Литературный портал

Автор поста

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(4)

Քաղվածք Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից

Քաղվածք երրորդ
1
«Փիրուզիս հետ ամեն օր ձրի հաց էինք ուտում ու շա՜տ լավ էր: Էթիկան ու էսթետիկան էին խանգարում, մեկ էլ՝ իր խստությունը, բայց էլի ոչինչ: Իմ պատճառով էդ ճաշարանը դարձավ լավ տղերքի ու կարևոր դեմքերի հավաքվելու տեղ: իմ անունով ճաշ կար ու իմ սիրած ուտելիքների ցուցակ: Ասում էին՝ ի՞նչ կուզեք, տղերքը թե՝ Նազար ախպոր ճաշակով: Շատերը գալիս էին հետս անձնական հանդիպման Փիրուզիս հսկողությամբ ու մտքերիս փիրուզյան թարգմանությամբ: Մեկ մեկ, ճիշտն ասած մտքերս այլանդակում էր: Վախվորած համբերում էի, լռում: Դիետոլոգները, դիետային կպած հիմարիկ աղջիկների մշտահոգ մայրերը, գնդլիկ կնանիք, վերականգնողական հիվանդանոցների տնօրենները խնդրում են գոնե մեկ օրով իրենց այցելել: Ասում են, թե նախագահն ինչ որ բանից վախեցել էր ու մի տարի զկրտում էր, ու միայն իմ ելույթի տեսագրությունն է կտրել զկրտոցը: Խոսք կար, որ ինձ տանեն առողջապահության նախարարի առաջին և հիմնական խորհրդական: Ինչ որ մբագրությունից խնդրեցին մսամթերքի արկածների իմ հեքիաթը տպել տալ: Փիրուզս տպեց, ու մի վայրկյանում թռավ: Մի քիչ այլանդակեց, մրթմրթացի, լռեցրեց, թե՝ «Ձեր էթիկան մուկը կրծել է, ու ես այն կարկատել եմ իմ ձևով»: Կանանց հետ կամ վիճելն է անիմաստ, կամ էլ՝ ապացուցելը: Իրենք փաստարկում են պաչով, նեղանալով կամ՝ փետով ու հաղթում: Բայց Փիրուզս չէր թողնում, որ ով ուզի, երբ ուզի՝ գա հարցազրույցի: Ու եթե թողնում էր, ապա իր ներկայությամբ և հսկողությամբ: Ինձ ասում էր,- «Դուք ասեք երևի, այնուամենայնիվ, այսուհանդերձ, թերևս ու՝ մնացածն ինձ թողեք»: Մի անգամ նոր բառ սովորեցի, ասեցի՝ «Ենթադարբար դիվերիսֆիկացիայի կենթարկեմ այդ միտքը»: Զարմացավ, ժպտաց: Ասում էի ու գլխով անում իր կողմը: Ինքը թե՝ պարոն Նազարն ուզում է ասել, ու շարում էր: Մի անգամ էլ մի գեղեցկուհու երկար հարցին, որը չէի էլ լսել, պատասխանեցի, «Ա՜յ, էդ մեկին համաձայն եմ»: Կողքից ինչ որ ձայներ, ծափեր, ինքը սևացավ, ժպտաց: Ուզում էի փախնել, ձեռս բռնեց, կատակեց:
Մի անգամ էլ պոեզիայից խոսք ընկավ, ու ես հանրամատչելի բացատրեցի կնոջ ամեն ինչի համար իմ ինտիմ պոեզայի օգուտը: Բոլորն աշխուժացան, ինքը շփոթվեց, ասեց, որ դա մեր գաղտնիքն է: Իսկ իրիկունը տանը հինգ ժամ կատաղեց: Երանի՜ ասած չլինեի: Որ կատաղում էր, Ուստիանիս էի երանի տալիս ու ծակ ման գալիս: Ինքն էլ ամոթանք էր տալիս, ստիպում փաստարկել: Փետը ձեռին թթված դեմքով, ռազմիկի դիրքով կնոջն ի՜նչ փաստարկես, երբ ցավացնող փաստարկը քթիդ դեմ տանում բերում է
Թերթերն իմ խոսքերը դարձնում էին իմաստուն մտքեր, իմ մտքերը դարձնում փրկիչ գաղափարներ: Մեկ մեկ Փիրուզս մեջ էր մտնում, իբր թե իր մտքերն են, բայց ես չէի վիճում: Հարուստը փշրանքերին ուշ չի դարձնում: Մեկ էլ իմացա, որ գիրք եմ գրել Փիրուզիս ղեկավարությամբ: Վրան գրած էր՝ հեղինակ՝ Քաջ Նազար Անբանյան: Հետո էլ հայտնվեցին խմիչքներ իմ անունով, օծանելիք, խաղալիք ու էլ չգիտեմ ինչ: Փիրուզս ճոխ էր հագնվում, մեքենայի գներով էր հետաքրքրվում: Ես էլ որ կարդացի, իմ մասին շատ բաներ իմացա՝ թե ինչու եմ աղքատ, խեղճ, ինչպես գիտակցեցի իմ իրավունքները, ուժը, հայրենիքիս թշվառությունը: Այնպես էր ստացվում, որ Սկեն ու Հմոն ինձ ճնշել են, շահագործել, ու այդ չարքաշ օրերին է իմ մեջ ձևավորվել պայքարի ոգին: Փաստորեն եղել է, իսկ ես էլ միշտ գլխիս էի տալիս, թե ինչու՞ եմ աղքատ: Ու դրանց՝ կյանքի էդ տզրուկներին ատեցի ոչ թե ենթադրաբար, այլ՛ իմաստավորված, որ դրանց կանանց էլ համոզեմ: Իմացա նաև, թե Սեդրակը, Սաք ապերն ու Արտաշն ինձ ոնց են կյանքի գնով փրկել ու շա՜տ հարգեցի: Դրանից հետո ճաշարանում գրպաններս բան ման էլ լցնում, տղերքին տանում, եթե Փիրուզս հետը կուսակցական նիստերի էր տանում: Եթե չէր տանում, ես էի ուտում, օրս ու փորս լցնում ու երգում՝ բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:

2
Բայց որ ասում էին՝ ի՜նչ հիանալի զույգ եք, ձեն չէր հանում: Էդպես էլ շփումնային սերս չհարգեց անխիղճը: Թևս մտած ժպտալով տուն էր մտնում, ու տանն արդեն խրտնում էր՝ ոնց որ հոգեկան հիվանդից: Ասում էր, որ մեր փոխադարձ խորին համակրանքը կարող է սիրո վերաճել որոշակի պայմանների դեպքում, դա էլ խիստ անձնական է: Երբ հարցնում են, թե՝ ձեզ բռնացրել են համբուրվելիս, ժպտում էր՝ «դե, էդքանով էլ բավարարվեք, մենք էլ մնանք մեր բարոյականության շրջանակում»: Ու ինձ նշան էր անում, հետը թույլ համբուրվում էի, կամ էլ՝ ձեռը, ոնց որ ինքն էր որոշում: Ես պետք է խիստ դեմքով նստեի: Եթե հավանում էր իմ պահվածքը, իրիկունը մի լավ բան էր ասում, եթե շատ էր հավանում՝ պոեզիա էինք անում:
Ինձ գովում էր, ասում՝ «Գոնե լավ վարժեցվում եք, դա էլ է ինչ որ արժեք»: Հաճելի՜ է, երբ սիրած կինդ քեզ գովում է: Բայց որ տուն էինք մտնում, պետք է ձեն չհանեի: Էլ ո՜չ ժպիտ, ոչ խոսալ, ոչ՝ նայել: Էնքա՜ն էի դեմը ֆռֆռում, տետրը ձեռիս, որ հիշեր ու հարցներ՝ «հը, ի՞նչ է Ձեր մտքինը»: Տետրս փռում էի գետնին, դիրքս ընդունում՝ «պատրաստ եմ, տիրուհիս», կանչում: Մի որևէ փափուկ շոր էր դնում մեջքիս, նստում, հոգոց հանում, ու ես պետք է սպասեի, մինչև տրամադրվեր, «սկսեք» ասեր: Կարդալուս հետ էլ երգ էր մտմտում: Վերջում էլ գլուխս շոյում էր, ականջս քաշում, ու՝ «Ինձ մենակ թողեք որոշ ժամանակով, ներվերս բուժեմ»,- ասում: Գնում էի իմ սենյակ ու ականջ դնում, թե ոնց է լուռ լալիս: Էդ հանելուկը չէի՜ հասկանաում: Ախր հե՜նց նոր հրճվում էինք լրի՜վ փոխըմբռնումով, արվեստի գրկում փոխադարձ հաճույք վայելելով: Վախենում էի, թե բան հարցնեմ: Թե սիրուցս է՜ր, թե՝ հիվանդ էր, թե՝ նեղացրել էին:

Երբեմն էլ տանը Փիրուզս ինձ ստիպում էր կանգնել աթոռին և ելույթ ունենալ: Ուղղում էր, ստիպում կրկնել, ձեռքերի արտահայտիչ շարժում անել, տպավորիչ լռել: Շա՜տ խիստ էր, այսինքն՝ կոպիտ: Այսինքն՝ հավաքներին խոսել էր սովորեցնում: Երբեմն էլ տանում էր հավաքների: Լսում էինք, տանը քննարկում, ու ստիպում էր նուն բանն իր ձևով ասել: Երբեմն վիրավորում էր, բայց դե որ կինը թարս օրերին չի թարսվում: Մեկ մեկ էլ թողնում էր, որ հավաքներին կարճ խոսեմ, որ անունս չկորի: Հիշում էին, ծափահարում, ինքն էլ միշտ զարմանում էր ու զայրանում: Բայց միշտ կողքիս էր կանգնում, հովանոցի սուր ծերով ոտիս սեղմում էր, այսինքն՝ հո՜պ, ապեր, շեղվեցիր, անգիրին անցիր: Շա՜տ հաջող ստացվեց «Անիմաստ» հրապարակի ելույթս: Թերթերում էլ գրեցին, մեծ նկարս էլ տպեցին: Տեսնես Աղունիկս ու Արուսյակս Ուստիանիս հետ տեսե՞լ են, քննարկե՞լ են առանցքային պահերը: Շա՜տ կուզենայի: Փիրուզս խստիվ արգելել էր ելույթի մեջ հիշել Սկեին, Արուսյակին, Աղունիկին, իսկ Ուստիանիս հիստերիկ գոռոցով ջնջել էր ուղեղիցս: Ասում էր՝ միայն հիմարը գեղեցկուհի ընկերուհու կողքին կանգնած կնոջը կգովի ժողովրդի առաջ:
Մի անգամ պաշտպանվեցի,- Ուստիանիս հետ վիճել ենք էլ, փետով էլ էլի ծեծ եմ կերել, բայց երբ մոտեցել եմ, չի խրտնել: Իսկ երբ քեզ եմ մոտենում բնության հրահանգով, որ հետդ խաղամ, քո հրահանգն ես դեմ տալիս՝ իմ մոտ էդ խաղերը չեն անցնում: Բա՜ն չեմ հասկանում
Էդ անգամ փափկեց, մոտը կանչեց, Աղունիկիս նման գլուխս գոգին հենեց, մազերս խառնեց, թողեց, որ ձեռներն ու շորի վրայից ոտները պաչպչեմ: -Կանացի հոգին հանելուկ է,- ասեց,- դուք էլ տղամարդ եք, հասկացեք ինձ,- շշնջաց: Ես իրեն չէի լսում, չփչփացնում էի աջ ու ձախ, որ իրեն էլի տրամադրեմ: Պա՜չ- մա՜չ, չը՜պ- մը՜պ:
Մեկ էլ խրտնեց: - Ա՜խ, գնացեք, լավ չեմ: Պոեզիա գրեք, որ հոգիս ցնցվի:
Ես էլ գնացի սենյակումս տանջվեցի, չհասկանալով, թե էլ ո՞նց ցնցեմ էդ չգիտեմ ինչից ցնցվածին:

3
Ուրեմն մի օր գնացինք հրապարակի հավաքին մասնակցելու: Արտաշեսն արդեն խոսում էր ու ոնց որ միշտ՝ փողկապը վզին կատաղություն ու թուք էր ժայթքում: Արտաշեսը խոսեց, թվեր բերեց, անկում ասեց, խայտառակ ասեց, պայքար ասեց, ու մեկ էլ,- «Իսկ հիմա ասելու բան ունի պայքարի նոր ուղիներ և ձևեր որոնող հայտնի հերոս Քաջ Նազարը»:
Բոլորը ծափահարեցին: Փիրուզս էլ կողքիս կանգնեց, ծափահարեց,- «Անգիրը կասեք, հավասար կշնչեք»,- ասեց:
Մեկ էլ լսվեց Կարապետի ձենը,- Դե, լսում ենք: Սիրուհիդ ո՞նց է, Ուստիանդ ո՞նց է: Գիտի՞, որ սիրուհի ունես: Դեռ դրսու՞մ է լողանում: Տկլոր նկարը քո՞ մոտ է, թե՞ հարևան Սահակի: Փիրուզս ախ կանչեց,- «Ի՞նչ ես ուզում ինձանից, անշնորհք»- շշնջաց, ու ինձ նայեց լացող աչքերով,- Գնացեք, փրկեք ինձ: Աղաչու՜մ եմ: Կատաղեցի ու որոշեցի էդ մեծաբերանին հակահարված տալ, Փիրուզիս փրկել, համ էլ՝ Ուստիանիս կարոտել էի:
-Ժողովուրդ,- ասեցի,- Ուստի… ,- Փիրուզս ոտս սեղմեց ու հիշեցի, որ չի կարելի Ուստիան ասել, ու լացս եկավ: Բա ես տղամարդ լինեմ ու Ուստիանիս սիրուն մարմինը գովազդելու իրավունք չունենա՞մ: Բա չասե՞մ, որ Ուստիանս ստիպված է տկլորանում, լողանում, Սկեի համար տոլմա փաթաթում: Ինքն ըտենց կնիկ չի: Պատիվս բարձր է պահում, տոլման էլ համո՜վ է ստացվում: Ինքն էդքան էլ մեղավոր չի: Չնայած՝ նեղացա՜ծ էի խիստ: Նո՜ր նոր հասատատվել եմ, դզվել, հա՜ փող կուզի, կարծես թե բանկի կառավարիչ եմ: Գրեցի՝ «Ախչի ջա՜ն, էդքան ագահ մի եղիր: Քո էդ ագահության պատճառով բնավեր եղա: Էդպես որ գնա, հայրենիքից էլ կփախչեմ քո պատճառով»: Երևի խոսք էին հասցրել, որ լա՜վ եմ հագնվում, ռեստորաններում եմ հաց ուտու՜մ: Հետո ի՞նչ, ամեն ինչին չափ կա, չէ՞: Իր Գագի տված փողն ուղարկեցի, թե՝ «Համբերիր, լավ կլինի, բավարարվիր, էլի: էդքան տարի ո՜նց էինք հաշտ համերաշխ ապրում: Ընկար վատ հարևաններիդ խելքին, անհաշտության ուղին բռնեցիր, իմ նման տղուն ստիպեցիր դրսերում բախտ փնտրել: Դեռ լա՜վ է, որ բախտն էլ ինձ էր փնտրում, ու իրար գտանք: Դե, կերեք ձեր չարության պտուղը»: Բայց Փիրուզիս մասին չգրեցի: Վեր կկենար, կգար: Դեռ սիրու՜մ է գժի պես;

Հա՜, հավաքին Կարապետն արդեն սուլում էր ընկերների հետ, որ ելույթս ձախողվի: -Դե, խոսեք,- Փիրուզս շշնջաց լացելով:
- Ժողովու՜րդ, Ուստի …. ,–Փիրուզս նորից ոտս սեղմեց, Կարապետը ծիծաղեց: - Վա՜խ, ժողովու՜րդ: Ուստի…,- էլի սեղմեց ու ես լացեցի չդիմացա, ու աչքերս սրբեցի: Մեկ էլ տեսնեմ՝ մի հարյուր հոգի էլի լուռ լացում են: Մեկ էլ մի հաճելի բլուզով տիկին երգեց,- «Ժողովուրդ, ուստի կուգա՜ս: /Ախր մտածի՜ր, թե ում քվե կուտա՜ս» ու գնա՜ց երգը: Նրան միացան թիթիզ շարֆով մի տղամարդ ու Արտաշը:
Սաք ապերս էլ ձեռքը դրեց կրծքին ու սիրուն ծնկի իջավ, ու նրա հետ շատերը, ու՝ գնա՜ց երգը: Ի միջի այլոց, լա՜վ երգ է, եթե կարողանաս հուզված լսել ու կնոջդ իր կատաղած պահին հիշել: Վերջում ծափե՜ր, շնորհավորանքնե՜ր, հիացմունքնե՜ր:
Ես արցունքներս սրբելու ձև արեցի ու ասեցի,- Քանի դուք կաք, ոգին անմեռ է՜, կմնա՜:
Փիրուզս շշմել էր, կատաղել, բա՜ն չէր հասկանում: Շշնջոցով տեղում քննում էր,- Ո՞վ է Ձեր պահապան հրեշտակն ինձանից բացի: Ո՞վ էր այդ տիկինը: Ապուշի պես այս ապուշին խանդում եմ:
Տանն էլ շարունակեց հարցերն էլ փետի ահո՜վ, էլ ժպիտո՜վ, էլ շոյելով, էլ պոեզիայի ներքո ու վրաս նստած:
Հանգստացավ ու ժպտաց, հենց երդվեցի, որ այդ երգող տիկնոջը չեմ ճանաչում: Լա՜վ սեղան բացեց, հետս էլ մի բաժակ խմեց՝ նշեցինք: Նույնիսկ պոեզիաս չմերժեց, մեջքիս ռիթմիկ շարժվեց, գլուխս էլ շոյեց պոեզայիս լարված պահին, ու ժպտաց,- «Անբուժելի հիմար, եթե կինը տղամարդուն չի մերժում, ուրեմն՝ սիրում է: Մոտեցեք ոտքերիս, բայց չափը չանցնեք»:
Թողեց գլուխս դնեմ գոգին, ու էդ տարածքը տրամադրեց պաչպչոցիս, այսինքն՝ չընդհատեց: Ես էլ հենց չփչփացնում էի, որ սերս ընգծեմ,- «Հերի՜ք է, կզրկեմ»,- ասում էր,- «Ձեզ հանգիստ պահեք: Պարզապես գլուխը հենեք: Համբուրելն էլ….ախ, հիմա՜ր աղջիկ»: Բայց էդ անգամ լա՜վ երկար թողեց, մի քանի անգամ էլ հոգոցով գլուխս շոյեց, երբ մի քիչ սահմանն անցա: Փորձեցի հասնել կրծքերի սահմանին՝ ոչ ասեց: Էլի լավ էր, թեկուզ՝ շորերի վրայից: Էս գրաֆիկով շուտով առաջ կգնամ, վերև կբարձրանամ, կհասնեմ չքնաղ շուրթերին: Բախտդ սիրե՜մ, Քա՜ջ Նազար:

4
Բայց մի օր գրաֆիկից առաջ ընկա, ու մինչև հիմա գլուխ չեմ հանում, թե ոնց եղավ ու ինչու՞ ընդհատում եղավ: Թե՞ Փիրուզս չդիմացավ ու չկարաց սերը զսպեր, թե՞ որոշեց ու վախեցավ: Իմ օգուտն էլ էն մնաց, որ սիրունիս վերնամասի որոշ հատվածներ լա՜վ պաչպչեցի վերջապես:
Ուրեմն՝ շտապ իջավ խանութ, մոռացավ դուռը դրսից վրաս փակեր: Դուռը միշտ փակում էր, քանի որ ինձ տեսնելու համար աղջիկները հերթապահում էին պատուհանի տակ ու միջանցքում: Միջանցքի պատերին սեր էին գրում, հեռախոսի համար թողնում:
Հենց էդ ժամանակ բուսակեր Ռուզանն եկավ, թե՝ «Հազի՜վ գտա Ձեր հասցեն: Չեմ մոռացել պոեզիայի Ձեր խոստումը: Նվիրեք ձեր գիրքը, խնդրու՜մ եմ»:
Էնքա՜ն բաց էր հագնվել, որ չգիտեի՝ ոնց նայեի, որ չասեր՝ «Ի՞նչ եք պլշվել»: Ժպտալիս աչքերն էին կանչում, շարժումից՝ մարմինը:
Իրոք ուրախացա,- «Վա՜յ, ի՜նչ լավ բան ես արել: Մինչև չլսես ու կարծիքդ չասես, չեմ տա: Տաս քսան րոպե ժամանակ ունենք: Պատրաստվիր սլանալու»: Իջա դիմացը, դիրքս ընդունեցի: Ինքը վայ արեց, կողքի թռավ ու էդ պահին Փիրուզս մտավ, - Վա՜յ, դուռը բաց եմ թողել: Դուք ինչու՞ եք էլի հիմարացել, այդ հիմար դիրքն ընդունել: Ես ո՜չ ցանկություն, ո՜չ էլ ժամանակ ունեմ Ձեր հիմար պոեզիան լսելու:
Բայց հենց տեսավ Ռուզանին, սևացավ: Մտնում էի սեղանի տակ, շտապ եկավ օձիքիցս բռնեց, «կնամոլ» կանչեց, «գեղեցիկ կին եք տեսնում, Ձեզ կորցնում եք», ասեց, «խանդում եմ» ասեց: Ռուզանին ասում է, – Ի՜նչ լավ ես արել, որ եկել ես: Բայց լավ չի, որ հիվանդ վիճակով տեղը լքել է: Ախր ինքը թա՜նկ է ինձ համար:
Ռուզանը նայում է ինձ,- Բայց ինքը հիվանդի իսկի՜ նման չի: Փիրուզս ինձ էնպես նայեց, որ իրոք տաքությունս բարձրացավ, շունչս կտրվեց,- Գիտե՞ք՝ ինչ կա: Ես եմ այստեղ որոշում, թե ինքը հիվա՞նդ է, թե՞ առողջ: Ինքն իմ մոտ ընկերն է, ես իր համար ցավող կին, դուք՝ պատահական հյուր: Հիմա կգնաք ու տարիներով չեք գա, իսկ տանջանքն ինձ կմնա: Սերը դա պարտավորությւոն է, ոչ թե՝ րոպեական հաճույք:
Ես Փիրուզիս ասեցի,- Սիրունս, մենք իմ սենյակում Ռուզանի հետ զբաղվենք պոեզիայով, րոպեական հաճույքով բավարարվենք, որ քեզ չխանգարենք, ըստ սիրո օրենքի: Փիրուզիս երեսը վառվում էր, դժվար էր շնչում:
Նստեց բազմոցին, -Մոտ արի, լավ չե՜մ: Սիրտս ստուգիր,- ձեռս տարավ իր կրծքամսին, շշնջաց,- համբուրիր: Վախենալով համբուրեցի, արձագանքեց: Սիրտս հասել էր կոկորդիս ու էնպե՜ս էր թփրտում, վախենում էի, թե բերանս բացեմ: Մեկ էլ լացեց, «բուժեք, անսիրտ», ասեց: Ես էլ կպա, որ տղամարդու պատիվս Ռուզանի մոտ չգցեմ: Համ էլ՝ շուտվանից մտքիս կար: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:
Վրա ընկա ինքնամոռաց, պաչ- մա՜չ, չըփ- մը՜փ՝ սիրունիս շրթով, դնչով, կրծքամսով, թևով, շորով: Մի պահ աչքերս փակեցի, որ մռութ անելը չտեսնեմ, էնքան վախենում էի էդ մռութից: Քիչ անց հանկարծ չորություն զգացի: Աչքերս բացեմ, տեսնեմ, բազմոցն եմ պաչպչում:
Ինքն էլ հոգոց հանեց, «հիմա՜ր աղջիկ» կանչեց: Վերադարձա գործողության հիմնական դաշտ, ժպտացի,- «Համբույրի նոր կետեր և տակտիկական հնարք էի փորձում, որ անսխալ կիրառեմ»: Փիրուզս էլի հոգոց հանեց, դողաց, -«Ապու՜շ, ապու՜շ աղջիկ»,- շշնջաց: Ռուզանը նորից չլսելու տվեց: Էլի գժվեցի, մոտեցա սիրունիս, որ պաչպչոցս վերսկսեմ:
Փիրուզս մռութ արեց, երևի Ռուզանի պատճաով, ինձ հեռացրեց, հոգոց հանեց ու բարձր շշնջաց,- Ասա, որ քո պոեզիան միայն ի՜մն է:
-Քոնը, միայն քոնը, սիրելի՜ս,- ասում էի ու հարձակվում, քանի չի փոշմանել: Բայց ձեռքերով զսպում էր, հեռացնում: -Ասա, որ ոչ մեկին չես կարդալու: Կորչեն բոլորը: Որ միայն ես եմ վայելելու,- ու մռութոտ երեսով ու ուժեղ ձեռներով զսպում էր հարձակողական ջանքերս:
Ես արդեն գոռում էի,- Կորչեն բոլորը, միայն դու ես վայելելու: Դե, թող քեզ բուժեմ: Փիրուզս էլի ինձ հետ վանեց, ու,- Մի րոպե, սիրելիս: Ախր հյուր ունենք:
Ռուզանը ներեցեք ասեց ու գնաց: Էլ խանգարող չկար ու գրկեցի իմ չքնաղին,- էս էղած չեղածն իմ՜ն է,- երգեցի:
Փիրուզս ուզեց վեր կենալ, բայց թողողն ո՜վ էր՝ պաչ- մա՜չ, չըփ- մը՜փ: Իրեն դես զարկեց, դեն զարկեց, հրեց մրեց՝ բան դուրս չեկա՜վ:
Մեկ էլ թուլացավ, շշնջաց,- Դուռը փակեմ, պահն ափսոս է: Գոռացի, մի երկու հատ էլ գրկեցի ու պաչպչեցի, բայց թողեցի: Գնաց փակեց ու մտավ բաղնիք ու լողանում էր ու բերանն էր ողողում:
-Գա՞մ, սիրելիս, միասին լողանանաք,- կանչեցի ու արագ հանվեցի:
-Չհամարձակվեք,- գոռաց: Կատաղած էր շատ, երևի Ռուզանի պատճառով:
Արագ հագնվեցի: Բաղնիքից դուրս եկավ սևացած, ու ես ու մշակածս պլանները սսկվեցինք: - Ինչու՞ էիք կանչել,- հարցնում է- էլի հանդիպե՞լ եք առանց իմ գիտության: Ի՞նչ իրավունքով:
- Բայց ախր մեր էն սիրային ակտը կիսատ մնաց, վերջացնենք ախր,- կմկմացի, որ հիշի:
-Խանդը սպանում է,- ասեց,- հիմա կմեռնեմ: Չմոտենաք, դավաճան,- լացեց:
Ես էլ լացեցի,- Բա ես ի՞նչ ասեմ: Ինչքան ժամանակ է, միասին ենք: Հազիվ պաչպչվեցինք: Պոեզիան էլ համարյա վերացել է որպես շփման գեղագիտական ձև: Բա ո՞նց սերս արտահայտեմ, հը՞: Դու աչքիս էլ ինձ չես սիրում:
Նստեց բազմոցին ու լացեց,- Չե՜մ կարող Ձեզ կորցնել, հասկանու՞մ եք: Մե՜ղք եմ, մենա՜կ եմ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե ես բերեմ հասցնեմ այս վիճակին ու ամեն պատահական պոռնիկ օգտվի արդյունքից:
-Բա՜ն չհասկացա,- ասում եմ, ու կողքին նստում:
Ինքը խրտնած հեռու է քաշվում,- բայց ի՞նչ է եղել մեր վիճակին: Էնքան էլ վատ չենք ոնց որ:
Սիրունս, մո՜տ արի: Դա հետո՜:
Ընկավ հիստերիայի մեջ, լացում էր, գոռում,- Ամեն ինչ թողնեմ, Կարոյիս կորցնեմ, Ձեզ նվիրվեմ, ու սա՞ է շնորհակալությունը: Ձեռքս պարզեցի, որ գոնե գուրգուրեմ, -Հեռու, չկպչեք,- գոռաց; -Բա ու՞մ կպչեմ,- հարցնում եմ,- Չես ուզում, էլի համաձայն եմ: Ուրեմն Ռուզանին մի խանդիր, որ մեկ մեկ գա, հետը պոեզիայից զրուցեմ, ախր: Կթողնես, չէ՞, սիրունս:
Ցնցվեց ու չգիտեմ ում հետ էր խոսում, - Հիմա՜ր աղջիկ, սա՞ էիր ուզում: Չգիտեի՞ր, որ սա լինելու է,- ձեռքը մեկնեց,- Անխի՜ղճ, ինչ պիտի անեք, ապացուցե՜ք ձեր հավատարմությունը: Եկեք ոտքերիս մոտ, կարոտե՜լ եմ: Չոքեցի դիմացը, գլուխս դրեցի գոգին, անցա իմ գործին շորի վրայից, մեկ մեկ էլ տակից: Չխրտնեց, հրաշք ձեռներով մազերս խառնեց,- «Ի՜մ տղամարդ»,- ասեց: Մարմնովս սարսուռ անցավ:
Վերջապե՜ս խոստովանեց, որ սիրում է: էդպես էլ բա՜ն չհասկացա, ինչու՞ կանչեց, ախորժակ բացեց, ինչու՞ փոշմանեց, փակեց, էլի հին տաշտակը դեմ տվեց: Ապրում էինք էլի՜, համբերատար զուսպ սիրով:

5
Էդպես կռվում, հաշտվում ու կամաց կամաց տուն էինք դառնում: Միասին հավաքների էինք գնում, որ սովորեմ իր ուզածով խոսել, ու պահեմ կերպարիս հնչեղությունը, որ ինձ սիրի: Հավաքներին առանձին հետևում էինք ու քննարկում: Փիրուզս ասում էր,- Լսեք, թե ոնց են սկսում, թեման բացում ու աստիճանաբար սրում, նյութը սրսկում: Ոչ թե նույն հեքիաթը պատմում: Կարճ՝ ճգնաժամի ու չարաշահումների մասին: Եթե հավանեմ, կպարգևատրեմ:
Էդ օրը զգում եմ, որ կարևոր է, ու՝ լկստվեցի,- Դե պաչ արա, որ տրամադրվեմ: Ուրիշների մոտ ես պաչում էի, ինքը՝ չէ:
Մռութ արած մոտ եկավ, մեկ էլ հրեց,- Ա՜խ, էլի եկել է: Դիմացեք, մնաց՝ երեկոյան:
Նայեմ, տեսնեմ Կարոն է եկել: Արդեն սկսել էր ինձ կատաղած նայել:
Փիրուզս հուզվեց,- Մի դողացեք, քաջ: Շա՜տ շատ՝ շան ծեծ տա: Ինձ նման կնոջ հարց է: Խարիզմատիկ գիժ է:
Մեկ էլ լսեցի,- Հիմա մեր ցավերից կխոսի ցավերի ամոքիչ Քաջ նազարը:
Ծափեր լսվեցին: Փիրուզիս հետ բարձրացա բեմ, որ ասեմ Փիրուզիս անգիրը:
Կարոն ասեց, - Չե՜մ հավատում, որ քաջ եք: Հեքիաթ է: Գոնե մի դեպք պատմեք, համոզեք:
Ծափ տվեցին, խնդրու՜մ ենք՝ ասեցին:
Փիրուզս շշնջաց, - Չի կարելի: Ասեք՝ գլուխ գովել չեմ սիրում: Ինչ եղել է, անցե՜լ է, ասեք:
Բայց դիտմամբ պատմեցի, որ ապացուցեմ: Բոլորը բերանները բացել էին, ես էլ մի քիչ ճոխացրեցի՝ ոնց եմ ձեռով արջ բռնել, կապկպել, մենակովս տաս ավազակ փախցրել…
Փիրուզս ինձ շշնջաց,- Դուք անբուժելի ապուշ եք: Տուն չգաք: Դուռը չեմ բացելու:
Լացս եկավ, բա ես մնամ անտե՞ր: Ուզում էի չոքել, ներում խնդրել:
Էդ պահին Կարոն հարցրեց հեգնելով,- Որ էդքա՜ն քաջ ես, Սարի Սմբոյին գիտե՞ս:
Տակ չմնացի, ասեցի,- Ծանոթ էլ ե՜մ, ծամել էլ ե՜մ, թքել ել ե՜մ: Իսկ դու գոնե տեսե՞լ ես, ջահել:
-Ապու՜շ, –շշնջաց Փիրուզս, բայց Կարոն չլսելու տվեց:
Հանկարծ Սաք ապերը կծկվեց դարձավ մի բուռ,- Քաջ, էսքա՜ն էլ քաջ:
Չհասկացա ոնց, տարածքը դատարկվեց, մնացինք երեքով: Մեկ էլ փոթորիկ բարձրացավ, մեզ հավաքեց ու տարավ իջեցրեց մի մեծ այգում:

 Փիրուզս նայեց շուրջը,- Ի՜նչ ռոմանտիկ տեղ է: Ո՜նց կշրջեի այստեղ: Սիրտս թռչե՜լ է ուզում: Առանց ապուշների ու քծնողների:
Փիրուզին կպա,- Քաղցր, իջնե՞մ, հաճույքիդ ծառայեմ բնության գրկում,- ուզում էի պոեզիայի դիրքս ւննդունել, խրտնեց՝ «ապուշ» ասեց, հեռու փախավ:
Ձայներ լսեցինք, նայեցինք, տեսանք երեք հաստավիզ մեր կողմ են գալիս»:

Նազարը հյուընկալվում է Սարի Սմբոյին

1
Սաք ապերը դողաց,- Նազար ախպեր, երկուսով էլ քաջ ենք, բայց արի խելացիորեն արանքը ճղենք: Թե չէ՝ հաստատ կթքենք:
Նազարը շշնջում է, որ Փիրուզան չլսի,- Բա սիրունիս թողնենք, փախնե՞նք: Ամոթ չի՞:
Սարգիսը խոսում է, չնկատելով իր թիկունքում կանգնած Փիրուզային,- Կնանիքն ի՜նչ: Մենք ենք նրանց համար կռվում, վերանում: Դրանց ասա՝ ձեզ մնա, բարի վայելում ու՝ փախանք: Էս Սմբո՞ն է: Նազար ախպեր, դու մեծամասշաբ ու արնախառն թքեցի՜ր, ես՝ չգիտեմ:
Փիրուզան մռայլվում է,- Սաք ապեր, փաստորեն դու էլ ես փալաս: Երկու թքող քաջով էլ հետ կանգնեք ու ձեզ համար թքեք:
Նազարի ոտքերը թուլանում ես: Հենարան գտնելու հույսով գնում է դեպի Փիրուզան, սա իրեն ետ է հրում:
Նազարը հենվում է իրեն հենված Սարգսին,- Տեսա՞ր, Փիրուզս, որ ես փա՜ռք եմ ու՝ Ճիշտ ընտրություն: Էդ էկողի խաչը հինգ կիլանոց է, նրանցը՝ երկու: Հինգը շեֆն է: Դու քո ոճով իմ հուզիչ մտքերից ասա, ես գնամ, հեռվից թափով գամ,- ու Սարգսին աչքով է անում:
Փիրուզան նկատում է,-Անպայման, քանի որ ինքն իսկական տղամարդ է,- պայուսակից ակնոց է հանում, դնում Նազարի աչքերին,- Սա կծածկի Ձեր փսլնքոտի դեմքը, վախվորած աչքերը: Գլուխը բարձր, քաջ փալաս: Մնացածն էլ աղոթեք Ձեր սին հռչակին ու իմ խելքին ու հմայքին:
Սարգսի դունչը կախվում է, ինքը՝ դողացնում,- Փիրուզ ջա՜ն, խաղեր տուր, որ մեզ չտա վագրին՝ հետներս խաղալու: Խելառ ա:

Սմբատն իր թիկանպահներով մոտենում է խմբին ու դիմում Նազարին,- Դու ինձ գիտե՞ս:
Նազարը գլուխն անորոշ շարժում է, նայում Փիրուզային,- Հը՞… հո՞… ո՞վ…
Փիրուզան մոտենում է Սմբատին, Նազարին հետ հրելով ու իրենով ծածկելով,- Բարև Ձեզ: Ես Փիրուզան եմ...
Սարգիսը փորձում է անաղմուկ հեռանալ, թիկնապահներն արգելում են:
Դիմում է Սմբատին,- Սմբո ջան, Քաջ Նազարն է, ախպերս: Հատուկ եկել է Արաբիայից ու Հնդստանից էստեղ լցված ավազակներին ջարդի, գնա: Ասում էր՝ սիրտս արյունով է լցված: Ինձ խնդրեց, որ հետդ ծանոթացնեմ: Ասում է, շա՜տ եմ հարգում: Ըհը՜, բերել եմ: Ծանոթացեք, ես էլ գնա՜մ:
Նազարը շշնջում է Սարգսին, - Ասա, որ հետս գործ ունես, հետդ տար: Շիշ բացող եմ, - թեքվում է դեպի Սմբատը,- Ծանոթացանք, պրծա՜նք, շատ հաճելի է: Փիրուզիս թողնեմ, գնամ, որ հետո գամ, տանեմ:
Սմբատ,- Կարգի՜ն տղա ես, մեր ախպե՜ր:
Նազարը փնտրում, գտնում է Սմբատի առաջ չպարզած ձեռքը, սեղմում,- Հա՜: Շա՜տ, շատ կարգին կարևոր հավաք ունենք կարգին տղերքով: Ժամանակ չկա՜:
Սմբատ,- Էդ դու՞ ես ինձ ծամել ու թքել: Էդքան քա՞ջ ես, մեր տղա: Հա՞:
Փիրուզան շշնջում է Նազարի կողմը,- Ասացեք՝ թյուրըմբռնում է եղել: Ես Ձեզ գիտեմ ու հարգում եմ:
Նազարը գլուխը տարուբերում է,- Հա՜, հարգելով,- շշնջում է Փիրուզայի ականջին,- Բա՜ն չեմ տեսնում, չեմ հասկանու՜մ: Ախր չե՜ս ասում՝ ինչ ասեմ:
Սմբատ,- Լա՜վ է, որ այդքան քաջ ես: Հարգում եմ քաջերին: Վաղը չէ մյուս օրը,- ցույց է տալիս իր հետ կանգնած տղաներին,- կհանդիպես Գարիկի (Գարիկը ժպտում է, գլուխը խոնարհում դեպի հյուրերը) ու Վաղիկի հետ, հաջորդ օրը՝ վագրիս: Եթե երաշխավորեն քեզ՝ որպես քաջ, հյուրս ես: Թե չէ՝ դու քո ճամփով, ես՝ իմ:
Փիրուզան թեթևացած շունչ է քաշում, թևանցուկ անում Նազարին, շշնջում,- Լա՜վ պրծանք, թե չէ՝ բացահայտվելու էիք, կորելու էինք: Դեռ հույս կա: Մի բան կանենք:
Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Դե լա՜վ է: Դե տես՝ ինչ ես անում, ես գնացի:
Սմբատը նայում է Սարգսին,- Ու՞ր է գնում: Ինքը լավ չի՞ հասկանում:
Սարգիսը ժեստ է անում,- Գնում է վագրի հետ ծանոթանա: Ըտենց է՝ անհամբեր: Ախպեր՜ս է: Ինձ ոնց գիտես:
Սմբատ,- Չեղա՜վ: Ասեցի, հերթով: Վագրս հիմա կուշտ է, պիտի քնի: Ես էլ գործեր ունեմ: Պիտի նայեմ,- ժպտում է Փիրուզային,- Ասում ես՝ ո՞վ ես, գեղեցկուհի:
Փիրուզան ժպտում է,- Աշխատել եմ որպես թերթի թղթակցուհի: Այժմ պարոն Քաջ Նազարի գործավարը,… այսպես ասած: Անունս Փիրուզա է: Ձեր մասին գիտեմ, հիացա՜ծ եմ:
Սմբատը դիմում է Նազարին,- Համ քա՜ջ ես, համ էլ՝ շնորհքով, եթե Փիրուզի պես աղջկան կպցրել ես: Էլ գովալուն տեղ ու չափ ու սահման չկա՜: Հյուրերս եք, մինչև գնամ Մայամի, գամ: Աղջկաս ծնունդն է:
Նազարն աշխուժանում է,- Հը՜մ, Մարիամին տխուր տեղ է, կովանոց: Ո՞նց ես երեխուն էնտեղ ուղարկել: Լա՜վ գիտեմ, տավար ենք տարել: Մեր ժամանակ Մարիամահանդ էինք ասում:- շշնջում է Փիրուզայի ականջին,- Չասի՝ չտես գեղցի: Սմբատ,- Դու էլ ե՞ս եղել: Աշխարհ տեսած տղա ես: Կնիկս ասեց՝ մոդա է, փող ունեցողների տեղը, ձեն չարեցի: Բա մեր Հայաստանն ափսոս չի՞:
Սարգիսը մոտենում է Սմբատին,- Սմբո ախպեր, ես ի՞նչ գործ ունեմ իր հետ: Նո՜ր նոր ծանոթացել ենք: Դու հո ինձ գիտես, որ թարս խոսող չեմ: Խելո՜ք քաջ գեներալի կոչումս եմ վայելում: Գնամ, էլի՜: Կինս լավ չէր, զոքանչս տաքություն ուներ, հարևանս սղոց էր ուզել, ամո՜թ է, գնամ հասցնեմ: Տղերքն էլ թրերը սրած ինձ են սպասում: Նազար ախպերս վագրիդ հետ կտա, կառնի՝ իրար կհասկանան: Ես գնա՞մ:
Նազարը Սարգսին տանում է մի կողմ, շշնջում,- Առանց ինձ մի գնա: Ախպերդ չե՞մ:
Սարգիսը փաթաթվում է Նազարի հետ,- Ախպերս ես, թեկուզ՝ հետմահու: Գնում եմ ու քո կենդանի կենացը խմեմ, հորս արև՜: Էլի եմ ասում՝ քածիդ թող դրանց, փրկվիր,- դիմում է Սմբատին,- Սմբո ջա՜ն, մի բան էլ առանձին ասեմ, գնամ:
Սարգիսն ու Սմբատը մի փոքր առանձնանում են, զրուցում: Փիրուզան ժպտում է Գարիկին,- Գիտեք չէ՞, որ ինքը հայտնի հերոս Քաջ Նազարն է:
Գարիկը նայում է Նազարին,- Վա՜յ, էս ինչ բախտ ա: Ուսուցի՜չ, քո գրքերով եմ ապրել: Քաջի կյանքդ անգիր գիտեմ, իմաստուն մտքերդ փակուղիներիս ուղեցույցն են:
Փիրուզան ժպտում է Գարիկին ,- Ի՜նչ հաճելի երիտասարդ եք:- թուղթ է մեկնում, առանձին շշնջում,- Իմ հեռախոսի համարը: Եկեք երեքով հանդիպենք սրճարանում: Կնվիրեմ իր նոր գիրքը: Ես գրող եմ, հմայիչ և նպատակաուղղված տղամարդու կերպար եմ փնտրում: Կօգնե՞ք՝ Ձեզ ճանաչեմ:
Գարիկը թուղթը սեղմում է կրծքին, շշնջում,- Անպայմա՜ն, տիկին ջան: Շեֆը թռչում է Մայամի, ազատ եմ: Ոնց որ՝ երա՜զ: Զրույց Ուսուցչի գեղեցկուհու հետ, իմ մասին գի՜րք:
Սմբատը Սարգսի հետ վերադառնում է Փիրուզայի ու Նազարի մոտ- Գնա, Սաքո: Փիրուզա քույրիկ, որ շա՜տ խնդրեմ, կմնա՞ս որպես հատուկ հյուր:
Փիրուզա,- Այո, որ գրանցեմ շեֆիս հաղթանակները: Նաև լիարժեք վայելեմ Ձեզ հետ շփվելու հաճույքը, եթե բախտս բերի: Կարելի՞ է գնալ,- ժպտում է Սմբատին, ձեռքը մեկնում:
Սմբատը պաչպչում է Փիրուզայի ձեռքը,- Էս ի՜նչ քաղցր լեզու, մաշկ, ժպիտ ու շարժուձև ունես: Ափսո՜ս, Փիրուզ աղջիկ, ափսո՜ս:
Նազարը զգուշորեն Փիրուզային հրում է դեպի Սմբատը,- Ես չեմ կարող հայրենքիս հոգսերը թողնել ու թանկ ժամանակս ծախսել ինչ որ երեխեքի, կամ էլ կատվի հետ խաղալու համար: Դուք ծանոթացեք, պաչվեք, գրանցեք, ես հայրենիքի հետ գործ ունեմ, պարապ չեմ:
Սմբատ,- Օհօ՜, իսկականից հարգեցի: Հետաքրքի՜ր է լինելու,- հեռախոսի վրա համար է հավաքում, խոսում,- Հայրենիք, բարև: Քաջ Նազարի հետ գործ ունեի՞ր: …Ինքն ասեց: Դե երկու օրով հետաձգիր իմ խաթեր … Երկու օրից կամ ինքը կգա, կամ էլ՝ իրենից ինչ որ մնա, կբերեմ, կհանձնեմ:… Սարի Սմբոյի խոսք,- անջատում է հեռախոսը, ժպտում Նազարին,- Կե՜ր, խմիր, իմ հյուրն ես: Հայրենիքը կսպասի:- դառնում է Փիրուզային,-Իսկ դու, գեղեցկուհի, թե ամեն ինչ մեր սրտով եղավ, անգործ չես մնա: Բժիշկս որպես դեղ քաղցր գործավարուհի է գրել: Քո ոտով եկար:
Փիրուզան ժպտում է, նայելով Սմբատի աչքերին,- Հուսով եմ, կատակում եք լուրջ հարցում: Բայց հետաքրքի՜ր միտք էր: Նազարը զննում է շրջապատը, ինքն իրեն խոսում, - Ա՜խ, Հայրենիք, ամենակարևոր պահին հարուստի կողմը բռնեցիր, արածներս ջուրը լցրեցիր: Բա ես ո՞նց արանքը ճղեմ,- Փիրուզային տանում է մի կողմ, շնջում,- Փիրուզ ջա՜ն, սիրուն ջա՜ն, դու կինարմատ ես, քո բանը հեշտ է: Ոնց տեսնում եմ, քեզ էլ հավանել է: Շա՜տ, շա՜տ … հը՜մ… Դե, տան ճամփեն գիտես, կգտնես: Դու շեղիր, վազեմ այ էն ծառի կողմը, իրիկունը տուն հասնեմ: Փախնելուց լրիվ քաջ եմ:
Փիրուզան թևանցուկ է անում Նազարին,- Գնանք, հանգստանանք: Ծիծաղեք, դե շուտ:
Նազարը շշնջում է, իրեն Փիրուզայից հեռու պահելով,- Հը..հը… Չի ստացվում, Փիրուզ ջան: Ծնոտս կախվել է, հորս արև: Թե փրկվեմ, տանը մի շաբաթ կծիծաղեմ:
Փիրուզան ծիծաղում է, - Բա, իհարկե՜, անվա՜խ հերոս,- Նազարի ձեռքը բռնած հետը գնում է իրենց տրամադրված սենյակ:
(շարունակելի)
Создано 13.05.19 15:12
© Все права защищены
109