Ծաղիկները
Անիկ մայրիկը քթի տակ
փաղաքշական խոսքեր մրմնջալով, արցունքները սրբելով, մետաղյա ամանով ջուրը ձեռքին, մոտեցավ
որդու ընկերների օգնությամբ դիրքերից իրեն հասած ծաղիկներին, դողդողալով, դանդաղ ջրեց,
հետո խալաթի գրպանից հանեց խնամքով ծալված շորի կտորն ու սկսեց ծաղիկների տերևների
վրայի փոշին առնել:
Անիկ մայրիկի որդին
զոհվել էր 44 օրյա պատերազմում, և նա ամեն առավոտ ու երեկո իր արցունքներով ջրում էր
որդուց իրեն հասած ծաղիկները: Երկար կանգնում ու զրուցում էր նրանց հետ…Երևի ծաղիկներից
իր որդու` Առաքելի կարոտն էր առնում: Ակամայից հիշում էր հերոս տղայի խոսքերը.
<<Մերս, էստեղ էնպիսի մի ծաղկանոց եմ սարքել, նենց սիրուն ծաղիկներ եմ աճեցնում,
որ մեր հարևան Մարգո տոտան տեսնի է, նախանձից տրաքվելու ա>>:
Առաքելը ժամկետային
զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Նա 24 օր կռիվ էր տվել թշնամու դեմ և անմահացել
դիպուկահարի կրակոցից: Առաքելի զոհվելուց մեկ ու կես տարի էր անցել, սակայն Անիկ մայրիկը
դեռ հույսը սրտում սպասում էր, որ մի օր որդին` իր գեղեցկադեմ և անչափ բարի Առաքելը,
դուռը կբացի ու կմտնի ներս: Իսկ մինչ այդ նա կարոտը որդու իրերից էր առնում, որոնք
խնամքով դրված էին տան անկյունում, և իրեն հասած ծաղիկներից, որոնցից մի քանիսն արդեն
հասցրել էին երկու անգամ ծաղկել, մյուսները` նոր տերևներ ունեին, փարթամացել ու մեծացել
էին, բայց կարծես, իր Առաքելի շնչին ու ձայնին էին կարոտում` մի տեսակ տխրություն էր
տեսնում այդ կինը ծաղիկների մեջ…
Անիկ մայրիկը դուստր
էլ ուներ, ով ամուսնացել ու մեկնել էր արտերկիր: Թոռներն արդեն երեք-չորս տարեկան էին
և նա միայն տեսազանգով էր նրանց տեսնում ու կարոտն առնում:
Տասներկու օր հետո մեծ
միջոցառում էր պատրաստվում` Անիկ մայրիկի եղբոր զույգ թոռների մկրտության արարողությունը:
Անիկ մայրիկն արդեն նվերները գնել էր` երկու փոքրիկ ոսկյա կախազարդ` հրեշտակի դեմքով,
դե գումարն էլ առանձին կտա եղբորն ու հարսին: Մտածել էր, որ իր սև զգեստն է հագնելու,
ուսերին էլ որդու նվիրած մանուշակներով շալը կգցի:
Էսպես ամեն երեկո, Անիկ
մայրիկը դարակից հանում էր հրեշտակներով կուլոնները, համբուրում և նորից խնամքով տեղավորում
տուփերի մեջ:
…Օրերն անցնում էին,
մկրտության օրը մոտենում էր, բայց Անիկ մայրիկին ոչ ոք չէր զանգահարում հրավերի համար:
<<Դե հրավերս որն է, հո օտար չենք, որ պաշտոնական գան ու հրավիրեն, իմ եղբայրն
է>>,-էսպես մ,տածում էր տանջված կինը և իրեն հույս էր տալիս, որ եթե նույնիսկ
մեկ օր առաջ էլ ասեն` կլինի: Ինքը պատրաստ է…Կարևորը` նվերը գնել է: Մայիսի 12-ի կեսօրն
էր…Եղբոր թոռների մկրտության օրը…Անիկ մայրիկը սև զգեստը հագին, որդու նվիրած մանուշակներով
շալն ուսերին գցած, նստած էր Առաքելի շիրիմի մոտ: Նա արդեն մաքրել ու սրբել էր շիրմաքարը,
մի հազար անգամ համբուրել էր որդու նկարը, ջրել էր ծաղիկները, լվացել ծաղկամանները,
մեջը թարմ ծաղիկներ էր դրել և հիմա նստած հանգստանում էր: Փորձում էր զրուցել որդու
հետ, սակայն բառերը կոկորդում էին մնացել, դուրս չէին գալիս: Գլխում երկու օր առաջ,
եղբոր աղջկա և հարսի հետ տեղի ունեցած խոսակցությունն էր:
-Հորքուր ջան, դու մի
նեղացիր…մենք քեզ շատ ենք սիրում, հանկարծ չկասկածես, ուղղակի դե գիտես, գալու ես,
ամեն րոպե հուզվես, լաց լինես, պապան ու ապերն էլ նեղվեն, հուզվեն..Դե մեր հարսին էլ
դա դուր չի գա ու ամբողջ ընթացքում ապերի կոկորդից բռնած ման կգա:
-Հա էլի, Անիկ, ճիշտ
է ասում Նունեն,- եղբոր կինն էր` Ռուզանը,- էդ մեր հարսը մեր նման չի, նա ուրիշ տեսակ
աղջիկ ա, մի բան որ սրտով չի լինում է, խեղճ տղուս կյանքն ուտում ա:
-Մենք քո բաժին խորովածն
ու կնունքի տորթը կուղարկենք, հետո կգաս մեր տուն, միասին տեսաձայնագրությունը կնայենք,-
ժպիտով Նունիկն ավելացրեց:
Անիկ մայրիկը պապանձվել;
էր, նա կորցրել էր խոսելու և հարազատներից լսածն ընկալելու կարողությունը: Այդ ինչ
պատահեց, որ ինքը դարձավ գերդաստանի ուրախության անցանկալի հյուրը: Այդ ինչպես փոխվեցին
մարդիկ, որոնք այսքան տարիներ իր հարազատներն էին, որոնցից զատ նա էլ ոչ ոք չուներ,
որոնց հետ նեղ օրեր էին անցկացրել, մութ ու ցուրտ տարիների լամպի լույսի ներքո մի պատառ
հաց էին կիսել, խաշած հատիկ լոբի էին կերել ու չէին չարացել: Այդ ինչ պատահեց, որ աշխարհն
էսպես շուռ եկավ, որ իր հարազատ ու միակ եղբայրն այսքան օտարացավ: Աչքն ընկավ ծաղիկներին`
գլուխները կախած նրանք էլ էին լսում…
Այս ամենը ժապավենի
նման պտտվում էր Անիկ մայրիկի գլխում և նա ամաչում էր նայել որդու նկարին: Առաքելը
քեռուն շատ էր սիրում, մի ուրիշ տեսակ էր հետը կապված:
<<Որդի ջան, դե
ջահելներով են հավաքվում,-արդարանում էր Անիկ մայրիկը,-ես հաջորդ օրը կգնամ, տեղը տեղին
կշնորհավորեմ, նվերն ու գումարն էլ պատրաստ դրած է, մենակ թե դու չնեղվես…Ես չուզեցի
գնամ…պիտի գնայի, հուզվեի, լաց լինեի, քեռիդ էլ կնեղվեր, մեր հարսիկն էլ…Դու քեռուցդ
չնեղանաս, ինքը քեզ շատ է սիրում…Միշտ ասում է` բոլորը մի կողմ, Առաքելս` մի կողմ>>:
Էսպես զրուցում էր խեղճ
կինն իր Առաքելի հետ` արդարացնելով բոլորին…
Վեր կացավ, նորից սրբեց
շիրմաքարը, համբուրեց որդու նկարն ու քայլերն ուղղեց դեպի տուն. տանն իրեն ծաղիկներն
էին սպասում.. որոնց ինքը շատ բան ուներ պատմելու…
Սվետլանա Սահինյան
Создано 24.11.22 09:52
Автор: Svetlana Sahinyan
166