Литературный портал

Автор поста

Բարիտուն (4)

Հասմիկ- (գալիս է ծառի կողմից) Բարև ձեզ, տիկին Մարինե։ (Էդուարդին) Ինչու՞ չզանգեցիր։
Էդուարդ- (Հասմիկին) Չէ, տիկինս, չի աշխատելու։
Հասմիկ- Ինձանի՞ց ես փախչում։ Զրուցեք, գալիս եմ։ Անիս մեղք է (գնում է աշխատասենյակ)։
Շուրջը մթնում է: Լուսավորված են միայն երկուսով: Էդուարդ- Դու իմ Մանեն ես։ Դու՞ էլ, Մանե՜։ Ինձ զրկեցի ու գումարն ուղարկեցի, չէ՞։
Մարիամի նմանակ- Ես և Մանեն եմ, և՝ չեմ, իմ բարի տղա։ Էդուարդ- Չհասկացա։
Մարիամի նմանակ- Մարիամի խանգարված հնարավորությունն եմ։ Ինչ որ մեկը գումար է վերադրաձրել, որ հանգիստ քնի։ Նրա պատճառով Մարիամը կյանք կորցրեց, չդարձավ այն, ինչ ես եմ: Գործ ունե՞ս ինձ հետ, մեղավոր տղաս։ Էդուարդ- Ունեմ: Այնքա՜ն ասելու բան կա։
Մարիամի նմանակ- Ուշ է։ ժամանակը մեզ չի հասկանա։ (ձեռքը դնում է Էդուարդի ձեռքին) Շատ մի փնտրիր։ Ապաշխարիր, տղաս։ Առաջինն եմ ներելու։ Ես ծառ եմ, կդիմանամ։ Ափսո՜ս։ Շուրջը լուսավորվում է։ Մարինեի ձեռքը Էդուարդի ձեռքին է։
Մարինե- Գնա, տղաս։ Քեզ մայր կսազեմ։ Աստված քեզ հետ։ Էդուարդ- (Մարիամի նմանակին) Ներեցեք խնդրում եմ, նմանեցրի։
Մարինե- Ոչինչ, տղաս։ Ուրախ եմ, որ չծանոթացանք։ Գնացի, աղջիկս (գնում է դեպի ձախ)։

Հասմիկ- (դռան մոտից, Էդուարդին) Գնա՞ց։ Նաղաշն էր, Կարենի մոտից։
Էդուարդ- Լավ չեմ, Հասմիկ։ Մարիամին նմանեցրի։
Հասմիկ- Կարոտեցի՞ր (հեռախոսի զանգի ձայն լսելով, ներս է գնում)։
Էդուարդ- Շատ (մոտենում է ծառին, ձեռքերը տարածում, դեմքով դեպի ծառը)։
Հասմիկ– (դռնից) Անին էր։ Ի՞նչ բանի ես:
Էդուարդ- Փնտրտուքի (Հասմիկը ներս է գնում)։
Վրեժ- (գալիս է ծառի կողմից: Էդուարդին) Ծառի հետ հաղորդակցվելու միտքը հավանեցի։
Էդուարդ- (դիրքը թողնում է) Պարզունակ միտք։ Ծառը հաղորդալար է։
Վրեժ- Սոսկ ձևակերպեցի առաջին տպավորության էֆեկտը ։ Էդուարդ- Դրա հիպնոսը միշտ էլ խաթարում է մտքի ճախրանքը։ Ազատվեք, որ չսայթաքեք:
Վրեժ- Կարծես թե ինձ համար է։ Վերցնե՞մ։
Էդուարդ- Խնդրեմ։ Որպես վրեժ՝ խանգարելու համար։
Վրեժ- Ի դեպ, ես Վրեժն եմ, և ընդունում եմ վրեժի գաղափարը։ Էդուարդ- Գիտեմ հեռակա։ Անին այստեղ չի, սրճարանը չի աշխատում ։
Վրեժ- Ցավալի պատմություն է։ Բայց խոսակցությունը Ձեզ հետ է։
Էդուարդ- (նստում է սեղանի մոտ և առաջարկում նստել) Լիրիկա՞ է։
Վրեժ- Այսպես, ես քաղաքի այս դեպքերը խթանողներից մեկն եմ։
Էդուարդ- … կեղտոտ սկիզբ էր, անսպասելի։ Անզոր հայհոյանք հոգևոր հիգենիայի հասցեին:
Վրեժ- (նստում է) Այն է, ինչ մտածում եմ։ Ասեք ձեզ հարկավոր թիվը։
Էդուարդ- Դուք շուկայի սերնդից ե՞ք։
Վրեժ- Եղել է։
 Էդուարդ- Ամեն կարիքավորին կանչելը վիրավորանք է, չգիտեի՞ք: Շուկայից դուրս երբևէ սրբություններ չստացա՞ք ։ Վրեժ- Ձեր ի՞նչ գործն է։
Էդուարդ- Այնտեղ (ակնարկում է Վրեժի կուրծքը) դատարկ է։ Եվ ուղեղ սողոսկած վրեժի գաղափարը թունավորել է մտքերդ։ Եթե վիրավորվես, կբավարարվեմ։
Վրեժ- Ափսոս։ Լավ զրուցընկեր եք։ Անիին հիշեցի։
Էդուարդ- Դուք… դու Անիին լա՞վ ես ճանաչում։
Վրեժ- Նա ուժ է։ Քնքուշ ուժ։
Էդուարդ- Այսօրվա դեպքերում քո մեղքը տեսնու՞մ ես։ Հասմիկը բերում է սուրճ, հյութ։ Վրեժը կանգնում է, բարևում Հասմիկին, նստում։
Վրեժ- Բարդ հարց է։ Իմ փռշտոցը կարող է Տիբեթում էլ գրիպ տարածել։
Էդուարդ- Դուք ընտանիքի սրբությունը, օջախի պահապան կնոջը դարձնում եք (համբուրում է Հասմիկի ձեռքը) մեկը, որը պահի թելադրանքով կմերկանա և կհանձնվի իրեն ցանկացողին:
Վրեժ- (Հասմիկին) Կարելի՞ է ձեզ հյուրասիրել
Էդուարդ- (Վրեժին) Սրճարանը փակ է։ Ընտանիքի ջերմությունը քեզ չի՞ տաքացրել։
Հասմիկ- Ես գնամ (գնում է աշխատասենյակ)։
Վրեժ- Ձեր ոչ քենոտ ագրեսիվությունը զինաթափեց։ Հայհոյել, խղճալով հասցեատիրոջը, կարող է միայն մարդը, եկած խղճի սահմանից։ Եղել է մանկություն, տաք աշխարհ, մայրական սեր (գնում է ծառի մոտ)։ Այս ծառը և տատը մորս տաքությունն են բուրում։ Հետո… կեղտաջուր։ Ինչ որ բան փոխվեց։ Իրիկունները ձայներ, շշուկներ, ու մի օր՝ լույսը վառվեց։ Սենյակում հարբած, շաղվող աչքերով մայրս էր, ու էլի՝ մի քանիսը։ Ստիպեցին սեղան նստել, խմել, ու իմ աչքի առաջ՝ անկողին։ Տաս տարեկան էի։ Քարացել էի ու ապուշացել։ Ստիպում էին տեսնել մանրամասները, հռհռում ու կոչում տղամարդկության դաս։ Այդ օրերը ուղեղումս են կարմիր լույսի պես։ Վառվում է, երբ շփվում եմ կնոջ հետ, ու փոխվում եմ։ Դուք ճիշտ եք։ Ինձ չեն հասկանում։ Նրանք կուտեն այդ ճաշն, ու էլի կուզեն։ Ամուսինները հաճույք են զգալու իրենց կանանց անկողնային արկածներից։ Զավակները մորը կուղարկեն տեղեկանք վաստակելու։ Օգուտի համար, շահի։
Էդուարդ- Աշխարհի՞ վրա ես կատաղած:
Վրեժ- Սկզբում։ Հետո հասկացա, որ դա հատուկ մասսա է, շահին աստծու տեղ պաշտող։ Ունեն մի գաղափար՝ շահի կուսակցություն։ Մեկ հանրապետական են, մեկ՝ օրինավոր քաղաքացի, դեմոկրատ, և եթե պետք է՝ բոզի տղա։ Լափի ամանը դիր, ու կգա՜ն։ Քացով խփիր, կողքինին մորթիր, զույգին տար։ Կգան ամեն օր նույն ժամին։ Ու կափարիչը կփակվի ու կմնան լափի մեջ:
Էդուարդ- Չեմ վիճի քո վրեժի հետ։ Նրա շոշափուկները հասել են քո… մեր Անիին։ Տուն փախավ, բայց կսողոսկեն։ Քաղաքում էլի Անիներ կան, ես աղջիկ ունեմ։ Մորթելու եմ, սկսելով քեզանից։
Վրեժ- Անի՜։ Էդուարդ- Դու վրեժ ես լուծու՞մ, թե՞ հուշերդ ես փոխանցում նորամանուկ մեկին։
Վրեժ- Ձեր աստվածն ի՞նչ արեց իր Սոդոմ Գոմորով, ջրհեղեղով։ Իրո՞ք մեղավոր էին հարսները, նոր ծնվածները։ Ջոկ ջոկ արեց։ Նոյ, դու հինգ ոչխար ես մորթում, մոտ արի, մյուսներդ հեռացեք։ Դա ի՞նչ աստված է, աստված իմ։ Քանի՞ ոչխար զոհաբերեմ, որ փրկվեմ։ Ասե՞մ, հերթագրվեն։
Էդուարդ- Դա քննարկման թեմա չի։ Դու աստված չես։
Վրեժ- (հպվում է ծառին) Տատ, ու՞ր ես։ Լավ տատ ես, մորս արև (գնում է դեպի ձախ)։

Հասմիկ- (մոտենում է Էդուարդին) Չհասկացա, քո գործի համա՞ր էր, թե՞ Նաղաշի կռվի։
Էդուարդ- Կռիվ էր, դաժան, անթեմա, անթշնամի:
Հասմիկ- Քե՞զ էլ են տանելու։ Չեմ տա։ Գործ կա, արի։
Էդուարդ- (նստում է Նաղաշի թիկնաթոռին) Կգամ։ Երդվում եմ վերջին սիրովս։
Հասմիկ- Ո՞վ է, կասես…
Էդուարդ- Գիշերը։
Հասմիկ- (Նաղաշի կիտելով և կեպիով ծածկում է Էդուարդին) Քնիր, որ գիշերը չքնես։
Էդուարդ- Հնազանդ եմ։
Հասմիկ- Հուսով եմ, գիշերային դասալիք
Էդուարդ– (ինքն իրեն) Ճշմարտությունն էլ առանց ծամածռությունների չի կարող։

Ձախ մասից գալիս են Վարուժանն ու Անահիտը։
Հասմիկ- (Վարուժանին ու Անահիտին) Կներեք, չենք սպասարկում։
Վարուժան- Մեզ Նաղաշն է կանչել (ակնարկում է Էդուարդին)։ Ձեզ չի՞ ասել։
Հասմիկ- (Վարուժանին) Չէ։ Ես քույրն եմ՝ Անին։ Եղբորս հյուրերն իմ հյուրերն են։ (բերում է հյութ, սուրճ, թխվածք, շարում չորրորդ սեղանին) Լավ է, որ եկաք։ Ինքը՝ քնած, ես մենակ։ Անահիտ- Ես Անոն եմ, ամուսինս՝ Վարուժը։ Թափառականներ ենք: Նաղաշը գործ է խոստացել։
Հասմիկ- Օգնականներ պետք են։ Հաճելի նորություն էր (ամուսինները նստում են)։
Անահիտ- (Հասմիկին) Քույր, եթե գործ կա, ասա։ Անկախ ամեն ինչից։ Հասմիկ- Շտապելու բան չկա։ Օգտվեք, խնդրում եմ։ Անահիտ- (Հասմիկին) Այստեղ տեսանք այն մարդուն, ով մեզ բնակարան է խոստացել։ Ո՞վ է նա։
Հասմիկ- Վրեժը՞։ Մեր Ան… իմ դասընկերն է։ Նա՞, նա կանի։ Անահիտ- Աստվա՜ծ իմ։ Մենք տանտեր ենք։ (գնում է դեպի ծառը, չոքում։ Վարուժանը գնում է, ծնկում Անահիտի մոտ։ Նայում են ծառին, կանգնում) Անի, երեխուս կնունքի քավորը Նաղաշն է։ Հասմիկ- Անկնիկ է։
Անահիտ- Այդպիսի մարդը սերունդ պետք է ծնի։ Կնունք նշանադրությունը միասին, մեր տանը։
Վարուժան- Սպասիր, այ կին, տան մեջ երևի ոչինչ չլինի։ Անահիտ- Չեմ կարող։ Հատակին նստած, եղածը դա է։ (Հասմիկին) Այն օրը վարագույր տեսա, իմ ուզածը, մկան գույն, ուղղանկյուն նախշերով։ Ամաչեցի գինը հարցնել։
Վարուժան- Կկանչենք Գարիկին, Ավոյին։ Ինչքա՜ն եմ պարելու։ Անահիտ- Սկսվե՜ց, ռաբի՜ս։ Իմ տանը միայն մաքուր երաժշտություն (գնում է ծառի մոտ)։
Վարուժան- Չէ բա, ֆիլհարմոնիկ նվագախումբ բերենք, դրսում կենաց ասենք։
Հասմիկ- Բարեկամներ, համբերեք։
Վարուժան- (Հասմիկին առանձին) Քույր, կարոտել է։ (Անահիտին) Հաշտվե՞նք, մինչև կնունք։
Անահիտ- Քավորիս խաթեր:
Հասմիկ- Չէ, շատ է հոգնած, ներս անցեք, հյուրասիրվեք, հանգստացեք։
Անահիտ- Չէ, չեմ կարող: (մոտենում է Էդուարդին) Քնա՞ծ ես, բարի մարդ:
Էդուարդ- (զարթնելու շաժումներով) Ի՞նչ կա (Հասմիկը ներս է տանում սպասքը)։
Անահիտ- (Էդուարդին)Այնքա՜ն խոսելու բան կա, չե՜մ դիմանում։ Էդուարդ- (ցածրաձայն) Դու՞ ես, քույր։ Եկե՞լ եք, լավ է։ Մնացեք։ Վաղը։
Անահիտ- Բարի գիշեր, բարի մարդ: Վա՜խ (սրբում է Էդուարդի ձեռքը, Վարուժանի և Հասմիկի հետ գնում պահեստասենյակ)։

Հասմիկ- (պահեստասենյակից մոտենում է Էդուարդին, շշնջում) Դե, ասա։
Էդուարդ- Ի՞նչ։
Հասմիկ- Սիրածիդ անունը, վերջին։
Էդուարդ- Քո ցավը տանե՜մ, Հասմի՜կ
Հասմիկ- (շշնջալով) Սու՜ս։ Ես Անին եմ։ Հասկացա՞ր։ Հասմիկ չկա։ Ա-նի՜։ Կասե՞ս։
Էդուարդ- Անի՜, դարձիր իմը։ Չեմ դիմանու՜մ։ Միշտ (շպրտում է կիտելը և կեպին) հիմարիս խանգարել են ստվերները։ (ոչ մեկին) Զգույշ ապու՜շ։
Հասմիկ- Համոզեցի՜ր։ (համբուրվում են) Ի՜նչ արեցիր։ Քսան տարի հետ տարար։ Ամեն օր կսիրահարվե՞ս։ Հեքիա՞թ էր։ Էդուարդ- Ամեն օր, իմ սեր … վերջին։ (Հասմիկը մյուս թիկնաթոռը մոտեցնում է Էդուարդին, նստում վրան) Մի տեղավորվիր, ուշ է։
Հասմիկ- Առանց քե՞զ։ Մնում եմ։
Էդուարդ- Բա երեխեքը՞։ Տեղ էլ չկա։
Հասմիկ- Մի ուղարկիր։ Սա ուրիշ հաճույք է։ Նրանք երեխա չեն… Է՞դ։
Էդուարդ- Հը՞։ Հասմիկ- Ի՞նչ ես մտածում։
Էդուարդ- Ինչու՞ Նաղաշը չէր ուզում, որ սրանք բնակարան ստանան։
Հասմիկ- Բա՞ ես։ Էդուարդ- Համբերիր։ Նախ՝ աստծունը։

Էդուարդն ու Հասմիկըքնած են։ Գիշեր է:
Անի- (գալիս է ծառի կողմից։ Քայլվածքի մեջ թեթևություն կա։ Աշխատասենյակից ծածկոց է բերում, մոտենում Հասմիկին, ծածկոցով ծածկում)։
Հասմիկ- (քնի մեջ, կպչելով Էդուարդին) Ուրիշ ես։ Առանց քեզ կհիվանդանամ։
Անին անցնում է Էդուարդի կողմը, ծածկում Էդուարդին։ Էդուարդ - (քնի մեջ) Քեզ նման հոգատար կի՜ն (բռնում է Անիի ձեռքը)։ Ես քեզ զգում եմ։ (Անին ժպտում է) Դու հիմա ժպտում ես (Անիի ձեռքը համբուրում է, թեքվում Հասմիկի կողմը)։
Անի- Քնիր հանգիստ, ընտանիքի գլխավոր։ (ծառի կողմից գալիս է Վրեժը) Վրե՞ժ։ Ի՜նչ լավ է
Վրեժ- Գիտեմ։
Անի- Ի՞նչ գիտես։
Վրեժ- Լավ է, որ եկել եմ։ Որոշել եմ։
Անի- Ի՞նչ։
Վրեժ- Լսել եմ, որ մատուցողի կարիք ունես։
Անի- Հետո՞։
Վրեժ- Վատ գործ չի։ Միայն թե չասես՝ նախկին ընկեր։
Անի- Չեմ ասի:
Վրեժ- Ամբողջ կյանքում ուժ եմ փնտրել, բարի ուժ, ու՝ գտել։
Անի- Կարծես հեքիաթ լինի,
Վրեժ։ Վրեժ- Մինչև հիմա կյանքներս լավ չդասավորվեց։ Արի ստեղծենք մեր հեքիաթը։
Անի- Եթե ձեռքս ամուր բռնես։
Վրեժ- (համբուրում է Անիի ձեռքը, և այլևս բաց չի թողնում) Ափսո՜ս, բոլորը քնած են։
Անի- Սու՜սս, հեքիաթներն այս ժամին են իրականանում։ Միասին քայլում են դեպի ծառը, նայում ծառին։ Թեքվում են, նայում իրար։
Վրեժ- Նայում եմ քեզ ու տխրում, մտածելով, թե ինչ ենք կոցրել։ Անի- Նայիր աչքերիս ու տես, թե ի՜նչ է մեզ սպասվում (համբուրվում են)։

Չորրորդ գործողություն

Էդուարդի բնակարանը։ Աուդիոտեխնիկայիմոտ նստած է Հայկը։ Աջ ձեռքը գիպսի մեջ է, գլուխը՝ բինտապատ, երեսին՝ կապտուկներ։ Հասմիկը Հայկի կողքին է: Էդուարդ- (գալիս է մուտքի դռնից) Ասում է՝ միայն հանգիստ։ Հասմիկ- Իսկ ի՞նձ: (Հայկին) Անպետք հերոս։
Հայկ- (Հասմիկին) Չլսեցի՞ր։
Հասմիկ- (Հայկին) Տներն են մտնում, տանում հարցաքննության։ Ծնողներիդ չես լսում։
Հայկ- Ու՞մ լսեմ։ Մայրս իր չորս պատով է, հայրս էլ անցել է անվտանգ հանգստի։
էդուարդ- (Հայկին) Վախենամ, իշխանություն դառնաս։
Հասմիկ- (էդուարդին) Ով էլ խոսի։ Իրենք առաջարկեցին, ես էլ խնդրեցի՝ մտնեիր գործի, չվախենայինք։ (Հայկին) Գնա տնից։ Քարերն էլ թափիր փեշիցդ, վերջ։
Հայկ- Սկզբունքորեն չեմ գնալու։
Հասմիկ- (էդուարդին) Խոսիր։ Մի բան գիտեմ, որ ասում եմ։ էդուարդ- Չեմ կարծում….
Հասմիկ- Սա գլուխն է ջարդում, նա ցույցերի է։ Որ վտանգը տուն մտավ, ի՞նչ ես կարծելու։
էդուարդ- Չենք դողալու ոչ վտանգից, ոչ՝ տանկից։ Ծեծել է, ծեծվել, եկել։ Այս մթնոլորտը…
Հասմիկ- Դու ստեղծեիր։ Մի քիչ համագործակցեիր, չվախենայինք։
էդուարդ- Շուկայի վերավաճառող կնոջ դատողություն։ Մի քի՜չ։ Հասմիկ- (Հայկին) Հին վեճը մեջտեղ բերեցիր։ Գնա, խնդրու՜մ եմ։ Հայկ- Գնամ քնեմ։ Դեղերն ազդեցին։
Հասմիկ- (Հայկին) Քաղաքը դու չես փրկելու, անխելքս։ Քարերդ թող դրանց ընտրողներին։
Հայկ- Համառող համբերությունը դառնում է ուրիշ որակ։ Հասմիկ- (Հայկին) Նաղաշի ու Անիի անմեղ դասեր՞ն են։ Ընկերներով նստեք, երգ լսեք։
Հայկ- Դուռը չբացե՞նք։ Զիբիլը դռան մոտ է հասել (լսվում է դռան զանգի ձայն)։

էդուարդը դուռը բացում է։ Ներս են մտնում Թամարան, Գասպարը, Մկրտիչը։
Թամարա- Բարեվետ երեկո, հարազատներս:
Մկրտիչ- Բարև ձեզ (չի նայում Հայկին)։
Գասպար- Բարի երեկո (սեղանին կոնյակի շիշ է դնում, հազում)։ Հասմիկ- (հյուրերին) համեցեք, նստեցեք:
Գասպարը նստում է սեղանի մոտ, պատուհանի կողմի աթոռին, մեջքով դեպի դռները։ Մկրտիչը նստում է Գասպարի դիմաց։ Էդուարդը նստում է Գասպարի կողքին։
Թամարա- Աղջիկս ու՞ր է (նստում է Գասպարի կողքին, մեջքով դեպի պատուհանը)։
Էդուարդ- Ո՞վ։
Թամարա- Լիլիթս։ Եկել եմ՝ իրեն տեսնեմ (նայում է շշին: Հայկին)։ Հիվա՞նդ ես, տղաս։
Հայկ- Մի ԲՏ խփեց, փախավ։
Գասպար- Մենք բարեկամ ենք։ Ի՜նչ օր էր։ Հրապարակում խուժանները քար էին շպրտում։
Թամարա- Բոլորին կհավաքենք։ Բայց ոչ՝ խաբվածներին։
Հայկ- Երկու հազար։
Գասպար- Ի՞նչ, տղա ջան: Պարոն Էդուարդ, ինչպես տեսաք, մենք… մեզ ուղարկել են….
Թամարա- (Գասպարին) Համբերիր։ Ստանալու համար տրամադրել է պետք։
Գասպար - Չե՜մ համբերում ։
Թամարա- Անձրևը ամռանն է ցանկալի։ Բարեկամներ, արվեստը զոհ փնտրեց ու ինձ ընտրեց։ Զոհասեղանին ինձ չարչարում են դեռևս ոմանք, նույնիսկ երազումս: Քաղաքն է քննարկում իմ արձանը՝ կնոջ խորհրդանիշ։ Ու քաղաքիս կպատճառեմ բազմաշերտ հաճույք և ուրախություն անհատական, ըստ Միսաք Սիամանթոյի։ Իրեն սիրում եմ: Հիշելը հեշտ է՝ մանթո- Սիամանթո։
Գասպար- Ամբողջ հայ գրականությունը մի գիշերում կկարդա։ Էդուարդ- Այդ ձևով հերիք է։ Տղերքը մեղք են։
Թամարա- (նայելով Էդուարդին) Հատուկ մեթոդ ունեմ, օգնելու հիշողության պատճառով տառապողներին: Խնդրում եմ, հղիացրեք ինձ գաղափարներով։ Ի՞նչ պահեմ ձեռքիս։
Հայկ- Ավել ու աղբաման, որպես կեղտի խորհրդանիշ: Թամարա- Լավ էր։ Ես հոգնած, բայց՝ հետևում եմ տան մաքրությանը։ Էլի եկե՜լ էր։
Գասպար– (Թամարային) Չհուզվես։
Մկրտիչ- (Թամարային) Չկատաղես։
Թամարա- Կձգտեմ։ Երեխան կոշիկ չունի դպրոցի համար։ Իսկ ծնողը չի ուզում ավել անել, ու ես եմ մեղավոր։ Իսկ ես կանգնելու եմ քաղաքի կենտրոնում, ավելը ձեռքիս։ Պա՜հ, ավլելը պակաս պատվավոր է, քան մոդա ցուցադրելը, ծնող կանչելը, և այլ անվայելուչ բաներ։ Ես քաղաքի մայրն եմ, և ոչ թե այդ սովածների կաթնատուն։ Ինչքա՜ն ասես։

Լիլիթ- (գալիս է մուտքի դռնից) Սա ի՜նչ նորություն է։ Բարև ձեզ։ Թամարա- (մոտենում է Լիլիթին, համբուրում) Կարոտել էի, աղջիկս ։
Գասպար- Բարև, քաղաքի ամենալավ աղջիկ:
Լիլիթ- Ինչու՞ են միջանցքում ոստիկաններ կանգնած։ Թամարա- (նստում է իր տեղը) Շեֆը պնդեց… մեզ համար. Էդուարդ- Քաղաքի տերերը քաղաքից վախենու՞մ են։
Թամարա- Միավորենք մեր հոգեցունց սպասելիքները։ Ի՞նչ բռնեմ, որ դառնամ սիմվոլ։
Լիլիթը մոտենում է Հայկին, բայց տեսնելով, որ քնած է, գնում է առաջին ննջարան։
Մկրտիչ- (Թամարային) Այ, մի հեռախոս: Խոսելով։
Թամարա- Այո, որ չմոլորվեն։ Եթե նա հեռախոս ունենար, ես մրցակից չէի ունենա:
Հասմիկ- (ոչ մեկին) Երեխա, երեխա։
Թամարա- Հոյակապ էր։ Շահագրգի՜ռ քննարկումն ինձ հղիացրեց բռնելու գաղափարով և շուտով կծնեմ արձան զավակ, դեգերող տղամարդկանց հույսերի փարոս։
Էդուարդ- (Թամարային) Վիժելու նշանների դեպքում դիմեք: Հետաքրքիր է:
Թամարա- (էդուարդին) Անկասկած։ Դուք ճշտում ունե՞ք այս հուզատրոփ թեմայի համար։
Էդուարդ- Հայելի և ցուցակ։ Անկողնային թեման, ցավոք, ամենահուզողն է Կանաչ քաղաքում։
Թամարա- (էդուարդին) Բա էական մանրամասներ՞ս: Թե չէ չեն պատկերի տուփերին և շշերին:
Էդուարդ- Թեկուզ էականներով հանդերձ։ Անկուշտ տղամարդիկ կստեղծեն անմահ աֆորիզմ՝ «Թամարի մահճում մահն էլ հաճույք է»։ (Գասպարին) Եղել է՞ (սա ուսերն է թոթվում)։ Թամարա- Ա՜խ, մենք ինչեր կանեինք։ Դուք ուղղակի բեղմնավորեցիք.. մտքերս։
Մկրտիչ- (իր հեռախոսով խոսում է) Հը՞… շատվո՞ր եք… Չէ, կպնողական, հավայի… ինձ են քընընըմ.. Մանյա՞ն, ասա ուրիշը կլացի… Մանթո՞… կանանչ լույսի կոճակը մերն է, ապեր: Թամարա- Միկիրտի՜չ, Մկրե,՜
Գասպար- Մակա՜ր, Մակա՜ր, Մկո՜։
Մկրտիչ- (հեռախոսն անջատում է, լսելի) Չնշե՞նք։ Չուրախախանա՞նք։
Էդուարդ- (մոտենում է Հասմիկին) Գիտեի՞ր, որ գալու են։ Հասմիկ- Մտածեցի՝ մարդիկ կիմանան, անվտանգ կլինենք: Էդուարդ- (Հասմիկին) Իրենց հետ էլ կգնաս։ Պատրաստվիր։ Լիլիթ- (մոտենում է զարթնած Հայկին) Ապերիկ, պատրա՞ստ ես։ Հայկ- Ինչի՞ն։
Լիլիթ- (առանձին) Կոմիսար Մկրեն է եկել։ Կլացեի, թաշկինակ չկա։
Հայկ- (առանձին) Չհուզվես, փեսացու Մկոն է եկել (նայում է շշին)։ Բայց թող իրենք լացեն:
Լիլիթ- Բա ինչու՞ ներս թողեցիք։ (Մկրտիչն ատրճանակի հետ խաղում է) Վա՜յ, իսկակա՞ն է։
Մկրտիչ- (Լիլիթին) Իմն է։ Ուզու՞մ ես։ Չվախենաս (Լիլիթը վերցնում է ատրճանակը)
Էդուարդ- (Լիլիթին) Ի՞նչ ես անում։
Լիլիթ- Չփորձե՞մ (ատրճանակը պարզում է: Մկրտիչը թաքնվում է Թամարայի թիկունքում):
Էդուարդ- Շուտով, մի շտապիր: (Մկրտչին) Չտեսնեմ։
Լիլիթ- (լսվում է դռան զանգի ձայն։ Ատրճանակը տալիս է Մկրտիչին, գնում դեպի դուռը։ Ցածրաձայն) Նաղաշն է (վերադառնում է, ձեռքին ծաղիկներ) Ապրի Սամվելը։ Թամարան Մկրտչին բզում է։
Մկրտիչ- (փող հաշվելով, Լիլիթին) Փող տա՞մ, առնես՝ ինչքա՜ն պետք է։ Ի՞նչ արժի։
Լիլիթ- Շնորհք: Բնատուր է:
Թամարա– (Լիլիթին) Աղջիկս, ի՞նչ կասես արձանի մասին։ Ի՞նչ բռնեմ, որ վայելուչ լինի։
Լիլիթ- Թեման այլանդակ է, ինձ հարցնելը վիրավորանք (գնում է երկրորդ սենյակ)։
Թամարա- Ագրեսիվ սերունդ, դժգոհ անպատճառ։ Սա էլ կամավոր կհարգի: (Մկրտչին) Ընկեր՞դ:
Գասպար- (լսելի) Հա, կարդացող է։ Մարդավարի երկու բառ չի ասի։
Մկրտիչ- (լսելի) Ապուշ է։ Գիրք էր առել մի լավ սեղանի փողով։ Ասեցի՝ ծիծաղեց:
Թամարա- (համբուրում է Մկրտչին։ Լսելի) Դրան ո՞վ աղջիկ կտա։ (Էդուարդը նստում է սեղանի մոտ) Պարոն Էդուարդ, ինքն է Մկրեի քավոր հովանավորը։ Օրհնեց, ուղարկեց։
Գասպար- Մենք երջանիկ ենք աշխատելով նրա հրահանգով, քայլելով նրա ցուցումով։
Թամարա- Ես շնչում եմ, հանգստանում հետը։ Նա այն է ուզում, ինչ ինձ է հուզում։
Էդուարդ- Գիտեմ։ Այլանդակություն է։ Ինչ ուզում, անում եք։ Թամարա- Նա քաղաքի հայրն է, ես մայրը, և մեր կապի մեջ անբնական ոչինչ չկա։ Նա է ինձ օծել, հաղորդակըցել։ Ի՜նչ խոսուն ձեռք ու՜նի։ Հպվելիս լացեցի և ծիծաղեցի։
Էդուարդ- (Թամարային) Այդ թեման փակեք։
Մկրտիչ- (Թամարային) Ճիշտ։ Ձեռքը դրեց ուսիս, մի տեսակ եղա, քո պես։
Էդուարդ- Ենթարկվեք մեր տան օրենքներին։ Սա...
Գասպար- Պարոն Էդուարդ, մի խնդրանք։ Մոտենում են գլխավոր բոզի տղայի ընտրու…
Էդուարդը ձեռքի կտրուկ շարժում է անում, ծաղկամանը շուռ է գալիս։
Թամարա- Ի՜նչ լավ եղավ, չարը խափանվեց։
Գասպար- Վա՜յ, ո՞նց եղավ: (էդուարդին)Հա, շուտով գլխավոր բո…
Էդուարդ- Չհասկացաք։ Այլանդակ բառերն արգելում եմ։ Գոմում չեք…
Գասպար- (էդուարդին) Ոչի՜նչ չլսեցինք, չենք լսել։ Լա՜վ բարեկամներ։
Մկրտիչ- Ես լսեցի, բայց չհասկացա։ Բոզի տղա վա՞տ բառ է։ Լիլիթ- (խոհանոցից բերում է աղբի դույլը, սեղանը կարգավորում) Հայր, գարշելի հոտ եմ զգում։
Թամարա- Աղջիկս, թվացյալ է։ Հաճելի է, բնակա՜ն։
Լիլիթ- (Թամարային) Դա ձեր բնական հոտն է։ (Էդուարդին) Ինչու՞ չես կրակում, ինչպես սովորեցրել ես՝ (մատներով կրակելու ձև է անում) ճակատին։
Մկրտիչ- (թաքնվում է Թամարայի թիկունքում: Թամարային, առանձին) Թևի տակ է, տեսա:
Էդուարդ- Աղջիկս, այդ հոտը քեզ չի սպառնում։ Երաշխավորը վտանգների գծով ընտանիքի շանթարգելն է։ Այս անդուր թուլության պատճառը քաղաքի մարսողական խանգարումն է: Թամարա- (Էդուարդին) Խնդրում եմ, զգույշ խոսեք... Չի կարելի այդպես… Գրի եմ առնում։
Լիլիթ- (Էդուարդին) Դույլը չեմ տանում։ (խոհանոցից ափսեներ է բերում, դնում սեղանին, Էդուարդին) Քո համբերության դույլը սրանց կտորներից կլցվի՞, պարոն զգուշություն: (հյուրերին) Անլվա չգտա, որ դնեի ձեր առջև (գնում է երկրորդ սենյակ)։ Գասպար- (Թամարային, առանձին) Սեղան են բացում, շիշը բացե՞մ։
Թամարա- Ես կազդարարեմ ծիսածարգը։
Գասպար- (համուրում է Մկրտչին) Չէի սպասում։
Մկրտիչ- (Թամարային, առանձին) Ես էլ։ Տու՞ն կտանենք։ Թամարա- Եթե համբերես, շուտով կհամբուրես։ (Էդուարդին) Պարոն Էդուարդ, օգնեք ընտրություններում, իմ երաշխավորությամբ։
Էդուարդ- Ո՞վ է օծելու։ Արայի կինը՞։ Արժի՞ բայց։
Գասպար- Մենք ոչինչ չլսեցինք, ոչինչ: Օ՜ֆ։
Թամարա- Իսկ եթե…
Մկրտիչ- (էդուարդին) Ինքը լավը չի։ Մամաս լավ՜ն է։
Թամարա- (էդուարդին) Տղաս ընտի՜ր ճաշակ ունի։
Լիլիթ- (երկրորդ սենյակից բերում է դատարկ պարկ և մշակված փայտ, դնում Հայկի մոտ) Մեր հարաբերությունները բոյկոտում եմ, պարոն հայր։ Գամ տեսնեմ, մեջը լցրած, բերանները` կապած։ Փայտն էլ որպես ծանրակշիռ փաստարկ (մուտքի դռնից դուրս է գնում)։
Գասպար- Աղջիկ ջան, բոյկոտը բոքսից չի՞։ Բա ծնողին բոքս կանե՞ն։
Թամարա- Ի՜նչպիսի էներգիա։ Իսկը՝ մեզ համար։
Լիլիթ- (վերադառնում է ) Այդ… չթողեցին գնամ։ Հայր, ի՞նչ է կատարվում քո տանը:
Հասմիկը կծկվումէ, նայում Էդուարդին: Հայկը Լիլիթի բերած փայտը վերցնում է ձեռքը։
Լիլիթ- Մենք մեր տան մեջ իրավունքներ չունենք։ Ապուշ երա՞զ է Էդուարդ- Հյուր կոչվածները շտապում են: Կգնան, վիճակը կզուլալվի։
Թամարա- Չեմ մոռանում զոհասեղանը, նույնիսկ երազում: Քաղաքի խաղաղությունը գեղեցիկ զոհ է ուզում։ Մնում է մեր վայելուչ համաձայնությունը։
Էդուարդ- (Թամարային) Տիկին, գեղեցիկ զոհ կմատուցեմ հենց հիմա: Ու էլ ձեռքիցս չես փախչի:
Գասպար- Պարոն, ի՞նչ եք ուզում անել իմ կնոջը բոլորի ներկայությամբ։ Բա՞ ես։ Չէ՞, Թամս։
Թամարա- Պարոն Էդուարդ, այն օրը մենք շոշափեցինք միմյանց… թուլությունները։ Եթե չեք վախենում հրապարակային մերկացումից, ես առավել ևս։ Սկսե՞նք։

Գասպարը ձեռքերով ծածկում է Թամարայի մարմինը։ Մկրտիչն իր կողքին կանգած Հայկին նստելու տեղ է տալիս իր աթոռին, և երկուսով սպասումով նայում են Թամարային։
Էդուարդ- (ինքն իրեն) Հիմա՜ր, իմ թուլությունն իմ ուժն է։ (բարձրաձայն) Դա կանեմ և մերկացումներով, և առանց։ Տղամարդավարի (գնում է պատուհանի մոտ)։ Հայկը հիացմունքի ժեստ է արտահայտում Էդուարդի հասցեին, նստում իր տեղը։
Թամարա- Աաա՜։
Գասպար- Խե՜ղջ Թամս, ի՞նչ են ուզում քեզնից։
Մկրտիչ- (Թամարային, լսելի) Մենք հաղթեցինք, չէ՞։
Թամարա- Մենք հաղթած եկել ենք, տղաս։ Հարազատներ, (թուղթ է կարդում) «մեր սրտատոչոր մտմտուքն է կարգավորվածություն և իմաստ մտցնել ձեր բազմածիծաղ և երանաբույր աղջկա, և մեր լրջախոհ և բազմախոստում զավակի սիրահոժար հարաբերություններում»։
Լիլիթը գնում է երկրորդ սենյակ։
Թամարա- Ամաչեց։ Դժվա՜ր կլինի։ (ինքն իրեն) Ես ու՜ր, ինքն ու՜ր։ Գասպար- Նա օրհնեց ու շնորհավորհեց։
Հայկ- Նա՞ որոշեց, ում հետ պսակվի։
Գասպար- (Հայկին) Նա մեր աստվածն է, տղաս։
Հայկ- (Գասպարին) Ուրիշ աստված չունե՞ք։ Բա ամո՞թը Գասպար- Թող սովածներն ամաչեն։ Մեզ ամաչելու պատճառ չկա, և ուրիշ աստված պետք չի։
Հայկ- Կերն ու տաքությունը կա, անելիքը՝ նշված։ Անասնաերջանկության բանաձևի էվրիկա:
Թամարա- (Հայկին) Տղաս, էվրիկա բառն օգտագործում են բաղնիքում այլևայլ առիթներով: Վայելուչ չի այն փողփողելը։ Տիկին Հասմիկ, մեր այցը համաձայնեցնելով…
Հայկ- Իի՜նչ (մոտենում է Հասմիկին) Դու՞…
Լիլիթ- (սենյակից մոտենում է Հասմիկին) Մա՞մ, մա՜։
Հասմիկ- Էդ, մենակ եմ…
Էդուարդ- (մոտենում է Հասմիկին) Երեխեք, հետո։ (Հասմիկին) տիկին, դատին պատրաստվիր։
Լիլիթը շիշը շպրտում է աղբամանի դույլի մեջ։

Գասպար- (Թամարային) Խորհրդակցում են։ Բերաններից ջուր է գնում։ (Մկրտչին) Կենացդ հիշու՞մ ես։ Բնակարան, մեքենա, կին։ Բարի հեքիաթ է։
Թամարա- Տղաս հեքիաթի արքայազնն է։ Իր գեղեցկուհուն ձիով կտանի։
Մկրտիչ- (Թամարային) Ձին հայրիկն է, դու էլ կախարդ տատին, չէ՞։ Տանում ենք, արդեն սիրեցի։
Թամարա- Էլի մեկ զոհ, ինչպես կասեր քնարերգու Հ. Շիրակը։ Հայկը վերադառնում է իր տեղը։
Գասպար- (շշնջում է) Նշանը տարան։
Մկրտիչ- Մոտս է։
Գասպար- Այդ նշանը չէ, գալու նշանը։ Շիշը չկա։ Նշան կորցնելը լավ նշան չի։ Ի՞նչով նշենք։
Թամարա- Տեսա՞ր դրանց դասակարգային էությունը։ Շշի արժեքի։
Մկրտիչ- Հենց նշանը դրեցի, կկտրեմ: Թե չէ տան կնիկ չի դառնա։
Թամարա- (Էդուարդին) Լիլիթիս հայր, պարզաջրենք մեր նպատակը։
Էդուարդ- Աղջիկս, այս… քո ձեռքն են խնդրում։ Լիլիթ- (խոսում է Հասմիկին նայելով) Ես դրա առիթը տվե՞լ եմ
Մկրտիչ- (Լիլիթին) Այն օրը… ինչքա՜ն ծիծաղեցինք։
Լիլիթ- Դա հերի՞ք է։
Մկրտիչ- (Լիլիթին) Քի՞չ է… նշանվելու՜ համար։
Լիլիթ- Շատ։ Երեկ Սամվելի հետ երկու ժամ հռհռացել ենք։ Ուրեմն ի՞նչ։
Մկրտիչ- (Լիլիթին) Հրամայե՞մ, նշանը հետ տա։
Լիլիթ- Բա որտե՞ղ լաց լինեմ:
Թամարա- (Լիլիթին) Ինձ մոտ: Լացով կհյուսենք կանացի զսպացանցը, որ սրանք չխլվլան։
Լիլիթ- Դառը հեքիա՞թ է, թե՞ ապուշ երազ (գնում է երկրորդ սենյակ)։
Թամարա- Շա՜տ հուզվեց։ Սրտից ինչքա՜ն թույլ են ջահելները ։ Մկրտիչ- (կանգնում է։ Ատրճանակը պահել է բաժակի պես) Ողջ լինենք։ Տղան կապիկից սիրուն, ոչխարից խելացի լինի, հերիք է։ Դա չի կարևորը: Ոչ մի բանից չամաչենք, որ մարդ մնանք... Թամարա- (Մկրտչին, առանձին) Նստիր։ Ես կասեմ։
Մկրտիչ- (նստում է, քրտինքը սրբում: Թամարային, լսելի) Ո՞նց էր, ես էի գրել։
Թամարա– (լսելի) Ապրես։ Մի երկու ածական էր պակասում, ես կածականեմ։
Էդուարդ– (լսվում է դռան զանգի ձայն: Մուտքի դուռը բացում է) Պարոն… Մկո, քեզ են ուզում։
Մկրտիչը դուրս է գնում:

Թամարա– (Էդուարդին) Չե՞նք խանգարում։ Ճշտում ենք հրավիրվածների ցուցակը։
Էդուարդ- Մեր անունը չշոշափեք։
Թամարա- Դուք ի՞նչ հրավիրված։
Մկրտիչ- (ներս է մտնում) Սամվելը կապված է դրանց հետ: (ակնարկում է Հայկին) Մշակում ենք։
Թամարա- Այսպես թե այնպես, զոհասեղանն է։ Քաղաքի խաղաղության զոհասեղանին մարդ է պետք։ Կամ… կամ: Մեզ կբավարարի երջանիկ տարբերակը։
Էդուարդ- ԲՏ քաղաքին մենք աղջիկ չունենք տալու։
Մկրտիչ- էդ ի՞նչ քաղաք է։
Թամարա– (Էդուարդին) Ի՞նչ ես բարդացնում։ Ջահել են, երեխա կծնվի, ընտանիք կդառնան։
Էդուարդ- Ես մարդակույտ գիտեմ, (ակնարկում է հյուրերին) երեխա էլ կա, բայց ընտանիք չկա։
Թամարա- Մկրե, վերևից անուններ բեր, երկարեց (Մկրտիչը գնում է դուրս)։
Հասմիկ– (էդուարդին, առանձին) Դրանք Լիլիթիս թուքը չարժեն։ Մի բան արա։
Էդուարդ- (առանձին) Ձիգ մնա։ Երեխեքը չտուժեն։ Դատին զգացմունքները հաշիվ չեն: Լուրջ փաստարկ գտիր: (բարձրաձայն) Լիլս, դեղը (Լիլիթը մոտենում է Հասմիկին, դեղով և բաժակով)։
Թամարա- Իրենք էլ են ցուցակ կազմում։
Գասպար- Ժամանակ չկա։ Ամեն ինչ թա՜նկ, կրակ։
Թամարա- Հասմիկս չի դիմանում։ Ես էլ: Մոր սիրտն ուրիշ է, ա՜խ (աչքերը սրբում է)։
Էդուարդ- (մոտենում է Հայկին) Հը՞:
Հայկ- Եթե Լիլի համար համաձայնվես, ինձ կկորցես։
Էդուարդ- Քա՞ր ես շպրտում հորդ վրա։
Հայկ- Մաքրե՞մ:
Էդուարդ- Սրանց գաղափարն էլ հերիք է (գնում է Հասմիկի և Լիլիթի մոտ)։
Լիլիթ- (Էդուարդին, առանձին) Հայկոյին չթողնես տանեն։ Մեղք է, թևը կջարդեն:
Էդուարդ- Չեմ թողնի:
Լիլիթ- (Էդուարդին, առանձին) Ինչ էլ որոշես, համաձայն եմ։ Էդուարդ- (Լիլիթին) Գնա սենյակ։ Մեր տանից քո տուն ես գնալու:
Թամարա- (լսելի) Հարսնացուի լացը գեղեցիկ պատկեր է։ Ես լացե՞լ եմ, հը՞։

Մկրտիչը ներս է մտնում, գլուխը բացասական շարժում։ Էդուարդ- (Լիլիթին) Գնա (Լիլիթը գնում է երկրորդ սենյակ)։ Թամարա- Ի՞նչ եղավ աղջկաս։ Նրա ծիծաղը վայելչաբար օզոնացնում էր մտքերս։
Էդուարդ- (մոտենում է Թամարային) Քեռակինս ծանր է։ Գնում ենք գյուղ։ Ուշ է:
Գասպար- Ի՜նչ վատ բան եղավ։ Նկարը կա՞։ (Հայկն ինչ որ նկար է տալիս) Ի՜նչ սիրուն է: Էս տկլո՞ր է (Մկրտիչը մոտենում է Գասպարին, դիտում նկարը)։
Հայկ- Այնքան սիրուն էր, Ֆրանսիայից եկան, նկարեցին։ Այնտեղ հայտնի է։
Գասպար- Դե, առաջ լա՜վ էր, էլի։
Թամարա- Վաղը միասին գնանք, որ քեռակինը, տեսնելով ջահելներին, փոշմանի իր արածը։
Էդուարդ- (ձեռքը տանում է ծոցագրպանը, ինչպես սրճարանում) Կամ ձեզ ճանապարհում եմ, գնում գյուղ, կամ էլ բոլորով գնում ենք վերև, սպասում։ Քեռակինը շա՜տ կուրախանա։
Գասպար- Միասին գնանք։ Այս կնոջը պետք է տեսնեմ։
Էդուարդ- Գործ չունես: Ծերացել է։ Էլ չեն թողնում հանվի։ Թամարա- Սիրտս։ Վայելուչ չէ վիճել այդպիսի քեռակնոջ վիճակի հետ: Ըղձապատվենք հույսով:
Էդուարդ- (Գասպարին և Մկրտչին վեր կենալու ժեստով) Ուշ է: Մկրտիչ- Պառավներն ինձնից ի՞նչ են ուզում։ Նորից գամ, անիմաստ նստե՞մ։
Գասպար- (Թամարային, լսելի) Ի՞նչ ենք զեկուցելու։ Շիշը մնա՞ մյուս անգամ։
Էդուարդը լսում է, հայացքով փնտրում, տեսնում շիշը դույլի մեջ, ժպտում։
Թամարա– (Գասպարին) Ուշ է։ Ես կզեկուցեմ: Գնա քնիր։

Մկրտիչը շարժվում է դեպի Լիլիթի սենյակը։
Հայկ- (փակում է Մկրտչի ճանապարհը) Բայց դու իսկական (ցածրաձայն) բոզի տղա ես։
Թամարա– (մոտենում է Հայկին Գասպարի հետ) Ապրես, տղա ջան: Ընկերություն արեք:
Մկրտիչ- (Հայկին) Բոլորն են ասում։ Շատ առաջ կգնամ։ Այ, քրոջդ…
Հայկ- Ձենդ, անասուն։
Էդուարդ– (մոտենում է Հայկին) Հանգստացի՛ր։
Հայկ- Հեռու՜։ (առողջ ձեռքով աթոռ է վերցնում, պտտացնում) Մաքրեք... մտածելու… իրավունք...
Աթոռի հարվածից լամպը կոտրվում է, սենյակը՝ մթնում։ Մթության մեջ հարվածի ձայներ, տնքոց։
Գասպարի ձայնը- Վա՜խ
Մկրտչի ձայնը- Վա՜խ, տուն տարե՜ք։ Կկրակեմ (կրակոցի ձայն)։ Լիլիթի ձայնը- Մա՜մ, պա՜պ , Հայկո՜։
Ձայներ– (վառվող լուցկիների, կրակայրիչների լույսերով) Ճանապարհ, ճանապարհ ։

Սրճարանի տերիտորիան։ Ծառի տակ կանգնած է ծեր կին, որը և նման է Մարիամին, և՝ ոչ։ Թևին Մարիամի շալն է, ձեռքին՝ տոպրակ։ Սրճարանի տարածքումեն տղամարդը և կինը։ Տղամարդը նման է և Վրեժին, և Վարուժանին, կինը՝ և Անիին, և Անահիտին։ Կինը նկարներն է տանում պահեստասենյակ, տղամարդը աթոռները։ Վերջացնում են, մոտենում կնոջը։
Տղամարդ- Տատ, ուշ է, գնա:
Մուրացկան կին- Պետք է փոխանցեմ:
Տղամարդ- Բարի գիշեր, տատ։
Մուրացկան կին- Բալեքս, Աստված կա՞ (խաչակնքում է)։
Կին- Տատ, քանի դեռ այդ հարցը տվող կա, Աստված կա։ Բարի գիշեր:
Մուրացկան կին- Լավ չհասկացա, բայց՝ հոգիս թեթևացավ, ապրեք։ Բարի գիշեր։

Տղամարդ- (կնոջ հետ գնում է դեպի պահեստասենյակ: Կնոջը) Հոգնած ես։ Տանե՞մ, տուն գամ:
Կին- Իմ տունն այնտեղ է, որտեղ՝ դու ես։
Տղամարդ- Հոգնած ես։ (շշնջալով) Կհասցնենք։
Կին- Սկզբունքորեն կողքիդ մնալու հաճույքը չեմ փոխի ոչ մի տան հետ։
Տղամարդ- Ի՜նչ հաճելի սկզբունք է, տրամադրո՜ղ։ Միայն, խնդրում եմ, հանվելիս մնա մաքու՜ր ինքդ։ Օրվա ընթացքում քո սկզբունքներն ինձ լա՜վ նեղեցին։
Կին- Դրանք գործարար սկզբունքներն են։ Հանել եմ, մնացել կանացի սկզբունքներով, հանե՞մ։
Տղամարդ- Ցերեկն իմ տիկին ընկերն ես, գիշերը տիկին հաճույքը, այո՞։ Ի դեպ, այսօրվա երաժշտությունն արտակարգ էր, չլսե՞նք նորից։
Կին– Այն ինձ համար շա՜տ թանկ է, ինչպես քո ցանկությունը։ Նրանք մեզ կտանեն հրաշքների աշխարհ։ Բայց արդե՜ն ինձ մերկացրել ես, անամոթ։ Ահ, ինչի՞ հաշվին ենք խոսում (տղամարդու հետ մտնում է պահեստասենյակ, դուռը ծածկում)։

Ձախ մասից գալիս են Արան, Գասպարը, Էդգարը։ Գասպարի գլուխը բինտապատված է։
Արա- Որտե՞ղ կլինեն։ Նստելու տեղ էլ չկա։
Գասպար- (գնում է ծեր կնոջ մոտ) Պառավ, քոնը չի։ (աթոռակը տանում է Արայի մոտ) Կնստե՞ս:
Արա- Էս ի՞նչ բերեցիր, հիմար։ Մարդ չես դառնա, ես քո…. Գասպար- Շեֆ, ցավդ տանեմ, Ճնշումդ: Չբարկանաս:
Էդգար- Դեղ ունեմ, տա՞մ։
Գասպար- (Էդգարին, առանձին) Հացիս վայիս չլնես։ Իմ գծով է։ Այսպես հետս հանգստանում է:
Արա- Ժամանակ չկա։ Էդգար, Գասպար, ամեն մեկս մի ուղղությամբ, ու նորից՝ այստեղ (Արան ու Գասպարը գնում են ձախ կողմ, տարբեր ուղղություններով)։
Էդգար- Սրանք պետք է հյու՞ր գան և իմ տանը հյուրի իրավու՞նք ստանան (գնում է դեպի աջ)։

Հասմիկ- (գալիս է ծառի կողմից, մոտենում ծեր կնոջը) Ո՞ւր է Մանեն։ Հարյուր անգամ կանչել է։
Մուրացկան կին- (Հասմիկին) Գնաց, աղջիկս։ Շատ սպասեց։ Աչքը ջուր կտրեց։
Հասմիկ- (նայում է ծառին) Մանե՜։
Մուրացկան կին- (տոպրակը տալիս է Հասմիկին) Սա թողեց ձեզ։
Հասմիկ- (նայում է տոպրակի մեջ) Ի՞նչ գումար է։ Է՜դ, ու՞ր ես, Մուրացկան կին- (շալը գցում է Հասմիկի ուսին) Ասեց, չբաժանվես։

Գասպար- (գալիս է Արայի հետ բեմի խորքից) Չկա, կինն է:
Արա- (Հասմիկին) Բարև ձեզ, տիկին։
Հասմիկ- Էդ, ու՞ր ես (Էդգարը գալիս է բեմի աջ կողմից):
Արա- (Հասմիկին) Ձեր ընտանիքը քաղաքին միայն վտանգ է մատուցում։
Հասմիկ- Ոչ մի վատ բան չենք արել։
Արա- (Էդգարին) Թուղթը: (Էդգարը գրպանից թղթեր է հանում, փնտրում) Ո՞ր երկրից ես, այ տղա (պատահական թուղթ է վերցնում: Հասմիկին)։ Տղայիդ գործն է՝ զենք, ջարդ։ (ուրիշ թուղթ է վերցնում)։ Ամուսնինդ՝ դավադրություն։ Մեծ վտանգ եք, և մե՜ծ վտանգի տակ եք։
Հասմիկ- …ի՞նչ անեմ, ասեք։
Արա-Բանտից բանտ վազեք։ Ինչքա՞ն լացես: Ջահել ես, գեղեցիկ։ Կփորձեմ օգնել: Կգաս…կասեմ:
Հասմիկ- Ոչինչ չեմ հասկանում։ Վտանգը ո՞րտեղից է։ Փրկեք ընտանիքս։ Էդ, ու՞ր ես։ Դողում եմ, ի՞նչ անեմ.. ամեն ինչ կանեմ (տոպրակը գցում է ցած, գոտկատեղից վերև մերկանում, մոտենում ծառին, մեջքով հենվում, ձեռքերը տարածում ճյուղերի ուղղությամբ, անշարժանում)։
Արա- ..թշնամի.. (նայում է Հասմիկին) Ի՜նչ համով ապրանք ես։ Ի՜նչ է լինելու: (շարժվում է առաջ, բայց շալի սահմանը չի կարողանում անցնել։ Նորից է փորձում և նորից նույնը: Գասպարին և Էդգարին) Շտապ շտաբ եմ գնում։ Այնտեղից օբյեկտ։ Հասկացա՞ք։
Գասպար- (Արային) Հասկացա, շեֆ։
Էդգար- (Արային) Եղավ չմտածես։
Արա- Չէ, շատ եմ կարդում։ (Ոչ մեկին)Կդիմանա՞մ (գնում է դեպի ձախ)։

Գասպար- (շարժվում է դեպի Հասմիկը) Եկա, տիկին Հասմիկ: (շալի սահմանը երկու անգամ չի կարողանում անցնել) Էդգար, մենակ կարո՞ղ ես։ Դողում եմ (հեռանում է դեպի ձախ)։
Էդգար- (գետնից վերցնում է հագուստը, մեկնում Հասմիկին) Հագնվիր: Հասմիկ- Էդ, (փաթաթվում է Էդգարին) ու՞ր ես: Կանչում եմ, գժվում։ Կսպանե՞ս ինձ։
Էդգար- Հագնվիր, ասեմ։ (Հասմիկը հագնվում է) Քույր, տուն գնա, ես Էդիկը չեմ։
Հասմիկ- Մի կատակիր։ Մե՜ղք եմ։ Վատ բան չեմ արել։
Էդգար- Ես Էդիկը չեմ։ էդիկի ընտանիքը սրբություն է։ Առանց քեզ ձերոնց վտանգ է սպառնում։
Հասմիկ- Մեր տան վտանգը ե՜ս եմ։
Էդգար- Դա տանը կորոշեք, Էդիկի հետ։ Կորցրել ես քեզ, կողմնորոշումդ։
Հասմիկ- Քո բառերն են, ասա, էլի՜ ասա։
Էդգար- Էդիկինն են։ Շաղ է տվել, որ քեզ գտնեն՝ օգնեն։ Գնամ, որ դրանք չգան։ Տուն գնա (գնում է դեպի բեմի խորքը)։

Ծեր կին- (մոտենում է Հասմիկին) Տուն գնա, աղջիկ՜ս։
Հասմիկ- Տունս դատարկ։ Դուռը կբացվի՞ իմ առաջ, լույսը կվառվի՞ ինձ համար։
Ծեր կին- (շալը և տոպրակը տալիս է Հասմիկին) Տուն գնա աղջիկս: (անձրև է գալիս, և միայն Հասմիկի վրա) Արի էս կողմ, անձրև է գալիս (Հասմիկին քաշում է մի կողմ, բայց անձրևը նորից տեղում է միայն Հասմիկի վրա)։ Ի՜նչ գիշեր է, աստված իմ։ Աղջիկս, քո տունը քեզ է սպասում։
Հասմիկ- Էդ, բարիտուն, Էդ: Արի տու՜ն, Էդ։
Անձևը դադարում է։ Հասմիկը գնում է դեպի ձախ։

Էդուարդի բնակարանը։ Մուտքի դռնից մտնում է Հասմիկը՝ ուսին Մարիամի շալը, ձեռքին տոպրակ։ Միացնում է հայելու մոտի լամպը: Շրթներկով հայելու վրա գրում է «բարիտուն»։ Գնում է, գրկում Հայկի բազկաթոռը։
Էդուարդ- (ներս է մտնում) Ու՞ր ես: Օգնիր ինձ, Մարիա՜մ։ Մենակ եմ, մոլորված։
Հասմիկը նստում է բազկաթոռին, պարկով գլուխը ծածկում, վերցնում փայտը, պարզում։
Էդուարդ- (կարդում է) «Բարիտուն» (պարկը ցնցվում է)։ Ու՞մ ես ասում բարիտուն։ Աթոռների՞ն: Տունդ կհավաքեմ, նոր (նկատում է Հասմիկին) կասես բարիտուն։ Բա ես ու՞մ ասեմ բարիտուն, բա ինձ ո՞վ ասի՝ արի տուն (մոտենում է Հասմիկին, ձեռքից վերցնում փայտը)։
ռադիոյի Հաղորդավարի ձայնը- Հարգելի ռադիոլսողներ, մեր ունկնդիր Անին գրում է (լսվում է Անիի ձայնը) «Ինն ամիս առաջ իմ ընկեր Էդիկը խնդրեց վերստեղծել մեր մոռացված երգը։ Քանի՜ գիշեր չեմ քնել ընկերոջս հաճույք պատճառելու համար։ Եվ այն ծնվեց։ Աչքդ լույս լինի, Էդիկ, մեր երգը ծնվեց։ Հաճույքից ստեղծվածը առողջ և բարի է լինում։ Մեր ստեղծածը պետք է պատկանի բոլորին, բարություն արարի։ Բոլորիդ ողջույն իմ ընտանիքի և Նաղաշի կողմից»։ (հաղորդավարի ձայնը)- Հուսանք, որ քաղաքը կպատվի այս երգին հարիր մթնոլորտով։ Լսենք։
Լսվում է երաժշտություն։ Էդուարդը գնում էպատուհանի մոտ։
Հասմիկ- (ազատվում է պարկից: Էդուարդին) Ես գնամ, մեղք ես (գնում է դեպի ելքի դուռը)։
Էդուարդի ձայն- (բոլոր կողմերից) Արի տուն, Հասմիկ (Էդուարդը թեքվում է, նայում շուրջը)։
Հասմիկը չոքում է, լալիս։ Էդուարդը փայտը շպրտում է, մոտենում Հասմիկին, չոքում, ձեռքը երկարում։ Մուտքի դռնից ներս են մտնում Հայկը և Լիլիթը։ Նրանք ծնկում են ծնողների կողքին, ձեռքերը խաչում նրանց ձեռքերի հետ: Նրանց արանքում լույս է վառվում։
Լիլիթ- Սա ի՞նչ է… Թոնի՜ր… երրորդ հարկում… Հիմա լավաշ կունենանք, տաք տաք (Հասմիկի ուսի շալը կապում է գլխին, որպես գլխակապ, թոնրից լավաշ հանում)։
Հայկ- Ինչ լավ է, սովա՜ծ եմ։ Քույր, վրադ շնո՜րհք է իջել։
Լիլիթը լավաշը տալիս է Հասմիկին, ժպտում Հայկին։ Հասմիկը լավաշը ձեռքով կտրտում է, բաժանում Էդուարդին, երեխաներին, և վերջին կտորը վերցնում իրեն։ Լիլիթը և Հասմիկն իրենց բաժնից մի մի կտոր տալիս են Հայկին, սա չի հրաժարվում։
Հասմիկ- (Լիլիթին) Քույր, կհասցնե՞նք Նաղաշենց գալու օրը լավաշ թխել, երեսուն հոգու համար։
Լիլիթ- Որոշել ենք այդ օրը ողջ քաղաքին լավաշ բաժանել, որ բոլորը նպատակ պահեն։
Երաժշտությունը շարունակվում է։
վերջ
Լիխոսլավլ 2006
Создано 11.05.19 19:36
© Все права защищены
94
Безымянный 14:22 23.11.24
գիրքը կա???