4
Փիրուզս արձանիս
տեղադրելուն չորով դեմ էր, ու հենց գնաց, գործը գլուխ բերեցի: Վազող վագրը, ես վրան՝
ձիգ նստած:
Շենք մտնելիս բարևում էի, մի տաս րոպե հիանում, հետո նոր շենք մտնում: Բամբասում
էին՝ թե բյուջեի վրա թանկ է նստել, բայց արվեստը զոհ է ուզում, ու լա՜վ է գոնե, որ
այդ զոհը բյուջեն է:
Հետո ազատվեցի
հավե՜րժ դժգոհ Նվարդից: Ամեն թղթի ու հրամանի համար իր անտանելի կարծիքն ուներ: Բերեցի ինձ հարազատ հոգի՝ Թերազային:
Կես խոսքից հասկանում էր, ընդառաջում, երբեք չէր հակաճառում: Ինչ էլ ասեի՝ «եղավ շեֆ
ջան»: Քանի որ գործերս շատ էին, ինքն էլ պարապ էր ու անիմաստ հեռախոսով էր զամբախում՝
մի քանի գործ տվեցի, մինչև կարգավորվեի գործնական իմաստով: Ասում էին, թե անշնորհք
կարճ է հագնվում, բայց նախ դրանից գործը շահում էր, քանի որ տղերքը սկսեցին հետաքրքրվել
գործավարությամբ, հետո էլ ես էլ էի խթանվում աշխատելու, հատկապես՝ իր հետ:
Որոշեցի մի քանի գիրք միրգ տպել՝ չհավանեցին, «նախկինները
լավն էին»՝ ասեցին:
Կինոյի համար նյութ տարա, չնայեցին էլ՝ «դարը փոխվել
է», ասեցին:
Մի օր էլ նայեցի օրացույցին, հոպա՜, վաղը ապրիլի մեկն
է, իսկ ես՝ տխո՜ւր:
Տրամս լավ չէր՝ առանց Փիրուզ, գործերս թարս, ես էլ մի
շաբաթվա ծարավ: Որոշեցի և գեղագիտորեն լիցքաթափվել
և հիշվող նվեր անել քաղաքիս:
Հրամաններ սարքեցի, տվեցի որ Թերեզան ուղարկի: Սա էլ
իր խելքով բաներ էր փոխել, որ ավելի արտակարգ լինի:
Ուրախությունը երկարացնում է կանքը: Կատակը շատ լավ
էի մտածել, ու ինձ էլ շատ դուր եկավ, բայց տգետ մասսան այն ժամանակ չընկալեց:
Գաղափարս էն էր, որ մի երեք չորս ժամով փոխում ենք քաղաքի
տրանսպորտի համարները, փողոցների անունները, խանութների ցուցափեղկերը, խառնում հեռախոսների միացումը:
Այդ փոքր ժամանակավոր դժվարությունների միջոցով մարդիկ
ստանալու էին թարմության ու նորության շունչը: Թե չէ՝ անջատված ապրում են: Ուզում էի
բոլորին թափ տալ և փոքր հումոր նվիրել: Հո կյանքը տնից գործի, գործից խանութ, խանութից
տուն գնալը չի՞: Հաստատ շատ հետո էլ դրա մասին կհիշեն, կծիծաղեն: Կատակը հիշվող պետք
է լինի:
Տղերքին կանչեցի, սեղանին շշեր շարեցինք ու էկրանների
վրա վայելեցինք հումորի տոնը:
Տղերքը երջանիկ էին, անվերջ կենացս էին խմում:
Սաք ապերը
շնորհավորեց Փիրուզիս կիսավարտիկի միջից դուրս գալու առթիվ, ու որ էլ վրայիցս համապատասխան
հոտ չի առնում ու հույս հայտնեց, որ իր հողը կստանա:
Սեդրակն էլ արդեն չէր հարգում,
բայց հենց Փիրուզիս կրնկի տակից դուրս եկա, սկսեց ինձ տեղը բերել ու միասին իր խանութի
տեղը կդասավորենք, որ լրիվ հարգի: Արտաշեսն էլ սպանեց Փիրուզիս մասին հարցնելով, թե
ե՞րբ ա գալու, ո՞վ է իր գործն անելու: Հետն ինչ որ գործ էր բռնել: Բարկացա՝ շեֆը ես
եմ, գլխիս վրայով գործ ես բռնում: Դե կե՜ր:
Թերեզս էլ արդեն առավոտ շուտ ուրախացրեց:
- Բարի լու՜յս, շեֆ ջա՜ն: Էլի լցվել էին անտերի պես:
Շնչելու օդ չկա՜ր: Լարեցի՝ «դուք տուն տեղ, ամոթ չունե՞ք»: Քանի ըստեղ եմ, քեֆիդ կպնող
չի ըլնի, չմտածե՜ս:
Ամեն ինչ լա՜վ էր: Խանգարող չկար, հրամանը տված էր,
էկրանը միացրած, շշծերը սեղանին շարա՜ծ:
Ու գնա՜ց կոմեդիան:
Դմբո քաղաքացիներս խառնվել էին իրար, գլուխները կորցրած
գոռում էի՜ն, բողոքում: Մի պահ նույնիսկ ամաչեցի, որ դրանց դեմքն եմ:
Մի քաղաքացի հերթով բոլորին հարցնում էր, -Հիմա ի՞նչ
անեմ, ու՞ր գնամ, ո՞վ կհավատա:
Մի պառավ լալիս էր,- Բա ո՞նց հետ գնամ, սխալ հասցե եմ
եկել:
Ծիծաղից մեռել էինք: Էլ արցունքներս մաքրելու թուղթ
էլ չկար: Թերեզս զուգարանից շտապ
հասցրեց: Անձամբ էլ մաքրում էր:
Մի բիձուկ էր խոսում ձեռնով ոտով,- Կինս հիվանդ է: Դեղ
են ուզել, տանում եմ: Բայց ու՞ր:
Շ՜ատ ծիծաղեցինք: Ախր ո՞վ է հիվանդանոց դեղ տանում:
- Եթե երթուղային վրա գրված է՝ հինգ, բայց յոթ է, ինչպե՞ս
հասկանանք:
- Պապիկ, բան չե՜մ հասկանում: Ո՞նց գնամ նոր թաղամաս:
- Եթե էշին ընտրենք մեզ ղեկավար, ոչ մի
տեղ էլ չենք գնա, աղջիկ ջան:
- Ես գնում եմ Պետրոսյանի փողոց: Առաջ սա էր, բա հիմա
որն է, ես ու՞ր գնամ:
- Չգիտե՜մ, մայրիկ: Երևի ճիշտը տաքսիով գնալն է:
- Վախ, այ բալա, բա ես տաքսիի փող ունե՞մ:
- Չգիտե՞ք,
հիմա 13 համարի երթուղին որն է: Այսօր հումորի՞, թե՞ ապուշության օրն է:
Գժանոց, հատակից չէինք կարողանում բարձրանալ: Մի պահ
ծիծաղել էլ չէր լինում:
Զանգեցի, որ
սիրուն կլիպ սարքեն, իրիկունը ցույց տան, ժողովուրդն ուրախանա՝ հայհոյեցին, անջատեցին:
Որոշեցի բոլորին հեռացնել, բայց որոշ պատճառներով չստացվեց:
Արտաշեսը նեղացած էր: Ինչ որ բան էր ուզել,
մոռացել չէի արել: Էդպես էլ չծիծաղեց: Մի երկու բաժակ գցեց, ինչ որ բան հիշեց, փախավ:
Մի պահ Թերեզս լացելով եկավ,- Շեֆ դրանք էլի շենքի առաջ
են, չեմ կարում երգ լսեմ:
Ջղայնացա,- Ի՞նչ են գոռում:
- Եսի՞մ: Ասում են՝ «հեռացրեք էն ֆանտիլին»: Ֆանտիլ
ա, ֆունտիլ ա: Էդ ով ա՞, շեֆ:
Չէի հիշում,- Չգիտե՜մ: Կադրերի հետ ճշտեք, վաղը կանչեք:
Գնա ասա՝ այսօր պարոն Նազարը զբաղված է, վաղը կզբաղվի ֆանտիկի հարցով:
Գնաց, եկավ,- Ծիծաղեցին, ասեցին՝ «ֆանտիկն ինքն է: Թող
գա, ապրիլի մեկի իր հրաշք կատակի պատասխանը
քթի առաջ ֆռռացնե՜նք»: Էնպե՜ս ծիծաղում էին:
Քեֆս մի քիչ
լավ էր: Որ թշնամու ջրաղացին ջուր չլցնեմ, ամաչեցի գնալ,- Գնա, ասա՝ հեռախոսով կարևոր
զրույց ունի: Պրծնի, կգա:
Թերեզս գնաց եկավ, նայեց էկրանին, իրենց նախանձ հարևանին
տեսավ, ծիծաղեց ու միացավ մեր քեֆին, շա՜տ ծիծաղեց,- Վա՜յ մորս արև, մեռա՜,- կանացի
ձևերով թավալվում էր հատակին: Հենց մենակ իրեն նայելը տո՜ն էր, չհաշված՝ էկրանից ստացած
հաճույքը:
Իրիկունը մի քանի սադրիչներ էլի հավաքվեցին շենքի դիմաց,
հիմար բաներ գոռգոռացին: Զանգեցինք, եկան, հանգստացրեցի՜ն: Հետո գտանք մեղավորներին,
մի քանիսին ազատեցինք գործից, մի քանիսին նկատղությունով վախցրեցինք: Լա՜վ օր էր: Տղերքը
գո՜հ էին:
Արդեն ուշ էր,
Սեդրակն ու Սաք ապերն ինչ որ բան հիշելով հագուստները թարս հագան ու առաջին հարկի պատուհանից տուն գնացին:
5
Էդ օրը հենց սկզբից էն
չէր: Թերեզս մտավ կաբիետ, կպավ ինձ: Դողու՜մ էր,- Շե՜ֆ, վագրի կողքին ուրիշ արձան են
դրել: Քեզ էլ ստորացրել են, կարծես թե՜:
Նախ իրեն լրիվ հանգստացրեցի, հետո ցած իջա: Մի արձան
էլ էր դրված: Ես եմ շորեքթաթ, դիմացս տետր ու Աղունիկս՝ նստած վրաս, ձեռին՝ ճիպոտ:
Մի՜ լարվիր,- ասեցի վախից ինձ փաթաթված Թերեզիս,- նա
երբեք ճիպոտով չի եղել, ու քամակիս էլ չի խփել: Հավատա՜ ինձ:
-Բա մնացածը՞,- հարցրեց Թերեզս:
-Մնացյալն՝ ինչպես արվեստում,- գրկեցի, հանգստացրեցի
խեղճին ու շարունակեցի
աշխատել, չնայած թեյս սառել էր, թխվածքին ճանճ նստել:
Աղունիկս էլ անմահացավ իմ
շնորհիվ: Այդպես, անկախ ինձնից, սերունդներին փոխանցվեց
ինտիմ պոեզիայի իմ ձևը: Մի օր էլ Փիրուզիս կսարքեմ վրաս նստած, որ իմանա, ուրախանա
էն ցրտին:
Երկա՜ր ժամանակ
ընդունարանից փսփսոցներ էին լսվում: Երևի ուզում
էին պոեզիա կիրառել, հերթագրվում էին: Տետրս հանեցի, մի տաս հատ պոեզիա ընտրեցի: Սիրտս
թփրտում էր: Բոլորին կընդունեմ ու մեկին կընտրեմ փիրուզփոխարինիչ: Վերջապես գործերս
կլավանան:
Փիրուզիս գնալու պատճառով ընկճվել էի, գործերս թարսվել
էին: Թերեզն ամեն օր ծիծաղելով իմ մասին վատ նորություն էր պատմում: Ինքն էդպես է,
անմիջական: Իբր իմ մասին շա՜տ ծիծաղելի անեկդոտներ են պատմում, բայց ինքը չի ծիծաղում,
քանի որ սուտ են: Ու ինձ էլ կոչել են Անիմաստ քաղաքապետ: Էդ ապուշ բառը էնտեղից հանեցի,
ֆռռա՜ց, ինձ կպավ:
Էդ մտքերով կաբինետումս հաց էի ուտում, կենացս խմում,
Թերեզս զանգեց, թե՝ քեզ են ուզում, շեֆ ջան:
Պոեզիայի հույսով դուռը բացեմ՝ Ուստիանս է նստած, Թերեզս
էլ՝ թթված- Շեֆ, մեռա՜: Ասա, հեռու տանի:
Թերեզիս հոտառությունը
շա՜տ նուրբ է, իմ վրայով գիտեմ:
Չհամբերեցի, կափարիչը հանեցի, հոտը լիաթոք ներշնչեցի,-
Մեռնե՜մ ձեռներիդ,,- ու սիրունիս մատները պաչեցի ու տեղում որոշեցի՝ եթե Սկեից հարցաքննեմ
ու արդարանա, գործի կընդունեմ: Պոեզիայի համար իրեն կհամոզեմ, որ չխանդի, կողքիս կլինի,
գործն էլ՝ լիքը՜:
Ուստիանս նեղացած ժպտաց, - Նախ՝ բարև ասա, հետո տոլմին
վրա տու՜ր:
Թերեզաս էլ ձեռը բերեց քթիս մոտ, պահեց Ուստիանիս ձեռի
կողը,- Նայե՜մ, -ու չի շարժում, որ երևան իր սիրուն ու մշակած մատները: Ուստիանիս մատները
շոր էին, ճաքճքա՜ծ:
Ստիպված Թերեզիս մատներն էլ պաչեցի, որ չնեղանա: Ինքը երեխու նման
է, երես առա՜ծ:
Թերեզս երեխու նման ուրախացավ,- Շե՜ֆ, առածդ մատանին
պաչեցիր, ախ՜ր: Բա մատներ՞ս:
Ուստիանս ձեռը հետ քաշեց,- Հիմա ինչս որ պաչես, իրանն
էլ ա՞ դեմ տալու:
Թերեզս իրա ձևերով, որից գժվում եմ, ժպտաց,- Դե, գյուղում
ջենտլմեն չկա, չտեսած տիկինն ի՜նչ անի:
Ուստիանս նորից ձեռը պահեց քթիս մոտ,- Գյուղում քո իմացած
ջենտլմենի պակաս չկա, ու անինքնասեր կանանց հինգ րոպում մշակում են: Թե էդ տեսքով ու
խելքով գյուղ գաս, շա՜տ գոհ կգնաս: Չնայած՝ լավ տեսած ես:
Այ քեզ կրա՜կ,
որի կողմը պահեմ: Աստված կանանց ինչի՞ տեսքի հետ էլ խելք չի տվել, որ որձի մոտ որձի
համար չգզվտրվեն: Բայց լա՜վ ասեց, Փիրուզիս տեղը հաստատ կաշխատի:
Ձեռը պաչեցի, թեման փոխեցի, որ փախնեմ,- Դուք ծանոթացեք,
տոլման դնեմ սառնարանը:
Գնացի Փիրուզիս
կաբինետ, քանի որ իմ սառնարանը Սկեն իրեն էր նվիրել առանց ինձ հարցնելու: Որոշեցի տեղում
քաղցր պաչով Ուստիանիցս խոսք քաշել էդ տագնապահարույց դեպքերից:
Ուստիանս էլ եկավ կաբինետ,- Լսեցի՝ քաջ ես դարձել, ուրախացա:
Բայց, աչքիս սրա քաջն ես:
Չնեղացա: Կնոջ խելքից նեղացողը քիթը վերև չի պահի,-
Էս ամբողջ շենքն իմն ա՜, ախչի: Ես էլ շեֆն եմ:
Ուստիանս հե՜չ չէր փոխվել,- Քո նման շեֆ գյուղում լիքը՜,
Համոն, Վաղոն: Կնոջդ բան ասեց էն լիրբը, լռեցիր:
Թերեզս եկավ դուռը շխկացրեց,- Գոնե չլսեմ, չհուզվե՜մ:
Գեղցի՜: Քրտնեցի: Հա՜, գեղցի է, բայց գիտնականներն էլ չգիտեն,
դա կոչու՞մ է, բնավորությու՞ն, թե՞ թերություն:
Ուստիանս ինձ նայեց, մի քիչ սպասեց ու կանչեց,- Գեղցին
փեշդ կերկարացնի, լեզուդ կկարճացնի, հայելին՝ չի ճանաչի՜:
Չէ՜, հաստա՜տ կաշխատի: Փաստորեն Ուստիանս նաև խելացի՜
համարձակ է: Մի քիչ խոսացնեմ, ճշտեմ Սկեի մասին կասկածներս ու գործի ընդունեմ, որ հետո
չկարոտի Սկեին՝ գյուղ գնա: Լա՜վ պաչեցի, ձեռս էստեղ էնտեղը գցեցի, սեղանին պառկեցրի,
շորերը հանել սկսեցի:
Նեղացավ,- Իբր թե պաշտոն ունես, բայց ոչ խելք ունես,
ոչ բազմոց: Սեփական կնոջդ սեղանի վրա ես ուզում սիրել էն լրբի պես: Դուռն էլ չկողպա՜ծ:
Միանգամից սառեցի: Ախչի՜, ոնց եղավ, որ չես կարոտել
փաղաքշանքիս: Էստեղ մի բան կա՜: Համ էլ հո չէի՞ ասի, որ Փիրուզիս խանդը փափուկ կահույքը
հանեց, վերջինն էլ Սկեն սրբեց,- Բա ո՞նց եղավ, էկար:
Ուստիանս սեղանից իջավ, ստիպեց որ թեքվեմ, շորերն ուղղեց,-
Քո Փիրուզը զանգեց, թե եկեք տարեք, մե՜ղք է: Քաղցր ու խելացի լեզու ուներ: Ո՜նց նայում
եմ՝ ճիշտ էր ասում: Հավաքիր եղած չեղածդ:
Քրտնեցի,- Չէ,
հետո՜: Աղունիկն խանդից ինձ կսպանի Արուսյակիս հրապարակի համար: Մնա, միասին մի փողոց
էլ քո անունով սարքենք, մի հատ էլ՝ իրա, ու գնանք:
- Փիրուզադ ճիշտ էր: Իրո՜ք փալաս ես:
Գիտեի՜, բառը չգիտեի: Բարկացա: Ոնց է իր կարծիքը խցկել սիրունիս ուղեղը,-
Ես եմ իրեն ազատել, լեզուն երկար էր: Սա էլ իր կաբինետն ա: Մնա, աշխատիր:
Ուստիանս վախեցավ,- Չէ, կդառնամ ձեռ առնելիք: Մարդ պիտի
էն անի, ինչից հասկանում ա: Թե չէ քո էս լրբի նմանները գլուխ կբարձրացնեն, կմտնեն մարդամեջ:
Էդ իմը չի՜:
Անցա խիստ տրամաբանության,- Բա ես ո՞նց եմ անում: Քաղաք
եմ ղեկավարում: Վաղը հենց քո անունով փողոց սարքե՞մ, ուժս տեսնես:
Ուստիանս մնաց իր գյուղական խեղճ, չձգտող մակարդակին,-
Փուչ փառքն ինձ կդարձնի հայհոյանքի ու ծիծաղի
առարկա, կստորացնի: Չի՜ կարելի,- սեղանի վրայից վերցնում է Փիրուզիս նկարը, կարդում՝
«Նազարն ու Փիրուզան Գառնիում»: Սիրուն ա, ապրե՜ս: Քեզնից չէի՜ սպասում:
Հիմար կին,- Տեսա՞ր: Իսկ սպասողին տարել եմ Ծաղկաձո՜ր,
Ֆրանսիա՜, Դուբա՜յ:
- Դուբայ, էդ նոյեմբերյանի կողմերն էր, չէ՞: Բայց էլի՜
չեմ հավատում: Երևի իր փողերն են:
Սխալը քթին դեմ տվեցի,- Էն որ միլիոնից խոսեցի, քոթակեցի՜ր,
փոսը կոխեցիր: Ինքը հավատաց ու վայելե՜ց: Տես, ինչ մուշտակ եմ առել: Իսկ դու ի՜նչ ես
հագել:
Ուստիանս աչքերը
սրբեց,- Լավ՜ն ա: Մատանին էլ ե՞ս դու առել:
-Բա էլ ո՞վ: Էն մեքենան էլի էս տղու շնորհքն ա: Հասկացա՞ր,
թե ով եմ: Չէի՜ր սպասում:
Ի՜նչ ուզում եք, ասեք, կանայք նախանձ են: Ուստիանս չարացավ,-
Էդ շնորհքով տղեն ինձ մոռացե՞լ էր, որ փող չուղարկեց, որ քոծություն չանե՜մ:
Զգացի, որ գազի ոտնակին շա՜տ էի սեղմել, կանգառ տվեցի,-
Գալու էի, փողս քի՜չ էր:
- Սիրածիդ մուշտակի մի կոճակի փողով մի ծաղիկ առնեիր,
գայիր, գիշերը մնայի՜ր, դարդերս լացեի՜, գնայիր: Դժվա՞ր էր: Լրջով ջղայնացա, կնկա խելք: Հո մենակ գիշերով չի՞,-
Ժամանակ չկար, գործերի մեջ: Չե՞ս
տեսնում:
Սիրունս Փիրուզիս նկարները ճղեց,- Ոնց չէ՜: Որտեղի՞ց
ժամանակ: Դուբայ, մուբա՜յ:
Գնացի, արցունքները խմեցի, - Մի՜ լացիր: Քեզ էլ կտանեմ,
կիմանաս: Դու էն ասա, Սահակն իրան խելոք ա՞ պահել: Բան ման եմ լսել,- ասեցի, որ շփոթվի,
խոստովանի:
-
Կասկածում էիր, գայիր, կամ ինձ ծեծեիր, կամ բամբասողին: Չթողե՞ց:
-
Դե.. դե… դե.. մե.. մե.. մենք
-
Ծննդյանս օրն ինչի՞ չեկար: Բոլորով սպասում
էինք: Գիշերը լացել եմ: Օրն հիշու՞մ
ես:
Ուզում
էի ասել՝ «բա ո՞նց չէ»: Բայց չհիշեցի, ձգեցի, որ հիշեմ,- Բա..
բա… բա…
Ոնց
որ Փիրուզը խոսեր,- Մի՜
բառաչիր: Թե՞ էդ օրդ լրբերինդ էր:
«Բա՜ն եմ լսել»: Ո՜վ էլ խոսի:
Ըհը,
դեմը չառնեմ, հաջորդը ես եմ,- Դե դե՜:
Լեզուդ շա՜տ երկարեց: Թե՞ տեղը չես բերում:
-Լրի՜վ բերեցի: Քո պարտքերն եմ քոծությամբ փակել: Դու էլ Դուբայում քոծ ես արածացրել,-նայեց շուրջը, վերցրեց Փիրուզիս հովանոցը,- Լավ՜ն ա, ափսոս էլ ա՜:
Ժամանակ չկար,
մտա սեղանի տակ, ու փորձեցի լարվածությունը պարպել հումորի խելամիտ չափաբաժնով,- Հե՜չ
չես փոխվել, ախչի, լաչա՜ռ:
Էլի լա՜վ էր, եթե չթաքնվեի, իմ մասին գրելու էի անցյալ
ժամանակով:
-Հիմա կտեսնե՜նք՝ դու ինչքան ես փոխվել,- անտեր հովանոցով
բիրտ ձևով ծակծկում էր ու ձեռի հետ սեղանի վրայից ինչ գտնում էր՝ շպրտում իմ ուղղությամբ:
Արդեն ուզում էի անցնել վճռական գործողությունների,
Թերեզս դուռը բացեց,- Շեֆ, հուզվա՜ծ եմ, մի՜ քիչ շուտ գնամ,- ու ինձ է փնտրում, փոխանակ
դուրս գա, ըստ էթիկայի օրենքի ,- շե՞ֆ:
Ուստիանս փնչացնում է, ձեռը տանում իր պորտից ներքև,-
Շեֆիդ մտցրել եմ շորիս մեջ, ու դուրս չի գալու՜: Քաշվեցի՜ր, աղջիկ ջան:
Բարկությունից գլուխս տվեցի սեղանին,- Վա՜խ: Ինչու՞
ես հռչակս աղավաղում, ախչի՜:
Թերեզաս լացեց,- -Շեֆ ջա՜ն, ըտեղ ի՞նչ ես անում, օգնե՞մ:
-Չէ՜, ճիշտ չի ասում, սեղանի տակ եմ: Ի՜նչ եմ անում,
որ օգնես: Գնա՜, ընտանեկան զրույց է,- ասեցի ու փոշմանեցի:
Ախր քայլող տեղեկատվություն
է: Պտի պահեի մոտս, սեղանի տակ:
Ու, իրոք,
հերթո՜վ եկան:
Ուստիանս
իր զենքով հա՜ ծակծկում էր,- Ես ծննդյան
օր չունե՜մ: Փիրուզդ ու բացոռդ
էլ Դուբայում են կնքվե՞լ:
Արդեն հաշտության ժամկետը գալիս էր, ըստ իմ փորձի: Արդեն
պետք է լացեր, բախտից բողոքեր, ու ես կամաց ծլկեի: Բայց վրա վրա եկա՜ն աշխատակցուհիներս:
Ինչ
որ բաժնի Քնարն եկավ, ձենը զրնգացրեց- Պարոն Նազա՜ր, կարելի է՞,-
ու դրսից կչկչոց է լսվում:
Ուզեցի
կանգնեմ, որ բարկանամ, գլուխս նորից խփեցի սեղանին,- Վա՜խ, զբաղվա՜ծ եմ, հետո:
Բայց
Քնարին բան կհասկացնե՞ս,- Հու՜յժ կարևոր է, մտնե՞մ՝ տեղավորվե՜մ: Արագ կզեկուցեմ,- ձենն էլ զնգացնում է, որ ամբողջ շենքը լսի:
-Գնա՜ ախչի, պրծնեմ, կկանչե՜մ,- դուռը փակեց ու փռթկացրեց անպետքը:
Ուստիանս
էլ չէր հոգնել, հովանոցն էլ լա՜վն
էր ու չէ՜ր ջարդվում,- Էս սիրուհիներդ
ե՞ն, էլի կա՞ն,- էս Դուբայի համա՜ր,
էս՝ Ուսաստանի՜:
-Ռուսաստան
չկա՜, ախչի: Մենա՜կ գնաց դավաճանը: Էլի սկսեցի՞ր կռվել առանց պատճառի, համաձայն քո վատ երազի օրենքի:
Էգերից
մեկն էլի դուռը բացեց, ձենը չճանաչեցի,- Այստե՞ղ է պարոն Նազարը:
Ուստիանս
հևոցով էր խոսում,- Սեղանի տակից քաղաք է ղեկավարում: Մյուս հարցերով ես
եմ:
Ասա:
-
Իրո՞ք, շա՜տ
հաճելի է: Ես Սուսիկն եմ: «Գալիքի» փողը փոխանցե՞մ, թե ոչ: Ուզում են,- փռթկոցը հազիվ է պահում:
Ուստիանս
փնչացրեց, - Անցյալը մինչև չփակեք, գալիքի մասին չլսե՜մ, գնա:
Սուսիկը,
որին էդպես էլ տեղը չբերեցի, ասեց՝
«շնորհակալություն» ու դրսում փռթակցրեց: Մի քսան հոգի միացան: Թե իմ վիճակում ինչ՞ն էր ծիծաղելի, եթե՝ չար մարդ չես:
Ուստիանս
հե՜չ չէր հոգնել: Մի՜շտ հիացել եմ իր եռանդով, բայց էս էդ դեպքը չէր,-
Էս մուշտակի՜, էս մատանու՜… էս էդ լրբի՜, էս էս լրբի՜,
էս քո անցյալի՜, էս իմ գալիքի՜…
Իրոք
ցավում էր,- Վա՜խ, վա՜խ: Ախչի՜, թող դուրս գամ, հիմա էլի կգան: Փսփսու՜մ են:
Խոսելիս
էլ էր ծակծկում,- Թող գա՜ն,
ծանոթանա՜նք, աշխատե՜նք: Թե՞
փոշմանել ես:
Պաշտպանվում
էի ու
ամաչում լացել, չնայած դրա համար լուրջ պատճառներ կային,- Վա՜խ: Վա՜յ,
Սկե: Չո՜րս կողմից վնասեցիր: Թե
մի ձեռս ես ընկե՜լ: Վա՜խ, ախչի:
Ընդունարանից լսվող կտկտոցներից հասկացա, որ կանացի
ամբողջ աշխատակազմս էնտեղ է: Հենց դուռը նորից բացեցին, արանքը ճղեցի: Ընդունարանը
դարձել էր կանացի մարմինների գերխիտ միջավայր: Ըստ գրավչության իմ չափանիշների որին՝
հրելով, որին՝ շոյելով, որին՝ կծելով ճամփա բացեցի:
Դրանք ճղճղացին, բայց Ուստիանիս
ձենը չկտրեցին,- Ու՞ր ես: Ուր էլ մտնես, հանելու՜
եմ:
Մեկի ձենը քաղցր էր, - Վա՜յ, քաղաքացի, հո վայրենի չե՞ք:
- Սա քաղաքապետարան է, ընկեր ջա՜ն: Ձեռքներդ Ձեզ քաշեք:
-Վա՜խ, էս ում ձեռքն էր: Էս ո՞վ էր: Ախչի՜, որտեղի՞ց
եմ հիշում:
-Վա՜յ կծեց: Էս ո՞վ էր,- ու բոլորը ծիծաղեցին, ես քրտնեցի,
բայց ուղի բացելու գործը չթողեցի:
-Ընկեր, պպզած ի՞նչ եք փնտրում կանանց արանքներում:
Ուստիանս աջ ու ձախ հրելով հետևում էր ըստ ճղճղոցի,-
Ինչ արանք էլ մտնես, հանելու եմ:
Ուստիանիս
էլ հասավ,- Տիկին, անհարմա՜ր
է: Ի՞նչ եք անում:
Ուստիանս
արդեն լրիվ մերվել էր կոլեկտիվիս,- Անհարմար չի, ամուսին է:
-Հա՜, եթե ամուսինն է, Ճի՜շտ եք, - ու բոլորը ծիծաղեցին, բացի ինձնից ու
Ուստիանիցս:
Ուզում էի որպես ղեկավար գոռալ,- Պարա՞պ եք, գործ չունե՞ք:,-
Բայց լռեցի, մտածելով, որ հարցնեն-, դու ո՞վ ես, հո չեմ ասելու- Քաջ Նազարը, որին ծեծում
է իր կինը: Վա՜յ, Ուստիան:
Ուստիանն ըստ դրանց ճղճղոցների գալիս էր իմ հետևից:
Բայց հասցրեցի ու դուրս փախա՜:
Դրսում շենքի դիմաց հավաքվել էին քաղաքի պարապները լողունգներով, կոչերով,- «ազատվել
անկարողներից», «մի վարկաբեկեք իշխանությունը»:
Իրենց դիմաց իմ ու Աղունիկիս արձանն էր ու հերթով արձանիս
քամակը ճիպոտահարում էին: Արդեն վիրավորական էր, բայց արտահայտվելու տեղն ու ժամանակը
չէր:
Արագ կողմնորշվեցի,- Տղե՜րք, մտա շենք բողոքելու կումունալից,
ծեծող բրիգադ ուղարկեցին, փրկե՜ք,- ու լավ շխկացրեցի արձանիս քամակին,- շահագործողներ:
Տղերքն ինձ ծածկեցին,- Արի, ախպե՜ր: Ի՜նչ օրի հասանք,
պաշտոնավոր կանայք մեզ ծեծեն: Կորչե՜ն քաղաքապետն ու իր կին տեղակալը: Տղերք, մերոնցից
է, դեմքը ծանոթ է:
Ուստիանս արդեն
հեռանում էր, ես էլ ուզեցա բողոքեմ քաղաքի իշխանություններից: Հանկարծ տեսա Նվարդի
ուշադիր հայացքը, ու մինչև ինքը կգոռար, թաքստոցից փախա՜: Նայեցի, տեսա սիրունիս թափահարվող
հովանոցը, որ հետ չէր մնում:
Ոստիկանության շենքի մոտ մի ոստիկան էր ծխում: Հասա
ու հասցրեցի,- Այստեղ ծխելն արգելվում է, չե՞մ
ասել:
Շշմեց,
զգաստ դիրք ընդունեց, սիգարետը ձեռին զինվորական պատիվ տվեց,- Չէի՜ ծխում, պարոն ըըըը….. էս փախածն ո՞վ էր, արա,- ձեռը վրա բերեց, որ խփի:
Նույն
պահին Ուստիանս եկավ ու վերսկսեց իր հովանոցային ցավագին խոթումները;
Ոստիկանն
սկսեց ինձ պաշտպանել,- Տիկի՜ն,
ճի՜շտ եք անում, բայց փողոցում չի կարելի: Թողեք
ինձ, հոր՜ս արև:
Ուստիանիս բա՞ն կհասկացնես,- Չե՜մ թողնի: Ի՞նչ իրավունքով
եք ձեռիցս խլում պաշտոնական ամուսնուս,- ու խոսելիս էլ չէր դադարեցում ցավագին բզոցները:
Գոռում եմ, լացում,- Ոստիկա՞ն եք, թե՞ փալաս: Փրկե՜ք
էդ ինքնակոչ կնոջից, խնդրու՜մ եմ:
Մի պահ դրանց դուռը բացվեց ու ներս փախա: Ուստիանիս
չթողեցին:
Լա՜վ պրծա:
Լա՜վ էր, երկար պահեցին: Համարյա ամե՜ն օր նոր հոդված
էին կարում վրայովս: Արդեն իրենք էլ էին ծիծաղում,- Քաջի պես դիմանում ես:
Քաջն ամեն տեղ
էլ քաջ է: Էնքան էլ վատ չի, հացն ու քնելու տեղը կա: Տղերքն են հիմար հիմար հանաքներ
անում, բայց դե, դա է իրենց մակարդակը: Մեկ էլ ձեռ կառնեն, կուղարկեն էստեղ էնտեղ, ու կպարզվի, որ անիմաստ էր,
ու երկար կծիծաղեն: Դա է իրենց հումորի ընկալման մակարդակը: Դրա համար եմ այս գիրքը
գրում, որ կարդան, իմանան, թե ով եմ ես, իրենք՝ ով, ու ինձնանից խորհուրդներ հարցնեն,
ոչ թե՝ ձեռ առնեն, կամ էլ անիմաստ օրը ծախսեն գրազով նարդու, թղթախաղի վրա ու ոմանց
գցեն պարտքերի տակ:
Այ, եթե խնդրում են, իրիկունները քիչ ու միչ խոսում եմ իմ ուսանելի
անցյալից: Կամ էլ չորեքթաթ վիճակում վրաս աթոռ են դնում ու աթոռի հետ ինտիմ պոեզիա
եմ անում, նախօրոք ասելով, թե ում եմ պատկերացնում աթոռի փոխարեն՝ Աղունիկի՞ս, Փիրուզի՞ս, Ռուզանի՞ս, թե՞ Թերեզիս: Վերջում այնպիսի
ծափեր եմ ստանում ու հավանության սուլոցներ, որ շատ արտիստներ կնախանձեին: Տղերքը
կատակի համար ծաղիկների փոխարեն իրենց իրերն են շպրտում:
Ամսաթիվն ու
անունները չեմ նշի, բայց տեղի ղեկավարության համար մի օր հատուկ ինտիմ պոեզիա անցկացրեցի,
ռեցիդիվիստ Կառան մեջքիս: Ճիշտն ասած, մի քիչ փչացչեց երեկոս իր սեքսուալ կատակներով
ու գողական ակնարկներով: Բոլորը հռհռում էին, գոռում՝ «Քշիր Քաջ Նազարին, ոնց որ ինքը՝
վագրին»:
Եվ ես այդպիսի անադեկվատ միջավայրում կարողացա ինչ որ
չափով ազնվացնել ամենաագրեսիվ հանդիսատեսին իմ ինտիմ պոեզիայով, մեջքիս ունենալով ինտիմը
խեղաթյուրած Կառային:
Ուրախության ու արվեստի հարցում բանտում անվիճելի՜ հեղինակություն
եմ:
Այ, Ուստիանս է ինձ մոռացել: Իր տոլմին եմ կարոտել:
Կամ չի գտնում, կամ էլ- Սկեն
է դիմամբ գործերով խեղդում, որ էդ ապուշին ժպտա տխուր երգելով, զգացմունքները խեղդելով
ու արցունքները ներս տանելով աննազար գոյատևման գռեհիկ ու սեքսապաշտ պայմաններում:
Էլի վատ չի՜: Գիրքս գրե՜մ, անունս մաքրաջրեմ, դուրս
գամ որպես իշխանությունների կողմից հալածյալ, անցնեմ ակտիվ քաղաքական գործունեության:
Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազա՜ր:
վերջ
Դորոխովո,
2015