Սոված
հասրակությունում բարություն
քարոզում են խաբեբաները, հիմարները և սրբերը:
Լինում է, չի լինում մի թագավորություն: Էս թագավորության թագավորը պաշտոնապես ունենում է երեք տղա, մեկը մյուսից գեղեցիկ ու շնորհքով: Ամեն տղան իր հերթին պաշտոնապես ունենում է մեկ սիրած աղջիկ: Թագավորը տղաներին
նշանում է, և ուզում է մի փոքր էլ զբաղվել անձնական հաճույքներով, ինչը թագավորների
սուրբ պարտականությունն է: Բայց մի կողմից տղաները,
մյուս կողմից էլ նոր խնամիները, էլ չասած տարբեր գաղտնի և բացահայտ գործակալների
մասին, պետական շահերից ելնելով սպառնալից խնդրում
են արագացնել հարսանիքները: Մյուս կողմից էլ, ըստ մշակութային
դավադիրների սոցիալական հարցումների գաղտնազերծված
արդյունքների, ժողովուրդը ծարավի է համազգային զվարճության, և զրույցների համար լուրջ թեմայի:
Ըստ «ժողովրդի շեղման» բաժնի զեկույցի, ավելի լավ շեղում իրենց ամենօրյա հոգսերից չի էլ կարելի պատկերացնել, քան հարսների և նոր խնամիների թման:
Իսկ ըստ բամբասահավաք բաժնի տվյալների, ամենաշատ
կարդացվող թերթը դարձյալ «Պալատական ասեկոսներ» ձեռագիր թերթիկն է, որով տատիկներն
արևածաղկի սերմ են վաճառում: Այնտեղ հիմնականում ծամծմվում են արքայի և իր ընտանիքի ինտիմ զվարճությունները, քանի
որ այլ թեմա չունեն: Երևի ժամանակն է ասպարեզը զիջել մատաղ սերնդին ու ազատվել թագուհու
կշտամբանքներից:
Թագավորը,
բացի իր պալատները, պաշտոնապես կալվածքներ և նրանցում պալատներ ուներ նաև մայրաքաղաքում և սահմանամերձ շրջանում: Իսկ ոչ
պաշտոնական կալվածքներում ապրում էին տարբեր ուրվականներ, և նրանց փոխարինողներ,
թագավորական շռայլ անցյալի կենդանի հիշողություններ, և այդ հիշողությունների
վկայություններ: Այդ կողմերում նույնիսկ թագավորը սիրտ չէր անում երևալ բնական
տեսքով, ու՝ առանց քեռու:
Նոր խնամիները արքայական ճնշման
մասին հարցապնումներով շարունակ խանգարում
էին նրա քունն ու ճնշումը, փորձելով ճշտել ու հուշել, թե որ տղային ինչ է
հասնելու: Կառավարական նիստերին ձանձրանալիս
արքան փորձում էր ուրախանալ,
պատկերացնելով շուրջբոլորը հավաքված խոնարհ հարսներին և ուսերին թռած ու գլխին
նվագող չարաճճի թոռներին, բայց գլխացավը բռնում էր, և ճնշումն էլ ավելի էր բարձրանում, երբ հիշում էր,
որ հենց ինքը պետք է որոշում կայացնի, թե ո՞ր թոռը որտեղ է ապրելու: Ու չէր կարողանում թոռներին հավասարապես սիրել:
Եվ մի գաղտնի խորհրդակցության
ժամանակ, երբ քեռին էլի իր գինին էր խմում, ինքն էլ գլխին էր տալիս ու գլխացավի
դեղ խմում, քեռին խեղճուկրակ բողոքեց հարսից, ու խորհուրդ հարցրեց: Թագավորը, հասկանալով
ակնարկը, շատ է ուրախանում: Հետո այդ ուրախությունից մտքեր
է պակասեցնելում, շեշտեր ավելացնելում, և հրամայում արդյունքը շտապ տպագրել երեկվա ամսաթվով վաղվա թերթում:
«Հրաման խորիմաստ կողմնորոշման
Մենք,
ամենակարող թագավորս, նպատակ ունենալով արդարացի ձևակերպելու
մեր սերը տղաների և հարսների նկատմամբ, որոշել ենք
ազնիվ ու անաչառ մրցույթ անցկացնել հարսների մեջ, և որոշել մեր ամենահամեստ
հարսին, ամենաշնորհքով հարսին և ամենասիրելի
հարսին: Եվ ըստ այդմ էլ որոշել, թե ում ինչքան է պետք սիրել, և ինչ բաժին հանել մեր
անսպառ հարստություններից: Մրցույթի ժամանակ հարսների կողմից կմասնակցեն միայն
նրանց մարտավկաները, որպեսզի բացառվեն կանացի սկանդալներն ու մայրական լացով
համեմված ճնշումները ժյուրիի անդամների վրա, որոնցից մեկը մենք ենք: Պատճառը՝ կանացի վեճերի հանդեպ իմունիտետի խրոնիկական բացակայությունը
պալատում:
Ձեր սիրելի թագավոր,
մրցույթի ծրագրի համահեղինակ և ժյուրիի նախագահ»:
Գալիս է մրցույթի ժամանակը: Ժամանում են տղաների
հորքուր մորքուրները, քեռին, հարսները, նրանց մարտավկաները, և՝ թաղի կանայք, որոնց կոչումն ու խնդիրն էր մրցույթի ժյուրիի անաչառ վճիռն ու հարսների շնորհքի համբավը
տարածել թագավորության բամբասասեր հասարակության մեջ:
Շա՜տ հուզիչ անցավ նախնական
ծանոթության պահը: Հարսները հնարավորություն ունեցան անմիջապես շփվելու հորքուր
մորքուրների, քեռու և հատկապես թագավոր թագուհու հետ, արտահայտելու իրենց
հիացմունքն ու սերը, և ի միջի այլոց, ցուցադրել իրենց հետ բերած շենք ու շնորհքի
հավաքածուն ամբողջությամբ:
Ավագ տղայի նշանածը բերել էր իր մասին պատմող
գրքերի և չճարվող դեղերի կապոցներ՝ երիկամների
և լյարդի հիվանդության, նևրոզի, անքնության, պլևրիտի և այլնի դեմ և ասաց, որ շատ
ուրախ կլինի, եթե դրանք իր ամենասիրելի մարդիկ օգտագործեն: Խնամիները շատ ուրախացան,
կապոցը խառնշտեցին, բայց հայտնեցին, որ ցավոք սրտի, առայժմ դրանց կարիքը չունեն: Այ,
եթե ճնշման դեղ բերի, շատ լավ կլինի: Հարսը, նրանց ցույց տալով համարյա դատարկված
կապոցը, խորհուրդ տվեց խմել ինչքան կուզեն, որովհետև էլի կբերի: Իսկ ճնշման համար
ասաց, որ դա անբուժելի հիվանդություն է, և մաքառելն՝ անօգուտ: Ինքը չգիտի խոսքն ում մասին է, բայց դրա միակ
բուժումը այլևայլ գռգռիչներից հրաժարվելն է, և հով սարերում անասնապահությամբ
զբաղվելը, իսկ թագավորելը ժիր ու բանիմաց ջահելներին թողնելը:
Նա շարունակ գրկում ու համբուրում էր հորքուր մորքուրներին, քեռուն, հատկապես թագավորին ու թագուհուն, և՝ կրկնում, որ նրանք հախուռն կերպով մտան իր սիրտը, և հիմա
իր սրտում արժեքների խառնաշփոթ է, և այնտեղ շունը տիրոջը չի
ճանաչում, ճիշտ ինչպես պալատում: Նա անընդհատ նվագում էր, երգում, հիշում Բախին,Սայաթ Նովային, անձամբ ծանոթ միջազգային քաղաքական ու մշակութային գործիչներին,
որոնց համար բազմիցս նվագել է նրանց խնդրանքով: Բայց անհասկացող լսարանը գովում էր, հորանջում ու աննկատ հեռանում: Խեղճի մարտավկան փորձեց խնդրել, վախեցնել, սիրախաղեր
տալ, իր և հարսիկի հետաքրքիր ֆոտոնկարները բաժանել, ստորագրել, ոչինչ չօգնեց:
«Ա՜խ, մայրիկ ջան, -լալիս էր հարսն ու նվագում, -միայն դու
էիր մինչև վերջ դիմանում քնած վիճակում, սրանք տեղում չեն մնում, որ քնացնեմ: Սրանք
սովոր են իրենց պալատական տնգլաներին: Ես ինչպե՞ս ինձ թույլ տամ իմ մշակութային իմիջով տնգլա նվագել»:
Հարսն անընդհատ քաշքշում էր հորքուր
մորքուրներին,- «Հորքուր ջա՜ն, դու ինձ անընդհատ
խորհուրդ տուր, մորքուր ջան, անընդհատ հուշիր ինձ, թե ինչը ո՞նց անեմ: Ես մինչև հիմա առանց ձեր խորհուրդների միա՜յն խարխափել եմ այլևայլ
հետևանքներով»:
Հորքուր մորքուրները բարեհամբույր ժպտում էին,-«Գիտե՜մ, ջանս, գիտեմ: Մենք քո գիշերով անցածը ցերեկով ենք
անցնում: Մի՜շտապիր, կհասցնես»:
Նրա մարտավկան շատ լավ գուշակում էր սուրճի
բաժակով, և բոլորին գուշակում փայլուն ապագա, եթե հարսը դառնա թագուհի: Այդ թեման իր առանձնազրույցում հարսն այնքան նուրբ պարզաբանեց թագուհուն և թագավորին, որ
նրանք հուզմունքից լաց եղան: Թաղի կանանց ասելով, հարսն էլ, ազդվելով իր ասածներից և նրանց լացից, ողբ է
կապել:
Իսկ միջնեկ հարսը բերել էր լսողությունն ուժեղացնող
սարքեր սինխրոն երաժշտությամբ, գեղեցիկ քանդակներով ձեռնափայտեր, և փուչիկներով
զարդարված հաշմանդամի երկու սայլակ, հատուկ թագավորի և թագուհու համար՝ ձայնային ազդանշանով և լավագույն ցանկություններով: Թագավորը և քեռին, մեկ մեկ էլ թագուհին սրտների
չափ քշեցին սայլակներն, ու շատ տխրեցին, իմանալով, որ դրանք հետոյի, այսինքն մոտ
ապագայի, համար են:
Միջնեկ հարսը ևս սիրահարվեց հորքուր
մորքուրներին, քեռուն և հատկապես թագավորին ու թագուհուն, ու էլի անընդմեջ համբուրում էր բոլորին, որ հանկարծ անըդհատ իրեն զսպելով
խելքը չթռցնի: Ասում էր, որ համաձայնվեց այս տունը հարս գալ, երբ տեսավ թագուհու
կանաչ աչքերը, որ ինչպես ասել էր գնչուհին, բարության և արդարամտության
նշան են, և՝ իր երջանիկ ապագայի թալիսմանը:
Քեռին սկզբում շատ էր ոգևորվում
համբույրներից, բայց հետո խնդրեց, որ խմած քնած ժամանակ համբուրեն ոչ այդքան բուռն,
քանի որ վախենում է արյան զեղումից:
Հորքուր մորքուրները,
թագավորը և թագուհին ստիպված սովորեցին համատեղել այդ
չդադարող համբույրներն առաջին անհրաժեշտության գործողությունների՝ բարևելու,
զրուցելու, լվացվելու, ատամ մաքրելու և քչփորելու, հաց ուտելու հետ և այլն:
Միջնեկ
հարսը, երբ մի լավ զննեց իրեն հասանելիք նվերները և ճշտեց պիտակները, անընդհատ
կրկնում էր, որ համարյա բոլորը մտան իր սիրտը նվերներով հանդերձ: Ճիշտ է, ինքը շատ
ավելի թանկ նվերներ է ստացել և ստանում իր երկրպագուներից, բայց նվերի արժեքը փողի
մեջ չի: Նվերը միշտ պետք է պատրաստ լինի նվիրվելու: Օրինակ, քեռու ոսկե մեդալյոնը,
որը վերցրել է երկու օրով, շատ լավ սազում է իրեն:
Հարսը բոլորին նկարում էր
ֆոտո և կինոապարատներով, վերցնում մատնահետքերը որպես հիշատակ, հետաքրքվում
անցյալով, որպեսզի իր սերն ուժեղացնելու լծակներ գտնի: Ու գտնում էր: Թագուհու
համար խելագարվում էր: Մարտավկայի հետ ուզում էր գտնել ու գրել
հատկապես տարբեր մանրանասներ թագուհու կենսագրությունից: Փաստեր էին ճշտում
բոլորից՝ ծառաներից, հորքուր մորքուրներից,
քեռուց և հատկապես թաղի կանանցից: Հատուկ հետաքրքրվում էին, թե պալատական օրենքներով թագուհին քանի՞ սիրեկան պահելու իրավունք ունի, և ինչպե՞ս է իրականացրել իր այդ իրավունքը նորին
պայծառափայլությունը:
Հարսի մարտավկան բոլորին, նաև անվտանգության
բաժնի սպաներին, բաժանեց հարսի և իր ծովափի նկարները, որ հասկացնի, որ հարսն
ունի ապագա թագուհու ներքին, և ոչ պակաս արտաքին տվյալներ, լա՜վ ծանոթություն, անցյալ, շրջապատ: Մի խոսքով՝ պատրաստի թագուհի է: Ու ինքն էլ իր տվյալներով պատահական
մարդ չի նրա շրջապատում:
Հորքուր մորքուրները,
քեռին այդ հարսներով հիացած էին: Խոսելու, երգելու, համբուրվելու, արտահայտվելու,
նվերներից գլուխ հանելու ի՜նչ շնորհք, ճաշա՜կ, օժի՜տ ու դաստիարակություն: Նկարների
ի՜նչ որակ, ի՜նչ շրջապատ ու անցյալ:
Իսկ ա՜յ, կրտսեր հարսն իրեն շա՜տ մեծամիտ էր պահում: Ամեն մեկին հավասար ժպտում էր, մի
ինչ որ բացիկ նվիրում անհայտ հեղինակների անիմաստ քառատողերով: Ինչ որ Մեծարենց, Տերյան
Վարուժան, Զարիֆյան: Երևի իր շրջապատն է:
Հազի՜վ էլ այդքան գրեն: Քիչ էր խոսում, միայն ընդհանուր
թեմաներից, կարծես իրեն արժանի մեկը չկար մտերիկ զրույցի համար: Ճեմում էր ինչ որ
մեկի, կամ նշանածի հետ, ու՝ հաճախակի ծիծաղում: Ու՞մ վրա էր ծիծաղում իր աղքատիկ օժիտով, պարզ չէր: Ոչ
մեկին, ոչ մի հորքուր մորքուրի, գոնե մի հատ ջան չասեց անաստվածի աղջիկը, ոչ մեկին
չհամբուրեց, նույնիսկ՝քեռուն: Խեղճ քեռին շատ էր
ազդվել, և դրանից ավելի շատ էր խմում: Ավագ հարսներն մեծամիտի քառյակները հավաքեցին, զննեցին, բայց բացի քնաբեր հատկությունից, ուրիշ բան
չգտան: Թե ի՞նչ նենգ նպատակով էր այդ մեծամիտը
քնաբեր բաժանում ու բոլորին շշմեցնում, չհասկացան, բայց գոնե պարզեցին իրենց
ախոյանի գլխավոր զենքը:
(շարունակելի)