Թող մեզ ներեն այս աշխարհում հաշտ-համերաշխ սիրողները,
Որ մենք եղանք թե՛ թշնամի, թե՛ հարազատ,
Որ մենք իրար թե՛ սեր տվինք, թե՛ ամոթանք:
Ուղարկեցինք իրար հեռու, բայց այնքան մոտ մենք մնացինք,
Որ քո շնչով միայն լցվեց ինձ կյանք տվող մի բուռ օդը:
Թող մեզ ներեն այս աշխարհում ամեն օր սեր երգողները,
Որ մենք չասինք անուշ բառեր,
Որ լռեցինք ու թողեցինք դատարկ տողեր:
Մեր աչքերում, ականջներում, երազներում խոստովանանք մենք կարդացինք,
Բայց շուրթերով «սիրում եմ քեզ» մի քիչ շիկնած շշնջացինք:
Թող մեզ ներեն այս աշխարհում թանկ ընծայով ապրողները,
Որ մեր կյանքում իրարից թանկ ոչ մի նվեր մենք չգտանք,
Թեկուզ ոմանք շքեղ վայրերն անգիր գիտեն,
Իրար գրկից ավելի տաք ոչ մի անկյուն մենք չտեսանք:
Թող մեզ ներեն այս աշխարհում իրարից գոհ ու իրարում վստահները,
Որ մենք եղանք խանդով հիվանդ,
Ու դրա դեմ ոչ մի դարման, ոչ մի միջոց մենք չգտանք:
Ես ատեցի քեզ կյանք տվող օդը անգամ,
Որ քեզ գրկեց ինձանից շատ:
Թող մեզ ներեն սիրո մասին գրողներն ու ընթերցողը,
Բայց աշխարհիս երեսին ես ինչքան փնտրեմ,
Իմ կարդացած, անգիր արած գրքերից ես որն էլ հիշեմ,
Քեզնից առատ ու կատարյալ Գիրք չգիտեմ...