Литературный портал

Автор поста

Օգնիր ինձ (3) 18+

Վահագին Արգիշտիի կարծիքն օդի պես պետք էր: Իր և Սաթիկի մեջ երբեմն ինչ որ անջրպետ էր առաջանում, պատ: Նույնիսկ փորձում էին ակեղծորեն իրար օգնել, քանդել այդ պատը, իրար նայել անկեղծ ու մաքուր աչքերով, ու հաճախ չէր ստացվում: Դրա փոխարեն Սաթիկը միշտ իր մտքերն անկեղծորեն տալիս էր թղթերին: Այդ թղթերն էլ կարդում էր Արգիշտին ու ինքն իմանում էր կնոջ ենթագիտկացականի խորխորատների ավելին, քան Սաթիկն էր անկեղծանում անկեղծության պահերին: Եվ Սաթիկի և Արգիշտիի կարծիքով ինքը ճշտում էր կնոջ հաջողություններն ու արվեստագիտական որակը, իսկ ինքն ընդամենն ընկերոջն օգտագործում էր սեփական կնոջ պայթյունավտանգ մտքերը ճանաչելու համար:
Անվստահ ամուսնու հասկանալի, բայց չարդարացվող միջոց: Սաթիկը երևի հասկացել էր իր խորամանկությունը: Չէր փորձում հարցերով ավելին պարզել իրեն ու իր արվեստին վերաբերող իրենց զրույցներից, քան ինքն ասում էր: Եթե ամուսնուն այդպես է պետք, ուրեմն՝ իրեն էլ է պետք: Եթե խաղ է, թող լինի սիրած էակի խաղ, կսպասենք վերջաբանին:
Միայն հարցում էր,- Եվ ի՞նչ ասեց քո Արգիշտին:
- Բարև ուղարկեց: Հասկացել է ու հիացե՜լ:
- Ապրի՜ ինքը:
Մի անգամ ինքն ավելին ասեց,- Գիտե՜ս, հեռակա սիրահարվել է քեզ:
Լուրը Սաթիկին, իրոք, հաճույք պատճառեց: Շշնջաց, իրեն չնայելով,- Ես իրեն հասկանու՜մ եմ:
Վահագի մարմնով սառսուռ անցավ, փոշմանեց թեման բացելու համար, բայց արդեն ուշ էր,
- Այսինքն դու էլ իրե՞ն ես սիրահարված:
-Չգիտե՜մ, հեռակա համակրում եմ, որպես համախոհ: Չէ՞ որ նա ինձ հասկանում է:
Վախ ապրեց: Եթե ինքը չի հասկանում ու մի օր դա պարզվի, ուրեմն՝ ի՞նչ:
Փորձեց կատակել, ու միաժամանակ ճշտել իր վախի սահմանները,- Գիտե՞ս, որ համակրանքից սերը մի քայլ է, ու դու ամուսնուդ պոտենցիալ դավաճանող կին ես:
Սաթիկի պատասխանն ավելի խճճեց իր մտքերը, սարքելով սև կասկածագունդ, չնայած երբեմն դժվար է հասկանալ նրա լրջի ու անլուրջի սահմանը,- Գիտե՜մ, սիրելիս: Ու խնդրու՜մ եմ, արժանի եղիր իմ սիրուն, ձգտիր համապատասխանել իդեալի իմ կերպարին:
Սահմանի վրա չեն կատակում, հո՜պ,- Ձե՞ռ ես առնում, թե՞ սպառնում: Գժվեցի՜: Ու կերավ գիժ արվեստագետի գժվեցնող պատասխան, որ դեռ չի մարսել,- Եթե ձեռ եմ առնում, դա արդեն սպառնալիք է: Եթե գժվեցիր՝ ուրեմն տպավորվել ես: Տպավորված էլ մնա, իմ սե՜ր:
Ահա հիմա էլ բերել է Սաթիկի վերջին օրերի խզբզոցը: Ինքն ավելի շուտ Արգիշտից կիմանա վերջին օրերում կնոջ գլխում թևածող մտքերի բովանդակությունն ու վտանգավորությունը, քան թե՝ Սաթիկից: Ինքն ինչ որ բան չի հասկանում, չի տեսնում: Բայց ի՞նչ և ինչու՞:

 Արգիշտին դուռը բացեց, ժպտաց,- Տեսնում եմ, տեսնու՜մ: Սովա՜ծ ես, հոգնա՜ծ, կատաղա՜ծ: Գնաց առաջ, ձեռքի տոպրակը թողեց խոհանոցում,- Չե՜մ սպանելու: Թուլացիր, որ ազատ խոսես,- գնաց սառնարանի մոտ, դուռը բացեց,- Էս գովածդ Նունեն քեզ սովա՞ծ է թողել, թե՞ ինքասպասարկում է
- Նո՜ր կերա, դեռ տա՜ք է: Սեղանն էլ չհավաքեցի զանգիցդ հետո:
Մի քիչ զրուցեցին ու Վահագը նկարները պարզեց ընկերոջը: Չպատմեց ոչ ֆինանսական խնդիրների, ոչ էլ Տիգրանենց մասին: Ու՜շ էր, պետք էր մի երկու գործ էլ վերջացնել ու գյուղ գնալ:
Արգիշտին լարվեց, -Չե՜մ հասկանում: Նո՜ր գծեր են, նոր գույներ, նոր հարցեր, կապեր… Հետաքրքի՜ր է…
- Դրանք գյուղի գործերն են: Երեկ ես էլ իրեն չհասկացա: Իրեն նման չէր: Գյուղ ենք գնացել…
-Ա՜, հիմա հասկացա՜: Ամեն ինչ պա՜րզ է, անծանոթ միջավայրի ներքին խորհուրդն է փնտրում: Շնորհավորո՜ւմ եմ: Այն է, ինչ պետք է: Գերգռգռված վիճակ է: Ակտի՜վ միտք, փնտրո՜ղ խառնվածք, նպատակադրված կամք: Թող մնա էլի այդ միջավայրում, այնտեղ դրական լիցքավորում է ստանում: Մոտը վերե՜լք է։
Վահագի համար ամեն ինչ թարսվեց: Իր համար անդուր են և Տիգրանի կատակները, և նրանց տան աղքատիկ դրվածքը: Իսկ կինն այնտեղ ինչ որ իմաստ է գտնում, իսկ Տիգրանի կատակներն ընդհարապես արվեստի գործեր համարում: Տափա՜կ, անորա՜կ, ամեն քայլափոխի հանդիպող կիսամեռ ծնված մտքեր են: Վատ է, շա՜տ վատ ամեն կողմից: Չգիտի՝ ոնց ասի կնոջը, որ գործերը վատ են, որ Տիգրանը հիմար մարդ է, երևի նաև թաքուն սեքսուալ նկրտումներով Սաթիկի հանդեպ: Պետք է շուտ գնալ պառավի տանը նստել, ծանոթանալ, փորձել հասկանալ այդ կնոջը: Ուշ է, ու՜շ: Բան չմնաց: Ու դեռ պարզվում է, որ կինն այնտեղ իրեն լա՜վ է զգում, ու նրա ներշխարհի կայունացման համար լավ կլինի, որ էլի՜ մնա:
Վահագը նայեց ժամացույցին, պատրաստվեց գնալու: Արգիշտին դեռ զննում էր նկարները,- Շնորհավորու՜մ եմ: Կինդ, իրո՜ք, տաղանդավոր է:
Վահագը բարկացավ ընկերոջ իրավունքով, ու մատնեց իրեն,- Ինձ ոչ իր տաղանդն է պետք, ոչ քո շնորհավորանքը: Ինձ իրեն է պետք հասկանալ, օգնի՜ր:
-Ավա՜ղ, չե՜ս էլ կարող: Նա վայելում է ճախրանքի հաճույքը, վերևից քեզ կանչում, իսկ դու ներքևից վախեցած ցած ես կանչում ու նախատում՝ «շուտ իջիր, ներքևում անվտանգ է»: Մե՜կ է, դու ճախրող տեսակից չես:
-Ես վախկոտ չեմ, պարաշյուտով թռել եմ, իսկ դու և ինքը մոտ էլ չեք գնա։
- Մտքի ճախրանքն ուրիշ է, ի վերուստ տված։ Դու այդ մտքերին միայն հեռվից կնայես, ինչպես ես՝ քո պարաշյուտին։ Մի նեղվիր, մեզ տված չի պարաշյուտը, քեզ էլ՝ մտքի ճախրանքը։
- Էլի սկսեցի՞ր տակից գլխից խոսել: Որտե՞ղ տեսար ճախրանքը:
- Արտահայտման միջոցների ընտրության ազատության մեջ: Առաջ այն վախվորած էր, հիմա անվախ անցել է սահմանները, ստեղծել իր աշխարհը: Դա մեծագու՜յն հաճույք է:
Վահագը նույնիսկ փոշմանեց իր գալու համար,- Լսի՜ր, կոչեցյալ ընկեր: Թող էդ տերմիններդ ու հայերեն ասա՝ ընտանիքս ամուր կմնա՞, խանդելու պատճառ չկա՞:
- Կա՜:
- Ի՞նչ տեսար…
- Քո անգրագետ վախը: Եթե վախենում ես, ուրեմն կկասկածես ու մի օր կհիմարանաս: Վստահի՜ր իրեն, արվեստագետը չի խաբի: Ընդամենը մի թող վախը կրծի հավատդ: Պահպանի՜ր հավատդ, ընտանիքիդ հիմքը:
Վահագը չգիտեր ինչից կառչեր, գտավ, -Հասկացի՜ր, սկսել է ամեն ինչ չպատմել, ինչ որ բան թաքցնել:
-Դրանք կարդացի: Առկայծող, դեռ չգիտակցված գաղտնիքներ են, որոնց պատմելը միա՜յն մթնոլորտը կէլեկտրականացնի: Փսփսոցներին բանի տեղ մի դի՜ր ու դրանց հետ չկապես: Իրեն լսիր, որ իրեն չկորցնես:
- Զգու՞մ ես, որ ինձ փափու՜կ ձևով վիրավորում ես:
- Էդ դեպքում հայելին քեզ ամեն օր է վիրավորում: Ես ասում եմ, թե դու ով ես առանց քո ինքնագնահատականի: Այսօր լարվա՜ծ ես:
Վահագը լուծումը գտավ: Իրոք, հոգնել էր կնոջը հասկանալու այս միջնորդավորված եղանակից, - Լա՜վ, ոնց հասկացա, ինքը հռչակավոր չի դառնա: Լավ չի՞ լինի, որ թողնի էս խզբզոցը:
- Ա՜խ, փակ տոպրակների մշակույթի ստրուկ: Ի՞նչ ասել է հռչակավոր: Որ ամբողջ աշխարհը հիանա՞ ու քեզանից գողանա՞: Շրջապատին առանց ստիպելու համոզել, որ իրերին նայեն քո աչքերով, հռչա՜կ է արդեն՝ կլինեն յոթ հոգի, թե հարյուր կամ՝ միլիոն: Արհեստավորը ձգտում է իր գործերից շատ վաճառել, արվեստագետն ուզում է մարդկանց մտքի ու հայացքի ուղղությունն ու որակը փոխել, պա՞րզ է:
Վահագը հիասթափված գնում է դեպի ելքի դուռը,- Էսօր ո՜չ մի հարցիս չպատասխանեցիր ու նոր հարցեր ավելացրիր: Դու էլ իր պես գիժ ես:
-Գիժ չենք, ձեր սահմաններից նեղվում ենք, շունչներս կտրվում է: Ու երբ թաքուն ընբոստանում ենք ու գոնե մտքում ապրում մեր աշխարհում, մատներդ ուղղվում եք մեր կողմ ու կանչում, նայեք, մեր նման չի, ուրեմն՝ գիժ է, գիժ: Գնա, նորմալ ընկեր, փորձիր գժվել, հասկանալ գժերին ու հետո նոր՝ դատել:

10
Տիգրանն ու Քնարիկը նորից դաշտ են գնում, ու Սաթիկը Տիգրանի հրահանգով փակում է դարպասն ու շրջում այգում, զննում շրջապատը, մտմտում թղթին հանձնելիք նյութը: Հիշեց Հովսեփի բառը, ժպտաց: Մտածեց՝ իսկ ինչու՞ չգնալ հետը, տեսնել ոչխարների մերձեցումն ու թղթին տալ այդ թոթխելը՝ բնության վերածննդի մեծագույն խորհուրդներից մեկը: Վայելել որձի ու էգի էլեկտրականացված միաձուլման տեսարանը, կյանքի հեղուկի հեշտալից փոխանցումն ու փառավորվել վեհանալ մի քանի վայրկյանից էգի արգանդում նոր էակի ձևավորվելու պատկերացումից: Չէ՜, Տիգրանը կմերժի որևէ չուտվող կատակով, իսկ երեխային դիմել չի կարելի: Նա առանց այդ էլ մոլորվել է սեռական հասունացման էտապի ծառացրած խնդիրների տարափի տակ, սիրահարվում է առաջին իսկ տեսած աղջկան: Սաթիկը ծիծաղեց՝ նույնիսկ ոնց որ թե՝ իրեն: Ոչի՜նչ, կզրուցի, կբացատրի, կօգնի երեխային: Դժվա՜ր էտապ է: Պետք է օգնել հաղթահարել մեծերի փորձի օգնությամբ: Որոշեց նատյուրմորտ նկարել: Կկոչվի «Հաճույք եղբորս այգում»: Որոշեց մրգեր, ճյուղեր, հատապտուղներ շարել սեղանին, նկարել: Սկսեց պոկել, կոտրել, քաղել: Բալի ծառի տակ տարվեց կարմրած բալերով, փորձեց համտեսել:
Հողապատ փողոցով կովերի նախիր անցավ:
Հովիվը կանչեց,- Հո՜, հո՜, հո՜,- ու կովերից մեկին ճիպոտեց: Հաղթանդամ տղամարդ էր, անարտահայտիչ դեմքով: Դանդաղ ճեմող նախրի պատկերն ավելի հետաքրքիր էր: Հոգնած, խոնարհ կովեր էին ու մի առույգ ցուլ: Ցուլը հերթով մոտենում էր կովերի հետույքներին, հոտոտում: Հանկարծ ծառացավ, առջևի ոտքերը բարձրացրեց ու տեղավորեց դիմացի կովի մեջքին: Կովը չկանգնեց, գնաց առաջ: Ցուլը համառեց, նորից բարձրացավ կովի մեջքին, տեղավորվեց ու անցավ ֆրիկցիայի ռիթմիկ շարժումների: Բնության կողմից կենդանի օրգանիզմներին տված սերնդափոխության պայմանի այդ պարտադրանքի չգիտեմ որ միլիարդերորդ իրականացումը Սաթիկին հետաքրքիր էր և նա լուռ նայում էր, անշարժ կանգնած ծառի տակ: Նայեց կովի որոճացող մռութին, լարված ցուլի անիմաստ աչքերին ու, անկախ իրենից, բերանից դուրս թռավ,- Վա՜յ:
Կողքից ջրի ձայն լսեց: Նայեց, տեսավ, որ հաղթանդամ հովիվը միզում էր առվի մեջ, իր դիմաց, ցանկապատից այն կողմ: Հայացքը թեքեց ու չշարժվեց, որ շարժման աղմուկն իրեն չմատնի, մինչև տղամարդը վերջացնի, գնա:
Հանկարծ տղամարդն աչքերը բարձրացրեց, նայեց իր կողմը, –Բարև սիրունս, շա՞տ հավանեցիր։
Սաթիկը շշմում է նրա հանդգնությունից, չի իմանում անելիքն ու չի շարժվում՝ «Փախչե՞մ, վիրավորե՞մ, արհամարհե՞մ, թե՞ սպասեմ, որ նախրի հետ հեռանա»:
Սաթիկը ոչ հուզվել էր, ոչ լարվել: Ինքը նկարիչ է, տարբեր բնորդներ նկարած, և այդ հարցի հուզական կողմն իր համար ուրիշ հարթության վրա է ու սեփական սեռական օրգանների գռեհիկ ցուցադրումը նրա համար միայն խղճահարության արժանի մտավոր անկարողության դրսևորում է: Նույնիսկ մարդու պատկերով այդ անասունին կարող է գումար տրամադրել և նկարել ու հավերժացնել միզողի այդ դիրքով՝ ինքնագոհ դիրքով անծանոթ կնոջ մոտ միզող և սեռական օրգանները ցուցադրող թերզարգացած լկտի մարդուկ: Պատկերացրած նկարի տիպիկ մանրուքները ճշտագրելու համար մի պահ հպանցիկ նայեց տղամարդու կողմը։ Տղամարդը կարծես դրան էր սպասում ու գռեհիկ ժեստի կիրառմամբ իրեն աչքով արեց։ Տղամարդու նախիրը հեռանում էր, ու ինքը չէր շտապում: Սաթիկը որոշեց հեռանալ: Հույս դնել դրա ողջամտության վրա, անիմաստ էր:
Հեռվում տեսավ հեծանիվով երեկվա տղամարդուն ու որոշեց անշարժանալ ծառի տակ, որ չնկատվի ու այդ ապուշ իրավիճակն ավելի չբարդանա կեղտախույզ մեկնաբանների թարմ լրատվությամբ:
Հեծանիվով տղամարդը միայն հովվին տեսավ, կանգնեց,- Վաղո, ապուշացե՞լ ես: Էլ տեղ չգտա՞ր: Բա որ մեր կանանցից մեկը տեսնի: Քանի՞ տարեկան էշ ես:
Վաղինակը հագուստը կարգավորեց ու փորձեց փրկել իր պատիվը ,- Ես մեր գյուղի կնանիքին չեմ նեղացնի, Գառնիկ հոպար:
Գառնիկը չալարեց, իջավ հեծանիվից, հողակտոր վերցրեց ու շպրտեց Վաղինակի կողմը, որ աղմուկով կպավ գլխին: Սաթիկը չնայեց, բայց հարվածի ձայնը լսեց ու Վաղինակի բողոքն ու գլխի շփումը,- Վա՜խ, ինչի՞ համար:
Գառնիկը ձայնը բարձրացրեց,- Բա որ իմ փոխարեն մի կին անցնե՞ր փողոցով: Էդ էլ Տիկոյի հողն ա ու ինքը կին ունի ու ջահել կինարմատ հյուր, հիմար: Բա որ այգում լինեի՞ն: Տիկոյի հյուրը իմ հյուրն է, գյուղի հյուրն է: Թե իմացել եմ, իրեն նեղացրել ես, գլուխդ կպոկեմ, ոչխա՜ր:
Վաղինակը խեղճացավ,- Տարիքդ եմ հարգում, թե չէ՜..
-Թե ձենդ չկտրես, ես կկտրեմ՝ եղինջ ծամել տալով: Կորիր էդտեղից ու էլ չտեսնեմ էշի պես ցեթես որտեղ պատահի, կամ էլ Տիկոյի տան կողմերը ֆռֆռաս: Թե չէ՝ ինձ գիտե՜ս:
Վաղինակը մռթմռթալով հեռացավ: Գառնիկն ուշադիր նայեց Տիգրանի հողամասի կողմը, հոգոց հանեց ու հեծանիվով շարունակեց ճանապարհը: Սաթիկը երկար ժամանակ տեղը չէր գտնում, չէր որոշում անելիքը: Իսկ եթե Գառնիկն իրեն նկատեց ու հիասթափվե՞ց: Նույնիսկ հուզվե՜ց, հիշելով Գառնիկի առնական պահվածքը: Առաջին միտքն այն էր, որ ասի Տիգրանին, ու նա էլ Գառնիկի հետ դրա աչքը հանի: Հետո հիշեց՝ բայց ախր եղբայրը սրտի խնդիր ունի: Չէ՜, մե՜ղք է:
Մյուս կողմից էլ գեղեցիկ չէր լինի բողոքել Տիգրանին: Գալ, հաստատվել քրոջ անվամբ ու հիմա էլ ներքաշել կռիվների մեջ: Եվ հետո ի՞նչ ասի, եթե գան ու իրենից մանրամասներ հարցնեն: «Ինչու՞ նույն պահին չհեռացար, աղջիկ ջան»,- կհարցնեն,- «ի՞նչ էիր ուզում տեսնել կամ լսել»: Ու ինքը կապուշանա, կփախչի: Միայն կարելի է հետագայի համար Քնարիկից ճշտել վարքի ընդունված ձևերը՝ նույնանման ապուշների հանդիպելու դեպքում: Տեսնես գյուղում էլի կա՞ն: Այդ մտքից նույնիսկ փշաքաղվեց:

Սաթիկը չհավաքած տերևների ու ճյուղերի պակասը որոշեց լրացնել ոչ թե փողոցի, այլ հարևանի ցանկապատի կողմի ծառերի մոտ, քանի որ հողամասի կենտրոնական մասը խնամքով մշակված էր: Ցանկապատից այն կողմ երևում էր հարևանի բակը, բայց ինքն այն կողմ չէր նայում: Ոչ ճանաչում է, ոչ հետաքրքիր է, ոչ էլ ցանկություն կար նոր պատմության մեջ ընկնելու: Հանկարծ լսվեց ծերունական բարկացած ձայն,- Ախչի Անո՜, էս սառն ա՜, քու մեր մշմշամ:
Անո անվամբ կինը մատներով չանչ արեց ծերունու թիկունքին ու մոտեցավ,- Հանգի՜ստ ասա, հայրիկ, ինչու՞ ես բարկանում,- բաժակը վերցրեց ծերունու ձեռքից, գնաց խոհանոց:
Ծերունին գոհ էր հարսի պահվածքից ու դա արտահայտեց իր ոճով,-Լա՜վ եմ անում, տիրուդ մեր թոթխե՜մ:
Գոգնոց կապած տարիքով կին երևաց, երևի՝ կինն էր: Մոտեցավ ծերունուն, հագուստն ուղղեց,- Քնեցիր, զարթնեցիր, ու էլի սկսեցիր բերանդ շաղ տա՞լ:
Ծերունին փորձեց ձեռնափայտով հարվածել, բայց կինն արդեն հեռու էր, Սաթիկի ներսում զայրույթի նման ինչ որ բան ժայթքեց- Ի՜նչ են իրենց թույլ տալիս այս գյուղի տղամարդիկ: Այս ի՞նչ հայհոյելու մենաշնորհ են վերցրել ու դրանով խեղաթյուրում կանանց ներաշխարհի ինքնությունը:
Այնպես կանգնեց ցանկապատի մոտ, որ երևա,- Բարև ձե՜զ, հարևաններ: Ես Սաթիկն եմ, Տիգրանի հինգ պորտանի քույրը: Տարիքով կինը բարեհոգի հայացքով ստուգեց Սաթիկի տվյալները, ժպտաց,- Բարև՜, Սաթիկ ջա՜ն: Լսե՜լ ենք, ուրախ ենք: Համեցե՜ք, զրուցենք, հյուրասիրե՜նք, աղջիկ ջա՜ն:
Ծերունին դժգոհ էր, որ առաջին խոսքից իրեն զրկեցին: Հաստատ առաջին անգամ չէր, բայց դրան հարմարվելը միշտ էլ ցավագին գործընթաց է: Ցուցափայտը բարձրացրեց կնոջ կողմը,- Էն ո՞վ էր ախչի՜: Ի՞նչ ա ուզում: Իրա մեր մշտկե՜մ: Սաթիկը վիրավորվեց ու որոշեց հենց տեղում իրագործել որոշածը,- Պապիկ, ախր ինչու՞ եք հայհոյում, տգեղ բառեր օգտագործում: Հավատացե՜ք, շա՜տ տհաճ է հնչում: Ցանկապատից այն կողմ մի պահ քարացան բոլորը, երևի նաև՝ ժամանակը:
Տան մուտքի դռնից դուրս եկավ Անահիտն ու շշմած հայացքով դիմեց տարիքով կնոջը,- Մեր Տիկոյի քուրն ա՝ քաղաքից: Ծերունին շշմել էր, բայց փորձեց ուշքի գալ,- Տիկոյի մերն էլ, քու մերն էլ մշտկեմ: Դուն ո՞վ դառար, որ ինձի խրատ տաս: Մոտիկ արի, որ ասե՜մ։
Սաթիկը չհանձնվեց,- Ախր ինչու՞ եք վիրավորում կանանց, որոնց չեք ճանաչում: Դուք ինձ գիտե՞ք:
Ծերունին ոգևորվել էր,- Դու իրանց տեղ խի՞ ես խոսում: Ի՞նչ գիտես, որ չեն վազի մոտս:
Տարիքով կինը մոտեցավ ծերունուն,- Ալնի ալնի մի խոսիր, ահա, էկել եմ,- բայց արագ հեռացավ, տեսնելով բարձրացրած ձեռնափայտը,- Խելքդ գնացել, մի փետ ա մնացել, բիձա՜: Անահիտը ձեռքով ողջույնի ժեստ ուղարկեց Սաթիկին, դիմեց ծերունուն,- Հայրիկ, զգու՜յշ եղիր: Տիկոյի քույրը թերթի աշխատող է: Թերթում որ գրեց, կխայտառակվե՜նք, Դերոյին էլ Ռուսատանից դուրս կհանե՜ն:
-Դերոյի մերն էլ, էդ թերթի աշխատողինն էլ, քոնն էլ, իմացա՞ր: Սաթիկը հանձնվեց: Ծերունին վերափոխվելու ոչ պատրա՜ստ էր, ոչ էլ՝ ենթակա:
Թեման փակեց, մեջը թակարդ տեղադրելով,- Նեղացա՜, գնացի, պապիկ: Երևի չե՜ք ուզում, որ Ձեր տուն գամ:
Ծերունին ձգվեց,- Ո՞նց, էդ ո՞վ ասեց: Մանուկի Նորոն տուն մարդ տուն չընդունի՞: Հլա բերե՜ք էստեղ, դրա մեր մշտկե՜մ: Սաթիկը բռնած թելը բաց չթողեց,-Տուն կանչել ու հաց տալը քի՜չ է, հարգել է պետք: Լա՜վ լինեք, հայրիկ: Ձեզ շա՜տ են գովել, որոշել էի ծանոթանալ, փոշմանեցի՜: - գնաց պատշգամբ, իրենից դժգոհ՝ «մի բան փոխելու համար այն պետք է ճանաչե՜լ, ապրել այդ կյանքով, հինգօրյա տուրիստ»:
Լսվեց Անահիտի դիտմամբ քիչ բարձրացրած ձայնը,- Գնա՜ց, հայրիկ: Նեղացա՜վ, գնաց: Քաղաքում ախր ամո՜թ ա դրանք: Ծերունին ընկճված էր,- Բայց, ճիշտ, թերթի՞ց էր: Ձեռին էդ բանից կա՞ր:
- Ապարա՞տ: Հա, ճապոնակա՜ն, ես տեսա:
- Կանչի՜ր գա, հարսի՜կ: Ասա՝ Նորո պապ կանչեց զրույցի: Ձորի դեպքեր պատմեմ, չկորի՜:
Տարիքով կինը հուսով դիմեց ծերունուն,- Չի՜ գա: Լացելով գնաց խե՜ղճ աղջիկը: Առանց ամաչելու քաղաքի սիրու՜ն երեխու մոտ կեղտոտ բերանդ բացեցիր ու տու՞ն ես կանչում:
Ձայն չլսվեց: Երևի ծերունին մտածում էր, վերլուծում: Սաթիկը ձեռքը բռնցքեց, բարձրացրեց վեր, ոչ բարձրաձայն կանչեց,-Այո՜, ես դա արեցի՜: Ո՞վ է հաջորդը՜:

Մտադրություն
11
Սաթիկն ու Հովսեփը պատշգամբում են: Սաթիկն օգնում է Հովսեփին դասերի յուրացման հարցում: Հովսեփն ակնհայտորեն փորձում է չհիասթափեցնել Սաթիկին: Երկուսն էլ գոհ են արդյունքից ու իրար խրախուսում են: Տիգրանն ու Քնարիկը դաշտից գալիս են հոգնած, ճանապարհից հետները բերելով ինչ որ հաշվարկների հոգնած ու խճճված լեզվակռիվ: Քնարիկն ինչ որ բանից դժգոհ էր,-Ի՜նչ էլ ասենք, էշդ կքշես: Հո հա քշելով չի՞, մեղք էլ է՜:
Տիգրանը հաղթողի անտարբերության դիմակ էր հագել,- Ի՜նչ լինում է, թող լինի: Էլ էշը մոդա չի:
Հովսեփը չհամբերեց նորությունը հայտնել ծնողներին,- Մենք այսօր դպրոց ենք գնացե՜լ, ծանոթացե՜լ Հակոբյանի հետ: Կանչեց իր տուն, հյուրասիրե՜ց, բա՜:
Սաթիկը խառնեց Հովսեփի մազերը,- Ձեր տղայից գոհ է, ձեզանից՝ դժգոհ: Ասում է՝ կորցնում ենք տաղանդավոր երեխային: Ահա ինձ էլ հանձնարարություն է տվել, կատարում եմ:
Տիգրանն իր մտքերով էր դեռ,- Տաղանդավոր երեխան է կորցնում, ու գիտի, թե՝ ինչ:
Սաթիկն ազդվեց հողագործների հոգնած շարժումներից,- Էս ինչ հոգնա՜ծ տեսք ունեք: Ախր ասեցի՝ ինձ հետներդ վերցրեք: Ո՜նց լինի մի օգուտ կտայի: Վաղը կգա՜մ:
Տիգրանը մեջքը ցույց տվեց,- Քո օգուտն էն կլիներ, որ էս վիճակիս քեզ էլ մեջքիս էի բերելու: Գործիքներդ էլ՝ Քնարը: Թե ասա, կյանքում բադրջանի ծառ տեսած կա՞ս, որ գաս: Էդ տաղանդավոր էրեխու տնայինները գոնե գրե՞լ ես, որ տաղանդը չկորի, թե՞ զանգեմ՝ բողոքեմ:
Հովսեփը հպարտ կանգնում է, մատով իրեն ցույց տալիս,- Է՜ս տղեն գրեց: Սաթիկ քուրիկը պայման դրեց, եթե չգրեմ, իմ ընկերը չի դառնա դասարանցիներում: Հիմա արդեն ընկերներ ենք: Դավիթիկի նկարները տեսա՜, հետը հեռախոսով խոսեցի՜նք:
Սաթիկը սեղանն է կարգավորում,- Արա՜գ լվացվեք ու եկեք, աշխատավորներ ու գերազանցիկներ,- Հովսեփի մազերն է խառնում:
Հովսեփը ոգևորվում է,- Բեր մի՜ քիչ օգնեմ, քիչ գնաս գաս: Սաթիկը նայում է Քնարիկին,- Կթողնեմ, եթե մայրիկին էլ ես օգնում:
Քնարիկը համբուրեց որդուն,- Մինչև տաս տարեկան ընկերս էր, հետո ամաչեց: Հիմա տեսնե՜նք:
Հովսեփը կարմրեց, - էլի մեծացա ու հասկացա, որ մոտիկ մարդու համար կարելի է նեղություն քաշել ու ո՜չ մեկից չամաչել:- ու օգնում է Սաթիկին սպասքը բերելու գործում: Տիգրանը նկուղից շշով գինի բերեց,- Ի՞նչ եք ձնձղում, սովա՜ծ ենք: Թե՞ սպասենք Վահագին:
Սաթիկը ոգևորված է,- Չէ՜, ասեց կուշանամ, դուք կերեք: Հատու՜կ ճաշ է, Մանանիս սիրած ճաշերից: Մի՜ քիչ էլ փոխել եմ իմ ձևով: Կերեք, որ գովե՜ք: Ը՜մմ:
Տիգրանը համտեսեց ճաշը, ձեռքը տարավ շշին,- Եթե գովեմ, հետս կխմե՞ք: Քնարիկը պարզեց իր մշտական փոքր ըմպանակը: Սաթիկը ևս պարզեց փոքր ըմպանակ, ու պատասխանեց Տիգրանի նեղացած հայացքին,- Անհարմա՜ր է: Հարբում եմ, Վահագս նեղվում է:
Մի քանի գդալ ուտելուց հետո Տիգրանը նայում է Հովսեփին, ափսեն հետ հրում,- Շա՜տ լավն է, բայց մնա՝ հետո: Ես մի քիչ սալաթ կուտեմ,- ու սկսում է ախորժակով հացի հետ պանիր, կանաչեղեն ու պոմիդոր վարունգի սալաթ ուտել:
Հովսեփը զգուշորեն նայում է Սաթիկի կողմը, իր ափսեն թույլ հրում ու հետևում հոր օրինակին:
Քնարիկը զարմանում է,- Էս ի՞նչ մոծակ ձեզ կծեց, ճաշ ուտողներ:
Հովսեփը հացի մեծ կտոր է վերցնում, չփչփացնում,– Լավ՜ն է, բայց մնա հետո: Ի՜նչ համով հաց ու պանիր է:
Տիգրանը նույնպես հացի կտոր է վերցնում ու ախորժակով ուտում,- Ի՜նչ ախորժակ բացող է:
Սաթիկը դադարեցնում է ուտելը, նայում բոլորին, - Հետո չկա: Թե չկերաք, էլ չեմ տա: Դուրներդ չեկա՞վ, ճիշտ ասեք: Ի՞նչ եք վրա տվել չոր հացին: Թթու՞ է, աղի՞ է, անհա՞մ է:
Հովսեփը նայում է հորը: Տիգրանը նորից է հաց վերցնում,- Լա՜վ սոված եմ: Դուք հաց կերեք, մեզ մի նայեք:
Սաթիկը ևս հետ է հրում իր ափսեն, զգուշորեն աչքերը սրբում,- Ես էլ չե՜մ ուտում: Միայն Քնարիկի սարքածն եք, հա՞, ուտում: Համով չէր, հա՞:
Տիգրանը բաժակները գինի է լցնում,- Բեր խմե՜նք: Չեղած տեղից լաց ու կոծ չեն անում: Ճաշ է, կուտենք, էլի՜: Չչկերանք էլ, չմտածես, հավերը կուտե՜ն, թխսերի մասնագետ:
Քնարիկը Սաթիկին գաղտնի նշան է անում, իբր՝ հացդ կեր, բանի տեղ մի դի՜ր:
Սաթիկն իր բաժակի գինին խմում է, - ճի՜շտ ես եղբայր: Կարևորը ճաշը չի, այլ՝ սիրտը: Գալիս եմ,- գնում է խոհանոց: Տիգրանն ու Հովսեփն արագորեն ճաշից մի քանի գդալ ուտում են, բայց Սաթիկի քայլերի ձայնը լսելիս ափսեները հետ են հրում, հաց ու բանջարեղեն ուտում:
Սաթիկը գալիս է ձեռքին կաթսա: Գնում է հավերի բուն, կաթսայի եղածը լցնում բնում եղած ամանի մեջ,- Լա՜վ պրծանք: Շա՜տ վախեցա, հարազատներ,- գնում է, նստում իր տեղը, դիմում տղամարդկանց,- Հը, հո չե՞ք վատացել: Լա՜վ է, որ զգուշացաք: Տիգրանը զարմացած է,- Էդ թափեցի՞ր:
Քնարիկը ևս զարմացած նայում է Սաթիկին,- Ես ու դու կուտեինք: Ափսոս չէ՞ր ընտիր ճաշը: Բա Վահագը՞:
Սաթիկն աչքներն է սրբում,- Եթե տղամարդիկ չհավանեցին, թող հավերն ուտեն:-փորձում է Հովսեփի ու Տիգրանի ափսեները վերցնել:- Տանեմ՝ թափեմ:
Տիգրանն իր ափսեն չի տալիս,- Բայց կարելի է ուտել,- սկսում է ճաշը ուտել:
Հովսեփը կրկնում է հորը,- Ի՜նչ լինում է, թող լինի: Սաթիկ քուրիկը չնեղվի:
Սաթիկը փորձում է ափսեները քաշել իր կողմ,- Չէ՜, տվեք, վախենու՜մ եմ:
Տիգրանն արագացնում է ուտելը,- Ախչի ջան, սոված եկել եմ, թող հաց ուտեմ: Ի՞նչ ես ուզում: Քնար, ասա՜: Լա՜վ էլ ճաշ էր, մի աման էլ կուտեի:
Հովսեփը կրկնում է հորը,- Լավ՜ն էր, ես էլ: - նայում է հավերի կողմը,- Մա, էն երկու հավը թփրտում են: Չսատկե՞ն հանկարծ: Քնարիկը շտապում է հավերի բուն:
Հովսեփն ու Տիգրանը նայում են Սաթիկին, ձեռքները տանում սրտներին:
Սաթիկը խեղճանում է, -Բայց ինչու՞ եք ինձ նայում:
Հովսեփը նայում է հորը,- Մե՜ղք էին հավերը: Մենք էլ ձու չենք ունենա՞: Տիգրանը հոգոց է հանում,- Չէ՜: Դարձանք քաղաքացի: Կառնենք՝ կուտենք, չենք առնի՝ չե՜նք ուտի: Դու ո՞նց ես: Հովսեփը ձեռքը տանում է գլխին,- Ի՞նչ ես ուզում ասել: Բայց տեսնես՝ ինչի՞ց սատկեցին:
Սաթիկը գնում է ներս, վերադառնում ձեռքին սրսկիչներ,- Չվախենաք, ձեզ բան էլ չի լինի: Հապա պառկեք, քամակներդ տեսնեմ, բարձրաճաշակներ:- նայում է Հովսեփին,- Քեզ շա՜տ եմ սիրում, առաջինը քեզ: Հովսեփը կպչում է հորը:
Տիգրանը շոյում է որդու գլուխը,- Սովորի՜ր, տղես: Քաղաքից հարս չբերե՜ս: Ճաշը կտա ու հետևիցդ կսրսկի, որ հանգիստ քնի:
- Բա Վահագը ո՞նց է անում:
Տիգրանը ձեռքերը բարձրացնում է իրեն սպառնալից մոտեցող Սաթիկի դիմաց, նայում աչքերին,- Խեղճ Վահագն ամե՜ն գիշեր սրսկվում է, դոզա ընդունում: Դրա համար էլ ի՜նչ տալիս են, անձեն ուտում է:
Քնարիկը վերադառնում է սեղանի մոտ, դիմում Հովսեփին,- Որտե՞ղ տեսար թփրտացող հավ: Սիրտս կանգնեց:
Տիգրանը փորձում է ճաշ ուտել: Սաթիկը ձեռքով հարվածում է Տիգրանի ձեռքին,- Չփորձե՜ս: Հաց ու պանիր կեր:
Տիգրանը խեղճանում է,- Այ քուր, կատա՜կ էր, կատակ: Թո՜ղ ճաշս ուտեմ: Սովա՜ծ եմ, չեմ դիմանում: Ճաշն էլ գիժ գիժ թափեցիր: Մի աման էլ կուտեի՜:
Հովսեփը նայում է հորը,- Ես է՜լ: Շա՜տ համով ճաշ էր,- ուտում է իր ափսեի ճաշը: Սաթիկը շտապում է խոհանոց, վերադառնում ճաշի կաթսայով, ծիծաղում,- Եթե չեք կերել, գլխներիդ եմ լցնելու: Բերե՜ք: Տիգրանը, Քնարիկն ու Հովսեփը ծիծաղում են: Հովսեփը հիացած է Սաթիկով, նրա ժպիտով, պահվածքով,- Պա՜, գործերդ լավ չե՜ն: Հիսու՜ն զրո:
Տիգրանը ձեռքերը վերև է պարզում,- Երկուս զրո: Հանձնվում եմ:
Հովսեփը կրկնում է հորը,- Ես է՜լ:
Սաթիկը վերցնում է նրանց ափսեները,-Եթե հանձնվում եք, գերին կատարում է հաղթողի կամքը: Հը՞,- նայում է գերիներին,- Թե չէ՝ մինչև վաղը հետներդ չեմ խոսում, ըհը՜,-մատները խաչում է:
Տիգրանը ժպտում է Սաթիկին,- Սովածացա՜, քուր: Մի ափսե էլ չե՞ս լցնի: Հովսեփը կրկնում է հորը,- Ես է՜լ: Սաթիկը լրացնում է նրանց ափսեները,- Մե՜ծ հաճույքով, մի բան էլ ավել: Ու փորձեք չուտել:
Տիգրանը վախով նայում է իր լիուլի ափսեին,- Խե՜ղճ Վահագ: Քնարիկը ծիծաղում է,- Ապրի՜ Սաթիկս: Տիկոյին դեռ խեղճացնող չէր եղել:
Սաթիկը նայում է Հովսեփի աչքերին,- Տիգրանին գիտեմ, բայց իմ ասպետից չէի սպասում ու դրա համար հավատացի: -գրկում է Հովսեփի ուսերը, սեղմում իրեն,- Տիգրանի տղա, բա իմ ասպետը չէի՞ր:
Հովսեփը նայեց հորը, բայց Սաթիկի փափուկ մարմնից չհեռացավ,- Ասպետ մասպետը լավ բան ա, բայց ի՜նչ էլ լինի, հորս կողքին եմ,- ու կարմրեց,- որ ամուսնանամ էլ, կին մի՜ն չգիտեմ, հորս խոսքն ա:
Տիգրանի կոկորդում մի բան խաղաց, բայց հասցրեց կանանց աչքով անել, ու հանգիստ չունչ քաշել: Տղան դիրքորոշում հայտնեց: Կարևորը դրա կասկածելի հավաստիությունը չի, այլ՝ սեփական եզրագանգմամբ հասունացրած որդիական նվիրվածությունը:
Սաթիկը համբուրեց Հովսեփի ճակատը,- Տես, է՜: Մեծացե՜լ ես, տղա: Ամուսնանալու՜ց ես խոսում:
Համբույրը երևի ազդեց: Հովսեփը զգույշ սեղմվեց Սաթիկին, նայեց հորը,- Պա՜, բայց դե Սաթիկ քուրիկն ուժե՜ղ ա: Բայց ո՜չ մեկին չենք ասի,- ծիծաղում է Քնարիկի ու Սաթիկի հետ:

Գալիս է Վահագը,- Բարի երեկո՜: Ի՞նչ լավ բան է եղել, ծիծաղում եք: Տիգրանը գինի է լցնում իր և Վահագի բաժակները,- Ճաշդ կեր, կիմանաս:
Վահագը ճաշն ուտում է ու զգում, որ ուշադիր իրեն են նայում,- Ի՞նչ կա, ինչ եք նայում:
Տիգրանը ձայնին խորհրդավոր տոն է տալիս,- Դու մանրամասն կե՜ր, կասենք:
Հովսեփը թաքուն նայում է Սաթիկին,- ճաշը ո՞նց է, համո՞վ է: Քնարիկը Վահագին է մոտեցնում սալաթի ափսեն,- Սաթիկի պատրաստած ճաշն է:
Վահագը նայում է կնոջը,- Եթե չասեիք էլ, ես գիտեի: Ինքը միա՜յն էս մի ճաշը եփել գիտի: Բոլորը ծիծաղում են:
Քնարիկը ձեռքը դնում է Տիգրանի ձեռքին,- Ապրի՜ Սաթիկս: Երբվանի՜ց համեստ Տիկո չէի տեսել:
Վահագը բոլորի հետ ծիծաղում է իրենից գոհ ու մտքում տխրում,- «Սրան էստեղից պոկել դժվա՜ր կլինի: Բայց պե՜տք է, պե՜տք է, ու պե՜տք է»:
Վահագն ու Տիգրանը հարբեցին, ու դեռ երկա՜ր զրուցեցին գյուղի կյանքից, գյուղում բիզնեսի տարբերակներից: Ավելի շատ խոսում էր Վահագը:

12
Սաթիկը Աղջիկների ժողովատեղի գնալու համար որոշեց հարդարել Քնարիկի մազերն ու ընթացքում նրա մեջ զարթնեց արվեստագետի կիրքն ու նա վերստեղծեց Քնարիկի երբեմնի թովչանքը: Թովչանքի տերն այն խնամքով թաքցնում էր ու խմբագրում, հոգու խորքում զգուշանալով նրա ցուցադրումից, դաշտային աշխատանքներում ու տնային հոգսերի մեջ ընկղմված կնոջ ինքնասահմանափակման որոշումով՝ «Ու՞մ ցույց տամ, ու՞մ կանչեմ: Ամուսին ունեմ, ինձ հերի՜ք է: Ի՜նչ մի դրա ժամանակն է»: Սաթիկը հասավ իր ուզածին՝ իր աշխատանքում ներդնելով Քնարիկի հանդեպ իր շնորհակալությունը, սերը, գորովանքը, երախտագիտությունը։ Սաթիկն անուղղակիորեն հասկացրեց այդ բարի կնոջը, որ սիրող ու սիրվող կնոջ համար միշտ էլ դրա ժամանակն է: Կանացի խնամքով թաքցրած հմայքի վերածնման կախարդանքը պարուրեց բոլորին: Տիգրանի մեջ խաղաց ջահել տարիների արյունը: Հիշեց իր համեստ, մրահոն աչքերով կանչող Քնարիկին, որի պատճառով չէր քնել, վիճել իր ծնողների ու նրա եղբայրների հետ, գյուղի իր նման սիրահարված ջահելների հետ որձակռվում ջարդել ու ջարդվել: Ներկաների մարմնով հաճելի դողի ալիք անցավ, որ լինում է, երբ նույն միտքը բոլորին միամաժամանակ համակում է լռության երանությամբ: Քնարիկն այն փոխանցեց մյուսներին իր դեմքի մշտաբնակիչ համեստ ժպիտի վերածնված փայլով:
Հովսեփի որդիական սերն առ մայրը վերածվեց պաշտամունքի,- Մա՜, դու չքնա՜ղ ես:
Տիգրանի կնոջից չկտրվող հայացքը հասկացնում էր, որ նույն միտքն ասելու էր հետո, շշնջալով:
Վահագը լուռ համբուրեց Քնարիկի ձեռքը, իսկ Սաթիկն էլեկտրականացված մթնոլորտը պարպեց լուրջ կատակով,- Գեղեցկության ձևերն են փոխվում, բայց շունչը մնում է նույնը: Ի՜նչ ճաշակով ու հոգատար եղբայր ունեմ:

Աղջիկների ժողովատեղիի ճանապարհի մի հատվածն արդեն միայն ոտքով էր պետք գնալ: Եվ, իրոք, համագյուղացիներից ոմանք Քնարիկին չճանաչեցին: Մի տարիքով կին մոտեցավ Տիգրանին, բարեհամբույր ժպտալով,- Տիկո, քույրիկ՞դ է: Շ՜ատ ուրախ ենք: Ինչի՞ հյուր չեք գալիս,-զարմացած զննում է իր հմայքի ազդեցությունը վայելող Քնարիկին,- Բարև ձեզ:
- Քուրս կդառնա մի տաս տարուց: Առա՜յժմ Քնարս է, կողքիս է քնում ու բարձրաձայն չի դժգոհում:
Կինն ուրախանում է,-Վա՜յ, Քնար ջան: Ի՜նչ բացվել ես: Էս ու՞մ շնորհքն է:
Տիգրանը չի թողնում Սաթիկի կողմը նայող Քնարիկին խոսել,- Ի՜մ, ու՞մ: Օրական առնվազն երեք ժամ պաչպչում եմ: Մարդդ ինչքա՞ն:
Կնոջ ժպիտն ընդլայնվում է,- Սիրու՜ն է, պաչում ես: Իմ խեղճ մարդն ի՜նչ ասի:
- Թող պաչի, որ ստանա: Թե չի կարում՝ թող պաչող կանչի: Միանգամից Քնարիս պես բացվես:
Քնարիկը մի կողմից, կինը՝ մյուս, հանդիմանանքով հրեցին Տիգրանին:
Կինը հոգոց հանելով գնաց, միացավ իր խմբին: Տիգրանին ու Քնարիկին մոտեցավ գյուղամիջի թզբեխով տղամարդը, ամբողջ ընթացքում ուշադիր նայելով Քնարիկին,- Քնար ջա՞ն: Տեղը չէի՜ բերում: Էս ի՜նչ փոխվել ես: Հարսանի՞ք եք գնում:
Տիգրանն իր դերում էր,- Հա, էստեղից ուղի՜ղ գնում ենք հարսանիք: Կգա՞ս:
- Ու՞մ, Տիկո ջա՜ն:
- Մեր: Երեկ կռվել էինք, հատուկ զուգվե՜ց, խաղեր տվեց, խելքս առավ, նորից սիրահարվեցի՜: Որոշել եմ իսկականից ամուսնանալ: Վաղը կգաք կարմիր կանաչ խնձորին:
Տղամարդը ստիպված լրջացավ, հայացքը փախցրեց շփոթված Քնարիկից, -Ե՞րբ ես լրջանալու:
- Ե՞րբ: Էսպես կնոջ կողքին հե՞շտ է: Հոտից հարբե՜լ եմ, ի՞նչ անեմ:
Քնարիկը կարմրեց,- Քեզ լու՜րջ պահիր, ամո՜թ է: Կթողեմ, կգնամ,- բայց հոգու խորքում տոն էր: Ինքը դեռևս սիրված կի՜ն է ու ամուսինը հպա՜րտ է ու հարբած իրենով:
Տիգրանն էլ ուշադրություն էր դարձնում ոչ թե նրա խոսքերին, այլ՝ նրա իրեն հպվելու ջերմությանն ու քնշանքին ու ավելի էր անկեղծանում:
Քնարիկը նորից թաքուն սիրահարվում էր իր անկրկնելի Տիգրանին ու էլի թաքուն երբեմն աչքերը սրբում:

Աղջիկների ժողովատեղիի պատմությունը սկսվեց նրանից, որ ձորի պռնկին գտնվող ժայռից մի քանի անգամ գյուղի կանայք տարբեր պատճառներով իրենց ձորը գցեցին ու մահացան: Պատճառները չիմացվեցին հասկանալի պատճառներով, բայց կռահվեցին կենցաղային մտածողության չոր ու դաժան տրամաբանությամբ: Եթե կանայք են, ուրեմն պատճառները կանացի հայտնի կիսահայտնի ու անհայտ, բայց՝ հասկանալի խնդիրներն են: Ու որպես այդ նյութականացված դատողությունների արձագանք, ինչ որ մեկն այդ տեղանքի մոտակա ցցված ժայռերից մեկը քանդակել էր և ֆալոսի տեսք տվել:
Չիմացվեց էլ, թե ով է դա արել: Թե բարի հոգի մեկը ազնվագույն նկատառումներով, թե՝ արվեստագետի թիկնոցով սեռական խնդիրներով ինքնատանջվող մոլագարը գյուղին թողեց մարդու հասակի բարձրությամբ վեր հառնած տղամարդու պրկված առնանդամի քանդակն ու անհետացավ կամ թաքնվեց, հետևելով արձագանքին: Հայաստանոմ նմանատիպ քանդակներ շատ կան, բայց նորագույն ժամանակներում պատրաստվածը երևի միայն Աղջիկների ժողովատեղում եղածն է:
Քանդակն ընդունվեց անկախ հեղինակի մտադրությունից: Ինչպես լինում է միշտ, երբ ստեղծագործութայն արժեքն ու պահանջվածությունը որոշում է սպառողն իր ժամանակի անորոշ չափանիշների բեկման աստիճանով, ինչքան էլ հեղինակը բողոքի, դժգոհի, աջ ու ձախ հակառակն ապացուցի: Թե դա ժողովրդի քնեցրած հեթանոս հոգու զարթոնք էր, թե զուգադիպությունը դեր խաղաց, որ վերացան ինքնասպանությունները, մարդիկ ընդունեցին: Ընդ որում ընդունեցին նաև նմանատիպ քանդակներին բնորոշ բուժիչ հատկություններն ու օգնելու զորությունը: Ու գալիս էին: Մարդկանց հոսքի հետ էլ ավելացավ ևս մեկ զորավոր տեղ՝ աղոթատեղ Ծակ քարի փոքր տարածքում: Էլի անհայտ մեկն այնտեղ տեղադրեց սուրբ գրքեր, նկարներ, ժայռի մեջ փորեց մոմեր ամրացնելու հարմար փոսեր, ու հանպատրաստից սրբատեղին գործեց:

Եվ իրար հետ խաղաղ գոյակցեցին հեթանոս ժամանակների շնչի կենդանի վկայություն ֆալոս ժայռն ու քրիստոնեական աղոթատեղին, որպես մարդկային պրագմատիզմով պայմանավորված էկլեկտիզմի վառ օրինակ:
ճանապարհի սկզբին ժայռերի միջից գոյապայքարի ճիգերով աճած գաճաճ ծառն էլ վերածվեց կենաց ծառի, իր ճյուղերին փողփողացող տարբեր մեծության ու գույների շորերի կտորներով: Երևի այդ կտորներից շատերի կապողներն արդեն չկան, շատերի՝ նպատակը, շատերի՝ հիշողությունը, թե ինչի համար է կապել, բայց դրանք իրենց տեսքով ու փողփողանքով ծառին մոգական աուրա էին տալիս, իսկ անցորդներին՝ հիպնոսացնող խոստումներ՝ «Կապե՜ք, ցանկություն մտապահեք, կկատարեմ: Երեք հազար տարվա պատմությունն ու համբավն իզու՜ր չեմ վաստակել»:

Մարդկանց հոսքն իրենց հոգսի նման չէր դադարում, որպես կյանքի անկատարության հեթանոս խմբագրում: Գալիս էին, բերում սնդուկից հանված ու մի՜ կերպ վայելուչ տեսք տված տառապանքներ, գլխում ծվարած դոնդող վախեր, իրենց ցավերի մեջ մենակ չլինելու մխիթարանքի հույս: Գալիս էին որևէ թաքուն ցավ բուժելու, բայց մարդաշատ ժամանակ քչերը, միայն ամենահուսահատներն էին մոտենում ժայռին ու անմիջական շփման ծեսի միջոցով աջակցություն ու զորություն աղերսում ու փորձում ծննդի խորհրդանիշ ժայռից կյանքի հույս պոկել: Տիգրանը, երբ իր ուղեկիցների հետ մոտեցավ քանդակին, կարգադրեց Նրան ներկայանալ ընտանիքներով: Ընտանեկան զույգերով նայեցին, կողքերը պտտվեցին, մտքում զուգահեռներ անցկացրեցին «հարազատի» հետ, նաև պարծենալով, որ այդքան բախտ ու խելք ունեն Նրան չդիմելու համար: Ծակ քարում մոմ վառեցին, դուրս եկան ու զննեցին շրջապատն ու մարդկանց: Վահագը Սաթիկին հանձնեց Հովսեփին ու գնաց, նստեց ժայռի եզրին, փորձելով երևակայությամբ վերստեղծել ինքնասպանների զգացողությունն ու ապրումները կյանքի վերջին վայրկյաններին: Ֆինանսական խնդիրները նրա ուղեղում կծկվել, խճճվել, գորդյան հանգույց էին դարձել ու ոչ լուծումը կար, ոչ էլ՝ հանգույցը կտրելու վստահությունն ու վճռականությունը: Այդ հարցում ո՜չ ֆալոսը կօգներ, ոչ՝ աղոթքը: Իսկ ինչը՞, չգիտեր: Ու նյութական խնդիրը ուղեղում վեր էր ածվել անճոռնի սֆինքսի տեսքով իդեա ֆիքսի:

Սաթիկին կտրականապես արգելեց միանալ իրեն: Սաթիկը Հովսեփի հետ բարձրացավ մոտակա բլրակի վրա, ամբողջ անցուդարձը համայնապատկերով ընկալելու համար: Ահա ամուսինը ժայռի եզրին փորձում է կապ ստեղծել անցյալ հեռացած հոգիների մեզ թողած սևագիր ու անընթեռնելի հաղորդագրության ու ներկայի մեջ: Ահա Տիգրանը ներքաշվել է զրույցի մի քանիսի հետ: ճշտում են սպասելիք բերքի քանակը, շուկայի ու մթերող կազմակերպությունների ակնկալվող գները: Ու տղամարդկանց բորբոքված զրույցից պարզ է, որ նրանք առիթը բաց չեն թողնի թքելու անհոգ իշխանության անտարբերության վրա: Եթե գաղտնի նրանց մոտենա, կլսի արդեն ծանոթ հայհոյանքների նոր տարբերակները: Ահա Քնարիկը մոտեցել է ծանոթ կանանց ու փորձում է վերստեղծել ու լրացնել իրենց վերջին խոսակցության ու ներկայի միջև ընկած ժամանկահատվածում գոյացած հոգսերի պատկերն ու հույսի վակուումը:
(շարունակելի)
Создано 25.05.19 17:22
© Все права защищены
137
Безымянный 12:58 03.06.19
tex tex [anranum e