Литературный портал

Автор поста

Օգնիր ինձ (13) 18+

20 
Առավոտյան դպրոց գնալուց առաջ Հովսեփը Վահագի ներկայությամբ Սեդային կարգադրեց Վահագ ապերի գնալուց հետո դարպասը ներսից ամուր փակել ու զգույշ լինել, թեև ինքը շուտով գալու է:
Սեդան դժգոհ քրթմնջացրեց, բայց խոստացավ,- Ես տանն եմ, էլ ի՞նչ փական: Գյուղում ո՞վ է դուռը փակում, ամոթ էլ ա: Իմ տունը հո գազանանոց չի՞: Խեղճի սենյակի դուռը փակի տակ, տան բակը՝ փակի տակ, կողքին էլ՝ միշտ պահակ:
-Պահակ կա, միշտ կողքին է, բայց խելքը գլխին բան չի ասի,-բարկացավ Հովսեփն ու գնաց:
Նրա ու Սեդայի հարաբերություններն ակնհայտորեն չէին սոսնձվում:
Վահագը հավանեց Հովսեփի գաղափարն ու տանից դուրս գալուց առաջ Սեդային հիշեցրեց դարպասի մասին:
Երբ Սեդան քրթմջալով այն ներսից փակեց, ինքը փորձեց դրա ամրությունն ու շտապեց քաղաք:

Գնում էր քաղաք լավ լուրի հետևից, բայց նյարդերը լարված էին ու մտքերը գյուղում էին Սաթիկի հետ պատահածի պատճառով: Ինչ որ բան իրենից թաքուն պահեցին: Եվ կարծես թե այդ երեխան՝ Հովսեփն իրենից շատ բան գիտեր: Դարպասը փակելուն նրա ստիպելը պատահական չէր: Սեդան է ինչ որ բան թաքցնում, ու ինչ որ բանից խիստ վախենում:

21
Դպրոցում Հովսեփն իրեն անհանգիստ էր զգում: Այսօր ինքը ոչ մի դեպքում չի դավաճանի իր Սաթիկին ու կարդարացնի իր հանդեպ նրա ակնկալիքները: Ինչ էլ աներ՝ բարևեր տղերքին, ժպտար Լիաննային, թե՝ խոսեր ուսուցչուհու հետ, ուշադրությունը Սեդայի տան կողմն էր, Սաթիկի վիճակը: Տետրերը բաժանեցին, թեմաներն առաջարկեցին: Ինքը նյութը գիտեր, բայց մի քանի նախադասությամբ շարադրեց՝ ինչ որ հիշում էր, ու ուսուցչուհի Հակոբյանին զեկուցեց, որ ավարտել է, և կուզենար շուտ տուն գնալ, քանի որ իրեն լավ չի զգում: Նելլիին թռուցիկ հայացք գցեց տետրի վրա, հասկացավ նրա հոգեվիճակը, բայց խնդրեց գոնե մի էջ էլ ավելացնել: Այդպիսի գրվածքով նա չէր հաղթի: Ափսո՜ս է երեխան, ափսոս են տարիների իր ջանքն ու ներդրումը: Մի քիչ անց, հասկանալով, որ Հովսեփը ոչինչ չի ավելացնելու ու միայն աղաչական հայցքով իրեն է նայում, ամաչեց իր արածի համար, թույլտվություն վերցրեց դասարանում ներկա ներկայացուցչից ու երեխային բաց թողեց:

22
Սարգիսը որոշեց առավոտյան մտնել Սեդայի տուն, ներողություն խնդրել: Համոզված էր, որ եթե կանայք Վահագին չեն ասել՝ կներեն, քանի որ Սեդան իրեն սիրում է, իսկ Սաթիկն արդեն իրեն ուզում է: Հետն էլ իր բաժին խմիչքը կխմի, Սեդային կխնդրի ու նրա անունով սիգարետ կվերցնի: Կփորձի ձեռի հետ էլ Սաթիկից ճշտել մոտակա հանդպման տեղն ու ժամը, ու եթե հաջողացնի, մի քիչ էլ ձեռ մեռ կգցի, կխաղա ծծերի հետ, ու՝ կհաշտվեն: Նորից հիշեց, թե «Ի՜նչ սիրուն էր սիրում սիրուն Սաթիկը»: Մենակ թե՝ էլ Սեդայի մոտ թատրոն չխաղա քաղցրը, վտանգավոր է շա՜տ:
Առավոտյան սպասեց փողոցի մյուս ծայրում, հեռվից հետևեց Սեդայի տան դարպասների մոտի անցուդարձին: Ահա Տիկոյի լկստված լակոտը գնաց դպրոց: Վահագն էր ուշացնում: Եթե չգնա, ստիպված այսօր կմնա առանց դոզայի, կամ էլ՝ պարտքով պիտի խնդրի: Երկար կանգնեց, վերջապես Վահագը մեքենան դուրս արեց, մոտեցավ դարպասին, ինչ որ բան ասեց ու գնաց: Սարգիսը նայեց շուրջը՝ փողոցը դատարկ էր: Մոտեցավ դարպասին՝ փակ էր: Հասկացավ, փակել են իր համար: Բայց դա իր համար արգելք չի, քանի որ գիտի դարպասի գաղտնիքը: Ներքևից ոտքով ուժեղ հրում ես, ներքևի մասը մի փոքր բացում, ձեռքդ ներս տանում, ու քեզ մի քիչ նեղութուն տալով, փականը հետ տանում:
Շատ է արել Սեդայի հետ վիճած ժամանակ: Սեդան հետո է հայտնաբերել, որ խմիչքը պակասել է, իր վրա գոռգոռացել, բայց այդպես էլ չի հասկացել, թե ո՞նց և ե՞րբ: Անձայն վազեց վերև, մտավ խոհանոց, ընդունեց իր բաժինը, ծամեց մի բրդուճ ու ականջ դրեց: Տանը խաղաղություն էր: Սաթիկի դուռը փակ էր:
Թակեց, ձայն տվեց,-«Քաղցր, ե՜ս եմ, բա՜ց»: Արձագանք չեկավ: Նեղացել է քաղցրը: Ոչինչ, ո՜ւր պիտի փախնի: Մի օր էլի սիրուն կսիրի իրեն սիրուն Սաթիկը: Աստիճաններով իջավ, որ աննկատ հեռանա:
-Սաթիկ ջա՜ն, էս դանակը ձեռիդ հետ տար վերև, գալիս եմ,-Սեդայի ձայնն էր:
Ուրեմն՝ Սաթիկը հողամասից սենյակ է բարձրանում: Իսկն է, կսպասի, միասին կբարձրանան, կզրուցեն մինչև Սեդայի գալը, ձեռ մեռ կգցի ու՝ էլի իրեն սիրու՜ն կսիրի սիրունը: Թե հասցնի էլ, հենց տեղում հարցերը կլուծի:
Հողամասի կողմից մի կին եկավ, տեսքը հիվանդոտ, մազերն՝ անհավաք, երեսներն ուռած, մաշկին՝ ցան:
«Էս երևի Վահագն է ծառա կանչել քաղցրիս համար: Մի կարգին կնիկ չկա՞ր, սրան են բերել»,- ցածրաձայն դիմեց կնոջը, որ Սեդան չլսի,-Քուրիկ ջա՜ն, Սաթիկին չե՞ս կանչի, երկու բառ ասեմ, գնամ:
Սաթիկը ճանաչեց իրեն բռնացողի ձայնը, սառսռաց,- «Այս ապուշն իմ ճակատագիր՜ն է: Ախր դարպասը փակել են, չէ՜ր կարող հայտնվել»:
Ձեռքն առաջ պարզեց ու անկանոն շարժեց, չնայելով նույնիսկ Սարգսի կողմը, փորձելով խանգարել իրեն մոտենալը,- Հեռու՜, չմոտենա՜ք, արգելու՜մ եմ:
-Սաթիկ ջա՜ն, բան ասեցի՞ր: Գալի՜ս եմ: Նազիկին էս էլ պատմեմ, գա՜մ,-Սեդայի ձայնն էր:
Սարգիսը զարմացավ՝ «Ձենն իրանն ա, բայց՝ ինքը չի»,-Էս դու՞ ես, քաղցր: Հո հիվանդ չե՞ս: Մի գոռա: Բան ասեմ, գնամ: -Չմոտենա՜ք,- Սաթիկն անիմաստ ու անկանոն շարժումներով թափահարում էր ձեռքը, որում դանակն էր:
Սարգիսն զգուշացավ: Հիշեց, թե ինչպես կատաղի շարժումով իր վիզն արյունոտեց: Փորձեց հանգստացնել կնոջը,- Ի՜նչ ես լրբացել: Գնանք էն անկյունը, երկու բառ ասեմ, գնամ: Դանակդ էլ հեռու տա՜ր:
Սաթիկն իրեն չէր տիրապետում: Հիմա կկրկնվի երեկվա մղձավանջը: Միայն ձեռքն էր առաջ պարզած թափահարում,- Հեռու՜, արգելու՜մ եմ: Գնացե՜ք, հեռացեք, խնդրու՜մ եմ:
Սարգիսը զայրացավ: Գի՞ժ է, թե՞ ձևացնում է: Փորձեց հանգստացնել, թևից բռնել, երկու հանգիստ խոսք ասել:
Ձեռքը տարավ կնոջ թևին, տեսավ իրեն ուղղված դանակը, այն հետ մղեց: Կինը կծկվեց, ձեռքը տարավ փորին: Սարգիսը կնոջ ձեռքերի տակ արյուն տեսավ, վախեցավ:
Դարպասից դուրս փախավ, շուրջը նայելով,-Լավ է՝ մարդ չտեսավ, մատնահետք էլ չթողեցի: Թե չէ՝ հետո չես հասատի: Շա՜ռ էր էլի՜, եկավ կպավ: Արագ արագ քայլում էր, վախեցած շուրջը նայում ու մտաբերում,- «Բայց ի՜նչ սիրուն էր սիրում սիրուն Սաթիկը»:

23
Դպրոցից մինչև Սեդայի տուն Հովսեփը վազեց առանց կանգ առնելու: Հեռվից նկատեց տան դարպասի բաց դռնակն ու սիրտը սկսեց բաբախել: Երբ արդեն մոտենում էր, այնտեղից դուրս եկավ Սարգիսը, գողունի նայեց շուրջն ու արագ հեռացավ: Հովսեփի սիրտը վատ կանխազգցումից մի պահ կանգ առավ, -Կանգնիր, բա՜ն եմ ասում,- գոռաց ու վազեց:
Եթե վազեր դեպի Սարգիսը, կհասներ, բայց որոշեց Սաթիկի վիճակը ճշտել ու բակ մտավ: Սարգիսն առանց հետ նայելու քայլերն արագացրեց, չնայած՝ անուն չէր հնչել: Բակում Հովսեփը տեսավ Սաթիկին, գետնին նստած, ձեռքը փորին, որտեղից արյուն էր հոսում: Դիմացը կեղտոտ դանակ էր ընկած: Սեդան վաշ վիշ անելով փորձում էր Սաթիկին օգնել, վախենալով ինչ որ բան ձեռնարկել: Հովսեփը դարպասի մոտ ծանոթ անցորդ տեսավ, հուսահատութունից լացեց,- Լևոն քեռի, էստեղ վատ բան պատահեց: Շտապ զանգեք հիվանդանոց, ավտո գտեք, ես դրան բռնեմ,- ու վազեց Սարգսի գնացած ուղղութամբ, փորձելով չկորցնել տեսադաշտից:

Երբեմն տեսադաշտից կորցնում էր Սարգսին, քանի որ ժամանակ էր կորցնում անհուսալի Սեդայի համար օգնականներ հավաքագրելու հարցում: Եթե Սաթիկին օգնելու ռեալ թեկնածու էր տեսնում, կանգնում էր, շունչը տեղը բերում, աղաչում լացախառն հեկեկոցով,- Հերս ասեց, որ շուտ գնաս վարիչ Սեդայի տուն, քուրը լավ չի:
-Եղավ բալես, բա դու ու՞ր ես գնում, ի՞նչ ա եղել:
-Վատ բան, փորձեմ բռնեմ, որ ապացուցեմ,- ու գոռում էր Սարգսի ուղղությամբ, ձայն տալիս,- Տղամարդ չե՞ս, կանգնիր, ասում եմ:
Անցորդը զարմանում էր,- Հենց նոր Գայանի Սաքոն էր վազում: Էդ անբանը երևի էլի բան ման ա գողացել,- ու գնում է Սեդայի տուն, որտեղ արդեն բավականին մարդիկ կան հավաքված ու շտապ կարգով առաջին օգնություն են ցույց են տալիս ու լուծում Սաթիկին մեքենայով քաղաք հասցնելու հարցը: Հովսեփը վախենում էր, որ տեսադաշտից կորցնելու է Սարգսին: Փորձեց վրեժը լուծել քարերի միջոցով, -Մեկ ա, բռնելու եմ, - վազելու ընթացքում գետնից քար էր վերցնում, շպրտում Սարգսի ուղղությամբ:
Անցորդները նայում են շպրտած քարի ուղղությանը, զարմանում: Գյուղում չլսված, չտեսնված բան: Պատանին լացելով հետապնդում է իրենից փախչող մեծահասակ տղամարդուն:
Հովսեփը մարդատար մեքենա տեսավ, կանգնեց դիմացը: Լալիս էր: Վարորդը Քնարիկի բարեկամուհու ամուսինն էր, իրեն գիտեր,- Մամո քեռի…., հերս ասեց ….մեքենա գտիր, շուտ …. վարիչ Սեդայենց…. քրոջ ….շատ…. վատ է ….եղել:
-Հոսո ջան, մեծ տղա ես, հանգիստ խոսիր, առանց լացելու: Բան չհասկացա: Ի՞նչ ա եղել, ի՞նչ անեմ:
Հովսեփը փորձեց իրեն տիրապետել, բայց հեկեկոցը կանգնեցնել չկարողացավ,- Հորս քրոջը պետք ա շտապ …հիվանդանոց: Վատ ա,- ու վազեց, ժամանակ չկար:
Արդեն պետք է վազեր ենթադրաբար: Կանգնեց մի բլրի մոտ: Նայեց՝ չկար: Չուներ ոչ հետքի նշան, ոչ էլ՝ ենթադրություն, թե որ կողմ է փախել:
Մամիկոնը նստեց մեքենայի մեջ, մեքենան տեղից շարժեց ու զանգեց ձեռքի հեռախոսով,- Տիկ, ինչ որ վատ բան է եղել: Հոսոն էր վազում, չգիտեմ՝ ուր: Քո անունից էլ ինձ ուղարկեց վարիչ Սեդայի տուն..
Տիգրանին բացատրել պետք չէր,- Շու՜տ, Մամո ջա՜ն: Գնա հասիր, ու իմ անունից ի՜նչ պետք եղավ՝ կանես: Եկա:
Մամիկոնը դիմեց կողքին նստած ուղևորին,- Այ քեզ բա՜ն: Ի՞նչ պիտի լինի մեր գյուղում:
Ուղևորը ևս լարվեց,- Վատ բան, բայց ինչքա՞ն, որ երեխեն փողոցում վազելով լացի ու հիվանդանոցի հարց բացվի: Էն անբան Սաքոն էր վազում:

Հովսեփը նայեց շուրջը: Ոչինչ չէր հուշում Սարգսի գնացած ուղղության մասին: Նստեց բլրակին,անզորությունից լացեց: Չկարողացավ պահպանել իր Սաթիկին: Իսկ նա իրեն հավատում էր: Իրեն երբեք չի ներելու ոչ երեկվա անհոգ զրույցի, ոչ էլ՝ այսօրվա ստուգողականի համար: Չպետք է գնար ու վերջ:
Կորչե՜ն բոլոր ստուգողականները, երբ իր կյանքի ստուգողականը տապալեց:
Շուրջը հավաքվեցին մարդիկ, փորձեցին հանգստացնել, լացի պատճառը ճշտել: Ինչ որ մեկը ամոթանք տվեց, որ արդեն մեծ տղա է, բայց երեխայի նման լալիս է: Ինչ որ մեկը տեսել էր իր Սարգսին հետապնդելն ու հորդորում էր՝ էդ անբանին բանի տեղ չդնել: Ոչ մեկին իր լացը բացատրել չէր ուզում: Իրեն զսպեց, վազեց Սեդայի տուն:

Սարգիսը պառկած էր հեռու ազգականի առանձնատան դիմացի հողամասի թփուտներում՝ բլրակի կողքի հետ: Տեղն անհարմար էր: Դեմքը խրված էր հողի մեջ, ոտքն ընդարմացել էր՝ կծկած անհարմար դիրքով, որ չերևա: Ինքն էլ այդպես կծկված թաքնվել էր թփուտների մեջ ու վախենում էր շարժվել, որ աղմուկն իրեն չմատնի: Իսկ գյուղացիք Հովսեփի գնալուց հետո էլ քննարկում էին, ենթադրում:
Կատաղել էր՝- «Ես դեռ ծխախոտ պետք է ճարեմ, ձեր նման պարապ չեմ: Բան ու գործ չունե՞ք: Ձեզ ի՜նչ, թե Գայանի Սաքոն ո՜վ է: Բա դուք ո՞վ եք, մի հարցնող լինի: Կթրջեք տակներդ, եթե իմանաք, թե ոնց էր էս տղուն սիրում սիրուն Սաթիկը»: Լսում էր գյուղացիների դատողութոյւններն ու զարմանում,- «Էս ի՜նչ կեղտոտ մարդիկ են: Դեմդ կծիծաղեն, հետևիցդ պատ կշարեն, որ ո՜չ հետ գաս, ո՜չ էլ՝ կանչես: Դե ռա՜դ եք լինում էդ բոլորովդ: Շու՜տ կորեք, գնամ ծխելիքս ճարեմ: Էսօրվա օրս լրի՜վ թարս գնաց էդ քածի պատճառով: Բայց երեկ լավ՜ն էր ու բարի: Ի՜նչ սիրուն էր իրեն սիրում սիրունը»:

24
Վահագն ու Սմբաըը Վահագի մեքենայով գնում են Հրայրի մոտ, գումարը վերադարձնելու: Վահագը լարված է,- Գումարը տուր: Ես եմ ուզում տալ:
Սմբատը գումարը տալիս է Վահագին,- Բայց չե՜ս ասում, թե ինչ է եղել: Էդ ապուշն իրեն լավ չի՞ պահել:
-Համարյա…
- Լավ չի արել, բայց չնեղացնե՜ս: Մեկ մեկ ապուշանում է, բայց մեզ պետք է, հիշիր:
-Հա, բայց մարդ պետք է պատասխան տա իր խոսքերի համար: - Բայց ի՞նչ ա եղել…
- Տեղում կիմանաս ու կորոշես անելիքդ: Ու խոստանում եմ՝ ոնց որոշես, այդպես էլ կլինի:
Երկուսով մտան Հրայրի սենյակ, որտեղ նա նորից գարեջուր էր խմում, փորը շփելով:
Սմբատը ձեռքով բարևեց,- Բարև, Հրո ախպեր:
-Բարև տղերք ջան, բարով տեսանք,- Հրայրը ձեռքը մեկնեց նաև Վահագի կողմը, բայց նա հեռվից գլխի ժեստով ողջունեց: Հրայրը պատասխանեց նույն կերպ:
- Գումարը բերել ենք: Ավել պակա՜ս ներող կլինես: Քեզնից էլ՝ գո՜հ ենք:
- Ձեր համար՝ հարց չկա: Պետք լինի, էլի կօգնեմ:
Վահագը առանձին թղթադրամ հանեց, դրեց սեղանին,- Եթե գարեջուր ունեք, բերեք, նշենք:
Հրարը գլխով արեց, ժպտաց,- Ինչքա՞ն, մեր ախպեր: Վահագի դեմքը լուրջ էր, լարված,- Մի հիսուն շիշ: Չհերիքեց, էլի կխմենք։ Սմբատը ևս լարվեց,- Ի՞նչ խմել, ավտոյով ենք: Մենք՝ հետո: Հրայրը կանչեց,- Հակոբ, արի ասեմ:
Մյւս սենյակից երևաց Հակոբը, գլխի շարժումով բարևեց հյուրերին,- Ասա, մեծ ախպեր: Բարև, տղերք ջա՜ն:
Հրայրը ցույց տվեց թղթադրամը,-Տղերքի համար հիսուն, չէ՝ տասն էլ իմ կողմից, վաթսուն շիշ գարջուր բեր:
Հակոբը թղթադրամը վերցերց,- Ո՞ր տեսակից, տղերք ջան: Վահագը խոսում էր չոր, արհամարհական տոնով,- Որը որ՝ սիրում ես:
Սմբատը նայում էր շուրջը, պատերի նկարներին, բայց լարված էր:
Հակոբը զարմացավ ու նայեց Հրայրին,- Չհասկացա՜:
- Բեր, կհասկանա՜ս:
Հրայրը Հակոբին համաձայնության նշան է ցույց տալիս: Հակոբը շշերը բերում է, շարում սեղանին,- Ես գնամ, անու՜շ լինի:
-Սպասիր, պատիվ եմ տալիս: Ինձ մոռացե՞լ ես: Հակոբը նայում է Հրայրին, սա լռում է:
Սմբատը լարվում է: Վահագը շիշ է վերցնում, ձեռքում խաղացնում,- Հիշու՞մ ես, թե իմ համար ինչ ասեցիր:
Հակոբը, համենայնդեպս, մի փոքր հեռացավ Վահագից,- Հիշում եմ, որ տղավարի վիզ առար, որ պարտքդ կբերես:
- Դու էլ ասեցիր տղավարի, որ եթե չբերեմ, տնով տեղո՜վ կմորթես: ճիշտ եմ, չէ՞:
Սմբատը կանգնեց Վահագի կողքին:
Հակոբը նայեց Հրայրին, որը լռում էր,- Պահի ազդեցության տակ էր: Սխալս ընդունում եմ, ներո՜ղ կլինես:
Վահագը գրպանից հանեց փողերը,- Հիմա էլ ես եմ էդ պահի տակ: Տես, փողի յոթանասուն տոկոսն եմ տալիս ու մնացածից հրաժարվում: Չե՜մ տալու: Դե՜…
Հրայրը քրտնել էր ու պարբերաբար ճակատն էր սրբում, Սմբատի կողմը նայելով,- Ի՜նչ էլ բերել եք, գոհ եմ: Տղավարի ասում եմ՝ եթե չբերեք էլ, պահանջ չունեմ:
Հակոբը թեթևացած շունչ քաշեց,- Ո՜նց մեծ ախպերս ասի, ըտենց էլ կանեմ:
Վահագը գնաց դեպի Հակոբը, բայց նա նույնչափ հեռացավ,- Ինքն ասում է, փողը մոտն է, չի տալիս: Տղերքին կանչիր, ծեծելով վերցրեք: Դե՜, քանի՞ հոգով եք: Կանչիր…
Հրայրը խոսելիս նայում է Սմբատին,- Ախր ի՞նչ իմաստ ունի կռիվ անելը: Մենք ձեր հետ կռիվ չունենք: Ասածի համար ներողություն եմ խնդրում: Ի՜նչ բերել եք, ապրեք:
Վահագը չի հանդարտվում,- Ո՞նց մոռանամ: Կնոջս էիր հավանել, հետը քեֆ անել ու փողի տեղն անել էիր ուզու՜մ, տեղն ու օրը որոշում: Թե՞ հարբած էիր:
Հրայրն ավելի հաճախ է սրբում վիզն ու ճակատը,- Է՞դ էլ եմ ասել: Որ խմում եմ՝ էշանում եմ, Վահագ ջան, Սմբոն գիտի,- Սմբատը Վահագի համար նկատելի հաստատող ժեստ արեց,- Ներո՜ղ կլինես, ես ինձ լավ չեմ պահել: Ինչ էլ անես ու ասես՝ կընդունեմ:
Վահագը մոտենում է Հրայրին, սա զգուշանում է, հետ նստում,- Եթե հիմա ներեմ, ու էլի գամ ու նորից հարբած լինես, փախչե՞մ, թե՞ խոսքերդ հիշեցնեմ:
Հրայրը հայացքը փախցրեց,- Էլ չի լինի, տղավարի ասում եմ: Վահագը ձեռքի շիշը մեկնեց Հրայրին,- Հիմա կխմես, կփորձենք: Հետն էլ հյուրասիրում եմ էս եղածը: Եթե մերժեք, պահի տակ կարող է բարկանամ ու էս շշերը ջարդեմ ձեր գլխին: Հը՞, մարդ եք կանչում, որ խելոքանամ, թե՞ խմում եք, որ՝ չնեղանամ: Հրայրը ձեռքը տարավ շշին,- Բեր, Հակոբ ջան, ընդունենք մեր ախպոր հյուրասիրությունը: Խմիչք է, հո՞ թույն չի:
Երկուսով սկսեցին հերթով դատարկել շշերը:
Սմբատն ակնհայտորեն սրտնեղում էր: Վահագը լարված էր ու մարմինը ձգված: Կարծես թե՜ մարմինը պայթել էր ուզում: Հրայրի ու Հակոբի համար գնալով նկատելիորեն դժվարանում էր հեղուկը ներս ընդունելը: Այն ավելի հաճախ էր նրանց վրայով գետին թափվում, բայց Վահագը չէր առարկում:
Սմբատը չէր նայում նրանց կողմը բայց և՝ չէր հեռանում: Հրայրը խեղճացավ, հայացքը թաքցրեց,- Զուգարան եմ ուզում: Թողեք գնամ, մի խայտառակեք:
Վահագը կատաղեց, ձեռքի շիշը խաղացրեց,- Երկու շիշ էլ խմիր, ու մենք գնում ենք: Հրայրը լալիս էր՜ առանց լացելու նշանների,- Չեմ կարող, կանեմ տակս: Չի՜ սազի:
Վահագը ձեռքի շշի խցանը բացեց, շիշը պահեց Հրայրի գլխավերևում,- Հիմա շորերդ կթրջեմ, չի երևա: Դու արա… Սմբատն արագորեն Վահագին Հրայրից հեռացրեց,-Մոռացել էի, շատ կարևոր գործ կա, գնանք: Ինչ մնաց, թող մնա տղերքին, հետո կխմեն: Օգնիր ինձ, իրոք, կարևոր հանդիպում է:
Վահագը ձեռքն ազատեց ու Սմբատին ժեստով հասկացրեց իրեն չմոտենալ: Գրպանից հանեց պակասող գումարը, դրեց սեղանին, նայեց Հրայրին,- Օգնելու ու համբերելու համար շնորհակալ եմ: Բայց՝ թքեմ քո հասկացողության վրա: Լավ մնաք,- Սմբատի հետ դուրս գնացին, նստեցին մեքենան, շարժվեցին:

Մեքենայի մեջ Սմբատը երկար լռեց, հետո թույլ ժպտաց, առանց նայելու ընկերոջը,- Չէի՜ պատկերացնի, որ այդքան դաժան ես:
-Բայց դու լսեցի՞ր, թե ինչ է ասել: Իսկ ի՞նչ անեի: Դու ի՞նչ կանեիր:
-Ես հենց այն ժամանակ կջարդեի, կամ՝ կջարդվեի: Իսկ հետոն՝ մարդ կանչելով, չգիտե՜մ: Իրո՜ք, կեղտոտ բան է արել:
Վահագի կոկորդը չորացավ,- Երևի՝ ճիշտ ես: ճիշտն ասած՝ չեմ հասցնում սխալներս մաքրեմ: Սկսել եմ հաճախ ինձ կորցնել: Երևի դու էիր պակասում:
- Բայց ես միշտ կողքիդ եմ եղել,-հայացքը փախցրեց,- էդպես դու մի օր մա՜րդ էլ կսպանես:
Վահագը ևս հայացքը փախցրեց, որ Սմբատը չնկատի իր շփոթվելը,-Մարդ չէ, բայց դավաճան՝ հա:
- Բա որ սպանես ու հետո ճշտե՞ս, որ դավաճան չի: Սխալ տեղեկություն է, քեզ թվացել է, կամ՝ քեզ ապուշացրել են: Սաթիկին էլ հո չե՞ս նեղացրել:
Վահագն արագ ձեռքը տարավ հեռախոսին,-Մոռացել էի՜: Զանգեմ, տեսնեմ՝ ինչ կա,- համար հավաքեց՝ պատասխանող չկար,- Այ քեզ թարսությու՜ն, Սաթ, քեզ ինչ…, -ինչ որ մեկն այն կողմում զանգն ընդունեց,-Սաթիկ, ձայնդ չե՜մ լսում… Հեռախոսի միջից լսեց Սեդայի ձայնը,- Ամեն ինչ թող ու շու՜տ արի,- ու կապն ընդահատվեց:

Վահագը կայծակի հարվածի պես տեղում ցնցվեց: Մի կերպ կարողացավ մեքենան քաշել ճանապարհի կողեզր,- Այստեղից տաքսիով գնա: Շա՜տ կարևոր գործ կա: Հետո կզանգեմ: Սմբատը զարմացավ,- Թե պետք եմ՝ գամ:
Վահագը զուսպ խոսեց, բայց Սմբատին նրա կատաղությունը վերծանել պետք չէր,- Հետո: Շու՜տ իջիր, կզանգեմ, կասեմ: Իջի՜ր, շուտ:
Սմբատն արագ իջավ մեքենայից,-Կսպասեմ զանգիդ, չքաշվես: Քեզ էլ զսպի՜ր: Էլ մարդ չսպանես:

25
Հիվանդանոցի միջանցքում շատ մարդ կար: Այնտեղ էին դպրոցի ողջ կոլեկտիվը, Տիգրանի ընտանիքն ու ընկերները, հարևանուհիները Անահիտի գլխավորությամբ, Սաթիկին ճանաչող երիտասարդ աղջիկներ, Սեդան՝ առանց Նարեկի: Արդեն չորս ժամ էր, ինչ սպասում էին, բայց ոչ ոք տուն չէր գնում: Սպասում էին բժշկի հուսադրող լուրի:

Մանանը մի անկյունում միայնակ անձայն լալիս էր: Սկսեցին չբավականացնել անձենռոցիկները: Քնարիկը մոտեցավ, ծանոթացավ, նստեցրեց մոտակա աթոռին, ջուր հասցրեց ու մնաց կողքին: Վահագը մտավ միջանցք, չգիտեր անելիքը:

Տիգրանը մոտեցավ Խորենի հետ: Վահագը նայեց Տիգրանին աղաչական հայացքով,-Հը՞…
Տիգրանը աչքերը փախցրեց,-Չգիտե՜մ: Հիմա կարևորը ժամանակ չկորցնելն է: Պետք է ճշտել, եթե պետք է տեղափոխել, արագ կազմակերպում ենք:
Վահագը համաձանվեց,-Ճի՜շտ է, խոսիր, գումար չխնայես,- տեսավ մորը, մոտեցավ, համբուրեց, ծնկեց դիմացը, հեկեկաց,-Մամ, ների՜ր, սիրելիս:
Մանանն այդտեղ, այդ պահին Վահագին ասելիք չուներ: Արցունքների չդադարող հոսքի հետ կարողացավ շշնջալ,-Դավիթիկին կասես, տղա՜ս: Հիմա ես կաղոթեմ, դու էլ իրենով զբաղվիր…
Հիվանդասենյակից բժիշկը դուրս եկավ մտահոգ դեմքով: Նրան շրջապատեցին ներկաները: Նելլին դիմեց բժշկին դողացող ձայնով,-Բժիշկ, մի բան ասե՜ք..
Բժիշկը մտահո՞գ էր, թե՞ բարկացած՝ չհասկացվեց,- Պայքարում ենք: Երիտասարրդ օրգանիզմ է, պիտի որ աջակցի մեզ: Հարվածի վնասն ու դանակի կեղտը միացել են: Դանակը եղել է կեղտո՜տ, հողո՜տ, անհասկանալի ծագման ինֆեկցիաների փնջո՜վ: Համբերենք, հուսա՜նք:

Չգիտես՝ որտեղից հայտնվեց Հովսեփն ու ներխուժեց հիվանդասենյակ, կանգնեց Սաթիկի մահճակալի մոտ: Փորձեց չլացել, բայց այն զգացվում էր,- Սաթիկ քուրիկ, պե՜տք ես: Օգնի՜ր ինձ, խնդրու՜մ եմ: Ստուգողական ունենք՝ բան չգիտեմ, գրքերը կարդում եմ՝ չեմ հասկանում, դասերս եմ անում՝ չե՜մ հասցնում, օգնող չունե՜մ, մենա՜կ եմ: Վաղը կգաս, հա՞, խնդրու՜մ եմ:
Բժիշկը, որ դռան մոտ էր, փորձեց խոսել, բայց լսվեց Սեդայի ձայնը,- Ամեն տեղ այդպե՜ս է: Անշնորհքի պես մեջ կընկնի: Դուրս կորի՜ր, չե՞ս հասկանում՝ չի կարելին:
Բժիշկն ավելի հանգիստ արձագանքեց,-Տղա՜ս, դուրս արի ու այլևս առանց թույլտվության չմտնես,-Հովսեփը դուս եկավ սենյակից, առանձացավ, հեկեկաց,- Հը՜մ, տիկին: Պատանին վատ բան չարեց, ու ձևն էլ կիրթ էր շատ: Լա՜վ երեխա է, գովու՜մ եմ: Բժշկությունը, ցավոք, այդքան հզոր չի, որ հրաժարվի հիվանդի հոգևոր ու հուզական խթանման մեթոդից: Հարգելիներս, ո՞վ կա այստեղ՝ հարազատներից:
Վահագն ու Մանանը մոտեցան բժշկին:
Բժիշկը նրանց աղաչեց,- Հիշեցրեք ձեր մասին, առանց լարվածութուն պատճառելու: Միա՜յն դրական, խթանող ազդակներ: Շա՜տ եմ խնդրում, օգնե՜ք ինձ,-Վահագի ու Մանանի հետ մտավ սենյակ: ՝ Վահագը չկարոցավ մոտենալ Սաթիկին, վախենալով ու ամաչելով չդիմանալ ու Հովսեփի նման հեկեկալ ու Սաթիկին անհարկի հուզմունք պատճառել: Մահճակալից քիչ հեռու կանգնած լուռ լալիս էր։
Մանանը ծնկեց մահճակալի մոտ, ձեռքով թույլ հպվեց Սաթիկի ձեռքին,- Սաթս, ես եմ, բալես: էնքա՜ն ուշացաք, ես եկա: Էս չ՞եք ուզում տուն գալ, հերիք չեղա՞վ:
Սաթիկը գլուխը թույլ շարժեց: Վահագը ժպիտի նշաններ տեսավ, սիրտն ուրախությունից թռթռաց: Սաթիկի շուրթերը շարժվեցին ու ձայնը համարյա չէր լսվում, բայց Վահագն ու Մանանը լսեցին,- Մամ, եկե՞լ եք, ի՞նչ կա: Կմնաք, հա՞:
Մանանը հեկեկաց,-Մերդ մեռնի քեզ ու քո առողջությանը: Եկել եմ՝ տուն տանեմ: Չե՜նք դիմանում, աղջիկս, արագացրե՜ք: Սաթիկի ժպիտն այս անգամ քիչ ավելի նկատելի էր: Բժիշկը խնդրեց դուրս գնալ: Վահագը միջանցում արդեն լալիս էր առանց անհարմար զգալու: Դիմադրելու ուժ չկար: Հեռախոսը զանգեց: Առանձնացավ, միացրեց:
Սմբատն էր: -Ախպե՜ր, աչքալուսանք ունե՜ս: Հը՞, ասեմ: Վահագին լացը, արցունքներն ու ծնոտի դողը խանգարում էին խոսել, հազիվ՝ «հա՜» ասեց:
-Գումարը գալիս է, ախպե՜ր, ցավդ տանե՜մ: Մենք խնդիր չունենք ու՝ տուն ունե՜նք, տու՜ն: Աչքներս լու՜յս, ախպե՜ր: Սաթիկիս պաչիկներ, իրիկունը կսպասեք: Աստվածուհուս նվերը պատրաստիր, չնեղացնե՜ս:
Վահագն ուզում էր խոսել, բայց խանգարում էին արցունքներն ու կզակի դողը: Փորձեց, չկարողացավ: Մի կերպ արտաբերեց,-Հա՜… Տու՜…..ն….
վերջ
Դորոխովո, 2015
Создано 01.06.19 18:56
© Все права защищены
140