Литературный портал

Автор поста

Օգնիր ինձ (1) 18+

վիպակ
Կյանքը մեր ճանապարհին ցանում է կասկածներ ու վախեր, իսկ բարեկամներն օգնում են դրանք ճանաչել ու հավաքել։ Եվ վայ նրան, ով բարեկամը թշնամուց չի տարբերում։ (Գևորգյան Իշխան)

Մտադրություն
1
Օրը մթնում էր: Դեպի գյուղ գնացող ճանապարհին գնացող մեքենան, չհասած գյուղի առաջին տներին, թեքվեց դաշտ տանող հողապատ անցուղի ու կանգնեց ծառերի տակ, թաքնվելով կողմնակի աչքերից: Ուղևորուհին դիմեց վարորդին,- Լա՜վ է: Այստեղից կարճ ճամփա կա, կգնամ: Ա՜խ, ոնց չեմ սիրում էս գյուղը: Չմոռանաք, չուշացնեք: Ապրանքը ձեզ է սպասում:
Տղամարդը զգուշավոր ժպտաց,- Ապրե՜ս: Կհարմարեցնենք, կստանանք, շնորհակալություն էլ կասենք:
Կինն ակնհայտորեն նյարդայնանում էր,- Էլի՞: Էդ ապրանքը հանդուգն վերցնողինն է: Ոնց որ ես՝ հիմա,- ու չասված բառերը ներառեց տղամարդու դեմքին մոտեցրած հայացքում, վերածելով անփութորեն քողարկված կրքի:
Տղամարդու զննող հայացքն անցավ կնոջ մարմնի վրայով, կանգնելով կրծքի բացվածքին, ու այնտեղ շնչառության հետ անբնական տրոփող կրծքագնդերին,- Կարելի էր, բայց կնոջս չեմ դավաճանում:
Կինը հայացքը չշեղելով շոյեց տղամարդուն,- Էս գործի հաջողության կեսը անելն է, ու եղած փաստը աչքները կոխելը: Մեզ մտմտալ չկա, մենք արդյունքի մարդ ենք: Արի՜,- Տղամարդուն քաշեց դեպի ինքը, հետը նրբորեն համբուրվեց, շշնջաց,- Արի անկողին,- ու մեքենայից դուրս եկավ, գնաց, տեղավորվեց մեքենայի հետևի նստատեղին:
Տղամարդը շտապեց կնոջ մոտ այնպիսի մտազբաղ դեմքով, որ կարծես թե աշխատանքային հերթական գործառույթ է իրականցնում: Կնոջը սիրելուց հետո էլ տղամարդը նույն մտազբաղ դեմքով համբուրում էր կնոջը, իսկ կինը, շոյելով նրա գլուխը, քմահաճորեն ուղղորդում էր նրա համբույրների ուղեգիծը: Տղամարդը չէր բողոքում, բայց և առանձնապես չէր էլ ջանում:
Կինը ժպտաց,- Ի՞նչ էիր մտածում այդքան բարձրաձայն, ու ինձ շեղում: Ծոցումս էիր ու էլի հետս չէիր:
-Հե՜չ: Մտածում էի, ճի՞շտ եմ անում, թե՞ ոչ:
- Եվ ի՞նչ, խնդիրը լուծեցի՞ր:
- Զգացի, որ ինչ որ բան եմ կորցնում, բայց չհասկացա, թե՝ ինչ:
- Իմ պես կնոջը տիրացար, ու դեռ կորցնելուց էլ խոսում ես, խորամա՜նկ: Էլի՜ եմ ուզում:

2
Փոքրիկը մատիտանկարով թուղթն առաջ պահած շտապում էր աստիճաններով վեր: Դիմեց հետևից եկող ծնողներին,- Չասե՜ք, որ ես եմ նկարել:
Սաթիկը խիստ խոսեց, բայց ժպտալով, քանի որ փոքրիկն իրեն չէր նայում,- Խոստանու՞մ ես տատիկին չբարկացնել:
Փոքրիկը կանգնեց, ձգվեց իրեն մոտեցող հոր կողմը, գրկվեց, ու դժգոհեց,- Դե, հա էլի՜: Համ էլ ինքն ինձ սիրում է, չի բարկանում… քեզ նման, բա՜:
Վահագը համբուրեց որդուն,- Սիրում է, բայց չբարկացնես, որ չվատանա, դեղ չխմի:
Փոքրիկը ձգվեց դեպի դռան զանգն ու սեղմեց մի քանի անգամ,- Հիմա կասեմ, ու կիմանաք, որ իր դեղը ես եմ: Տատի՜, դուռը բա՜ց: Էլի՜ ասեցին:
Մանանը դուռը բացեց, գրկեց փոքրիկին ու այնքան ինքնամոռաց սիրեց, որ չզգաց տղայի և հարսի հերթապահ համբույրները,- Եկա՜վ, դեղս եկա՜վ, փրկվեցի՜:- ու այդպես էլ ներս գնաց:
Սաթիկը գլուխը մտցրեց թոռի և տատիկի արանքը,- Տիկին տատիկ, ստացեք Ձեր նվերը պահանջված ու պարտադրված: Դավիթիկը հրճվանքով դիմեց մորը,- Լսեցի՞ր, էլ չասե՜ս:
Տատիկը համբուրում է հարսի իր դեմքին հասած այտն ու նաև քթի մոտ պարզած նկարը,- Ի՜նչ քաղցր նվեր է: Ո՞վ է նկարել: Փոքրիկն արդեն տեսել էր իր համար գնած նոր խաղալիքը: Իջավ տատիկի գրկից և տեղափոխվեց խաղալիքների աշխարհ, շարադրելով մտքի բառերը, որ այլևս չշեղվի,- Իրենք գնում են դժվար տեղ, ու ես պետք է մնամ ամենալավ տեղը: Լա՞վ եմ նկարել:
Տատիկը նստեց բազմոցին, հիացավ նկարով, հայացքը թոռից չկտրելով,- ճիշ՜տ է, ճի՜շտ: Իրենք առանց քեզ կարող են, տատիկը՝ ոչ: Իսկ ո՞վ է նկարել, հայրիկը՞:
Վահագ,- Ե՞ս: Չե՞ս տեսնում, տատիկ, որ իսկական նկարչի ձեռքի գործ է:
Սաթիկը նստում է Մանանի կողքին ու հենվում նրան,- Թոռնիկիդ տեսար, սիրելի հարսիդ չտեսա՞ր: Տղայիդ վիճակահանությունը որոշեց:
Մանանն այնպես գրկեց Սաթիկի ուսերը, որ կարծես թե նրանից կենսական էներգիա էր կուտակում մինչև հաջորդ տեսություն,- Գոնե Դիլիջա՜ն, Ծաղկաձոր, էլ չգիտեմ՝ ուր, այ երեխե՜ք:
Վահագը տարված էր փոքրիկի նկարով, կարծես թե առաջին անգամ էր տեսնում,- Բայց աչքերդ փակել էի՞, դանակով սպառնում էի՞: Լռեցիր ու դատախազի մոտ սկսեցիր: Ինքդ չառաջարկեցի՞ր վիճակահանություն:
Սաթիկը լրիվ մտավ Մանանի թևի տակ, որ չերևա,- Բայց դու՜ մտցրեցիր գյուղի տարբերակը:
Մանանը խտտեց հարսի ուսը,- Դե լավ, էս ինչ նորություն էր: Ինձ դատավոր չսարքեք: Հաշտ գնացեք, առողջ վերադարձեք: Սա էլ իմ օրհնանքը:
Սաթիկը փորձեց լացակումել,- Չգիտեմ ո՞նց եմ դիմանալու առանց սիրածս էակի:- դիմեց նոր խաղալիքների աշխարհ տեղափոխված փոքրիկին,- Ասա դավաճան մորդ, որ ներու՜մ ես: Փոքրիկին մեծերի աշխարհն արդեն հետաքրքիր չէր,- Բայց ի՞նչ կբերես, որ ասեմ: Տատ, էդ ի՞նչ ա:
Մանանը համբուրեց Սաթիկի գլուխը,- Դա այն է, որ հասկանում ես մոտիկ մարդու սխալի պատճառներն ու չես պատժում, այլ օգնում ես հաղթահարելու իր խնդիրները:
Սաթիկը սրբեց աչքերը,- Տատիկի հետ մտածեք ամենադժվար բանն ու կստանաք: Հայրիկին կստիպեմ, կանի: Նա մեր բարի կախարդն է ու փրկիչը: Գնա՜նք, տիկին տատիկ, արդեն փոշմանու՜մ եմ:
Փոքրիկը խաղալիքների աշխարհում խաղընկերոջ պակաս զգաց,- Ինձ ընկեր կբերես, հա՞:
Սաթիկը համբուրում է փոքրիկին,- Տատկին թողնում եմ քեզ ընկեր, մինչև վերադառնալս: Քեզ ապերիկ կբերեմ, եթե՝ քեզ նմանին գտնեմ:
Մանանը մուտքի դռան մոտ համբուրվում է Սաթիկի հետ,- Ե՞րբ ես մայրիկ ասելու, որ հարյուր տարի ապրեմ, թե՞ չես ուզում: Սաթիկը փաթաթվում է Մանանին,- Համբերիր, մենք համատեղ դրան ենք գնում: Երբ որ դառնաս իննսուն ինը տարեկան, նոր էներգիայով կլիցքավորեմ իմ վերաբերմունքով:
Մանանը տղայի և հարսի հետ դուրս է գալիս միջանցք, տղայի հետ համբուրվում,- Ա՜խ, դու չաչանակ: Բանն այն է, որ հավատում եմ, է՜:
Վահագը ժպտում է մորը,- Կարևորը, որ անկեղծ է խաբում,- Սաթիկի հետ իջնում է ցած, նստում մեքենան:

3
Սաթիկը մեքենայի մեջ էլ մի քիչ գաղտնի հուզվեց, թաքուն աչքերը սրբեց ու վերագտավ իր հոգեկան հավասարակշռությունը: Նա մեծացել էր հիմնականում առանց մոր: Հայրը մորից բաժանվել էր ինչ ինչ պատճառներով: Մայրը հետո էլ այդպես էլ չերևաց, աղջկա նկատմամբ պահանջներ չներկայացրեց: Հայրը՝ Դավիթը ամուսնացավ երկրորդ անգամ, բայց Սաթիկի անկաշկանդության ձգտող խառնվածքը չհարմարվեց երկրորդ մոր խստությանն ու իրենց ընտանիիքը գոյատևեց որպես միայնակ հոր և սիրելի ու երես առած աղջկա միություն: Սաթիկը հետո լիարժեք ընտանիքի հաճույքը փնտրում է իր նոր ընտանիքում, իսկ հոր հանդեպ մեղավորության զգացումը վերաճեց անվստահության շփոթեցնող մտմտուքի: Երկար ժամանակ կարևոր հարցի լուծումից խուսափում էր, աչքի առաջ ունենալով հոր անհասցե հարցնող հայացքը: Այն ժամանակ իրենք երկուսով հաջողությամբ երկուսով լռեցրին «բա հետո՞» հարցը, բայց ինքը մեծացավ, ավելի ու ավելի ձգտեց իր շրջապատին ու սրտի սիրածին, հորը մենակ թողնելով իր հետ մեծացած հարցի հետ: Տանն այդ հարցն ամենուրեք էր՝ եփած ճաշի ու բարի լույսի, բարեկամների այցի ու անեկդոտների մեջ: Մեղքի զգացումը նրա մոտ սխալվելու վախ ծնեց ու որոշում ընդունելու դժվարություն: Մոտը դող էր սկսվում ու հիստրիկայի նախանշաններով շրջապատին լռեցնում: Հասկացող ու ընդառաջող ամուսինն ու առանձին ապրող ու կիրթ սկեսուրը աջակցում էին, սիրում ու օգնում: Ինքն էլ վայելում էր իր իրական երջանկությունը, պաշտում սկեսուրին, բայց մայրիկ չէր կարողանում ասել, վախենալով ինչ որ բանից, չգիտակցելով նույնիսկ, թե ինչ է դա: Մանանը ևս գոհ էր տղայի ընտանքից և հարսից, պահանջներ չէր ներկայացնում, միայն փորձում էր օգնել: Փաստորեն, չհաշված դպրոցական փոքրիկ էպիզոդները, Սաթիկին կյանքում չէին պարտադրել անել այն, ինչն ինքը չի ուզել։ Եվ, որպես ետևանք, լինելով դիտունակ ու նրբազգաց, արագ որսում էր շրջապատի սպասելիքներն ու դրանք բավարարում՝ հաճույքով կատարելով կամ չանելով՝ ջահել ու սիրելի աղջնակի հմայիչ շրջանցումներով ու անլուրջ փաստարկուներով:

Վահագն ու Սաթիկը մեքենայով սլանում են ասֆալտապատ ճանապարհով:
  Սաթիկը ժպտաց ամուսնուն,- Դե, ասա՝ ի՞նչ ես մտածել: Մեկ է՝ փոշմանել չկա:
Վահագը չի փոխում ոչ հայացքի ուղղությունը, ոչ դեմքի արտահայտությունը,- Պարզապես հանգիստ՝ քաղաքի աղմուկից հեռու:
Սաթիկը Վահագի դեմքին խորմանակ ժպիտ բռնացնելու հույսը չի կորցնում,- Սմբատն ու Հայկն էլ են գալու հա՞, կանանցով: Լա՜վ կլինի: Տուն կա՞:
-Ոչ, ինչ որ գիտես՝ դա է: Մենք երկուսով, ոչ՝ լուրեր, ոչ՝ նեղանա՜լ, ոչ՝ հիանա՜լ, ոչ՝ ձևանա՜լ:
- Բայց ինչու՞ գյուղ՝ կեղտոտ փողոցներով, անհետաքրքիր օրերով:
- Իսկ ինչու՞ չփորձել, սիրունս, ինչու՞:
-Ա, բռնվեցիր, այսինքն՝ դու ուզեցիր, ու եղա՞վ:
-Եղել է այն, ինչ եղել է, իսկ քո ամուսինը խաբեբա չի, չփորձես ապացուցել: Միթե՞ արվեստագետի քո հոգին չի ձգտում մերվել բնության առեղծվածին, վերծանել գյուղի անծանոթ շունչը: -Չգիտե՜մ, բայց ոչ ամուսնուս հետ՝ հանգստիս հաշվին: Վա՜յ, մի պահ կանգնեցրու:

Վահագը մեքենան կանգնեցնում է: Իջնում են, նայում շուրջը: Նորաբաց գույնզգույն ծաղիկների ներդաշնակ դողոցը հազիվ նշմարելի խաղ էր ստեղծում, որի ընկալման հաճույքը ուժեղանում էր դրա խորհրդի ճշգրտման հորձանուտում: Միգուցե ոչ մի խորհուրդ էլ չկար, ու ոչինչ էլ հասկանալ պետք չէր, բայց այդ շնչող ու ծնծղան ծավալուն պատկերի ընգրկման երանությունից Սաթիկի շունչը կտրվեց, աչքերը լցվեցին, կանչեց չգիտես՝ ում,- Ես տեսա՜:
Հազիվ զգալի զեփյուռ խաղաց, գույները շշնջացին փոփոխություն ու կարծես Սաթիկի պատվին ծաղիկների հազիվ նշմարելի նուրբ ու նազենի շարժմամբ կենդանի կտավը շնչեց ու հառաչեց,- Օ՜հ, նայի՜ր:
Սաթիկը թաց աչքերով ավելի բարձր կանչեց,- Ես էլ քեզ եմ ձգտու՜մ:
Վահագը, չիմանալով անելիքը, հիշեցրեց իր մասին, գրկելով կնոջ ուսերը, -Բայց ինչու՞ ես լացում: Հասկացանք՝ սիրու՜ն է: Սաթիկը ենթարկվեց ամուսնուն, հաճույքով գրկվեց, բայց և հայացքը չկտրեց գույների աշխարհից,- Սիրուն չի, գեղեցի՜կ է: Վահագն ուզում էր վայելել գրկված կնոջ մարմնի հաճույքը, բայց հագուստի միջից զգալով նրա լարվածությունն ու դողը, փորձեց նախ վերադարձնել իր մոտ,- Իրո՞ք, և որ՞ն է տարբերությունը: -
Գեղեցիկը ներքին էության խորհուրդ ունի, սիրունը ներդաշնակ դասավորություն է:
-Բառեր ես շարում, շշմեցնու՜մ: Առանց դրա էլ քեզ սիրում եմ, դու արտոնյա՜լ գիժ ես: Գնա՜նք, ուշ է: Մենք դեռ տուն էլ չունենք: Հանկարծ մի վայրկյանում շուրջը մթնեց: Մեծ սև ամպը վերացրեց գույների խաղը, շուրջը հաստատեց սև ու սառը լռություն: Օդի սառը հոսանքը պատեց երկուսին իրենց մտքերով, սսկեցրեց ծաղիկներին, դաշտը զրկեց հեքիաթից:: Սաթիկը մեջքով ավելի կպավ Վահագին, կառչելու նման, սերտաճելու չափ, սեղմեց իրեն փաթաթված նրա ձեռքերն ու կանչեց նորից չգիտես՝ ում,- Էս ի՜նչ էր: Բայց ես ինչ՞ն այնպես չասեցի:
Վահագնը հասկացավ, որ արդեն հերիք է: Սաթիկը դողում էր և միայն սառն օդը չէր պատճառը: Նախ համբուրելով նորից հիշեցրեց իր մասին, հետո՝ բառերով,- Հենց հիմա միայն այս դաշտում երեսուն քեզ նման գիժ ու այդ գժերի ինձ նման անօգուտ ու անիմաստ թիկնապահներ կան: Ինչու՞ էր հենց քեզ ուղղված եղանակափոխային այս ծածկագիրը:
Սաթիկն, իրոք, դողում էր,- Այդ երեսունից ես կարդացի իր ուղեձը, ու ինքն ինձ վտանգ շշնջաց: Լսի՜ր, եկ վերադառնանք, կամ էլ փոխենք ճանապարհը: Չգնանք այնտեղ, ուր գնում ենք: Վահագը շփեց կնոջ մարմինը, ոչ այն է՝ տաքացնելու, ոչ այն է՝ խրախուսելու համար,- Նույնիսկ քեզնից նման հեթանոս միտք չէի սպասում: Նախ՝ անլուրջ է, հետո էլ՝ տուն գտնելու խնդիր ունենք:
- Ոչի՜նչ, մի գիշեր մեքնայում կքնենք: Չե՜նք կորի, եղե՜լ է:
- Քի՜չ խոսիր, գնացինք,- ու երկուսով նստեցին մեքենան, ու մեքենան շարժվեց իր ճանապարհով:

Սաթիկը իրեն վերագտնելու համար զանգեց Մանանին, շաղակրատեց Դավիթիկի հետ, ծիծաղեց հետը, բայց խոսակցությունից հետո վերադարձավ իր անտարբեր վիճակին: Վահագը զգուշորեն նայեց մտքերի մեջ ներամփոփված կնոջն ու կեղծ հորանջեց,- Վերջերս սկսել եմ հավատալ, որ իրականանալու է սեփական տան իմ երազանքը՝ խորովածի անկյուն, պարելու տեղ, պատշգամբ, հարմարավետ խոհանոց: Սաթիկն արձագանքեց ուրիշ աշխարհից,- Առաջին անգամ եմ լսում քո այդ նվիրական երազանքի մասին:
Վահագի համար այնքան անակնկալ էին Սաթիկի հակադարձումն ու դրա տոնը, որ գերադասեց լռել: Վերջ ի վերջո՝ իր սիրելիին տանում է հանգիստ վայելելու և ուրախացնելու:
Մտան գյուղ: Սովորական, ոչնչով աչքի չընկնող տներ էին, փողոցներ, քայլող, զրուցող մարդիկ, անզգացմունք դեմքով դաշտից գոմ վերադարձող ընտանի կենդանիներ: Սաթիկն իր դժգոհության դրսևորելու ձևը փորձարկեց,- Այ քեզ բա՜ն: Գնալ արձակուրդ ամուսնու հետ և վերադարձի օրերը հաշվե՜լ:
- Հանգստացի՜ր: Դեռ խնդրելու՜ ես մի երկու օր էլ մնալ և նույնի՜սկ….
- Նույնիսկ ի՞նչ… - Տուն ձեռք բերել, հաստատվել այս հիանալի միջավայրում բնության գրկում և հարևանությամբ:
- Իսկ եթե ոչ հիանալի բնություն կգտնենք, ոչ՝ նորմալ միջավայր, ոչ էլ՝ հարմարավետ տու՞ն:
- Տուն կա…
- Ի՞նչ գիտես: Ախր, ե՞րբ, ո՞նց…
- Սպասի՜ր, կարծես շեղվեցի,- շփոթված Վահագը մեքենան կանգնեցնում է, նայում շուրջը:
Սաթիկն անտարբեր դեմքով իջեցնում է մեքենայի դռան կողապակին, - Ճամփից շեղվել անծանոթ գյուղում: Տու՞ն ես վարձել, ասա՝ վերջապես:
Վահագը հանձնվեց, գաղտնիքը բացեց, -Այստեղ մի բախտագուշակ կին կա: Գովում են, ինքն էլ մի ծանոթ ծեր կին ունի, որ տունն անվճար կտրամադրի երիտասարդ ընտանիքի: Սաթիկը նայեց ամուսնուն, փորձելով նրա միմիկայից գողանալ գոնե մտադրության փշրանքներ ու դրանցով կառուցել որևէ ընդունելի մտահանգում, բայց ուժը չպատեց ու միայն ուսերը թոթվեց,- Գուշակ կի՜ն, ծեր կին, անվճար տուն, որտեղ ոչ ոքի չգիտենք: Ե՞րբ իմացար, ո՞նց։

4
Նույն պահին քամին Սաթիկի ականջին հասցրեց հեռվում կանգնած երեք տղամարդկանց խոսակցության կտորներ:
- Տիկո, զահլա տարար: Էդ որ Քնարդ ամեն օր կոտլետներ է փաթաթում՝ կարտոլից չի՞:
- Ի՜նչ էլ անի, հավեսով է անում, դրա համար էլ համով է ստացվում: Էրկու օրվա դդմի ճաշ է, արդեն զզվել ենք, բայց էնպե՜ս ա մատուցում, անձեն ուտում ենք: Եկեք, վերջացրեք: Ո՜վ եկավ, հատուկ գինուց էլ կխմի:
Գյուղացիները ծիծաղեցին,- Ուրիշ ուտող ճարիր: Մենք մեր տան փլավը՜ վերջացնենք:
Սաթիկը մեքենայի դուռը բացեց, դուրս եկավ: Վահագը բարկացավ,- Ու՞ր, ու՜շ է: Սաթիկն ինքն էլ զարմացավ իր վճռականության վրա,- Հիմա, սիրելի՜ս: Դու էլ արի,- գնաց դեպի տղամարդիկ, ժպտաց, բայց չնայեց ենթադրական Տիգրանի կողմը, - Բարև ձեզ: Այս գյուղում բարեկամի տղա ունեմ՝ Տիգրան, կնոջ անունը՝ Քնարիկ: Չե՞ք օգնի՝ գտնեմ:
Ժպտացող Տիգրանը փորձեց չշշմել,- Երկնքից ընկա՜ն երկու փրկիչ ուտող բերա՜ն: Բայց ախորժակդ ի՞նչ կուզեր, փաստացի անծանոթ քույրիկ:
Սաթիկը վերջապես նայեց Տիգրանի կողմը և սիրտը թփրտաց հուզմունքից, ու ինքն էլ հուզմունքը չթաքցրեց - Վա՜յ, չէի տեսել: Չե՜ք փոխվել: Սկսեցի հիշել: Դդմի ճաշ դեռ եփու՞մ է: Կարոտե՜լ եմ,- Տիգրանն իր սիրած մարդկային տեսակներից էր՝ ինչքան էլ լուրջ լիներ, դեմքի չարաճճի ժպիտի ստվերը ստիպում էր չթուլանալ:
Գյուղացիներից նա, ով նիհար էր ու կիրթ հագնված, ծիծաղեց,- Տիկո, էլի՜ բախտդ բերեց: Գեղեցկուհի քույրի՜կ, դդմի ճաշ սիրո՜ղ: Տիգրանն ակնհայտորեն դեռ ուշքի չէր եկել Սաթիկի զգացմունքախառն ու գլգխիչ անսպասելի նոկաուտից,- Բարի՜ ախորժակ, դու հաստա՜տ կերար: Մինչև հինգ պորտ քույրերիս գիտեմ: Մեր տոհմածառի ո՞ր ճյուղին քեզ նստեցնեմ, դդմապաշտ քույր, պայթած կաղամբի ժպիտով:
Սաթիկը, չգիտես ինչու, գերագույն հաճույք ստանալով իր ժպիտի որակավորումից, ծիծաղելով բռնում է Տիգրանի ձեռքը, նայում աչքերին,- Չհիշեցի՞ր, եղբայրս։ Գոնե բարձ՜ր մի ասա: Մեղքս լրիվ ընդունում եմ:- դիմում է իրենց մոտեցող Վահագին, հենվում Տիգրանին,- Գտա՜, սիրելիս՜: Սիրտս վկայում էր,- աչքերը սրբում է:
Վահագ,- Բարև ձեզ,- ձեռքով հերթով բարևում է ներկա բոլոր տղամարդկանց հետ, սպասողական հայացքով նայում կնոջը: Տիգրանը դիմում է Վահագին, Սաթիկի ձեռքը բաց չթողնելով ու մյուսների համար աննկատ ավելի սերտ հպվելով ու շնչելով նրան,- Բարև, փեսա՜: Էս ի՜նչ լավ բան եք արել: Հազի՜վ հիշեցիք: Սաթիկը թեթևացած շունչ է քաշում, հենվում Տիգրանի թևին,- Տիգրան ջա՜ն, ամուսինս է՝ Վահագը: Ո՜նց թեթևացա, հոգիս թռչու՜մ է:
Տիգրանը բռնում է Սաթիկի թևից,- Հեռու չթռչե՜ս: Էստեղ բոլորը որսորդ են, հրացանները՝ պատրաստ:
Սաթիկի զրնգուն ծիծաղից հեռվում գտնվողները նայում են իրենց կողմ, ժպտում: Վահագը նայում է ժամացույցին, դիմում Տիգրանին,- ճիշտն ասած՝ մենք փնտրում ենք Կարինեին: Լսել ենք…
Սաթիկը փորձում է կտրուկ և համողիչ խոսել, օգտվելով կանացի հմայիչ ժեստերի անվերծանելի կախարդանքից,- Բա Քնարիս չտեսնե՞մ: Կարինեն չփախավ: Խանութից մի երկու բան վերցնենք, գնանք եղբորս տուն: Չե՜մ համբերում… Կռահումների շփոթեցնող տարբերակներից հոգնած Տիգրանը ենթարկվեց իրերի բնականոն ընթացքին,- Բա շու՜տ ասեիք, որ խանութով եք գալիս, - հեռախոսով զանգում է,- Քեզ հավաքիր, քսմսվիր քաղաքացու ճաշակով: Սուպեր հյուրեր ունենք: Իրանց կժպտաս տեղի անտեղի: Համ շատ մոտ են՝ համարյա հարազատ, եկել են հատուկ դդմի ճաշիդ համար, համ էլ հետներն ամե՜ն ինչ բերում են: Դու դատարկ ջուր եռացրու, բերում ենք,-շրջվում է դեպի Սաթիկը,- Քուր, անունդ… էլ հո չե՞ս փոխել, սիրունացրել:
Սաթիկը գյուղացիների հետ ծիծաղում է, չնայելով ամուսնու կողմը, զգալով նրա զարմացած ու չկողմնորոշվող հայացքը,- Չէ, էլի նույն Սաթիկն եմ, քո չարաճճի կատակների օբյեկտը: Տիգրանը շարունակում է խոսել հեռախոսով,- Սաթենիկը, նախանցած տարի Հեղուշենց ու Վազգենենց հետ եկավ,…. չե՞ս հիշում…. աչքդ նվերներին էր, որտեղի՞ց հիշես,- գյուղացիներն ու Սաթիկը ծիծաղում են,- Չե՜ս հավատա, ամե՜ն ինչ բերում են, - հավի մի՜ս, բրինձ, յուղ, երշիկ, աղացած միս,- նայում է Վահագին,- տոմատ ու ձեթ էլ, չէ՞, կառնեք, մեկ էլ՝ քաղցր ավազ: Վահագը հայացքով խանութ է փնտրում,- Եթե պետք է, կառնենք: Միրգ բանջարեղեն էլ:
Թզբեխ խաղացնող գյուղացին ծիծաղեց,- Վա՜յ, Տիկո, կրակ դառնաս,- դիմում է Վահագին,- էդ մեկը՝ չէ: Իր տան եղածը կուտեք, փողն իրեն կտաք: Խղճով կհաշվի, Քնարից վախենում է:
Սաթիկը փորձում է լուրջ երևալ, բայց փռթկացնում է,- Գնացինք խանութ, մածունը մոռացար:
Տիգրանն ու գյուղացիները ծիծաղում են: Թզբեխ խաղացնողը դիմում է Վահագին,- Մոտ ընկերս է, բայց մարդ չի դառնա: Եկեք գնանք մեր տուն: Ես էլ Քնարի քեռու տղան եմ, ազգովի փոշմանել ենք դրան աղջիկ տալու համար, բացի՝ հենց Քնարից: Տանն էլ նեղվածք է:
Վահագն ուսերն է թոթվում,- Տիկինս բարեկամ գտավ, իրենք շատացան: Վախում եմ՝ խոսեմ:
Սաթիկը թևանցուկ է անում Տիգրանին, ժպտում թզբեխ խաղացնողին,- Տունը չգիտեմ, սրտում բոլորի՜ս համար տեղ կա, ու դրա համար հատուկ մեծացրել է: Բռնեմ, որ չշփոթեմ ու էլ երբեք չկորցնեմ:
Հանկարծ Սաթիկը Տիգրանի ժպիտի մեջ ցավ տեսավ, որ մեկ միկրովայրկյան փորձեց դուրս պրծնել, բայց հետ ուղարկվեց գիշերային բացարձակ միայնության ժամերի անարդյունք մտորումների համար նախատեսված անկյուն,- ճիշտ ես, քույրս, բայց ինձ ոչ ոք չի հասկանում, ու դրա դեմ բուժում են, փոխանակ՝ մրցանակ կամ ռեկորդի թուղթ տան: Սրանք չե՜ն թողնի շփոթես: Առածներդ կվերցնեն, էլի առնել կտան ու էլի՜ մեր տուն կուղարկեն: Քույր լինելն ուզելով չի, արյունով է, դիմացիր:- տեսնում է դեպի իրենց կողմ շտապող Կարինեին, դիմում Վահագին,- Էս դու՞ք եք իրեն փնտրում, թե՞ ինքը Ձեզ: Դրա որսորդ հայացքը մշակեմ, հա՜,- տեսնելով Սաթիկի շփոթված հայացքը, աչքով է անում նրան,- Գյուղում էդ անմեղ բառ է։ Ընտելացիր, որ դիմանաս։

Կանգնած խմբին է շտապելով մոտենում Տիգրանի ակնարկած Կարինեն, կանգնում Վահագին ավելի մոտ, բայց դիմում Տիգրանին,- Բարև ձեզ: Բաժակս ասեց, որ տուն վարձողներ են գալու: Եթե գան, կասեք, որ ես կարող եմ առանձին ընտի՜ր տուն ճարել, լա՜վ տանտիկնոջով, զեղջ գներով: - նայեց Վահագին ու կարծես թե նոր տեսավ, -Դու՞ք եք, - Վահագը միայն գլխով արեց,- Նստե՜նք մեքենան, մո՜տ է:
Սաթիկը մի պահ ցնցվեց, ավելի սեղմվեց Տիգրանին, նայեց այդ կնոջը, նրա վրա շարված տարբեր ազդեցիկ շղթաներին, զարդերին ու ակամայից հիշեց Սմբատի խոսքերը, երբ տանը նրան ուտելիք էր մատուցում,- «էս ի՜նչ լցնել ես լցրել, տիկին: Իմաստը՞»:
Կարինեի վրա հմայիլների, օկուլտային իրերի ու զարդեղենի ակնհայտ շատություն էր, բայց թե դրանցից էր, թե՝ իր պահվածքից, նա արդեն ինչ որ ազդեցություն ու իշխանություն հաստատեց այդ փոքր խմբում, մենիշխանական հրամայականին համաձայնության վերմակով ծածկելով բոլորի համակարծիք կարծիքը:
Ներկաների երկնչոտ ու մագնիսացված հայացքները գլխի հաստատող շարժումներով նրան միայն ինքնության ու ներկայության նշաններ ուղարկեցին:
Սաթիկն էլ արդեն պատրաստ էր ձեռքը մեկնել նրան ու ասել, «Տարեք ինձ այդ տունը, տիկին: Ես Ձեզ վստահում եմ բոլո՜ր հարցերում»:
Վահագը լուռ գնաց դեպի մեքենան, սպասողական հայացքով նայեց Սաթիկին ու Կարինեին: Օդը շնչում էր Կարինեի կամքի կատարողականի ենթադրությամբ:
Տիգրանը Սաթիկի ցնցվելուց կատարեց եղածի իր շտապ մտահանգումն ու անպես սեղմեց Սաթիկի իրեն բռնած ձեռքը, որ Սաթիկը հասկացավ՝ Տիգրանն իրեն հասկացել է ու ընդունել, ու սիրտն ուրախությունից ճչաց: Աչքերի արցունքն աննկատ սրբեց ու կարծես հեռվից լսեց նորահայտ եղբոր եղբայրական պարտականությունների ստանձման հաստատումը,- Շտապելուց բաժակդ թաց թաց ես նայել, Կարինոչկա: Թե չէ՝ կասեր, որ խառնել ես: Իրենք տուն վարձող չեն, իմ քուրն ու փեսան են: Ցանցդ հավաքիր, ուրիշ տեղ փռիր: Հաջող որս եմ մաղթում, յուղալի։
Սաթիկը հուզմունքից թուլացավ, հենվեց եղբորը, որ արցունքները չերևան, ու աչքի տակով նայեց Կարինեին: Կարինեի աչքերի չար փայլը մի վայրկյանում հօդս ցնդեցրեց իր ազդեցության կախարդանքը: Սաթիկը վերագտավ իր հանգստությունը, թեթևացած շունչ քաշեց, ժպտաց Տիգրանին, որն իրեն աչքով արեց, մատով զգույշ սրբեց քրոջ արցունքի կաթիլը:
Փաստորեն Տիգրանի վրա Կարինեն ազդեցություն չուներ ու դժվար թե որևէ մեկն ունենար: Սաթիկն այդ պահից արդեն նրանով հիացավ ու իրեն համարեց իր ուսուցիչն ու հետո ենթարկվում էր նրա հմայքի կախարդանքին, հիանալով նրա ամեն ասածով ու արածով, ինչն էլ առաջ էր բերում Վահագի զարմանքն ու զայրույթը: Նա իր կնոջը չէր ճանաչելու Տիգրանի պատճառով, ու նույնիսկ խանդելու էր այդ ենթագիտակցական մակարդակի նվիրվածության պատճառով, ինչն՝ անշուշտ, ևս ամուսնու անբաժանելի տարածքն է:
Կարինեն, սակայն, վճռական էր տրամադրված, կարծես թե իրենց զրույցը ոչ թե սովորական վիճաբանություն էր, այլ՝ տիեզերական մասշտաբով ընթացող պայքարի արդյունքի վրա ազդող տեղական նշանակության կռիվ, ու իրենից մարտական հաշվետվություն են սպասում ինչ որ ուժերի շտաբում: Խոսելիս նա ում էլ որ դիմեր, ավելի հաճախ նայում էր Վահագին, ինչը վախեցրեց Սաթիկին ու այդպես էլ գաղտնիք մնաց, քանի որ «ոչ այնպես» պատասխանը կարող էր խճճել իր երջանկության զգացումը, այն ողողել կասկածանքների կեղտահոսքով:
Բայց և Կարինեն իր ինքնավստահության ինչ որ մասը կորցրել էր,- Շատ լեզուդ շաղ տվեցիր, Տիկո: Ոչ բարի մտքերդ քեզ դարձրել են սև ուժերի հանգուցակետ: Նրան քանդելը գնալով կդժվարանա, եթե չլսես չափի մանտրայի տիեզերական էներգիայի ձայնը: Վերցրու այս թալիսմանը, երեք օր պահիր կողքիդ, որպես տիեզերական զայրույթի շանթարգել,- Տիգրանին է մեկնում ինչ որ հմայիլ:
Լսվում է նրա դաստակի զարդերի հաճելի հայացքահավաք զնգոցը: Սաթիկի գլխում վախեցնող խառնաշփոթ էր ու ահով սպասում էր Տիգրանի պարտությանն ու հեռանալուն: Նա իրեն տրամադրում էր արդեն անխոս ենթարկվելու մտքին, երբ մարդ հնազանդվում է իր ճակատագրին ու գնում, անկախ նրանից թե ուր են տանում՝ տաժանակիր աշխատանքի, անցանկալի մարդու հետ ամուսնության, թե՝ կառափնարան: Ինչ լինում է՝ թող լինի: Վերջ ի վերջո, ինքն ամուսնու հետ է, պաշտպանված: Բայց Տիգրանի մտքով էլ չէր անցնում վախենալ խորհրդավոր բառափնջի մոգական հմայքից: Ընդհակառակը, կարծես թե իր համար առիթ էր նորից բացատրել Կարինեին նրա ազդեցության ոլորտից իր տարածքի անձեռմխելիությունը և սահմանի այդ կողմում այլևս նաև Սաթիկի գրանցումը:
Նա Սաթիկի ձեռքը բաց չթողեց, ու նույնպես դիմեց Վահագին, որը չգիտեր՝ թե ուր նայեր, ում նայեր,- Էս բարի կինը մեր գյուղի բախտագուշակն է: Էս սառսռան բառերով մեր ուղեղները մաքրազարդում է, հետո քաղցր հեքիաթներով հավանական երջանկության տոմսեր բաշխում ու վերջում առանձին առանձին բռնացնում ու դրանց գինը տոկոսներով պռճըկում: Գյուղացիները ժպտացին Տիգրանին, բայց ավելի անվստահ ու ինչ որ պատրվակով հեռացան:
Կարինեն հմայիչ ժեստով ձեռքը պարզեց դեպի Տիգրանը,- Քո չարաճճի մենտալ մտքերը հավաքում եմ, տանը համատեղեմ տիեզերական բանականության աստրալ ինքնության հետ, որ ներելու իրավունք ստանամ,- ձեռքով օդի մեջ գեղեցիկ պտույտ գծեց, ու լսվեցին նրա դաստակի զարդերի ու շղթաների շխշխկոցի ուշադրություն շեղող ու մտազրկող ձայները: Կարինեի ազդեցությունը ինչ որ հրաշքով փքվեց, ճիշտ ու ճիշտ հնդկահավի փետրածածկի նման՝ գեղեցիկ, ուշադրությունը գամող, սպասելիքով լիցքավորվող:
Բայց Տիգրանը ձեռքն առաջ պարզեց, մատներով շխկոցի ձայներ հանեց,- Չէ, կտանես, կբռնաբարես ու կպարտկես: Հետ եմ վերցնում, հետո անձամբ կբերեմ: Իմ ու քո ինքնություններն առանձին իրար կհասկանան, ես ու դու՝ առանձին: Ախր ես քո դասարանցին եմ: Դու իսկի Վարշավայի մայրաքաղաքի տեղը չգիտես, ո՞նց կարաս՝ ինձ կամ մտքերս որսաս: - դարձավ Վահագին ու Սաթիկին,-Գնացինք:
Սաթիկը լարվածությունից անասելի հոգնել էր, նստել էր ուզում, ու նույնիսկ չըմբռնելով լսածի իմաստը, զարմացավ,- Իսկապե՞ս,-ու շարժվեց դեպի մեքենան, Տիգրանին նշան անելով, որ նստի առջևի նստատեղին:
Կարինեն դատախազի դեմքով նայեց Վահագին, ով միայն ուսերը թոթվեց, ու դիմեց Սաթիկին,- Դու Սաթիկն ես, չէ՞:

5
Սաթիկին թվաց, որ Կարինեն ինչ որ կարգադրություն կրակեց իր աչքերի մեջ: Հազիվ արտաբերեց,- Այո՜…,- ու հենարան փնտրեց, գտավ ամուսնուն ու փորձեց ձուլվել նրան:
Կարինեն զգաց իր ազդեցության ուժն ու հայացքը Սաթիկից չկտրեց,- Քեզ երազումս տեսել եմ: Եկել ես մեր գյուղ տաս օրով, բարո՜վ ես եկել: Ամուսնուդ անունը Վահագ է, երեխայիդ անունը՝ Դավիթ: Ամուսինդ, որ երևի ինքն է,- նայեց մեքենայի փայլով խիստ մտահոգված Վահագին,- բիզնեսմեն է: Դու մի ամիս առաջ հիվանդացել ես, քեզ նշանակել են մաքուր օդ ու հանգիստ միջավայր: Դու լավ նկարիչ ես: Քեզ ու գործերդ գովում են: Կիրթ կեսուր մայրիկ ունես, որին սիրում ես մոր պես, ու մի հրաշք որդի: Հա՜, դու նամակ ես ստացել արտասահմանից, որով առաջարկում են իրենց հետ աշխատելու: Այդ մասին նույնիսկ ամուսինդ չգիտի: Տիգրանի հետ դասընկերներ ենք, այդպես կատակում ենք։ Ինքն արտոնյալ հակադիր է՝ առանց ներման իրավունքի:
Սաթիկի մարմնով դող անցավ, նայեց Վահագին, ով իր նվիրական գաղտնիքների օպերատորն է, բայց նա հանկարծ մեքենայի վրայի ինչ որ կեղտաբիծ մաքրողի դիմակ հագավ: Տիգրանն էլ էր զարմացել,- Բա՜ն չեմ հասկանում: Ինքն էսքա՜ն փայլելու իրավունք չուներ:,- դիմում է Կարինեին, - Դե, իր մոտ ընկերուհու անունը, կոշիկի ու կրծքալի համարներն էլ ասա, նստեմ ձեր դռանն ու մի ամիս էստի համեցեք կանչեմ ու շնորհքդ գովե՜մ:
Սաթիկը դողաց ու մտքի մեջ աղոթեց, ինչի վրա հետո հաճախ ծիծաղում էր,- «Աստված ջա՜ն, այնպես արա, որ չասի»,- հետո սարսափեց, հիշելով, որ ինքն էլ չի կարող այդ համարները ոչ հաստատել, ոչ՝ ժխտել:
Հեծանիվով միջին տարիքի մեկը մոտեցավ, հայացքով բոլորին բարևեց, Տիգրանի հետ հայացքազրույց ունեցավ, սպասեց: Կարինեն նայում է երկնքին, աչքերը փակում, - Մոլորակների այսօրվա դասավորությունը բարենպաստ է մեր գյուղի աուրայի համար… ուղարկում է բարության մանտրա, ես էլ ձեզ եմ փոխանցում: Ըմբոշխնեք այն իմ նիրվանայի տարածքում։ Տիգրանի չակրան էլ տեղափոխում եմ կառուցողական բիոդաշտ, որ ուրիշ կանանց կրծքերից աչքը կտրի ու բարեկամին չարակամից տարբերի,- դառնում է Սաթիկին,- եթե եղբորդ համոզես ու գա մոտս, հաջողության կախարդանքով կջնջեմ իր զազրախոսությունն ու վրայից կհանեմ անհաջողության անեծքը: Ու իմ կուտակած հոգևոր էներգիան կհարաբերվի իր բիոէներգիայի հետ, ու մեզանից ծնված ժայթքող էներգիան իրեն կուղեկցի հաջողության դաշտ, ու իրեն կձգտի փողը, ոչ թե՝ չար ուժը:
Տիգրանը թևանցուկ է անում Վահագին և Սաթիկին,- Մոլորակ կոլոլակ չգիտեմ, քրոջիցս հեռու՜ մնա, ինքն ուրիշ մոլորակից է,- ու նորաթուխ հարազատներին հասկացնում է նստել մեքենան: Սաթիկը հոգնեցնող լարվածության թուլացման հաճույքից ծիծաղում է, շտապելով նստել մեքենայի մեջ,- Հե՜չ չես փոխվել: Ո՜նց էի կարոտել:
Տիգրանը հարբել էր անկանխատեսելի, բայց սպասվելիք երանավետ զարգացումների բուրմունքից, որով իրեն էր պատում քաղաքի այս գեղեցկուհին՝ խելքամաղ անող աչքերով, հաճելի վարքով ու խոսելաձևով ու երանելի մարմնով,- Բոլորին կփոխեմ, աշխարհն էլ հետը, մատդ փուշ չմտնի: Էս ի՜նչ ես ասում:
Սաթիկը հաճույքի սառսուռ ապրեց, քաջ գիտակցելով լսածի ուժն ու հարաբերականությունը:
Վահագը նայեց Կարինեին,- Մինչ տեսություն: Ես … մենք կհանդիպենք:
  Կարինեն ժպտում է Վահագին, թուղթ է մեկնում աչքերին նայելով, որ Սաթիկի աչքից չվրիպեց ու խորը տպավորվեց, - Իրո՜ք լավ տուն է: Սա իմ այցեքարտը: Տիգրանն էլ, լեզվին չնայեք, մի տաս անգամ եղել է իմ տանը: Բայց անուղղելի է: Ազատվեք նրա վնասակար ազդեցությունից, փրկվեք, եկեք մոտս։
Տիգրանը չհասկացավ, կամ չուզեց հասկանալ Կարինեի հաշտության կամ զինադադարի առաջարկը,- Քանի չի փոշմանել, գնանք: Դպրոցում չեմ տվել արտագրի ու ինձ ներում չկա՜: Էդ իր ասած էներգիան դիտմամբ կարել է քամակիցս, ու ինձ այսպես գցել անհարմար վիճակի մեջ, քուր:
Հեծանիվով գյուղացին ծիծաղում է, Տիգրանին նայելով,- Լեզվիցդ է կարել: Կտրվի լեզուդ, հա՜,- Տիգրանի հետ առանձին զրուցում է, ծիծաղում, Տիգրանից ինչ որ բան վերցնում, հեռանում:

6
Տիգրանը նստում է մեքենայի առջևի նստատեղին, դիմում Վահագին,- Ուղիղ, հետո՝ աջ:
Վահագը մեքենան շարժում է տեղից, - Իսկ խանութը որտե՞ղ է: Տիգրանն ակնհայտ ուրախ էր,- Ճամփին է, կհասցնենք,- զանգում է հեռախոսով,- Եկանք: Դդմի ճաշիդ վերջն եկել ա, էսօր տոն է,- թեքվում է դեպի Սաթիկը,- Քույրիկս, կամ՝ ես ես չեմ, կամ էլ՝ դու ես….- Սաթիկը նայում է Տիգրանի աչքերին, հետո Վահագի կողմը,- Իրոք աչքս ջուր էր կտրե՜լ: Ապրե՜ս:
Վահագը հայելու միջով բարկացած հայացքով նայում է Սաթիկին, զննում շրջակաքայքը,- Էս կորած փողոցում խանութ կա՞ որ:
Տիգրանը ցույց է տալիս առանձնատներից մեկը,- Կանգնիր: Այ, սա էլ մեր խանութն է: Վահագը հանում է դրամապանակը, իջնում մեքենայից, - Այսինք՞ն: Բա ցուցանակը՞:
Տիգրանն իր դերում է, -Այսինքն՝ հիմա իմ տանը կհյուրասիրվեք, հետո կմտածենք:
Սաթիկը ծիծաղում է, թևանցուկ անում ամուսնուն,- Սիրելի՜ս, սա իրենց տունն է: Եղբայրս խաբելով բերեց իր տուն, որ հյուրասիրի կիսահարազատ քրոջը:
Տիգրանն ուրախ էր ու դա չէր թաքցնում,- Էդ գյուղամիջում էիր կիսահարազատ: Հիմա գինի կխմենք, արյուններս կջրիկանա, կհիշենք անցածն ու կդառնանանք հարազատ,- ու գնում է առաջ, որպեսզի հյուրերն իրեն հետևեն:
Սաթիկը ծիծաղում է, համբուրում Վահագին, շշնջում,- Սիրում եմ քեզ, շա՜տ:

Սաթիկի ծանոթությունը Քնարիկի ու Տիգրանի տասներեքամյա որդու՝ Հովսեփի հետ շատ ուրախ ու անկեղծ անցավ: Բոլորը միմյանց ընդունեցին որպես հարազատներ, զրույցը համեմելով արագահոս անցյալի ճշգրտումներով, ամենօրյա վազվզուքի պատճառով հաճույքադավ ու տրավմածին խոնջանքի առաջացրած հիշել չհիշելու հնարավրության վնասաբեր ընդհատումներով: Նույնիսկ Վահագը ներքաշվեց զրույցի մեջ, հետաքրքրվելով տեսարժան վարերով ու փորձելով շփման գծեր ստեղծել իր բիզնես գործունեության հետ:
Քնարիկն անխոս ընդունեց ամուսնու նոր բարեկամին, առանձնապես չփորձելով էլ ստուգել ներկայացված լեգենդը: Կյանք է, պատահում է: Ինքն էլ բարեկամներ ունի, որ հիմա տեսնի որևէ տեղ, չի էլ ճանաչի: Եվ հետո, ամեն ինչով նորմալ մարդիկ են, ինչու՞ չմոտիկանալ: Ո՜նց էլ լինի, մատից մի փուշ կհանեն: Սաթիկին սիրեց որպես իր երազանքի իրական մարմնավորում, առանց նախանձի որևէ երանգի: Այդպիսի կին լինելը եղել է իր երազանքը՝ ուղղախոս, ազատամիտ, ճտպտան, արվեստից հասկացող: Բայց խաբվեց Տիգրանի ճարտար լեզվին, սիրահարվեց, չլսեց ծնողների ողջամիտ փաստարկումները, ստացավ նրանց օրհնանքն ու մտավ բեռի տակ: Իսկ կյանքի բեռը ծանր ստացվեց՝ չեն հասցնում, չե՜ն հասցնում ու չեն հասցնու՜մ: Տիգրանն էլ առողջական խնդիր ունի սրտի հետ կապված: Նրան էլ պետք է փայփայել, որ հանկարծ մի բան չպատահի: Եթե ուրախացել է քրոջ գալով, թո՜ղ ուրախանա:
Հովսեփը ևս հավանեց իր նոր բարեկամներին: Սաթիկի կերպարը նրան ևս դուր եկավ, մանավանդ որ նման էր իրենց նոր՝ գեղեցկուհի ու ճաշակով ուսուցչուհուն՝ Հակոբյանին: Բայց եթե նա խիստ էր, քիչ էր ժպտում ու կատակում, ահա եկել է գեղեցկուհի նման մեկը, շփվում է, հետդ ծիծաղում, դպրոցից ու դասերից հարցնում: Իսկ երբ սեղմեց փափուկ կրծքին, արդեն սիրահարվեց: Գիտեր, որ հորաքրոջը, թեկուզ հեռու, չի կարելի այդ իմաստով սիրահարվել, բայց եթե ինքը շա՜տ լավն է, ու ոչ մեկին չասել, ապա գաղտնի կարելի է:
(շարունակելի)
Создано 25.05.19 09:00
© Все права защищены
217
Безымянный 15:07 31.05.19
!!!