25
Բայց անկախ
իրենից գնաց աջիկների ժողովատեղ, բարձրացավ մոտակա բլրին ու նայեց շուրջը:
Փորձեց վերլուծել անցած գնացածը, հասկանալ իր սխալների ու վրիպումների պատճառը:
Ինչ որ բան թարս է գնում: էտա՞պ է, թե՞ սխալների պատճառ կա, որ չի տեսնում: Չհասկանալով վատ արտահայտվեց իրեն հյուրընկալողի հասցեին: Եթե Տիգրանն իմանա, կխղճա իրեն, Սաթիկին կակնարկի ու միասին կփորձեն օգնել իրենց ձևերով: Այսինքն՝ իր վատությունն իրեն կանդրադարձվի:
Վատ է, շա՜տ վատ: Ինչ՞ն իր մոտ չի ստացվում:
Ի՞նչ են տեսել Սաթիկին ու Արգիշտին այս կորած մոլորած տեղում, որ ինքը չի տեսնում: Այդ ի՞նչ հառաչանք ու ցավ են նրանք ընկալել:
Ո՞նց ասեց Արգիշտին- «Ո՞նց կձևակերպես ճիչը: Ու ամեն մեկն ըստ իր կուլտուրայի, արտահայտման միջոցի»: Ուրեմն ի՞նչ՝ ինքն ու Սաթիկն այդպես էլ մնալու են իրականության ընկալման տարբեր հարթություններում ու իրենց միջև Խորենի ասած փոս՞ն է խորանալու:
Տարածքը դատարկ էր: Ճանապարհին մի մեքենա կանգնեց: Մեքենայից իջան երկու կին ու երկու մանկահասակ երեխա:
Նրանք առաջացան ու վահագը ճանաչեց Մանանին ու Սաթիկին: Անականկալից թաքնվեց ժայռի հետևում: Շշմել էր: Իրենց ի՞նչ է եղել, ի՞նչ անբուժելի ցավ ունեն: Ա՜յ քեզ գաղտնիք, որ ցավ է բերում հետը:
Վարորդը մեքենայից չիջավ: Երևի տաքսի էր: Երեխաները վազվզեցին, սկսեցին խաղալ: Կարծես թե նրանք առաջին անգամ չէին տարածքում: Էլի ե՞րբ են եկել, ու՞մ հետ:
Կանայք մտան աղոթատեղի, որոշ ժամանակ անց դուրս եկան: Մանանը թևանցուկ էր արել Սաթիկին, որ չգիտես ինչու, խեղճացած էր և շարժուձևով և պահվածքով:
Սաթիկը շարժվեց դեպի քարե ֆալոսը,- Դավիթիկ ջա՜ն, զգու՜յշ, բալե՜ս,- այնպիսի տպավորություն էր, որ նա այդ խոսքերն ասեց մեքենայաբար: Մոտեցավ ֆալոսին, գրկեց ու ինչ որ խոսքեր շշնջաց:
Դավիթիկն իր խաղընկերուհու հետ իրենից ոչ հեռու գետնի վրա ինչ որ բանի էին հետևում,- Էստեղ ենք, մա՜մ: Ճռիկներ ու կարիճներ ենք կռվեցնում:
Վահագի մարմինը միանգամից քրտնքով պատվեց: Դիրքը որոշ չափով փոխեց, որ ավելի պարզ տեսնի երեխաների վտանգավոր խաղի մանրամասները: Նկատեց, որ նրանք երկար փայտերով են ուղղորդում դատապարտված տանջահար կենդանիներին: Որոշեց թաքնվել ու սպասել, բայց և հայացքը չկտրելով երեխաներից:
Շշմել էր լիովին: Աչքերն արցունքով էին լցվել ու այլևս ամեն ինչ տեսնում էր հոսել չդադարող արցունքների միջից:
Մանանը եկել է առանց իրեն ասելու ու միանգամից եկել են այստեղ, կարծես թե այս այցը գերակա նպատակ էր: Որպեսզի Մանանը նման բան անի ու այն էլ առանց իրեն տեղյակ պահելու, չափից ավելի լուրջ պատճառ է պետք: Ու որ և մայրը և կինը չանհանգստանան կարիճներով խաղացող Դավիթիկի համար, դա նույնն էր իր համար, եթե նույն պահին ձորից դինոզավր բարձրանար ու սկսեր արածել տեղանքում ու երեխաները նրան փայտերով քշեին:
Մանանը մոտեցավ Սաթիկին, շոյեց ճակատը,- Էստեղ մենք անելիք չունենք: Սա ուրիշ հիվանդություններ է բուժում, գնա՜նք:
Սաթիկը գրկեց քարե քանդակը, համբուրեց ու լացեց,- Բա էլ ու՞ր գնամ, ու՞մ դիմեմ, ազատվեմ էս ցավից: Նիհարեցի էլ, կմախք դարձա, էլի խանդում է, սպասնում, ի՞նչ անեմ, մա: Էլ ուժ չկա,- ու լացեց, քարին հենված,-կասկածացավ է կպել:
Վահագն էլ լացեց, շշնջաց,- Սաթ ջան, ներիր: Ախր սիրում եմ, վախենում կորցնեմ: Դիմացիր, կփոխվեմ, սիրելիս:
Մանանը միացավ լացին,- Ախ, սիրտս քրքրվում ա, բալա: Ես ի՞նչ կարամ անեմ: Իմն ա, բայց համ իրան ա սպանում, համ քեզ, համ էլ ընտանիքը: Էս խեղճ երեխեքն ինչո՞վ են մեղավոր: Էդ էլ մի հիվանդություն ա, որ ընտանիք ա քայքայու՜մ: Ախ, կասկածացավ, չորանաս դու:
Բավականին երկար ժամանակ կանայք լաց եղան իրար գրկած: Վահագն էլ ժայռի մոտ էր լալիս, երբեմն նայելով իրենց զբաղմունքով կլանված երեխաների կողմն ու հիանալով իր անվախ տղայով:
Ճանապարհին էլի մեքենաներ կանգնեցին ու սկսեցին նոր մարդիկ գալ:
Մանանը համբուրեց Սաթիկի ճակատը,- Գնանք, ու՜շ է: Սիրուն Նառայիցս բան չմնաց:
Նառա՞: Վահագը աչքերը սրբեց ու ուշադիր նայեց: Կանայք անծանոթ էին: Ոչ շարժուձևով, ոչ էլ արտաքինով նույնիսկ հեռավոր նմանություն չունեցող իր սիրելիներին:
Երեխաները վազեցին, միացան մեծերին ու բոլորը շարժվեցին դեպի մեքենան:
Վահագը փռվեց խոտերի մեջ ու նորից լացեց, ոչ այն է՝ ուրախությունից, որ սխալվել է, ոչ այն է՝ հուսահատությունից, որ այդիսի միտքը չբացառեց ու հավատաց: Մարմնով մեկ դող անցավ՝ «Միթե՞ ես Սաթիկիս իմ խանդով կհասցնեմ այս վիճակին: Շտապ տուն վազել է պետք, ներողություն խնդրել ու խոստանալ, որ երբե՜ք, այլևս երբեք չեմ տանջի իմ հիմար ու չհիմավորված կասկածներով: Բայց ախր եկել եմ, որ հասկանամ ինձ ու իրեն: Հիշել, հիշել, ամեն ինչ այս տեղի մասին:
«Փաստորեն այստեղ կա նաև Սաթիկի ճիչն ու Արգիշտին այն լսեց: Իսկ եթե այդ ճիչը բողոք է, ցավ, որ իրեն է ուղված, որ բացահայտ չի ասու: Էլ ի՞նչ ասեց Արգիշտին:
Հա՝ « Քո ասած գռեհիկ բանը վեր է ածվել ներուժ ունեցող ազդեցիկ գաղափարի, դաժան ու վեհ վախեցնող սֆինքսի: Նկարի մեջ ամբողջ տարածքը մագնիսականացված է պրկված լարվածությամբ՝ վախով, սպասումով, հույսով»:
Եթե այդ գռեհիկ բանը համարենք իմ կասկածներն ու վախը, որ իրեն կկորցնեմ, ուրեմն սիրելիս ինձ հաղորդագրություն է ուղարկել նկարի ու Արգիշտիի միջոցով՝ «Մի տանջիր քեզ, մի տանջիր ինձ, թող վայելենք կյանքը, որ մի օր չհայտնվենք աղջիկների ժողովատեղի»:
Էլ ո՞նց ասեց՝ «հայելին քեզ ամեն օր վիրավորում է»: Եթե հայելին իմ ծանոթներն են ու իրենց խոսքերից նեղվում եմ, վայ ինձ: Գնամ, թող ինքնուս հոգեբան Խորենը սթափեցնի»:
26
Խորենի տան բակում ոչ շատ գեր կին էր զբաղվում մաքրությամբ: Ըստ Խորենի ներկայացրածի՝ կինն էր:
Վահագին ճանաչեց, չգիտես՝ որտեղից,- Դուք Վահագն եք, չէ՞: Ես էլ սպասում եմ որ Սաթիկի հետ կգաք: Շա՜տ կուզենայի հետը մոտիկից ծանոթանալ: Մի անգամ դպրոցում եմ թեթև զրուցել, հիացել….
Վահագը շտապեց կտրել կնոջ խոսքի և մտքի թելը, քանի որ նա ակնհայտորեն ուզում էր ներկայացնել այդ ծանոթությունն իր նախաբանով, ընթացքով, վերջաբանով և երևի նաև՝ մեկնաբանությամբ,- Ինքը հիմա զբաղված է, մի ուրիշ անգամ: Իսկ խորենը տան՞ն է:
Խորենն ինքը դուրս եկավ, ձեռքի շարժումով ներս հրավիրելով,- Տիկինս Ճիշտ է, որ լավ չես արել, որ մենակ ես եկել, բայց մի լավ ափսե սպաս կտանք: Բայց մենք չենք ուտի, քանի որ դիետայի վրա ենք պառկած,-նայեց կնոջը, ծիծաղեց:
Կինը դժգոհ դեմքով նրան լեզու արեց:
Վահագը մտքով արդեն տանը Սաթիկի հետ իր խանդն էր քննարկում,- Եկել եմ ասելու, որ փոշմանել եմ խոսքերիս համար: Եթե քեզ էլ եմ վիրավորել, ներիր:
Խորենը ծիծաղում է,- Եկեղեցու տեղն ասե՞մ: Ես ներելու իրավունք չունեմ:
Վահագը ստիպված վերադարձավ իրականություն,
բայց, անկախ իրենից, ժպտաց,- Լավ էլի՜, լարվա՜ծ եմ: Հոգեբան մարդ ես, ինձ լա՜վ էլ հասկացար:
-
Ես ի՞նչ հոգեբան։ Հնչեղ տերմինների մեջ խճճված դիլետանտ եմ։ Փորձիր ծիծաղել, կանցնի,- երկուսով ծիծաղում են:
Վահագը ցույց տվեց իր մեքենան,- Հը, գնա՞նք Պեպոյի հետ հաշտվելու:
-Բայց ինքը քեզնից չի էլ նեղացել: Ինչ արել ես՝ քեզ ես արել: Ի՞նչ ես ուզում, եղբայր,- ծիծաղում է:
Վահագը փորձեց չծիծաղել,- Ուզում եմ հարցնել, եթե Տիգրանը, որին շա՜տ հարգում եմ, ու կնոջս սիրված եղբայրն է, երաշխավորի, որ ես փախչող չեմ, ու գումարի տերն եմ, կհամաձայնվի՞:
-Կհամաձանվի՜…
-Ախր ի՞նչ գիտես: Ինչու՞ ես ամեն ինչ կատակի վերածում:
-Ո՞նց կարող ա չհամաձանվի, եթե Տիկոն ա մեջը: Հիմա դպրոցում խնդիր կա, պետք է գնամ: Իրիրկունը Տիկոյի հետ կգնանք, մի՜ քիչ էլ կխմենք: Մի՜ վախեցիր, ոչ մեկս էլ հարբեցող չենք: Կխմենք նշանակում է, որ բաժակի շուրջ կզրուցենք, իրար կճանաչենք:
-Լա՜վ, շնորհակա՜լ եմ: Մինչ երեկո: Ի՞նչ բերեմ հետս:
Խորենը ծիծաղում է,- Տիկոյին,- արդեն երկուսով են ծիծաղում:
Վահագը հրաժեշտ է տալիս, շտապում տուն:
27
Վահագը տուն է գնում մի քիչ քնելու հույսով, որ հետո կնոջ հետ գնան Կարինեին հյուր:
Պատշգամբում սպորտային համազգեստներ հագած պատրաստ Սաթիկն ու Հովսեփն իրեն են սպասում: Կնոջով հիացավ, նաև նեղվեց, բայց այնքան էր քնել ուզում, որ ալարեց խոսել: Համազգեստն ավելի էր ընգծում նրա մարմնի բարեմասնությունները:
Սաթիկը մոտեցավ, մտավ ամուսնու թևը, հրապուրիչ ժպտալով ու աչքերին նայելով, շշնջաց,- Նելլիենք գնում են արշավի: Մոտակայքում բրոնզեդարյան բնակատեղի են հայտաբերել: Խնդրու՜մ եմ, գնանք միասին: Ո՜նց եմ քեզ սիրում:
-
Կանացի հրապույրներիդ ամբողջ զինանոցն էլ ինձ չի շեղի քնելու գերակա հաճույքը վայելելու հեռանկարից:
Հովսեփն աղաչեց,- Այնտեղ ծառ կա: Ծառի հովին մեքենան կգնանեցնես, կքնես: Մենք կգնանք, կգանք: -ցույց տվեց տոպրակը,- Ուտելիք էլ վերցրել ենք:
-
Բա գալիս եմ ի՞նչ անեմ: Թիկնապա՞հ եք տանում: Հովսեփի ահից նույնիսկ մոծակը չի մոտենա: Գնացեք, եկեք:
Շփոթված Սաթիկը Հովսեփի կարմրությունը ծածկեց նրա ճակատը համբուրելով ու ուսերը գրկելով,- Քանի գյուղում ենք, իմ համար առաջին ասպետը: Հիշիր ու դու էլ զգուշացիր: Բայց դու էլ արի: Չէ՞ որ քո Կարինեն սպասում է: Հետո էլ՝ Սեդայի տուն: Ամբողջ օրվա հեռանկարը քո պլանավորած անհետաքրքիր այցերն են:
Վահագի համար անսպասելի էր «քո Կարինեն» ու «անհետաքրքիր այցեր» խոսքերը: Ե՞րբ, ինչպես է խանդի պատճառ տվել: Պետք է հարթել, քանի որ հազար Կարինե չեն փոխարինի իր Սաթիկին: Այդպես էլ տան հարցը կնոջ համար կարևոր չդարձավ:
Իրեն համոզելու հաճելի հնարավորություն տվեց,- Լավ էլի՜, Սա՜թ,- պարտադիր աչքերին նայելով:
Սաթիկը չվախեցավ: Նայեց սիրող ու ժպտացող աչքերով,-Լավ էլի՜, Վա՜գ,- ու դիմացավ:
Վահագը աչքերը փախցրեց, հանձվնեց, համբուրեց կնոջը: Հովսեփը նայեց ուրիշ կողմ ու ծափ տվեց:
Գնում են, ծառի մոտ հանդիպում մնացածներին Նելլիի գլխավորությամբ: Մեքենան թողնում են ու ոտքով ճանապարհ ընկնում:
Որոշեց ինքն էլ տեսնել: Իրոք, հետաքրքիր էր: Էլ ե՞րբ, որտե՞ղ: Քնելը գերնպատակ չի ու չի եղել իր համար:
Նելլին ու Սաթիկն իրար, իսկ երեխաներն իրար ծափողջույններով ու գոռոցներով այնպես դիմավորեցին, կարծես թե մի տարի իրար չէին տեսել: Ինքն այդպես չի կարող, բայց ուրախությունն իրեն էլ փոխանցվեց: Նելլին հետ էլ վերջապես ծանոթացան: Ինչ որ տեղ իր Սաթիկին նմանեցրեց: Բարետես և ուրախ երիտասարդ աղջիկ էր, մատին նշանի մատանի:
Սկզբում Վահագի հետ «դուք»- ով էր խոսում, բայց Սաթիկն ու Վահագը համոզեցին, անցավ «դու»- ի:
Այնպես ստացվեց, որ միասին քայլեցին, ու Նելլին ասեց, որ նշանածը գյուղից է ու ինքը երջանիկ է:
-Շնորհավորում եմ անկեղծորեն: Բա ու՞ր է, չի՞ խանդում:
Նելլին բարեհոգի ծիծաղեց,- Շնորհակա՜լ եմ: Եկե՜ք, ծանոթացեք: Ու՞մ, իմ հրաշք երեխեքի՞ն:
Վահագը նեղացավ,- Թեկուզ՝ ինձ:
Նելլին հաճույքով ընդունեց խոսակցության կատակ տոնը,- Սաթ, բաժանվու՞մ եք:
Սաթիկը Տիգրանից լրիվ է վարակվել: Հանկարծակի չես բերի,- Առայժմ ոչ: Ի՞նչ կա: Քե՞զ է պետք թե՞ իրեն: Ասա, որ կողմնորոշվեմ:
Վահագը մտավ զրույցի մեջ,- Ինչու՞մ:
-Ում ծեծել, արյունը ծծել: Ատամներով սերս ու ընտանիքս կպաշտպանեմ:
Նելլին ծափ տվեց,- Խնդրե՜մ, ուզում է, որ դու խանդես մեզ: Կամ անկեղծ է, կամ էլ՝ քեզ է փորձում:
Սաթիկը սարսափազդու տեսք ընդունեց ու ձայնն էլ տիրական հնչեց,- Փաստեր տուր ու միասին ամբողջ գիշեր տանջելու պլան կքննարկենք, ու ես կիրագործեմ:
Վահահը փորձեց սրամտել,- Երկու գեղեցկուհի գիշերով մի տղամարդու հե՞տ: Ազնիվ չի՜:
Սաթիկը շշմած դեմքով չշարունակելու նշան արեց, բոլորից թաքուն մատ թափահարեց իր ուղղությամբ: Նելլին կարմրեց:
ճանապարհին Նելլիի ոտքը թեքվեց քարի վրա ու որոշեցին, որ ավելի լավ կլինի, որ հենց այդտեղ սպասի, մինչև խումբը գնա, վերադառնա: Այն ժամանակ կպարզվի վնասվածքի բնույթն ու իրենց հետագա անելիքը:
Սաթիկի խնդրանքով Վահագն էլ մնաց կողքին, որ արտակարգ վիճակի դեպքում կինը մենակ չլինի: Ինքը մնաց, ծածկոցները փռեց, Նելլիին օգնեց տեղավորվել ծածկոցի վրա ու փորձեց քնել:
Մինչև քնի փուլ անցնելը որոշեց զբաղեցնել Նելլիին,- Եթե նշանածդ իմանա, որ այ այսպես՝ դաշտում անծանոթ տղամարդու հետ ես եղել, չի՞ խանդի:
Նելլին զարմացավ,- Ինչի՞ համար: Կարծես թե Սաթիկի ամուսինը չլինես, զարմանու՜մ եմ:
Վահագը զգուշացավ: «Այսինքն Սաթիկն ի՞նչ»,- Ի՞նչ նկատի ունես:
-
Մարդկային հարաբերությունները կառուցվում են կամ պարտադրանքի կամ էլ հավատի հիման վրա: Մենք իրար հավատում ենք: Ձեր ընտանիքում միթե՞ այդպես չի:
Բարկացավ երիտասարդ աղջկա ավելորդ ինքնավստահության վրա: Խոսելը գիտեք, իսկ կյանքում ո՞նց եք, եթե հանկարծ հիմար մեկը փորձի: Ու որոշեց այդ հիմար մեկի դերը խաղալ:
Վերջ ի վերջո Նելլին նույն Սաթիկն է՝ հաճելի արտաքինով, գրավիչ դեմքով ու մարմնով, տղամարդկանց հայացքներ ձգող: Վերջապես կպարզի իրեն տանջող հարցը՝ ինչպե՞ս կպահի իրեն Սաթիկը նման իրավիճակում,- Ի՜նչ գեղեցիկ ամպ է,- Նելլիին հասկացրեց նայել վերև:
Անխոս մոտեցավ կնոջը, մեղմ հրումով պառկեցրեց ու սկսեց համբուրել: Իրականում կիրք չկար: Հետևում էր կնոջ արձագանքին:
Նելլին չէր սպասում, հանկարծակի եկավ, ձեռքերով թույլ հրեց, - Պետք չի՜, խնդրու՜մ եմ:
Մտքում կատաղեց՝ «Աղջիկ ջա՜ն, մինչև բռնացողին երկու անգամ խնդրես, բանը բանից կանցնի»:
Շոյեց, շշնջաց,- Համդ տեսնեմ, բույրդ շնչեմ, որ չգժվեմ:
Նելլին չէր ուզում, դեմքը շրջում էր այս ու այն կողմ, իրեն հեռացնում,- Խնդրու՜մ եմ… մի՜ արա: Ախր լավ բան չե՜ք անում:
Ավելի կատաղեց, պատկերացնելով Սաթիկին այդ դիրքում և այդպես համեստորեն խնդրելով բռնացողին՝ «Պատրաստի օբյեկտ ես, հիմարիկ: Համեստ մերժողին ո՜վ ուզի՝ կբռնաբարի»: Փորձեց կնոջ շալվարն արձակել: Նելլին դիմադրեց, հետո կծկվեց ու հուսահատ լացեց:
«Չէ, եթե Սաթիկն էլ է էսպես դիմադրում, արդեն մի երկու անգամ բռնաբարել են: Մնում է պարզել, ո՞վ և ե՞րբ»:
Վահագը դադարեցրեց ֆիզիկական բռնությունն ու անցավ գիտափորձի երկրորդ՝ պարզաբանումների փուլին,- Դե լա՜վ, ների՜ր: Դու ես մեղավոր, ինչու՞ չկոպտեցիր, չհարվածեցիր:
Նելլին իր կողմը չէր նայում, խոսում էր լացելով,- Ինչու՞ վիրավորեմ, եթե հարգում եմ ու գիտեմ Ձեր ինտելեկտը, ինքնազսպման կարողությունը: Բայց ասեցի, չէ՞, որ տհաճ է: Ինչու՞ եք ինձ վիրավորում, դավաճանում Սաթիկի պես մաքուր էակին:
-Բայց հենց նոր դու էլ դավաճանեցիր:
Նելլին լացը դադարեցրեց, բայց իր կողմը չէր նայում,- Ինչո՞վ:
-Նրանով, որ տանը աչքերին նայելով սուտ ես խոսելու: Թաքցնելու ես այս եղածը:
-Այսինքն կծոտեի՞, վիրավորեի, գոռայի՞, այլ ոչ թե հարգված մարդուն փորձեի կանգնեցնել: Ու հիմա զանգե՞մ, գոռա՞մ, որ գա ու Ձեր մռութը ջարդի ու մեծ աղմուկ բարձրանա:
Այն է, ինչից վախենում էր: Գոռաց,- Աղջիկ ջա՜ն, անծանոթ տղամարդը բռնանում, դու հասկանալու՜ց ես խոսում:
Նելլին նորից է լալիս,- Ի՞նչ եք ուզում ինձնանից: Հանգի՜ստ թողեք ինձ: Ձեզ չե՜մ հասկանում:
Վահագը շշմած է ու ձայնը չի իջեցնում,- Լսիր խնդրու՜մ եմ: Փորձի՜ր հասկանալ: Էն որ վրադ էի ու անշնորհք բաներ էի անում, դու նեղվելով փորձում էիր հասկանալ: Իսկ հիմա, երբ հանգիստ փորձում եմ ճիշտ բաներ ասել, չես հասկանում: Բացատրիր, խնդրու՜մ եմ:
-
Հասկացեք ոնց ուզում եք ու հանգիստ թողեք ինձ: Ձեր հարցի պատասխանն ուրիշ տեղ փնտրեք:
-Չկա ուրիշ տեղ: Օգնի՜ր ինձ, հասկանամ:
-Օգնե՞մ նրան, ով սպանեց իմ հավատն առ մարդկանց,- իրենից կոպտորեն հեռացրեց Վահագի առաջ մեկնած ձեռքը,- Այլևս երբեք ինձ չդիպչեք առանց թույլտվության:
-Ների՜ր, բայց քեզ փրկեցի միամիտ հավատից առ տղամարդիկ։ Այն դեռ քեզ փրկելու է:
Նելլին երկար ժամանակ լռեց, հետո երբ հեռվում երևաց խումբը, հանկարծ խոսեց,- Համարյա վստահ եմ, որ դուք ոչ թե ինձ էիք ուզում, այլ՝ ինչ որ հարց էիք պարզում:
-
Հետո ի՞նչ:
-Հետո այն, որ չոր և չարհոգի մարդ եք: Սեփական խնդիրը պարզելու համար վնասում եք ուրիշի հոգին: Փորձեր եք դնում կենդանի մարդկանց վրա: Կիրք չկար, դուք առաջնորդվում էիք ոչ թե կրքով, այլ լարված ու կենտրոնացած ինչ որ հարցի
պատասխանի փնտրտուքով, ու իմ հոգեկանի ապրումների հաշվին։ Համաձայնվեք,
ձեր կեղտոտ խաղերով էր։ Ու մի օր այդպես կվնասեք Սաթիկիս:
Վահագը շփոթվեց: Ինչ որ տեղ էլի էին ասել նույն միտքը,- Մեղավո՜ր եմ, լռում եմ: Բայց հիմարություն ասեցիր: Ես իրեն սիրու՜մ եմ:
-Դուք իրեն չեք սիրում, վայելում եք իր նվիրվածությունն ու հավատարմությունը, որից զուրկ եք, ինչում համոզվեցի: Սաթիկս վտանգի մեջ է: Թու՜, թու՜, թու՜:
Վերադարձի ճանապարհին Նելլին մտավ երեխաների խմբի մեջ ու տեսածի մասին հարցուփորձ անելով, խուսափեց Վահագի հետ շփումից:
Վահագն իր տեսության ստուգումը շարունակեց Սաթիկին բանավոր թեսթ առաջարկելով ,-Չխանդեցի՞ր, որ ինձ ու գեղեցկուհի ընկերուհուդ դաշտում մենակ թողեցիր,- ու նայում է Նելլիին, հուսալով, որ նա կներգավվի խոսակցության մեջ:
Սաթիկը ոչ ոքի չի նայում, - Բայց ես հո հիմար չե՞մ, որ խանդեմ:
-
Վիրավորեցիր սիրելի կինս: Ուրեմն ես հիմա՞ր եմ:
Սաթիկը վախեցած ծիծաղում է,- Եվ ու՞մ ես խանդում: Ասա, որ որոշեմ:
Էլ ե՞րբ ասի,- Հե՜նց քո հեռավոր ազգական Տիգրանին: Այնքա՜ն հեռավոր, որ կարելի է և սիրահարվել և խանդել:
Չնայած սպասում էր, բայց հանկարծակիի եկավ,- Ես քեզ հավատարմության երդում եմ տվել, ու առանց հավատի կմեռնեմ: Ու եթե հիասթափվեմ, կասեմ ու կգնամ: Կամ հավատա, կամ՝ ինձ մի տանջիր քո անհիմն կասկածներով: Մե՜ղք եմ ես, մե՜ղք է փոքրիկ աստվածս, ափսո՜ս է մեր ընտանիքը: Քո ամեն կասկած ինձ համար վիրավորանք է ու ճեղք մեր տան պատերին:
Վահագը կարկամեց: Անկախ իրենից հիշեց Խորենի բառերը հավատի մասին:
Նելիի խմբից մի աղջնակ դիմեց Նելլիին,- Հոգեբանության դասին մեզ հանձնարարվել է գտնել կասկածացավ բառի բացատրությունը։ Ոչ մի տեղ չգտա: Միգուցե օգնե՞ք:
Հովսեփը նայեց աղջնակի աչքերի մեջ,- Գիտեմ, բայց քեզ չեմ ասի: Թե չէ՝ կթթվես:
Վահագն իրեն վատ զգաց: Նույնիսկ Հովսեփն իրենից նրբանկատ գտնվեց: Երևի Սաթիկին է հարցրել, ու նա էլ բացատրել է՝ իրեն նկատի ունենալով: Նույնիսկ քրտնեց՝ «իսկական կասկածացավ եմ կպել»:
Նելլին ետ մնաց երեխաներից ու նայեց Վահագին ու Սաթիկին,- Միգուցե մեր հյուրերը՞ մեզ օգնեն: Վստա՜հ եմ, որ գիտեն ու օրինակ էլ կբերեն, որ երեխաներին կօգնի: Կօգնե՞ք, Վահագ,- լեզուն չոր էր ու կոպիտ:
Հաստատ Սաթիկին ուղղված ակնարկ էր:
Վահագը մի փոքր հետ մնաց, ձեռքը շփելով, ձևացնելով, թե ինչ որ միջատ ձեռքը կծեց:
Սաթիկը ուսերը թոթվեց,- Չէ՜, բայց լա՜վ բառ էր: Որտե՞ղ եք կարդացել: Նորից «Դուք»-ի՞ ես անցել: Բա՜ն չեմ հասկանում:
Վահագը հասկացավ, որ Սաթիկը չուզեց հասկանալ, ինչ առանց այն էլ պարզ էր առանց բացատրության: Ու նորից մտքում շնորհակալ եղավ իր նրբանկատ կնոջը: Բայց և պետք էր թուլացնել լարվածութունը: Թե չէ Նելլի վրիժառուի պահվածքը լավ բան չէր խոստանում:
Ու ընդունեց իր պարտությունը, խեղճացած հայացքով նայելով Նելլին,- Երևի այն հիմարն է, որ անտեղի կասկածներով թունավորում է և իր և իր շրջապատի կյանքը:
Բայց Նելլին, որպես խիստ մանկավարժ, որոշել էր այնպես դաղել, որ մնա ամբողջ կյանքում հիշվող դաս,- Ա՜խ, ոնց եմ ատում այդպիսի մարդկանց: Երանի՜ կյանքում էլ չհանդիպեմ,- ու հատուկ նորից շեշտեց,- երբե՜ք, որ կյանքս չթունավորեն,- Վահագը հայացքը փախցրեց, բայց զգաց, որ Սաթիկը տխրեց:
Հանկարծ Սաթիկն առանց որևէ մեկին նայելու ասեց,- Կասկածացավ,- ու լռեց:
Իրականացում
1
Սաթիկն ու Վահագը որոշել էին նախ գնալ Կարինեի մոտ, լսել նրա կանխագուշակումները և, Սաթիկի ձևակերպմամբ՝ «ըստ դրանց ճշգրտումներ մտցնել իրենց ապագայի նախագծում» : Վահագը փորձեց բարկանալ այդ մտքի վրա, բայց միայն բարեհոգի փնչացրեց: Տրամադրությունը բարձր էր: Բայց երբ զանգեց Կարինեին, պարզվեց, որ նա առաջիկա մեկ երկու ժամը խիստ զբաղված է և իրենց կընդունի երեկոյան ժամին: Հեռախոսով խոսելիս ժպտացող Վահագը բարկացավ հեռախոսը անջատելուց և կրկնակի ստուգելուց հետո,- Դրանից էդպես էլ գլուխ չհանեցի: Գնանք Սեդայի մոտ, իրիկունն էլ՝ իր:
Սաթիկն ընտրել էր նոր՝ մարտնչող մարտավարություն և արձագանքեց ըստ դրա,- Իսկ ես հանեցի:
Նա իր մեջ ուժ էր բացահայտել, քանիցս ինքնուրույն ելք գտնելով դժվարին իրավիճակներում: Կարողանում է գնահատել շրջապատի մթնոլորտը, մարդկանց սպասելիքներն իրենից և իրավիճակից, և, եթե պետք լինի՝ կարողանում ուղղորդել մարդկանց մտքերն ու վարքը: Արդեն համոզված էր, որ նույնիսկ այդ Կարինե կոչվածը չի կարող իր հետ մրցել և թող այլևս չփորձի իր ճանապարհին կանգնել: Նա վճռականորեն տրամադրված էր մարդկային ճակատագրերի այդ ինքնակոչ աճպարարի դեմ: Նա հասկացել էր, որ շատ հարցերում նույնիսկ Վահագից լավ է կողմնորոշվում և պարզապես պարտավոր է օգնել և իրեն, և՝ Վահագին:
Ու մինչ Վահագը կմտածեր, թե ի՞նչ ասեց Սաթիկն ու ինչու՞, նոր ծածկագիր ստացավ,- Գոնե ներողություն խնդրեր խոստումը չպահելու համար:
Վահագը պաշտպանվեց զարմացած ձևանալով,- Ի՜նչ ներողություն: Գիտե՞ս՝ ո՜նց են խնդրվում հերթագրվելու համար, մարդ մեջ գցում:
Սաթիկն անցավ արգելված հնարքի, հարվածեց գոտկատեղից ներքև,- Չեմ վիճում, բայց դե գոնե դու՜ ներողություն խնդրեիր՝ երեք րոպե խլեցիր: Թե՞ չէ հետո փոխհատուցելու ես,- ու մտածեց «Լա՜վ արեցի: Էլ չե՜մ լռելու»:
Վահագը վախեցավ հասկանալ կնոջ ասած միտքն ու փախցրեց հայացքը,- Դե լա՜վ, ցանկություն հայտնիր, կատարեմ, հաշտվենք: Մեջդ ագրեսիվություն է հայտնվել: Շատ ենք վիճում: Ժպիտդ պակասել է: Եթե իմ մեղքն է՝ պատժիր, բայց ժպտա քո քաղցր ժպիտով:
Սաթիկն իր գլխավոր զենքը բանացրեց ամբողջ հզորությամբ՝ խորամանկ հայացք, կիսաժպիտ, սիրառատ դեմք,- Հովսեփս գալիս է հետներս: Ինձ անակնկալներ պետք չեն:
Ցանկացած նյութական քմահաճ պահանջ կատարելու պատրաստ Վահագը նույնիսկ չհասցրեց հասկանալ,- Ինչի՞ համար:
Սաթիկը ձեռքերի ափերով փակեց դեռևս ժպտացող երեսը,- Առը՜ քեզ ժպիտ, էն էլ քաղց՜ր: Խոստացար, չէ՞:
Վահագը հանձնվեց իր զիջողունակության գինը բարձրացնելով,- Ինձ չի խանգարի, լա՜վ էլ երեխա է: Բայց իմաստը չեմ տեսնում: Մի կարգին պահանջ դիր… վրադիր:
Սաթիկը նորից բացեց իր ժպտացող երեսն ու մոտեցրեց ամուսնուն,- Եկ պայման կապենք: Եթե վերջում ասես, որ ճիշտ որոշում էր, կատարում ես իմ կամքը, սիրելիս: Իսկ եթե չասես…
Վահագը վախեցավ,- Չէ՜, հերիք է: Դու օր կավելացնես, որ չունենք էլ: Պատրաստվեք, եկեք: Էս ի՜նչ ես դառել: Քեզ գյուղ գալ չի կարելի: Քաղաքում ավելի համեստ էիր:
2
Սեդան նրանց այցով ուրախացավ: Համբուրեց Սաթիկին ու Հովսեփին,- Ի՜նչ լավ եք արել, որ Հովսեփին բերել եք: Նարեկս շա՜տ կուրախանա: Բա ու՞ր են Տիգրանն ու Քնարիկը:
Հովսեփը նայեց Սաթիկին:
Սաթիկը ստել չէր էլ փորձելու, իսկ Հովսեփի մոտ՝ առավել ևս: Մեծերից օրինակ վերցնող երեխան միաժամանակ նրանց պարտադրում է դառնալ կատարյալ ու օրինակելի: Ու Սաթիկը հանդիմանեց Սեդային ուսուցչի տոնով, ավիրելով տարիքային բոլոր պայմանականությունները,- Որովհետև դուք, լինելով նրանց տանը, նրանց չհրավիրեցիք: Ու ոչ այնքան իրենք են նեղացած, որքան՝ ես: Ու ես դա չե՜մ մոռանա:
Սեդան հայացքը փախցրեց ու խելացի ու ինտելիգենտ երևալ փորձող կնոջից վերածվեց անօգնական պառավի,- Դե ախ՜ր, ոնց կարելի է: Եթե ասում եմ եկեք, հո չե՞մ շեշտելու: Ա՜խ, ես էլ չգիտեմ, հո մենակ ես չե՞մ, աղջիկ ջա՜ն: Հետո կկանչենք, հա՞:
Սաթիկը տրամադրված էր զրույցը վերածել դաստիարակչական խոշտանգիչ
հարցապնդման ու խրատաբանության, բայց Վահագը բռնեց նրա ձեռքը, դիմեց Սեդային,- Վաղը երեկոյան իրենց ռեստորան ենք կանչելու, և մեր և Ձեր սխալների համար ներողութուն խնդրելու:
Սաթիկը հուզվեց «մեր և Ձեր սխալներ» բառերից: Վահագին շշնջաց,- Շնորհակալ եմ, սիրելի՜ս,- բայց աչքի արցունքը սրբելու հետ զուգահեռ մտածեց՝ «Ի՞նչ է մտածել հաշվենկատ սիրելիս: Տես է՜, իրոք փոխվել եմ: Վահագիս էլ եմ կասկածում հետին միտք ունենալու մեջ»:
Հետո Վահագը գնաց զբոսնելու այգում և բակում, իսկ կանայք՝ խոհանոց: Սաթիկը փորձեց տվյալների ճշտման անսպասելի հարձակման մեթոդը,- Վահագն ասում է՝ մի տաս անգամ զբոսնել եմ Սեդայի այգում, բայց էլի չե՜մ կշտանում:
Սեդան երջանիկ էր, իր խոսքը
չվերաքննեց,- Տաս չէ, բայց՝ մի չորս անգամ կլինի:
Վահագը ներս մտավ ու ձեռքի ժեստով գոհունակություն արտահայտեց,- Չէի՜ սպասում: Իսկն՝ իմ ուզածը:
Սաթիկը չհամբերեց,- Սեդա տատիկն ասեց, որ ինչքա՜ն էլ գաս, այգում պետք է պտտվես: Ինչ լա՜վ է, որ լավ է, չէ՞,- նայեց ամուսնու աչքերին սիրալիր ժպիտով «խաղեր չտա՜ս, սիրելիս»:
Վահագը կոնֆետ գողացած երեխայի պես հայացքը փախցրեց ու գնաց համակարգչով զբաղված Նարեկի ու Հովսեփի մոտ, որ հասկանա լսածն, ու թե ինչը՞ դուրը չեկավ այդ մտքի մեջ:
Սաթիկը ոգևորվեց ու անցավ հետախուզության Սեդայի գաղտնարաններում: Դատելով պատրաստի և տաքացրած ուտեստների քանակից, նա արդեն իրենց սպասել է,- Կարինեն ասեց, որ Ձեզ կզգուշացնի, որ գալիս ենք: Փաստորեն զանգել է, հա՞:
Սեդան անակնկալի եկավ,- Հա՞: Բա էլ ինչի՞ էր ասում, ձեզ չասեմ: Հետաքրքիր աղջի՜կ է:
Սաթիկը ծիծաղեց,- Կանայք երբ որ գաղտնիք են պահում, գլխներում քոր է առաջանում:
Սեդան ժպտաց ու լրիվ հանձնվեց,- Ես էլ: Մի քիչ էլ զրուցենք, ամե՜ն ինչ կասեմ:
Սաթիկը լարվեց գանձ որոնողի պես: «Գանձի տեղն էլ գիտենք, տատիկ, գանձը հանելու ձևն է՜լ»,- Փոքր գյուղ է, նույնիսկ ես ահագի՜ն բան գիտեմ: Օրինակ, գիտեմ, որ ագահ կին է, ու նույնիսկ երբ լավություն է անում, մի բան պիտի պոկի,- ու ուշադիր հետևում է Սեդայի միմիկային ու նկատում նրա գլխի ակամա հաստատող շարժումը:
Սեդան հոգոց հանեց,- Բա ի՜նչ է: Մեր էս անմեղ գործի մեջ էլ ահագին փող ուզեց: էդ որ տարավ, չէի՞նք կարող երեխեքի վրա ծախսել:
Սաթիկը ժպտաց ու, համենայն դեպս, նույնպես հոգոց հանեց,- Մեզ էլ էր ասում՝ անշահախնդիր է: Բայց երբ ճիշտն իմացա՝ հիասթափվեցի:
Սեդան միջի կուտակած դժգոհությունն արտահայտելու լսարան էր գտել,- Ես էլ, բայց էլ ի՞նչ: Երբ պիտի վերջացնենք, էլ դրա մռութը չտեսնեմ ու անիմաստ չժպտամ էդ գիշատչի՜ն:
Սաթիկն ուզում էր ճշտել Կարինեի ագահության չափը նաև տղամարդկանց համտեսելու հարցում, բայց ենթադրյալ համտեսվածն ինքը մոտեցավ զարմացած դեմքով:
Սաթիկը փոխեց խոսակցության թեման, Սեդային զրկելով ձայնի ու կարծիքի իրավունքից,- Համոզված եմ, սովա՜ծ ես, որ ինձ հիշել ես:
Վահագն իրոք, ինչ որ կտոր վերցրեց, բայց նաէւ ասելիք ուներ,- Լսիր, էդ ի՜նչ զարգացած ու հասկացող երեխա է Հովսեփը: Շշմած եմ, հավատա:
Սաթիկին հաճելի էր լսելը, կարծես թե իր երեխային կամ աշակերտին էին գովում: Մտածեց «Եթե պատմեմ, ինչ չգիտես՝ չես շշմի, կշշմահարվես, սիրելի՜ս: Երեխա չի, հիանալի՜ պատանի է,- բայց ժպտաց ու ասեց,- նրանից է, որ քիչ ես շփվում: Ես գիտեի՜:
Վահագն իր մտքերով էր,- Իրոք որ Տիգրանի տղան է՝ խելացի՜, ըմբռնո՜ղ, սուր մտքով:
Սաթիկը թեև հուզվեց, բայց և իրեն հիշեցրեց, որ նախքան հուզվելը պետք է գտնել խոսքի թաքուն նպատակը: Պատահական բառեր կամ մտքեր չկան, կան խոսքերի ու արարքի թաքուն իմաստներ: Փաստորեն ամուսինը հաշտության եզրեր է փնտրում Տիգրանի հետ ու իրեն հասկացնում, որ նրա դեմ իր մտքերն ու խոսքերը եղել են պահի ազդեցության տակ:
Նեղացած ձևացավ,- Իսկ այս քանի օրը հետը պարապած ուսուչուհին դեր չունի՞:
Վահագի համար ուրախության օր էր,- Ուսուցչուհին ինձ էլ, իրեն էլ, բոլորին էլ, նույնիսկ՝ Տիգրանին է փոխել:
«Նորի՜ց Տիգրան: Եթե երեկ ինքը նույնիսկ առիթով Տիգրանին հիշեր՝ սիրելին կկատաղեր: Չէ՜, ոչ թե ինքը, այլ՝ ինչ որ բան է փոխվել»:
Սեդան, այնուամենայնիվ, միջամտեց: Նրան ակնհայտորեն հետարքիր չէին ոչ Հովսեփը, ոչ Տիգրանը, ոչ էլ նրանց զրույցի ենթատեքստը: Եթե նրբազգցություն ուներ, ապա միայն իրեն ու իր հարազատներին վերաբերող հատվածում, այսինքն՝ դրսի աշխարհին անհաղորդ կին էր:
Չհամբերեց,- Իսկ տղաս ո՞նց էր:
Վահագը չէր էլ փորձում նրբանկատ լինել,- Շա՜տ է ներամփոփ, բայց Հովսեփի մոտ բացվում է:- Սեդան ևս աչքերը սրբեց,- եկել եմ լավ խոսք ասելու, լացում եք: Գնամ, քանի ես էլ չեմ լացել,- նորից գնաց երեխաների մոտ:
Դրսից, դարպասների կողմից լսվեցին մեծահասակների ու երեխաների ձայներ: Սեդան լարվեց, սկսեց սենյակներում ինչ որ իրեր հավաքել ու թաքցնել, որոշ սենյակների ու պահարանների դռները բանալիով փակել,- Ուտելիքի հոտն առան, եկա՜ն: Առանց ասե՜լ, առանց կանչե՜լ: Ամե՜ն ինչ փչացավ, ամե՜ն ինչ իզուր էր:
Սաթիկը զարմացավ,- Ի՞նչ եղավ: Երեխաներից ի՞նչ վտանգ կարող է սպառնալ:
Սեդան նույնիսկ խոսել չէր կարողանում,- Քրոջս աղջիկն է իր ընտանիքով: Ոչ ինքն է բանի նման, ոչ՝ Սաքոն, ոչ՝ երեխեքը,- խոսում էր ու ուշադիր զննում տարածքը, ամեն իրի համար որոշում գտնվելիք տեղը՝ փակի տա՞կ, թե՞ հասանելի տեղում,- Դրանց մի օր լարելու եմ, չգիտեմ՝ երբ: Ո՜չ մեկը չունի: Տան հույսով էստեղից չեն պոկվում:
Սաթիկը ներքուստ ուրախացավ՝ «Ահա և վտանգավոր մրցակից, որ Վահագին հետ կպահի իր կասկածելի մտադրույթունից»,- Դե՜, ձեզ կպահեն ծեր տարիքում, տունը տեր կունենա, երեխան էլ՝ ապագա:
Սեդայի դեմքն, իրոք, մթնեց,- Ավելի լավ է՝ թույն խմեմ, քան դրանց հույսին մնամ: Երեխուս էլ մանկատուն կհանձնեմ, դրանց չե՜մ տա: Հիմա կտեսնես:
Սաթիկն իր բաժնով եզրակացրեց՝ «փաստորեն ինձ ես ընտրել որպես հակաթույն: Բայց ես չե՜մ ուզում: Ես իմ կյանքն ունեմ, իբրև թե՝ բարի՜ տատիկ»:
Եթե Սաթիկի ու Վահագի համար գյուղի կյանքը նորություն էր, ապա Գայանեի ընտանիքն իր երեխաների վարքով ու դաստիրակության մեթոդներով՝ տհաճ հայտնագործություն:
Երեխաները, իսկ նրանք չորսն էին՝ երեքից յոթ տարեկանի սահմաններում, շարժուն էին ու չէին ճանաչում ու հասկանում «չի կարելի», «կբարկանամ», «խնդրում եմ» տերմիններն ու հասկացությունները: Իսկ ծնողների համար չկար երեխաների արածների համար անհարմարություն զգալու գաղափարը: Վահագն ինչքանով կարողացավ, հասկացավ, որ նրանց բարկության շեմը շատ բարձր է ու որոշակի, ու դա երեխաները գիտեն: Երեխաների համար միակ քիչ թե շատ ընդոււնելի արգելքը ծնողների կանխատեսելի կատաղությունն էր:
Չէր կարելի ընդհատել ծնողների զբաղմունքը կամ զրույցը և այդ ընթացքում նրանց ուղղությամբ որևէ բան շպրտել: Նաև անձեռմխելի օբյեկտ է Նարեկը: Մնացածն, ըստ էության նորմա է, կարելիության ու թույլատրելության հասկանալի շեղումներով:
Ու նրանք վազում էին սենյակներով մեկ, քաշքշում իրար ու խաղալիքները, գոռում ու իրար հարվածում, բողոքում, ծնողների նկատողություններից մի փոքր հանդարտվում ու շարունակում իրենց փաստացի չվերահսկվող ակտիվությունը: Մեծերի չաղմկելու պահանջին արձագանքում էին համատեղ ծաղրով կամ որևէ ագրեսիվ արձագանքով:
Գայանեի ընտանիքից յուրաքանչյուրն իր չափով փչացրեց երեկոն: Սկզբում Սաթիկը բարձրաձայն էր արձագանքում նրանց ասածին կամ արածին՝ «հնարավոր չի, այդպես չի լինում», բայց հետո լռելայն ու մտքում էր արձանագրում հերթական «անհնարին» խոսք կամ արարք:
Ու գնալով վերածնվում էին Սաթիկի հույսերը, որ տան գործարքը չի կայանա այս ընտանիքի պատճառով՝ «Հնարավոր չի, որ Վահագս ինձ այստեղ բերի: Այստեղ կխեղաթյուրվեն ժամանակս, տրամադրությունս, ու երևի նաև՝ ինքնությունս»:
Վահագն էլ շոկի մեջ էր: Ինչ որ բան լսել էր այս ընտանիքի մասին Կարինեի մեկնաբանությամբ ու առանձնապես խնդիր չէր տեսել: Լսել էր նաև ուրիշներից, բայց իրեն թվացել է, թե չափազանցված է, այդպիսի բան հնարավոր չի:
Սեդան էլ էր նեղվում ու բարկանում: Նրա հույսերը՝ կապվել Վահագի ընտանիքի հետ, փոքրանում էին, հալվում:
Սեդան խնդրում էր, իմանալով արձագանքը,- Գայան, ախչի ջա՜ն, ջարդեցի՜ն: Տեր եղի՜ր:
-
Մոք, ի՞նչ ես նեղվում: Երեխա են, չխաղա՞ն: Հո կրակը չընկա՞, որ ուրիշների նման շշմած չեն: Մի երկու թեթև բան ա՝ կառնեմ, կտա՜մ: Կամ էլ իմ քոծությունը չարժի՞ դրանց:
-
Ախչի ջա՜ն, հո ապուշ չե՞ս: Ոչ եկեք, ոչ դրանց բերեք, ոչ էլ ապուշ զրույցով բարկացրեք: Փող չունեք, ինչո՞վ կառնեք: Մինչև հիմա ի՞նչ եք առել դրանց
ջարդացներից։
-
Հա, կարո՞ղ ա գիտես՝ ըսենց ենք մնալու: Մի դուռ կբացի, չէ՞, Աստված:
-
Աստված դուռը բացել է, տվել եք, երեխեքն են խաղու՜մ, ջարդում, այլանդակու՜մ, ախչի՜:
Պարզվեց, որ երեխաներից մեծը՝ Սեդան դպրոց է գնում, բայց դպրոցը չի սիրում, քանի որ այնտեղ հետաքրքիր չի:
Վահագը փորձեց մտնել զրույցի մեջ,- Խորենին ճանաչու՞մ եք: Ո՞նց է: Հաճա՞խ է ծնող կանչում:
Գայանեն ուղղվեց ու դեմքը թթվեցրեց,- Ընդեղ ու՞ր ա մարդ: Գժի պես տեղի անտեղի ծիծաղի, սրա նրա ծծերին նայի: Սաթ ջան, կգնա՜ս, կտեսնես, թե ուր ա կոխում աչքերը: Եղե՞լ ես դպրոցում:
Սաթիկը փորձեց շեղել կրծքերի թեման, կարծելով, թե էպիզոդ էր,- Եղել եմ Հովսեփիս հարցով: Խմբակի համա՞ր ես ասում:
-Աչքերը վռազ չգցե՞ց ծծերիդ, աչքով չարե՞ց:
Սարգիսը, որ լուռ էր, հայացք նետեց Սաթիկի կրծքերին, ակտիվացավ,- Հա բայց ո՞նց չնայե՜ս, որ նայվում են:
Վահագը սպառնալից հազաց, բարկացած նայեց Սարգսին ու համենայն դեպս՝ նաև Գայանեի կրծքերին:
Սարգիսը հասկացավ ու շեղեց հայացքը Սաթիկի մարմնից:
Սաթիկը ևս լարվեց: Չէր սպասում կնոջ կողմից այդպիսի անկազմակերպ փնթի միտք տղմարդկանց ներկայությամբ և վրադիր էլ նրա ամուսնու լկտի մեկնաբանություն: Ի՞նչ խոսի այդպիսի մարդկանց հետ, և արժե՞ արդյոք նրանց հետ ժամանակ անցկացնել, ու՝ հանուն ինչի՞։
Նայեց
Գայանեի կողմը, - Կոնկրետ իր հետ չեմ շփվել ու չգիտեմ, թե ինչ է զննում մարդու հետ խոսելիս, բայց իրենից գոհ են Քնարիկս ու մյուս ծնողները, մանկավարժները:
-
Փող են վերցրե՜լ, տվել ղեկավար, բայց երեխեքի ապագան ա, չէ՞, կարևոր:
Սարգիսը նորից զազրախոսելու առիթը բաց չթողեց, - Որ չսիրեն, ու՞մ ինչը պտի ուտեն: Փողերը կկտրի, երեխեքին էլ երկուս կնշանակի:
-
Սեդուլիկիս նորից երկուս են դրել անգրագետները:
Սաթիկը երեխային օգնելու և ծնողներին ճիշտ հետևության հանգեցնելու նպատակով ժպտաց փոքր Սեդային, - Բալիկ, չե՞ս ասի, թե երեքին գումարած յոթ ինչ կանի:
Երեխան ծիծաղեց,- Յոթ, կտամ մռթիդ ճլո՜թ,- ու իրենից գոհ նայեց իր հետ ծիծաղող ծնողներին:
Մյուս երեխաները ևս միացան ու կրկնեցին քրոջ խոսքը, նայելով Սաթիկին:
Սարգիսը դիմացի գինու բաժակը դատարկեց ու ուրախ դիմեց փոքր Սեդային,- Չէ՜, մորքուրի մռութը մենակ պաչելու համար ա: Գնա պաչի, բալե՜ս, հերդ ուրախանա:
Վահագը տարակուսեց, ձեռքը բռունցքեց: Սաթիկը կարկամեց, նայեց Վահագին, բայց նա լռում էր, իսկ երեխան մոտեցել էր, թևքով քիթն ու բերանը սրբել ու դեմքը երկարել: Այտը դեմ արեց, բայց երեխայի համբույրի ընթացքում լսեց իբր թե երեխային մոտեցած Սարգսի շշուկը, միայն իրեն հասանելի,- Վա՜խ, ուտեմ մռութդ: Չե՜մ համբերում:
Գայանեն բարկացած էր ինչ որ մեկի վրա,- Սովորցնու՞մ են, որ երեխես ասի: Երևի տամ կարի:
Սաթիկը չարձագանքեց, մտածելով, որ ցանկացած կարծիք անցնելով նրանց վիրավորված եսասիրության ու խեղաթյուրված աշխարհընկլման ցանցով, ականջից մինչև ուղեղ ընկած ճանապարհին կվերաձևակերպվի ըստ նրանց դիրքորոշման, կվերաորոկավորվի և ըստ դրա էլ կստանա ցանկացած անկանխատեսելի արձագանք:
Հետո Գայաննեն էլի, կարծես թե առանձնապես բան չէր եղել, սկսեց զրուցել Սաթիկի հետ, ներկայացնելով իր և Սեդա հորքուրի հարբերությունները: Թե ոնց են իրար պետք, այս տունը իրենցն է ու հորքուրը որոշել է: Գայանեին մոտեցավ երեխաներից մեկը,- Մա՜մ, մի հատ բրդուճ բեր, շու՜տ:
Գայանեն
բարկացավ,- Համբերիր,
խոսում եմ, այլանդա՜կ,- ու ապտակ շրխկացրեց երեխայի երեսին:
Սաթիկը պարզ տեսավ ապտակի թողած մատնահետքերն ու վեր թռավ տեղից, պատրաստ որևէ անկանախատեսելի հետևանքի:
Երեխան ոտքերը գետին զարկեց, գոռաց լացախառն,- Դե կտենաս, քեզ սրանից հետո չե՜մ լսալու:
Ու Սաթիկը դեռ չէր հասցրել կատարվածի ապրումներից ուշքի գալ, նույն երեխան խաղում էր մյուսների հետ, աղմկում, գոռում, հրում,- Այլանդակ, խաղում եմ, չե՞ս տեսնում:
Սաթիկն այս անգամ իր մտահանգումը բաձրաձայնեց, որ ինչ որ բան փոխի,- Միթե՞ դա հնարավոր է: Էս ի՞նչ երազ է:
(շարունակելի)