Литературный портал

Автор поста

Օգնիր ինձ (9) 18+

3
Հացի սեղանի շուրջ ամեն ինչ ավելի բարդացավ: Սարգիսը ծարավի նման անհագորեն մի քանի ըմպանակ ալկոհոլ ընդունեց ու սկսեց կենացներ ասել անկապ բառակույտերի մեկնաբանությամբ: Առաջարկեց կանանց կենացը, նայելով Սաթիկին, համբուրեց Սեդայի ու Գայանեի ձեռքերն ու վազեց Սաթիկի մոտ:
Սաթիկը, նրա ակնդետ հայացքից կանխազգալով տհաճ շարունակություն, արդեն Վահագի թիկունքում էր ու գրկել էր ամուսնու ուսերը: Սարգիսն իրեն հավաքեց, բայց և մոտեցավ, թույլտվություն խնդրեց ու համբուրեց Սաթիկի ձեռքն, ու քանի որ Սաթիկի հետ Վահագի թիկունքում էին կանգնած, իրեն թույլ տվեց վավաշոտ հայացքով նայել կնոջ աչքերին, անլսելի, բայց հասկանալի կիրք շշնջալ: Կռացավ, որ չնկատվի, կնոջ ձեռքը շոյեց տիրող տղամարդու կրքոտ շարժումով, լիզեց, համբուրեց ու վերջում թույլ կծեց, նայելով Սաթիկի աչքերին:
Սաթիկը, որ արդեն սպասում էր որևէ հանդուգն արարքի, այդպիսի լկտիությունից շոկ ապրեց ու փորձեց ձեռքը հետ քաշել, բայց տղամարդն ուժեղ էր ու իր ձեռքն ամուր կաշկանդել էր իր ամուր դաստակում: Սաթիկին մնում էր որոշել՝ աղմկել, թե ոչ: Նա աչքերը փակեց, ատեց և իր իրավիճակը, և այդ լկտի տղամարդուն՝ «Կեղտոտ եղունգներ, անմաքրել ատամներ, լկտի վարք: Ու ես պարտավոր եմ հանդուրժել»:
Առայժմ լռեց, հուսալով այլևս խուսափել ու առիթ չտալ դրան իրեն մոտենալու: Վահագի ներկայությամբ ձեռքը ցուցադրաբար մաքրեց մի քանի անձեռնոցիկներով ու լսելի շշնջաց,- Էլ չե՜մ դիմանում: Դրան ո՞նց են դուրս թողել:
Հետո երեխաներից մեկը նայեց Սաթիկին ու հավանաբար՝ հոր դրդմամբ, կանչեց, - էսի լավ՜ն ա: Տանենք տուն, պապաս խաղա՜ հետը:
Վահագը նորից շշմեց, Սաթիկը ցնցվեց, Սեդան դժգոհ դեմքով նայեց Սարգսին, Գայանեն լսելի փնչացրեց՝ «իբր իմ հետ խաղալը ե՞րբ պրծավ, ո՜ր»:
Սարգիսն իրենից գոհ ծիծաղեց,- Հը՞, Վահագ ախպեր, ես համաձա՜յն եմ: Չփոխե՞նք մի քանի օրով: Ողջ առողջ ու շա՜տ գոհ հետ կբերեմ:
Սաթիկն ուզում էր կոպտել, բայց և լռեց, քանի որ իրերի այդպիսի ընթացքն իր սրտով էր՝ Վահագին սթափեցնելու հեռանկարով: Սպասեց Վահագի արձագանքին:
Վահագը մոտեցավ Սարգսին,- Այդպիսի ապուշ թեմա չեմ քննարկում ու էլ չլսեմ:,- ուսից բռնեց, ուզում էր քաշ տալ պատշգամբ, առանձին զրուցելու, բայց նայեց Սեդայի դեմքին, մեղմացրեց հարվածը,- …. Ուրիշ տեղ լիներ, կծեծեի: Սեդայի խաթեր լռում եմ,- մատ թափ տվեց Սարգսի վրա, նստեց: Գայանեն դուրս տվեց իր միջի կուտակածը, նայելով Վահագին,- Հա, հո չտարա՞նք, դու է՜լ: Կամ էլ ես հետդ կգա՞մ, ախպեր ջա՜ն: Ոչ խմու՜մ ես, ոչ խոսում, գամ հետդ՝ էլ ի՞նչ չանեմ:
Սեդան սաստեց անմտածել խոսող ամուսիններին,- Մարդավարի խոսել չգիտեք, լռե՞լ եք չգիտեք:

Երեխաների ընթրիքի սեղանն առանձին էր, բայց Նարեկը նստել էր Սեդայի կողքին, իսկ Հովսեփն ընդհանրապես հրաժարվեց այդ վայրենախմբի հետ սեղան նստելուց ու համառորեն հրաժարվեց Սաթիկի առաջարկած բրդուճից,- Սոված չեմ: Կերել եմ:
Երեխաներն իրենց բաժին սեղանն ավիրելուց հետո մոտեցան մեծերի սեղանին, պահանջելով իրենց հյուրասիրել համով բաներ ու հետո վիճեցին, մեկմեկու բրդուճներին նախանձեցին ու դրանցով իրար հարվածեցին: Սեդան Գայանեին խնդրեց խանգարել ու դադարեցնել ուտելիքի անարգումը:
Գայանեն, դժգոհ, որ խանգարեցին ու խառնվում են երեխաների դաստիարակության իր մեթոդի սուվերեն իրավունքին, բարկությունը ներառեց երեխաներին հասցրած ապտակների ու իր անտանելի գոռգոռոցների մեջ: Դրան հետևեց երեխաների ավելի բարձր գոռոց դժգոհութունը, թե ինչու են իրենց անտեղի ու առանց պատճառի ապտակում: Հետո որպես դժգոհութան նշան ձեռքների ուտելիքները շպրտեցին տարբեր անկյուններ: Սեդան Գայանեից պահանջեց թափածներն հավաքել ու արգելել նման վարքը: Գայանեն դժգոհեց, որ մորքուրը մի կտոր հացն իր ու երեխեքի քթից բերեց, ու չի՜ հասկանում, թե ինչու՞ են իր երեխեքը մուրքուրի աչքից ընկել,- Բա էլի ե՜ս եմ մաքրելու տներդ: Բա մի՜շտ էլ ես եմ, էլի, եղել քո տան քոծը: Էս էլ արածներիս շնորհակալությունը՜»: Սաթիկը դեպքերն արդեն թեթև էր տանում, քանի որ դրանց շնորհիվ Վահագի հիասթափվելու հավանականությունն աճում էր:
Նարեկն ինչ որ բանից նեղվեց ու հուզվեց: Սեդան զբաղվեց նրանով ու տարավ առանձին սենյակ, հետը զրուցելու և հանգստացնելու: Հովսեփը զբաղված էր համակարգչով: Սարգիսն արդեն զգացել էր, որ Վահագն իրենից խուսափում է ու Սաթիկին նայելով նստեց Վահագի կողքին ու կանանց կենացը նորից խմել առաջարկեց: Վահագը ծխելու պատրվակով պատշգամբ գնաց, ու Սարգիսը շտապեց կանանց մոտ, որտեղ Գայանեն դեռ Սաթիկին էր ներկայացնում իրենց ու Սեդայի ջերմ հարաբերութուները, ամուսնու մասնակցությունն այս տան կառուցմանն ու շենքի նկատմամբ իրենց իրավունքները:
Մինչ Սաթիկը, նեղված Սարգսի մոտենալուց, կորոշեր ու կշտապեր հեռանալ, վերջինս բարկացած դիմեց Գայանեին,- Ախչի՜, երեխեքդ ավիրեցին: Տո գնա՜, ասա խելոք մնա՜ն: Գայանեն ալարեց, - Օ՜ֆ, Սաք: Դե երեխա են, խաղու՜մ են,- հանկարծ ամուսնուց ականջին հարված ստացավ, լացախախառն կանչեց,- Վա՜խ, հո վայրենի չե՞ս, արա՜,- ու շտապեց երեխաների մոտ, գոռգոռալու, մի քանիսին ապտակելու, քաշքշշելու, արցունքոտ աչքերով իր բախտը ողբալու ու աչքի տակով Սարգսի վարքին հետևելու:
Սաթիկը չհասցրեց ընկալել կատարվածը, չէր էլ ուզում: Կանգնեց, որ հեռանա ապահով տեղ, Հովսեփի մոտ: Սարգիսը կանգնեց նրա դիմաց ու ժպտաց,- Ես ըտենց եմ, որ կնանիք չեն լսում, ծեծու՜մ եմ,- թռուցիկ հայացք գցեց սենյակում եղածների կողմը, առանց որևէ ձևականության աչքերն ուղղեց Սաթիկի կրծքերի բացվածքին, արագ շարժումով շոյեց կնոջ կոնքը,- Վա՜խ, լավ՜ն ես: Վաղոն պատմել ա, ու քեզ լա՜վ գիտեմ: Ե՞րբ մի հատ լա՜վ գզվռտվենք, քաղց՜ր: Դժգոհ չե՜ս մնա, չմտածե՜ս: Ուզածդ ի՞նչ ա:
Սաթիկը, ապշած նրա բացահայտ լկտի վարքից, մինչ կորոշեր արձագանքի տեսակը, ընկալեց նաև նրա բառակույտի կեղտոտ իմաստը: Մի պահ զրկվեց մտածելու, խոսելու, շարժվելու ունակությունից: Երբ իրեն վերագտավ, ուզեց ապտակել, աղմկել, հետո վախեցավ դրանով չեղարկել Վահագի պլաններն ու ավելի լարել իրենց հարաբերությունները:
«Ինքը, փաստորեն, ամուսնու երազանքի գերին է ու այդ կարգավիճակում վտանգվում են ու երևի էլի վտանգվեն իր պատիվն ու ինքնասիրությունը»: Չգիտեր անելիքն ու հիշեց իր ասպետին: Շշնջաց Հովսեփին հասանելի ձայնով,- Խնդրում եմ ինձ այլևս չմոտենալ: Արգելում եմ, տհա՜ճ է,- գնաց խոհանոց, միայնակ արտասվելու,- «Աստված իմ, ե՞րբ, ո՞նց, ինչու՞ եմ մատչելի կնոջ համբավ ստացել: Ինչու՞ է այդ համբավը սողում հետևիցս»:
Հովսեփը լսեց նրան, նկատեց շփոթվելն ու խոհանոց փախչելն ու շտապեց այնտեղ: Սարգսին իր հասկացողության շրջանակում թվաց, թե կինը հատուկ նպատակով գնաց խոհանոց, որ կարողանա իր հետ ազատ խոսել, իր պայմանները շարադրել:
Ու վազեց այնտեղ,-Սառը ջուր խմեմ, -լցրեց բաժակն ու կանգնեց Սաթիկի դիմաց:
Հանկարծ հայտնվեց Հովսեփը, առանց խոսելու մտավ Սարգսի ու Սաթիկի արանքը, դիմեց Սաթիկին,- Սաթիկ քուրիկ, թե նեղացնող լինի, կասես, որ ես էլ իրեն ասեմ՝ հասկանա:
Շշմելու հերթը Սարգսինն էր: Երեխան, որին չէր էլ նկատել, հայտնվեց ոչ մի տեղից, դարձավ խանգարիչ իր ու համարյա իրական դարձած ցանկության արանքում:
Սաթիկն արդեն վախեցավ նաև երեխայի համար ու որոշեց հետը արագ հեռանալ: Միևնույն ժամանակ Վահագն էր պատշգամբից սենյակ մտել, նկատել խոհանոցում Սաթիկին ու Սարգսին, նեղվել: Իսկ երբ Հովսեփը շտապեց այնտեղ, հիացավ պատանիով: «Իսկական տղամարդ է ու Սաթիկը ճիշտ արեց, որ հետներս բերեց: Բայց հարց լուծողը ես եմ ու ես միայն դիտողի դերում եմ: Ինչքա՞ն զիջեմ, ինչու՞ չնկատելու տամ, ի՞նչ կմտածի Սաթիկն իմ մասին»: Որոշեց առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մտնել խոհանոց ու Սարգսի մռութը ջարդել:
Մի պահ հապաղեց, սպասելու առիթի: Սարգիսը չէր նկատել Վահագի ներս մտնելն ու իրեն ազատ էր պահում: Քմծիծաղեց Հովսեփի ուղղությամբ, բայց խոսեց ցածրաձայն,- Գնա, բերնիդ կաթը սրբիր, արի խոսենք:
Տիգրանի Հովսեփը պատասխանը չէր էլ մտածում, ու ձայնը չցածրացրեց,-Կաթ չի՜, թուք ա: Ապացուցե՞մ,- Սարգիսը երկմտեց, իսկ Վահագն ու Սաթիկը հիացան նրանով:
Սարգիսը, համոզված, որ Սաթիկի հետ իր երազած սեքսը որոշված է ու ընդամենը փոքր առանձնազրույց է պետք, փորձեց համոզել Հովսեփին,- Տղա ջա՜ն, գնա կինո նայիր: Մի բան ասե՜մ, գնամ: Մի խառնվիր մեծերի զրույցին, չի՜ կարելի,- ու փորձեց հրել երեխային, բայց Հովսեփը չերերաց, ուսը կոպիտ շարժումով ազատեց:
Հովսեփը նայեց Սարգսի աչքերին ու բարձրաձայնեց,- Սաթիկ քուրիկը կասի, թե ուր գնամ, ու ի՞ր հետ, թե՞ մենակ: Դու, այ էնտեղ, սպասիր, խոսում ենք,- ու ինքը հրեց Սարգսին, որ շշմածությունից չդիմադրեց ու մի քանի քայլ հեռացավ ու կարկամեց: Ոչ Սաթիկը գիտեր անելիքը, ոչ՝ Վահագը, ոչ էլ՝ Սարգիսը, վախենալով աղմուկից, ամեն մեկն՝ իր նկատառումներով:
Միակ մարդը, որ նկատառում չուներ ու վստահ էր գործում Հովսեփն էր՝ չթողնել վիրավորել Սաթիկ քուրիկին, ինչ գնով էլ լինի: Նա գիտեր, թե ինչ չի ուզում, բայց թե ինչպե՞ս՝ չէր պատկերացնում: Գրքերում և դպրոցում իրեն ասվել է, որ մեծերն ավելին գիտեն, ելնելով կյանքի փորձից ու նրանց չի կարելի հակաճառել ու չհարգել: Ահա այդպիսի մի մեծ իրեն շատ վատ է պահում՝ վիրավորում է արժանավոր կնոջը՝ իր պաշտամունքի օբյեկտին: Ու ինքը հիմա կանի, ինչ որ ճիշտ է գտնում, իսկ գրքերի ու դպրոցի հետ առանձին կբացատրվի ու բացատրություն կպահանջի: Սաթիկը նկատեց Վահագին ու արդեն աղմուկ էր ուզում, որ ամուսինը հասկանա այս միջավայրի ներառած վտանգն ու կեղտը: Սեղմեց Հովսեփի ձեռքը, համբուրեց ճակատն ու խոսեց հատուկ Վահագի համար,- Իմ ասպետ: Դու իսկակա՜ն տղամարդ ես: Ինձ փրկեցիր ու հիմա ինձ տար այստեղից: Այստեղ անտանելի է, միջավայրը զզվելի,- գնաց սենյակ ու մոտեցավ Վահագին, հենվեց ու արտասվեց,- Ի՜նչ լավ է, որ այստեղ ես: Արի գնա՜նք: Անտանելի՜ է այստեղ: Սա իմ միջավայրը չի: Չե՜մ դիմանում, չե՜մ կարող:

Սեդան այդ պահին մտավ սենյակ,- Ի՞նչ է եղել, ի՞նչ գնալ: Մենք խոսելու բան ունենք:
Սաթիկն ու Վահագը նորից լռեցին, որոշելով եղելութունը Սեդային ներկայացնելու ընդունելի ձևը, ու նորից ամեն մեկն՝ իր նկատառումներով:
Հովսեփը չթողեց հարցը փակել,- Սաթիկ քուրիկին նեղացրեցին, վատացավ: Ու չի՜ էլ ամաչում:- վերջին միտքը հատուկ ասեց Վահագի համար, ու Սաթիկն ու Վահագը նրան հասկացան: Սաթիկը մտքում շնորհակալ եղավ, Վահագը նեղվեց: Սեդան և բարկացած էր, և խեղճացած՝ վախենալով համարյա իրականացած երազանքի ցնդելուց,- Ինքը հիմար ա, իսկ խմելուց հետո ապուշանում ա:- գոռաց, նայելով Սարգսին,- Ես իմ հյուրերի հետ խոսելու բան ունեմ: Կերա՜ք, խմեցի՜ք, ջարդեցի՜ք: Դե, հիմա գնացե՜ք, խանգարու՜մ եք:
Սարգիսը չգիտեր ոչ անելիքը, ոչ՝ ասելիքը,- Զոքանչ ես է, թե չէ՝ կասեի: Ո՞ր զոքանչն ա իրա փեսին սիրել: Ուզում էի խնդրել, որ Սեդուլիկիս հետ պարապի: Եթե ուրիշ բան եմ ասել, թող ասի՝ պատասխանը տամ: Հո շառ անելով չի՞:
Սեդան լավ գիտեր Սարգսին,- Դեռ խոսու՞մ ես՝ առանց ամաչելու: Էնքա՜ն ես անելու, մարդիկ փոշմանեն, անուղեղ: Գայանեին հետաքրքրեց, թե ինչի՞ց են փոշմանելու,- Թո՜ղ փոշմանեն: Վաղը Սաքի ընկերն ա գալիս: Լա՜վ էլ փող կտա,- ու ուշադիր նայեց ներկաներին, լռեց, արձագանք չգտնելով: Սարգիսը որոշ չափով իրեն վերագտել էր ու ևս փորձեց պարզել փոշմանելու ոլորտը,- Զոքանչ, լավ բան չարեցի՜ր: Ուրիշների մոտ մեզ խայտառակեցիր ու իրանց մեզնից գերադասեցիր: Սեդան և չարացած էր և Սարգսի հետ ձևականություն ընդհանրապես չէր պաշտպանում,- Էդ դուք ձեզ խայտառակեցիք ձեր արածներով, դու էլ՝ քո լկտի արածով: Գնացեք ու մինչև չկանչեմ՝ չերևա՜ք:

4
Հեռանալուց առաջ Սարգիսը, կարծես թե ոչինչ էլ չէր եղել, մոտեցավ Վահագին և ձեռքը մեկնեց՝ հրաժեշտի համր: Վահագը զայրացած և նրա վրա իր լկտի պահվածքի համար, և իր՝ լռելու համար, որոշեց ռեաբիլիտացվել Սաթիկի աչքում: Ձեռքը մեկնեց ու մատներով մամլեց Սարգսի աքցանված դաստակը:
Սարգիսը փորձեց ժպտալով դիմադրել, բայց չդիմացավ, կծկվեց ու ցավից կանչեց,- Վա՜խ, ցավում է, թո՜ղ:
Վահագը չթողեց, որոշելով լացացնել իր կնոջ վրա աքլորանալ փորձած հիմարին ու մոռացնել այլևս նման ոտնձգության հնարավորությունը:
Երեխան զարմացավ,- Քեռին պապային կզցրե՜ց:
Գայանեն արագ մոտեցավ, ամուսնու ձեռքն ազատեց կապանքից, հարձակվեց Վահագի վրա,- Ասենք թե համեստ տղա ա, պտի էսքան մարդու մոտ սարքեք ձեռ առնելի՞ք: Էկա՜ք, փառավորվեցի՜ք, մեզ ավելորդ հանեցիք, հիմա էլ կզցնու՞մ եք: Իմացեք՝ մեզ կզցնող չի՜ եղել: Սաքոյիս կզացնողին ես կկզացնեմ, եղա՞վ: Ձեռներդ հեռու՜ մեզնից, ու լա՜վ իմացեք, որ չեք մարսելու, ինչ որ անում ես քո տափուկ կնկա հետ: Ուրիշներին չարազ, մարդուս՝ ավազ, հա՞:
Սաթիկը չգիտեր, վիրավորվե՞ր նման խոսքերից, թե՞ ուրախանար, որ Վահագին պարզ պատկերացում են տալիս այստեղ կայանալիք ներկայացումների բնույթի ու որակի մասին:
Վահագը հարկ չհամարեց պատասխանել Գայանեի անիմաստ խոսքերին, չնայած Սաթիկի մասին ակնարկը սիրտը ցավեցրեց: Նայեց Սարգսին,- Հասկացար, չէ՞, որ ես կատակ չեմ սիրում, եթե հարցը վերաբերվում է ընտանիքիս: Սարգիսն արցունքոտ աչքերով ցավացող դաստակը պահեց թևատակում,- Կարո՞ղ ա գիտես՝ վայրենի եմ, տան սրբությունը չեմ հասկանում: Բայց լա՜վ բան չարեցիր: Կանչեիր, խոսեինք, հասկանայինք: Ինչ որ մտածում ես, չի՜ եղել:

Երբ որ Գայանեի ընտանիքն աղմուկով հեռացավ, Հովսեփը հիացավ Վահագի արածով, - Ո՜նց լացացրեցիր: Ապրե՜ս, Վահագ ապեր:
Վահագի համար էլ հիացմունքի արժանի էր Հովսեփի պահվածքը,- էդ դու ապրե՜ս, ախպե՜ր: Շատ տղամարդիկ քո կեսը չարժեն: -սեղմեց Հովսեփի ձեռքը տղամարդու հարգանքով:
Սաթիկը համբուրեց Հովսեփի ճակատը,- Իմ ասպետն ու հույսը՜,- ու հենվեց Վահագին,-Օգնի՜ր ինձ, ազատի՜ր դրանց տեսնելու, հետները շփվելու պարտադրանքից: Դա անհնա՜ր է: Վահագը ժամանակ շահելու ձևը գտավ,- Եղա՜վ, սիրելիս: Սեդայի առաջ պայման կդնենք: Եթե չի կարող դրանց ոտը կտրել այստեղից, կհեռանանք ու վե՜րջ:
Սաթիկը տխրեց լղոզած պատասխանից՝ «Ախր ի՞նչ պայման: Դրանց պայմանն ի՞նչ կանի»:

Գնացին սենյակ: Սեդան սպասքեղենն էր հավաքում ու Սաթիկին կատեգորիկ արգելեց իրեն օգնել,- Առանց այդ էլ նեղվա՜ծ ես: Սաթիկը չժխտեց, որ նորից շեշտվի եղածի ահավորությունը,- Բայց, իրո՞ք, մինչև չկանչեք՝ չեն գա: Կնեղանան ու չե՞ն գա,- ենթատեսքտն, իհարկե, ուղղված էր Վահագին- «Եվ դու հավատու՞մ ես այդ հիմարությանը»:
Սեդան դուրս թափեց զսպանակված զայրույթը,- Չէ, հա՜: Աներես շան պես վազելու է, վերև թռնի, սառնարանից բան ման ուտի, մի երկու բաժակ գցի: Իբր թե եկե՜լ է ինձ օգնելու: Ավելի լա՜վ է բանվոր ճարեմ, քան թե էդ ապուշի պատճառով կատաղեմ,- հիշեց իրավիճակը, հյուրերին, իր նպատակն ու ավելացրեց,- Բայց դե, եթե կոպիտ ասեմ՝ մի երեք օր չի՜ գա: Մինչ Սաթիկը կհուսար, որ ամուսնուն դեռ կարելի է հետ պահել, Սեդան դարակից թղթեր բերեց, վախեցած ժպտաց,- Ահա՜, շնորհավոր լինի՜, բարո՜վ վայելեք:
Սաթիկի սիրտը նվաղեց՝ «ոչի՜նչ, ոչի՜նչ էլ չի ազդել, ու ինձ հրում են դեպի անդունդ»: Սեդան նվերի հետ ներկայացրեց իր վախերը, որպես՝ ապահովագրական հավելված,- Տունը ձեր՜ն է: Մնացածը՝ դուք գիտե՜ք: Վարվեք ո՜նց կուզեք: Երեխուս՝ մանկատուն, ինձ՝ ծերանոց: Ես ձեզ վստահում եմ: Ո՜նց էլ անեք՝ էդ ա մեր բախտը: Երեխուս լա՜վ կնայեք,- լացեց: Վահագը ևս աչքերը լցրեց,- Չէ, ի՞նչ ես ասում, Սեդա տատի ջա՜ն: Ի՞նչ ծերանոց, ի՞նչ մանկատուն: Մենք այդպիսի մարդիկ չե՜նք ու Սաթիկս այդպիսի կին չի՜:
Սաթիկը բարկությունից չնայեց Վահագին ու մտքում ողբաց իր բախտը՝ «Ես այդպիսի կին եմ ու ցանկություն չունեմ երազանքներիս մեջ ուղղում մտցել անծանոթ կնոջ խնամքի ու դժվար երեխայի դաստիարակության հետ կապված: Ախր ինչու՞ ես: Նույնիսկ դու, սիրելի՜ս, իմ փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքներ չունես»:
Վահագը նրան հասկացավ ու տխրեց: Սեդան ուրախությունից լաց էր լինում: Սեդան ու Վահագը հատուկ պահած կոնյակով նշեցին գործարքը, ինքը հրաժարվեց,- Վա՜տ եմ: Քնել եմ ուզում: Ես գյուղում ապրող չեմ, այն էլ այսքանի՜ց հետո: Սեդան նայեց մոլորված Վահագի դեմքին ու վախեցած վշվշացրեց,- Ես դրա արևը թաղեմ, հիմա՜ր անուղեղ:

իրականացում
5
Սեդայի տանից Հովսեփը գնաց իրենց տուն, իսկ իրենք շտապեցին Կարինեի մոտ, որ ինչպես Սաթիկն էր ասում՝ «Նրա թանկարժեք ժամանակը չչարաշահեն»: Փորձեց խնդրել ամուսնուն հետաձգել, իր խռովված հոգեվիճակի պատճառով, բայց, ինչքան հասկացավ, դեռ ինքը պետք է փորձի իրեն հավաքել, որ Կարինեի հոգեկանն էլ հանկարծ չխռովվի: Վահագը Կարինեի համար Սեդայի այգուց վարդեր քաղեց: Սարգսի հետ կապված միջադեպից հետո լարված էր, բարկացած, բայց Կարինեին մեծարելու մասին չմոռացավ: Կարծես թե ինչ որ բան էր սպասում Կարինեի գուշակությունից: Սաթիկը չնկատելու տվեց, որպեսզի իրավիճակն ավելի չլարվի: Մանանն էլ էր նույն խորհուրդը տվել: Սկսել էր ինչ որ վտանգ զգալ ու ավելի հաճախակի զանգել, ու հիմնականում՝ Սաթիկին: Նրանք իրար լավ էին հասկանում: Սեդայի տան դեպքերից հետո Սաթիկի համար դժվար էր գնալ Կարինեի մոտ, իմանալով որ այցի նպատակը իր նպատակներն ու մտադրությունները տնտղելն է ու իրեն խելք սովորեցնելը՝ ըստ «վերցրու, եթե տալիս են» սկզբունքի: Բայց մյուս կողմից իր մեջ արթնացած ուժը կռիվ էր ուզում, կռվշտվել ու հաստատվել հաղթելու միջոցով: Ու Սաթիկն իրեն տրամադրեց ու պատրաստվեց մարտի: Առավել ևս՝ հոգին խովված էր:
Այս ի՞նչ մարդկային տեսակ է, որի մասին ինքը չի իմացել: Անփութորեն, քամահրանքով, մյուսի կարծիքն արհամարհած վարքով իրենց թույլ են տալիս այն, ինչն իրենց է հարմար, ճիշտ ինչպես անասունը: Ինչպե՞ս դրանց վախեցնի կամ կանգնեցնի: Վաղինակ կոչված հիմարի, լկտի Սարգսի անփույթ ու փնթի վարքը շշմեցրել է իրեն, հունից հանել: Ուզում եմ, ուրեմն պիտի անեմ:
Եվ, ըստ էության, Կարինե բախտագուշակի վերաբերմունքն էլ նույն տիպի է՝ «ես քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես ինձ է հարմար: Այդպիսին է կյանքի իմ օրենքը»: Իսկ ինքն ինչպե՞ս վարվի նման էակների շրջապատում: Ամուսնուն նախադեպի մասին ասելն ուշացրել է և եթե հիմա վերապատմի, հնարավոր է նաև, որ նա իրեն չհասկանա: Հիմա էլ նրա գլխում տան գաղափարն է գերակա: Տիգրանին չի կարելի խառնել նման պատմությունների մեջ: Հովսեփն էլ երեխա է, ու առանց այդ էլ իր համար արդեն արել է անհնարինը: Պետք է դրանց սպառնալ հնարավոր սպառնալիքով, վախեցնել մեջները բուն դրած վախով, խելքի բերել, հասկացնել ընդունված գաղափարով: Սաթիկը փորձում էր երեկոյան զրույցի համար բարեհաճության դաշտ ստեղծել, որի ֆոնին Սեդայի տանը կատարվածից հետո ամուսինը պետք է, որ ավելի կշռադատված հետևություն աներ: Ճանապարհին մտքում կրկնում էր՝ «ես դրան կհաղթեմ, ես դրանից առավել եմ»:
Բայց և ցավ ապրեց և Վահագի ծաղիկների մատուցման ձևից և Կարինեի ծաղիկներն ընդունելուց՝ իբրև սովորական և սպասված նվեր՝ «Դու այստեղ եղել ես, սիրելի՜ս: Ու՝ ոչ մի անգամ»:
Կարինեն սեթևեթեց,- Օ՜յ, ջենտլմեն: Մեր գյուղում հազվադեպ երևույթ:
Սաթիկն անցավ իր մարտավարությանը: Նա թշնամու տարածքում էր, թուլանալու իրավունք չուներ,- Ձեր նման կնոջ կողքի՞ն: Երևի ուշադրության պակաս չե՜ք զգում:
Կարինեն թաքուն նայեց Վահագին ու փորձեց աֆորիզմ թխել շիկացած իրավիճակի թոնրում,- Ամեն թռչող արծիվ չի, սիրելի՜ս:
Վահագը կուրծքը ուռացրեց, Կարինեի աչքերը փայլեցին, Սաթիկը տխրեց՝ պատկերացնելով ամուսնու արծվի կոչմանն արժանանալու ջանքերը:
-Ինչպե՞ս անցկացրեցիք ժամանակը Սեդայի տանը,- հարցրեց ու հայացքը փախցրեց: Սաթիկը հասկացավ, որ նա արդեն որոշ բան գիտի: Ուրեմն մնում է սպասել, թե երկուսով երբ են քննարկելու եղածն առանց իրեն:
Վահագը հոգոց հանեց,- էդ հիմար Սարգիսն էնտեղ էր: Հարբեց ու ամե՜ն ինչ փչացրեց:
Կարինեն հուզմունք ձևացրեց,- Ա՜խ, ո՜նց եմ ցավում: Ընդհանրապես խելոք, համեստ անձնավորություն է: Բայց որ հարբում է, հիմարանում է:
Սաթիկը նայեց ամուսնուն,- Նաև ապուշանում է, երբ օտար կինը մերժում է իր կեղտոտ առաջարկը: Կինն էլ հիմարանում է, երբ բարկանում է: Թե չէ, ընդհանուր առմամբ նորմալ մարդիկ են: Ու որ չկատաղեն ու մեզ չհայհոյեն, երևի այլևս չբարկացնենք:
Վահագը խեղճացած ու աղաչական հայացքով նայեց Սաթիկին՝ «Հետո հա՞, տանը»:

Կարինեն հյուրերին առաջնորդեց սենյակ,- Տեղավորվեք, գալիս եմ,- ու գնաց խոհանոց: Սենյակում ամեն ինչ կար գուշակությանը տրամադվելու համար՝ միստիկ ցիտատներ, անորոշ արտահայտությամբ դիմակներ, կիսախավար ու հազիվ լսվող երաժշտություն, որ չես հասկանում՝ լսու՞մ ես, թե՞ ներսումդ է խաղում: Պատերին ու պահարաններին շարված էին բազմանշանակ հմայիլներ ու թալիսմաններ, բազմատեսակ մոմեր: Ընկճված ու իրեն կորցրած հաճախորդի համար, իհարկե, Կարինեն կվերածվեր իսկական քրմուհու՝ անցյալն կարդացող ու ապագան տեսնող, բայց Սաթիկի համար նա «կիսագրագետ հանդուգն խաբեբա» էր՝ ծանոթության առաջին օրվա «Վարշավայի» ու աչքերի չար փայլի պատճառով: Մոմերի հոտերի, հմայիլների առաջացրած շփոթության, թալիսմանների միստիկայի ու պատերին խզբզած մտքերի անճաշակ հավաքածուում նա տեսնում էր արհեստական խորհրդավորությամբ շիծու բռնություն խեղճացած այցելուի ուղեղին:
Վահագը շշնջաց, հիացած նայելով շուրջը,- Հը, դուրդ գալի՞ս է: -Ինչը՞…
-Ինքը… ամեն ինչը…
-Ոչ ինքը, ոչ էլ՝ կահավորանքը: Ամեն ինչից շատ է և անճաշակ համադրմամբ, ինչպես իր զարդակույտերն ու բառակույտերը… Վահագը ագահությամբ շնչում էր սենյակի օդը,- Իհարկե՜: Ինչպե՞ս կինը կգովի ուրիշ կնոջ:
Սաթիկը չխնայեց սիրելիին,- Այսինքն խանդու՞մ եմ: Քեզ չեմ հարգի, եթե դրա հետ խանդելու պատճառ տաս,- Վահագը աչքերը փախցրեց, ինքը նեղսրտեց,- Իսկ որ Քնարիկին հավանում եմ, դա հաշիվ չի՞: Սրան չեմ հավատում, որ հավանեմ: Հավատ տուր ինձ, հավա՜տ տվեք ինձ:
Վահագը ասելիք չուներ, կրակեց,- Գիտելիքը իրենն է, իր յուրացրածը, իսկ գուշակությունը տրված է: Ինչպե՞ս չես հասկանում,- ու իբր թե հետաքրքրվեց հմայիլներով ու դիմակներով:
Կարինեն հյութ և կոնֆետներ է բերում,- Հյուրասիրվեք, սիրելիներ՜ս: Գյուղում միայն թան են տալիս: Ահա լիմոնադ՝ իմ մեթոդով: Գյուղում ապրելով էլ գյուղացի չեմ ու չե՜մ դառնա: Վահագը հույսով նայեց Սաթիկին,- Մենք էլ այդպիսի ծրագիր ունենք: Ապրել գյուղում ու մնալ քաղաքացի: Չէ՞, սիրելիս: Սաթիկը բարկացավ,- Ոչ, ես չունեմ,- նկատեց Վահագի ու Կարինեի մեկմեկու ուղղված թռուցիկ հայացքներն ու շեշտեց,-Ոչ, ես չունեմ:- հիշեց իրավիճակը չսրելու իր որոշման մասին, ժպտաց,- Ես գյուղը որպես հյուր կսիրեմ: Կարինեն վառում է մի քանի մոմ, անջատում էլէկտրական լուսավորությունը, Սաթիկին ակնարկում դիմակներն ու հմայիլները,- Դուք նկարիչ եք և սրանց թաքուն իմաստը լա՜վ կհասկանաք:
Սաթիկը հասկացավ, որ արդեն իրեն տրամադրում է, ուղեկցում միստիկայի աշխարհ կամավոր հնազանդության սկզբունքով: - Ճիշտն ասած, ես միստիկայի կողմնակից չեմ: Բազմամեկնաբանություն, այլասածություն՝ այո, բայց զուտ միսիտիկային չեմ կառչում: Համարում եմ ասելիքի պակասի քողածածկույթ:
Կարինեն հասկացավ, որ Սաթիկի հետ դժվար կլինի, բայց եթե իր ոտքով է եկել իր մոտ, ուրեմն ուզում է ու պատրաստ է կոտրվել ու հավատալ,- Դե, արվեստն ունի իր օրենքները, գուշակությունն՝ իր: Հիմա մենք միասին կբացահայտենք եղածն ու կնշմարենք գալիքը:
Սաթիկը միամիտ ժպիտով նայեց Կարինեին,- Իսկ հնարավոր չի՞ մոմերը հանգցնել: Դրանց հոտն ինձ ճնշում է:
Կարինեն չոր խոսեց, բայց ակնհայտորեն շփոթվել էր նման հանդգնությունից,- Ոչ: Դրանք են ինձ ուղղում դեպի քո անցյալի թունել: Առանց դրանց Դուք ինձ չեք առաջնորդի այնտեղ: Սաթիկը դեռ ժպտում էր,- Դե լա՜վ, առաջնորդվեք: Չնայած, չե՜մ հասկանում, թե ի՞նչ եք փնտրում իմ անցյալում: Ես այն գիտեմ, ամուսնուցս գաղտնիք չունեմ: Իսկ կողմնակի մարդու մեկնաբանության կարիքը չեմ զգում:
Շփոթված Կարինեն արդեն մոլորվեց,- Բա ինչու՞ եք եկել: Վահագը անզոր հայացքով ուսերը թոթվեց:
Սաթիկը ժպտաց,- Որպեսզի մեր ապագայի վարագույրը հետ քաշեք, տեսնենք՝ այնտեղ ի՞նչ է մեզ սպասվում: Թե կարող եք, քաշեք, խնդրու՜մ եմ: Այնքա՜ն հետաքրքիր է:
Կարինեն լրջացավ ու հավաքվեց,- Բայց ապագան ստեղծվում է իմաստավորված և ճիշտ գնահատված անցյալի վրա: Հարգելի Վահագ, տիկինդ սովորական հաճախորդ չի՜:
- Նա իսկի սովորական տիկին էլ չի: Անսովոր է ամե՜ն ինչում, նույնիսկ անկողնում՝ գիշերը:
Սաթիկը նեղվեց,- Չեմ եկել քննարկվելու, խնդրու՜մ եմ: Եկել եմ գուշակվելու:
Կարինեն սեղանին ուլուքներ լցրեց,- Եկե՜ք, սիրելիս: Այս ուլունքները շարեք սեղանին ինչպես հարմար կգտնեք: Վահագ, գնացեք մյուս սենյակ, զբաղվեք համակարգչով: Ձեզ հետ հետո առանձին կզրուցենք: Թխվածքով հյուրասիրվեք, նույն տեղում է:
Վահագը գնաց մյուս սենյակ ու Սաթիկի ուղեղում նրա շարժումներն էին: Ահա մոտեցավ պահարանին, անսխալ բացեց դարակն ու փակեց: Չարացավ՝ «Իրոք՝ գիտի»: Ուլունքները ոչ թե շարեց, այլ զառերի նման շպրտեց սեղանին: Մի քանիսը հատակին թափվեցին: Սթափվեց, փորձեց հավաքել, Կարինեն չթողեց,- Դա դու ես, թող մնան, որ խոսեն: Ուշադիր զննեց ուլունքների դիրքերն ու ուրախացավ,- Տեսնում եմ, թե ինչպես է հաջողությունը ընդառաջ գալիս: Իսկ Դուք, չճանաչելով, խուսափում եք, քանի որ արտաքինը չեք հավանում: Հավատացեք, նա իրավունք չունի երեսը լրիվ բացելու, բայց դա ինքը՝ հաջողությունն է:
Սաթիկը չհակաճառեց, որ վերջացնի անիմաստ ներկայացումը, որի միակ հանդիսատեսն ինքն է, այն էլ՝ թերահավատ: Կարինեն, ըստ իր պրակտիկայի, սպասում էր հաճախորդի միայն իրեն նկատելի գլխի հաստատող շարժմանը, իսկ այն չեղավ: Սաթիկը դրա մասին չէր մտածել: Եվ Կարինեն որոշեց հաջողության հույսը պատվաստել, փաթաթել Սաթիկի մտքերին,- Եթե դուք հաջողությանը ժպտաք ու թևանցուկ անեք, նա կներկայանա ողջ հմայքով, ինչպես գաղտնի սիրավեպը: Պետք չի այդքան թերահավատ լինել: «Ահա և ենթատեքստի շոշափուկը» մտածեց Սաթիկը, բայց լռեց, սպասելով բուն տեքստին: Կարինեն ինչ որ թուղթ մեկնեց Սաթիկին,- Ինձ հավատացեք, շա՜տ եք թերահավատ: Գրեք սրա վրա Ձեր ցանկությունը, որ կարևոր է Ձեզ համար:
Սաթիկը գրեց՝ «Այլևս Ձեզ չհանդիպեմ, չլսեմ, չհիշեմ», մտածելով՝ «դե, թող գուշակի, կամ էլ կարդա ու ցնդի՜»:
Կարինեն թուղթը ճմռեց, դրեց ափսեի մեջ, ափսեն տեղադրեց հայելու դիմաց, Սաթիկին լուցկի առաջարկեց,- Այրեք, խնդրում եմ: Կրակը մեզ կտանի Ձեր մտքերի խորխորատներ ու այնտեղից ցույց կտա ճիշտ ելքն ու կուղեկցի ապահով ուղի: Սաթիկը թուղթը վառեց: Կարինեն այնպես էր նայում մերթ կրակին, մերթ հայելուն, մերթ Սաթիկին, որ վերջինս փորձեց հիշել իր որևէ ամոթալի արարք: Չկարողացավ ու սպասեց Կարինեի կողմից կրակի լեզվի ծածկագիր դատավճռի վերծանմանը: Կարինեն խոսեց դավադիր շշուկով, հասկացնելով, որ Վահագին լսել պետք չի այդ հույժ գաղտնի լուրը,- Տեսնում եմ բալի ծառի տակ գեղեցկուհի և փողոցով անցնող մի երիտասարդ: Օհո՜, առինքնո՜ղ, խարիզմատի՜կ, ես կասեի: Գեղեցկուհին միանգամից սիրահարվում է այդ երիտասարդին ու նրան չի մերժում ոչ քաղցր ժպիտ, ոչ ինտիմ զրույց, ոչ էլ իր գեղեցիկ մարմնի գողտրի՜կ ցուցադրում, որպես այրվող ցանկության ապացույց: Մարմինս դողա՜ց: Ես էլ եմ սիրում գժոտ պատմություններ, խե՜նթ արարքներ, և դեմ չեմ դրանց պտուղը ճաշակել: Սաթիկը հասկացավ որ այս կիսագրագետ կինն իրեն գռեհկորեն սպառնում է բալի ծառի մոտի իր մութ և կեղտոտ գաղտնիքով, առաջարկելով դրա չլուսաբանելու դիմաց հլու հնազանդ մնալ: “Ահա և բուն տեքստը”:
Վախեցած դեմքով շշնջաց,- Իսկ այդ ամենն ինձ հետ ի՞նչ կապ ունի: Այդ աղջիկն իմ ինչ՞ն է:
Կարինեն բարեհոգի ժպիտով շշնջաց,- Չգիտե՜մ: Արվեստագետը պետք է կյանքը վայելի, որ այն լիարժեք ներկայացնի մյուսներին: Քո աուրան վայելելն է, ճակատագիրը՝ հաջողությունը: Տուն են առաջարկում՝ վերցրու՜, սեր են առաջարկում՝ վայելիր՜, ու եթե ենթարկվես քո աուրայի չակրային, կբարելավես նրա հարմարվետությունն ու կճանաչես երանությունը:
Սաթիկը նայեց հանգչող կրակին ու դավադիր շշջաց,-Իսկ այս կողմից ես այլ բան նկատեցի:
Կարինեն քմծիծաղեց, բայց Սաթիկի աչքից չվրիպեց նրա շփոթմունքը,- Ի՞նչ:
Սաթիկը կրակին նայեց, հայացքը լարեց,- Նույն բալի ծառը: Այդ երիտասարդ կնոջը, փողոցում միզող փնթի արտաքինով ապուշի, որ առանց քաշվելու իրեն է ցուցադրում: Որոշ տեսակի կանանց համար այդ մանկամիտ եզը խարիզմատիկ է, իսկ այդ կնոջ համար՝ տկարամիտ ապուշ, որ, բացի որձությունից, ուրիշ պարծենալու բան չունի: Հետո գլխին քարով հարված է ստանում, փախչում: Օհօ՜, էլի տեսա՜: Երեկոյան այդ միզող ապուշը վազում է ուրիշ կնոջ մոտ, միջին տարիքի, խորհրդավոր հագուկապով ու զիզի բիզի զարդեղենով: Միասին փսփսում են այդ երիտասարդ կնոջ մասին: Օ՜յ, ի՜նչ լկտի բառեր են ասում: Որ լսեիք, կզզվեի՜ք: Ո՞նց չտեսաք այդքան բան: Կարինեն լրջացավ,- Ի՜նչ պայծառատեսն եք: Էլ ի՞նչ տեսաք: Գիշերը մթան մեջ սիրեկանի համար մերկ պարող կին չի՞ երևում: Բանն ու եղած չեղածը պա՜րզ դեմը խաղացնող: Իսկ ամուսինը՝ քնա՜ծ:
Սաթիկ,- Իրո՞ք, նայեմ: Ինչ էլ մութ է՜: Չէ՜, լուսինը դուրս եկավ, տեսա: Նույն ապուշը գողի նման մտել է ուրիշի հողամաս, պատուհանից ծիկրակում, ուրիշի երջանկությունն իրեն է վերագրում ու դրանով այստեղ այնտեղ պարծենում: Օհո՜, նորից այդ նույն կնոջը տեսա, զիզի բիզի զարդեղենով ու բառապաշարով: Այդ տկարամիտի հետ նորից փսփսում է ու հավատում նրա ապուշ պատմությանը: Բայց ինչու՞, ի՞նչ շահ ունի դրանից, և ի՞նչ ունի այդ երիտասարդ կնոջ դեմ: Կօգնե՞ք՝ իմանամ։
Կարինեն արդեն խուսափում էր Սաթիկի ակնդետ հայացքից ու աներկիմաստ ակնարկներից, - Ի՞նչ շահ:
- Չգիտե՜մ: Երևի տանը թուղթ վառեմ ու պարզեմ, թե ինչպե՞ս քաղաքից եկած տղամարդը առաջին անգամ գալիս է այդ կնոջ տուն ու անսխալ գտնում թխվածքով դարակը:
Կարինեն չգիտեր անելիքը:
Սաթիկը ժպտաց,- Դե լա՜վ, Ձեր գործին եղեք, բայց ոչ ուրիշի երջանկության հաշվին: Ասում եք, ի՞նչ է ինձ սպասվում,- ու սադիստին հատուկ հրճվանքով վայելում էր Կարինեի խեղճացած ու մոլորված հայացքը:
Կարինեն ընդունում է պարտությունը,- Օ՜ֆ, գլոււխս ցավե՜ց: Էսօր շա՜տ լարված օր էր: Եթե սուրճը չօգնի, ներող կլինե՜ք: Դուք իմ մոտիկներ՜ն եք: Սաթիկը թույլ չտվեց պատվով նահանջել,- Այսքան սպասել ենք, հերթագրվե՜լ, լարվե՜լ: Բա մի բան չիմանա՞նք:
Կարինեին մնում էր միայն նյարդային ծիծաղել, - Չէ՜, Սաթիկ ջան: Դու հաստա՜տ կարիք չունես: Թուղթ կտամ, դա հատուկ տեսակի է, տանը կվառես, ամե՜ն ինչ կիմանաս:
Սաթիկը չզիջեց վերջին հարվածն էլ: Բոքսյորի նման մարտի ընթացքում տաքացել էր, կատաղած,- Տեսակը թղթից չի, տիրոջի՜ց է: Ձևը կգտնե՜մ:
Կարինեն պարտված էր, խեղճացած, իրեն կորցրած,- Լա՜վ: Այսօր վե՜րջ: Մնա մյուս անգամ:
Վահագը ներս մտավ,- Եվ ինչ, տեսա՞ք մեր ապագան:
Սաթիկն արդեն կանգ առնել չէր կարող ու Վահագին էլ չխնայեց,- Տանը կտեսնենք: Պարզվում է, որ ես էլ, դու էլ պայծառատես ենք: Օրինակ, դու անսխալ գտնում ես անծանոթ տանը գտնվող թխվածքը: Իսկ ես տեսա կրակի մեջ, որ դու արդեն եղե՜լ ես այս տանը։- մտածեց՝ «քանի շշմած են՝ շշմահարեմ»,- Ու թե՝ ինչով եք զբաղվել, ու հաճելի ժամանակ եք անցկացրել։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար շատ տհաճ էր ձեր արածը:
Շշմած Վահագը նայում է Կարինեի մոլորված դեմքին,- Մոռացել էի ասել, որ մի անգամ եղել եմ, զրուցել:
Կարինեն փորձեց կատակով թեման փակել,- Դե, ես բոլորի հետ էլ սրճում եմ, թխվածք հյուրասիրում:
Սաթիկն էլ կատակեց, ծանակելով հիմնական զոհին,- Իրո՞ք, նույնիսկ խարիզմատի՞կ երիտասարդի՞ն՝ լկտի վարքով ու բառապաշարով,- ու գոհ մնաց, համոզված լինելով, որ իր անցյալի այդ տհաճ էջը փակվեց Կարինեի համար:
Վահագը չհասկացավ անարկը, բայց Կարինեի շփոթվելուց ու Սաթիկի չարացած դեմքից զգաց, որ սենյակում դերերը փոխվել են: Սաթիկն ինչ որ բաներ է լսել ու իր կասկածները գնդասեղով շարել Կարինեի ճակատին: Կարինեի դեմքն, իրոք, չէր բացվում:
Նայեց ժամացույցին,- Մոռացել էի՜, Տիգրանի հետ կարևոր զրույց ունեմ: Գնանք, մնա մյուս անգամ:
Սաթիկի կատաղությունը եռում էր, ծանակել էր ուզում, զոհի խեղճություն։ Սադիստի դաժանությամբ նորից հարվածեց լիիովին խեղճացած Կարինեին,- Սիրելիս, իսկ ինչքա՞ն ենք վճարելու: Հո այսպես չե՞նք հեռանա,- ասեց ու փոշմանեց, բայց արդեն ուշ էր ու ժպտաց:
Կարինեն ոչ խոսել, ոչ էլ նայել էր համարձակվում, միայն ճակատի ու վզի քրտինքն էր սրբում: Վահագը բռնեց Սաթիկի թևը,- Գնա՜նք, հետո: Ասեց, չէ՞, մնա հետո: Բոլորի հետ էլ լինու՜մ է: Բայց երբ երկուսով մոտեցան մեքենային, Վահագը բանալիները չգտավ,- Բանալիները մոռացա,- ու շտապեց ներս: Սաթիկը համոզված էր, որ բանալիները նրա գրպանում էին ու երբ վերադարձավ, հարցրեց,- Եվ ի՞նչ ասեց բժիշկը:
- Ի՞նչ բժիշկ:- հասկացավ ծաղրն ու սրտնեղեց, քանի որ ինքն էլ էր մեղադրյալ,- Իրո՜ք, էս ի՜նչ ես դարձել: Իմ համեստ Սաթիկին եմ ուզում:
- Ես էլ: Հենց հիմա քաղաք ենք վերադառնում ու կստանաս քո Սաթիկին, երդվու՜մ եմ: Տա՜ր ինձ այստեղից, հե՜նց հիմա: Նույնիսկ Քնարիկիս հրաժեշտ չեմ տա:
Վահագը շփոթված էր,- Էլի դմբոացա՞ր: Ա՜խ Սաթիկ, վա՜խ Սաթիկ: Գնանք, տեսնենք, թե Քնարիկդ ինչո՞վ է մեզ կերակրելու: Տիգրանի հետ էլ խոսելիք կա:

5
Տիգրանենց տուն նրանք գնացին տարբեր տրամադրությամբ ու սպասելիքներով: Սաթիկը կարծես թե վերադարձավ հարազատ միջավայր, վերագտավ իրեն ու վերջապես բացվեց ու ժպտաց: Նրան թվում էր, թե կատարվածն ու ինքը կարողացել են ամուսնուն համոզել փակել Սեդայի տան թեման: Վահագին էլ թվում էր, որ ինքը կարողացել է կնոջը հասկացնել, թե Սեդայի տուն տեղափոխվելն իր համար կենսական նշանակություն ունի, ու նեղվեց Սաթիկի պահվածքի որակական փոփոխությունից, այն վերագրելով կնոջ վրա Տիգրանի ազդեցությանը: Տիգրանի պատճառով իրենց մեջ խորթություն է առաջացել: Առաջ քիչ թե շատ նույն հետաքրքություններն ու թեմաներն ունեին: Իսկ հիմա ինքն անտրամադիր, իսկ նրանք միասին ծիծաղում են տափակ նյութի վրա, իրար նկատմամբ էժան կատակներ ու կսմիթներ կիրառում, ու իր Սաթիկն իրեն լավ է զգում: Ինքն իրեն չի կարող թույլ տալ մասնակցել այդ անմտությանն ու դա Սաթիկին չի հուզում: Համոզված է, որ ֆիզիկական խանդի պատճառ չկա, բայց ընտանիքը միայն սեքսը չի:
Ընտանիքը համապրում է, իսկ այն չկա: Վիճում են տան պատճառով, Կարինեի, ու հիմա էլ սա՝ ապրումների ընդհանրության բացակայությւնը: Եթե դա չեղավ, կստացվի տնօրեն Խորենի ասածը: Ինքը փաստորեն հայտնվել է Խորենի կնոջ վիճակում: Սաթիկն այնքան լավ էր զգում իրեն, կարծես թե իր տանն էր: Հովսեփի հետ խոսեցին Դավիթիկի հետ, ասեցին որ կարոտել են: Դավիթիկը Հովսեփին հրավիրեց խաղալու, խոստանալով իր գնացքը տրամադրել: Վահագը նեղվեց:

Հացի սեղանի շուրջ Տիգրանը նորից գինի առաջարկեց: Վահագը հրաժարվեց, իսկ Սաթիկը հայացքով ամուսնուց մի բաժակի թույլտվություն խնդրեց, քանի որ այդ դեպքում Քնարիկն էլ կխմեր, ինչը քիչ էր լինում: Վահագը բարկացած համաձայնվեց, քանի որ պատրաստվում էր Տիգրանի հետ քննարկել Պեպոյի բերքի գնման հեռանակարը: Սաթիկն, իր կինը, ավելի ուրախ և ազատ է զգում Տիգրանի ընկերակցությում, քան՝ իր: Եթե ուրիշ ոչինչ էլ չկա, վատ է, շա՜տ վատ: Պետք է հեռացնել նրան այստեղից, քանի դեռ այդ փոխադարձ համակրանքը չի վերածվել ուրիշ բանի: Վահագը մոռացավ Պեպոյին ու նրա հետ գործարքը, մոռացավ Սեդային իր տան հետ, մոռացավ աշխարհը: Աչքերի դեմ կիսաօտար տղամարդու հետ կատակող ու շաղակրատող իր կինն էր, իր աշխարհի կենարար ավիշը:
Ու մի պահ, երբ իրեն թվաց, թե Սաթիկի ու Տիգրանի ձեռքերը կպան իրար, դիմեց Տիգրանին,- Իսկ միգուցե սպասե՞ս, երբ դուրս գամ, նոր ձեռքը բռնես: Էսպես էդքա՜ն էլ սիրուն չի, չէ՞: (շարունակելի)
Создано 28.05.19 08:39
© Все права защищены
134
Безымянный 15:05 31.05.19
lavn er