Литературный портал

Автор поста

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(2)

Քաղվածք Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից 

քաղվածք առաջին
     1
  «Զգում եմ, որ սիրունս մրթմրթում է, թե՝ հացը քչություն է անում: Չնայած գիտի, որ ես ընտանիքս սոված պահող տղա չեմ, ու թեթև հիշեցրի: Նա էլ, կատաղեց, լինելով բարի, բայց մակարդակով՝ գռեհիկ: Բացատրեցի, որ իմ պոեզիային կմիացնեմ իր և Աղունիկի երգերից՝ կսարքեմ մեղեդային պոեզիա: Փող կճարեմ, հինգ հազար օրինակ կսարքեմ: Ամեն մեկը, հեչ որ չէ, հազար դրամի կծախեմ ու ձմեռը քեֆերով կհանենք: Էս հլա մե՜կ…
Ուստիանս երևի խանդեց Աղունիկի պահով,- Անջատվիր, կամ էլ գնա Աղունիկիդ ասա: Ես մյուս պարզ, բայց հզոր պլանս բացահայտեցի,- Ա՜խ, ի՜նչ գիշեր է, մե՜ծ մեծ գործեր կպցնելու: Ասում են՝ արաբական շեյխ ա եկել, փող ունի, ցանկություն ունի, բայց վստահելի գործընկեր չունի: Պոեզիաս տանեմ, մեկնաբանեմ, վստահեցվեմ ու մի հինգ միլիոնանոց գործ կպցնեմ:
Ուստիանս, առանց պատճառի, ուսս ուժեղ քորեց փետով, որ, չգիտեմ ինչու, միշտ ձեռին է,-Խանութի պարտքը տուր ու ճամփա ընկիր:
Համոզիչ եմ խոսում, որ չկատաղի,- Թո՜ղ սպասի: Չմեռանք ու չե՜նք ուրանում: Կտանք, էլի՜: Ու, չգիտեմ ինչու, նոր դմփոց կերա, ու փախա դարպասից դուրս, որ իրեն չսպանեմ: Դարպասը կողպեց, թե՝ էդ խոսքերով պարտքը փակիր, արի: Էլի խանդե՜ց Աղավնիի պահով:
Նախ փորձեցի հոգեբանական մեթոդը,-Էս գիշերո՞վ, ախչի: Կվախենա, մե՜ղք է: Բեր թողենք վաղվան, քո թա՜նկ արև: Քեզ էլ մենակ չթողնեմ:
Չգիտեմ, երևի կանացի միամսյակի Ուստիանիս օրն էր, կատաղել էր փուչ բանից,- Ժամը տասն է, առևտրի ժամ: Քո էդ միլիոններից թե մի քսան հազարի բան չբերես, էդտեղ էլ կքնես: Ու էդ նուրբ պահին ճլթաց իմ ինտիմ կյանքի անպոչ գդալը՝ Սկեն, որ ոչ մեր քավորն է, ոչ՝ ընկերս, ոչ էլ՝ ինչքան մտմտում եմ, սիրելիիս սիրեկանը: Ասում է, թե՝ ճի՜շտ ես անում, Ուստիան ջա՜ն: Բա ես քեզ էդպես կպահեի՜...
Ես էլ կատաղեցի,- էս ուշ ժամին ի՜նչ հեռանկար ես քննարկում Ուստիանիս հետ, ա՜յ ջախոբերան: Սկեն էլ ներողություն, էլ լաց, բայց Ուստիանս ամոթից տուն էր մտել: Ու ես մնացի դրսում, չնայած էդ ապուշը խնդրում էր, որ իրենց տանը միասին քեֆ անենք ու քնեմ: Ես վախկոտ չեմ, բայց թարսի պես քամին խաղում էր, քարերի մեջ ձայներ հանում: Հարդից բանից հավաքեցի, մտա քարերի արանքը, որ վերլուծեմ ընտանիքիս ապագան ու կնոջս մեծարանքի երեկոյի կազմակերպչական հարցերը: Աչքերս չէի փակում, որ չվախեմ: Բայց տարբեր ստվերներ էին խաղում ու աչքերս փակեցի: Բայց էդպես էլ քամին, կամ չգիտեմ ով, կասկածելի սուլում էր ու ես կծկվեցի, որ չերևամ: Մեկ էլ զգամ դեմքիս վրա մեկը խաղում է: Ալարում էի, թե աչքերս բացեմ: Քշում եմ, էլի գալիս է: Մտածեցի՝ Սկեն ու Հմոն են դավեր նյութում ու կատաղած էնպես զարկեցի դեմքիս, որ զարթնեցի: Նայեմ, տեսնեմ՝ անթիվ անհամար դեմս թափված են: Էլ ճանճ, էլ մրջյուն, էլ մլակ ու չգիտեմ ինչ: Չկարացի էլ, թե հաշվեմ: Հասա քսանիննինն, անցա հազարին ու էլի չպրծան անիրավները:
Սկեի վրա կատաղած, ինձնով՝ հիացած, լուսադեմին գնացի, որ պատմեմ գյուղապետին՝ Գագին, որ հավաքներին Գագիկ են կանչում: Եթե իրեն պատմեմ, ու կինն էլ լսի, մյուս օրը ամբողջ գյուղը կիմանա, ու Ուստիանս էլ ինձ կճանաչի ու լացելով ներս կկանչի: Իսկը հաց ուտելու ժամ էր, ու կինը թարսի նման հողամասում էր, ինքն էլ ճնշման սուտի տքտքոցով դատարկ թան էր գռշտում: Փոշմանած գնում էի, թե լուրջ զրուցընկեր ճարեմ, համոզեց, թանով խաբեց, խմեցի ու պատմեցի: Դատարկ թանից ուռեցի, ու կատաղությունից մի՜ քիչ ճոխացրեցի, բայց շշմել էր հիմարը: Պատմեցի, թե՝ էսպես էսպես, ես էս քաջն եմ, ու ինձ չեն ճանաչում, չեն հասկանում, նույնիսկ՝ քո քուրը, իմ էլ Ուստինանը: Իրար քեռի հորքուրի երեխա են, թե ինչ, բայց ինքը մարդ չի: Միշտ Ուստիանիս ասում էր՝ էդ բոռին կորցրու: Չգիտեմ՝ ականջն ինչ էին լցրել իմ մասին ընտրական քվեաթերթիկների նման, որ իբր մարդ սարքեցին էդ ոչնչին: Ինչ որ բան գրեց, ինձ տվեց,- Վերցրու էս վկայականը՝ քաջ Նազար, մի զարկով ջարդի հազար: Կտրող թուղթ է, հիմիկվա օրերի Թուր Կեծակին: Սրանով վերև կբարձրանաս:
-Ո՞ նց ախր, Գագ ապեր, մեռնե՜մ սրտիդ,- դիտմամբ եմ գլուխը յուղում, որ գաղտնիքը բացի:
Սա տքալով, թե,- Կնիքը էստեղի «ԾԾՀ»-ի կնիքն է: Իրենք մաշվեցին, գնացին, սա մնաց: Վայելիր: Քո նման քաջ տղեն էստեղ շատ շա՜տ բատրակություն անի, իսկ քո վեհանձն հոգին դրան չի գնա: Թքիր ու հեռացիր էս թմբրած տեղից: Գտիր քոնը, որին արժանի ես քո տաղանդով ու էս թղթով:
Ոնց որ թևեր տայի՜ն: Իրեն էլ էի վերևից նայում: Խնդրեցի, որ հետս գա, որ Ուստիանս ներս թողնի: Հենց դարպասից ներս մտավ, ոտների տակով սողոսկեցի, վրա ընկա Ուստիանիս ու մի երկու հատ պաչպչեցի: Ուրիշների մոտ չի ծեծում,- Գնում ե՜մ,- ասեցի:
Ուստիանս ուրախ ձևացավ, որ չլացի,- Էս ի՜նչ բախտ էր: Քանի՞ օրով:
Գագը թե,– Ի՞նչ օր: Պետք է մեծ մարդ դառնա: Թե էսպես հետ եկավ, կսատկացնեմ: Գոհ ե՞ս:
Ու էդ պահին իրոք զգացի, որ ճակատիս մեծ մարդու գիր է կրած ու էդ խաչը պարտավոր եմ քաշ տալ: Ու ենթարկվեցի ճակատագրիս: Մտքով խաչը գցեցի ուսս, հոգով պնդացա: Ուստիանս էլ, ինձ թողած, Գագին էր պաչում,- Վայ, ախպեր՜ս: Ո՞նց ես համոզել:
Մտա դրանց արանքը,- Ինձ չե՜ն համոզել, գնում եմ միլիոններս հավաքեմ, բերեմ:
Գագն ինձ մի կողմ է հրում,- Ասեցի՝ քուրս մեղք է, լավ կյանքի արժանի: Էսպես ճիշտ է:
Ուստիանս էլի դրան է դիմում ու պաչում,- Վա՜յ, իմ հույս ու հավատ ախպե՜ր:
Էլի մտա արանքները, թուշս Ուստիանիս կողմը,- Ես եմ որոշել՝ գնալ, անվանս տեր կանգնել: Գագն ի՞նչ կապ ունի:
Ուստիանս, չջոկեցի որտեղից, համով բաներով սեղան բացեց ու էլի մենակ Գագի հետ էր հարաբերվում,- Ո՜նց արտահայտեմ երախտիքս: Փետով էլ չէի՜ կարում շարժեի:
-Ախչի՜,- ասում եմ,- ես եմ սովածը: Քո Նազարը, որ գնում է փող աշխատի, որ քե՜զ պահի:
Մեկ էլ տենամ՝ Ուստիանս Գագի ականջին փսփսաց, սա էլ գումար մեկնեց ինձ, թե,-Վերցրու ախպեր, որ չնեղվես ու անփող հետ չգաս: Հետո քուրս քո ուղարկածից կտա: Ջոկեցի, որ սիրում է ու տանջվում, բայց ախպորից է քաշվում: Հուզվեցի, բայց փողը պաչեցի:
Ուստիանս ոնց որ փոշմանել էր,- Գագ, բայց կգնա՞, որ: Ոնց որ չհավատա՜մ: Փողս քոռ ու փուչ չանի՞: Գագն ինձ այնպես նայեց, որ իմ ճնշումն էլ բարձրացավ, ուզում էի նույն պահին փախչեի: Բայց սոված էի, ու միայն գոռացի,- Գնում ե՜մ: Մնամ, ի՞նչ անեմ: Ու, որ վախս չերևա, Գագի դիմացի եղածն էլ, մնացածն էլ կերա ու Ուստիանիս ուզածիս չափ պաչպչեցի: Ինքը հուզված ու էդպես պաչպչվելով դարպասից դուրս եկավ, ու չդիմանալով բաժանման ցավին, ինձ թողեց դրսում ու դարպասը ներսից փակեց: Երևի կու՜շտ լացեց: Նստեցի դարպասի քարին ու մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չէ, բայց ու՞ր գնամ:
Գագի ձենն եմ լսում,- Տես, քուր, լարեցի: Թե էդ անբանին տուն ես թողել, ինձ մոռացի՜ր: Էլ հերի՜ք է՝ չլսես:
Հուզվեցի,- Ապրե՜ս, ախպեր: Ճի՜շտ է ասում, Ուստիան՜ս: Չթողնես էդ անասունին մեր տուն:
Գագը կանչեց,- Դու հլը ըտե՞ղ ես: Գնա, ավտոբուսի ժամն է:
-Գնու՜մ եմ,- ասում եմ, ու ոտների սուտի ձեն հանում ու լուռ հեկեկում,- գնացի, լա՜վ մնաք: Ու լացս իսկականից եկավ: Լացում էի ու վճիռ կայացնում, մեկ էլ լսում եմ Գագի ձենը,- Չմտածես, կօգնեմ: Ես էլ եմ ամաչում: Էդ անասունի պատճառով կտրվել էինք:
Փաստորեն Գագը լավ մարդ է: Ասեցի, որ իմանա իմ կարծիքն իր մասին,- Ապրե՜ս ախպեր, ինձ էլ է կատաղեցնում էդ անասունը:
Գագն ու Ուստիանս միասին զարմացան,- Հլը ըտեղ ե՞ս,- ու մինչև դարպասը կբացեին, ես արդեն քաղաք գնացող ավտոբուսի մեջ էի: Չնայած Ուստիանս հաստատ փոշմանել էր: Կնանիք կյանքիս ամենագռգռիչ հանելուկն են»:

Նազարը քաղաքում
 Նազարը քաղաքում գտնում է «Ծլի ծաղկի Հայաստան» կուսակցության գրասենյակը, ներս մտնում,- Բարև ձեզ: Ես Քաջաշենցի Քաջ Նազարն եմ, «Ծլիի» ձեր ներկայուցուցիչը Քաջաշենում, «Ծաղկիի» գրասենյակի շեֆը, Հայաստանի ակտիվ քաղաքացի: Գրասենյակում նարդի էին խաղում կուսակցական ակտիվիստներ «գիժ» մականունով Կարապետը և «ընկած ելած Սաք» մականունով Սարգիսը: Պարապությունից խաղին հետևում էին փողկապ կապած պարոն Արտաշեսը՝ գրասենյակի չնշանակված ղեկավարը և կիսաննջած Սեդրակը, որը թոռ ունենալու առթիվ որոշակի պարագաներ էր բերել, նշել ու սպասում էր առիթը նշելու գործընթացի վերսկսմանը: Պարագաների մնացորդները կողքի սեղանի կուսակցական թղթերի վրա պատրաստվում էին ամփոփիչ հավաքին: Ներկաներից միակ կինարմատ Փիրուզան համակարգչի մոտ անհույս ննջում էր, որ քեֆի ամփոփիչ հավաքից հետո ինքը, որպես կանացի պարտականությունների փաստացի կրող, վերականգնի սեղանի կուսակցական երեսն ու տուն գնա: Նա թերթի թղթակցուհի էր, նոր էր համալրել կուսակցության շարքերը դեռևս չպարզված նպատակներով, և՝ համատեղության կարգով Կարապետի պարտության և կատաղության սկզբնաղբյուրը:
Նարդու ձանձրույթն արագ փոխարինվեց Նազարի անձով հետախուզական հիացմունքով:
Կարապետը ծիծաղում է,- Ինչքա՞ն քաջ ես, էստեղ վախկոտ չկա:
Նազարը մեկնում է վկայականը,- Բայց ես թղթո՜վ եմ քաջ: Բոլորը հավաքվում են վկայականի շուրջը, քննարկում, անձամբ զննում:
Սեդրակ,-Հա էլի՜, տղեք, կարգի՜ն տղա է:
Փիրուզան կարդում է որպես սփռոց ծառայած թղթերը,- Քաջաշեն… այնտեղ մասնաճյուղ չունենք: Ո՞ր մարզից եք: Նազարը վախը թաքցնում է բանավոր տեղեկանքով,- Կապ չունի, սեփական խելքով եմ եկել:
Փիրուզան մոտենում է համակարգչին,- Չե՞ք հիշեցնի Ձեր անուն ազգանունը:
Նազարը մեկնում է զորեղ վկայականը,- Քաջ Նազար Անբանյան:
Փիրուզան հուզվում է,- Չկա՜, չեմ գտնում:
Արտաշեսը ևս հուզվում է,- Էսպիսի զորեղ վկայականն իր ոտքով եկել է: Գրեք, ես եմ կանչել:
Սեդրակ,- Հո՜պ, իմ կադրն է: Առաջինը ես ասեցի, որ՝ կարգին տղա է:
Սարգիսը փաթաթվում է Նազարին, համբուրում,- Ախպերս է, հանգստացե՜ք: Նազար ախպեր, չհիշեցի՞ր: Ես էլ զոռով հիշեցի, կներես: Բա ո՞նց է, այստեղ ես:
Նազարը թափահարում է փաստացի կախարդական վկայականը,- Իմ տեղը որոշվում է հայրենքի կանչով:
Փիրուզան լրացնում է նոր կուսակցական տոմս, կնքում կնիքով և արցունքի կաթիլով ու մեկնում Սարգիսին,- Իրո՜ք քաջի խոսքեր էին: Ուրեմն՝ դեռևս ամեն ինչ կորած չի:
Սեդրակը, Սարգիսը և Արտաշեսը անհերթ ու ըստ հարմարության թափահարում են Նազարի ձեռքերը, ուսերը, մեջքը,- Պատրաստի՜ կադր է:
Կարապետի խոսքի և Փիրուզային ուղղված հայացքի մեջ հայտնվում է կորուստի ոգին, ծածկված սև թիկնոցով,- Տափա՜կ, դատարկ խոսքեր էին:
Սարգիսը կուսակցական տոմսը հանձնում է Նազարին, հետը երկար փաթաթվում,- Մեր բազմանդամ կուսակցության ըըը… 000903 անդամն ես, մարտական ախպեր:
Նազարը գրկված վիճակում համբուրում է տոմսը,- Է՜ս ինչ մեծ թիվ է: Հզոր եք… ենք:
Արտաշեսն ինչ որ թղթեր է թափահարում,- Դա դեռ ի՜նչ է, մեր հզորության մեջ շեֆը խմորիչ է ներդրել: Հախուռն ներգրավվում են լավ տղերք, այլ ձևաչափի քաջեր, ձեն բերողներ, ճառ ասողներ, գոռգոռացողներ, նվիրյալներ և այն: Զանգ կախող չունեինք, էն էլ՝ եկար հասար:
Փիրուզան, որից Կարապետը այդպես էլ աչքը չի հեռացնում, այդպես էլ աչքը չի հեռացնում Նազարից,- Գյուղում ամեն ինչ թողել եկել եք, որ ազգը փրկե՜ք: Իսկը հերո՜ս:
Նազարը Սարգսի ուսի վրայից նայում է Փիրուզային,- Ուստիանս լացեց, թե՝ դաշտս անմշակ կմնա: Ես ասի՝ լավ դաշտն անտեր չի՜ մնա: Ինչպե՞ս մշակեմ դաշտս, երբ կանչում է հայրենիքի պարտքս: Հայրենիքի պարտքը խանութի պարտք չի: Փակելը պարտադիր է:
Բացի Կարապետից բոլորը ծափահարում են: Սարգիսն էլ վերջապես թողնում է Նազարին, ու ծափահարում: Արտաշեսն, ինչ որ բան շշնջալով, գրի է առնում լսածը:
Նազարը լիարժեք հուզվում է Փիրուզայի ուղղությամբ,- Էս ի՜նչ ըմբռնող միջավայր եմ ընկել: Ձեր սրտիկ՜ն ուտեմ: Ո՜նց կուտեի: Կարապետը, դեռևս նայելով Փիրուզին, հանկարծ ոչ այս, ոչ այն,- Տղերք, էս քաջն ապու՜շ է:
Սարգիսը, որ խմիչքի մնացորդով բաժակներ էր գտել ու դրանցով ախպերության կենացն էր խմում Նազարի հետ, բարկանում է,- Ապուշը դու ես: Թուղթը չտեսա՞ր, թե՞ չլսեցիր, որ գրասենյակի ղեկավար է:
Կարապետը կանգնում է,- Թեկուզ նախարար՝ ապուշ տեսակի: Կծեծեմ ու կասի՝ ինչու է եկել:
Սեդրակը համենայն դեպս հեռանում է ապահով անկյուն,- Տղա, չլսեցի՞ր, որ քաջ Նազարն է:
Կարապետը շարժվում է դեպի Նազարը,- Է՜, ես էլ գիժ Կարոն եմ: Նազարն արդեն ելքի մոտ է,- Քաջերով իրար ջարդե՞նք, թե՞ խեղճ ազգս փրկենք:- մտքի մեջ էլ վերլուծում է բարդ իրավիճակը՝ «Գոնե մի երկու ոսկոր հաջողացնեի՜»:
Սարգիսը գոռալով վազում է, Նազարին բռնում ու օձիքից բռնած ետ բերում,- Զսպիր կատաղությունդ: Դողու՜մ ես, ախպեր: Բա ո՞վ պետք է ազգին պատմի մեկս մյուսի արածը, որ մեզ մեծարող սերունդ մեծանա: Էդքան հեշտ ո՞վ բաց կթողնի առաջին գծի ապրանքին: Մի՜ կատաղիր, ինքը հիմար է: Նազարը օձիքը ձգելով հասնում է մնացորդներով սեղանին, տեղավորվում, օձիքն ազատում,- Ես քաջ եմ, բայց բարի՜ քաջ եմ: Մինչև չեն վզիս նստու՜մ, չեմ կատաղում, ու անտարբեր տեսքով կրծած ոսկար է գտնում, կրծում:
Բացի Կարապետից բոլորը ծափահարում են, ասելով,- Հարգանք Նազարին, ամո՜թ Կարոյին:
Արտաշեսը, փողկապն ուղղելով, դիմում է Կարապետին,- Այ գի՜ժ, գիտե՞ս քանի ձեն կբերի իր կենսագրությամբ, էլ չե՜մ ասում՝ քաջարի շրջապատով:
Փիրուզան հուզվում է Կարապետի հասցեին, հայացքը Նազարին,- Ա՜յ, դրա համար էլ ազգը բռունցք չի՜ դառնում:
Գիժ Կարոն մի քանի կուսակցական իր է շպրտում՝ ուր պատահի:
Սարգիսը նորից է բռնում սեղանի տակ մտնող Նազարի ծանոթ օձիքից,- Սեղանը չշպրտե՜ս, մեծ ախպեր, իմ խաթեր: Հիմա կգնա:
Կարապետը նույն կատաղությամբ մի երկու անկուսակցական միտք էլ է շպրտում աջ ու ձախ,- Զիբիլով սարքած բռունցքի ուժը մենակ իր քաշն է: Փիրուզ, դու՞ ոնց հիմարացար,- ու գնում է դուրս, դուռը շխկացնելով:
Բացի Փիրուզայից, որ պատուհանից անիմաստ դուրս էր նայում, բոլորը նստում են քեֆի մնացորդներով լի սեղանի շուրջ: Սեդրակն ինչ որ տեղից գինու կիսատ շշեր է գտնում: Նազարը սեղանի մնացորդների մի մասն աննկատ ուտում է, որոշ մասն էլ նույնպես աննկատ լցնում գրպանները՝ գիժ Կարոյի վերադառնալու վտանգն աչքի առաջ:
Սարգիսը տխուր դիմում է Նազարին,- Էս քեզ արժան սեղան չէ՜ր:
Նազարը սննդի մնացորդների տեղադրությունն է ամրապնդում հիշղության մեջ,- Ոչ, տղերք: Քանի հայրենիքս նեղն է՜, իմն այս սեղանն է:
Փիրուզայի աչքերից հոսում են արցունքներ, շուրթերից՝ ձայնարկություններ: Սեդրակն ու Արտաշեսը համենայն դեպս թաշկինակները տանում են աչքերին:
Սարգիսը բաժակ է բարձրացնում,- Եկար ազգիս դարդին հասա՜ր, այ Քաջ Նազա՜ր:
Փիրուզան չի մոտենում սեղանին, բայց փորձում է Նազարով իր հիացմունքը զարդարել քաջին վայել փաստերով,- Մի երկու խոսքով չե՞ք պատմի ձեր մարտնչող կենսագրությունից: Նազարը նրբակիրթ շարժումով վերցնում է ու կրծում ինչ որ մեկի թողած ոսկորը,- Հիմնահատակ կրծել չգիտեք: Տեսնելով, որ դրանք էլ են հղփացել, երեք հարկանի տներ են գցում, որ Ուստիանիս ու մեր այլ կանանց տկլոր մարմինը տեսնեն, ու կանչեն իրենց մոտ աշխատելու, ասեցի՝ հո՜պ:
Արտաշեսը նայում է Փիրուզային, կարմրում,- Փիրուզայի մարմինն էլ մերկ ասա, պարոն Նազար ախպեր: Արժանի՜ տվյալներով գործիչ է:
Փիրուզան ձեռքը տանում է դեպի կուրծքը,- Ես մի՜ կանչ եմ լսում՝ հայրենիքի:
Նազարը վկայականը վեր պարզած փաթաթվում է Փիրուզային, մյուս ձեռքով փաթափվում ու պաչպչում, բայց կարճ, քանի որ Փիրուզան երջանկության իր հեկեկոցներով խափանում է համբույրը հայրենասիրական չփչփոցի վերածելու իր բոլոր ջանքերը:
Փիրուզային թողնում, ինչ որ մեկի բաժակն է գրկում,- Ա՜յ, էսպես, չնայած մեր խելք ու շնորհքին ու դարեդար մշակված գենոֆոնդին, եռանդին, աշխատելու ու արարելու ցանկությանը, ոչ մի բանի չենք հասնում: Հերիք չի՞ չհայտարարված պատերազմ վարեք մեր ինքնասիրության դեմ: Այլևս հատե՜լ է գինով լի համբերության բաժակը,- բաժակը դատարկում է: Փիրուզան ամաչկոտ հիացմունքով շշնջում է,- Բաժակը ոչ թե հատում է, այլ՝ լցվում,- Նազարը շրջում է արդեն դատարկ բաժակը, ժպտում,- Վա՜յ, չէի մտածել: Կներե՜ք:
Արտաշեսը բաժակ է բարձրացնում, նայում Նազարին,- Հույսի փրկիչ և ուղղորդի՜չ: Կամք էլ ունենք, ուժ էլ ունենք, ոգի չունենք: Փառք Աստծո, եկար հասա՜ր:
Սարգիսը մսաթելերի կենդանի հուշերով ոսկոր է առաջարկում Նազարին,- Ախպերդ կրծել է, դու էլ վերջը տուր, մե՜ծ ախպեր, կռվի նման: Կրծելով էլ ասա վերջին ջարդերից, որ կողքիդ չեմ եղել:
Կարմրած այտերով, ուռած աչքերով Փիրուզան ծափահարում է,- Խնդրու՜մ ենք, խնդրու՜մ: Նազարը կանգնում է, օրորվում, հայացքը հեռվին, աչքը՝ սեղանին,- Խնդրե՜մ, սիրունս: Իրենք շատ էին, ես՝ մենակովս: Հմոն, Սկեն, Գագը աչք էին դրել ազգային մասնավոր հարստության վրա: Համեստորե՜ն խիստ նկատողություն արեցի:
Փիրուզան սկսում է գրի առնել,- Օ՜յ, հերոսական և ուսանելի պատմություն է:
Նազար,- Ըստ պարտականության ազգային խնդրահարույց իրավիճակն էի վերլուծում, եկան, թե՝ պետք է աշխատես, մեզ ազգի հերոս պետք չի: Ասեցի՝ տղերք, չենթադրեք, որ հանգիստ եմ: Նստեցին վրաս, թե՝ էդպես հանգիստ մեզ տեղափոխիր «ա» կետից «բ» կետը:
Արտաշեսն աչքերը փախցնում է,- Տիպի՜կ պատմություն է: Իսկ հանգուցալուծումը՞:
Սարգիսը բռունցքով ստուգում է սեղանի որակը,- Էն օրը ծովը թափեցի: Ինչքա՜ն ջարդեմ:
Նազարը ջրախառն գինով կիսատ բաժակ է գտնում, խմում,- Ասի՝ համբերեմ, բայց՝ չէ՜, գիծ են բացում, գծի տեր որոշում, գրաֆի՜կ կազմում: Տղերք, ասի, հասա՜ք, իջեք: Չիջան, էլի եկան, շարվեցին դեմքիս, ուսերի՜ս: Էլ չհմաբերեցի՜: Որ չխփեցի՜,- իրեն հարվածում, ընկնում է Փիրուզայի գիրկը: Ժպտում է, փորձում գրկել Փիրուզային, բայց տղաները բերում են նախկին դիրքին,- Նոր որտե՞ղ էի,-նայում է Փիրուզային, հոգոց հանում,- Մեկ էլ տեսա՝ ես արյունոտ, իրենք՝ փռված մանր մունր: Սկսեցի հաշվել ու զարմացա՝ իսկը ճանճեր:
Բոլորը ծափահարում են: Արտաշեսը թաց աչքերով ու քթով համբուրում է Նազարին ու պարկեշտությունից դրդված էլ՝ Փիրուզային,- Ա՜յ, թող թշնամին իմանա: Մենք խախաղ ենք, իրե՜նք են հրահրում:
Սեդրակը քամում է շշերի և բաժակների մնացորդը մի քանի բաժակի մեջ,- Մենք խորհու՜մ ենք, իրենք՝ բզբզում: Ախպեր ունե՜նք, աշխարհը չունի:
Տղամարդիկ միանում են կենացին, դատարկում բաժակների պարունակությունը: Արտաշեսը համեստորեն դիմում է Նազարին,- Չե՜մ մոռանա Վերին Ձորի կռիվը, երբ հետդ բոլորին ջարդեցի…նք:
Նազարը մեկնաբանում է մատի շարժումներով,- Քիթդ էնտեղից եմ հիշում, փողկապդ՝ էկրանից: Էկրանի մարդուն հարգում եմ: Ջարդած կլինեմ... նք:
Սեդրակը ձեռքը գցում է Նազարի ուսին,- Ես էլ ասեմ՝ դեմքդ ծանոթ է: Հիշու՞մ ես, չէ՞, կարմիր ակումբի հանրահավաքին ո՞վ քեզ հուշեց, թե՝ ում խփես…նք, ում՝ խնայենք:
Նազարը ուսն ազատում է, նույն մատը տարուբերում,- Դեմքդ չե՜մ հիշում, թոզ ու փոշի էր, բայց՝ ձենդ նման է:
Սեդրակը համբուրում է Նազարին,- Ազգի փրկիչ, թա՜րմ առաջնորդ: Անուն ունե՜ս, աշխարհը չունի: Թոռիս անունը Քաջ Նազար եմ դնելու: Յոթ օր է, անուն չենք դնում: Ոնց որ զգայի՜նք: Թող սարսափե՜ն մենակ անունից ու դաշտն ազատեն:
Նազարը լացով համեմված հայրենասիրական կոչերով պաչպչում է Փիրուզայի ձեռքը, թևը, ուսը,- Էս ի՜նչ լավ ժողովուրդ եք: Քո… ձեր … սրտիկն ուտե՜մ: Ինչքա՜ն լավն.. ախպեր ունեմ: Սահակ, սև օրերդ եկա՜ն:
Սեդրակը կենաց է խմում համարյա դատարկ բաժակով,- Քեզ չուզողները թող լացեն: Ախպեր տղերք ունես, աշխարհը չունի՜: Սարգիսը ցնցում է Նազարին, Փիրուզային փրկելով, Նազարին զրկելով հայրենասիրական պաչպչոցից, - Ախպերներդ ստեղ, ու դու լացե՞ս: Գնամ, մեռնե՜մ, էլի՜:
Նազարը տարածում է ձեռքերը,- Մեռնե՜մ ձեր սրտին, ախպերնե՜ր: Մի երկու օրով քնելու տեղ: Միասին կհիշենք քաջարի օրերը: Անցյալ ունե՜նք, աշխարհը չունի:
Սեդրակը նայում է շուրջը,- Դու մտածելու բան չունե՜ս: Զանգեմ, ասեմ, գամ: Ախպերնե՜ր, տեղավորեք, մինչև ախպորս էլ փրկեմ, գամ: Խնդիրներ ունի՜, աշխարհը չունի,– դռնից դուրս է գնում: Սարգիսը կանգնում է, հազում,- էս ա՝ գալիս եմ: Մի երեք ջոկատ ջարդել եմ, ծախսերի հաշվետվությունն են խեղդում, ուզում: Դատարկ պարկուճները, առգրաված զենքերը, գերիներին, վառելիքի ծախսը հաշվեմ, գամ: Նազար ախպե՜ր, արդի ռազմավարական սխեման վաղը կմշակենք: Տղե՜րք, ախպորս տեղավորեք, գալիս եմ,- դռնից դուրս է գնում:
Արտաշեսը վախեցած նայում է շուրջը,- Էս ու՞ր գնացին: Փող են պարտք: Բա ախպորս ո՞նց տաքսիով տանեմ, ճո՜խ պատիվ տամ, -ինչ որ տեղից կիսատ շիշ է բերում, մի բաժակ էլ խմում Նազար թանկ ախպոր կենացը, փաթաթվում Նազարին, համբուրում Փիրուզային,- Ախպորս ժամանակավոր տեղավորեք, մինչև գամ,- դռնից դուրս է գնում:

Քաղվածք Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից

Քաղվածք երկրորդ 
              1
«Իսկակա՜ն տղերք էին: Աչքերս սրբեցի, նայեցի՝ չկան,- Էս ե՞րբ գնացին, ու՞ր: Բա ե՞ս:
Փիրուզս սեղանն էր սրբում,- Ես էլ գնամ, ու՜շ է: Շնորհավոր Ձեր կուսակցական տոմսը: Հիմա պահակը կգա: Բարի գիշեր: Ոտերս թուլացան: Ո՞նց թե գնաս, բա ե՞ս,- Ա՜յ քուր, այ կուսակցական ընկեր, ա՜յ համակիր, այ գեղեցկուհի հայրենակցուհի: Դու ո՞նց կարող ես ազգի հերոսին տուն չտանել օտար քաղաքում: Հատուկ կանչել են հերոսական հարցազրույցի, քաջարի հավաքի, վերլուծական զրույցի: Գնամ պատմեմ, ընդդիմադիրին ուրախացնե՞մ:
Փիրուզս շփոթվեց,- Ա՜խ, ի՜նչ լավ եք խոսում: Բա իմ կանացի ամոթը՞: Մենակ եմ ապրում: Եղածն ընդամենը փոքրոտ սենյակ է, նեղ մահճակալով:
Անճարությունից միացրեցի Արուսյակի տարբերակը,- Կուսակից գեղեցկուհի, ունես սենյակ, պարտադիր կիսիր մարտական ընկերոջդ հետ, թեկուզ՝ իրար քսմսվելու գնով: Ունես մի կտոր հաց, ի սրտե կիսիր ազգի նվիրյալի հետ, թեկուզ՝ բորբոսնած: Ունես մահճակալ, հոժարակամ կիսիր ազգի հերոսի հետ, թեկուզև առաջին անգամ է …
Փիրուզս էնքան կարմրեց, խառնվեց կարմիր պատերին, ու ձեռքը բռնեցի, որ չցնդի,- Խնդրու՜մ եմ, չեմ կարող մահճակալս, որ պատկանում է ընտրյալիս, որ առայժմ չունեմ, կիսել նույնիսկ ազգի հերոսի հետ: Ազգին ես առանձին բացատրագիր կգրեմ: Զգացի, որ հուպ տալ է պետք, ձեռները թևախառն պաչպչեցի, գազ տվեցի,- Դուք ոչ թե կին եք, այլ՝ քաղաքական գործիչ: Ծաղրեք միջսեռական վավաշոտ զարգացումների վախը: Ես թողեմ ընդարձակ տունս, բազմակողմանի գայթակղիչ կնոջս, գնդլիկ ու սլացիկ հարևանուհիներիս, ու այստեղ մի գիշեր տաք անկյուն չստանա՞մ, որ՝ քնենք, զարթնենք, ազգս փրկեմ:

Էլ չթողեցի՝ խելքի գա: Ընկա ոտները, պաչել պաչպչելով բարձրանում էի: Արդեն՝ հա՜յ հա՜յ էր՝ ձեռով կանգառ տվեց,- Իրոք, տգեղ է ձեզ թողնել մենակ անծանոթ քաղաքում: Միայն մի գիշեր: Քնում եք հատակին, միջսեռական կապի ո՜չ մի ակնարկ: Մտքիս մեջ պարեցի՝ բախտդ սիրե՜մ քաջ Նազար:
Ձեռքս սրտիս արտասանեցի,- Հարգում եմ էթիկան ու էսթետիկան ընդանուր հայտարարով:
Փիրուզիս տանը շա՜տ լավ էր: Նեղվածք էր ու էնքա՜ն իրար քսմսվեցինք, սենյակը ջերմացավ: Ձեռի հետ էլ աչքի տակով տնտղեցի: Ու հենց Փիրուզս ամաչելով ասեց, որ ուտելու բան չկա, ձեռը բռնած տարա՜, ցույց տվեցի թթված ճաշը, բորբոսնած հացը, հոտած պանիրն ու կանաչին:
Կարմրել էր, շփոթվել: Ասեցի, որ գոյատևման դաժան օրերին սրանից վատն էլ եմ կերել, ու կերա՜, խմեցի՜: Շա՜տ էր ուրախացել, ասում էր՝- Լա՜վ եղավ: Եկաք, զիբիլից ազատեցիք: Իրոք՝ իսկական հերոս եք:
-Բա աղջիկ ջան, տեսա՞ր, ինչ օգտակա՜ր հյուր եմ: Պատրաստ եմ ամեն օր էսպես փրկել: Տեսնեմ հատակին է ինձ համար անկողին գցում: Բա մկները՞: Մի քիչ էլ տաքացել էի քսմսվելուց ու կուշտ փորից ու առաջարկեցի երախտիքս անկեղծորեն անկողնում հայտնել:
Ծիծաղեց, -Առայժմ համոզված չեմ իմ զգացմունքների մեջ: Հարգանքը դեռ սեր չի, պարոն Քաջ Նազար:
Ձեն չհանեցի, բայց գիշերը հենց մկան ձեն լսեցի, թռա ծոցը: Ու թարսի պես, երևի վախից, դողս բռնեց; Մի քիչ էլ դողում էի, որ խղճար ազգի հերոսին, դողս բուժեր՝ որպես ազգանվեր ակցիա: Բայց չէ՜, Ճչաց, ոտով, ձեռով ցած գցեց ինձ էլ, մկանն էլ, դողս էլ, ակցիայի հույսն ու գաղափարականը մարմնականով ճշտագրելու միտքն էլ,- Բա Ձեր խոստումը՞, էթիկա՞ն: Դուք ստախոս եք:
Լրջով կատաղեցի՝ ես սուտխոսա՞ն,- Պետք չէր խաբել մկան հաշվով ու ինձ տուն տանել: Թե չէ՝ ես հատակին քնող տղա չեմ: Կուսակցական հարգանքն ինձ բերեց: Էթիկայիս կանոններն էլ քո մուկը կրծեց: Ես ի՞նչ անեմ:
Շփոթվեց, աչքերը փախցրեց,- Նախ՝ երբեք մուկ չի եղել, և չեմ հավատա, որ իմ քաջը մկից վախեցավ: Դուք էլ, ցավոք, սովորական տղամարդ եք, վատ իմաստով: Էլ չփորձեք: Հարևան Վահան պապին կկանչեմ,- իջավ, պառկեց հատակի անկողնում, ինձ կարգադրեց քնել իր անկողնում, այսինքն՝ առանց իրեն:
 Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:

Երկրորդ օրն էլի գնալու տեղ չունեի: Դուռը չէր բացում: Ասեցի, որ փող եմ բերել: Ստիպեց խոստանալ, որ էլ չեմ գալու, ու նոր ներս թողեց: Անտրամադիր էր: Էլ հարցեր չէր տալիս իմ հերոսական անցյալից: Ասեց՝ պատրաստվեմ, որ շաբաթ օրը միասին հրավիրված ենք բուսակերների հավաքին, որտեղ պետք է քաղաքականապես մկրտվեմ: Էդ հե՜չ, բայց ամբողջ հին ուտելիքները թափել էր, ինքն էլ չգիտեմ որտեղ էր հաց կերել: Տրամս փչացավ ու ասեցի, որ սոված չէի, դրա համար էլ խանութի միջով չեկա: Ասեց, որ հավատում է, թեյ չի լինելու, ու որ պառկեմ իմ մահճակալում: Բայց սովա՜ծ էի: Բորբասնած մուրաբա էլ տեսել էի:
Ժամը երեքին հառաչեցի,-Ինչքա՜ն քիչ բան է պետք տղամարդուն գեղեցկուհու տանը:
Կանգնեց կիսամերկ՝ ձեռքին դանակ,- Վերջ: Դուրս տանից, ոչ ադեկվատ տղամարդ: Վախից աչքերս փակեցի, ու էդ չքնաղ նկարը սևացավ,- Ախր սովա՜ծ եմ: Աղբամանի մոտի մուրաբան ո՜նց կուտեի:
-Ես էլ ուրիշ բան հասկացա: Կներեք, հիմա բերեմ,-բերեց, բորբոսնած մասը քոռ ու փուչ արեց, աչքերս բացեցի ու քեֆ արեցի՜:
Շշմել էր,- Ո՞նց եք սա ուտում: Այդպես էլ չսովորեցի՞ք նորմալ կյանքին:
Տխուր հառաչեցի,- Ինչի՞ համար, մի քանի օրից էլի պայքարի բովում եմ: Էն որ թափեցիր, էնտեղ խորովա՜ծ է:
Տրամս բացվեց ու պատմեցի թիթիզ Սկեից, ախմախ Հմոյից, Արուսյակիս փրկությունից: Չնայած խալաթ էր հագել, հենց կշտացա, ասեցի,- Ես քեզ դեռևս սիրում եմ:
Լուրջ դեմքով հիմար միտք ասեց,- Երբե՜ք: Դուք ինձ չեք համոզում ձեզ սիրահարվել:
Որպես ավագ կուսակցական ընկեր նեղացա ուսոցողական պահով,- Բա դու ո՞նց ես ինձ հետևողականորեն համոզում, հյուսելով միջսեռական կոնֆլիկտ, հրահրման խաղերով: Ծիծաղեց, կարմրեց, ժամանակ խնդրեց:
Առավոտյան ամաչելով խնդրեց այն փողից, որ իր համար էի բերել, պարտքով տալ: Ասեց, որ կարող է անձնագիրը գրավ թողնել: Ի՜նչ գրավ, էդ Նազարի համար մի հաց ուտելու փող է: Գրպաններս անկեղծ հույսով քրքրեցի ու զարմացա՝ էլի դատա՜րկ էին,- Գրասենյակում, ռեստորանում, կամ տաքսիում են գողացել: Չվախենաս, վաղը բերող եմ:
-Չէ՜,- չոր ասեց անխիղճը,- Էլ դուռ բացող չեմ ո՜չ մի պատրվակով: Ինձ ժամանակ է պետք կողմնորոշվելու իմ խճճված զգացմունքներում:

Երրորդ օրը գնացի, շատ քաղաքավարի դուռը թակեցի: Ներսից հարցրեց,- Էլի Դուք եք, չէ՞:
Սրամտեցի,- Չէ, իմ պոետիկ տեսակն է:
Կոպիտ կտրեց,- Հեռացեք: Արդեն անդուր և անհասկանալի է Ձեր վարքը:
Երկու վայրկյանով ուշքս անցավ, բայց ինձ հավաքեցի, ու ստիպեցի խոսել,- Գոնե՜ նվերս տամ, շնորհակալություն հայտնեմ, ու գնա՜մ, կորեմ քաղաքական թոհ ու բոհում:
Հենց բացեց, ձեռը քաջին վայել ձևով չփացրի, ասի՝ նվերն էստե՞ղ տամ, թե՞ ներսում:
Նայեց ձեռներիս, շուրջս, ասեց,- Շնորհակալ եմ, բայց դա ոչինչ չի փոխի:
Էլ ժամանակ չկար: Իջա, ընդունեցի պոեզիայի իմ դիրքն ու խորհրդավոր ժպտացի,- Նստի՜ր թագուհի, նվերս մատուցեմ՝ ֆռռացնե՜մ արվեստի աշխարհում:
Փիրուզս չի հավատում իր երջանկությանը, կպնում է պատին,- Ի՞նչ:
Վստահ եմ խոսում, աչքերին նայելով ու ճիշտ շեշտադրումով, որ հավատա,- Նստի՜ր գեղեցկուհի, վայելիր պոեզիայի անմոռանալի՜ երեկո:
Հասնում է աթոռին, նստում, - Դուրս գնացեք, այստեղ … կա…պիկության տեղ չի, կգոռա՜մ:
Մեջքս նրբորեն ճոճեցի, որ խոսքս համոզիչ հնչի,- Ճիշտ չհասկացաք, մեջքին նստած գեղեցկուհու համար պոեզիա կարդալը մոդեռն արվեստ է: Չես ուզի՝ կգնամ: Ես անկեղծ սրտով, իսկ դու՝ կասկածանքով:
Ընդհուպ մոտեցա իրեն, մի՜ կերպ համոզեցի, դողալով նստեց: Ու մեջքս գեղագիտորեն շարժելով և հուզիչ առոգանությամբ կարդացի իմ ընտրանիից,- Սիրու՜մ եմ քո աչքերը սև, սիրում եմ քո կասկածանքն անհիմն,/ օրերս անիմաստ ու քեզանով վայրկանս կյանք /հույս ողորմա, ցավին հաղթեմ դառնագին… Դողում էր նույնիսկ իջնելուց կանգնելուց հետո,- Լա՜վ, շնորհակալություն: Մնացածը հաց ուտելուց հետո: Դե, վեր կացե՜ք, ախր:
Պոեզիայի դիրքս չխախտելով գնացի սեղանի մոտ, - Սիրուն ջան, մոդեռն պոեզիան կպցնում է հաճելին օգտակարին: Դու կեր, ես կարդամ, միջավայր ստեղծեմ:
Էդ է՜լ համոզեցի: Սկզբում ձիգ էր նստում, հետո՝ սովորե՜ց: Ու այլևս միայն պոեզիայիս տակ նստած էր սեղան նստում: Մեջքիս ռիթմն էլ համահունչ կոչեց:
Ես էլ իմ ձևերով ոգևորեցի,- Ըստ հոտի տոլմա՞ է, գեղեցկուհի՜ս: Մնացորդներն ինձ կթողնե՞ս:
Շփոթվեց, բայց սովորեցրեցի այդ դիրքով էլ կերակրել: Նեղվում էր, բայց հարմարվե՜ց: Ջահել է՜, դրանից է: Բայց հոգատա՜ր էր: Հին կեր էդպես էլ չտվեց, ինչքա՜ն էլ նեղն էինք ու որպես իմ օգնությունն ընտանեկան բյուջեին: Ես էի գիշերով քչփորում աղբի ամանը, բյուջե խնայում: Անմոռնալի՜ երեկո էր, և ամենակարևորը՝ ունեցա հաց և տաք անկյուն: Ինչպես ասում են՝ կցեցի հաճելին օգտակարին: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:

Գիշերը լացում էր: Հաստատ պոեզիաս էր ազդել: Գնացի մոտը, շշնջացի- Դե, որ սուրբ գաղտնիքներով բացահայտվեցինք, քեզ դատողաբար ուզում եմ ու կմոռանամ էն գժի մասին:
Բարձի տակից փետ հանեց ու լա՜վ հասցրեց:
Բայց երբ համեստորեն կծկվելով դրսևորեցի խաղաղասեր կեցվածքս, լացեց,- Էս ի՜նչ եմ դառնում: Խորտակվու՜մ եմ անարժանի պատճառով:
Երևի էդպես էլ խճճված էր մնացել իր զգացմունքներում: Փետը ձեռին ցույց տվեց մուտքի դուռը, թե՝ այնտեղ քնեք, թե չէ՝ դուրս կշպրտեմ:
Դողում էր,- Հիշեք, այ ապու՜շ, Ձեր հանդեպ միակ զգացմունքն արհամարհանքն է: Մի շաբաթից խելառ ընկերուհիս գալիս է: Իրեն կհանձնեմ, քանի որ նվերի փող չունեմ:
Թե անփորձությունից ամաչեց, թե Աղունիկիս համար խանդեց: էդպես կատաղած էգ չէի տեսել: Ո՜նց մտածում եմ, Ուստիանս համեմատականորեն վերացական սու՜րբ է: Մյուս օրը ամաչելով ներողություն խնդրեց:
Ես մեծահոգի ժպտացի ու խնդրեցի պոեզիաս հավանելիս պարել մեջքիս վրա նստած, որ ուղղորդվեմ: Լա՜վ էլ պարեց, բայց երբ հաճույքի ձայներ հանեցի ու կանչեցի՝ մի հատ է՜լ, վախեցավ, փախավ բազկաթոռին,- Այդպիսի բաներ չի՜ կարելի թույլ տալ: Դուք մանկամիտի ուղեղ և վարք ունեք:
- Ինչու՞ տիրուհիս, ինչ բնական է, այն բարոյական է,- իրոք շշմել էի: Ինչքա՜ն երեխա է:
- Մեր պատկերացումներն անհամատեղելի են բնականի և բարոյականի մասին: Վե՜րջ այլևս Ձեր հիմար պոեզային: Ախր ո՜նց գլխի չէի ընկնում: Ձեզանից խելքը գլխին միտք չեմ էլ լսել: Որ չխայտառակվեմ ու հրեշի չվերածվեմ, երկու օրից այլևս այստեղ չեք ապրի: Բուսակերների այդ հավաքին կխայտառակվենք ու կբաժանվենք: Գնալով դժվար է դառնում չկեղտոտվելով հրաժարվելը:
Լացս եկավ: Ո՞վ ա նա,- Ուրիշ մեջք ե՞ս ճարել, ճիշտն ասա: Ասմունքում է՞, թե՞ երգում:
Խրտնածի պես վեր թռավ,- Եթե մի անգամ էլ այդ մասին հիշել եք, Վահան պապի հետ դուրս կշպրտեմ: Արդեն զզվելի է: Ի՜նչ հիմարն եմ: Բա որ այս ամենը հայտնի դառնա՜:
-Գոնե նստեմ ոտքերիդ մո՜տ, թեթև՜ կպչեմ,- աղաչում եմ:
-Հասկացե՜ք, ստորությունը ստորացնում է և ստորացնողին և՝ ստորացվողին: Բա իմ յուրացրած ճշմարտություններն ի՞նչ անեմ:
Փորձում եմ կյանք սովորեցնել էդ խակին, որ չամաչի, արտահայտվի,- Բայց դա մեզ հետ ի՞նչ կապ ունի: Մենք իրար սի… հարգում ենք, չէ՞, տիրուհիս:
Լացում է փետը ձեռն ու չի արտահայտվում: Չէ՜, խակ ուղեղին ի՞նչ բացատրես: Աղունիկը հասկացող էր, նախաձեռնող: Սա գրքային ճշմարտությունների անմեղ զոհ է: Բայց ես եմ տուժում, դռան մոտ քնելով:
(շարունակելի)
Создано 13.05.19 14:15
© Все права защищены
105