Ընտրության մասին
-Իսկ վերջում դու կընտրես Նրան, ով քո փոխարեն կդասավորի կյանքդ, որովհետև շատ ես հոգնել ինքնուրույն որոշումներ կայացնելու և ամենօրյա մտածմունքների բեռը ուսերիդ կրելու չգրված ճակատագրից:
Դու չթուլացար կյանքում. միշտ ուժեղ եղար, միշտ պայքարող, միշտ կենսուրախ, բայց և կընտրես Նրան, ում աչքին հանկարծակի տխրությունդ չի թվա ձանձրալի, այլ ընդհակառակը` առիթ կլինի քեզ ևս մեկ անգամ գրկելու:
Որովհետև քո ժպիտի միակ հանգրվանը նրա գրկում պիտի գտնես, և թախիծդ միայն նրա առաջ պիտի չթաքցնես:
Հազարների միջից դու կընտրես Նրան, ով նվնվալուդ պահին քեզ հետ կխոսի երեխայի ձայնով, չնայած մազոտ մռութների ու տղամարդայնացած կառուցվածքի առկայությանը, և այդ ձայնը դու պիտի պաշտես, ինչպես պաշտում ես գիշերվա լռությունը` աղմկոտ երեկոյից հետո:
Դու Նրան կընտրես, որովհետև ամենածանր օրդ կթեթևանա նրա ընդամենը մի զանգից, որովհետև ամենախոցելի վերքերդ կսպիանան մի համբույրից նրա, ու ամենամութ ապագան կլուսավորվի նրա ընդամենը երեք բառից` դու իմն ես լինելու:
Եվ որովհետև նա քեզ երբեք չի ասելու, որ սիրում է, դու հենց Նրան պիտի ընտրես` հաստատ իմանալով, որ խոսքերը փչվում են, իսկ զգացողությունները` հարատևում:
Դու պիտի զգաս, որ աշխարհում ոչ մի տեղ անվտանգ չի այնքան, որքան ամենավտանգավորի կողքին, ու հենց Նրան պիտի ընտրես` կուրորեն հավատալով, որ նույնիսկ հարազատ մարդիկ սխալվում են, բայց սիրտդ` երբեք:
Դու կհասկանաս, որ կատաղության պահին նա կարող է վերածվել մարդասպանի, կենդանու, քայլող վտանգի, բայց և վստահ կլինես, որ ամեն բան և բոլորը կարող են տուժել նրա կատաղության բեկորներից, միայն ոչ դու և ոչ էլ սիրտդ:
Եվ դու կլինես միակը, ում մատների ամենաթույլ ու աննշան հպումից պիտի հանդարտվի միտքը նրա, ու մարմինը պիտի ընդունի իր նախկին մարդակերպ ձևը:
Վերջում դու անպայման կընտրես Նրան, ով մարմինդ մերկացնելուց առաջ կցանկանա տեսնել քեզ հոգով մերկ: Կստիպի պատմել ամենասարսափելի գաղտնիքներդ ու կիսվել մանկության անիրականալի երազանքներով:
Դու կընտրես Նրան, ով սեփական ցանկությունները քեզ պարտադրելուց առաջ լուռ կկատարի այն ցանկությունդ, որի մասին ինքդ քեզ անգամ խոստովանած չկաս:
Անկասկած դու կընտրես Նրան, ում կկարոտես նույնիսկ կողքին նստած,
և ում պակասից անպայման կհիվանդանաս:
Դու Նրան կընտրես, ում ամենաթանկ ընտրությունը կլինես Դու: