքայի ոտքերը մեր մտքերից մաքուր են, նա էլ նոր հարս է,
շուտ հուզվող ու սիրահարված, կհասկանանք ու կներենք, ինչպես արքան, չդիմանալով նրա
խեղդող ու խոնավ լացին իր կրծքին: Ատամի խոզանակն էլ իրենն է եղել: Խեղճն արքայինը չի գտել, և չխայտառակվելու համար
իրենն է զոհել, և անեկդոտ պատմելով, երգելով ու խուտուտ տալով մաքրել արքայի
ատամները, որ նա չնկատի տարբերությունը:
Լսելով դա, ու հիշելով եղածը, արքան հապշտապ ներեց այդ աննշան սխալը:
Արքայի բուտերբրոդի կեսը կերա՞ծ
է եղել: Խեղճն ինքն է կերել, պարզելու համար, թունավորվա՞ծ է, թե՞ ոչ, ու հանգիստ
սրտով ու կուշտ փորով գնացել քնելու: Լսելով դա, ննջող արքան նրան շա՜տ գովեց ու ավելացրեց, որ ճնշումը կարգավորվել է, և պետք է առավոտյան քիչ ուտել:
Բոլորը
հիացել էին սառը թեյի գաղափարով: Թագավորը փորձում է եռացնել թեյն ու
չի կարողանում, քանի որ չգիտի, թե դա ոնց են անում, և հասկանում
է, որ կարելի է բիզնես անել
ամռանը սառը թեյ վաճառելով ու աշխատավարձի հաշվին բաժանելով իր նման պալատականներին: Հենց թեյի պատճառով նա բիզնես ծրագիր է մշակում,
ու հասկանում, և նորից կեցցե արքան:
Մեծ հարսը, լայն ժպիտով նայելով արքային, բարձր
ձայնով իր մարտավկային համեստրեն շշնջում
է, որ արդեն յոթ օր է ծխելիս ինքը միայն սառը սուրճ է խմում, և միայն
համեստությունից ելնելով արքային չի կանչում իրենց մոտ:
Իսկ հատուկ բաժինը տագնապ բարձրացրեց: Այդ
օրը արևը մեկ ժամ շուտ է ծագել, ու համապատասխան մարմինները չեն արձանագրել:
Պետական գործերն ընթացել են առանց իրենց գիտության: Անմիջապես մեղավորների
նկարները հայտնվեցին թերթի երեկվա համարի հավելվածի վերջին
էջերում:
Կրտսեր
հարսը շուտ զարթնել էր, բարի լույս մաղթել ու հարցրել, թե ի՞նչ կուզի թեյ, թե՞սուրճ:
Ասել էր, որ լվացարանը պատրաստ է, և դրված է նոր սրբիչ: Խոհանոցում սեղանին դրել
էր խաշած ձու, մեղր, հաց, պանիր, կարագ:
Հետո հարցրել է, թե ինչպե՞ս է իրեն զգում արքա
հայրիկը, և գնացել կոշիկները
սրբել:
Կրտսեր հարսի
հանդգնությունը ո՜չ մեկին դուր չեկավ: Իր
թագավորական դարդը, հարսների նոր դարդը քիչ էր, և մեկ էլ առավոտյան թա՜րմ գլխացավանք: Թե
ասա, քո ի՞նչ գործն է, հացը դիր ու գնա քնիր: Թագավորին մտածելը վնա՛ս է: Էն էլ
առավոտ շուտ։ Խեղճն ամաչել է ասել, որ սուրճ
է ուզում, բայց թեյից էլ չէր հրաժարվի:
Խեղճ հորքուր մորքուրները հոնգուր
հոնգու՜ր լաց էին լինում,
պատկերացնելով թե ինչպես է մեծն արքան տանջվել, որ մի մեծամիտի զեկուցի, թե ի՞նչ
կխմի, սու՞րճ, թե՞ թեյ։ Բա որ թշնամիները լսե՞ն, ու ըստ դրա ձևափոխեն իրենց ռազմավարությունը:
Որտեղի՞ց
է ճարել նոր սրբիչը: Երևի քանդրտել է տան եղած
չեղածը, որ միավոր շահի: Դեռ ընդամենը նշանած է, ու սկսել է քանդելը, բա որ ոտը
պնդեց, ինչե՜ր կանի:
Թաղի կանաք մինչև հիմա հիշում են, թե հենց միայն դա պատկերացնելիս հորքուր մորքուրներն ինչպես էին նայում տան իրերին ու աղիողորմ լալիս, որ կարծես վերջին անգամ էին տեսնում:
Հետո՝ սեղանին
դրել է և ձու և մեղր: Դրանք իրար հետ արդյո՞ք վնաս չեն ըստ ժողովրդական ասեկոսների:
Հետո՝ ամբողջ առավոտ
խեղճ թագավորը մտածել է, թե ինքը ո՞նց է իրեն զգում , և ի՞նչ է պետք ասել: Դրա
համար ինքն օգնականուհի ունի, իսկ նա հիմնականում առանձին է քնում թագուհու վախից: Հարցում է արել հատուկ
բաժին, պատասխանն ուշացել է, իր գլխացավն էլ բռնել: Եվ խեղճը գնացել է, նորից պառկել,
ու սպասել պատասխանի: Մի ժամից մահճակալում ներկայացրել են պատասխանի երեք ձև, ըստ
իրավիճակի: Նա դրանք տվել է հարսին, սա էլ կարդացել ու ասել է, որ հասկանում է: Այ
մեծամիտ, ո՞նց եղավ, որ թագավորը չհասկացավ, իսկ դու հասկացար: Իսկ հասկացա՞ր
գոնե, թե ինչքան ես տանջել խեղճին, հետ գցել պետական գործերը: Իր փոխարեն դու՞ ես
որոշում կայացնելու:
Ժյուրին մրցույթի
արդյունքները քննարկելուց հետո գտավ, որ միջնեկ հարսը նախաձեռնող է, հոգատար ու անձնազոհ,
ու շատ համով և ուսանելի է ստացվել ատամների մաքրելու պահը, բայց եղել են մի շարք աննշան բացթողումներ: Ժյուրիի մեծամասնությանը, հատկապես հորքուր մորքուրներին, շա՜տ էր դուր եկել ավագ հարսի ամոթխած արարքը, նրա
շփոթվելու և սեփական համեստությունից տուժելու հուզիչ, լարվա՜ծ և գրավի՜չ պատմությունը ցանկալի
վերջաբանով: Նրանք իրար հերթ չտալով դարձյալ
հիշեցին նման դեպքեր իրենց կյանքից, ու մի՜ քիչ էլ հուզվեցին: Բայց ամեն
ինչ չէին պատմում, նույնիսկ իրար: Համենայն դեպս, ելնելով կյանքի նու՜յն փորձից:
Ժյուրին, հանձինս մեծ հորքուրի, լացով և ուրախության արցունքներով ավագ հարսին հանձնեց ամենահամեստ
հարս տիտղոսը հատուկ դիպլոմով ։
Միջնեկ տղան և հարսն այդ որոշմանը համաձայն չէին,
բայց չգիտեին, թե բողոքն ում է պետք ներկայացնել։ Տղան բոլորին ցույց էր տալիս
թագավորական բացատրական բառարանից պոկած էջի վրա «համեստ» բառի բացատրությունը,
որին ինքն էլ առանձնապես համաձայն չէր, քանի որ խառն էր գրված։
Այդ օրը
տոն էր: Ավագ տղան նշանածի ձեռքերն էր համբուրում, և հետը «դուք»-ով էր խոսում:
Հետո մի քիչ հարբեց ու բոլոր տղամարդկանցից պահանջեց, որ կնոջը մեծարեն, իր պես համբուրեն
ձեռքերը և դիմեն «դուք»- ով: Հետո էլի հարբեց ու տարան քնեցնելու, իսկ համեստ հարսը դեռ երկար ժամանակ մեծարվում
էր:
Կրտսեր տղան մեծամտորեն
հայտարարեց, որ հարգում է ժյուրիի և ծնողների որոշումը: Ինքն ու նշանածն այնպես
էին իրար հետ ճեմում ու զրուցում, կարծես առանձապես ոչ մի բան էլ չի եղել:
(շարունակելի)