Սեղանի շուրջ միանգամից լռություն տիրեց:
Սաթիկը փորձեց ամուսնուն սթափեցնել ու ժպտաց,- Բայց իրար չենք էլ կպչել, սիրելի՜ս: Եվ հետո՝ դա ի՞նչ ասելու բան է: Ես մերոնց տան՜ն եմ:
Վահագն էլ վստահ չէր ու չգիտեր ասելիքն ու ավելի բարկացավ,- Իսկ ե՞րբ է եղել, որ որևէ հարցում այս տանն ինձ պաշտպանես: Ու կլինի՞ արդյոք: Ինչ լա՜վ է, որ գնալու տեղ կա, գերի չենք այս տանը:
Քնարիկը հեռացավ խոհանոց, իր տխրությունը վերլուծելու: Հովսեփը լռեց ու սպասում էր հոր արձագանքին: Իրավիճակը շատ էր ծանր ու անսովոր:
Սաթիկն ըմբռնեց կատարվածի իմաստն ու ամուսնու նպատակը՝ «այս տանը մնալը բացառվում է, պատրաստվիր, գնում ենք»: Վերջ իր հույսերին, գյուղի վերջին օրերը թունավորվեցին տհաճությունների սպասումների սպառնալիքներով:
Արդեն Վահագն էլ էր փոշմանել արածն ու ուզում էր կատակով սվաղել իր հիմարությունն ու մոռանալ ու՝ խնդրել մոռանալ:
Տիգրանը կանգնեց, դիմեց վահագին,- Ներո՜ղ կլինեք: Երևի խմիչքը չարաշահել եմ, բայց ես ձեզ շա՜տ հարգում ու սիրում եմ: Մենք որոշել էինք էսօր գնալ աներձագիս տուն: Քանի՜ օր է կանչում է: Երևի մինչև մեր գալը քնած կլինեք: Ավել պակաս՝ ներող կլինեք: Քնար, պատրաստվեք: Դրսում կսպասեմ,- ու դուրս գնաց սենյակից:
Բոլորն էլ հասկացան, նույնիսկ՝ Վահագը, որ Տիգրանը խելամիտ վարվեց: Նա հասկացրեց, որ Վահագը դիտմամբ վեճ հրահրեց ու լավ բան չարեց: Փոշմանած Վահագը մտքում համոզված էր, որ ներկաները, նաև Սաթիկը, Տիգրանի արարքն են գնահատում, իրեն՝ դատապարտում:
6
Սաթիկը կարգադրեց սպասք հավաքելը թողնել իրեն, ու տանտերերը գնացին: Քնարիկի հետ համբուրվելիս Սաթիկը զգաց, որ նրա աչքերը թաց էին, ու ինքն էլ հուզվեց:
Սաթիկը չէր ուզում իրավիճակը սրել ու վիճել ամուսնու հետ, բայց և զիջել էլ չէր պատրաստվում:
Որպեսզի լարվածությունը թաքցնի, խոսելուն զուգընթաց սեղանի սպասքը հավաքեց,- Ես ոչ այստեղ կմնամ, որ դու չնեղվես, ոչ էլ՝ Սեդայի տանը, որ ես չնեղվեմ: Եթե դու էլ չտանես, ավտոբուսով կգնամ քաղաք: Քեզ կսպասեմ Մանանի մոտ: Ինձ օդ ու ջրի պես պետք է զրուցել Մանանի հետ: Դու մնա՜, Սեդայի հետ քո հարցերը լուծիր:
Վահագը շփոթված էր, մոլորված,- Բայց առանց քո մասնակցության ու օգնության այդ հարցը չի լուծվի: Ո՞նց չես հասկանում
-
Իրո՞ք: Այսինքն իմ դերն այդքա՜ն մեծ է ու առանց ինձ այդ դեր՞ն եք ինձ հատկացրել: Ու՞մ շնորհակալ լինեմ, քե՞զ, Սեդային, թե՞ թղթախաղի սևի աղջկան:
-
Լավ էլի՜: Ախր Սեդայի ինչը՞ չես հավանում: Երեխան էլ նորմալ երեխա է, միայն թե՝ կաշկանդված: Ինձ թվում է՝ կհաղթահարվի:
-
Հարցը դրա մեջ չի, այսինքն՝ դրա մեջ էլ է: Նախ՝ չեմ ուզում ուսերիս նոր բեռ վերցնել, բայց հիմա խոսքը գնում է քո նոր բարեկամների՝ Գայանեի ընտանիքի մասին: Մեզ սպասվում է Գայաների փողոցային կեղտոտ վեճակռիվն ու Սարգսի անթաքույց սեքսուալ հավակնություներն ու գյուղում ուզուրպատորի մեր կոչումը: Տղամարդու պես ասա՝ որը՞ կհաղթահարես: Չե՜մ ուզում:
-
Ի՞նչ է ասել այդ հիմարը:
-
Բառացի՞:
Խնդրեմ, դու տաս մետրի վրա կանգնած, այդ հիմարն իրեն այնքա՜ն վստահ է զգում, որ ձեռքներին ազատութուն է տալիս ու կեղտոտ ժպիտով սպառնում՝ «ես քեզ անելու եմ»: Հուսով եմ՝ տերմինը հասկացար: Եթե քո ներկայությամբ է վարքը լկտի, ինձ տանում ես այնտեղ Սարգսին բավարարելու համա՞ր:
Վահագը Կարինեի օգնությամբ ինչ որ տհաճ ակնարկներ լսել էր կնոջ մասին ու չէր հավատացել, բայց Կարինեի նպատակաուղղված ջանքերով ցավը մնացել էր: Հիմա էլ՝ նույնը: Տղամարդն այն կնոջն է գռեհիկ առաջարկություն անում, որի վարքի նկատմամբ վստահություն ունի: Միգուցե՞ կինն է առիթ տվել ինչ որ տեղ իր ազատ պահվածքով, անխուսափելի ֆլիրտներին զիջողամիտ արձագանքով: Բայց մյուս կողմից էլ այդ Սարգիս կոչվածն իրենից ոչ մի բան չէր ներկայացնում: Իրոք, նրանից վտանգ կա, բայց արդյո՞ք այն այնքան լուրջ է հինգ օրվա համար, որ դրա պատճառով տանից զրկվեն:
Վահագն իրեն կորցրեց,- Հո ասելով չի՞: Գիտի, որ կսատկացնեմ, մի՜ վախեցիր:
-Ե՞րբ, անելուց առա՞ջ, թե՞ հետո:
-
Չե՞ս զգում, որ չափն անցնում ես:
-Ինչի՞ չափը, վախի՞: Վախում եմ ու այնտեղ, որտեղ նման անասուններն անարգել մուտք ունեն, մնացողը չե՜մ:
-Սեդային կասենք, կարգելի:
-
Նախ, չի՜ կարող, հետո էլ՝ դրանց ասես, չասես: Դրանք տան վրա աչք ունեին ու դեռ մեզ.. ոչ ավելի շուտ քեզ տհաճ անակնկալներ են սպասվում իրենցից:
-Ինչու՞ միայն ինձ:
-
Եթե նույնիսկ այդ հինգ օրը ձգեմ այնտեղ, հետո՝ ոչ մի պայմանով: Ինքդ կգաս ու կխնամես Սեդային իր ծերունական խնդիրներով:
-Ինչու՞ ես այդպես լարված:
-Որովհետև դու ինձ հենց սկզբից խաբել ես:
-Ե՞ս, ո՞ր հարցում,- գիտեր, որ կինը ճիշտ է ու՝ որ գիտի: Կարինեի տանը կասկածեց, հիմա՝ համոզվեց:
-Նախ, դու արդեն մինչև գյուղ գալը ծանոթ ես եղել Կարինե կոչվածի հետ ու համարյա համոզված եմ, որ շա՜տ ջերմ ծանոթներ եք եղել: Հետո տան այդ գաղափարն արդեն եղել է մեր գյուղ գալու պահին: Լուրջ գործարք ես կնքում, ինձ անտեսելով ու խորհրդակցելով քո Կարինեի հետ, չնայած այդ գործարքում պարտականությունների բեռն իմ ուսերին է՝ դժվար երեխայի խնամք ու դաստիարակություն, հետագայում ծեր կնոջ խնամք ու ուշադրություն, որի հանդեպ ոչ մի զգացմունք չկա: Հիմա բերել ես պատրաստի տունը որպես հաճելի՜ ահակնկալ ես մատուցում: Ինչու՞ ինձանից գաղտնի, ինչու՞ այդ տգետ բախտախնդիր Կարինեի հետ: Ես ո՞վ եմ քեզ համար: Սոսկ շահեկան գործարքի իրականցման միջո՞ց, թե՞ բախտախաղի գործիք:
Վահագը այդքան բան չէր էլ մտածել: Ըստ նրա, տունը ինքնին լավ բան է և նրա ձեռքբերման համար պետք է ուրախանալ ու ջանալ:
-Վերջ, սիրելի՜ ամուսինս, վաղը գնում ենք Մանանիս մոտ, թող ինքը որոշի: Նրա որոշմանը կենթարկվեմ: Երդվում եմ
սրբություններովս։
Վահագն այլևս ոչ մի փաստարկ չուներ: Համոզված էր, որ արդեն մի կերպ համոզել էր ու վստահ էր, որ կինը կհարմարվի: Գայանեի ընտանիքն, իրոք, ամեն ինչ փչացրեց, ու ինքն էլ վստահ չէր, որ ճիշտ է անում:
Հենվեց կնոջը: Սաթիկը նեղվեց,- Թող, ի՞նչ ես անում: Համոզելու ձև՞ է:
Բայց զգաց, որ Վահագը լալիս է, իրեն հենված լալիս է երեխայի նման: Գրկեց, լռեց, համբուրեց, սպասեց, մինչև անցնի ամուսնու լարվածության ճգնաժամը: Սա արդեն նորություն էր: Ուրեմն ինչ որ լուրջ բան կա, հավանաբար՝ սպառնալիք:
Հիշեց տհաճ գիշերը, երբ Վահագն իրեն կորցրել էր, դարձել իրեն ստորացնող ուրիշ տղամարդ: Նորից այդ ուրիշ տղամարդու ստվերը տեսավ: Համարյա զգաց նրա շունչը, հանգիստ ու վստահ արհամարհանքով իրենց հետևելը: Դողաց, իրենց ընտանիքի ապագան ուրիշի մամլիչի տակով է անցնում ու այլևս այդ մամլիչն է որոշում իրենց հարբերությունների ձևը, որակը: Մամլիչը կարող է իրենց հեռացնել իրարից, կարող է իրեն կանչել իր մոտ ու զոհողություն պահանջել: Ու դա արդեն Վաղինակը չի, որին նույնիսկ Հովսեփը կարող է սպառնալ: Դա մամլիչն է՝ ուզածդ մեկին իր ուզած ձևն ու վարքը թելադրող: Իր Վահագը մամլիչի ազդեցության տակ է, վտանգի մեջ:
Փաստորեն իր ընտանիքի հույսն ու հավատն ինքը օգնության կարիք ունի: Ինչ որ ուժերի ազդեցության տակ է: Իրոք, նա իր վճռական, ինքնավստահ, նախաձեռնող Վահագին չի ճանաչում:
Ու հիմա հաստատ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում, քանի որ անում է ուրիշների թելադրածը: Կարինեն ու այդ անծանոթ տղամարդն իրենց են ենթարկել իր ամուսնուն, որ դարձել է գերի իր իսկ գերնպատակին՝ տուն ձեռք բերելու ցանկությանը: Լուռ շոյեց դեռևս լացող Վահագի գլուխը, մտածեց՝ «Ոչ թե ինչ, այլ՝ ինչ գնով, սիրելիս»:
Ինքը, որ օգնության հույս ուներ, հիմա պետք է օգնի իր մոլորված ամուսնուն: Բայց կարո՞ղ է:
«Կարող եմ», մտածեց՝ «պարտավո՜ր եմ»:
Վահագը փորձեց թաքցնել լացը, բայց չկարողացավ,- Օգնի՜ր ինձ: Չե՜մ կարող, ո՜չ մի բան լավ չի…
Սաթիկն ինքն էր պատրաստվում նույն կերպ լացել ամուսնու կրծքին ու ասել նույն բառերը:
Գրկեց Վահագի ուսերը, շոյեց ամուսնուն, համբուրեց,- Կողքի՜դ եմ, հետդ եմ, լա՜վ կլինի: Հիմա կխոսենք:
-Տունը …կարող է …կորցնենք․․. Մե՜ծ պարտքեր …ունեմ․․. Կտանե՜ն:
Սաթիկն իրեն զրկեց հուզվելու իրավունքից: Չնայած դողացող սրտին, հանգիստ խոսեց,- Բայց ինչում՞ն է խնդիրը: Տունը կվաճառենք, Մանանի հետ կմնանք: Ինքն ուրա՜խ կլինի:
-Մի սենյականոցու՞մ, կծկվա՞ծ: Ավելի լավ է՝ մեռնեմ:
«Իսկ ինձ վտանգելով ու տհաճություն պատճառելով կարելի է, ուրեմն»- դառնացավ Սաթիկն ու արագ որոշումներ կայացրեց,- Շա՜տ սխալ ու վա՜տ որոշում է: Բայց եթե գնում ենք, ապա Հովսեփս դասերից հետո մնում է մոտս, մինչև քո գալը: Եթե դու տանը չես, ուրեմն Հովսեփս է հետս,- հենց «Հովսեփս» ասելով հասկացրեց՝ «չփորձե՜ս առարկել ու քննարկել»:
Վահագը հասկացավ:
-Ես էի ուզում ասել: Բայց կգա՞:
Սաթիկը չէր ուզում շատ բան ասել: Պետք չէր,- Կխնդրենք, կհարգի, կգա: Բայց Տիգրանին դու ես խնդրելու: Քո՜ խնդիրն է:
-Կասե՜մ: Անպայման: Ուրեմն առավոտյան գնում ենք, չէ՞,- Սաթիկը զգաց, որ ամուսնու վիճակը թեթևացավ: -«Ի՜նչ արած, եթե դա է ընտանեկան համերաշխության գինը, պե՜տք է վճարել»:
Սաթիկը հիշեց սիրելի ծնողին՝ հորը, հուզվեց: Ամսից ավել չէր տեսել,- Երկորդ պայմանը: Այստեղից տուն գնում ենք հայրիկիս մոտով ու մի գիշեր մնում ենք: Լրի՜վ դավաճան եմ, վատ, շա՜տ վատ դուստր:
Վահագն իրեն վերագտնում էր,-Անպայմա՜ն, չկասկածես: Շնորհակա՜լ եմ, սիրելիս: Երևի այս փորձությունը հաղթահարենք, ու վերջինը լինի:
Սաթիկը շտապեց զանգել հորը, կարգադրեց իրենց սպասել, ու ոչ մի կերպ չէր կարողանում ու նաև չէր ուզում զրույցն ընդհատել:
Վահագը փորձեց սպասել, որ վերջացնի և իրենց զրույցը շարունակեն, հարցեր ճշտեն, բայց Սաթիկն ի վիճակի չէր և չէր էլ ուզում ծնողի հետ զրույցից հետո քննարկել Սեդայի տան տհաճ հեռանկարը:
Վահագը գնաց քնելու:
Սաթիկը վերջացրեց հոր հետ զրույցն ու սենյակի կարգավորումը: Ուշ էր, Տիգրանենք չկային, ու նույնպես գնաց պառկելու:
Գրկվեց ամուսնու հետ, ու որպես նրա մարմնի գիտակ, հասկացավ, որ մարմնի տերն արթուն է, ու չի մոտավորվելու նոր զիջման հեռանկարի ահից:
7
Քունը չէր տանում: Ամեն ինչ շուռ եկավ ու ինքը պետք է իր ուսերի բեռն ավելացնի, այն էլ իր համար տհաճ պարտականություների ձևով: Ձայներ լսվեցին դարպասից, դուրս թռավ անկողնուց, թաքուն նայեց վարագույրի հետևից: Տիգրանենք էին, դարպասը կողպեցին, ներս մտան:
Հանգստացավ, մտավ անկողին: Հիշեց կատարվածն ու ամոթ ապրեց: Պետք էր գնալ, ներողություն խնդրել ամուսնու անտակտ արաքի համար, նաև շնորհակալություն՝ հյուրընկալության համար: Այդպես չե՜ն հեռանում հյուրընկալ տանից: Բայց նրանք արագ գնացին ննջարան ու պառկեցին:
Մի պահ ննջեց, քնի մեջ նորից դրսից ինչ որ ձայներ լսեց: Վեր թռավ, հաստատ որոշելով, որ եթե այս անգամ էլ օտար մեկը եղավ՝ ձայն է տալու տղամարդկանց: Թող կտրեն և դրանց ոտքը և իր հետևից սողացող փսփսոցի ձայները:
Զգուշորեն նայեց վարագույրի արանքից՝ Տիգրանն էր: Գալիս էր ցանկապատի կողմից: Երևի ձայներ էր լսել ու որոշել թարմ հետքերով բռնացնել գիշերային անկոչ էրոտաման հանդիսատեսին: Տիգրանը հայացքով զննեց տարածքն ու նստեց մոտակա կոճղին: Հավանաբար, այնուամենայնիվ, ինչ որ բան կար:
Լուսինը դուրս եկավ ու լուսավորեց շրջակայքը: Նույնիսկ Տիգրանի մտահոգ դեմքն էր երևում: Ի՞նչ էր մտածում: Երևի Վահագի անշնորհակալ վարքի մասին, որ ավիրեց հյուրընկալության ու երախտագիտության գաղափարներն իր եսակենտրոն ապրումների ու ներարկված կեղտոտ կասկածների պատճառով: Ինչպե՞ս կարելի է անհիմն կասկածների հիման վրա վիրավորել հոժարակամ քեզ օգնած մարդկանց:
Չգիտես ինչու, հիշեց Սարգսի լկտի վարքն ու երզրակացրեց, որ ըստ էության, Վահագն էլ նույնն արեց, վերջին հաշվով: Իրեն պետք էր այդպես անել, ու արեց, առանց հաշվի առնելու իրեն նվիրված կնոջը պատճառած ցավը, շրջապատի նկատմամբ իր պարտավորությունները, վարքագծի ընդունված նորմերը, իրեն օգնելու պատրաստակամ մարդկանց պատճառելիք ցավը:
Վարագույրը մի կողմ տարավ, որ Տիգրանը տեսնի իրեն ու իր հայացքից հասկանա իր զղջումը կատարվածի համար: Տիգրանն անկախ իրենից թեքվեց իր կողմ, ու ինքը հիշեց, որ վերնամասը մերկ է ու ձեռքի արագ շարժումով վարագույրով ծածկվեց: Ու հանկարծ այն թողեց ու մերկ կանգնեց պատուհանի մոտ, լուսնի լույսով լուսավորված մարմինն ի տես նայողին:
Ինչու՞ այդպես արեց, չհասկացավ, բայց և՝ չփոշմանեց: Երևի իրեն համակրող ու համակրելի տղամարդուն ինչ որ ազդանշան ուղարկելու, երևի հոգևոր նվիրվածությունը տեսողական պատկերով հաստատելու, կամ էլ պարզապես հաղորդագրություն ուղարկեց՝ «Սիրելի՜ մարդ, ինձ հետ մարմնական կապի մեջ մտնելու քո ձգտմանը այսքանով կարող եմ բավարարել, ես քեզ սիրու՜մ եմ»: Համենայն դեպս ձեռքի նուրբ շարժումով օդային համբույր ուղարկեց իր մերկությունն ըմբոշխնողին ու ժպտաց:
Եթե կարող է անմեղ հաճույք նվիրել սիրելի մարդուն, ուրեմն՝ կնվիրի:
Տիգրանն անակնկալի եկավ, բայց հայացքը չփախցրեց: Մոտեցավ պատուհանին, կանգեց դիմացը, վայելեց Սաթիկի մերկությունը: Հայացքով ընկալում էր Սաթիկին ամբողջությամբ, իրեն նվիրած մերկության գեղեցկությամբ, հայացքի ջերմությամբ, կանացի բարեհաճ պատրաստակամության ըմբոշխմամբ:
Նա իր հայացքով մեծարում էր կնոջ մարմինն ու մերկությունն ու Սաթիկը, դա զգալով, իր ամեն ժեստի ու հայացքի մեջ առավելագույն կանացիություն էր ներդնում:
Սաթիկը հիացած էր իր սիրելի մարդու վեհանձն վերաբերմունքով: Տեսողական վայելքը մարմնականի վերածելու ոչ մի ակնարկ, ոչ մի ավելորդ շարժում կամ գռեհիկ միմիկա: Միայն աչքերով մի անգամ քաջալերանքի նշան ուղարկեց, «Լա՜վ մարդ ես: Քեզ հասկանում եմ ու քեզ համար եմ կանգնած»:
Սաթիկն այդպես թարգմանեց նրա հայացքն իր համար, քանի որ իր բաժին Տիգրանը միայն այդպես կարող էր մեկնաբանել իր այս խենթ արարքը:
Տիգրանը հիացած ու առանց ավելորդ ձևականության հայացքով վայելում էր իրեն մատուցած անակնկալ տեսողական նվերը:
Երիտասարդ տարիների Քնարիկը խենթ էր ու համարձակ, ու ինքն ամուսանացավ հենց այդ Քնարիկի հետ: Բայց նա արագ հարմարվեց գյուղացու կնոջ իր դերին ու հնազանդորեն մտավ բեռի տակ՝ խենթությունն ու կատակները երբեմն երբեմն խնամքով դուրս հանելով օժիտի սնդուկից, վերհիշելով ու թարմացնելով արցունքի կաթիլներով: Իսկ իր սպասելիքներն ուրիշ էին: Ինքը խենթություն է փնտրում ամեն ինչում և ամենուր: Իր աննման Քնարիկը տան օրինակելի կին է, արտակարգ մայր, բայց իր երազանքը մնաց անկատար: Ու հիմա եկել է դրա կենդանի մարմնավորումն ու երազի պես ապրում է իր տանը, իրեն ժպտում քրոջ պես, կատակում իր ոճով, նայում աչքերին ու իրեն հասկանում կես խոսքից ու խենթացնում, իր զրնգուն ծիծաղով զանգի պես արթնացնում մխացող երազանքը՝ երազ աղջիկ, խե՜նթ աղջիկ: Ու ինքնաբերաբար իրենց մեջ ստեղծվեց միջանձնային կապ, մարդկանց միջմարդկային հարաբերություների բացարձակ տեսակը, երբ ոչ բացատրող բառեր են պետք, ոչ նվերներ։ Իրենց հերիքում են հայացքների երկխոսությունը, աչքերի կրակոցները, որից սիրտ է կանգնում, կոկորդ չորանում, որը ոչ կբռնացնեն խանդոտ ամուսինները, ոչ կգրանցվեն դատական ատյաններում, ոչ էլ կկցեն գործին, որպես ծանրացուցիչ հանգամանք: Իրենցը դա էր ու ինքը դրա հետ հարմարվել էր: Եթե իր երազանքի կենդանի կրողը երջանիկ է՝ իրեն հերիք է այն, ինչ նրանից ստանում է: Եվ ահա գիշերային այս հրաշք հանդիպումը հաստատեց, որ նա էլ իրեն նույն կերպ է վերաբերվում, իր նման է մտածում և իրեն ընդունում որպես այլ չափումներով ապրող աշխարհի ցանկության օբյեկտ:
Իրեն նվիրեց իր կյանքի ամենաթանկ նվերն ու ասեց այն, ինչն իր համար ամենակարևորն էր:
Մի պահ Սաթիկը սթափվեց ու կարկամեց: Տղամարդը մնում է տղամարդ: Ինքը կամավոր մերկացել է նրա համար ու հիմա նա լրիվ իրավունք ունի ֆիզիկական ցանկություն արտահայտել՝ թեկուզ ապակու միջից: Կարող է ժեստերով համբույրներ ու ձեռքերի շոյող շարժումներ շարել իր մարմնին, սեքսի նշան ու առաջարկ ուղարկել, ու ինքը չգիտի այդ դեպքում իր անելիքը: Կարող է նաև հետո կանչել առանձին անկյուն ու առաջարկել զարգացնել այս գողտրիկ էրոտիկ տեսակցությունը: Հո՞ չի կարող կոպտել, բողոքել, կամ էլ՝ վիրավորել: Իրոք, արածը հիմարություն էր: Տիգրանը երևի կնոջ ժպիտի որակի փոփոխությունից զգաց նրա վախն ու ապրումներն ու ժեստերով հասկացրեց՝ «Գնա քնիր, կհոգնես, հո այդպես անվերջ չե՞ս կանգնելու»: Սաթիկը հուզվեց: Հոգու և մարմնի միջով երախտիքի ջերմացնող ալիք անցավ:
Սիրտը երջանկությունից թռթռաց, աչքերում հայտնվեցին նվիրվածության ու ուշադրության կաթիլներ: Նա այդ պահին շնորհակալ էր բախտից, որ իրեն օգնեց հանդիպել ու հավատալ մարդկային հոգու վեհությանն ու նորից օդային համբույր ուղարկեց իր սիրելի մարդուն: Գնաց պառկեց անկողնում, գրկեց ու համբուրեց սիրելի տղամարդուն: Տղամարդը չէր ուզում, բայց ինքը շատ էր ուզում սիրվել՝ ասելիք ուներ: Համառեց, համոզեց, սիրեց ու սիրվեց: Նա պաշտում էր իր գրկում եղած տղամարդուն ու նրան հաճույք նվիրեց:
Համարյա միաժամանակ կողքի սենյակում մահճակալները ճռռացին: Վահագը ձայն չհանեց, բայց նրա սերն ավելի անհագուրդ ու կրքոտ դարձավ: Հաշտության գիշեր էր:
իրականացում
8
Վահագին ծանր օր էր սպասվում: Պետք էր Տիգրանի հետ նախ խոսել Պեպոյի բերքի համար, հետո էլ բացատրել երեկվա իր հիմար խանդն, ու՝ ինչ որ ձևով ներողություն խնդրել: Հետո էլ, ըստ Սաթիկի զգույշ դիտողության, գոնե ձևականորեն շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար:
Իսկ ամենադժվարը հետո՝ Սմբատի հետ է լինելու: Եկել է ու ոչ մի կոնկրետ բան չի ասում: Ինքն էլ գնում է ատրճանակով՝ կոնկրետացնելու խոսակցությունը:
Մեքենայով մոտեցավ տանը, հեռախոսով զանգեց ու Տիգրանն ինքը դուր եկավ փողոց: Ներս գնալուց հրաժարվեց, ասելով, որ Քնարիկից ամաչում է, ու միայն ռեստորանում նրա աչքին կերևա, եթե չմերժեն իր հրավերքը: Տիգրանն այնպես մոտեցավ ու զրուցեց, կարծես թե ոչինչ էլ չէր եղել: «Շնորհակա՜լ եմ»,- մտածեց Վահագն ու թախանձագին ու հիմար ժպիտով անցավ հարցաքննության,-Նեղացե՞լ ես երեկվա համար:
Տիգրանը, երևի, սպասում էր նման խոսակցության:
Դեռ ժպտում էր, բայց աչքերն արդեն՝ չէ,- Իմ չափով՝ հա: Թե՞ չափելու ես:
-Ձե՞ռ ես առնում: Լու՜րջ բան եմ հարցնում:
- Դե, ձգու՜մ եմ՝ ճշտեմ, էդ լուրջը վախենալու՞ ա, թե՞ քննարկելու:
- Էդքան վախեցա՞ծ ես:
- Ուզում ես տանես՝ Կարինեն վախս չափի՞: Պետք չի՜: Իրա չափիչը իմին չի բռնում, քոնին՝ չգիտեմ:
- Ես Կարինեի հետ ի՞նչ գործ ունեմ: Սաթիկ՞ն է բողոքել:
- Չէ, ինքը հետս չի խոսում: Ասում է՝ Վահագը բարկանում է:
- Լսիր, հո երեխա չե՞ս:
- Պատահում է, կա այդպիսի բան: Բայց հետո հետ եմ գալիս: Համբերիր,- ծիծաղում է:
Վահագն էլ է ծիծաղում, բայց հայացքը թաքցնելով:
Որոշեց շրջանցել ներողության հարցը,- Ներվերդ ո՞նց էլ հերիքում է՝ բառեր գտնել, մարդկանց կատաղեցնել, օրը փչացնել:
Տիգրանն արդեն չխնայեց, նայեց աչքերի մեջ,-Ե՞ս,- ու երկուսով ծիծաղեցին:
Տիգրանն ինչ որ բան հիշեց,- Իմը ներվեր չի, ախմախ գյուղացու ճամփա ընկած էշ է: Իր ճամփով գնում է: Ո՜նց էլ լինի՝ տեղ կհասնի:
- Դե լավ, ու՜շ է: Լավ բան չեղա՜վ: Ընդունեցի՜ր, հյուրասիրեցի՜ր, շնորհակալություն էլ չասեցի: Կամ ընտանիքներով գնանք ռեստորան, կամ էլ Սեդայի տանը մի բան կազմակերպեմ: Հը՞:
-Վատ բան չես ասում: Բայց ռեստորան՝ չէ, հատուկ շոր հագնելու հավես չկա: Եսիմ գտնե՜մ, չգտնե՜մ: Ոչ էլ՝ Սեդայի տուն:
-Ինչի՞:
- Էնտեղ ինչից էլ որ օգտվես, քթիցդ ա գալու: Իմ քթերը փակ են, վախենամ՝ ուրիշ ճամփա գտնեն: Կգաք իմ տուն, որ Քնարիկից էլ չվախենաս, ձևն էլ ինձ ասես: Դու էլ փող կխնայես:
Վահագը ձև արեց, -Եղավ: Հա՜, հիշեցի: Պեպոյի հետ խոսել է պետք…
Տիգրանը ժպտաց, իբր՝ «գիտեմ, խաղեր մի՜ տուր: Դու հենց դրա համա՜ր ես եկել»,- Դե՜ ասեցի: Կգաք մեր տուն, Պեպոն ու Խորենն էլ կլինեն իրենց ընտանիքներով: Լա՜վ կլինի: Էդքան մարդու մոտ խոսելը նոտարի թղթից ուժեղ է: Թե չէ՝ գումարը մեծ է: Եթե թողնես վրաս, տակից դուրս չեմ գա, կկորե՜մ:
-Ապրես, շնորհակա՜լ եմ: Քեզ չեմ թողնի կորես: Հազի՜վ ճիշտ բարեկամ եմ գտել: Եղավ, կզանգվենք: Քնարիկին բարևիր, իմ կողմից ներողություն խնդիր,- մեքենայի շարժիչը միացրեց ու հեռացավ:
9
Վահագը վերադարձավ Սեդայի տուն, կիսաքնած Սաթիկին զեկուցեց Տիգրանի հետ զրույցի արդյունքների մասին, առավոտյան համբույրը պոկեց ու շտապեց քաղաք՝ հանդիպելու Սմբատին ու վերադառնալու: Դեռ հետո՝ ճամփին պետք է մտահոգվի, թե ինչ խղճով է պլանավորում օրվա անցուդարձը, եթե որոշել է մարդ սպանել, այն էլ՝ մոտ ընկերոջը: Տանը Սաթիկի հետ պայմանավորվել էին, որ տանից դուրս չի գա, մինչև Հովսեփի դպրոցից վերադառնալը: Սեդան էլ խոստացել էր ոչ Գայանեին, ոչ Սարգսին տուն չթողնել առանց Վահագի ներկայության, ինչքան էլ նեղանան:
Ճանապարհ ընկավ, մտքում շնորհակալ լինելով Տիգրանից, անկախ ամեն ինչից իրեն աջակցելու ու արժանի զավակ մեծացնելու համար: «Իրո՜ք, արժանի պատանի է: Երևի մի քիչ էլ սիրահարված է Սաթիկին: Բայց դե ոչինչ չես կարող անել: Թող ձևավորվի մոտը կնոջ իր իդեալը: Հիմա կարևորը գործերը մի քիչ կարգավորելն է: Տուն ունեմ՝ փաստորեն: Լավ, խղճով սարքած տուն է», - հոգոց հանեց,-«Տիգրանը ճի՜շտ է ասում, վայելելը դժվա՜ր կլինի: Գայանեի խառնաշփոթ ընտանիքն իր հիմար հավակնություներով ու Սաթիկի ժխտողական դիրքորոշումը կխանգարեն»:
Ինքն էլ այդ տուն կոչվածի պատճառով մտել է իրեն չսազող գործարքների մեջ ում հետ պատահի, համակերպվում է Սարգիս կոչվածի լկտիությանը, կնոջն էլ համոզում, որ ծեր կնոջը խնամելու մեջ ոչ մի ահավոր բան չկա»:
Գրպանից հանեց ատրճանակը, զննեց, նորից դրեց գրպանը: Գնում էր Սմբատի հետ լուրջ խոսելու, ու եթե արդյունք չլինի՝ վերջին անգամ: Ինչքա՞ն թույլ տա իրեն հիմարացնել: Էլ տեղ չկա՜:
Պայմանավորվել են Վաղոյի պահեստի մոտ: Ինքն առաջարկեց, քանի որ այն քաղաքից դուրս է, ու ինքը լավ գիտի տեղանքը: Տանը պետք չէր: Վերջիվերջո այնտեղ հաց է կիսել, օջախի և կնոջ կենացը խմել, երեխային բախտավորություն ցանկացել:
Իջավ մեքենայից, ատրճանակը խրեց գոտկատեղում, գնաց հանդիպման վայր: Հանկարծ ինչ որ ձայն լսեց,-«Համոզվա՞ծ ես, որ ճիշտ ես անում»: Վախեցած նայեց շուրջը՝ մենակ էր: Հասկացավ, որ ինքն է իր հետ խոսում:
Բայց փորձեց համոզել իրեն կամ էլ՝ ներքին ձայն կոչվածին՝,- «Ինչքա՞ն: Մինչև գան, մեզ ու իրերը տանից դուրս շպրտեն, ու չկարողանա՞մ նայել մերոնց աչքերին: Իսկ ինքն այդ ժամանակ ինչ որ տեղ քեֆ անի ու նոր հիմարների հետ ընկերության կենացը խմի՞»:
- «Ինքն իր կյանքը վտանգելով քեզ փրկել է կործանումից, ու դու երդվել ես չմոռանալ, ու իրեն կյանքով ես պարտք: Պարտք՞դ ես տալիս: Ինչու՞ ես կասկածում: Չի հրաժարվել, չէ՞»:
Վահագը բարկացավ,- Կասկածն անիմաստ չի ծնվում: Երբ որ դավաճանության փաստերը տեղ չեն թողնում:
- «Իսկ ի՞նչ է դավաճանությոնը: Գոնե գիտե՞ս՝ բացի բառը թոթովելուց»:
Վահագը լարվեց ու հիշեց,- Այն է, որ չեն արդարացնում քո սպասելիքները:
-«Ապու՜շ, իսկ միգուցե քո սպասելիքներ՞ն են հիվանդ կամ՝ չափազանցված: Քո հիվանդ մտածողությամբ Սաթիկին էլ ես կասկածում դավաճանության մեջ: Պիտի սպանե՞ս»:
- Եթե համոզվեմ, կսպանեմ… երևի.. դա ուրիշ է… ձենդ կտրիր, հասա…
-«Իսկ ինչու՞ չքննարկել: Լա՜վ մտածիր: Կյանք է կորում, քոնն էլ՝ հետը»:
- Ի՜նչ քննարկել: Պարզ է ամեն ինչ: Չե՞ս տեսնում՝ ինչ անհոգ է: Իսկ ես ապրումներից կնոջս էլ մոտենալ չեմ ուզում ու չեմ էլ կարողանում:
Տեսավ իր կողմը ձեռքը թափահարող Սմբատին,- Լռ՜իր, կլսի: Հասա,- մոտենում է Սմբատին, ձեռքով բարևում:
-էդ ի՞նչ էիր քեզ ու քեզ խոսում, ձեռքերդ թափահարու՜մ:
Վահագը փորձում էր կոպիտ խոսել, որ վեճ սկսվի,- Ո՜չ մի բան լավ չի: Դու խաբում ես, Սաթիկը սկսել է վիճել, հակաճառել: Պարտքերի ժամկետն է մոտենում ու՜ ոչինչ չկա:
Սմբատը տրամադրված չէր վեճի,- Դրա պատճառով որ գժվեցիր, կշահե՞ս: Ես քեզ ո՞նց կարամ խաբեմ, էլ չասե՜ս: Ասեցի, չէ՞, որ ամեն ինչ կորած չի: Ի՞նչ կար այստեղ: Նոր գո՞րծ ես մտածել: Հաց չեմ կերել, որ միասին ուտենք: Վերջացնենք, գնանք:
Վահագին կատաղել էր պետք, որ զենքն հանի ու կրակի,- Մի ամիս է, ասում ես՝ լավ կլինի: Նոր գործ եմ սկսել գյուղում, դու էլ գիտես: Ուզում եմ գործ սկսել այս պահեստի հետ: Գումար է պետք: Ի՞նչ թողեմ գրավ, կասե՞ս:
- Հա ապեր, լավ բանը քիչ է: Բայց դե հույսն էլ առայժմ չի մեռել: Հեռախոսով ասեցի, ախր: Երեք օրից ռեալ հույսեր կան: Կասկածում ե՞ս, գնանք՝ գանք: Ինչ որ լավ չես, քրտնել ես:
- Ո՞նց լավ լինեմ: Իբր չգիտե՞ս, որ լավ բան չկա՜: Պարտքերս դու՞ ես տալու:
- Քո օրին էլ ե՜ս եմ: Դու դեռ Մանանի տունն ունես: Համենայն դեպս վարձով տուն եմ փնտրում, էն էլ էժա՜ն:
«Սու՜տ ես խոսում: Իմ փողերով տուն ես առել, անունը վարձով տուն ես դնելու, որ կուտն ուտեմ: Ի՜նչ էլ մարդաշատ տեղ է»,- Արի գնանք պատի տակ, լսող չլինի: Կարևոր բան եմ ուզում ասել, վերջացնե՜լ»:
-Եթե քեզ պետք է՝ գնանք: Թեկուզ՝ դժոխք, մենակ թե՝ սոված մի՜ թող:
Հասան պատի մոտ, որտեղ ոչ տեսնող կա, ոչ էլ կրակոց լսող,- Խելո՜ք գալիս ես: Չես էլ հարցնում: Կարող ա՝ ուզում եմ սպանեմ:
Սմբատը ծիծաղեց ու, կարծես դիտմամբ՝ մեջքով նստեց, հորանջեց,- Եթե պիտի մոտ ընկերոջս կասկածեմ ու իրենից վախենամ, ուրեմն սխալ եմ ապրել: Ինձ սպանելն էլ քիչ է: Թող որ քո ձեռքով, որ դրախտ ընկնեմ:
«Գոնե չգար այսքան հեռու, կամ հարցեր տար, արդարանար: Հիմա ուզեմ չուզեմ՝ կրակելու եմ: Չէ, արագացնեմ, թե չէ ինչքան խոսում ենք, էդքան փոշմանում եմ: Սրան կխղճամ, իսկ ինձ խղճացող չկա: Բայց ատրճանակի ձգանը չեմ քաշել: Բա որ չկրակի՞, սեղմեմ ու չկրակի՞: Ո՜նց չփորձեցի»,- Գնամ զուգարան, գամ:
-Ի՞նչ զուգարան, ուշ է: Հավես ունե՞ս էդքան գնաս: Մարդ մուրդ չկա՜: Էս ամբողջ պատը քեզ զուգարա՜ն: Հը, զանգե՞մ, սպասեն օբյեկտում: Չմտածե՜ս, գրվելով է:
Վահագը հեռանում է, առանձնանում, ատրճանակը հանում,-«Գրվելով ապրում ես, վայելում, հետո ձեռդ ընկածով փակում, ինձ ասում՝ չկա՜»
Ինչ որ մեկը միացրեց բեռնատարի շարժիչն ու դրա ձայնի տակ ինքը քաշեց ձգանը, ատրճանակը մտցրեց շալվարի գոտկատեղն ու գնաց դեպի Սմբատը: Դողում էր,-«Վե՜րջ, երկմտել չկա: Դողալն էլ հասկանալի է՝ ընկերս է: Բայց դավաճան է, կրակելու եմ»:
Նորից խոսեց ներքին ձայնը,- «Չանես, ապու՜շ: Ոչինչ չես շահի, հասկանու՞մ ես, ոչի՜նչ»:
Մտքում գոռաց,- «Լռի՜ր, ապու՜շ, կլսի», ու ձեքը տարավ գոտկատեղին: Նույն պահին զանգեց Սմբատի հեռախոսն ու նա միացրեց հեռախոսն ու մեքենայաբար թեքվեց: Պահը հարմար էր, բայց իր լարված շարժումից ատրճանակը գոտկատեղից ընկավ, շալվարի միջով սահեց ներքև, հայտնվեց գետնին: Սմբատը ձայնից շուռ եկավ, բայց ինքը հասցրեց կռանալ ու այն ծածկել, իբր թե՝ կոշիկն է կարգավորում»:
«Հենց հիմա՜, հենց հիմա: Էլ սրանից լավ պահ չկա՜»:
Սմբատը հուզվեց, թեքվեց, Վահագին աչքով արեց,- Էն ում քաղցր բալեն ա՜: Ասե՞մ՝ ում հետ եմ կանգնած: Ո՞վ ունես քաղց՜ր քեռի:
Լսվեց փոքր Սոնայի ձայնը,- Չե՜մ ասի, որ …
Վահագն ատրճանակը թաքցրեց գոտկատեղում,- Թարս է: Ինձ չտա՜ս,- կոպիտ ստացվեց ու Սմբատն ամբողջ հանդիպման ընթացքում առաջին անգամ զարմացած նայեց Վահագին, - Չի՜ ուզում: Էս ոնց որ բարի քեռուն բարկացրել ես,- միացրեց բարձրախոսը,- Դե, ասա՜:
- Քեռի, դե ասա՜, վաղն ի՞նչ օր է, այսինքն՝ ու՞մ ծնունդն է, այսինքն՝ ինձ ի՞նչ ես առնելու: Որ գաս, ականջիդ կասեմ,- Վահագն անկախ իրենից Սմբատի հետ ծիծաղեց, ու թեքվեց, որ մաքրի արցունքերն ու չմատնի իրեն,- «Ի՜նչ անեմ, այ երեխա: Ինչու՞ խառնվեցիր: Բա իմ երեխեն երեխա չի՞, բալես»,- թքեց գետնին ու թեքվեց դեպի ընկերը,- Ասում ես՝ ու՞ր գնանք:
Սմբատը ձեռքը գցեց Վահագի ուսին ու քայլեցին,- Լա՜վ տեղ, տեղում կիմանաս:
Ատրճանակի փողը խանգարում էր Վահագի քայլելուն: Ցցված էր աճուկի վրա:
Քրտնեց,-«Երևի լավն է՜ս էր», -հիշեց, որ ձգանը քաշած է,-«Հիմա կկրակի, ինձ կխեղի ու կխայտառակի»,- Սպասիր, էլի եմ ջուր թափել ուզում,- ու՜շ էր, ինքն էլ՝ անուժ: Ուրիշ պատճառ մտածելու ուժ ու ցանկություն էլ չկար:
Սմբատն անհոգ ծիծաղեց,- Չեղա՜վ, մեր ախպեր: Տաս րոպեում երկու անգամ ջուր թափելը վատ նշան է: Բա էնտեղ քեզ չեն հասկանա, ո՞նց ես անելու:
Վահագը շտապեց,- Գալիս եմ,- հեռացավ, ատրճանակը կարգավորեց, փամփուշտները շպրտեց աչքերը փակ ու հեռու, որ եթե փոշմանի էլ չգտնի, թեթևացած շունչ քաշեց,- Իրո՜ք, հիմարություն էր:
Թող լինի ամենավատը, բայց գոնե՝ մարդ չսպանեմ,- մոտեցավ ընկերոջը- Բայց շատ ես, է՜, անդարդ: Ասում ես՝ ու՞ր ես տանում:
- Նախ գնանք էդ Վաղոյի հետ էդ քո գործի համար խոսենք: Փայ չեմ մտնի, չվախե՜ս: Մենակ կփորձեմ օգնել: Իրեն հեռվից գիտեմ: Ինչ որ երաշխիքներ կշարեմ, կշշմի: Ինձ հո գիտես:
-Առանց գումար չեմ մտնի: Ոչինչ, թող մնա,- իրեն թեթև էր զգում, քրտինքն անցավ,-«Լա՜վ էր, ապրի՜ ներքին ձայն հնարողը»:
- Բայց ասա, հետս կգա՞ս, ուր էլ գնամ, որպես ընկեր:
Վահագն արդեն չէր մտածում: Ո՞նց հակառակվի մարդուն, որին հենց նոր ուզում էր կյանքից զրկել: Կռիվ էլ լինի տասի դեմ, գնացող է,- Կգամ, քեզ հետ կգամ: ընկերոջ խոսք: Ու՞ր:
- Բոզի…
-Առը հա՜: Չէ՜, չեղավ:
-Արդեն գրվել եմ: Եթե չեկար՝ քո հաշվին է, եկար՝ իմ:
- Դե լավ: Զանգեմ Սաթիկին, բան հարցնեմ, շարժվենք:
- Այ քեզ ապու՜շ: Բոզի գնալուց առաջ զանգում է կնոջը, զեկուցում,- ծիծաղեց:
Վահագին իր լարվածությունը թոթափելու առիթ էր պետք: Ինքն էլ պատկերացրեց ընկերոջ ասածն ու երկար ծիծաղեց: Երկուսով ծիծաղեցին լացելու չափ:
Բայց Վահագն, իրոք, լալիս էր:
Հետո զանգեց Սաթիկին, իմացավ, որ կնոջ ասպետն ուր որ է՝ կգա, դեռ չկա: Բարևներ փոխանցեց Սմբատից, խոստացավ քսան րոպեից զանգել ու ճշտել Հովսեփի գալն ու շարժվեցին:
10
Վահագի պատկերացմամբ մտնելու են կասկածելի հաստատություն սեքսի համար ընտրվելու շարված պատրաստակամ կանանցով: Ու չէր էլ պատկերացնում, թե ոնց է դրանց մարմիններն անամոթաբար զննելու ապրանք գնահատողի հայացքով, ու ոնց է մերժելու իրեն ընտրել աղաչող պոռնիկին՝ «Ինձ ընտրիր, ջանիկ՜ս: Ես լավիկն եմ ու քեզ հաճելի՜ սեքս կպարգևեմ»:
Բայց ամեն ինչ ավելի պարզ եղավ: Գնացին բնակարան, որտեղ իրենց էին սպասում երկու կին ու ընտրելու հարց էլ չառաջացավ, քանի որ Սմբատն արագ մոտավորվեց մեկի՝ հավանաբար հին ծանոթի հետ: Նայեց իրեն բաժին ընկած կնոջը՝ լավիկն էր ու պահվածքն էլ վատը չէր: Բայց երբ Սմբատը հետը ինչ որ բանի մասին շշննջաց, նա ցնցվեց, նայեց իրեն ու գլխի ժխտողական շարժումով մերժեց,- Չէ՜, էսօր հերիք է:
Վահագը և նեղվեց, և ուրախացավ: Առանց այդ էլ չէր ուզում և մինչև այդ պահը չէր փորձել պոռնիկի հետ սեքսը: Հետո առաձնին էլի փսփսացին ու կինը ժպտալով մոտեցավ իրեն,- Բարև Ձեզ, ես Սաթիկն եմ՝ այսօրվա Ձեր հաճույքի ստրկուհին, պատրաստ կատարելու ցանկացա՜ծ սեքսուալ քմահաճույք: Վահագն անակնկալի եկած նայեց Սմբատի կողմը, բայց նա իր դիցուհու հետ գնաց մյուս սենյակ:
Հո չէ՞ր գնալու հետևից՝ «արի թարգմանիր»:
Կնոջը Սաթիկ անունով կոչելը հաստատ նրա խաղերն են՝ իրեն տրամադրելու համար: Գիտի, որ ինքը խորշում է պոռնիկներից ու հետո էլ սիրում է մատուցել թեկուզ հիմար, բայց անհասկանալի անակնկալներ: Սաթիկ անունն իր համար հակառակ էֆեկտն ունեցավ՝ իրեն կորցրեց:
Փորձեց ժամանակ շահել,- Ճիշտն ասած, առայժմ ոչի՜նչ չեմ ուզում: Նստիր, զրուցենք, հետո՝ չգիտեմ:,- ինչու “դու” ով խոսեց, չգիտեր:
Երևի մտածում էր, որ պոռնիկները սովոր են դրան:
Սաթիկն իրեն չկորցրեց,- Նստե՜մ, - նստեց Վահագի ծնկներին, ձեռքը գցեց նրա ուսով, հեշտալից համբուրեց ու շշնջաց,- Լսու՜մ եմ, իմ տեր: Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել ձեր քմահաճույքի օբյեկտին:
Հագին լրիվ թափանցիկ ու կարճ զգեստ էր՝ բաց դեկոլտեով։ Դրանք միավորվելով տղամարդկալին կրքոտ երևակայության հետ միասին նրան ավելի էրոտիկ տեսք էին տալիս ու ավելի հրապուրիչ ու տենչալի դարձնում:
Վահագն, իրոք, չգիտեր, թե՝ եթե ուզեր, հետո ի՞նչ պիտի աներ դրանց հետ,- Չգիտեմ…
Սաթիկը խոսելու հետ ձեռքով քնքշորեն շոյում էր տղամարդուն,- Քմահա՞ճ, անփո՞րձ, խելացի զրուցընկե՞ր, թե՞ գռեհիկ պոռնիկ:
Վահագը հայացքը փախցրեց, լռեց:
Կինն այդպես կիսամերկ գնաց մյուս սենյակ ու վերադարձավ սկուտեղով, բերելով սուրճ և կոկտեյլ: Նա հիանալի գիտեր, որ տղամարդը հետևից նայում է իր մարմնին ու հետևում քայլվածքին, ու կարողանում էր իր պահվածքն ու քայլվածքը կառուցել տղամարդու աչքերով, այսինքն՝ իրեն ցուցադրել: Նա լավ գիտեր տղամարդու ցանկությունն ու կարողանում էր այն ղեկավարել: Կնոջ համար մերկ վիճակում տղամարդու ուշադրությունը պահելը դժվար արվեստ է, թեկուզև՝ կրքոտ շարժումներով, ու այս Սաթիկը տիրապետում էր այդ արվեստին: Վահագը դա գիտեր իր Սաթիկի օրինակով: Պարզապես այս կինը չէր կարող մրցել իր Սաթիկի հետ, քանի որ վերջինս ջանում էր միայն իր տղամարդու հանար, իսկ սա՝ ցանկացածի, և ցածրաճաշակի, և բարձրաճաշակի: Եկավ, նստեց կողքին, բաժակը ժպտալով մոտեցրեց դեմքին,- Եթե կուզեք, ես կխմեցնեմ երկուսը մեկում:
Վահագն առանց հասկանալու առաջարկի էրոտիկ իմաստը, -«Չէ՜»,- ասեց ու վերցրեց բաժակն իր ձեռքը, խմեց:
Կինը ժպտաց, շշնջաց, նայելով տղամարդու աչքերին, , -Ինչ՞ն է խանգարում, ինչո՞վ օգնեմ:
Վահագը նեղվեց կնոջ փոխարեն,- Գուցե սխալ է, բայց այդպես է, կներե՜ս: Երբ որ հիշում եմ, որ ձևացնում ես, քանի որ փող եմ տվել, ու ինձանից առաջ ու հետո ուրիշի հետ նույնն ես անելու, քեզ գրկել ուզենալու փոխարեն հետ եմ մղվում, անկախ ինձանից: Չե՜մ ընդունում ուրիշին լիզող պոռնիկներին:
Կինը լրջացավ: Հավանաբար՝ նրա համար ծանոթ զրույց էր,- Իսկ տղամարդկանց պոռնկությունն ավելի՞ բարոյական է:
- Չեմ շփվում, չե՜մ հանդիպել: Կանայք ավելի շատ են:
Կինն էլի ժպտաց, բայց այս անգամ նենգաբար, կանխապես վայելելով իր հաղթանակը,- Պարզաբանեմ: Քանի՞ տղամարդ է դիմացինի վիրավորանքը կուլ տվել լավ աշխատանքը կամ գործարքը չկորցնելու, կամ էլ պարտքը հետաձգելու խնդրանքը չմերժելու համար: Ձեզ հետ, իհարկե՜, չի պատահել:
Վահագը հիշեց Հրայրի հետ իր վերջին հանդիպումը, ցնցվեց, բայց լռեց հայացքը փախցնելով:
Կինը ժպտաց: Նրա ձեռքը դեռևս Վահագի ազդրին էր ու նա զգաց տղամարդու մարմնի ակամա արձագանքը:
-Ես համբերում եմ տհաճ սուբյեկտի սողալը մարմնիս վրայով, պատկերացնելով Ձեզ նման հաճելի մեկին փոխհատուցման ակնկալիքով: Տղամարդն էլ է կուլ տալիս ուրիշի լկտիությունն այդ նույն ֆինանսական ակնկալիքի պատճառով: Երբ նրան հայհոյում են կին, կամ՝ բերան, ու նա լռում է, միթե՞ դա նույն պոռնկությունը չի: Թե՞ իրենցը բացահայտ չի, ու չես հաստատի: Հարցը հանգում է նույն օգուտին: Թե՞ ես սխալ եմ:
Վահագը մինչ կխոսեր, կինը նորից հարված հասցրեց, որ չթողնի ուշքի գալ,- Իսկ երբ օգուտի համար ձևեր է թափում և ուրախ ձևանու՞մ՝ ուրախություն վաճառում ու իր թանկագին ինքնասիրությունը փռում իրեն չհարգող անասունի առջև: Նա ինձանից ինչո՞վ է առավել:
-Դաժա՜ն կին եք,- Վահագը շփոթված էր: Հիշեց իր հետ կապված դեպքը՝ կապված Սամվելի հետ: Կարծես թե այս Սաթիկն այնտեղ իր կողքին է եղել:
Կինը շոյում է տղամարդու ձեռքը,- Դուք սկսեցիք: Չէ՞ որ դուք եք որոշում զրույցի թեման: Համաձայն եմ, փոխե՜նք: Կյանքում այդպես է՝ ապրում ենք մեր հեքիաթում, չուզենալով տեսնել շրջակա կեղտը, բայց զզվելով ուրիշների շուրջ առաջացած նույն կեղտից: Ու այդպես ես ձեր մաքրությունն եմ արհամարհում, դուք՝ իմը: Ոչ ոքի՞: Նորից ընկերնե՞ր ենք:
Վահագն ասելիք չուներ, հանձնվեց,- Ոչ ոքի,- ու թեթևություն զգաց: Չէր ուզում հիշել այն դեպքերը:
Կինը կանգնեց, քայլեց սենյակում,- Ի՞նչ անեմ Ձեզ համար, պարե՞մ, քայլե՞մ, սիրե՞մ,
Վահագը զիջեց,- Չգիտե՜մ,- դա նշանակում էր, որ այլևս չի դիմադրի, պարտված է:
Կինն զգաց իր նվաճած իշխանությունն կամակոր հաճախորդի նկատմամբ, նորից նստեց նրա ծնկներին, այս անգամ՝ նրա տիկնոջ իրավունքով:
Կինը համառորեն փորձում էր արդյունքի հասնել, հավանաբար գումարի և հեղինակության հարց էր, կամ էլ՝ մասնագիտական ինքնասիրության:
- Միգուցե փորձեմ Ձեզ մերսե՞լ: Որ՞ն եք նախընտրում՝ էրոտի՞կ, թե՞ սովորական մերսում: Խնդրում եմ չմերժել: Իմ խնդիրը Ձեզ արտաքին աշխարհից կտրելն է, իմ աշխարհ բերելը: Իսկ դուք այնտեղից չե՜ք ուզում կտրվել: Եթե ոչինչ էլ չստացվի, Ձեր մարմինը կթուլանա և կհանգստանա՜,- ու առանց սպասելու պատասխանի լուռ հաճախորդից, սկսեց նրա
մարմինն օծել ինչ որ քսուկներով ու յուղերով:
Կինն, իրոք, տիրապետում էր մերսման արհեստին:
Ընթացքում շոյում ու համբուրում էր Վահագի մարմնի տարբեր մասերը: Վահագը փորձեց չթողնել:
Կինն աղաչեց,- Թու՜յլ տվեք արթնացնել որձությունը, որ պահել եք յոթ գոմշի կաշվի, յոթ քարի հետևում: Որ այդ որձության ժայթքումից այդ քարերն ու կաշին շպրտվեն ու մեզ չխանգարեն: Ինձ մերժելը հասկանում եմ, Ձեր մարմնի ցանկությանը՝ չէ:
Հանկարծ կիսաբաց դռնից լսվեց մյուս կնոջ ձայնը,- Կա՜ր, մի րոպեով չե՞ս գա:
Վահագը ցնցվեց: Սաթիկի և Կարինեի անունների համատեղումը մի կնոջ անվան մեջ իրեն չարագուշակ նախազգուշացում թվաց: Այդպիսի համընկումները պատահական չեն լինում:
Ու երբ կինը վերադարձավ, հարցրեց,- Փաստորեն անունդ Կարինե՞ է:
-Սմբատն այդպես պահանջեց, ու ինձ թվաց, թե Ձեր ցանկությամբ է: Իսկ հաճախորդի կամքն օրենք է:
Վահագը հիշեց կնոջ դժգոհ դեմքը,- Իսկ ինչու՞ ցնցվեցիր սկզբում, երբ ինձ նայեցիր:
-Որովհետև արդեն երկրորդ անգամն է, որ դառնում եմ Սաթիկ: Առաջինը տհաճ էր, ու վախեցա:
Վահագի կոկորդը չորացավ,- «Ահա՜ և նախազգուշացումը»,- Այո, էլ ո՞վ:
-
Մի գյուղացի տղա, անունը չեմ տա, մոտիկ գյուղից: Ասեց, որ իրենց գյուղում մի գեղեցկուհի կա Սաթիկ անունով, քաղաքից եկած: Ու պետք է դառնամ իր Սաթիկը, որ մոտը ստացվի:
Վահագը բերանում դառնություն զգաց: Նա հենց հիմա պետք է իմանա: Փաստորեն՝ ինչ որ բան կա: Ինքը փսփսոցներից ծնված իր կասկածը փնտրել է ամենուր, ու գտնում է հանկարծ, ու՝ ոչ այնտեղ,- Եվ ի՞նչ, ռոմանտի՞կ երեկո էր:
Ինչքան էլ Վահագը անտարբեր էր ձևանում, կինը կանացի հոտառությամբ զգաց տղամարդու հետաքրության աճը:
Վե՜րջ, նա իր ձեռքում է, իրենն է ու ինքը նրան կվաճառի այդ պատմությունն ու վրեժը կլուծի:
- Չի՜ կարելի, ամեն մեկին՝ իրենը: Ձեզանից հետո էլ մեկ ուրիշին հո չե՞մ պատմելու մեր միջև եղածը։ Հենց
դա է անբորայականությունը,- հմայիչ ժպիտը միախառնեց նուրբ հպումներին,- Ո՜չ, մի ստիպեք: Մենք դրա համար չենք այստեղ:
- Իսկ եթե շատ խնդրե՞մ, ու առանց անունների: Ես կամ կինս այդ գյուղում չենք եղել, չենք էլ գնա: Կնոջս անունն էլ Քնարիկ է: Ինձ հետաքրքիր են հիվանդագին երևակայության արտահայտման խեղաթյուրված ձևերը: Օգնե՜ք ինձ հանուն գիտության: Գումար կտամ։
Վե՜րջ, կինը հոգում ծնցում էր: Նա արդեն կանխատեսում էր կատարվելիքը,- Ուրեմն Դուք էլ պետք է ջանաք հանուն գիտության,- Վահագը պատրաստակամ գլխով արեց,- պատմելու ընթացքում պետք է համբուրեք իմ մարմինը: Չկա համբույր ու շոյանք, չկա՝ պատմություն,- Վահագն այնքան պատրաստակամ էր, որ կինը կատաղեց՝ «իսկ ու՞ր մնաց քո խորշելը, հարգելիս»,- Ու այնտեղ, որտեղ ես կուղղեմ, քանի որ հաճույքի պահին մարմինս գժվում է:
Վահագը լռեց, կինը պառկեց: Վահագը հնազանդորեն գլուխը մոտեցրեց նրա պարանոցին ու սկսեց համբուրել: Կինը սկսեց շոյել Վահագի գլուխն ու այն ուղղել դեպի իր կրծքերը, պարանոցը, փորը, ներքև:
(շարունակելի)