Литературный портал

Автор поста

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(1)

(Լավ սեղանի մոտ լավ տղերքից մեզ հասած խոսքուզրույց)

Հերոսի հերոս լինելը գրված է ոչ թե նրա ճակատին, այլ նրան նայողների աչքերում: (Իշխան Գևորգյան)
                                                1
Նազարի քաղցր օրերը հարազատ գյուղում 1 Հայաստանի գյուղերից մեկում՝ Քաջաշենում , բնակեցված քաջ ու կորով տղամարդկանցով ու նազենի կանանցով, կար մեկը՝ Նազարը, որ նման չէր մյուսներին: Նա աչքի չէր ընկնում ոչնչով կամ աչքի էր ընկնում տանը պառկած երևակայական փողեր ստեղծելու շնորհքով ու զիջողամետ զգուշավորությամբ, ինչի պատճառով գյուղի տղամարդիկ նրան ծույլ ու վախկոտ էին կանչում, իսկ կանայք, բացի կնոջից՝ Ուստիանից, պոետ: Ու ամեն օր, երբ Ուստիանը հերթական դժգոհ փնչոցափունջն է շպրտում նրա պառկած բազմոցի կողմը, Նազարը զգուշանում է,- Կնի՜կ, միլիոնն էկավ: Էլի չփախցնե՜ս: Ու մի օր սկսվում է ամենօրյա նույն խոսքուզրույցն այլևայլ հորմոնածին շեղումներով, ինչն էլ պատճառ է դառնում էս ամբողջ պատմությանը:
Ուստիան,- Դե գնա խանութի պարտքերը փակիր, լիքը առևտուր բեր:
Նազար,- Հանգի՜ստ, հեսա փողաբեր մտքերս հմայչացնեմ, Հնդստանից կամ Արաբստանից մի ներդնող կպցնեմ ու հարստանամ: Դու առևտրի ցուցակը լցրու՜:
Ուստիան,- Ինչքա՜ն: Հաց չկա, պանիր չկա, յուղ չկա, միս չկա, ձավարեղեն չկա՜:
Նազար,- Իյա՜: Բա սովա՜ծ եմ: Էս ի՜նչ տուն ա: Կրծելու բա էլ չկա՞, բեր:
Ուստիանի ձեռքին փայտ է հայտնվում,- Դատարկ կաթսաներ ու էս փետը: Ծեծե՞մ, կրծես:
Նազարը զգուշանում է,- Հանգի՜ստ, եզակիս: Իմ ցնցող գործերից ու փողերից դեռ շշմելու ես:
Ուստիան,- Դու գնա հողամաս, որ ծառերն ու անասունը շշմեն, ես կցնցվեմ: Ծառերը չորացած, միրգը փտած, անասունը սոված, տակը հոտած:
Նազար,- Շա՜տ ես տկար հոգևոր թռիչքիս մասնակցելու: Վեհ մտքերս քաշում ես աթարի մեջ, ֆու՜: Բա որ մուսաս իջնի, ու ես աթարի մեջ լինե՞մ: Չորացած ծառի ու քոսոտ կովի պատճառով միլիոնս գնա կորի՞:
Ուստիանը մոտենում է, բայց Նազարն արդեն սեղանի
տակ է,- Կամ ՝ տան ապրուստը, կամ՝ մուսայիդ գալուստը, անբան: էդ ու՞ր էլի, դու՛րս արի, գնա կորիր աչքիցս:
Նազար,- Չերազես: Տղամարդ եմ, իմ ասածով է լինելու, ու դուրս չեմ գալու, տգետ կին: Որկրամոլի ցնդած զրույցներով մեզ գցել ես ճղճիմ անորոշության ցեխը: ,- Ուստիանը փայտով հարվածներ է ուղղում սեղանի տակ,- Վա՜խ, վա՜խ: Համ տգետ ես, համ՝ լաչառ,- սեղանի տակից փախչում է բակ, մտնում կարտոֆիլի հորը,- Ֆու՜, զզվելի է, բայց ապահով: Չհասկացված ու մաքուր երազանքի կեղտոտված զոհ եմ:
Ուստիանը ևս դուրս է գնում բակ, փնտրում Նազարին,- Ու՞ր ես: Էսօր հաց չեմ տալու: Ի՜նչ կա, որ ինչ տամ: Մուսադ էլ թող հետը սուրճ ու շաքար բերի, որ չուղարկես մուրալու: Հետո նրանց զուտ ընտանեկան ինտիմ զրույցին ակտիվորեն միանում են հարևանները: Նախ միջամտում է աջ կողմի հարևան Սահակն իր երկհարկանի տան դեռ անպատրաստ երկրորդ հարկի չեղած պատշգամբից, -Ուստիան ջա՜ն, մարդ չի դառնա՜, արի՜: Չի էլ նիհարում, չե՜մ հասկանում:
Իսկ Սահակի կին Արուսյակը Նազարի տաղանդի երկրպագուհին է և միշտ նրան է սատարում բակում դրված նստարանից, ձեռքին գրքեր, կողքին՝ մրգեր, - Դուք չե՜ ք հասկանա: Նրանը հոգևոր սնունդն է: Գոնե տեսե՞լ եք: Ի՜նչ ջրալի է:
Նազարը փոսից ծիկրակում է,- Կեցցե՜ ս, հարևանուհի ջա՜ն: Էդ տա՞նձ էր, ա՜ խ: Սկե, չխառնվես ու սիրունիս ջան չասես, եղա՞վ: Իջիր էդտեղից, թիթիզ:
Սահակ,- Բայց ու՞ր ես:
Ուստիանը մոտենում է հորին,- Ինքը կասի, դու չես ասի: Շունն էդտեղ չի մտնում, դու ո՞նց մտար: Չես էլ նիհարում, տախտակների արանքից ցած ընկնես, էլ չփնտրեմ, ու՜յ:         Արուսյակը, որ շատ թանկ գրքեր ունի իր գրադարանում, սատարում է գաղափարի զոհին,- Հարևան, հոգեպրկվիր,- ու բխկոց է արձակում,- էսքա՜ն էլ ճիշտ:
Հմայակը, որ ձախ կողմի հարևանն է, բայց տունն առայժմ մի հարկանի է, ևս միանում է խոսքուզրույցին իր տան ծածկով բակի նստարանից, որտեղից մանրամասն երևում է Նազարի բակը,- Տղամարդու համ չի՜ տալիս, հարևանուհի:
Նազարը բարկանում է առայժմ Սահակի հասցեին,- Ժամը հինգից է գործի ու դեռ իմ տրամադրության տակ է, եղա՞վ, Սկե : Լավ է պայքարի ոգին նեխահոտ փոսում, քան վայելքի ախտը՝ պլպլան աղբում: Ի՞նչ ես ծիկրակելու, չտես: Չի լողանալու՜: Սահակ,- Վախիդ փոսից դուրս արի, տղամարդու կաղապար: Կապե՞լ է, թե՞ ծեծում է:
Նազարը հորից ձեռքը պարզում է դեպի Ուստիանը,- Օ՜, նրբագեղ տիկի՜ն հայոց մարտնչող լեռների, հեռացիր, որ մոտենամ,- ձեռքն ուղղում է Սահակի կողմը,- Դու ի՜նչ ես հասկանում կնոջ մեծարաքից:
Այուսյակը զկրտում է, հաշվելով մրգերը,- Օ՜, հուզի՜չ է և համոզիչ… հասկացողի՜ համար: Հոգով կողքիդ եմ, հարևան: Էս ո՞վ կերավ, պրծա՜վ:
Ուստիանը դիմում է Արուսյակին,- Թե համբերես, պոեզիա ջան, կշպրտեմ քեզ ՝ իր հոգով ու հոտով, թռվռացեք: -նայում է փոսի մեջ,- Կամ էլ էդտեղ մնա, կերդ կտամ, անիմաստ էակ, շան կյանքով ապրող, անհարգանք վարքով:
Հմայակը հանկարծ հուզվում է,- Ըսենց գեղեցկուհին սոված ու կիսատկլոր, ա՜խ: Հմայակի կին Աղավնին առիթ անառիթ խանդում է Ուստիանին, ու միանում է զրույցին զարտուղի ձևերով:
Նստում է Հմայակի կողքին,- Մեջքս մերսի՜ր:- Հմայակը մերսում է, նայելով Ուստիանին, ինքը շշնջում է,- Ախր մեջքիս նայիր: Նայելու ի՞նչ կա, որ ես չունեմ:
Արուսյակը նորից է բարելավում Նազարի բարոյահոգևոր ռեյտինգը,- Տանջահա՜ր հոգի, նյութականի ծառաներին անհասանելի:
Նազարը վախվորած ծիկրակում է,- Քի՜չ մնաց, հարևանուհի: Հեսա բարձրահարկ եմ գցում ու վերևից նայեմ դրանց: Չգնաս, ախչի, էդ թիթիզի համար աշխատելու: Մի մարդ, որ չգիտի, ինչ է դեմոսը…
Սահակը հանկարծակիի է գալիս,- Դեմդ չգիտեմ, իմ դեմս գիտեմ, եղա՞վ: Ու դա դու հետո կհասկանաս, հիմա՜ր:
Նազարը ծիծաղում է բնից դուրս ու արագ ներս քաշվում, - Էդ չե՞ս, գռեհիկ անգրագետ: Էդ էլ հարևանդ, նյութապա՜շտ տիկին: Սահակն էլ է ծիծաղում,- Դեմն է խաղացնում փոսում կծկված, սոված անբանը:
Արուսյակն էլ է ծիծաղում զկրտոցախառն,- Հումորը կփրկի հոգևոր սովից:- ու դիմում է Նազարին,- Հարևան, հոգեպարար ցավերով ծնում եմ երանավետ բառին հարմար հանգով բառ: Թող այսօր էլ գա: Հենց բառը ծնեմ, ինքս ճաշեր կեփեմ Սահակիս համար:
Նազար,- Ա՜խ, երանավետ չարչարանքի նահատակ: Փորձեմ աջակցել: Օրինակ՝ կոտլետ, սերվելատ, կոնֆետ, քաղցրավետ, խորովածամետ, ա՜խ:
Սահակ,- Հոտած կարտոլի հոտ, վը՜խկ:
Գեղագետ Արուսյակը զկրտալով վերլուծում է նախ Նազարի առաջարկը,- Բա թեմատիկա՞ ս:
Նազար,- Իսկ համը՞ լավաշով, մսով, պանրով: Դա հաճելիի հանգն է, լավաշ .. է՜, հարևանուհի:
Հմայակը, կնոջը մերսելով ու բացառապես նրա մարմնին նայելով, քյուֆթայի միջոցով խցկվում է դրկից ամուսինների բուրավետ արանքը,- Ճի՜շտ ես անում, Ուստիան: Վաղը քյուֆթա ենք գցում: Առանց քեզ չի գցվի ու չի ուտվի: Իրան՝ հանգերի տանջանք, մեզ՝ բարի ախորժակ:
Աղավնին հայացքով խանդի սպառնալիք է կրակում ամուսնու ուղեղին,- Բայց մոր՜ս եմ կանչել քյուֆթա գցելու: Ներքև իջիր, ա՜խ, ապրե՜ս: Խաղա՜ մի քիչ:
Հմայակը կրակոցից խույս է տալիս,- Ավելի լա՜վ, Ուստիանն էլ կերգի: Խաղի ժա՞մ է, այ կին:
Արուսյակը, որ հոգևորի ել ու մուտից էլ է բան հասկանում, նորից է փորձում հոգևորի հավերժը ներդնել մոլորված հոգիներում,-Ախր դուք նրա անմահ քառատողերը կարդացե՞լ եք, հոգով սավառնելով երանության այգում:
Սահակն իր ընտանեկան վիճակն է վերլուծում,- Վա՜յ, ցմփորիկ: Բա ինձ պե՞տք էր հոգեպես հարուստ կինը: Նորմալ տղու կնիկ՞ն էլ պոետ լինի: Ծեծին էլ է պոեզիայով արձագանքում:
Ուստիանը գործնական պլան է առաջարկում Արուսյակին,- Քեզ լինեն ինքն էլ, փառատողերն էլ: Փառավորվեք ու հոգեպես թռչեք մինչև ձեր ութերորդ երկինք անվերադա՜րձ:
Աղավնին էլ է երբեմն ինչ ինչ նկատառումներով սատարում Նազարին,- Ա՜խ, խե՜ղճ պոետ, հոգևոր բերքդ հավաքող չկա, սիրտդ կարդացող չկա: Այսօր էլ կքննարկենք, հա՞, պոեզիադ: -Ա՜խ,Աղավնի ջա՜ն,- հորանջելով ոգևորվում է Արուսյակը,- Հոգևորը կորցնում ենք, մսաշատ բրդուճին խոնահվելով: Ու այդ դիրքով ներդաշնակը չե՜ն նկատում: Սովածացա, վա՜յ:
Աղավնին հայացքով մերսում է ամուսնու ցանկությունը, - Համիկս, ջանիկ՜ս, գոմի հիմքը թող Նազարը փորի: Պարտքեր ունի: Հմայակը ոգևորվում է,- Հա՞, ի՜նչ լավ է, համովս: Ուստիան ջա…, էդ անբանին համոզիր, վրադիր շոր կտամ, Աղունս էլ իր շորերից քեզ կտա, ու լա՜վ քեֆ կանենք: Տաս հազար կտամ, մի օրվա գործ է:
Ուստիան,- Վա՜յ, Հմայակ ջա՜ն: Խանութի պարտքից կփակեմ, հագնելու բան էլ չունեմ: Տո շարժվի՛ր, այ տղա:
Նազարն ընտանեկան մտերմիկ քննարկում է անցկացնում,- Ախր ի՜նձ է վերացնում որպես մտածող տեսակ, դարձնում քլունգի կցորդ, հլու Հմոյի հիմար հրամաններն իրականացնող համբալ, ձեր մարդակույտի անիմաստ հավելված, օրվա հացի համար քրտնած ոչնչությու՜ն:
Աղավնին ակտիվանում է,- Տես հա՜, Նազար: Եթե ուզես, կստանաս: Համիկ՜ս, համոզի՜ր:
Հմայակ,- Նազար, չնեղվես: Ես էլ կօգնեմ, կզրուցենք: Կնանիք էլ խոհանոցում կզբաղվեն: Մե՜ղք ես, այ տղա: Մկներն էլ տնիցդ փախան: Գյուղի տունն է՞լ մուկ չունենա, ամո՜թ:
Նազարը հորից մի աչքով դուրս է նայում,- Վաղն էլ ջախո բերանը կասի կնոջս կոշիկը սրբիր: Էլի կանեմ, որպես մեծարանք համեստ հարևանուհուս սլացիկ ոտներին: Քսան հազարով դարձա այ տղա՞: Այ տղան դու՛ ես, որ չես ջոկում ամֆիթատրոնը ֆիլհարմոնիայից:
Հմայակն ինքնուրույն բարկանում է,- Իսկ դու թունաքիմիկատը թույնից, որ գոնե ծիրանի տարում երկու ծիրան ուտես, անբան: Աղավնին ճգնում է երևալ Նազարին,- Տե՜ս, դու ասեցիր, Նազար: Համիկս կփորի հետդ, մենք էլ Ուստիանիդ հետ պահածո կփակենք, քո գյուտերը կչփխենք:
Հմայակը հորանջում է,- Թեկուզ արժան չի, բայց կանեմ, կյանքս: Լսեցի՞ր, ա՛յ փուչ անհեթեթություն:
Նազարն անհասկանալի մռթմռթոցներ է արձակում ու ետ մտնում իր թաքստոցը:
Ուստիան,- Չէ՜, ամոթ չունի: Ես հետդ կփորեմ, հարևան: Թե չէ՝ ամաչում եմ խանութ գնալ:
Աղավնին նախ իր մեջ է եփվում,- Բայց մոտ կթողնե՞մ Համիկիս,- հետո կիրք է լիցքավորում Հմայակի հայացքում,- Ե՜ս կփորեմ ու շոր կառնեմ, որ դու հանես, հետո տամ չունևորին: Հմայակը ձեռքն անհույս հոգոցով թափ է տալիս, հույսով նայում Ուստիանի կողմը,-Չե՜մ էլ թողնի, Ուստիան ջ…, Աղունիս դաշտ կթռցնեմ, կփորեմ: Դու էլ հաց ու թան կհասցնես: Չեմ նեղացնի, ոնց որ մի՜շտ:
Աղավնին ամուսնու հայացքը, մտքերը և ձեռքերը վերադարձնում է իր մեջքին,- Ես վաղը տանն եմ, ի միջի այլո՜ց, ջանիկս: Քո տրամադության տակ: Ա՜խ, ապրե՜ս:
Հմայակի մտքերն առանց աչքերի նորից ծիկրակում են Ուստիանի կողմը,- Ավելի՜ լավ, դու ճաշ կեփես, ինքն էլ թան կտա, սրբիչ կհասցնի: Չէ՞, հարևանուհի:
Նազարն ըմբոստանում է, բայց թաքստոցից,- Առը՜ հա, թե աղա Հմոյին Նազարի կինը թան տա: Չէ՜ չէ՜ մի, իր ձեռքով խմեցնի, ռեխդ սրբի:
Ուստիանի ձեռքի փայտը փոսում փնտրում է Նազարին- Հաստա՛տ խմեցնելու ու սրբելու եմ, հարևան ջա՜ն:
Աղավնին վերջապես ֆշշացնում է և Հմայակին ձևակերպում ֆշշոցի թարգմանությունը,- Պրծա՜վ, ախորժակը բացվել է՜, բայց ես կփակեմ: Վա՜յ, Նազար:
Նազարն ըմբոստանում է հորի անկյուններում,- Վա՜խ, ախչի: Խփելով հո չի՞: Կբարկանամ, հա՜: Չհասկացա՜, բա իմ կտրուկ խոսքը՞:
Ուստիանը փայտով փոսում դիմադրություն է փնտրում,- Ծակը մտած տղամարդու կտրուկ խոսքը ծանրություն չունի: Արուսյակը կանչում է հուսահատ ձայնով, հայացքը երկնքին,- Ախր ինչու՞ եք ճնշում հոգին: Նա փոսում էլ ազատ հոգի է, թռիչքի պատրաստ: Իսկ ձեր միջակայքում թևերը կտրած հա՜վ է:
Նազարի ձայնը փափկում է,- Հավ չեմ, հավք եմ, սիրելի՜ հարևանուհի:
Ուստիանը մտնում է ցելոֆանե պատառոտած ծվեններով կողքերից մի կերպ ծածկած տարածք, հանվում, իր վրա ջուր լցնելու եղանակով լողանում,- Հավ լինեիր, կեփեի՜, հարևաններիս հյուրասիրեի, դառնայի ազատ կին, նպաստ էլ ստանայի՜:

2
Նազարը դուրս է գալիս հորից, ձգվում,- Հիմա նարդի կխաղա՜ն: Ախչի, կմթներ, նոր կլողանայիր, էլի՜: Կամ էլ էդ ժլատենց տանը: Ուստիանն ուրախ է,- Քրտնած գնամ, խնդրե՞մ: Չե՞ ս ամաչի: Սահակն իր դիտակետում դիրք է գրավում,- Համիկ, նարդու ժամն է:
Հմայակը մերսման իր օբյեկտն անտեր թողնելով վազում է դեպի դարպաս, այնուհետև հայտնվում Սահակենց բակում, շտապում երկրորդ հարկ,- Վա՜յ, ապրե՜ս դու: Ասա, չշտապի: Աղավնին հոգոց է հանում, ևս նայում Ուստիանի կողմը,- Հացի կգնա՞ս, թե՞ բաղնիքից հետո: Խաղի ժա՞մ է, այ մարդ:
Հմայակն ասում է ամենօրյա նույն խոսքերը,- Նարդի գցեմ, գամ, տի… չքնա՜ղ, այ քեզ բա՜ն:
Նազարը կատաղում է,- Մի՜ նայեք, տղերք, Ուստիանս լողանում է: Չտեսներ, ի՞նչ կա չեղած պատշգամբում:
Ուստիանն ազատորեն լողանում է, կարծես զգալով իր մարմնին ուղղված ցանկությունը,- Քո ավերակի չափ չկա՞, մեծաբերան: Ամոթ չունե՞ս:
Նազարն անարդյունք փորձում է ցելոֆանե ծվեններով սահմանափակել կնոջ մարմնի տեսողական հասանելիությունը Սահակի բարձրակետից,- Չե՞ս ջոկում, որ եղած չեղածիդ են նայում: Կատաղում եմ:
Ուստիանը նայում է պատշգամբի կողմը, ձեռքով անում,- Ուզում են՝ թող նայեն: Դու էլ ամոթ ունեցիր ու կամ էս լողնոցը փակիր, կամ՝ իրենց աչքերը, կամ էլ՝ բերանդ:
Հմայակը ոգևորվում է Ուստիանի ողջույնից,- Մենք մեր բնությանն ենք նայում: Ուստիանը կինդ է, մարմինը՝ բնությունը: Հայրենի բնությանը նայելու իրավունք չունե՞մ: Նազար,- Քո տան բնությունը հայրենի չի՞, վայրենի է՞:
Աղավնիի կանացի ինքնասիրությունը այլաբանորեն դեղին քարտ է ցույց տալիս ամուսնուն,- Դու կասես, հարևան: Համիկիս էլ կբացատրես… պոեզիայով:
Հմայակը գրպանից հեռադիտակ է հանում, բոլորից թաքուն դիտում Ուստիանին,- Աղունիկ ջան, Թալինցուն իրավունք չկա՞ Լոռվա սար ու ձորով էլ հիանալ:
Աղավնին արդեն կարմիր քարտ է ուղարկում,- Քեզ խոր Վիրապ եմ ուղարկելու, որ երկա՜ր զննես ու երկար խորհես:
Սահակը նարդի է խաղում Ուստիանի կողմը նայելով,- Շուտ ջարդեմ, վազեմ, նռան ջուր բերեմ: Ուստիանը սիրու՜մ է: Ուստիանը գլուխը դուրս է հանում, Սահակին ողջույնի ժեստ ուղարկում,- Ապրե՜ս, հարևան: Իրիկունը քո սիրած երգը՝ քեզ նվեր:
Նազարը նորից մռթմռթում է,- Բայց ո՞վ կթողնի, որ երգես էդ թիթիզի համար: Էժան հյութով համերգ ես տալու՞:
Ուստիանն արդեն երգում է,- ճաշ եփեմ, տները մաքրեմ, երգեմ, որ գործս հավանի, որ անբանիս կերակրեմ:
Արուսյակը փորձում է մինիխանդ ձևակերպել,- Ես էլ քանի օր է, գազով որևէ հյութ եմ խնդրում: Կարելի է, չէ՞, խմել, Ուստիան: Աղավնին խանդը չի թքցնում,- Խե՜ղճ ամուսինս, ջրազուրկ եղար: Արի՜, ես էլ կլողանամ:
Արուսյակը հորանջում է,- Ես էլ կսկսեմ դրսում լողանալ: Հետաքրքի՜ր կանցնի, մրցույթի նման:
Սահակը նայում է Ուստիանի կողմն ու լեզուն չփացնում,- Խելո՜ք, գնդլիկ: Սոչիում կհանվես: Ռուսները մերոնց պես չտես չեն, էնտեղ լիքն եք:
Հմայակը հաճախակի փոխում է դիտակետը,- Ի՜նչ է երևում, որ ձենդ գցել ես:
Նազար,- Ախչի, պրծի՜ր, ծածկվիր դրանց պիղծ հայացքներից: Ուստիանը դուրս է գալիս մարմինը բաղնիքի սրբիչով փաթաթած,- Ինձ են նայում, դու՞ ես նեղվում: Սահակն ու Հմայակը համաժամանակյա, բայց առանձին առանձին ժպտում են Ուստիանին,- Բաղնիքդ անու՜շ, հարևանուհի:
Ուստիանը նրանց կողմ ամոթխած ժպիտ է ուղարկում,- Ձեզ էլ՝ անու՜շ օր:
Հմայակից հոգոց է լսվում,- Ա՜խ, ինչի անտեր ոսկի լինու՞մ է: Սահակը հավաքում է նարդին,- Վազեմ խանութ: Համիկ, հանձվում եմ քեզ է՜լ, հարևանուհուս հրամաններին էլ,- շտապով իջնում է առաջին հարկ, մտնում տուն:
Հմայակն իր բակ է վերադառնում, մոտենում կնոջը, - Ի՜նչ կարճ նարդի էր: Հագ… ջարդեցի եկա, տիկին՜ս,- հոգոցով համբուրում է կնոջը,- Պառավ յարս թա՜նկ է, թա՜նկ,- Աղավնին նրա որևէ տեղն ի սրտե կսմթում է,- Ա՜խ:

3
Ուստիանը Սահակենց տանը երգելով գործ է անում: Նազարը իրենց և Սահակենց միջհողամասային ցանցապատ ցանկապատի մոտ է,- Ու՞ր ես: Սովա՜ծ եմ, անխի՜ղճ :
Գալիս է Արուսյակը, ձեռքներին՝ կաթսա և մրգերով և հյութերով տոպրակներ,- Եկա վարպետ, թեթև կծմծելու պաշարով: Ահա իմ վերջին հանգավորումը; «Ես քեզ տեսա ճաշելիս՝ այգում տխուր և հայացքով երանավետ, / Ավա՜ղ, դա իմ հույսն էր, բայց ինչու է սերուցքամետ»: Տեղը տեղին է, չէ՞: Աղավնին իր դիտակետից որսում է ժամադրված զույգի ամեն շարժում և շշուկ,- Սպասեք բնական արհավիրքի, բնության սուտի սիրահարներ:
Նազարի հայացքը սոսնձվում է Արուսյակի լիցքավորման կաթսային, - Հանգը՜, բուրմունքը՜, լավաշը ընտիր են- հարվածում է ցանցին,- Ո՜նց կծեծեի էս ցանցի հեղինակին ու տիրոջը:
Արուսյակը բրդուճ է հավաքում,- Չի կարելի խանդել հոգեկից հարևանուհու կեսին: Ամուսնուն՝ ամուսնունը, լավ հարևանին՝ տակի մնացածը, որ էլի քիչ չի: Լա՜վ պահ է՝ թեթև, ախորժաբեր: Լավաշի կտորներ է անցկացնում ցանցի միջով,- Աղաչու՜մ եմ, լեզվով,- Նազարը լեզուն է պարզում,-Պաշտում եմ, երբ ծամածռվում ես: Հուզիչ բաներ կպատմես, որ քիչ զկրտամ: Նազարը փայտե արկղը հարմարեցնում է, բարձրանում վրան,- Բեռնեք տոպրակը, չխղճա՜ք,- Արուսյակը որոշ կտորներ է դնում տոպրակի մեջ,- Էլի՜, սոված սիրահարի՜ն:
Արուսյակն ավելացնում է ինչ որ կտորներ,- Շա՜տ շատակեր ես, չարաճճի: Բա ես սոված մնա՞մ: Ու չգոռաս: Սահակս էլի կդաստիարակի, որ չկծմծեմ ընթրիքից առաջ: - Նազարն օրորվում է, ընկնում ներքև,- Ըհը՜, լավ եղավ, ուտելիքի մոլագար: Շատակերությունը վնաս է,- տոպրակը շպրտում է Նազարի կողմը, բայց միջի պարունակությունը թափվում է գետնին:
Նազարը դրանք վերցնում է, փչելու միջոցով մաքրում և ուտում: -Ի՜նչ ծիծաղելի ես: Քո հետ լա՜վ է: Սահակս շա՜տ է խոսում, միսս բրդուճ է ասում: Իսկ դու հարգում ես, չէ՞, իմ ներքինը:
Նազար,- Նաև՝ ազդեցիկ արտաքինը: Դե, լսեք: Գեղեցկուհուս փախցնում է մի ուտող խմող, տանում, մերկացնում,- Արուսյակը ձգվում է, զննում իր մարմինը, շուրջը,- փաթաթում լավաշներով, սիրուն բերանիկը խցկում բրդուճ, մեջը՝ պանիր, ձու, երշիկ, համեմ: Ո՜նց կուտեի բերանիդ եղածը: Արուսյակը բրդուճը հետ է քաշում,- Չե՜մ տա, կծել եմ: Չշեղվես, դժվար եմ շնչում:
Նազար,- Չարագործը սիրունիս ականջիկները փակում է տոլմայի փաթեթներով, որ չլսի, վզիկը՝ կախանի մսով, որ չթեքի, նրբին շրթները խցանում ապխտած մսով, ուսերը՝ փախլավայի կտորներով, որ չշարժի, թշիկները՝ կոտլետներով, որ չլացի, աչիկները՝ ձվածեղով, որ չտեսնի, թևերը՝ քյաբաբով, որ չպայքարի: Իսկ ես սովա՜ծ եմ:
Արուսյակը ցանցի միջից մսի փոքր կտորներ է անցկացնում, դնում Նազարի լեզվին,- Եթե մթերապատում է, որ չսովեմ, ուրեմն՝ պաշտում է: Ախր ծամիր գոնե: Հետո՞:
Նազար,- Ախր քի՜չ է, քի՜չ,- Ուստիանը զբաղված է իր նոր բրդուճի դիզայնով,- Հա, իսկ չքնաղ կրծքին շարում է թարմ քյուֆթայի գնդեր: Ա՜խ, չե՜մ դիմանում:
Արուսյակը վրա է բերում խալաթը, ծածկում կուրծքը,- Որ ինչ, խուժա՜ն: Նազարը ցանցից չի հեռանում,- Գրեք, ասում է ավազակը, որ դառնում եք իմ ուտուշ խմուշի օբյեկտը: Ամեն օր մերկ կպառկեք,- Արուսյակը թողնում է ծամելը, նորից զննում իրեն, շուրջը,- կմսապատեմ ու կխժռեմ, կցելով կայֆը հաճույքիս: Ու պարզում է գրիչը՝ մինի քյաբաբից, թուղթը՝ թարմ լահմաջոյից:
Արուսյակ,- Ապու՜շ... չեմ ուզում: Ես անշարժ պառկեմ, ինքն ուտի, ես անիմաստ տքա՞մ: Դրա համար գեղեցկուհի՞ են փախցնում, ապուշ: Բա որ անկուշտ ընկերներին կանչի, ինչքա՜ն եմ տքտքալու:- հյութ է լցնում, խմում, բխկոց արձակում,- Լա՜վ էր:
Նազար,- Սկեն հախուռն լալիս է հենց այստեղ, - Փրկիր, քաջ հարևան, ու քեզ խանգարող էս ցանցը կվերացնեմ: Նազարը Սկեին թողնում է ողբալով ու սլանում, կրկնելով՝ ա՜խ, արդյոք կհասցնե՞մ տեսնել հարևանուհուս ախորժաբեր թշերի կոտլետները, կրծքի գռգռիչ քյուֆթաները:
Արուսյակը դողացող ձեռքերով նոր բրդուճ է փաթաթում,- Օ՜, այո: Դու արժանի՜ ես դրանց, ի՜մ հերոս: Շեղվեցի, միսը քիչ եղավ,- զկրտում է, - վա՜յ, էս ինչքա՜ն հուզվեցի:
Նազարը լեզուն մոտեցնում է ցանցին,- Դե, էլի՜ կտորներ: Արուսյակը ցանցի միջով լավաշի և մսի փոքր կտորներ է դնում Նազարի բերանը,- Շա՜տ ես շեղվում: Ախր դողո՜ւմ եմ: Փրկիր ինձ, երկա՜ր ծամիր:
Նազարը կուլ է տալիս կտորները,- Նրա չոր, բողկի համ տվող բառերը մնացին գեղեցկուհուս կոկորդում: Կծու, թթու, դառը հռհռոցը կապեց նրա սրտիկը, հոտած պոմիդորի նման դեմքը պատճառ դարձան աղի արցունքների:
Արուսյակը դադարեցնում է ծամելը,- Իյա՜, ուրիշ մեկը չկա՞ր, ինձ փախցներ: Տեսնես՝ մտքինն ինչ է: Ասում են՝ հրեշները վառ երևակայություն ունեն:
Նազարի ժեստիկուլյացիաներն ակտիվանում են կաթսայի դատարկվելու հետ,- Նազարը գալիս է, հրեշին ծեծում, ուտելիքների տակ գտնում իր գեղեցկուհուն ու ճչու՜մ: Արուսյակը ճչում է, կիսատ բրդուճը դնում կաթսայի մեջ,- Ա՜խ, իմ հերո՜ս, վերջապե՜ս: Խեղդվեցի, ա՜խ: Որ էդպես է, հենց դու էլ կվայելես եղածս:
Նազար,- Հերոսը, տեսնելով Արուսյակի անձայն արցունքներն ու կապանքները, հապշտապ ընկնում է հարևանուհու վրա: Արուսյակը ձեռքը հեռացում է կաթսայից,- Արդյո՞ք դրա ժամանակն է, իմ հերոս: Նախ՝ ապակաշկանդիր:
Նազար,- Այդ կաշկանդիչները վերացնելու միակ ձևը դրանք ուտելն է, նրբորե՜ն շարժվելով գեղեցկուհու համո՜վ մարմնի վրայով: Արուսյակը ձեռքը տանում է սրտին,- Հա՜, դե կեր, բայց՝ նրբորեն: Բերանիցս սկսիր: Դե՜ ասա:
Նազարը նայում է կաթսային,- էդ պրծնում է՞: Քանի ուշ չի, էլի՜, Ձեր համով հոտով ձեռով:
Արուսյակ,- Բայց դրա ժամանակն է՞, բկլիկ: Լարվա՜ծ պահ էր: Ես մերկացված, կապկպված, մսապատված: Ու դու իմ վրա պառկած էլի ուտելու մասի՞ն ես մտածում: Ես ո՞նց եմ ինձ զսպում հանուն լարված պահերի: Հապա, լեզու՜ն, - Նազարի լեզվին շարում է լավաշի և մսի կտորներ, - Անխի՜ղճ շատակեր: Երկարաժամկետ չրեր են,- տոպրակ է շպրտում Նազարի կողմը: Նազարը գետնից հավաքում, փչելով մաքրում ու զննում է չրերը,- Շա՜տ հին են, ախր:
Արուսյակ,- Չրի հինը չի լինում, ի՜մ քաջ: Ծամելու ժամկետն է երկարում: Լա՜վ ախորժակ է փակում և չի թողնում չաղանալ: Այսինքն՝ օգտակար է: Զբաղվիր, որ իմ կերից չուզես:
Աղավնին իր թաքստոցում շշնջալով կատաղում է,- Իմ մոտ ավելի՜ վատ բան ես ուտելու, դավաճա՜ն: Ախր ո՞նց ես դրան քսմսվում:
Նազարն ինչ որ տեղից ծղոտ է վերցնում,- Մի քիչ էլ հյու՜թ, խնդրու՜մ եմ,- ծղոտի միջոցով խմում է Արուսյակի պարզած բաժակից:
Արուսյակ,- Հերի՜ք է: Ես որ շատ եմ խմում, քնում եմ,- իրեն լցնում է, խմում, բխկացնում,- Ուխա՜յ, հանգստացա: Սերիալի պես լարված պահին գովազդդ մտցրիր: Ուրեմն դու իմ վրա էիր ուտելու եղանակով ինձ փրկելու նպատակով:
Նազար,- Քաջ Նազարը, շոշափելով, շշնջալով ու հոտոտելով գտնում է նրա ախորժաբեր մարմնի վրայի ուտելիքները, շրթներով ու լեզվով նրբորեն վերցնում շրթների ապխտած միսը, ականջների տոլման, աչքերի ձվածեղը, ու վրա է ընկնում ախորժաբեր քյուֆթա կրծքերի՜ն:
Արուսյակը զկրտում է,- Վա՜յ, հուզվեցի կրծքերիս վրա հասնելու պահով: Վարպետ, պետք է ախորժակս գռգռես, ոչ թե՝ սիրահարի քո երևակայությունը: Գոնե կիսաձա՜յն ֆսֆսացրու: Նազար- Ախր մենք արվեստի գծով ենք: Դա ուրիշ ոլորտ է: Արուսյակը ոսկոր է զննում,- Մոռացե՜լ էի, որ արվեստից ենք: Առաջ գնա, բայց ծոցումս չկիրառես ոչ սննդային ակտ: Ինքը տեր ունի, ես էլ՝ խուտուտ: Բռնիր մրցանակդ,- ոսկոր է շպրտում Նազարի կողմ, բխկացնում,- շա՜տ հուզվեցի: –Նազարը բռնելիս ընկնում է,- Ի՜նչ ծիծաղելի ես: Համ կշտանում եմ, համ՝ ծիծաղում: Հիմա ուտեմ, էլի կշպրտեմ:
Նազարը զննում է ոսկորը,- Սրա ինչը՞ ուտեմ, այ դե.. ղեցկուհի: Ախր ինչու՞ ես իրեն մսից լիարժեք զրկում, իմ քաղցրանուշ: Մսի մանրուքները թող քո փրկչին:
Արուսյակը սննդի կտորներ է շարում Նազարի լեզվին,- Չեմ կարող, խի՜ստ մաքրասեր եմ:
Նազար,- Ա՜խ: Քաջ հարևանը գեղեցկուհու վրա զգուշորե՜ն առաջնորդվելով, շտապ ուտում է փափուկ ուսերի փախլավան, յուղոտ վզի կախանին, մսոտ թշերի խաշլաման: Ա՜խ:
Արուսյակ,- Հանգի՜ստ կեր, չխեղդվես, իմ հերո՜ս: Ես կդիմանա՜մ, կհամբերե՜մ:
Աղավնին վայելուչ ձևով է հրամցնում իր ապրումները, չփչացնելով հարևանության համ ու հոտը,- Բարի ախորժա՜կ, հարևաններ: Անցնում էի, լսեցի, ուրախացա՜, որ երկուսով քեֆի եք:
Նազարը կծկվում է Աղավնիի ուղղությամբ, հասկանալով ակնարկի ենթատեքստը,- Տղամարդն ինչքա՜ն էլ կուշտ լինի, հարևանուհի, քո ձեռքից մի սովածի չափ կուտի:
Աղավնի,- Ուտելու՜ ես, պոետավարի:
Արուսյակն այլևս Նազարի հետ խոսում է բացառապես Աղավնիի համար,- Ի՜նչ գունագեղ եք նկարագրում: Ո՜նց եմ Ձեզ հասկանում, որ ուզում եք ինձ ուտել: Իրո՞ք այդչափ համեղ եմ: Աղավնիի զայրույթն արդեն կրիտիկական մասսային է հասնում,- Նրա ճաշակն է: Սատկած կատու էլ է կերել: Չի՞ պատմել:
Նրբաճաշակ Արուսյակը թեման թեքում է հաճելիի ոլորտ,- Իմ մասին էլ ի՞նչ կասեք, հարևան: Ի՜նչ համով երևակայություն ունեք,- ու շշնջում է,- Ախր ինչու՞ հետևողականորեն ինձ չի հավանում:
Աղավնին հազոցով հիշեցնում է արվեստամոլ զույգին, որ ատում է դավադիր շշուկները:
Նազարը վախից այնքան ցածր է խոսում, որ վստահ չի, ասեց, թե՝ ոչ,- Խանդու՜մ է, սիրունս:
Միամիտ ու անթշնամի Արուսյակը դեռ խոսում է Աղավնիի համար,- Բայց, ախր, արտաքին բավարար տվյալներ չունի ինձ խանդելու համար, չէ՞:
Աղավնիի երկրորդ հազը սև ամպեր է ուղարկում նրանց կողմ, ու Նազարի ձայնն էլ է կծկվում մարմնի հետ,- Ճաշակի հարց է, ճշտողն էլ ճաշի կաթսան է:
Ամպրոպաբեր ամպերի մի մասը ցրում է Ուստիանը,- Տիկին պոեզիա, արի, պատրա՜ստ է:
Արուսյակ,- Ամենալարվա՜ծ պահին: Էս հանգն էլ գտնեմ ու գամ: Մտամոլոր՝ օլոր- ոլոր:
Ուստիան,- Արի, այ կլո՜ր, ուշ է՜:
Արուսյակ,- Հա էլի՜, ճիշտ որ: Եկա,- հավաքում է իր ներշչանքի ատրիբուտները՝ փաստորեն դատարկ կաթսան ու տոպրակները:
Նազարը լրիվ է խեղճանում,- Ի՞նչ է սարքել: Ա՜խ, Ուստիան, ո՜նց ինձ չի հասկանում:
Արուսյակը թուքն է կուլ տալիս,- Տոլմա խաղողի թփով: Երանի՜ քեզ, ամեն օր քեֆ է ձեր տանը: Վա՜յ, արդեն սովածացա: Նազարն ասում է, գիտենալով պատասխանը,- Ես էլ: Մնացորդը շպրտիր, նոր գնա, իմ փերի:
Արուսյակը հմայիչ ժեստով գրկում է կաթսան,- Չե՜մ տա: Բա գիշերը որ զարթնեմ, ի՞նչ ուտեմ: Շնորհակա՜լ եմ, վարպետ, երանավե՜տ երեկոյի համար,- ու շտապում է իրական տոլման և իր վերացական մտքերը կիսել իր իրական ամուսնու և Նազարի վերացական կնոջ հետ:
Նազարը բարձրաձայն է մտածում,- Չէ՜, դատարկ բրդուճ է: Գնամ գաղափարական զրույցի Աղավնիի հետ, քանի Հմոյի ֆուտբոլի ժամն է: Խիստ է, բայց խորիմաստ խիստ է:
Աղավնին նստում է բակում դրված դաշնամուրի մոտ, նվագում ու երգում: Կանայք սովորաբար երգելով նկարագրում են կարևոր դեպքի կամ դեմքի սպասման հաճույքը:
Նազարն անցնում է ցանկապատի բաց մասով Աղավնիենց բակ, նստում քիչ հեռու, երգով հիանալու ձև անում,- Շա՜տ անտաղանդ դաշնամուր է: Նվագը երգի հետ չի բռնում: Աղավնին դադարեցնում է իր և դաշնամուրի անպտուղ մենամարտը, վերցնում դաշնամուրի վրա դրված ծառի ճյուղը,- Վա՜յ, հոգնեցի: Հը՞, անիմաստ ծամածռվեցի՜ր ու վերացական սիրուհուդ վերացական ուտելիքից սովա՞ծ մնացիր:
Նազարը կծկվում է,- Հա՜, Աղունիկս: Շուտ մի բան տուր, ու սկսենք հիմնական գործընթացը:
Աղավնին Նազարի կողմն է պարզում ձեռքը,- էս ի՞նչ ա: Նազարը զգուշորեն համբուրում է Աղավնիի ձեռքը ,- Գեղեցի՜կ ձեռք գեղանի տիկնոջ:
Գեղանին մի ձեռքով բռնում է Նազարի ականջը, մյուսով բացում կրծքի մի մասը,- Էս ի՞նչ ա:
Նազարը փորձում է մոտիկից տեսնել «դա»- ն, բայց Աղավնիի ձեռքում գտնվող ականջը աչքերից խիստ հետ է մնում,-Ա՜խ, չքնաղագույն կանացի կուրծք:
Չքնաղագույնի տերը մեծ ռադիուսով տարուբերում է Նազարի ականջը գլխով հանդերձ,- Իրանը թարմ քյուֆթա էր, չէ՞: Նազարն ընկնում է Աղավնիի ոտքերի մոտ,- Սովից անջատվա՜ծ եմ: Մի բան կծեմ՝ գովերգեմ քեզ էլ, կուրծքդ էլ, դեմքդ էլ, երգդ էլ, ոտքերդ էլ, կոնքերդ էլ, տո… Հմոյիդ է՜լ:
Աղավնին ինչ որ բան է պարզում,- Կեր, պոե՜տ: Նազարը զգուշորեն հոտոտում է,- Ախր ուտելու բան չի՜:
Աղավնին ինչ որ բանը մոտեցնում է հյուրի բերանին,- Կե՜ր:- Նազարը բերանով վերցնում է կերը,- Ա՜յ, սիրտս հովացավ: Մոտը ժի՜ր էիր:
Նազարը շշնջում է դեմքը ծամածռելով,- Զվարճանում էի հիմարիկի հետ, տիրուհի:
Աղավնին ուտելիքի նոր բաժին է մեկնում, ժպտում,- Դե ասա, ո՞վ է թաղի ամենասիրունը:
Նազարը բերանով է վերցնում ուտելիքը, -Երազանքս, դեմքը՝ հմայիչ, վարքը՝ գրավիչ, ծիծաղը՝ վարակիչ, հայացքը՝ սպանիչ: Աղավնին նոր ուտելիք է պարզում, Նազարն ուտում է նույն ձևով,- Ապրե՜ս: Ու՞մ մարմինն է սլացիկ, շարժումները՝ գեղեցիկ: Նազարի դեմքը գամված է Աղավնիի կերակրող ձեռքին,- Քոնը, քոնը՜: Ա՜յ, կծու էր, թքեմ, հա՞:
Աղավնի,- Տես, լրիվ չթքես: Երբ ասում ես՝ քոնը, պետք է աչքերով ինձ ուտե՜ս, ոչ թե՝ թքես:
Նազար,- Բայց կճիպոտես: Աա՜,- սեղանի գավաթից ջուր է խմում, անցնում նույն դիրքին: Աղավնին թույլ ճիպոտում է,- Բա դու ո՞վ ես, որ ինձ տնտղես… աչքերով, նվաստ պոետ:
Նազար,- Ի՞նչ անեմ տիրուհուս համար:
Աղավնի,- Դու ի՜նչ, ա՜յ խեղճ: Իսկակա՜ն տղամարդ եմ երազում: Նազար,- Շշնջա, ամեն ինչ կանեմ:
Աղավնի,- Տղամարդը չի հարցնում: Նա գիտի կնոջ ուզածը: Նազարը չորեքթաթ դիրք է ընդունում, դիմացը տետր դնում,- Մեջքս քեզ է ուզում: Թռցնեմ գեղեցիկի աշխարհ, տիրուհի՜: Աղավնին նստում է Նազարի մեջքին,- Ասա՝ խաղաղվեմ: Նազարը կարդում է տետրից, մեջքի ռիթմիկ շարժումներով- Հրա՜շք ես, իմ սեր: Ո՜նց չգովեմ քեզ, դեմքդ սիրունի՜կ:- Աղավնին ուտելիք է դնում Նազարի բերանը,- Ի՜նչ զզվելի էր,- ճիպոտի հարված է ստանում,- Չէ, ուտելիքը չէ: Իմ կարծիքը, իմ սե՜ր: Աղավնի,- Ինձ էլ ուտելիքով ասա՝ քյուֆթա՜, հարիսա՜, տոլմա: Դե՜…
Նազարը դեմքը քորում է ծածկի սյունին քսելով, կարդում- Ահա երկուսով ենք, կարծես երազում: / Երջանիկ պահն է նվաստիս, քեզ ու քոնն եմ ուզում,/ Հրա՜շք է այս պահը, հրաշք ես դու,/Հոգևոր սննդի իմ պատվիրատու: - Արուսյակն իր ձեռքով կերակրում է Նազարին, սա դեմքը ծամածռում է, շարունակում կարդալը,- Հիանու՜մ եմ, հիանում անվերջ,/ Երազների իմ թագուհի՜, /Ախ, միթե՞ գտել եմ իրոք,/Գեղեցկության իդեալն այսքա՜ն մոտ:- կերակրի նոր բաժնից դեմքը ծամածռում է,- Ախր ինչու՞ ես տանջում, տիրուհի:
Աղավնի,- Մեջքդ ավելի պոետիկ էր, քան՝ լեզուդ: Ցմփորիդ հեքիաթն էլ: Լա՜վ եմ անում: Վրեժ եմ լուծում բոլորից, ով ինձ ձեռ է առել, սիրո խոսքեր չի ասել, հետևիցս չի նայել, ախ քաշել: Նազարը փորձում է ազդու հայացքով նայել իր հանդիսատեսի դեմքին,- Մի՜շտ քեզ եմ նայել ու երազել, իմ սեր: Գոնե մի թեթև շարժվիր, արվեստս գնահատվի: Աղավնին իր նստատեղի ողջ պարունակութունը շարժում է Նազարի մեջքին, շոյում աչքերը երանությունից փակած Նազարի գլուխը,- Հը՞, դե ասա, ե՞ս եմ սիրուն, թե՞ դրանք:
Նազարը բացում է աչքերը, թույլ ժպտում,- Լա՜վ էր: Իմ տիրուհի՜ն:
Աղավնին լքում է Նազարի մեջքը, նստում թախտին,- Մոտ արի,- Նազարը չոքում է Աղավնիի դիմացը, գլխով հենվում գոգին,- Վաղը բոլորի մոտ կասե՞ս պոեզիայով, որ ամենասիրունն եմ: Նազարը գլխի շարժում է անում,- Կասե՜մ, տիրուհի: Զրկվեմ իմ կերից, թե՝ չասեմ:
Աղավնի,- Ստում ես, ու պետք էլ չի: Կծաղրեն տգետները: Նազար,- Նախանձից է: Ո՞նց գնդլիկին համեմատեմ քո սլացիկ մարմնի հետ, Ուստիանիս լաչառությունը՝ քո կերակրող ճիպոտի հետ:
Աղավնի,- ճի՞շտ ես ասում, չե՞ս խաբում:
Նազար,- Ինձ ե՞ս փորձում: Քո անջրիկ հումորը, դայակի ճիպոտը, երաժշտական ձիրքը՜:
Աղավնի,- Բա՜, հոգին է կարևոր: Ցցուն է, չէ՞, դմփանի ու քո լաչառի հոգևոր տգիտությունը:
Նազար,- Բա ոնց չէ՜: Տեսա՞ր, ինչքան գովեցի: Մի բան տուր, էլի՜: Աղավնի,- Շա՞տ ես սիրում Ուստիանիդ:
Նազար,- Քեզ, տիրուհի: Նա ամեն օր կատաղեցնում է, դու՝ հանգստացնում: Լա՜վ էր:
Աղավնի,- Ապրե՜ս, բա ինչու՞ են տղերքը հիմարանում նրա լողանալիս: Ի՞նչ գաղտնիք ունի:
Նազար,- Նրա զենքն իրեն ցուցադրելն է ու կեղծ ժպիտը: Էս հիմարները կարծում են, թե իրենց է ժպտում, իսկ նա որոգայթում է նրանց ապուշությունը: Քոնը որոշակի է՝ ում ժպտալ, և՝ ինչքան: Ուստիանիս պատճառով հոգեցունց վիճակում եմ:
Աղավնին ուտելիքով ափսե է մեկնում,- Ապրե՜ս, մի քիչ հանգստացա: Տես, ինչքա՜ն բարի եմ:
Նազարը վրա է ընկնում ափսեին,- Իմ թագուհի, պաշտու՜մ եմ քո հսկիչ խստությունը:

  4
Ուստիանը դուրս է գալիս Սահակենց տանից, գնում դեպի իրենց տուն:
Նազարը գլուխը նորից դնում է Աղավնիի գոգին, նայում նրան,- Գնամ, հա՞:
Աղավնին ձգում է հյուրի ականջը,- Հա, վազիր դմփանիդ ոսկորին: Ախ, տեսնես կա՞ իրոք արժանի տղամարդ:
Նազարը գնում է, նստում իրենց բակի նստարանին, մտածկոտ դիրք ընդունում:
Ուստիանը գալիս է, ձեռքին ափսե,- Պոեզիադ տոլմա է ուղարկել: Կեր, գիշերը չնվնվաս:
Նազարը ձեռքը մեկնում է ափսեին,- Երեք հա՞տ: Սոված չեմ: Ուստիան,- Բա ինչու՞ կերար, հպարտ ձրիակեր:
Նազար,- Չե՜մ ուտելու: Բայց համո՜վ էր, ապրես:
Ուստիան,- Սոված սատկում էի՞ր: Վաղվանից կաշխատե՞ս, որ մարդավարի սնվես:
Նազար,- Պետք չի, ու ես սոված չեմ: Երեք տոլմայով վեհանձն հոգի՞ եք որսում:
Ուստիան,- Դժգոհ վեհանձն մուրացկան, երեք աման ինքը կերավ: Մնա մյուս ողորմությանը:
Նազար,- Ի՞նչ ես ուզում ասել: Ես հարևանի համար չեմ երգում, ծիծաղում:
Ուստիան,- Լա՜վ եմ անում: Ծիծաղս վաստակս է, անբան ամուսինս՝ դժբախտությունս:
Նազար,- Հենց դու լավ կին չես: Դեռ կասկածում եմ՝ արդյո՞ք հավատարիմ ես
Ուստիան,- Չթողեիր՝ աշխատեմ: Թե՞ հարմար է էսպես լափելն ու հաչալը:
Նազար,- Դա պատճառ չի հարևանի հետ զվարճանալու: Սահման կա, չէ՞: Քո բաժինը բեր, ամուսնուդ կողքին կեր: Հիմա որ հարստանամ, մենակ վայելեմ, դուրդ կգա՞:
Ուստիանը փայտ է վերցնում, Նազարը փախչում է դարպասից դուրս,- ճիշտ ես, քո սահմանը մեզ բաժանեց: Անփող դռան սահմանը չես անցնելու, անբա՜ն,- փակում է դարպասները: Նազար,- Էս ո՞նց եղավ: Ախչի՜, մութ է, ես մենակ: Մնա վաղը, երդվու՜մ եմ քո արևով:
Ուստիան,- Հազա՜ր անգամ լսել եմ, ուրիշ բան ասա:
Նազար,- Անխիղճ, բա որ մեռնե՞մ: Կմնաս առանց ամուսին, ախր:
Ուստիան,- Նպաստով քեֆ կանեմ ու գոհ սրտով կլացեմ: Մի հատ էլ ասա, գնամ: Ու՜շ ա:
Նազար,- Ուստիանս, բաց արա: Էլ արդեն ամեն ինչ կանեմ՝ Հմոյի փոսն էլ, Սահակի այգին էլ, կովի թրիքն էլ, բաղնիքն էլ, տո՝ քո լվացքն էլ, հը՞:
Ուստիան,- Անիմաստ էակ: Կանես, կմտածեմ: Խելքի գալու գիշեր, վեհ հոգի,- գնում է տուն:
Նազար,- Էս գնա՞ց: Հնարավոր չի՜: Միշտ խղճացել է անխիղճը: Ի՜նչ էլ մութ է: Բա՜ց, մութ է, մենակ եմ:

Հարևանները դուրս են գալիս իրենց տներից, հորանջելով քննարկում ընտանեկան զինադադարի հեռանկարը:
Արուսյակ,- Նորից ի՞նչ է եղել, հարևան:
Նազար,- Ոչի՜նչ: Թեթև վիճեցինք՝ նեղվեցի, զբոսնում եմ: Սահակ,- Դու մենակ էդտեղ հասնող չես: Էլի լարել է: Ո՜նց եմ խղճում: Գնդլիկ, կողքիս եղիր որ չծամես,- Արուսյակը մոտենում է Սահակին, ձեռքին բաժակ, զկրտում: Սահակն այն վերցնում է, միջից չրեր հանում, ուտում:
Նազարը բարձրանում է քարին, որ գոնե Սահակն իրեն տեսնի,- Հազի՜վ լավ բան ասեցիր:
Սահակ,- Քեզ չէ, այ ոչ ու փուչ, իրեն: Մամռոտ քարի պես ծանրացել ես խեղճի բախտին:
Նազար,- Ձեր այդ բզբզիչ մտքերով կտրտեցիք ընտանիքիս սիրո կարերը, ու դուրս գցվեցի:
Հմայակը երկար հորանջում է,- Շու՜տ պիտի լարեր: Խղճալով ձրիակերին դարձրեց փալաս:
Աղավնի,- Ինչու՞ եք ուզում, որ տնից գնա: Հարևան, մնա, որ դաշտդ անմշակ չմնա: Վաղը քաղհանի օր է: Շուտ քնեմ: Հմայակ,- Չի՜ մնա: Բերրի դաշտը բարի տեր կգտնի՜:- Աղավնին կպչում է Հմայակին,- Վա՜խ, բայց ի՞նչ ասեցի:
Արուսյակը բակում ինչ որ բան է փնտրում,- Քառատողերիս չնվնվացող ոգին քեզ աջակից, մարդասե՜ր մարդ,- բխկացնում է,- լա՜վ էր: Հանգստացա:
Աղավնի,- Հարևան, հետդ տար մարդկանց հիմարությունների իմ ցուցակը: Չես կորի:
Սահակ,- Էդ թերությունների գնդին ցուցակն ինչ կանի, Աղավնի: Ո՜վ ուզեց, քշեց:
Աղավնին հնվում է ամուսնու ուսին,- Ի՞նչ: Չէ՜, ճահճից փախիր, հարևան: Նախահարձակ եղիր այս մանրահոգի աշխարհում ու կստանաս:
Նազար,- Չե՜մ ուզում, Ուստիանիս եմ ուզում: Ու՞ր գնամ, գնալու տեղ էլ չունեմ:
Հմայակ,- Գնա, մե՜ղք է տիկին Ուստիանը, գնա:,-Աղավնին գլուխը նրբորեն հենում է ամուսնու ուսին,- Վա՜խ, բայց ի՞նչ ասեցի:
Նազար,- Հմայակ ջա՜ն, Սահակ ախպե՜ր, առաջին անգամը չի: Հենց բակում անկյուն տվեք: Սովոր եմ, մե՜ղք եմ, վախենու՜մ եմ,- տղամարդիկ կանանց ներս են տանում, դուռը փակում:- Հը՞, ձե՜ն հանեք: Վա՜յ, ես դրանց, փախան: Արածս լավությունները գլխներիդ կպնի:
(շարունակելի)
Создано 13.05.19 13:39
© Все права защищены
133
Безымянный 04:17 20.06.23
ինչքան նման է մեր օրերի հերոսների կերպարներին