Литературный портал

Автор поста

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(5)

Նազարի հաղթանակը դյուցազունների դեմ մրցամարտում

1
Նազարը սենյակում մենակ, մահճակալում պառկած դողացնում է,- Մենակ գնաց քեֆի… ջահելի հետ, դուռն էլ փակեց, որ չփախնեմ: Բա որ հարբի, ձեռները… երկարացնի, կողքիդ չլինե՞մ… ախչի: Բա որ մեռնեմ … կողքիս չլնե՞ս… անխիղճ:
Դուռը բացվում է, Փիրուզան ներս է մնում: Նազարը քնած է ձևանում:
Փիրուզան նայում է Նազարի կողմը, դուռը բանալիով փակում, լալիս,- Այսքան բան եթե իմ ու Կարոյիս համար անեի, երջանկությունը մեր տանը կգրանցվեր: Ապու՜շ եմ, ապու՜շ: Նազար,- Ո…՞վ… էլի ե՞ս:
Փիրուզա,- Նաև ես: Քնած չե՞ք, լա՜վ է: Խոսելու բան կա: Նրանք նախ իրենք իրար հետ կմրցեն, հետո հաղթողը՝ Ձեզ հետ: Ես էլ իրենց քնաբեր կհյուրասիրեմ: Հը, լսու՞մ եք, գո՞հ եք:
Նազար,- Հը, հը… հը… Դո…ղում եմ ….հետա…ձգենք….բժիշկ…թուղթ տա …հարգելի լինի..
Փիրուզան մոտենում է Նազարին, ձեռքը բռնում, շոշափում ճակատը,- Իսկապես դողում է: Վախից է, իհարկե՜: Ու՞մ հույսով էիր հաղթանակ տոնում, հիմարիկ: Հաշվի չէի՞ր առել խեղճ փալասի բաղադրիչը: Երևի շա՜տ խմեցի:
Նազար,- Մի բան … արա, …Փիրուզ ջա՜ն, շտապ…. օգնություն կանչիր, էստեղից ….կտանեն հիվանդանոց, … էնտեղից էլ տուն … կփախչենք: ….Լավ եմ, չէ՞…. մտածել:
Փիրուզա,- Վեր կացեք, ամո՜թ է: Հաղթանակը մեր գրպանում է, Ձեր հռչակը՝ պատրաստի: Տղամարդ եղեք, խնդրու՜մ եմ, ու՝ շուտով քաղաքապետ եք
Նազար,- Չեմ… կարա, մմմմ… եռնում եմ… բժիշկ կկկ.. անչիր, թե չէ… կգոռամ՝ սպանում են:
Փիրուզան համբուրում է Նազարին, շոյում,- Բժիշկ չկա, ամոթ է, ես եմ: Մի օր լինելու էր: Թող լինի, երբ ինձ է պետք,- հանվում է, պառկում Նազարի կողքին, շոյում,- Կողքիդ եմ, որ չվախենաս, որ բուժեմ, փառամոլ հիմար կնոջ վարձակալած կեղծ տղամարդ: Ապուշ աղջի՜կ, մեքենայի վճարն է:
Նազար,- Էս… դու ես՞: Կողքիս մնա… շոյի՜ր, շոյի՜ր, Փիրուզս, տաքացրու՜: Տա՜ք է, լա՜վ է….
Փիրուզա,- Միայն թե՝ խելքի գաք: Հիմա կքնենք, իսկ առավոտյան Դուք ինձ պետք եք լիովին առողջ, որ միասին էֆեկտիվ հարված մշակենք: Գիրքը բերել եմ նկարներով: Հաղթանակի համար ամեն ինչ արել եմ: Կարող եք, չէ՞:
Նազարը գրկում է Փիրուզայի մարմինը, համբուրում,- Տապա…լենք… խփեենք… սիրենք, սիրունս: Ի՜նչ լավն ես, քաղց՜ր, երբ հնազանդ ես: Ամեն ինչովդ մոտս ես… չես խրտնում… բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:
Փիրուզան համբույրներին չի արձագանքում, բայց և չի արգելում: Ձեռքերով ծածկում է երեսը, անշարժ պառկում,- Այդպես է պետք: Խրտնելու իրավունքից ինձ զրկել եմ: Մի քանի ափսե ճաշի համար ինքնակամ կործանված հիմարիկի և սին բառակույտի անլիարժեք հեղինակի միության ընդունելի վիճակ է: (Նազարն աչքերը փակում է՝ գլուխը Փիրուզայի կրծքին)… Լա՜վ է, քնեց: Ինչ՞ն էր լավ: Խայտառակված պատիվ՞ս, թե՞ տհաճության հետ համբուրվելս:
Նազար,- Հը՞…ես…
Փիրուզան շոյում է Նազարին,- Սսու՜սս: Վաղը կարևոր օր է, իմ թերի տղամարդ:

2
Սմբատի համալիրի սպորտային դահլիճում
Սմբատն է իր աշխատակիցների հետ: Տատամիի վրա են Գարիկը և նրա մրցակիցը: Նազարն ու Փիրուզան նստած են առաջին շարքի նստարաններին: Դահլիճ են մտնում մի քանի տասնյակ երիտասարդներ, ձեռքներին լոզունգներ՝ Նազարին սատարող: Մի քանի տասնյակ մարդկանց ձայներ էլ լսվում են համալիրի մուտքի մոտից:
Սմբատը դիմում է իր կողքին նստած տղամարդուն,- Էդպես էլ չհասկացա, Հայկազ, դրանք ո՞նց են հասել մինչև դարպասներ: Հայկազն աչքերը փախցնում է,- Չգիտեմ, ինձ զանգեցին, երբ արդեն այնտեղ էին: Իբր թե մամուլից են, Նազարի երկրպագուներ, հետը կռված տղերք, կուսակիցներ, էլ չգիտեմ՝ ով:
Սմբատ,- Ճշտեք՝ ով է պատասխանատուն, գործից հանեք, դուրս գցեք, փողն էլ՝ չտաք: Թե չէ՝ դրան կսպանեմ, քեզ՝ դուրս կշպրտեմ:
Հայկազը կանգնում է,- Եղավ, շեֆ,- հեռանում է:
Սմբատին է մոտենում երիտասարդ կին, ձեռքին հեռախոս,- Շեֆ, ինչ որ Իգոր Ձեզ է ուզում: Ասում է՝ շտապ և կարևոր զանգ է:
Սմբատ,- Բա սա կորցնե՞մ: Հա, ընկերս է: Տուր,- վերցնում է հեռախոսը,- Զդրաստվու՜յ, դորոգո՜յ,- խոսելով հեռանում է դահլիճից:
Փիրուզան մոտենում է տատամիին, դիմում դահլիճին,- Սկսում ենք սիրողական մենամարտ, ծնված հետաքրքրասիրությունից: Այս երկու հաղթանդամ տղաները նախ կմրցեն իրար հետ, հետո հաղթողը՝ Քաջ Նազարի հետ: Բոլորին էլ մաղթենք ազնիվ պայքար և հաջողություն:
Դահլիճը աղմկում է: Լսվում են նաև Նազարին սատարող ձայներ:
Փիրուզա,- Ողջունենք տղաներին: Սկսեք, տղաներ,- տատամիի վրա տղաները սկսում են պայքարը, ինքն ապարատով նկարահանում է նրանց գոտեմարտը: Դահլիճը աղմկում է, ծափահարում:
Լսվում են ձայներ՝ «Քաջ Նազարը՝ չեմպիոն»: Փիրուզան մոտենում է Նազարին,- Ամեն ինչ լավ է: Հիմա մեր Գարիկը կհաղթի, այսինքն՝ հակառակորդը կպարտվի: Ինձ հասկացա՞ք: Նազար,- Դրանց ամեն թևն իմ քաշին է: Գոռալու եմ, բողոքեմ, իմ քաշի մարդ ուզեմ: Կամ ձեռ են առնում, կամ՝ դիտմամբ խայտառակում: Էլի քաջ եմ, չեմ հրաժարվում, գրքերի մեջ էլ մանրամասն ապացուցված է: Բայց էդ մկանագնդերի հետ ի՞նչ գործ ունեմ: Ոնց ջոկեցի, էդ ջահելը վրեդ աչք ունի: Մի երկու անգամ հետը պաչպչվի ու ասա, հա՞, որ գոնե չսպանի: Մե՜ղք եմ:
Փիրուզա,- Հիացած եմ՝ և քաջ եք, և՝ խելացի: Արդեն համբուրել է սրտի ուզածի չափ և խոստացել, որ եթե չվախեք, մեղմ կվարվի, և ,- շշնջում է,- նույնիսկ՝ կպարտվի: Եթե հաղթեք, Ձեր գերուհին եմ: Գո՞հ եք:
Նազարը ուսերն է թոթվում,- Ինչի՞ց: Իսկ դու՞:
Գարիկը հաղթում է: Հակառակորդն արագ շնորհավորում է նրան և դահլիճից դուրս վազում:
Գարիկը նստում է առանձին, որ հանգստանա: Փիրուզան նայում է ժամացույցին,,- Ամեն ինչ ճիշտ է: Մարտին պատրաստվելու շարժումներ արեք: Դե, արագ ու աշխույժ: Նազարը համբուրում է Փիրուզային, մենամարտին պատրաստվելու շարժումներ անում: Դահլիճի մի մասը ողջում է Նազարին ոգեշնչող ձայնարկություններով:
Փիրուզան մոտենում է Գարիկին, ապարատով նկարելու և հարցազրույց վերցնելու ձև անում,- Շնորհավորու՜մ եմ արժանի հաղթանակդ, հարգելի Գարիկ:
Գարիկը ժպտում է Փիրուզային,- Բախտս բերեց: Փորը թուլացել էր, շտապ պարտվեց ու վազեց: Երևի մրսել էր: Ո՜նց եմ կռվելու ուսուցչի հետ, չեմ պատկերացնում, Փիրուզ ջան: Քունս է ինչ որ տանում, չե՜մ հասկանում:
Փիրուզա,- Շնորհակալ եմ հարգանքի համար, Գարիկ, սիրելիս: Եթե իրոք հարգում ես, այնպես արա, որ արժանիորեն պարտվի: Ինչ որ տեղ առաջվանը չի: Կանե՞ս ինձ համար:
Գարիկ,- Աչքիս առաջ միայն դու ես, ու երեկվա երեկոն: Եթե մի հատ էլ նվիրես, կանեմ՝ ինչ ասես: Բայց քունս է տանում, այ քեզ բա՜ն:
Փիրուզան ժպտում է, հայացքը Գարիկի աչքերին,- Հարբած էի, բայց ինչ եղել է՝ եղել է: Իմ Քաջին չեմ դավաճանի, բայց քաղցր երեկո խոստանում եմ, եթե՝ մեր գաղտնիքները մնան մերը: Գարիկի հայացքը հիացմունք է արտահայտում,- Քեզ ու քո պատվի համար կյանքս կտամ: Քո գաղտնիքն իմն էլ է, կմնա մերը:
Փրուզա,- Համարիր, որ համբուրեցի քեզ, արժանի տղամարդ: (ինքն իրեն) Ուշ է, վտանգավոր է, - գնում է Նազարի մոտ, շշնջում,- Ձեզ պաշտում է, պարտվելու է, Ձեզ ձիգ պահեք: Դե,- Նազարը ձգվում է, ժպտալով ողջունում դահլիճին: Փիրուզան Նազարի հետ մոտենում է տատամիին, ժպտում Գարիկին, համբուրում Նազարին, դիմում դահլիճին,- Երկուսին էլ աջակցենք, ու վայելենք հետաքրքիր մենամարտ:

Գարիկը խոնարհվում է Նազարին, ծափահարում: Դահլիճը միանում է, աղմկում: Մենամարտը սկսվում է: Նազարը մոտենում է Գարիկին, պտտվում իր առանցքի շուրջը, գոռոց հանում, հարվածում Գարիկին, ընկնում: Գարիկն էլ է ընկնում: Նազարը բարձրանում է, սկսում թռչկոտել,- Իրոք՝ ուժեմ եմ: Բայց քա՜ր էր, սա՜ր էր: Մենակ թե պառկած մնա: Դահլիճից ձայն է լսվում, - Կեցցե քաջը, իրեն հավասարը չունեցողը:
Գարիկը մի փոքր բարձրանում է, կիսաբաց աչքերով ժպտում Նազարին, - Ուսուցիչ, հիացա՜ծ եմ: Նույնիսկ հարվածի ուժը չզգացի: Հետո կսովորեցնե՞ս, ուսուցիչ: Հիմա գնամ, քնեմ, հա՞: Նազարը թռչկոտում է տատամիի վրա,- Հետո, տղա, ամեն ինչ հետո, - նույն շարժումով ու գոռոցով նորից է հարվածում Գարիկին, ընկնում, մի կերպ բարձրանում, ձեռքերով գլուխը բռնում:
Գարիկն ընկնում է, ձեռքը տանում գլխի տակ, աչքերը փակում: Փիրուզան մոտենում է Նազարին, շշնում,- Հաղթեցիք, երջանիկ եմ: Ձեզ ձիգ պահեք, իմ չեմպիոն:- մոտենում է Գարիկին, շշնջում,- Գարիկ, ես եմ, սիրելի՜ս, Փիրուզան: Վեր կա՜ց, գնանք անկողին: 
Գարիկն աչքերը բացում է, ժպտում,- Անկողի՞ն: Գնա՜նք, Փիրուզ ջա՜ն,- բարձրանում է, Փիրուզայի հետ հեռանում դահլիճից: Դահլիճը գոռգոռում է, ողջունում Նազարին, որ ձեռքերը վեր պարզած ողջունում է դահլիճին, տեղում թռչկոտում:

Փիրուզան վերադառնում է, գնում դեպի Նազարը, ինքն իրեն խոսելով,- Հաջողությունից հարբել է, դարձել անկառավարելի,- մոտենում է Նազարին թիկունքից,- Իմ հերո՜ս, մենք հաղթեցի՜նք,- ձեռքով կպչում է Նազարին:
Նազարը նույն շարժումով ու գոռոցով Փիրուզային գետին է տապալում,- Մենքն ո՞վ է: Դու ի՞նչ պառկեցնող, այ կին: Քեզ կյանքս կտա՜մ, փառքս չեմ տա: Ով սար պառկեցնի, ո՜վ մեդալ ուզի:
Դահլիճը լռում է: Ինչ որ մեկի վախեցած ձայնն է լսվում,-Կատաղա՜ծ է:
Փիրուզան, պառկած տեղից, ձեռքը դեմքին, ցածր ձայնով դիմում է Նազարին- Անբուժելի ապուշ, բարձրացրեք արագ: Կարծես թե՝ քիթս կոտրել եք:
Նազարը դեռևս ակտիվ շարժումներ է անում,- Ոչինչ, գոնե տեղդ կիմանա՜ս: Թե չէ՝ կնկնես Ուստիանիս օրը: Կթողնեմ կգնամ, կմնաս մենակ, կփոշմանես, ուշ կլինի: Ամեն օր գրում է՝ փող ուղարկիր, կարոտել եմ:
Փիրուզան ինքնուրույն բարձրանում է, կանգնում, թաշկինակով դեմքը փակում, դիմում դահլիճին,- Անհաղթ հերոսն ապացուցեց, թե ինքն ով է, և երբ մարտիկի ոգին է նրան համակել, թող ոչ ոք նրան չմոտենա, նույնիսկ՝ ես, - սեղմում է Նազարի ձեռքը, շշնջում,- հերիք է զսպանակվեք: Ներկայացումն ավարտվել է: Բերանս լի արյուն է: Դահլիճն աղմկում է,- Կեցցե Քաջ Նազարը, անհաղթ հերոսը:
Սմբատը վերադառնում է դահլիճ, մոտենում Հայկազին,- Սիբիրցի Իգորն էր, միլիոններից էր խոսում, բայց կապը կտրվեց: Ի՞նչ եղավ: Փիրուզն էնտեղ ի՞նչ է անում:
Հայկազ,- Շեֆ, Քաջը Բրյուս Լիի հնարքով Գարիկին հաղթեց: Տիկին Փիրուզան նկարում է, որ նյութ գրի:
Սմբատ,- Դե լավ, ինչ եղել է, եղել է: Հետաքրքիր կին է, հետը չես տխրի: Ըտենց կնիկ ես էլ ունենայի, քաջաց քաջն էի: Ա՜խ, Փիրուզ, վա՜խ Փիրուզ:

Նազարը հեծնում է վագրին
1
Նազարը սենյակում մենակ է, պառկած մահճակալում,- Վա՜խ, ինչ մեղք ե՜մ: Գոնե վերջին օրով մոտս մնար, կարգին հրաժեշտ տա՜ր, վրաս լացեր: Ես էլ էլի պաչպչեի, մխիթարվեի: Վաղը վագրն ինձ կուտի, էլի ինչ կուզես՝ կանես:
Փիրուզան անաղմուկ ներս է մտնում, դուռը ներսից բանալիով փակում: Աչքերին ակնոցներ են, դեմքը բերանի շրջանում շորով փակված է,- Էլի հարբեցի, ու ես էլ չգիտեմ, թե ինչ եմ անում: Ինչու՞ չեմ վերջացնում: Էդ երեխային ինչու՞ խառնեցի էս հիմար պատմությանը:
Նազարը տքում է,- Եկա՞ր, Փիր…ուզ ջան, լավ… անցա՞վ: Ձեռներին շատ … ազատություն… տվե՞ց:
Փիրուզան առանց ակնոցների և շորի իր դեմքի կապտուկներն է զննում հայելու մեջ,- Չափի մեջ: Երկուսով էլ դժգոհ չմնացինք: Հետս չխոսեք: Հարվածել եք և չեք մեղանչել:
Նազարը լալիս է,- Հիմա պիտի հիշեի՞ր: Ախր վաղը գնու՜մ եմ, դառնամ վագրի մենյու, այսինքն՝ մեռնելու:
Փիրուզա,- Մի լացեք, ամո՜թ է: Նազար,- Գոնե ուտվելս մանրամասն կնկարե՞ս, որ Ուստիանս, Արուսն ու Աղունը վրաս լացեն, – անկողնուց վեր է կենում, սենյակում քայլում,- Ջահել ջահել մեռնելը ճի՞շտ է: Քաջին վագրի դեմ ուղարկելը ճի՞շտ է: Թերթերում կգրես, կխայտառակես էդ ապուշին, հա՞: Որ էսպե՜ս, էսպե՜ս, քաջի մահով գնաց, բայց ոչ թե խեղճ հայրենիքի համար, այլ՝ կուշտ կոտոշի կայֆի: Հիվանդ ե՜մ, մեռնում ե՜մ: Թող կապեն, տանեն, դեմը գցեն՝ խժռի զզվելին:
Փիրուզա,- Քաջին վայել չեք վարվում: Գոնե Ձեր խղճալի կազմվածքը ծածկեք: Տհաճ է:
Նազար,- Չեմ կարող, թույլ եմ: Ուզում ես՝ հագցրու: Էլ չեմ ուզում քաջ լինել: Եթե քաջ եմ, տարին մեկ պետք է վերաքննություն տա՞մ, որ ապացուցե՞մ: Հո ապուշ չե՞ք: Ապացուցել եմ, չեք հավատում, գրքերս կարդացեք:
Փիրուզա,- Իսկ գրքում գրված քաջի պատիվը՞, հերոսի վարքի օրինակը՞ սերունդներին:
Նազար,- Հետմահու պատիվ պետք չի: Գնում եմ գյուղ, Ուստիանիս հետ հողս մշակեմ, կովս խնամեմ,- գնում է դուռը ծեծում,- հե՜յ, ո՞վ կա, եկե՜ք: Բողոք ունե՜մ:
Փիրուզան Նազարին տանում է մահճակալի մոտ, պառկեցնում, շոյում,- Հիմա դեղ կտա՜մ:
Նազար,- Չե՜մ ուզում: Ոչ դեղ եմ ուզում, ոչ՝ քեզ տեսնել,- պատուհանն է բացում, ճաղավանդակները ցնցում,- էս բա՞նտ է, թե՞ հյուրանոց:,- Փիրուզան փորձում է ձեռքը բռնել, լալիս է,- Չտանե՜ս, էլի: Հո ապուշ չե՞մ, գնամ վագրին ասեմ՝ ինձի կեր,- հեռախոսափողն է վերցնում,- Ալո՜… քուրիկ ջան, զանգիր 02, ասա…. Փիրուզան ձեռքից վերցնում է հեռախոսափողը,- Եթե այդպես շարունակեք, ձեզ կգցեն մու՜թ խուց, կծեծեն ու առանց ինձ կկորչեք,- ջրով լի բաժակի մեջ թաքուն փոշի է լցնում: Նազար,- Բա ի՞նչ անեմ, որ չմեռնե՜մ: Չե՜մ ուզում,- դուռն է ցնցում, նստում դռան մոտ, լալիս:
Փիորւզան Նազարի ձեռքը բռնում է, տանում, պառկեցնում մահճալակին, շոյում,- Ոչինչ էլ չի լինի՜: Ձեր կողքին կլինեմ, կօգնեմ: Վաղը մենք կհաղթենք: Մի քիչ ջուր խմեք: Դեղ բերե՞մ: Նազարը ջուրը խմում է, պառկում,- Հա՞: Էլի բան ես մտածե՞լ: Իմ դեղը դու՜ ես, մե՜ղք եմ: Երեկվա պես կանե՞ս: Ես էլ՝ քեզ: Փիրուզան պառկում է Նազարի կողքին, շոյում,- Կողքի՜դ եմ, իմ թերի տղամա՜րդ, կողքիդ:
Նազարը համբուրում է Փիրուզային,- Հանվի՜ր Փիրուզ ջան, մե՜ղք եմ:
Փիրուզան շոյում է Նազարին,- Հիմա, հիմա, իմ տղամա՜րդ: Իհարկե՜, ոնց ասեք: Նախ զրուցենք վաղվա անելիքից,- դեմքը ձեռքով ծածկում է, շշնջում,- Շնորհավորու՜մ եմ վերջին նվաճումդ, հիմա՜ր աղջիկ: Նույն օրը համբուրվել երկու տղամարդու հետ, հաշվարկով ու հանուն այս ապուշի, որ քեզ ծեծի ու անվանարկի հաջողվածի բարձունքից,- Նազարը փորձում է համբուրել շրթները, դեմքը խոժոռում է,- Ցավում է, մի արեք, որ չհիշեմ:
Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքերը, թևերը, ուսերը,- Հա՜, ապրես, ճի՜շտ ես անում: Կողքիս մնա, մի բան անենք: Ես քեզ սիրու՜մ եմ:
Փիրուզա,- Մենք խելացի էակներ ենք, իսկ վագրը՝ ռեֆլեքսով գործող մկանագունդ:
Նազարը շարունակում է համբուրել Փիրուզայի մարմինը,- Ի՜նչ լավ է կողքիդ: Ինձ լա՜վ եմ զգում, ապահո՜վ: Էս ո՜նց եմ քեզ սիրում: Բախտդ էլ սիրե՜մ, քաջ Նազար
Փիրուզան երբեմն դեմքը խոժոռում է, բայց Նազարին չի արգելում,- Վաղը կբարձրանաք ծառը, և այնտեղից կկատարեք իմ ասածները: Կանեք, չէ՞:
Նազար,- Ծառ կա՞: Ի՜նչ լավ է: Չեմ էլ իջնի: Բա որ չկարողանա՞մ բարձրանալ, կօգնե՞ս:
Փիրուզա,- Չի՜ կարելի չկարողանալ: Լուրջ գործի ժամանակ չկարողանալը ձախողում է, իմ փուչ տղամարդ: Այնտեղ մսի կտորներ կլինեն: Դրանք պետք է իրեն գցեք: Նազար,- Ուտի, որ կշտանա, որ ինձ չուտի՞: Իմ խելացի՜:
Փիրուզա,- Ոչ, որ Ձեզ ճանաչի որպես իրեն կերակրողի: Դա կարևոր է: Նազար,- Կկշտանա ու կգնա՞:
Փիրուզա,- Ոչ, հետո աղմուկ կլինի, գոռոց, կրակոց ու վագրը կխրտնի, կվազի ու դուք էլ հետևից մի փոքր կվազեք ու բոլորը կմտածեն, որ Ձեզանից է փախչում ու կապշեն:
Նազար,- Ես… ըըը… դու կողքիս կլինե՞ս, ոնց որ հիմա: Փիրուզա,- Համարյա, ոնց որ երեկ, ինչի համար ծեծ կերա: Նազար,- Ծեծը՝ հեչ: Կարևորը արդյունքն է: Բա որ թեքվի ու ինձ ուտի՞: Իսկ լավ չի, որ հիվանդանա, բժիշկ կանչենք, տանեն հիվանդանոց: Ինչ լավ՜ն ես:
Փիրուզա,- … Չէ, դա ավելի վտանգավոր է: Պետք է, որ չթեքվի, այլ վազի որսի հետևից… հուսով եմ… Բայց դուք դողու՜մ եք: Նազար,- Չգիտե՜մ, մի բան արա, մե՜ղք եմ: Քեզ սիրում եմ, մի քիչ էլ վախենու՜մ եմ: Վերջի՜ն օրս է, - լալիս է:
Փիրուզան շոյում է Նազարին,- Լաց մի՜ եղեք: Լա՜վ կլինի, դժվարն անցավ, մնաց ինչ որ վագր:
Նազարը հանգիստ պառկում է, գրկում Փիրուզայի մարմինը, աչքերը փակում,- Ապրե՜ս, ասա, էլի ասա, լսեմ:
Փիրուզա,- Հիմա կպատմեմ, ինչով սկսվեց մեծամիտիս շահադիտական սիրախաղը, երբ խրտնում էի նույնիսկ հպումից, և հիմա որտեղ եմ՝ կամավոր: Ճոխ ապրելու հեռանկարը սոսնձել է այս հաջողակ ապուշին: Եթե ծրագիրս հաջողի, այս ապուշն ավելի է լկտիանալու ու այնժամ պետք է կամ ներծծվեմ ապուշության մղձավանջում, կամ արածներիս պտուղն ուրիշը վայելի: Կարելի է մնալ, վայելել իմ վաստակած ճոխ կյանքն այս տհաճ հավելվածով, անկողնային էպիզոդներով, կուլ տալ վիրավորանքներ ու ծեծ այս ապուշից: Նազար,- Հա՜, մնա մնա մոտս, սիրունս: Ինձ պե՜տք ես: Փիրուզա,- Իսկ ինձ պետք էր միայն Ձեր կաղապարը, առանց այս տհաճ պարտականության: Սարսռում եմ մեր անկողնային շփումների կանխատեսելի հեռանկարից, պարոն ոչինչ: Նազար,- Ասա՜, էլի անկողին ասա՜,- աչքերը փակում է, քնում:

2
Այգում բարձր աշտարակ է կառուցված, որի վրա Փիրուզան է: Աչքին ակնոցներ են, բերանի մասը շորով ծածկված է:
Նազարն այգում է, ծառի տակ նստած,- Աչքիս վախենում են ուղարկեն: Վախեցած էլ մնաք:
Սմբատն իր մի քանի օգնականների հարթակի վրա է, ձեռքին՝ հեռադիտակ: Համալիրի մուտքի դռան մոտից աղմուկի ձայներ են լսվում:
Սմբատը դիմում է Հայկազին,- Էլի դրա՞նք են, էն օրվա ժողովուրդը՞:
Հայկազը թուղթ է ցույց տալիս,- Ոչ միայն, շեֆ: Գիշատիչ կենդանիների պաշտպանության ինչ որ կոմիտեի անդամներ ուզում են տեսնել մեր կենդանիներին, և դրանց առնչվող թղթերը:
Սմբատ,- Էդ ինչ մեղք՜ս էր: Էդպիսի բան կա՞:
Հայկազ,- Կա՜, շեֆ: Գլխացավանք է:
Սմբատ,- Մեր թղթերը նորմա՞լ են:
Հայկազ,- …Ոչ այնքան շեֆ: Եթե ժամանակ ունենաք, երեկոյան քննարկենք: Շա՜տ գործ կա:
Սմբատ,- Դրանց ներս չթողես: Էդ աշտարակը ե՞րբ նորոգվեց: Փիրուզն էնտեղ ի՞նչ է անում:
Հայկազ,- Տիկին Փիրուզան խնդրեց, որ այնտեղից նկարի ամբողջը և Քաջի վագրին սանձելը:
Սմբատ,- Վա՜յ Փիրուզ, վա՜խ, Փիրուզ, դաղելու տեղ ունես: Թե գիտի՞ բան չենք հասկանում: Բայց այդ կնոջն ամեն ինչ ներվում է: Փիսոյիս բաց թողեք, զբոսնի: Շուտ վերջացրեք, աղմուկից բանից չբարձրանա, եղած կեղտը վեր հանի: Այգում մարդ չկա, չէ՞:
Հայկազ,- Ոչ շեֆ, ստուգել ենք, մերոնք լրիվ այստեղ են, - հեռանում է, զանգում հեռախոսով:
Փիրուզան դիմում է Նազարին,,- Բարձրացեք վերջապես, հիմա կգա:
Նազարը փորձում է ծառը բարձրանալ,- Ախր ասեցիր՝ կօգնեմ: Չի՜ ստացվում
Փիրուզա,- Օգնեմ, ու մնամ ներքևու՞մ: Հիմար եմ, այո, բայց ոչ այդքան, եկա՜վ:
Նազարն արագ բարձրանում է ծառը, նստում ճյուղին,- Օ՜ֆ: Տեսա՞ր, ի՜նչ տղա եմ: Էս միսը եփած չի՞: Ես էլ կուտեի՜:- Վագրն անցնում է տեղանքով,- էս վայրենի՜ է, բան հասկացնել չի լինի: Անվնաս կամ խաղալիք վագր չկա՞ր:
Փիրուզա,- Անցնում ենք հեռախոսային կապին: Գոռալ չի կարելի,- միացնում է հեռախոսը, խոսում հեռախոսով,- մսի կտորներ շպրտեք, արագ:
Նազարը մի քանի կտոր միս է շպրտում ներքև,- Գցեմ, գցեմ: Էս մեկը ափսոս է, քե՜ֆ անենք:
Փիրուզան խոսում է հեռախոսով,- Եթե հենց հիմա չգցեք, ծառը կպայթացնեմ, ապու…ր եք եփելու, թե՞ միսը ծոցում վազելու վագրի հետևից:
Վագրը մոտենում է մսի կտորներին, ուտում, մռնչում, նայում վերև, սկսում ուտելը:
Նազար,- Վա՜յ, թարս նայեց: Բա ես ի՞նչ անեմ:

Սմբատ,- Հաստատ Փիրուզն է մտածել, մսով կերակրել, շեղել: Վա՜յ Փիրուզ, ես քո…
Նազարը մի կտոր էլ է շպրտում,- Հետո կհիշես: Թե ինձ չուտես, ախպերս ես:
Փիրուզա,- Մի ափսոսացե՜ք, ախր, գցե՜ք:
Նազար,- Չէ՜, էսպես մինչև ճաշի ժամը կխաղացնեմ, հետո մի բան կլինի: Հը՞, անկուշտ: Թե խելոք մնաս, էլի կտամ,- մի կտոր միս էլ է շպրտում
Վագրը ուտում է կտորը, մռնչում, ցատկում Նազարի ուղղությամբ: Նազար,- Վա՜յ, թուլացա: Ընկնում եմ, մի բան արա,- դողում է, կիսակախվում ճյուղից,- վա՜յ:
Փիրուզան կոճակ է սեղմում,- Ապու՜շ, անվերջ ու անհուսալի ապու՜շ: Գցեք, ինչ կարող եք:
Նազարը ձգվում է, մի քանի կտոր միս վերցնում, գցում ներքև: Վագրը սկսում է դրանք ուտել:
Այդ պահին մուտքի դարպասներից լսվում են աղմուկ, ճայթուկների պայթյունների ձայներ:
-Վե՜րջ տվեք օլիգարխիկ խաղերին:
-Մոնիտորինգ անցկացնե՜լ օլիգարխների այգիներում:
 -Փրկե՜լ անմեղ գիշատիչներին:
Սմբատ,- Ինչ եղա՞վ, դրանք ի՞նչ են ուզում,- գնում է դեպի դարպասը:
Նազար,- Վա՜յ, ես ընկա: Ասա, ինձ չնայի, Փիրուզ ջան, վա՜յ- ընկնում է վագրի վրա, որ միս ուտելով է զբաղված:
Փիրուզան Նազարի ընկնելու պահին կոճակ է սեղմում: Վագրի շուրջ ճայթուկներ են պայթում:
Նազարի վզին ամրացված բարձրախոսից գոռոց է լսվում: Նազարը գոռում է,- Իյա՜, մի գոռա՜, կկատաղի: Էդ ես չեմ, է՜: Գազան է, ախ՜ր:
Ճայթուկների պայթելու պահին վագրի դիմաց ինչ որ կափարիչ է բացվում, միջից նապաստակ է դուրս թռչում, վագրին նկատում ու փախչում: Վագրը վազում է նրա հետևից:
Նազարը բռնվում է վագրից,- Վա՜յ, տարավ ուտի՜: Փիրուզ, էսպես չէիր ասել, ու՜ր: Փիրու՜զ:
Փիրուզան ծիծաղում է,- Բարի ճանապարհ, ապու՜շ: - ավելի ցածր ձայնով,- Մեղա, լավ բան չի դժբախտության վրա ծիծաղելը: Ո՜վ էլ լինի:
Սմբատի բակում կանգնած մարդիկ իրար ձայն են տալիս- Տղե՜րք, չե՜ք հավատա: Վագրին ձի է սարքել, սլանու՜մ է: -Կինոյում տեսնեինք, կասեինք՝ հեքիաթ է:
Նազար,- Էհեեե՜յ, հասե՜ք, տարա՜վ…
Սմբատի բերանը բաց է, աչքերը չռած,- Այ քեզ քա՜ջ: Ճիշտն ասած՝ կասկածում էի… Ա՜խ, Փիրուզ… Նազարն ընկնում է վագրի վրայից,- Վա՜խ ոտս: Ի՜նչ ապուշ վագր է, սխալ է վազում: Սմբատի աշխատակիցներն իրար ձայն են տալիս,- Չհավանեց, իջավ:
- Լա՜վ եղավ, մեղք էր մեր վագրը: Թող գնա ձի թամբի, քշի: Փիուզայի ձայնը Նազարի վզին ամրացված հեռախոսով հրահանգում է,- Ձեզ առյուծ է մոտենում: Շտապ հասեք վագրին, որ իրար հետ կռվեն, Դուք փրկվեք:
Նազարը վազում է վագրի հետևից,- Վա՜յ, ի՞նչ առյուծ: Բա սցենարը՞, պայմանը՞: Պոչը բռնեմ, փրկված եմ:
Սմբատ- Տղերք, էս իսկականից քաջ է: Տեսքից բանի նման չէր: Էսպիսի բան տեսած չկա՜մ: Շու՜տ Փիսոյիս կանչեք: Արմեն ջա՜ն, ցավդ տանե՜մ, շուտ վանդակ մտցրու՜:
Արմենը ձեռքի ափերը բերանի մոտ պահած կանչում է,- Փիսո՜, տուն արի՜: Ճաշի ժա՜մ է:
Վագրը վազում է դեպի վանդակը, Նազարը նրա հետևից: Սմբատը շշմած է,- Մարդ էդպես իսկի սիրածի հետևից չի վազում: Էս ի՞նչ ա անում քաջը,- հենց մտնի, դռները կփակես, Արմեն ջան:
Վագրը մտնում է վանդակ, վրա հասնում այնտեղ դրված մսին: Վանդակի դռները փակում են: Նազարը հասնում է վանդակին, ցնցում, ետ նայելով: Վագրը մռնչում է, շարունակում սնվել: Արմենը վախեցած դիմում է Նազարին,- Տերը չի թողնում: Չբարկանաք, խնդրու՜մ եմ:
Նազարը նայում է շուրջը, ցնցում վանդակը,- Լա՜վ պրծար, կատու:
Սմբատը մոտենում է Նազարին, փաթաթվում, հեռացնում վանդակից,- Սրանից հետո ախպերս ես: Ապշած եմ ու հիացած: Ես քո իրոք քաջ ցավը տանե՜մ:
Նազարը թեթևացած շունչ է քաշում,- Չնեղանաս, վագր չէր, խեղճ կատու էր: Այ, մի անգամ Արաբիայում…
Փիրուզան է մոտենում, թռչկոտում, Նազարի ձեռքը բռնում,- Մենք դա արեցի՜նք: Կեցցե՜ք Դուք…
Նազարը բարկանում է առանց Փիրուզային նայելու,- Բայց դու ի՞նչ կապ ունես, այ կին արարած: Տղերքով խոսում ենք, մեջ ես ընկնում: Տանը մնա, տան գործերն արա: Ո՜վ ծառ բարձրանա, ո՜վ վագր հեծնի, ո՜վ հետևից վազի, ո՜վ իրեն փառաբանի: Ի դեպ, քեզ շատ էլ սիրու՜մ եմ:
Փիրուզան թաքնվում է Նազարի թիկունքում, ուսերը ցնցվում են:
Սմբատի աշխատակիցները ծափահարում են,- Քաջի խոսքեր էին, տղամարդու:
Կին աշխատակիցները դիմում են Սմբատին,- Շեֆ, բա էլ ե՞րբ հետը ծանոթանանք: Մեկ էլ ե՞րբ էստեղ իսկական հերոս տեսնենք:
Սմբատը հոգոց է հանում,- Էդ հարցերով դիմեք էս գեղեցկուհուն: Քաջը էսպես քաջագործություններ է անում, ինքն էլ՝ թղթավարությունը:
Նազարը ոգևորված է,- Հա, Փիրուզս, հերթագրիր, զրուցեմ ժողովրդիս հետ, ծանոթանամ խնդիրներին:- մոտենում է կանանց, զրուցում, ծիծաղում, ոմանց գրկում, ստորագրում նրանց պարզած իր նկարների վրա, շշնջում,- Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:
Փիրուզան ու Գարիկն մյուսների համար աննկատ ժպտում են իրար:

Սմբատը ժպտում է Փիրուզային,- Փիրուզ աղջի՞կ, էս ինչքա՜ն ակտիվ էիր: Ամեն տեղ դու էիր: Գիտես, չէ՞, որ ես ավել աչքեր ու ականջներ ունեմ: Քեզ պարգևատրում եմ իմ հիացմունքով: Ոչ թե քաջին օգնիր, այլ՝ իմ նման խեղճին փրկիր:
Փիրուզան ժպտում է Սմբատին,- Ես էլ հիացած եմ Ձեր մտահանգման ճկունութամբ ու առողջ կասկածամտությամբ, բայց հաղթանակի ծնողը բացառապես սիրելի շեֆիս քաջությունն էր:
Սմբատ,- Չե՜նք հետաքննելու: Երկուսով էլ շա՜տ ապրեք, բայց դու խելքդ գլուխդ հավաքիր ու ինձ փրկիր: Քաջը խնդիր չունի, իսկ ինձ պետք է մեկը, որ այ էսպես մշտական գարուն բերի: Ինքն էլ կորոշի, օգնական՞ս է, աշխատող՞ս, թե՞… Հասկացար, չէ՞:
Փիրուզա,- Հասկացա և առաջարկը և իսկական ջենտլմենի խոսքերը, բայց ես ինձ չեմ դավաճանում: Կարելի՞ է Ձեզ համբուրել որպես հաղթողի ինձ համակրելի կերպար,- համբուրում է Սմբատի այտը:
Սմբատը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Վա՜խ, Փիրուզ աղջիկ, վա՜յ: Գնա, դու ինձ լա՜վ էլ հասկացար, բայց ասածներս լավ չհասկացար:
Փիրուզան ժպտում է, հայացքն Սմբատի աչքերին, - Երևի հասկացա այնքան, ինչքան՝ ուզում էի:
Նազարը մոտենում է Փիրուզային,- Տղերք, լա՜վ մնաք, չնեղանաք: Ամեն մեկն իր չափով է մարդ էս անմարդկային աշխարհում:
Ներկաները ծափահարում են, Նազարն ու Փիրուզան իրար թևանցուկ արած հեռանում են:

Մյուս օրը թերթերը լույս են տեսնում նկարներով ու ընդարձակ հոդվածներով այն մասին, թե ինչպես հայտնի հերոս Քաջ նազարը հյուր է եղել իր մոտ ընկեր Սմբատի տանը, և ինչպես է Սմբատի վագրը վանդակից պատահական դուրս եկել, և ինչպես է Քաջ Նազարը սանձել վագրին:
Նազարի փառքը թնդում էր բոլոր հնարավոր տարբերակներով: Լուսամուտի տակ հերթապահում էին աղջիկները, երգիչները երգ էին նվիրում նրա քաջությանը, գրողները պիեսներ էին գրում Քաջ Նազարի թեմայով, կենսագիրները Քաջաշենում նրա արմատներն էին քրքրում, պարզում, կրկնակի մաքրաջրելուց հետո ներկայացնում լայն հասարակությանը:

ՔաղվածքՆազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից
Քաղվածք չորրորդ
1
«Սարի Սմբոյի հետ ախպերանալուց հետո լրիվ ջոկեցի, հասկացա, թե ես ով եմ, էս բոլոր ժողովուրդն ով է: Ով էլ լիներ, չէի թողնում նույնիսկ կատակով ինչ որ կասկածներ կրակել իմ հասցեին: Իմ ամբողջական կենսագրությունը տպեցի՜նք, ծախեցի՜նք: Գրածի դեմ նախանձի համար խաղ չկա: Փիրուզիս այլևս չէի թողում իմ թեմայով ավելորդ բառ կամ հրաման: Մի երկու անգամ հակաճառեց, տղամարդավարի տեղը դրեցի, որ ամեն ինչ չափ ունի, ու խելոքացա՜վ:
Իմ մասին իր գրած գիրքը ձեռիցս չէի գցում: Էջանիշներով գտնում էի բոլոր հերոսական արարքներս, մենակովս հարյուր հոգու ջարդելուց մինչև վագրին հեծնելը: Կարգի՜ն տան կնիկ էի սարքել: Ճաշ էր սարքում, ժպտալով մատուցում, ժպտալով ասում,- Ափս՜ոս, որ չի լինում ոչ տեղ գնալ, ոչ հյուր ընդունել, ոչ էլ տան աշխատող այս ապուշ իրավիճակում: Արդեն չէր մերժում պոեզիաս, գործերը թողնում էր, հեծնում գրավում իր տեղն ու պոեզիայի բարձրակետին մարմնի շարժումներով ու հաճույքի ձայնարկումներով արձագանքում, մեկ մեկ էլ ականջներս էլ էր քաշքշում:
Եթե կանչում էի,- Ախչի Փիրու՜զ, մի էն գիրքը բե՜ր: Բան եմ ուզում նայել,- քթի տակ մրթմրթում էր, բայց բերում: Ամեն անգամ նոր էջ էի բացում ու բարձր կարդում, որ համ ես լավ հիշեմ, համ էլ ինքն էլ լսի իմ արածները: Լսում էր ու հետո միշտ ասում,- Բայց ինչու՞ եք հիշեցնում: Ախր ես եմ հնարե՜լ: Դուք էլ գիտեք, թե ինչը ո՜նց եմ գրել: Բարկանում էի, փաստեր բերում, վերհիշում,- Եթե պետք է, Սաք ապերն ու Սեթոն կենդանի վկա: Ի՞նչ ես հիմար հիմար դուրս տալիս: Լա՜վ է, որ լսող չկա: Ուրեմն ես վագրին հեծնեմ ու մի կին չկարողանա՞մ նվաճել, հե՜յ, հե՜յ: Բայց գիշերները նա իր էշը քշեց, ու ես էդ կմակոր կնոջը հեծնել չհաջողացրի՜: Իրար մի երկու անգամ քաշեցինք, քաշքշեցինք՝ կատաղեց, ճանկռեց: Մեկ ասում էր՝ հիվանդ եմ, մեկ՝մնա հետո, թողեք տրամադրվեմ ու անվե՜րջ էդ ոճով: Ասեմ, որ լա՜վ էլ ուժեղ է կատաղած ժամանակ: Էդ թեմայով որոշ ժամանակ իրարից նեղված էինք:

Մի օր հատուկ թույլտվութուն վերցրեց ու Սաք ապերին կանչեց, որ հաշտեցնի մեզ: Ես շա՜տ ուրախացա, որ բաժակի ընկեր կունենամ: Ինքն էլ էր ուրախ: Նույնիսկ ինձ քսմսվում էր, ծիծաղում: Բայց լարված էր: Տղերքով մի քիչ հարբեցինք, որոշեցինք նարդի գցել, ինքը թե,- Սիրտս շամպա՜յն է ուզում, պարե՜լ եմ ուզում: Տղերք, գնանք մի տեղ նստենք: Սաք ապերն ուրախացավ,- Քեֆը շարունակվու՜մ է: Հրամայիր գեներալներին, Փիրուզ ջա՜ն:
Մեզ տարավ ինչ որ այգու միջով, հետն էլ՝ թե «բա որ խուլիգաններ գա՞ն»:
Տղերքով չթողեցինք վախենա,- Ազգ ենք փրկել: Մի գեղեցկուհի չե՞նք կարող փրկել: Նա ուրախացավ, թռչկոտեց, Սաքին պաչեց, ինձ փաթաթվեց,- Սիրու՜մ եմ,- ասեց: Էդպես չէր եղել, որ դրսում հետս փաթաթվի, ու ես էլ տակ չմնացի:

2
Մեկ էլ՝ չգիտեմ որտեղից բուսնեցին երկու ջահել, կոլոտ ու չաղլիկ, թե՝ բարև ձեզ, մենք բարոյական նորմերի պահպանման խմբից ենք: Այս կինը ձեր ինչ՞ն է: Ին՞չ իրավունքով եք համբուրում: Խնդրեմ թղթերը:
Փիրուզս կպավ ինձ, դողում էր, սիրտս թռթռաց: Ու դրանց,- Ո՞վ եք դուք, ձեր ի՞նչ գործն է:
Սաք ապերը բարկացավ, Փիրուզայի կողմը նայելով,- Էս ի՞նչ նորություն է:
Դրանցից կոլոտը ձեռը տարավ մեջքի կողմը,- Ես ազգիս բարքերը աղավաղողների հետ կա՜րճ եմ խոսում:
Իսկ Չաղլիկը Սաք ապերին հրեց, հեռացրեց,- Հոպար ջա՜ն, ինքը գի՜ժ է: Մի խոսեք, որ չկատաղի:- Ու դարձավ կոլոտին,- Գիժ ե՞ս, արա: Դանակով սպանելու ե՞ս:
Ես հասկանալով, որ վճռականություն է պետք, չաղլիկին ժպտացի ու ձեռքն ուժգին թափահարեցի, իբր՝ ևս հարցի խաղաղ լուծման կողմնակից եմ:
Հանկարծ Փիրուզը դիմեց մեզ,- Տղերք, էս լակոտներին խելքի բերեք: Ամեն մեկդ էսպես քսան թափթփուկ կջարդեք: Թե վախենու՞մ եք:
Ու էդպես իր ագրեսիվ պահվածքով էդ խակ ջահելներին անտեղի տրամադրեց մեր դեմ: Գժոտ կոլոտը հիացա՜վ Փիրուզովս ու անկեղծորեն փորձեց իր հիացմունքը պաչով արտահայտել,- Սիրունս, ի՜նչ չքնաղ ես: Արի պաչիկով հասկացնեմ: Էդ փոխըմբռնման պահին ուզում էի խաղաղության դուռը բացել, բայց Փիրուզս, բռնելով ագրեսիայի ուղին, իմ խաղաղության դուռը շխկոցով փակեց: Կոլոտին հրեց, երեսը ճանգռեց,- Հեռու՜ ինձանից, անասու՜ն,- գոռաց:
Մինչ ես կշռադատեցի ու որոշեցի, թե ոնց հարթեմ սրացող կոնֆլիկտը երկու տհասի հետ, ջանքերս կրկին ջուրը թափվեցին մերոնց կողմից իմ միասնական պլանին չհետևելու և իմ կոդավորված հրահանգները չկատարելու հետևանքով: Կոլոտը գժվածի նման լացեց, գոռգոռաց,- Ո՜նց թե մի պատահական լիրբ անմեղ տեղն ինձ ճանգռի ու անասուն ասի՞: Ինքն ում քածն ա՞, քո՞- նայեց ինձ, թևիցս քաշքշեց ու անմեղ տեղը երկու հնչեղ ապտակ հասցրեց: Մի կերպ ինձ պահեցի, որ չընկնեմ: Չնայած ականջներս խշշում էին ու աչքերս ջրով լի էին, համաձայն իմ պլանի մեծավարի շոյեցի նրա ռեյտինգը ու հալեցրի անվերահսկելի ագրեսիվությունը,- Այ տղա ջա՜ն, ինքն իմ ընկեր…. ծանոթն է: Շա՜տ լավ անձ է, բարեկրթ, - բարձր եմ աջակցում Փիրուզիս, որ լսի,- պարզապես իրար չհասկացաք: Կոլոտն ինձ նորից ապտակեց, ու նորից՝ հնչեղ,- Իսկ դու հասկացա՞ր, հոպար, որ իրան չեմ խփի, քեզ կխփեմ: Էդ կինն անմեղ տեղն ինձ վիրավորեց, չէ՞: Դե ասա, որ սխալն ինքն էր: Գլուխս գվվում էր, ոտներս՝ դողում, բայց՝ դիմացա,- Բայց միգուցե սխալմու՞նք է եղել:- ու նայում եմ Փիրուզիս, որ հասկացնեմ, որ դիտմամբ եմ ծեծվում, որ ագրեսիվ էներգիան իմ վրա ծախսի, որ իրեն քիչ չարչարի:
Զգացի, որ հասկացավ, ու հոգեպես թեթևացա: -Դե դու դատավորն ես, որպես խելահաս մարդ,- Փիրուզիս նստեցրեց նստարանին, նստեց կողքին, թևը գցեց ուսով, գոռաց,- Լավ նայիր, հոպար, որ չնեղանաս: Քո ինչ՞ն ա: Չխաբես, որ ինձ օրինակ ծառայես:
Ես զրույցի թեման չեզոքացնելու ու անկաշկանդ մթնոլորտի արարման հույսով ասեցի,- Չէ, տղա ջան, ընկերուհիս ա: Կինս գյուղում է, Ուստիանս:
Եթե զրույցը էդպես գնար գյուղի կյանքից, ես էլ կպատմեի Սկեից, Հմոյից, իմ պոեզիայից ու իրար կհասկանայինք:
Փիրուզս զարմացած ինձ նայեց, «անբուժելի ապուշ» ասեց, ձեռներով դեմքը ծածկեց:
Կանացի տրամաբանությունը մակերեսային է, զգացմունքայինի գերի:
Կոլոտը Փիրուզիս խոսքերից ոգևորվեց,- Օ՜, ժամանցիդ օբյեկտն ա՞: Մի կես ժամով տրամադրիր ու մեծ ախպերս ես: Էդ կողմից զու՜րկ ու չտես եմ: Չե՞ս կիսվի փոքր ախորդ հետ: Փորձեցի ուղղել Փիրուզիս սխալը,- Դե ախ՜ր, բայց ո՞նց…
Կոլոտը պաչեց Փիրուզիս թուշը, սա խոժոռվեց, հետ քաշվեց,- Երկու պաչ մա՜չ, ինքն ինձ մի երկու բան կսովորեցնի, ու դուք կգնաք ձե՜ր ճամփով, մենք էլ՝ մե՜ր:
Զգացի, որ էլ արդեն բանը բանից անցել է, փորձեցի փրկել մնացածը,- Տղա ջա՜ն, բայց շատ չչարչարես: Ինքը կրթված ու բարեկիրթ կին է, հարգենք իրեն: Արագ, թեթև վերջացնենք ու գնանք, հա՞:- ու ընդգծված ասում եմ,- Ես իրեն շա՜տ եմ հարգում:
Փիրուզս նայեց աչքերիս,- Ինչպիսի՜ գործնական պլան: Ու ամենն իմ հաշվին: Իսկը տղամարդ: Ափսո՜ս համեստ ներկայացվեցի:
Կոլոտը Չաղլիկին հրամայեց,- Էդ հոպարի հետ մեզ տրամադրեք, սիրունս համաձայն է, բայց՝ լարվա՜ծ է:
Փիրուզս փնչացրեց ու ինձ շշնջաց,- Փրկիր սիրելիս, ցույց տուր քո քաջությունը: Ես իրեն նշաններով հանգստացրեցի, որ ինչ էլ լինի՝ կողքին եմ, ու չեմ հեռանա: Խեղճ խեղճ ժպտաց: Ախր մենակ ի՞նչ կարող եմ անել, երբ Սաքոն ընտրել է պարտվողական մարտավարություն:
Չաղլիկը Սաք ապերին կանգնեցրեց նստարանի վրա, ինչ որ թուղթ տվեց,- Կյանք տեսած տղա ես, հոպար: Զգաստ կանգնիր ու կարդա, սիրահարներին օգնենք: Սիրո մասին է:
Սաք ապերը ինչ որ ոտանավոր սկսեց կարդալ զգաստ դիրքով ու ձևերով: Անշնորհք ոտանավոր էր լկտի բառերով:
Չաղլիկը լսում էր նստարանին նստած, ծխում ու կրկնում,- Մի գոռա՜, հոպար, թատրոնում չես: Լավ տեղերը նորից ու ընդգծված, որ սիրունը տրամադրվի:
(շարունակելի)
Создано 13.05.19 16:00
© Все права защищены
128