Ահա արձանին են մոտենում երեք կին: Տեսքից դատելով, ակնհայտորեն նրանցից մեկն է հիվանդը: Մոլորված հայացք, աննպատակ քայլվածք, վախեցած աչքեր: Ավելի տարիքով մեկը նրա թևը բռնած անընդհատ հուշում է նրա վարքը, որ կատարվում է աներկբայորեն, առանց գիտակցելու, կամ՝ իմաստավորելու: Հիվանդը մոտենում է արձանին, համբուրում ու տեղի և դիրքի համեմատ հնարավորին վայելուչ շարժումներով փորի ներքևի մասը քսում արձանին, ինչ որ խոսքեր մրմնջում, հետո կանանց հետ յոթ անգամ պտտվում արձանի շուրջը:
Հեռվում, ավելի մոտ Սաթիկին, քան թե ժայռին, կանգնած էին տղամարդիկ, որ ակնհայտորեն նրանց հետ կապ ունեին և, հավանաբար, ամուսինը ևս այնտեղ էր: Սաթիկը նույնիսկ գտավ նրան: Նրա հայացքի մեջ և հույս կար, և՝ վախ, և՝ մեծամտություն, բայց չկար մեղքի զգացում: Ոչ էլ՝ որևէ թույլ կասկած, թե միգուցե ինքն է իր վերաբերմունքով կամ անկարողությամբ կնոջը հասցրել այդ վիճակին:
Ենթադրյալ ամուսինը, որ վախեցած նայում էր կնոջ կողմը, փորձեց հաղթահարել իր վախը, ճեղքել մռայլ խեղճությունն ու տղամարդկանց համար շշնջաց,- Կամա՜ց պաչիր, ախչի՜: Եսի՜մ…,- ու ինքն էլ իր մտքից ամաչեց ու ասվելիք բառից հրաժարվեց:
Կողքի տղամարդիկ փորձեցին գնահատել այդ անիմաստ կատակն ու նախ ժպտացին տղամարդուն, ապա անկախ իրենցից նայեցին կնոջն, ու արագ հայացքները փախցրեցին, քանի որ կինը ոչ երկիմաստ շարժումներով փորի ստորին մասն ակտիվորեն քսում էր ժայռին, իրեն կորցրած մարդու հայացքով, որ այլևս ոչ մի տեղից ոչ մի հույս չի սպասում: Կնոջ հուսահատ հայացքում միայն քարի մեջ ներառնված զորությունն իր փորի ստորին մասով ներքաշելու տենչանք էր, աղերսանք ծնունդի խորհրդանիշ ֆալոսին՝ հույս ներարկվել, ուժ, որ կօգնի հաղթահարել ու հեռացնել ինչ որ տեղ ծվարած անանուն, անտեր ցավը:
Տղամարդն իր արժանապատվությունը մաքրազարդելու և այդտեղ գալու պարզաբանման խղճուկ փորձ արեց ու շատերին լսելի շշնջաց ,- Բժիշկները բա՜ն չհասկացան: Ասին՝ նևրոզ ա, ու վե՜րջ: Տենա՜նք, երեխեքն էլ են մե՜ղք:- ու թքեց, սպասելիք գալիքից վախեցած, որ վախը թաքցնի:
Սաթիկը խղճաց բոլորին: Վահագին՝ իր զսպանակված լռությամբ, Տիգրանին ու Քնարիկին՝ իրենց անվերջանալի խեղճությամբ, տղամարդկանց, որ անգիտակցաբար իրենց գլխին անլուծելի խնդիր են ստեղծել ու հույս կապել գերխիտ գաղափարի երանելի հուսաբեր հզորության հետ, կանանց, որ իրենց համակերպամբ ու ինքնահրաժարումով հասնում են մի կետի, որից այն կողմ միակ ելքը փախչելն է, ի՜նչ ձևակերպումով էլ լինի:
Ու պա՜րզ լսեց այցելուների տառապանքից կուտակված հառաչանք,- Սրա համար էի՞ ծնվել:
Ցնցվեց ու Հովսփին խնդրեց, - Դու գնա՜, տղաս: Ես կգամ: Պետք է մենակ մնամ, իմ ասպե՜տ:
Գեղեցկուհու ֆիզիկական անվտանգությամբ մտահոգ ասպետը չուզեց անլուրջ պատճառով, այդպես անիմաստ ու չպատճառաբանված զրկվել իր պաշտպանյալի կողքին լինելու հաճույքից,- Թե զուգարան ես ուզում, ծակ քարի հետևում կա: Արի, ցույց տա՜մ,- ու հույսով սպասեց, որ իր աստվածուհին կասի, - Այո՜, իմ ասպետ: Տա՜ր ինձ այնտեղ ու դու ինձ կփրկե՜ս, ու ես քեզ համբույր կնվիրեմ:
Բայց գեղեցկուհին ժպտաց տեղից ու ժամանակից վերացած խորհրդավոր հայացքով,- Չէ՜, տղաս: Մտքերս եմ հավաքում, մենակ պետք է լինեմ: Ինձ հետո՜ կհասկանաս: Գնա, ապրե՜ս:
Հովսեփը նեղացած հեռացավ: Բայց այդ պահը, Սաթիկի վերացած դեմքը, խորհրդավոր ու անհասկանալի միտքը տպավորվեցին ու կնքվեցին հիշողության ծալքերում ու շատ հետո էլի իրեն մի աղջկա հետ բերելու են այդտեղ, բարձրացնելու բլրի վրա ու համոզելու ինչ որ բան փնտրել, որ գտնի ու իմանա, թե ինչ է փնտրածը: Ու այդ աղջիկը, Սաթիկ անունով, դառնալու է իր կինը, որին Տիգրանը պաշտելու է:
Սաթիկը, երբ մենակ մնաց, զրուցեց հառաչանքի հետ,- Քեզ զգու՜մ եմ: Ես քեզ նկարելու՜ եմ:
Հառաչանքը լռեց: Երևի չէր սպասում, որ իրեն կլսեն կամ կնկատեն, բայց չգնաց, քանի որ ներծծված էր տեղանքին։ Միայն սփռվեց տարածքում, մտավ մարդկանց հայացքներն ու ժայռերի ծալքերն ու սսկվեց:
Հետո, վերադարձի ժամանակ, Սաթիկը մտքերով դեռ բլրակի վրա էր ու բարձաձայն որոշեց,- Ես էլի՜ եմ գալու այստեղ:
Տիգրանն ու Վահագը վախեցած նայեցին նրան: Ըստ նրանց՝ այստեղ վերադառնալու ցանկության միակ չափորոշիչը կանացի ֆիզիկական կամ հոգևոր թաքնված խնդիրների լուծման հրամայականն է:
Նրանք խոսեցին միաժամանակ, կարծես ինչ որ ուժի մղումով, որ Սաթիկին սառսուռ պատճառեց,- Գալիս ես, ի՞նչ անես,- ու նայեցին Սաթիկին, որ զարմանքից իրար չնայեն:
-Ուզում եմ այստեղի շունչը ներծծել: Այստեղ ի՜նչ որ ուժ կա, ի՜նչ որ ոգի՝ մարդկանց ուղղորդող: Ես իրեն զգացի, բայց՝ մի՜ պահ միայն:
Տիգրանը վախեցավ ու փորձեց շեղել զրույցի թեման,- Ես հասկացա, որ չհասկացա: Ու հասկացա, որ Վահագը մեծություն է, եթե քո էդ գժոտ ոգու թռիչքների ժամանակ չի թողնում շա՜տ հեռանաս, կորես:
Վահագը զարմացած նայեց Տիգրանին, ծիծաղելու նմանակում արեց, հիշելով Արգիշտիի խոսքերը:
Տիգրանը ոգևորվեց,- Առանց Վահագ այստեղ չերևա՜ս: Եթե գաս էլ, Վահագի ձեռը բռնած: Թե չէ՝ այդ ոգին ձեռքդ կբռնի ու կտանի ոչ այնտեղ: Չես հասցնի՝ ձեն տաս:
Սաթիկը հիացավ նրա շնորհքով՝ հանպատրաստից հասարակ խոսքերով արձանի նմանվող շոշափելի տեսք տալ իր երկիմաստ մտքերին:
Արձանը ստացվեց կոպիտ ու անտաշ, բայց, իր հստակ ասելիքով ու յուրահատուկ տեսքով։ Արվեստում հենց դա է կարևորը, որ հմայք է հաղորդում ասելիքի կերպարին: Նախ հուզվեց երախտագիտության զգացումով եղբայրական հոգատարության համար, բայց հետո վիրավորվեց իր իրավունքերի տիրույթ այդպես կոպտորեն ու առանց հրավերքի մուտքի պատճառով: Նույնիսկ Վահագն այնտեղ մուտքի համար թույլտվություն էր հարցնում,
- Իսկ եթե գա՞մ, այնուամենայնի՜վ: Կծեծե՞ս, ավագ եղբայր:
Ինչպես միշտ, Տիգրանին ժամանակ ու նրբանկատություն պետք չէր պատասխան ձևակերպելու և այն հղկելու
համար,- Չե՜մ հասցնի: Այստեղ միայնակ եկող անծանոթ կնոջը թարս են նայում, կապում ու…
Սաթիկը նայեց Տիգրանին, սպառնալիքի ստվեր կամ կատակի շող գտնելու հույսով, բայց ոչինչ չգտավ ու ներվային ծիծաղեց,- Փախցնու՞մ…
- Բուժում՝ ստիպողաբար: Տեսար, թե ո՜նց, ու չգիտե՜մ, թե որ՞ն է ավելի նախընտրելի: Չնայա՜ծ՝ չեն էլ հարցնում:
Քնարիկը դժգոհեց Տիգրանի հասցեին,-Ի՜նչ բիձա ես լինելու: Հարսի հոգին հանելու՜ ես:
Սաթիկը վստահ ձայնով ու խիստ դեմքով նայեց ապագային,- Այդ հարցում չվախենա՜ս: Ինձ կկանչես, կվերադաստիարակե՜մ,- ու Քնարիկին աչքով արեց, տղամարդկանց հայացքից խուսափելով:
Վահագը նկատեց:
13
Առավոտյան Վահագը նորից շտապեց քաղաք, կնոջն անկեղծորեն հուսադրելով, ու ինքն էլ հավատալով, որ վերջին անգամն է, ու խոստանալով, որ տուն կմտնի ու Մանանից չի թաքցնի քաղաքում լինելը:
Նա, իրոք, չէր պատկերացնում ու չէր հավատում, որ ի վիճակի է մորը տրամաբանական ու անվնաս բացատրություն տալու, թե ի՜նչ էր մտածում՝ այդքան յուրօրինակ հանգստի պլան կազմելով ու հետո էլ խախտելով ու երիտասարդ կնոջը փաստորեն անծանոթ միջավայրում հաճախ թողնելով: Եվ հաստատ չէր կարողանա պատճառաբանված մերժել կատարվածի Մանանի տրամաբանական գնահատականին ու եզրակացությանը,- Ի՜նչ եղել է, եղել է, երեխեք ջան: Վեր կացե՜ք, եկե՜ք:
Բայց մտավ, հանպատրաստից հեքիաթ հորինեց բացառապես մեկօրյա հարկադրված այցի մասին ու փախավ, շուտ վերադառնալու Սաթիկին տված երդումը կատարելու պատրվակով: Երեխան պարտեզում էր, բայց տանը նրա հետքերն ամենուր էին: Դա տատիկի թուլությունն էր՝ պահել երեխայի ակտիվության հետքերը, ապրել դրանցով, մինչև հեղինակի երանելի վերադարձը:
Մոր զգացմունքառն դիտողությունների տարափի տակ հաջողացրեց համբուրել իր պաշտամունքի առարկային ու փախավ: Էլ ինչ է պետք կատարյալ երջանկության համար՝ պաշտելի մայր, գեղեցկուհի ու սիրված կին, հրաշք երեխա: «Գո՜հ եմ, գո՜հ: Ու ամե՜ն գնով կպահե՜մ, կձգտեմ: Կանեմ ամե՜ն ինչ, որ պատահական ոչինչ չաղավաղի մեր երջանկությունը, իմ սիրելինե՜ր»:
Հուզվեց, աչքերը սրբեց ու վերադարձավ մեքենայի ղեկին, լուսամփոփների հրահանգներին, փողոցի աղմուկին, առաջիկա այցելությունների ցուցակին:
Նախ ստացավ Սաթիկին հասանելիք գումարն ինչ որ գործի համար: Շա՜տ է պատահել, որ գումարն ինքն է ստացել, բայց տարել տվել է տիրոջն ու պարտադրել, որ վերցնի: Սաթիկը որոշ մասը ծախսում էր ու հետո, չիմանալով ինչ անել, իրեն էր տալիս: Բայց այս անգամ փող էր պետք ու՝ անհապաղ:
Զանգեց, հարցրեց, թե ինչո՞վ է զբաղվում իր սիրելին:
-Քնարիկի հետ մրգերով թխվածք ենք թխում: Արտակա՜րգ հանճարեղ գաղափար է: Շու՜տ արի: Ինչպե՞ս էր Մանանս:
-Համբույր է փոխանցել, կբերեմ, չմտածես: Երեխան մեզ մոռացել է, շնորհավորում եմ:
-Լսի՜ր, ճի՜շտ: Մենք ախր երեխա էլ ունե՜նք: Տեսնես շա՞տ է փոխվել:
-«Լրի՜վ Տիգրանի ոճով»,- նեղացած մտածեց, բայց թեթև քմծիծաղեց,- Գումարդ ստացել եմ, կբերեմ:
- Պետք չի՜, ծախսի՜ր, իմ սեր: Հաշվետվությունը՝ Մանանին:
Ինքը հասկացավ, որ Սաթիկը հասկացավ ու դրանից նեղվեց, բայց ասեց հեռախոսն անջատելուց հետո,- Վերջինը կլինի՜, սիրելի՜ս: Խոստանու՜մ եմ:
14
Տիգրանն ու Քնարիկը օրվա առաջին կեսը դաշտ չգնացին, ինչ որ նախապատրաստական գործերի պատճառով:
Քնարիկը հողամասում էր իր գործերով: Հանկարծ նկատեց, որ մատղաշ բադրիջանները պակասում են, ինչն անհասկանալի էր: Ձայն տվեց Տիգրանին, որ տան հետնամասում էր,- Դու՞ ես հավաքել մանրերը: Ինչի՞ համար, ափսոս չէի՞ն: Բա ու՞ր են:
Տիգրանը երևաց իր թաքստոցից, ձեռքին ողկույզակապերով կապած բարդիջաններ, գողեգող գնաց դեպի սերկևիլի ծառը,- Մի՜ գոռա, էստեղ են,- ու բադրիջանների ողկույզակապերը կապում է ծառի ճյուղերից:
- Գժվե՞լ ես: Հո Հովսփը չե՞ս: Ի՞նչ ես անում:
-Սու՜ս, թխսի պարտքս փակեմ:
- Ի՜, գիժ, ամոթ ա՜: Քանի՞ տարեկան ես:
Սաթիկը տնից դուրս եկավ պատշգամբ,- Ժողովու՜րդ, մի գործ տվեք, անեմ, որ չամաչեմ:
Տիգրանը ձևացավ ինչ որ բույսով զբաղված,- Շա՜տ ապրես, խղճով քուրս: Մի էն քաղհանիչը տա՜ս: Ծառի տակ է,- ու ձեռքով ցույց է տալիս հողամասի անկյունում ծվարած սերկևիլի ծառը:
Քնարիկը մեջքով է թեքնվում, որ և ծիծաղը թաքցնի, և իր ալիբին ապահովի այդ անիմաստ խաղում վկայի կամ մասնակցի կարգավիճակի մասին հետաքննության դեպքում:
Սաթիկը գնում է ծառի մոտ, կռանում ու գլխին փափուկ հարված զգում,- Վա՜յ, էս ի՞նչ էր:
Տիգրանը չի նայում Սաթիկին,- Զգու՜յշ, թու՜յլ են: Բե՜ր, ու՜շ է:
Սաթիկը հիանում է ծառով, նորահաս ողորկ բադրիջանների խաղացող գույներով,- Որ ասում էին, չէի՜ հավատում: Սքանչելի՜ է:
Տիգրանն ուղղվում է, ձգվում, ձեռքերով հարվածում կրծքին, - Էս տղե՜ն ա հեղինակը: Տեսնու՞մ ես, ի՜նչ ախպեր ունես: Միայն իմ՜ն է էսքան հզոր: Նախանձում են, բամբասու՜մ:
Սաթիկը հրաշք ընկալողի վերացական հայացքով ըմբոշխնում է ծառի գեղեցկությունը,- Կարելի՞ է նկարել: Չե՜մ կպչի,- գործիքը տալիս է Տիգրանին, շտապում շենք, վերադառնում հեռախոսի ապարատով, մոտենում ծառին, նկարում տարբեր դիրքերից:
Տիգրանը գնում է, կանգնում է ծառի մոտ,- Միա՜յն՝ եթե ինձ էլ հետը:
Քնարիկը ժպտում է Տիգրանի կողմը,- Էլ պարծենալու բան չկա՞ր, թիթիզ: Ախր հարևանների ձեռ առնելիքը կդառնաս, անշնո՜րհք: Ի՞նչ ես խեղճին շեղում:
Սաթիկը հեռախոսի ապարատի կոճակներն է սեղմում,- Վե՜րջ, ուղարկեցի: Բայց ինչու՞ մարդ չի կարող հրճվել իր նվաճումներով:
Տիգրանը վախեցած ժպտում է,- Ու՞մ ուղարկեցիր:
Քնարիկը ծիծաղում է,- Բայց ունի՞, բացի լեզվի նվաճումներից դատա՜րկ մատարկ: Դրանք էլ խա՜կ խա՜կ փչացրեց:
Սաթիկը զարմացած է,- Ուղարկեցի ընկերուհուս, ցուցահանդեսի համար: Բայց ի՞նչ կա, որ չեմ հասկանում:
Տիգրանին, իհարկե, խորթ չի նույնիսկ նվնվացող սոցիոլոգիան իր իմպերատիվներով,- Ախր քաղաքացին ե՞րբ է տանջված գյուղացուն հասկացել:
Քնարիկը ծիծաղում է- Թիթիզ ես, ոչ թե՝ տանջված: Ե՞րբ ես լրջնալու: Սաթ ջա՜ն, գնա Անոյենց հողամասի կողմը, գետնախնձորի կողքին նայիր, ծանոթացիր բադրիջանի բույսի հետ: Իսկ էդ ծառը ախպորդ ուղեղում էր աճել: Քեզ նվիրեց, ուրախացա՜վ:
Սաթիկը գնում է նշված տեղը, ծիծաղելով վերադառնում, մոտենում սերկևիլիի ծառին, զննում,- Պարտվեցի՜, խայտառակվեցի՜: Հոյակա՜պ էր: Հիացած եմ, ապշա՜ծ: Այս տարիքում բերքը փչացնել անլու՜րջ խաղի համար:
Քնարիկը ծիծաղում է, Տիգրանը նորից ձևացնում, որ զբաղված է ինչ որ բույսով:
Սաթիկը վերցնում է հողամասը ջրող ջրի փողրակը, պահում Տիգրանի վրա,- Խաբեբա՜, առաջավո՜ր հողագործ: Գոնե չուղարկեի, թիթի՜զ:
Տիգրանը փախչում է պատշգամբի կողմ, կանգնում ջրով լի դույլի մոտ,- Ախր ե՞րբ է ուսուցումը գնահատվել: Է՞դ էր ուսանելի դասի շնորհակալությունը: Դե լա՜վ, մեծահոգաբար ներում եմ: Երեկվա թխվածքիցդ բեր սրճի հետ, հաշտվե՜նք:
Սաթիկը ծիծաղելով շարժվում է դեպի պատշգամբ,- Գոնե ուղարկած չլինեի՜: Խայտառակվեցի՜:
Տիգրանը վերցնում է ջրով լի դույլն ու ջուրը լցնում Սաթիկի վրա:
Սաթիկը ճչում է, փախչում մի կողմ,- Էլի խաբեցիր: Բա չասեցի՞ր՝ հաշտվենք:
-Բայց չբերեցիր, չէ՞, սուրճն ու թխվածքը: Ուշացրեցիր, նեղացա:
Սաթիկը հեռանում է անվտանգ հեռավորության վրա,-Չե՜մ էլ բերի: Ինքդ բեր ու ինձ հյուրասիրիր, կրկնակի խաբեբա՜:
Քնարիկը հեռու էր: Սաթիկի թրջված հագուստի տակից ընդգծվել էր
նրա մարմնի գեղեցկությունը պարզ երևում էր նրա մարմինը:
Տիգրանը միայն կմկմաց,- Ինչ սիրու՜ն ես, քույրիկ: Սպասիր, մի բան բերեմ, չմրսես,- տանից հագուստ է բերում գցում Սաթիկի վրա ու գրկում նրա մարմինը:
Քնարիկը չէր երևում:
Սաթիկը, որ արդեն շփոթված էր Տիգրանի աներկիմաստ հայացքից ու խոսքերից, հանկարծ զգում է, որ Տիգրանը գրկել է իր մեջքն ու սեղմում է իրեն:
Շա՜տ էր անսպասելի: Իրեն սեղմած Տիգրանն ակնհայտորեն վայելում էր իր մարմինը:
Սաթիկը դեռ այդպիսի վիճակներում չէր հայտնվել: Եղել է սիրահետում, բայց խոսքային մակարդակով, հարգելով իր անձն ու կարծիքը:
Առաջին անգամ օտար տղամարդն, առանց իր կարծիքը հաշվի առնելու, իր մարմինը սեղմում է իրեն, քանի որ՝ ինքն է ուզում: Պետք է ինչ որ ձևով արձագանքել՝ վիրավորել.կամ խնդրել ուշքի գալ:
Իրեն ոչ տհաճ էր, ոչ՝ հաճելի: Պարզապես դա իրեն պետք չէր:
Տիգրանն իրեն պետք էր իր էությամբ և անձով: Շփոթմունքից որոշ ժամանակ անշարժ մնաց, ապա թույլ վանվեց Տիգրանից, շշնջաց,- Արի՜, ասեմ:
Տիգրանը դեմքն ընդհուպ մոտեցրեց իր դեմքին համբույրի ակնկալիքով, կրքոտ շնչով ու վառվող, աչքերով ցանկություն փոխանցեց :
Շշնջաց,- Էլ այսպես չանե՜ս, ու ինձ այդպես չնայես: Չե՜մ ուզում, բայց կգնամ:,- ու ոչ թե պահանջեց, այլ՝ խնդրեց,- Դե թող, հերիք է:
Տիգրանը քարացավ, բայց ձեռքերը բաց չթողեց: Շշնջաց, -Լավ՜ն ես, ախր: Քաշու՜մ ես:
Սաթիկը
Տիգրանի գրկում մնում է անշարժ, չի վանվում Տիգրանից, դեմքով տհաճություն ցույց չի
տալիս,,- «Թող մի պահ վայելի, եթե ուզում է։ Ինքն արժանի է»։ Դու ինձ պետք ես, բայց՝ որպես եղբայր: Մի արա՜, թո՜ղ,- Տիգրանը թուլացնում է ձեռքերը,- Ես երջանիկ եմ, և այս ամենն ինձ պետք չի: Օգնիր ինձ՝ մնամ: Մնա՞մ, թե՞ գնամ:
Տիգրանը թողեց Սաթիկի մարմինը, փախցրեց հայացքը: Կամ ամաչում էր, կամ էլ հայացքի որակի փոփոխության համար ժամանակ էր պետք,- Ու՞ր գնաս, մնա՜: Դու էլ ի՜նձ ես պետք, - համբուրում է քրոջ ճակատը,- Ընտի՜ր աղջիկ ես, իմ երազից: Ափսո՜ս, քույրս ես:
Քնարիկն իր գործերով էր և հողամասի չերևացող կողմերում էր: Երևի, նաև՝ մտածված:
- Տղամարդու խո՞սք:
-Ախպոր խոսք, ախպոր: Մնա ու հավատա՜, քույրի՜կ:
15
Քաղաքում Վահագը նախ հանդիպեց Սամվելին: Իրար վաղուց գիտեին բիզնես միջավայրում ու իրար հանդեպ վստահության ծանրակշիռ տոկոս կար: Սամվելը գումարի ուշացման խնդիրը մի քիչ ծանր ընդունեց, մի երկու կոպիտ դիտողություն արեց, որոնք ինքը փակեց կիսանեղացած կատակներով, չնայած՝ արժեր մռութը ջարդել: Սամվելը, երևի հասկանալով, որ չափն անցավ, ընկերների հետ կանչեց հաց ուտելու: Ցածրաճաշակ շրջապատ էր, բայց իր վիճակում մերժելը հարմար չէր ու գնաց, համոզված, որ «կբռնաբարվե՜ն օրն ու տրամադրությունը»։ Խմեցին ընկերության ու մարդկության կենացները: Ինքն էլ, լինելով ղեկին, մի քանի ումպ արեց, որ չնեղացնի անհասկացող պարտատիրոջը: Մի քանի բաժակ հետո խումբը կիսաձայն մի քանի հիմար կատակ արեց հարևան սեղանի կնոջ հասցեին: Կինը նստած էր իրենից երիտասարդ ուղեկցի հետ ու ակնհայտորեն իրար ջերմ էին վերաբերվում:
Ինքը, սկզբունքորեն դեմ լինելով նման գռեհկության, ևս միացավ բարոյաարժեքային համակարգի ամրության բանակին ու տղերքի լկտիությունը զարդարեց իր հումորով, հոգու խորքում իրեն արհամարհելով,
ենթարկվելով միջավայրի թելադրանքին ու պարտքատեր Սամվելի ակնկալիքին: Իսկ երբ կինն, ինչ որ բան զգալով, իրենց կողմ նայեց, ու Սամվելը վախենալու ձև արեց ու իրեն նայեց, ինքը Տիգրանի կատակներից մեկը հիշեց ու Սամվելին ծիծաղեցրեց:
Հետո Սամվելը հարբեց ու հիմար հիմար խոսեց ու ինքը երկար նրան լսելու ձև արեց ու վիզը ցավեցրեց, անընդատ գլխով հավանության նշաններ ցույց տալով ու մտքում հայհոյելով և իր համբերությունն ու Սամվելի բթամտությունը: Իսկ երբ խոսակցությունը գնաց փողի շուրջ, նույնիսկ աջակցեց Սամվելի մի քանի վիրավորական մտքերին ու տրամաբանորեն հիմնավորեց դրանք, իրենից ամաչելով: Սամվելը, չնայած հարբած լինելուն, ուշացնելու համար իր տուգանքն ուզեց: Ինքը, ներքուստ նախօրոք այդ մտքին հետ համակերպված լինելով, Սամվելի հետ եղբայրական համբույրով կնքեց նոր համաձայնությունն ու փախավ, տալով եղածի գիտական եզրակացություն գռեհիկ ձևակերպումով` «Բռնաբարվելն էլ ո՜նց է լինում»:
Մի քանի գործեր էլ վերջացրեց ու անցավ Կարինեի խնդրանքների կատարմանը:
Կարինեն իրեն երկար ժամկետով գումար էր տվել ու հիմա անհարմար էր դրանք չկատարելը: Չնայած որ խնդրանքի
հասցեատերերը տհաճ մարդիկ էին, կասկածելի վարքագծով ու երկիմաստ ակնարկներով, ինքն իր
ինքնասիրությունը բռաբարելով կարողացավ իր իբր բանիմաց ու գործից տեղյակ գործընկերոջ համբավը պաշպանել անվախ ու բազմիմաստ մեկնաբանություններով:
Հրայրի հետ որոշեց վերջում հանդիպել, քանի որ նրանից լավ բան չէր սպասում: Նա նույնիսկ հաջող
գոծարքներին տհաճություն էր արտաշնչում իր ինքնավստահ ու բութ ակնարկներով և ուրիշի բախտին ու ցավին իներտ
վերաբերմունքով:
Ընթացքում մի քանի անգամ հեռախոսով կապնվեց Սմբատի հետ, ամեն անգամ անորոշ, բայց հուսադրող լուրեր կուլ տվեց, իրեն ստիպեց
դրանցով հուսադրվել ու դժգոհ սրտով, բայց գոհ դենքով մտավ Արգիշտիի արհեստանոց:
Դուռը բացեց Նունեն,- Արի: Ի՜նչ լավ բան ես արել: Դեռ հաց չի կերել:
- Հատու՜կ եկել եմ որ ասեմ՝ իմ վրա հույս չդնե՜ք: Կուշտ եմ, մի քի՜չ էլ հարբած:
- Վա՜յ, մեքենայով չե՞ս: Եթե համոզես հաց ուտի, խումհարդ կհանեմ: Լա՜վ թուրմ ունեմ: Հը՞:
- Եղա՜վ, բեր:
-Դու նախ իրե՜ն բեր սեղանի մոտ: Իսկ կնոջդ ե՞րբ ես բերում:
- Վախենում եմ՝ մենակ տուն գնամ: Հեռակա իրար են սիրահարվել: Հազի՜վ ճարել, յոլա եմ գնում: Չե՞ս խանդում:
- Բայց որի՞ն, կամ էլ օգուտն ի՞նչ: Ասում է՝ որ չսիրահարվեմ, չեմ ստեծագործի: Բա խանդեմ՝ սոված մնա՞մ:
- Խելամիտ
կնոջ պրակտիկ հաշվարկ: Իմ բախտը բերե՜լ է: Սաթիկը սիրահարվել է բնության ներդաշնակությանը: Ծառերին ու թփերին եմ խանդում ու ամաչու՜մ:
- Դե գնա ու մի բան արա՜, որ հաց ուտի: Թե չէ՝ կլացեմ: Հետը կուտես, հա՞, որ քեզ սիրե՜մ:
Արգիշտին ինչ որ էսքիզների վրա էր կենտրանացած ու Վահագը գիտեր, որ այդ պահերին նա լարվում է ու չարանում, եթե շեղում են: Սաթիկի նկարը թաքցրեց ու որոշեց մի քանի րոպեից հեռանալ:
Բայց Արգիշտին ինքը հիշեց: Երևի մտահղացումների փոխազդեցության ու փոխլրացման դաշտում ինչ որ բան պակասում էր, -Ո՞նց եք: Ո՞նց է երջանկության քո չափամետրը:
Սկիզբը լավ էր, բայց պետք էր զգոն լինել, որ Արգիշտին չշեղվի ու չմտնի արվեստի մասին իր անիմաստաբանությունների աշխարհը: Հետո էլ խճճվում է ու այնքան խոսեցնում, մինչև որ քո օգնությամբ այնտեղից միտք է գտնում, այն շտապ գրանցում, որպես արվեստի մասին իր հետաքրքիր մտքերից մեկն ու քեզ
վռնդում, որ նոր միտքը թարմ թարմ հասցնի հաղորդել կտավին:
Նախ՝ Արգիշտիին չպետք է պարտադրել զրույցի: Թե չէ՝ սենյակից դուրս կանի ու կփակվի:
- Հանգստանոմ ենք գյուղում, զննում հյուրերին ու մեզ հյուրընկալողներին, սարերն ու ձորերը, իրար ճանաչում նոր ու անսովոր իրավիճակում: Հետո ընկալածի առանձին տպավորությունները խառնում ենք ընտանեկան երջանկություն ճաշին, որ երբեմն թթու ու կծու է ստացվում: Բայց լռելայն վայելում ենք անտանելի ճաշը թաց աչքերով, ու իրար համոզում, որ արցունքները համատեղ երջանկության վայելման ծնու՜նդ են:
- Լա՜վ ասեցիր, ու չնայած հեգնանքիդ, երջանկության գաղտնիքն ու պայմանը հենց այդ վեճերն են ու հաճախակի հեռանալն ու միանալը: Վայելե՜ք ու հարգեք վեճերն ու հակադիր կարծիքների հեշտալի
համակերպումը:
Վահագն անկեղծացավ, ժամանակ
չկար անկանխատեսելի նկարչի հետ,- Բայց չափ կա՜, չէ՞:
- Վայելե՜ք, քանի դեռ հետո հաշտվելու բուռն ցանկություն կա ու հետո ձեր հայացքները զուլալվում են: Դրա համար ունեք ինտելեկտ ու ցանկություն: Իսկ եթե դրանք չկան, ուրեմն՝ ոչի՜նչ չկա:
- Եղա՜վ, ուրեմն վիճելու ամիս է, եթե՝ չդառնա եռամսյակ:
Վահագը նկատել էր, որ Նունեն սկուտեղը ձեռքին լսում է իրենց: Ու անհրաժեշտ պահին ներս մտավ:
Արգիշտին սոված էր ու ուտելիքը ոչ թե խժռում էր, այլ կուլ էր տալիս:
Նունեն Վահագին համբուրեց, նայեց Արգիշտիին, – Գիտես չէ՞, ինչքա՜ն եմ իրեն սիրում:
Արգիշտիին առայժմ ուտելիքն ավելի էր հուզում, քան՝ խանդը,- Եթե զգացմունքայնորեն պատճառաբանված հիմնավորում բերես, կհաշտվեմ, համարելով օրգանիզմիդ հորմոնային հոսքի սեզոնային պոռթկում, առաջացած քիմիական որոշ տարրերի ավելցուկի հետևանքով, որն էլ առաջ է բերում սրտի վտանգավոր տրոփյուն և ուղեղի մթագնում, ժողովրդի լեզվով ասած սիրահարվածության զգացում: Էլ գինի չե՜ս խմելու, այսինքն:
Նունեն խառնում է Արգիշտիի մազերը,- Պատճառը նյարդահոգեբանական է, կենցաղային հենքով: Վահագս ժամանակին հաց է ուտու՜մ, քնու՜մ, լվացվում: Ճիշտ ասա՜, լվացվե՞լ ես:
Վահագը ծիծաղում է,- Բայց քնե՞լ է, որ զարթնի ու լվացվի:
Արգիշտին առանց նեղվելու կլլում է մատուցարանի վերջին փշուրները, արտիստիկ ժեստով խոնարհվելով Նունեի ծափերին,- Ա՜յ, դա է ինձ կատաղեցնու՜մ: Հաստատագրված վարքով ու մտածողությամբ կաղապարված խղճուկներ: Լվացվե՜լ, բարեկիրթ զրուցել, ընդունված ձևով բարևել, քնել ժամանակին, ուտելիս չչփացնել, ուղիղ նստել, չհորանջե՜լ: Չե՞ք ձանձրանում, ծրագրավորված բիոմեխանիզմներ։
Վայելեք ծուռ նստելու ու խոսելու հաճույքը, ծռվեք, որ ուղղվածի հաճույքը
ընկալեք։
Նունեն սկուտեղը վերցրեց, շարժվեց դեպի խոհանոց,- Զրուցեք ըստ ձեր ազատ և չկաղապարված մտահորիզոնի, բայց սովածացեք ըստ իմ ժամացույցի, թե չէ՝ սոված կմնա՜ք:
Արգիշտին ոգևորված էր և Նունեի վերաբերմունքից և ստամոքսից եկող հրճվալի ազդանշաններից,- Ի՞նչ էի ասում: Հա, բերե՞լ ես: Նայե՜մ:
Վահագը մեկնեց նկարն ու սպասեց դատավճռին: Գանձ որոնողի գիշատիչ համառությամբ խանդի պատճառ էր հոտոտում՝ ուշադիր հետևելով Արգիշտիի միմիկային՝ թաքցրած հեգնանքի կամ զարմանքի ստվեր գտնելու ագրեսիվ վախով: Սկսել էր մոլագարի պես կնոջ կատակների ու կենցաղային մտահանգումների մեջ տիգրանյան ազդեցության հետքեր փնտրել, բայց և վախենալով գտնել:
- Այնպե՜ս ես զննում, կարծես թե Պիկասո է, կամ Դալի:
Արգիշտիին խանգարեցին ու նա բարկացավ,- Ազատ մտքի աշխարհում չկա՜ն այդպիսի քարացած կուռքեր: Ոհմակային ու հոտային մտածողության արգասիքն է՝ եթե առաջնորդ է ուրեմն մեծարել ու խոնարհվել, առանց խորանալու՝ օ՜, Պիկասո: Իսկ եթե անհաջող էսքիզ է,
որ մոռացել է պատռել: Երբե՜ք չհիանաս անունով՝ օ՜ Սարյան, օ՜ Մինաս Ավետիսյան: Ճշտիր, թե ինչու ես հիանում՝ հաճույքը դրա՜ մեջ է: Կարևորն այն չի, որ համբուրում ես
կնոջ,
այլ թե՝ ինչպիսի՜ կնոջ, պա՞րզ է:
Վահագը հասկացավ, որ խոսքի ու կանանց մոլագարը շեղվեց ու պետք էր հետ կանչել: Ձեռքը տարավ նկարին,-Ինչքա՜ն ես խոսում: Ասեցի, որ չեմ հավանում, ժպտաց: Ասեց՝ ես էլ, բայց թող նայի:
- Հետաքրքի՜ր է: Ինչը՞ չես հավանում
- Մինչև հիմա ինքը գեղեցկություն էր նկարում, իսկ այստեղ՝ անորոշությու՜ն, ոչինչ չասող չո՜ր տարածք: Որ ի՞նչ:
Արգիշտին արդեն ոչ թե Վահագի հետ էր, այլ փորձում էր կարդալ Սաթիկի ուղեցույցն ու վայելել նկարչի մտահղացման խորխորատների ներդաշնակությունը,- Չեմ վիճի ու չեմ ապացուցի: Բայց թող մնա մի քանի օր: Համբուրու՜մ եմ կնոջդ հեռակա:
Վահագը բարկացավ: Բա՞ գաղտնի նշանները, կնոջ թաքուն մտքերը՞,- Ո՜չ մի դեպքում: Ո՜չ մի համբույր էլ չեմ փոխանցի: Բա որ ոգևորվի՞:
Արգիշտին նկարի հետ էր ու հաճախակի նայում էր գործի կողմը, կորցնում զրույցի թելը:
Վահագը բարկացած հիշեցրեց իր մասին,- Ձեզ դրել եք արվեստագետի տեղ: Իրար գովու՜մ եք, խեղաթյուրում ընդունված պատկերացումները: Ինչը՞ դուրդ եկավ: Որ տղամարդու բանն է դրե՞լ նկարի կենտրոնում: Այսինքն՝ համարձա՜կ է, այսինքն՝ շոկայի՜ն նկա՞ր է: Դա՞ է արվեստի չափանիշն ու պայմանը՝ զարմացնե՜լ, շշմեցնել համարձակության չափով, ոչ թե՝ ասելիքի ուժով:
Արգիշտին ինչ որ բան էր փնտրում նկարի մեջ ու ակնհայտորեն Վահագն իրեն պետք էր,-Հասկացիր, մարդկանց պետք է անճոռնի ու տհաճ ճշմարտությունն, ու հետն էլ՝ մի որևէ գեղեցի՜կ հեքիաթ՝ ցնցող եզրակացությամբ: Ահա դրանց ճաշակով ձևակերպումը ներդաշակության որոշակի կանոններով դառնում է արվեստ:
- Եվ դու այս չոր նկարի մեջ դրանք տեսա՞ր, թե՞ հումորի ժամ ես անում: Նունե՜, օգնի՜ր ինձ:
Նունեն ծիծաղում է,- Նախ, ես հիմա իմ աշխարհում եմ ու ձերը հետաքրքիր չի՜: Հետո էլ եթե գտնե՜մ էլ, որ ճիշտ ես, քեզ չեմ պաշտպանի, ելնելով իր կնոջ իմ կարգավիճակից: Ինքդ:
Արգիշտին հիացած էր,- Լսեցի՞ր արվեստի գնահատման չափանիշների ելակետային դրույթները՝ ինչքանով է ինձ ձեռնտու և մյուսը՝ եթե ինքը հեղինակություն է, ուրեմն ճի՜շտ է:
Վահագը հարձակվեց կռվի մեջ ընկած անփորձ պատանու հնարքով՝ հավածել
աչքերը փակ ձեռքերը թափահարելով՝ կպավ՝ լավ է,- Դու քեզ հակասեցի՜ր:
Արգիշտին լրջացավ, կարծես թե խոսքը սրբության մասին էր,- Հնարավոր չի՜, քանի որ ես երբե՜ք չեմ կեղծում: Ինձ չի՜ կարելի,- ու հանկարծ նայեց նկարին ու ոգևորվեց,- Ի՞նչ է պատկերում արվեստագետը: Այն, ինչ ավելի սուր է զգում ու դրա համար ցավ ապրում:
-Ախր այստեղ սուր զգալու բա՜ն չկա: Չո՜ր դաշտ է:
Արգիշտին չշեղվեց,- Լարվածությունը, որ արվեստագետն ավելի շուտ և սուր է զգում, նրա հոգում ծնում է ճիչ, ուրախության, կամ՝ տառապանք ու հառաչանք: Մնում է զգացածի ճիշտ ձևակերպումը, որ բոլորին չի տրված: Ո՞նց կձևակերպես ճիչը: Ու ամեն մեկն ըստ իր կուլտուրայի, արտահայտման միջոցի, գրագիտութայն աստիճանի, տառապանքն ապրելու և իմաստավորելու խորության:
Վահագը վախեցավ: Հիմա կասի, որ ամենքս էլ արվեստագետ ենք ու ինքը կտեսնի իր թաքցրած վախը: Ու ինքը, առանց անուններ տալու, կհամաձայնվի, որ Սաթիկը սիրահարված է Տիգրանի անհասկանալի ու անտեսանելի արվեստին:
- Համը հանեցի՜ր: Գռեհիկ խոսքուզրույց՞ն էլ ես արվեստ համարում:
- Ամենը, ինչ արտահայտում է մեր ապրումները կերպարների միջոցով ու մնում մարդկանց հոգում ու գոնե՜ մեկ հանդիսատես ունի: Ինձ համար իրար փոխանցվող հանպատրաստից խոսքը, անեկդոտը, ծաղրը արվեստի նմուշներ են: Ունե՞ս, հավաքում եմ:
Վահագը Տիգրանի հետ իր հեռակա կռվում պարտվում էր, - Իսկ եթե տափակ, անճաշակ հումո՞ր է,- ու զգուշացավ՝ «Արգիշտին առանց ճանաչելու Տիգրանի փաստաբանի ֆունկցիան է վերցել իր վրա»:
Նույնիսկ մտածեց, միգուցե՞ Սաթիկն է զանգել, խնդրել՝ իրեն խելք հասկացնել: Հետո ամաչեց այդպիսի
ապուշ մտքից, հիշելով, որ Սաթիկն ու Արգիշտին իրար չեն ճանաչում:
Վահագը պարտված էր Տիգրանի հետ հեռակա ու գաղտնի պատերազմում,- Անիմա՜ստ խոսում ենք: Ես ուշանում եմ, քեզ էլ՝ գործից կտրում: Ասում ես՝ սրա մեջ սեր, թաքնված սեքսուալ հակում, սիրահարվածություն չկա՞ն: Կինս զգացմունքային ու սիրառատ խառնվածք ունի ու նրա զգացմունքների անհասցե ժայթքումից ինչ որ մեկը կշահի, գտնվելով հենց այդ ժամին ժայթքման տարածաշրջանում:
Արգիշտին անակնկալի եկավ: Այսքան ժամանակ փաստորեն իզու՜ր է խոսել, անհասցե: Խղճաց ընկերոջը,- Այստեղ տառապանք ու ցա՜վ կա, վախեցա՜ծ ամուսին: Մի պահ դուրս արի քո վախերի ու կասկածների կաղապարներից ու նկարի արտաքին կոնտեքստի առաջին տպավորությունից: Տեսնու՞մ ես ժայռերն ու չգիտես ի՜նչ հրաշքով այստեղ աճած ու պահպանված բույսերն ու ծառը:
- Նայեցի ու տեսա: Կարող էի ֆոտո անել, որ կինս այսքա՜ն չտանջվեր, ու ես էլ քե՜զ չկտրեի:
- Ահա թե ի՜նչ: Նորի՜ց ասեմ: Տեսնու՞մ ես դրանց գունավորման նրբերանգները: Չէ՞ որ դրանք իրականում այլ գույնի ու ձևի են ու դրանցով տրամադրություն ու մթնոլորտ է ստեղծվում:
- Տեսա, հետո՜:
- Իսկ ստվերների ուղղվածությունն ու անբնականությունը տեսա՞ր, թե՞ մտցնեմ աչքդ: Դիրքով ու ձգվածությամբ դեպի կենտրոն, քո ասած գռեհիկ բանին, որ վեր է ածվել խորհրդավոր ներուժ ունեցող ազդեցիկ գաղափարի դաժան ու վախեցնող սֆինքսի, օծտված փրկելու կամ չփրկելու մոնոպոլ լիազորությամբ: Նկարի մեջ ամբողջ տարածքը մագնիսականացված է պրկված լարվածությամբ՝ վախով, սպասումով, հույսով: Տեսնու՞մ ես, մարդ չկա, բայց նկարն ինչքան մարդկայնացված է: Նույնիսկ ստվերներն անբնական են: Կյանքում այդպես չի՜ լինում:
Վահագը նույնպես նկարից չէր կտրվում,- Ճի՜շտ է: Նման չի՜: Մի տեսակ՝ ընդգծված: Ամոթ է՜լ է:
Արգիշտին քմծիծաղեց,- Դե, երևի իր սիրելիի օրգանն է նմուշ ծառայել: Բայց ո՞նց ես այդ անհարմար վիճակով բնորդություն արել: Թե՞ քնածդ ժամանակվա առավոտյան էրեկցիա է:
Վահագն ինքն էլ չէր մտածել այդ մասին ու, չգիտես ինչու, վախեցավ այդ թեման շահարկելուց,- Դմբո դմբո դու՜րս եք տալիս: Արվեստագիտական մակարդակ ու հնա՞րք է:
- Չէ, կատա՜կ էր գռեհիկ: Երկուսով ենք ու ստորին մղումների ենթակա մարդ, եթե՝ արտաքին սպառնալիք,
կամ՝ զսպելու ներուժ չկա:
Վահագն անտեսանելի գաղտնիքը կորզելու վերջին ճիգն արեց, ընկերոջը բարկացնելու միջոցով,- Եթե արվեստի կոչումը մարդկանց հաճույք պատճառելն է, այսպիսի գործերից ի՞նչ հաճույք: Ու՞մ է պետք: Թե՞ իրար համար նկարում եք, իրար գովում, դրանից հեշտանք ապրում, բավարարված քնում:
Բայց Արգիշտիի առանձնացված ու լարված հայացքից դեպի իր կիսատ գործը հասկացավ, որ սենյակն ազատելու ժամանակն է:
Արգիշտին կանգնեց,- Չէ՜, դժվա՜ր է: Կարճ՝ դրա համար կա ընկալման քննադատական շեմ: Մակարդակ է ուզում: Ոնց որ՝ կին փնտրելիս առանց այդ շեմի Սաթիկին չէիր ընտրի: Ջոկեցի՞ր, ախպե՜ր:
Վահագը վերջին ճիգն արեց- Հիմա ի՜նչ: Գռեհիկ անեկդոտը, տատիկին լացացնող սերիալ՞ն էլ են արվեստ:
- Դե, դա էլի ընկալման քննադատակն շեմն է: Եթե ուղեղդ ու ճաշակդ հաճույքով են ընկալում նյութն ու չեն բողոքում տեսածից ու լսածից, դրանո՜վ էլ բավարավիր: Այնպես, ինչպես մեկին հասարակ պոռնիկն էլ հաճույք կպատճառի՝ պատռած գուլպայով ու ծխախոտից դեղնած ատամներով ու խռպոտ ձայնով, իսկ մյուսին՝ միայն բարձրաճաշակ տիկինն իր հոգի բարուրող զրույցով կամ՝ երանավետ սեքսով, համեստ ինքնասիրությամբ
Վահագի ծիծաղի մեջ սարկազմ կար,- Ա՜յ քեզ համեմատություն:
- Գնա ու փնտրիր մերկ ճշմարտությունն
առանց էրոտիկայի: Բացատրեմ հանրամատչելի կերպարներով, որ ընկալես: Եթե քեզ համար ամեն բացքամակ պոռնիկն էլ ցանկալի կին է՝ թո՜ղ լինի: Ամեն մեկին՝ իրենը: Գնա, ու՜շ է,- Վահագին ուժով դռնից դուրս հրեց, վարագույրը վրա բերեց ու նստեց վերջին աշխատանքի դիմաց:
Վահագը Նունեից ստացավ իր ազնվորեն աշխատած թուրմը, համբուրեց նրան ու ելքի դռան մոտ դիմեց Նունեին, ձայնը քիչ բարձրացնելով,- Գի՜ժ են, ու գոնե լա՜վ է, որ էդ կոչումից չեն հրաժարվում,- ու դուրս գնաց:
Վերջում մտավ Հրայրի մոտ: Նրա հետ դժվար էր լինելու: Միշտ իրենից գոհ ու անիմաստ մտքեր արտահայտող ու այլոց թերահավատ հայացքով վերաբերվող մարդ էր: Ժամանակին ընդառաջեց, ապրանք վստահեց, բայց հիմա չի ուզում համբերել: Գումարը փոքր չէր:
Վստահ ժպիտով ձեռքը նրա ձեռքին շրխկացրեց, բայց զգաց, որ դա անիմաստ էր և լուրջ խոսակցություն է լինելու: Սառը գարեջուր էր խմում, իրեն էլ առաջարկեց, բայց ինքը մեքենայի բանալիները ցույց տվեց: Հրայրը չձգձգեց, կում արեց ու անցավ հարձակման,- Երեկ չեկաք:
Վահագը որոշեց վարել սովորական «պարտապան պարտքատեր» սխեմայով անցնող զրույց ու հարցը փակել, համաձայնվելով լրացուցիչ տուգանքին,- Գիտե՜մ, ներո՜ղ եղիր: Սմբոն այնտեղ է, մի քանի օրից կբերի: Թղթաբանական խնդիներ են:
Հրայրի դեմքն անթափանց էր,-Էլի մի շաբաթ: Ձե՞ռ եք առնում: Հիմա է պետք, վրաս ժամկետ են դրել:
Վահագը զգաց, որ պատին են դեմ տալիս: Ժպտաց անհոգ հաջողակի դիմակով,- Առնվա՜զն մի շաբաթից կստանաս: Կհասցնե՜նք
- Փողը չգիտեմ, բայց իմ համբերությունը հաստա՜տ սարքեցիք: Բա որ չբերեք, նստեմ, լացե՞մ:
- Չե՜ս լացի, տղամարդու՜ խոսք:
Հանկարծ Հրայրը կրակեց, ու բաժակը տարավ շուրթերին,- Պայման եմ դնում: Ով որ չբերի, նրա կնիկը․․․ կբերվի:
Վահագը շշմեց, ու ինչ որ ժամանակ սենյակում լռություն տիրեց բացարձակ իմաստով: Տղամարդիկ իրար չէին նայում: Իր մարմինը քրտնքով պատվեց,- Չհասկացա՜:
Հրայրը հանգիստ էր: Մերկ կանանց նկարներով թղթախաղի քարտեր վերցրեց, նայեց,- Ես էլ իմ բաժինը չհասկացա, որ փողերովս փող եք սարքում, ինձ հիմարացնում: Բերե՜ք փողերս:
Վիրավորանքը կուլ տվեց չրկնկվելու հույսով,- Կբերե՜նք: Մի շաբաթ ժամանակ տուր:
Հրայրը նույն անտարբեր դեմքով քարտերից մեկը պարզեց իրեն,- Տվեցի, չէ՞: Էս մեկը լավն ա՜, չէ՞:
Վահագը նույնիսկ չնայեց էլ: Մտքում ստեղծված հիմար իրավիճակում իր հեղինակությունը փրկելու ուղիներ էր փնտրում,- Դրանք բոլորն էլ լավ՜ն են: Մեզ ի՞նչ:
-Ըստեղ հա՜: Կյանքում մեկինս լավն ա, մյուսինը՝ ընենց էլի՜: Քոնին գովու՜մ են, ապրե՜ս:
Վահագը բերանում դառնություն զգաց: Ֆիզիկապես դրա հետ հաշվեհարդարն իր համար խնդիր չէր: Մի հարված կզակին, երկրոդը՝ ձվերին, հետո կթքի վրան ու կգնա:
Բայց թեման փակեց դողացող ձայնով,- Ամեն մեկին՝ իր բաժինը:
- Ապրե՜ս: Դե իմ բաժին փողը բերեք, որ գնամ բոզի: Քո կնկա նման սիրուն մեկին տեսել եմ: Շան քածը շա՜տ ա ուզում:
Վահագը դողում էր ու բերանը չորացել էր: Որոշեց՝ սպանել: Բառերն ընդհատ էր ասում, որ միտք ստացվի,- Հրայր, հարգելիս: Կյանք է, պատահու՜մ է: Ժամանակ տուր, մենք էլ լավ օրի չենք:
Դուռը բաց էր ու այնտեղից մեկն անձայն ողջունեց Հրայրին ու հետո այնտեղից ձայներ էին գալիս:
-Տալիս եմ ու ասում՝ ով չբերի, նրա կնիկը: Թե բերող ես, ինչի՞ց ես վախենում:
- Չեմ վախենում, անդուր պայման ես դնում: Ընկերոջը չի սազում:
- Ձեր արած՞ն է ընկերություն: Դառնամ մուրացկա՞ն: Կնոջս ուղարկեմ ուրիշ տղամարդու տակ աշխատելու՞: Քո կինն աշխատու՞մ է:
Վահագն արդեն պատկերացնում էր դրան սպանված, հատակին պառկած: Շշնջաց, որ ազդեցիկ ստացվի,- Քեզ կսպանե՜մ, անասու՜ն:
Հրայրի վրա դա էլ չազդեց,- Կտակ գրիր, թե պարտքդ ում ես թողնում: Փողը ստացողը կստանա, կնիկդ էլ կմնա, սիրեկան կճարի ու կապրի՜: Մենք անիմա՜ստ կգնանք փողի համար: Ես անասուն եմ քածերի հետ: Ու դու էլ կիմանաս, եթե հետո հարցնես:
(շարունակելի)