Литературный портал

Автор поста

Ձախորդ Փանոս (3)

Երկրորդ գործողություն
Առաջին մաս
Գյուղամեջի նույն պատկերն է, առանց երեխայի նկարի: Փանոսը սեղանի, ծալովի սեղանի, նստարանների վրա և պատի տակ շարում է նկարներ, գեղարվեստի իրեր, արձանիկներ:
Գագիկ- (գալիս է բեմի աջ կողմից, Փանոսին) Բարի լույս, Փանոս, ի՞նչ բանի ես հոս:
Փանոս- (Գագիկին) Բարի, բարի՜: Ցուցահանդես վաճառք է, մոտ արի:
Գագիկ- Ծնունդն է երեխայի, ինչը կվայելի:
Փանոս- Որոշիր, ընտրիր: Զեղջեր առաջին գնորդին, քո հումորին, իր տաղանդին:
Գագիկ- Մեղր կտամ: Անոյիս համար էլ վերցնեմ, մեղք է: Մանուկն անկապ բան էր կպցնելու:
Աստղիկ- (գալիս է բեմի խորքից Հակոբի հետ, Փանոսին) Բարև Ձեզ: Գործերը վաճառվու՞մ են:
Փանոս- (Աստղիկին) Բարև Ձեզ: Վաճառում, փոխանակում: Ձերը գտեք:
Աստղիկ- (գործ է վերցնում, Փանոսին) Վարոսին՝ լավ նվեր, Ձեզ էլ՝ կաթ ու մածուն: Կլինի՞:
Փանոս- (Աստղիկին) Նման պահվածքով գնորդին չեմ մերժվի (Աստղիկը գնում է բեմի խորք):
Հակոբ- (նկար է զննում, Փանոսին) Վարդ՜ս է: Շա՜տ ես բացել: Ինքն ամաչկոտ էր: Դու ո՞վ ես:
Փանոս- (Հակոբին) Փանոսը: Ձեր տանը եղել եմ, քեռի:
Հակոբ- (Փանոսին) Հա՜, հիշըմ եմ: Ուշիմ լինես: Կքաշքշեն, կջարդե՜ն: Հիշեցի՞ր:
Փանոս- (Հակոբին) Չէ, առաջին անգամ է: Հետո կհիշեմ: Կվճարես, ինչքան կուզես:
Հակոբ- (Փանոսին) Բա ո՜նց: Աշուն մի բան կանե՜նք (գնում է բեմի խորք):

Աղաբեկ- (Համբարձումի հետ գալիս է բեմի խորքից, զննում նմուշները) Հետաքրքի՜ր է:
Համբարձում- (Փանոսին գործ է ցույց տալիս) Գինը՞:
Փանոս- (Համբարձումին) Ինչքան քո հնարավորությունն է: Համբարձում- (Փանոսին) Բա հետո՞:
Փանոս- Հետոն կգա հետներս, ու մենք իրար հետ կյանքից հետ չենք մնա:
Համբարձում- (Փանոսին) Շա՜տ ապրես: Քնարս կհավանի՜: (առանձին) Մանուկը կսրտնեղի՜:
Ծովինար- (Գալիս է բեմի ձախ կողմից) Գյուղի ճաշակն ազնվացավ (մոտենում է նմուշներին):
Աստղիկ- (գալիս է Վարոսի և Մանուկի հետ բեմի խորքից: Վարոսին) Հաճելի է, չէ՞:
Վարոս- Լա՜վ բան է: Առայժմ հիանանք: (Փանոսին) Թա՞նկ արժեն (զննում է նմուշները):
Փանոս- (Վարոսին) Արժեն քո գնահատականին: Մնացյալը հավելյալ է:
Ծովինար- (Փանոսին, ցույց տալով գործը) Լա՜վ գործ է:
Փանոս- (Ծովինարին) Գիտեի, որ դու… կընտրես: Նվեր է: Ծովինար- (Փանոսին) Ափսո՜ս…
Փանոս- Նվեր մտքերիս տիրուհուն:
Ծովինար- Կյանքի խելահեղ ընկալում ունես:
Փանոս- Կյանքի պաշտելի նմուշի խելառ երկրպագուն եմ: Այս մատանին հավանու՞մ ես:
Ծովինար- Օ՜, անխոս:
Փանոս- Կթողնե՞ս անձամբ հագցնեմ մատիդ…
Ծովինար- Իհարկե, ձևեր չեմ թափի (Փանոսը մատանին մոտեցնում է Ծովինարի ձեռքին, այն ընկնում է: Փանոսը կռանում է, փնտրում) Պետք չի, ամոթ է: Ի՜նչ անհաջողություն: Փանոս- Նորը կպատրաստեմ: Հիմա.. (շարժվում է դեպի աջ կողմ):
Ծովինար- Վերադարձիր: Կորած մատանու հետևից չեն գնում: Վատ նշան է:
Փանոս- (վերադառնում է) Նշաններին չեմ հավատում: Ի՞նչ եղավ, ախր:
Ծովինար- Ինձ հա ծիկրակում են, կյանքս՝ հարամում: Չեմ գնում (մոտենում է Աստղիկին):
Վաչագան- (գալիս է ձախ կողմից, մոտենում նմուշներին) Գոնե ժամանակը կճաշակավորվի:

Կատերինա- (գալիս է դռնից, մոտենում Փանոսին) Նայեմ: Էսօր խաղ ունե՞ս, ֆուտբոլիստ:
Փանոս- Նայեք (գործը մեկնում է Կատերինային: Այն փոխանցելիս ընկնում է):
Կատերինա- Ի՜նչ փորձանք էր, դու արեցիր:
Փանոս- Հո չմեռանք: Ցեխ է, էլի՜: (գործը բարձրացնում է, սրբում) Կտոր թռավ, զեղջ կանեմ:
Կատերինա- Չէ, ես թռածներից ու փախածներից խրտնում եմ: Խաբս մի տուր, փոխիր:
Փանոս- (զարդատուփ է մեկնում: Այն Կատերինայի վերցնելու պահին ընկնում է: Բարձրացնում է) Հայելին թեթև ճաքեց: Ափսո՜ս, լավ գործ է: Հետո կփոխեմ:
Կատերինա- (Փանոսին) Ճաքածով սիրտս կճաքի, այ ճարպիկ: Ճիշտ ասա, միտքդ ճու՞ռ է:
Փանոս- Սա նայեք: (ուլունք է մեկնում: Կատերինայի վերցնելու պահին հատիկները թափվում են, ինքն իրեն) Դիվային ուժ ունի: Ծովինար- (գնում է դեպի Փանոսը, ինքն իրեն) Երկուսից մեկը խաղեր է տալիս:
Կատերինա- (Փանոսին) Ու՜խ, էս ո՜նց ինձ գրգռեցիր ավիրման կրքով: Բեր ավիրելով ձախորդությանը փախցնենք ու հանձնվենք երջանկությանը:
Փանոս- (Կատրինային) Լա՜վ միտք էր, բայց՝ չէ: Ինքներդ ընտրեք, վերցրեք:
Կատերինա- (Փանոսին) Էս նկարը քո հորանջելու նման է: Տանեմ, նայեմ, հորանջե՜մ:
Ծովինար- (Փանոսին) Բուռն զարթոնքի այս նկարը վերցնում եմ: Խոսել ենք:
Կատերինա- Ծովիկ, խոսացած ա: Բուռն զարթոնք էն կուժի մեջ լիք՜ն ա: Բարի զարթոնքու՜մ:
Ծովինար- Փանոս, հիշեք (նկարը վերցնում է: Կատերինան այն քաշում է, նկարը պատռում):
Կատերինա- (Փանոսին) Լրիվ բռնկվեցի, վարպետ: Հանգցնող է պետք: (Ծովինարին) Բեր էլի կիսենք, ու վերջում՝ Փանոսին: Թե՞ էլի նախօրոք ես արել:
Փանոս- Ի՜նչ կարիք կա: Այսինքն՝ ո՞նց կիսել: Այսինքն ինչի՞ մասին է խոսքը (քիչ հեռանում է):
Ծովինար- Կիսված նկարը երևակայությամբ կտեսնեմ, տղամարդուն՝ կանտեսեմ:
Կատերինա- (Փանոսին) Ճողոպրեցի՞ր, ջիգիթ: Վճռիր մեր վեճը, որ չճղվես նկարի պես:
Փանոս- Իհարկե: (նկարը պատռում է) Ինձ համար կարևոր է ձեր պատիվը, քան՝ վեճը:
Կատերինա- (Փանոսին) Ասում եմ՝ հրդեհված կին եմ, գլխիս ջուր ես լցնում: Տղամա՞րդ ես, թե՞ հրշեջ (հեռանում է մյուս նմուշների մոտ):
Ծովինար- (Փանոսին) Կեցցե՜ք, լկտիության Ձեր արտոնագրից լիովին օգտվում է:
Աստղիկ- (Փանոսին իր է ցույց տալիս) Վերցնեմ, Վարոսը հետո կվճարի, կարելի՞ է:
Փանոս- (Աստղիկին) Իհարկե:
Աստղիկ- (Փանոսին) Շնորհակալ եմ (մոտենում է Վարոսին: Վարոսը զննում է իրը):

Փանոս- (Ծովինարին) Կեղծված արտոնագիր էր: Միայն կատակել ենք ազատ թեմայով:
Ծովինար- (Փանոսին) Իսկ… չփորձե՞նք իր հետ կատակելով՝ ինձ համբուրեք:
Փանոս- (Ծովինարին) Ո՞նց.. իր… Սխալս ընդունում եմ: Պատժիր դեղին քարտով:
Ծովինար- (Փանոսին) Չգիտեմ: Վիրավորական է, իրոք:

Մանուկ- (նկար է վերցնում, պարզում վերև) Մարդիկ, էս այլանդակությունը հավանու՞մ եք:
Գագիկ- (Մանուկին) Կորցրածդ շահը ճաշակիդ ճնշե՞ց:
Մանուկ- Հա՞: Դե նայեք: Ընտանիքին հարմա՞ր է:
Փանոս- (Մանուկին) Անմեղ գործ է՝ «Առաջին տեսակցություն»: Մանուկ- Այլասերվածությունն անմեղ չի լինում: Գյուղում գրկված զույգերի տեսած կա՞ք: (ուրիշ գործ է վերցնում) Սա ի՞նչ է:
Փանոս- «Կինը լողափում»: Կանացի գեղեցկությունը միշտ էլ… Մանուկ- Ձեր քաղաքում գեղեցիկ է, մեր գյուղում՝ այլանդակություն: Հա, լավն է, ինչ: Ինքն էդպես հանված պառկել է, դու էլ ժամերով նայել ես՝ նկարե՞լ: Վա՜խ, անխիղճ: Աստղիկ- Բայց գողունի արված նկարների համեմատ ազնիվ է ու մաքուր:
Կատերինա- Մանուկի Ճաշակի ընկերը թաքնված խայտառակիչն է:
Համբարձում- (Աստղիկին) Կանայք, մի խառնվեք, անհարմար է: Աստղիկ- Անհարմարը կիսամերկ կնոջը թաքուն նկարելն է… Մանուկ- Լռեք, ամո՜թ է: Մեր տատերին պակա՞ս ենք հարգում, որ վարտիքով են լողացել ու կրծքերը չեն ցուղադրել: Ինձ համար կնոջ հարգանքը կրծքի չափերի հետ հե՜չ կապ չունի: Աստղիկ- (Մանուկին) Այսքանիս ձե՞ռ ես առնում: Ինչե՜ր ես խոսում: Դրա էրոտիկ ելույթը՜…
Աղաբեկ- Այո, դա կարևոր է, բայց ավելի կարևոր հարց կա: Գյուղը բոլորիս տունն է, մաքուր պահենք: Փանոսը մերն է, բայց գործերը նայված չեն: (Փանոսին) Հավաքիր, մինչև չքննենք … Աստղիկ- Իսկ ինչու՞ մեր տունն էլ գեղեցկություն չմտնի՝ կնոջ նկար, ծաղիկ, թե արձանիկ:
Վարոս- (Աստղիկին) Քիչ խոսիր: (Փանոսին է մեկնում Աստղիկի գնած գործը) Դու՞ ես գրել:
Փանոս- (Վարոսին) Այո, տառասխա՞լ կա:
Վարոս- (Փանոսին) Ամոթի: Քե՞զ ինչ կնոջս մարմինը: Բարակիրա՞ն է, թե՞ հաստաքամակ:
Փանոս- (Վարոսին) Հարգելիս, դա կոնկրետ չի: Գրված է հայուհիների համար:
Վարոս- (Փանոսին) Իսկ ես կոնկրետ եմ ասում՝ հավաքիր եղած չեղածդ:
Մանուկ- Ճիշտ է, օգնենք (Վարոսի հետ խառնում են նմուշները): Փանոս- Ախր չի կարելի, զգու՜յշ: Ցուցահանդեսների են մասնակցել:
Մանուկ- (Փանոսին) Ավելի վատ: Գյուղը փրկենք ձեր ցեցաքանդեսներից:
Գագիկ- Գժվեցի՞ր Վարոս: Հեռու, Մանուկ (փորձում է խանգարել Մանուկին):
Վաչագան- (փորձում է արգելել Վարոսին) Փորձեք իրար հասկանալ, ախր:
Ծովինար- (Համբարձումին) Կօգնե՞ս, ափսոս են (Համբարձումի հետ հավաքում են գործերը):
Վարոս- (Վաչագանին) Չե՞ս հասկանում, ուսուցիչ: Աստղոյին է զննել: Չխանգարես:
Գագիկ- (հեռացնում է Վարոսին) Գոնե մի փչացրու գործերը (Վարոսը հրում է Գագիկին):
Մանուկ- (Փանոսին) Այլանդակություն բերեցիր ու կռիվ գցեցիր: Միամիտ ապրում էինք:
Վաչագան- Կռիվը կար, անող չկար: Չեք ուզում, ձեր ճաշակով հրճվեք:
 Աղաբեկ- Օհօ՜, Վաչոն էլի խոսեց: Վտանգավո՜ր է:
Աստղիկ- (հավաքում է գործերը) Վտանգավոր է, երբ ուսուցիչը լռում է:
Վաչագան- (Աստղիկին) Լա՜վ դաս էր, Աստղիկ:
Համբարձում- Հայեր, մի կռվեք:
Աղաբեկ- (Համբարձումին) Կռիվ անողներին ծեծիր, որ կռիվ չլինի:
Համբարձում- (Աղաբեկին) Բա ո՞նց տարբերեմ՝ մերոնք - ձերոնք:
Կատերինա- Բայց ու՞մ հետ քաշքշվեմ, որ և ճիշտ լինի, և հաճելի: (բարձրաձայն) Եթե արվեստը զոհ է ուզում, ի՛մ հաշվին հաշտվեք, մարդի՜կ: (Աղաբեկին) Ի՞նչ ես ասում:
Վաչագան- Փանոս, ի՜նչ ես խեղճացել:
Փանոս- Ախր կռվով արվեստի հարց չի լուծվում: Թող ասեն՝ ինչ՞ն է տգեղ, ինչու՞:
Ծովինար- Տգեղն այս քաշքշուկն է՝ շահի հաշվեհարդար: Մանուկ- (Ծովինարին) Ամո՜թ քեզ, կինարմատ: Ի՞նչ ես մտել տղամարդկանց մեջ:
Փանոս- (բռնում է Մանուկի օձիքից, շպրտում) Հապա հազա… լեզուդ խուզեմ, զազրախոս:
Մանուկ- Փրկեք: Խեղդեց, ջարդեց, օգնե՜ք: (ընկնում է, բարձրանում) Սպանում էր, է՜:
Աղաբեկ- (Փանոսին) Նոր ես եկել, ի՜նչ ուզում անում ես: Շաբաթը մեկ էլ մարդ ես ծեծու՜մ: Այլևս արվեստի կոլեգիան կճշտի գործերիդ սպառնալիքը գյուղին: Էս ի՜նչ վիճակ է: Բա ես ու ակումբն ինչի՞ համար ենք: Գնացինք տներս: (Մանուկին, առանձին) Հիմա կզանգեն:
Մանուկ- (Աղաբեկի հետ գնում է բեմի խորք, առանձին) Ես փնովում էի: Խփնվածը գժվեց:
Գագիկ- (Աղաբեկին) Դու կարգավորիր գյուղի գործավարությունը, ոչ թե՝ ճաշակը, Կրտոս:
Փանոս- Միայն երազում չափաբաժնով մտածելու թույլտվություն կշնորհեք:
Աստղիկ- Սիրելիներս, ի՜նչ էլ լինի, հարցը խաղաղությամբ լուծեք: Մի թշնամացեք:
Վարոս- (Աստղիկին) Չես հասկանում: Քաղաքի այլանդակությունն իմ գյուղ չի մտնելու ոչ սիրուն նկարով, ոչ բառերով (Աստղիկի հետ գնում է բեմի խորք):
Վաչագան- Թող դոզավորմամբ իրենց գռեհկությունը չափեն, ոչ թե՝ արվեստի գործը:
Կատերինա- Ի՜նչ հաճելի զբաղմունք է բանավեճն արվեստի շուրջ: Ինձ մի՜շտ կկանչեք:

Երկրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Վարոսը, Մանուկը, Հակոբը:
Փանոս- (Գալիս է բեմի աջ կողմից, գետնից հավաքում աղբի կտորներ, լցնում տոպրակը: Քարի մոտից իր է վերցնում) Ապրե՜ս, անծանոթ փնթի:
Վարոս- Փանոս, էլ ի՜նչ ես մոգոնել:
Փանոս- (Վարոսին) Գյուղի տարածքը մաքրեմ: Նայեք տեսարանին, հետո՝ աղբին:
Գագիկ- (Փանոսին) Հատուկ հավաքարար կա: Անունը քամի է: Մե՜ղք ես:
Հակոբ- (Փանոսին) Անվերջ տանջանք է: Ասես վայրի դաշտը խոտից մաքրես:
Փանոս- Կեղտին հարմարվելը դառնում է բնավորություն, նստում բառերին:
Գագիկ- Փանոս, ձգի՜ր: Ձորում սառը ձմերուկը սեղանին է: Փանոս- Նպատակով սկսածը կիսատ չեմ թողնի:
Մանուկ- (Փանոսին) Սկսեցի՞ր օյիններդ: Հետս չե՞ս ուզում խմել: Փանոս- Ուզում եմ: Միասին մինչև եկեղեցին վերջացնենք, գնանք:
Գագիկ- (Փանոսին) Է՜, երկարեց: Բա ձուկը՞, կրակը՞, կոնյակը՞: Փանոս- Տեսնու՞մ եք, ինչքա՜ն մաքրելու բան կա: Ձեր գյուղը չեք սիրում:
Վարոս- (Փանոսին) Գյուղը սիրում են աղբյուրի մոտի համով խոսք ու զրույցով, ոչ թե՝ աղբով: Արի, սովորիր (Գագիկի, Մանուկի, Հակոբի հետ գնում է բեմի ձախ կողմ):

Համբարձում- (գալիս է բեմի խորքից, մեջքին լիքը պարկով: Պարկն իջեցնում է, Փանոսին) Լա՜վ է, պարտքս կփակեմ: Ժողովրդի վիճակը վիճակ չի՜:
Փանոս- Նրանից է, որ ժողովուրդը չգիտի իր իրավունքներն ու ուժը:
Համբարձում- Իմ իրավունքն աշխատելն է, ուժս՝ գործիք բանացնելը: Շա՜տ խեղճացանք:
Փանոս- Ժողովուրդն իրավունք չունի խեղճանալու: Համբարձում- Համբոյից ի՜նչ ժողովուրդ:
Փանոս- Դու Համբոն չես, Համբարձումն ես: Քո քնած ուժը պետք է համբառնա:
Համբարձում- Ի՜նչ համբառնալ, ինձ պետք է: Լա՜վ, գնամ: Փանոս- Ինչքա՜ն ուրախանաք այսպիսի պարկերով (հարվածում է պարկին):
Համբարձում- Վա՜խ, Փանոս ջան, պարոն: Էնտեղ տնեցիքիս լացն է:
Փանոս- Ինչքա՞ն լացեք: Ստիպեք հարգել ձեր իրավունքները: Վաչագան- (գալիս է բեմի աջ կողմից) Ի՞նչ եք անում: Ոչ վեճ է, ոչ զրույց, ոչ պար:
Փանոս- (Վաչագանին) Չի հասկանում, որ անհատ չի, ժողովուրդ է: Սա ժողովրդի վիճա՞կ է:
Վաչագան- (Փանոսին) Բայց դու ես ճնշում ժողովրդին:
Փանոս- Ինքնագիտակցությունն եմ արթնացնու՜մ: (Համբարձումի օձիքից բռնած) Եղիր հողիդ տերը՜, հզոր ժողովու՜րդ (Համբարձումը ետ է քաշվում, ընկնում է): Համբարձում- (Փանոսին օգնում է բարձրանալ) Լա՜վ բռնվիր, Փանոս ջան: Դե ասա:
Վաչագան- Ես կասեմ: (տոպրակից գինու շիշ է հանում) Ձորն էի իջնում: Ժողովրդի ուժը զարթնում է, երբ գիտակցությունը գժվում է:
Համբարձում- (Փանոսին) Սովորե՜ք, որ քաշքշելով չի: Ա՜յ, գինով կգժվե՜մ ու կզարթնեմ:
Վաչագան- Ուժը պետք է ինքը զարթնի: Զոռով բացված վարդն անհոտ է լինում:
Փանոս- Բայց առանց պարարտանյութի ու ջրի չի էլ բացվի: Համբարձում- (Փանոսին) Հայհոյելով ու ծեծելո՞վ: Շա՜տ էլ թե՝ հարգում ե՜նք, խեղճ ե՜նք:
Փանոս- (Համբարձումին) Դուք Սասնա Դավթի ցեղն եք: Ի՞նչ եք մնացել անձավում: Դուրսն արև՜ է, կյա՜նք: Քո կենացն, իմ ժողովուրդ: Կոպիտ էլ լինեմ, քո զավակն եմ:
Համբարձում- (Փանոսին) Չե՜մ ուզում: Եղածից եմ գժված: (գինի է խմում) Գնացի:
Փանոս, Վաչագան- Ու՞ր:
Համբարձում- Աղաբեկին ասեմ՝ որ սրանից հետո ուժ եմ, ու գնամ սիրուն Սիրանիս մոտ: Ժողովուրդն իր վարիչին պետք է սիրի (գնում է բեմի խորք):
Վաչագան- Խեղճն ի՜նչ: Ժողովուրդն նույնատիպ մտածող անհատների ընդհանրությունն է:
Փանոս- Սրանց կյանքը կիսահաստատված առասպելներին հետևելու խղճուկ շարան է:
Վաչագան- Դրա կռիվն եմ տալիս: Գյուղի ռոմանտիկան քաղաքացու հայացքում է: Իսկ գյուղացու աչքերից կաթում է ամենօրյա հոգսերի չդասակարգված ցուցակը:
Փանոս- Կռիվդ որտե՞ղ է: Անհեղինակ փսփսոցներ են քննարկվում, ու բոլորը գիտեն: Վերջը՞:
Վաչագան- Ազնիվ մղումներով ապրեցի, առաջադրվեցի, ու ջարդը գնա՜ց: Էլ չե՜մ դիմանում:
Փանոս- Ինչի՞ն:
Վաչագան- Դրանց կտոցներին: Կուլ տված կտոցները դարձան ստամոքսի խոց:
Համբարձում- (գալիս է բեմի խորքից, Փանոսին) Իրենց չէի՞ր ասել, որ արդեն ուժ եմ:
Փանոս- (Համբարձումին) Գիտեն: Ինչու՞ ասեմ:
Համբարձում- (Փանոսին) Բայց զկրտաց ու հե՜չ չվախեցավ: Է՜, հանեք ժողովրդի ցուցակից, տուն պահե՜մ: (պարկն ու շիշը վերցնում է) Կխմեք, մարդ կծեծեք (գնում է բեմի աջ կողմ): Վաչագան- Աղջիկս երգ է գրել: Արի, լսիր: Թփով տոլմա էլ կուտենք (գնում է բեմի ձախ կողմ):

Աստղիկ- (երգելով գալիս է բեմի խորքից՝ մանկասայլակով) Բա՜յ, բա՜յ, բեբի՜:
Փանոս- Աստղիկ քույրիկ, հայի երեխա չի՞:
Աստղիկ- Այո…
Փանոս- Հայերեն երգեք, քույրս, խնդրու՜մ եմ: Երեխան հայերեն երգ պետք է լսի:
Աստղիկ- Ութ ամսեկան է:
Փանոս- Հավատացեք, կարևոր է նաև, թե ի՜նչ է լսել իրենով հղի ժամանակ:
Վարոս- (գալիս է բեմի ձախ կողմից, Աստղիկին) Հոպա՜: Փորից՞դ եք խոսում: Էլի հղի ես՞:
Աստղիկ- (Վարոսին) Դե լա՜վ: Խնդրեց, որ երեխայի համար հայերեն երգեմ:
Վարոս- (Աստղիկին) Ու հայոց երգը բերե՜ց, կապեց փորի՞դ: Ժամադրվել էի՞ք, չեկավ:
Աստղիկ- (Վարոսին) Լա՜վ, ամոթ է: Հավատա, ոչ մի …
Վարոս- (ապտակում է Աստղիկին) Դուրդ եկա՞վ: (Փանոսին) Ի՜նչ ես ուզում կնոջս փորից:
Փանոս- (Վարոսին) Կնոջն ապտակելն ուժի նշան չի: Խոսք գնաց հայ երգի մասին ու ես…
Վարոս- (բռնում է Փանոսի օձիքից) Ուժս ցույց տա՞մ (Փանոսը բռնում է Վարոսի ձեռքերը) Ծովիկին երգեցնում ես, Կատերինային՝ քնեցնում, կնոջս՝ հետապնդում: Թո՜ղ ձեռքերս: Փանոս- (թողնում է Վարոսի ձեռքերը) Ինչու՞ չես ուզում հասկանալ, որ տեղի ունի անորակ մշակույթի միտված տարածում և ազգայինի կորուստ: Ախր քիչ ենք ու այնքա՜ն հարուստ:
Աստղիկ- (Վարոսին) Լա՜վ, գնանք: Խնդրու՜մ եմ:
Վարոս- (ապտակում է Աստղիկին) Խղճու՞մ ես սիրածիդ: (Փանոսին) Ուրիշ կնիկ ճարիր, որ ձեռքդ փորին ազգը փրկես: Հասկացա՞ր:
Փանոս- (Վարոսին) Ինչու՞ ես անձնավորում: Հարցն ազգի մշակույթի ժառանգման մասին է:
Վարոս- (Աստղիկին հրում է) Գնա՜, ախչի: Թող փորդ բռնի, ազգը փրկի: Ազգի՜ն մատաղ:
Փանոս- (Վարոսին) Ախր հասկացի՜ր, հարգու՜մ եմ կնոջդ, ընտա…
 Վարոս- (Աստղիկին) Ես քո.. երբվանի՞ց է հարգում: (Փանոսին) Ուրիշ կնոջ կհարգես, եղա՞վ:
Փանոս- (Վարոսին) Եթե ինչ որ բան ճիշտ չեմ արել, ների՜ր: Քո տանը հաց եմ կերել…
Վարոս- (Փանոսին) Դրանից սկսվեց, էլի: Փողոցում տկլոր էլ տեսնես, չմոտենաս սրան: (Աստղիկին) Դուրս թողնելու բան չե՜ս (Աստղիկի հետ գնում է բեմի խորք):
Փանոս- Ոնց որ թե՝ մեղավոր եմ: Բայց ախր հե՜չ մեղավոր չեմ:

Երրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում Հակոբն է: Ծովինար- (գալիս է բեմի ձախ կողմից) Բարև, պապ:
Հակոբ- Բարև՜, Վարդի ջան: Ռադիոն լուռ, օրը՝ տխուր: Ծովինար- Բանջարի են, պապ: Ռադիոն դաշտում է:
Հակոբ- Ակադեմիան է՞լ: Դրանց քաղած բանջար չծամվի: Ծովինար- Ակումբի տանիքն են նորոգում: Փանոսը կազմակերպեց:
Հակոբ- Փանոսը՜: Հա՜, եղել ա: Թող փիս մարդկերանցից հեռու մնա, կտուրիցը չընկնի:
Ծովինար- Ի՞նչ գիտես: Ինչու՞ ես անցածը բերում ներկա, վախեցնում: Ա՜խ:
Հակոբ- Հնից եկել, մեր միջով գնում ա: Մենք տի փոխվենք, որ ժամանակը փոխվի, բալես:

Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից Գագիկի, Վարոսի, Համբարձումի և Մանուկի հետ: Գլուխը կապած է: Սայթաքում է, Ծովինարին) Քեզ տեսա՝ մոռացա:
Ծովինար- (ինքն իրեն) Հնարավոր չի՞ այդ քարը պայթեցնել, քանի սիրտս չի պայթել (Փանոսին) Ո՞նց ես, անզգույշ հերոս: Տանիքի՞ց ես ընկել:
Համբարձում- Այ քեզ սե՜ր, սիրող սրտե՜ր:
Փանոս- (Ծովինարին) Մի մտածիր: Մե՜ծ գործ արվեց: Երջանի՜կ եմ:
Ծովինար- (Փանոսին) Ումո՞վ, եթե գաղտնիք չի:
Փանոս- (Ծովինարին) Շրջապատով, իհարկե:
Ծովինար- (Փանոսին) Երջանկությունը գեղեցիկ կյանքն է: Գագիկ- Ծովիկ ջա՜ն, առանց շրջապատի գեղեցիկը գեղեցիկ չի, կյանքն էլ՝ կյա՜նք չի:
Վարոս- Ձախորդություն էր, բայց գոնե կոտրվածք չկա: Մանուկ- Ինքն էր մեղավոր: Չկապվեց:
Վարոս- (Մանուկին) Ասեցիր՝ գնա, ես կպահեմ, ու՝ կորար: Մանուկ- (Վարոսին) Մնայի Փանոսի պահա՞կ արևի տակ: Համբարձում- Լա՜վ ճարպկություն արեց: Ոնց որ՝ չհավատամ: Մանուկ- Գիտե՜նք, գյուղապետի կռիվ է:
Գագիկ- (Մանուկին) Ումի՞ց է վատ: Խոզի թթված լափի հոտ ես հանում: (Փանոսին) Պառկեիր, գայինք, բուժքրոջով հիանայինք: Փանոս- (Գագիկին) Հիանալի՜ անձնավորություն է: Քեռու Տիգրանն է շուրջը պտտվում:
Հակոբ- Հա՞: Հարսին ասեք տեղում մնա, տղի գլուխ չֆռռա՜: Կոնքեր ո՞նց են, մանչ կբերի:
Ծովինար- (Փանոսին) Գնամ, թեման կարմրում է:
Փանոս- (Ծովինարին) Կգա՞ս: Մայրս էլ է տանը: Բոլորով գնալու ենք:
Ծովինար-(Փանոսին, առանձին) Մորս ասեմ, գամ: Չսայթաքես, հա՞ (գնում է բեմի ձախ կողմ):
Հակոբ- (Փանոսին) Բա ո՞նց ընկար: Օգնեցի՞ն փիս մարդիկ… Մանուկ- Չէ, ես հեռու էի: Մեղավո՞ր եմ, որ ձախորդ է (Աղաբեկը գալիս է բեմի խորքից):
Գագիկ- (Մանուկին) Քո գործը պահելն էր: Ինքը ձախորդ չի, դու ես ձախ գործ բռնել:
Փանոս- Դե լա՜վ, մի բարդացրեք: Չմեռա, չէ՞: Սահեցի ու շըրը՜խկ:
Վարոս- (Աղաբեկին) Հը՞: Վեց տարում քեզ տասնվեց պատվոգիր տվեցիր: Գյուղի համար տանջվեցինք: Օրական էստեղ էնտեղ խորոված ես ուտում:
Աղաբեկ- (Վարոսին) Ի՜նչ խորոված, գլխացավ դարձաք: Քննելու են, թե՝ ինչ կար տանիքում..
Փանոս- (Աղաբեկին) Դու չէի՞ր, որ ուրախացար:
Աղաբեկ- Եթե քննեն, չեմ իմացել:
Վարոս- Լավ բան անելը Կրտոսի համար չի: Ախր ինչու՞ եք էդքան էժան թանկ հարցում:
Մանուկ- Իմ կարծիքով…
Գագիկ- (Մանուկին) Քո կարծիքը կատվի պոչ է, շոյեն՝ տնկված, չշոյեն՝ կախված: Քեզ քաշիր:
Փանոս- Հացը բաց սրտով չծամվեց, կծանրանա: Մի թեթև պատրաստվել եմ: Գնացինք: (Գագիկի, Համբարձումի, Վարոսի, Հակոբի հետ գնում է բեմի աջ կողմ):

Աղաբեկ- (Մանուկին) Ու՞ր ես վազում: Դրանցը հավի խորոված է: Հայկոն էլի կանչել է:
Մանուկ- Լա՜վ է, լա՜վ սոված եմ: Լա՜վ բարկացրեց էդ ախմախն էսօր:
Փանոս- (գալիս է աջ կողմից, Մանուկին) Խանութում ո՞վ կա: Քարին չսայթաքեմ վերցնեմ:
Մանուկ- (Փանոսին) Երևի չկա: Էդ ի՞նչ է:
Փանոս- (Մանուկին) Լավաշն ի՞նչ է: Ձե՞ռ ես առնում: Չկա՞:

Երիտասարդ կնոջ ձայն- Իմացա՞ք, քաղաքացուն խոտերի մեջ արձանին գրկած են տեսել:
Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Անամոթ: Մեկի սիրտը կմտնի, մյուսի՝ ծոցը, արձանին՝ կգրկի: Մենակ տեղ չեմ գնալու: Փանոս- Առը՜ հա:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Պաչպչել ա՞: Ու՞մ նման ա: Աղաբեկ- (Փանոսին) Թե զոռով ես գրկել, հոդված է, հա՜:
Փանոս- Ռադիոն գետնով կտամ, ձենը կկտրեմ: Սրա հետ ո՞նց անեմ:
Հասուն տարիքի կնոջ ձայն- Քնքու՜շ, գալիս ա քեզ էլ գետնով տա: Հը՞:
Երիտասարդ կնոջ ձայն- Թող գա, կպարզենք, ով՝ ում: Արձան չեմ, է՜: Լավ շամպուն ունե՞ս:

Փանոս- Արձանի հովին էի նստած: Ուշ զգացի, որ գալիս է: Հարվածից շշմեցի, ու էն եմ լսում, որ կատակում են, որ ձեռքս վրան է: Ես էլ ծիծաղեցի: Բայց ցավու՜մ է:
Մանուկ- (Փանոսին) Ափսո՜ս նկարեի: Ձեռդ որտե՞ղ էր:
Աղաբեկ- (Փանոսին) Լավ չի՜: Արձան է պետք: Մի բան արա, գործ չբացվի: Փողը կտամ:
Փանոս- (Աղաբեկին) Չգիտեմ: Քանդակագործ չեմ:
Աղաբեկ- (Փանոսին) Բնորդ էլ կտանք: Կատերինային կտրամադրեմ:
Փանոս- Չէ, չէ՜: Կատերինային չի՜ կարելի:
Աղաբեկ- (Փանոսին) Կբռնաբարի՞: Արձանը գյուղի համար չի՞: Դաշտից գնացող գեղջկուհի:
Փանոս- Լա՜վ, կմտածեմ: Տղերքը սպասում են (գնում է բեմի խորք):

Աղաբեկ- Ու՜խ: Ծովիկս իմն է, արձանն էլ կսարքվի: Լա՜վ կուրախանանք:
Մանուկ- Փանոսը փողով արձան սարքի, ե՞ս ուրախանամ Աղաբեկ- Չջոկեցի՞ր: Արձանը որ Փիսոյի հետ սարքի, մի բան կլինի:
Մանուկ- Փանոսը Փիսոյի հետ մի բան անի, ե՞ս ուրախանամ: Աղաբեկ- Ծովիկս կիմանա, կխռովի, ու իներցիայի օրենքով ինձ կմնա:
Մանուկ- Հա, ուրախ ե՜մ: Բա ես ե՞րբ պիտի ուրախանամ: Վայ քո՜, արա: Հերիքս նեղացած էր ու մենակ: Խափանեմ դրա իներցիան (վազում է բեմի խորք):

Չորրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում Մանուկն է: Կատերինա- (դուրս է գալիս դարպասից, Մանուկին) Նայվու՞մ եմ, հազար շոր եմ փոխել:
Մանուկ- (Կատերինայից վերցնում է թղթերը) Գոնե նայել ե՞ս: Սեղա՞ն ես սրբել սրանցով:
Կատերինա- Սուրճ է, դե հա՜: Տեքստ է, էլի՜: Հայերեն չի՞: Մանուկ- Քաղաքական հայերեն է, ախչի՜: Եկան: (Կատերինայի հետ կանգնում է բեմի ձախ մասում, կարդում բեմի խորքը նայելով և աստիճանաբար շարժվում դեպի աջ) Հարգելի համագյուղացի …Նազենի, գնանք դիմա… դրենք սիրելի մարզպետին:
Կատերինա- (կարդում է) Այո, հարգելի… Սահակ: (չի կարդում) Էդ դու՞ ես: (կարդում է) Ասենք գարի... բարի գալուստ և… շնորհակալությու՜ն հայրական հոգա…գարության համար: Մանուկ- (կարդում է) Նա լուծեց մարզի գոր .. տյան հանգույցը… (չի կարդում) Բա զոքանչս է՞ իրիկունները կռկռում: (կարդում է) ...ջրի խնդիրը: (չի կարդում) Լավ բան արեք, գլուխ գովեք:
Կատերինա- (կարդում է) Այո, ես ուրախ եմ մեր մարզպետի … այ…ծի փ.. ոստի առթիվ: (չի կարդում) Հե՜չ էլ ուրախ չեմ: Թող հազա:
Մանուկ- (կարդում է) Գիտե՞ս Փիս… Նազենի, մտնելու է տները, ճշտելու պայմանները: (Կատերինան գնում է դեպի դարպասը: Չի կարդում) Ու՞ր, ախչի՜:
Կատերինա- (Մանուկին) Տներս չհավաքե՞մ:
Մանուկ- (չի կարդում) Միամիտ, դրանց չգիտե՞ս: Ասեց, հո չեկավ: Արի՜, ուշ է:
Կատերինա- (չի կարդում) Գազի զեղջ կուզեի: (կարդում է) Երբ որոշ վայ քննադատներ ընկել են քա… մակի ցուցանիշների հետևից: (չի կարդում) Ինչ հետաքրքիր ա՜:
Մանուկ- (նայում է Կատերինայի կողմը) Բեր նայեմ: Աչքիս քամակ չի՜:
Կատերինա- (չի կարդում) Աչքդ փորձել ես, անշնո՜րհք: (կարդում է) Գիտե՞ս իրեն, արդյոք…
Մանուկ- (կարդում է) Սովորական մարդ է, բորորի նման: Արտաշարգ բարի, հոտաքրքրվող…
Կատերինա- (չի կարդում) Ասում են՝ հոտաքրքրվող ա: Դրանք կանանց մոտ ֆսֆսացնում են, կնայեմ: (կարդում է) Ուրախու…թյունից սիրտս .. պայթում…
Համբարձում- (գալիս է բեմի աջ կողմից) Փախեք, նոր պայթեք: Մարզպետը կատաղեց, գնաց: Հրամայեց պատժել քաղաքական սխալի համար: Գալիս են: Մե՜ղք եք (գնում է բեմի աջ կողմ): Մանուկ- Վա՜յ: (Կատերինայի հետ մտնում է շենքի անկյուն, կպչում նրան) Դողում ե՜մ:
Կատերինա- Չես դողում, սողում ես, զզվելի՜: Ֆու՜:
Մանուկ- Խղճա՜ ինձ, մե՜ղք եմ: Լիքը նվեր կառնե՜մ:
Կատերինա- Բայց քո նվերը կմաքրի՞ իմ զզվանքը:
Մանուկ- Անխի՜ղճ, սխալը երկուսինս է: Իրար չօգնե՞նք: Դողս կանգնեցրու՜:
Կատերինա- Ավելի հաճույքով կհանձնվեմ հայրենիքիս, սողուն: Նա կտեսնի արժանիքներս: (ձեռքերը վեր պարզած գնում է բաց տարածք) Անզեն եմ, սիրելիներս: Եկեք, շոշափեք:
Մանուկ- Ա՜յ, կասեմ՝ դու կազմակերպեցիր… Արի՜, խելոք կմնա՜մ:
Կատերինա- Լռի՛ր, հանցագործ: Բոլորդ անմեղ եք, երկիրս՝ խեղճ: Արածի համար կամավոր պատասխան տալու մշակույթ եմ մտցնելու: Առաջինը՜ Հայաստանում: Վաղն ինչ է լինելու՜: Մանուկ- Ի՜նչ կորցրեցինք, հիմար: Գոնե սա չկորի (հեռախոսով նկարում է Կատերինային):
Կատերինա- Սպասի՜ր, տեսքս կարգավորեմ: Քնեմ, զարթնեմ՝ աստղ եմ:
Մանուկ- Ժամանակ չկա, կգան: Թեքվիր կողքի, քայլիր, ժպտա: Կատերինա- Սրիկա՜, եթե թույն նկարներս թերթերին տաս, չե՜մ մատնի: Ո՜նց կթռցնեն:
Մանուկ- Քեզ երկա՜ր կհիշեմ (վազում է բեմի խորք): Կատերինա- Է՜, ձեռքերս հոգնեցին: Սրանց օպերատիվ արձագանքով երկի՞ր կփրկվի: Բանտին պատրաստվե՜մ (գնում է դռնից ներս, դուրս գալիս երկու մեծ ճամպրուկով):

Փանոս- (գալիս է բեմի ձախ կողմից) Էս ու՞ր, Փիսիկ: Ամուսնանու՞մ ես:
Կատերինա- Ավելի՜ վատ: Գնում եմ ներքին օրգաններ, խոստովանության մշակույթ մտցնելու: Ծովիկիս կսիրես, սիրելիս: Աղջկադ անունը Փիրուզա կդնես, որ Ծովիկը չջոկի: Փանոս- Դու ինչու՞ ես լացում, թող օրգանները լացեն: Մեղք չե՞ն, որ գնում ես:
Կատերինա- Մե՜ղք եմ, բայց երկիրս ավելի մեղք է: Լա՜վ կմաքրեմ հզոր գովազդի միջոցով: Գիտե՞ս՝ մեր մարզից ինչքա՜ն կգան: Մի քի՜չ էլ ես կհռչակվեմ: Չե՞ս զանգի, բողոքի: Հոգնեցի՜: Փանոս- Ինչքան հասկացա՝ Երևանում են վախեցել: Էսքան շորը քեզ քիչ չի՞:
Կատերինա- Արձակուրդներին կգամ, էլի կտանեմ: Աչքիս երկա՜ր ուսումնասիրեն:
Փանոս- Ավելի հեշտ է ձորից այստեղ թռչել, քան՝ քեզ հասկանալ: Ձիգ մնա (գնում է դեպի աջ):
Կատերինա- Քեզ էլ լիքը՜ ձիգ, սիրելի՜ս: Կհիշե՜ս:
Փանոս- (քարի մոտ է) Մի՜շտ (ձեռքով ժեստ է ուղարկում, գնում բեմի աջ կողմ):
Կատերինա- Չկա՜ն: Փրկիչ գաղափարս սառեց, երկիրս էլ՝ փրկության կարոտ: Օ՜յ, քնեմ, մինչև մեր օրգանները գործի անցնեն (գնում է դռնից ներս):

Հինգերորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Վաղ առավոտ է: Դռան մոտ Կատերինայի ճամպրուկներն են:
Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, գնում շենքի անկյուն) Ինձանով անեմ, քանի խռով են:
Ծովինար- (գալիս է բեմի ձախ կողմից) Վաղորդյան անդորրն ինչ որ խախտված է: Աղաբեկը շունչը պահում է, կծկվում: Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից) Քարը: (տեսնում է ճամպրուկները) Վա՜յ, քո: (սայթաքում է: Երգելով, Ծովինարին) Բարի լույս, օ՜, բարեսիրտ կույս: Շնորհիր ինձ որևէ հույս, որ ես ինձ չուղեկցեմ կյանքի հունից դուրս: Սրտացավ հուշող չունեմ, բախտիս քարին սայթաքու՜մ եմ:
Աղաբեկ- (ինքն իրեն) Հուու՜: Լա՜վ պրծա: Խռով չէի՞ք, արա, շաներես քաղաքացի:
Ծովինար- (Փանոսին) Չարժեր ոչ գալդ, ոչ սայթաքելդ, հատկապես՝ երգելդ: Գնա, խնդրում եմ:
Փանոս- Բայց դու կանչեցի՜ր:
Ծովինար- Ընկերոջս, ոչ թե՝ սիրո քրմուհու սպասավորին: Գնա, քարին զգույշ:
Փանոս- Միայն քո ընկերն եմ, և առիթ չեմ տվել ինձ վիրավորելու, հավատա:
Ծովինար- Օ՜, քրմուհու անամոթ հյուրը երդվեց աչքերիս նայելով: Մենակ մի թող, կտանեն:
Փանոս- Ախր ո՞նց կլինի ձեր լեզվով: Տարածքը չեմ մշակել, հավատա՜: Մի թեթ՜և կարգավորել եմ: Մտքիս չկա՜ր: Նախ ինձ տրամադրեց, հետո էլ՝ տարածքը: Շա՜տ էր անխնամ:
Աղաբեկ- (ինքն իրեն) Ախր ո՞վ է սրան նայողը, տարածք տվողը՜: Բա ե՞ս:
Ծովինար- Հա՜, լուրջ գործ է: Վերջացրու, մե՜ղք է: Էշին հեծնելը մի սխալ է, իջնելը՝ կրկնակի:
Փանոս- Առանց քեզ չեմ կարող: Ներիր, փրկի՜ր …(Ծովինարը թեքում է հայացքը) Ներվա՞ծ եմ, փորձաշրջանո՜վ… (Ծովինարին կպչում է թիկունքի կողմից, համբուրում ուսը) Իմ սե՜ր… Աղաբեկ- (ինքն իրեն) Համ խանդում եմ, համ էլ ուզում եմ նայել: Կարո՞ղ ա՝ այլասերված եմ:
Ծովինար- (Փանոսին) Արևը չի սպասի, դու էլ ներված չես: Ինքդ որոշիր (շարժվում է):
Փանոս- (հետևում է Ծովինարին գլուխը պահած նրա գլխի մոտ) Սպասի՜ր:
Ծովինար- (շարժվում է դեպի ժայռը) Զսպիր քեզ:
Փանոս- (նույն դիրքով հետևում է Ծովինարին) Անկախ ինձանից է:
Ծովինար- (շարունակում է շարժվել) Մի արա՜, անլուրջ է: Փանոս- (նույն դիրքով հետևում է Ծովինարին) Ախր քաշու՜մ ես: Ծովինար- (շարունակում է շարժվել) Սիրո շղթայո՞վ:
Փանոս- (նույն դիրքով հետևում է Ծովինարին) Վզի՜ս:
Ծովինար- (կանգնում է) Դե՜, ի՞նչ շղթա է:
Փանոս- (Ծովինարի մազերն ազատում է իր վզի շղթայից) Ես անմեղ եմ, մազերդ են մեղավոր:
Ծովինար- Ես էլ… թվում է, թե սա անվերջ է:
Փանոս- Սիրո վերջը ամուսնանալն է: Չգիտեի՞ր:
Ծովինար- Երբեմն՝ մինչև: Չէ՜, դա չէ… գնամ: Արևը չի սպասի: Փանոս- Թո՜ղ սպասի: Մատանի եմ բերել…
Ծովինար- Ուշ է, բայց դրա համար՝ կսպասի: Զգու՜յշ, ինքս… Փանոս- Բարի արևներ, դողում եմ: (փնտրում է գրպանում) Օհօ՜, ախր հատուկ… ի՞նչ եղավ…
Ծովինար- Չե՞ս զգում, որ… Փանոս- Հիմա՜ (փնտրում է իր եկած ճանապարհին):
Ծովինար- Զգու՜յշ: Ինչքա՜ն դժվար է հիշելը մատանին, անիծյա՛լ քարը՜:
Փանոս- Սկզբում հիշում եմ, հետո՝ շեղվում: Մի՜ նեղվիր, հո չմեռանք: Նորը կգնեմ:
Ծովինար- Վախու՜մ եմ: Լուն ուղտ կսարքեն: Եղել է… լա՜վ (գնում է ժայռի մոտ):
Աղաբեկ- (ինքն իրեն) Էլի քեզ սիրու՜մ եմ, խելացի՜ Ծովիկս: Փանոս- Ի՜նչ թարսություն էր: Պատժելու՜ եմ:
Աղաբեկ- (ինքն իրեն) Երանի գտնի՜, որ ինձ չգտնի: Բախտ չունեմ, էլի՜:
Ծովինար- (կանգնում է ժայռի և բեմեզրի արանքում, դեմքով դեպի ձախ) Բարև, իմ լուսատու: Զորավիգ եղիր երազներիս, պահպանի՜ր մտքիս պարզությունը,: Չորացրու՜ վախիս բորբոսը, մանրախնդիր հաշվարկն ու ամենուր շահ փնտրելու հոգեբանությունը: Մի թող նախանձի որդերն ու ագահությունը կրծոտեն համոզմունքներս: Ջերմացրու՜ սպասելիքներս: Թող որ կասկածներիս պտուղները նախ ես համտեսեմ:
Աղաբեկ- (ինքն իրեն) Էս գի՜ժ է: Կխայտառակվեմ էս ճառերով կարևոր մարդկանց մոտ:
Փանոս- (Ծովինարի կողմը նայելով, ինքն իրեն) Իմ իդեալն ես: Աղաբեկ- (ինքն իրեն) Սա նույնիսկ մորս կուլ կտա էս ճառերով: Սրան երջանկության բանաձևի անհայտը որտեղի՞ց ճարեմ, որ ժամերով չհեկեկա:
Փանոս- (Ծովինարի կողմը) Քեզ եմ փնտրել: (շրջվում է դեպի շենքը) Վերջապե՜ս գտա:
Աղաբեկ- (դուրս է գալիս անկյունից, Փանոսին) Տեղյակ չե՜մ: Անցնում էի, պատահական մտա:
Փանոս- (Աղաբեկին) Ի՞նչ ես անում:
Աղաբեկ- Ես, ըը….
Փանոս- Լրտեսու՞մ ես:
Աղաբեկ- Հա՜, առավոտյան վաղ արտասվում եմ: Մարդկանց լավն եմ ուզում, չեն հասկանում:
Փանոս- Հա՜, ճի՜շտ է: Հասկանու՜մ եմ, ինձ է՜լ:
Աղաբեկ- Ամեն մեկը մենակ իր մասին է մտածում:
Փանոս- Հա՜:
Աղաբեկ- Գլխով են անում, մոռանում:
Փանոս- Հա՜:
Աղաբեկ- Չգայի՜ր էլի: Ծովիկիս կառնեի՜, պաշտոնս կպնդեի՜, տներս կպրծնեի՜:
Փանոս- Հա՜:
Աղաբեկ- Երևի Ծովիկիս սիրո դարդից ժայռից գցվեմ՝ էսպես ջահե՜լ, ջիվան: Կթողնե՞ս:
Փանոս- Հա՜:
Աղաբեկ- Չես թողնի, չէ՞, տանջվեմ, ախպեր:
Փանոս- Հա՜:
Աղաբեկ- Ի՜նչ լավ իրար հասկացանք: (տեսնելով մոտեցող Ծովինարին, ինքն իրեն) Չէ, չեմ տա: Կծիծաղեն՝ եկավ, ուզեց, տարավ, Աղաբեկին մատ արավ:
Ծովինար- (Փանոսին) Ի՞նչ բանի եք:
Աղաբեկ- (Ծովինարին) Ախպերական զրույց է:
Ծովինար- (Փանոսին) Ինձ ակումբ ուղեկցիր: Առավոտս հարամվեց: Զգու՜մ էի, ախր:
Աղաբեկ- (Ծովինարին) Հա՜, ես էլ…
Ծովինար- (Փանոսին) Չմոտեցար: Եղբորդ նվիրեցիր մեր ժամանակը:
Փանոս- (Ծովինարին) Մեր ժամանակի վթարը խափանեցի: Հիշիր, առանց քեզ չե՜մ կարող:
Աղաբեկ- (Փանոսին) Ջոկող տղու զրույց էր: Հարց լինի, կասես: Ծովինար- (բռնում է Փանոսի ձեռքը, գնում դեպի աջ) Զգու՜յշ: Փանոս- (Ծովինարին) Ի՜նչ լավ է հետդ: Մնա կողքի՜ս:
Ծովինար- Չեմ կարող: Պետք է ինքնուրույն քայլես (Փանոսի հետ գնում է բեմի աջ կողմ):
Աղաբեկ- Մտքին չկար, է՜: Զոռո՜վ տարավ: Ջոկող աղջիկ է, կփոշմանի:
(շարունակելի)
Создано 08.05.19 07:43
© Все права защищены
134