Литературный портал

Հերմինե Նուրիջանյան

Մեր կյանքը փորձություններից կազմված շղթա է

Մեր կյանքը փորձություններից կազմված շղթա է. Պիտի հասցնես դրանց արանքում երջանիկ լինել: Ամեն բացվող օր թե՛ նոր պայքար է, թե՛ նոր ընծա է, Եթե կարող ես, փորձիր ինքդ քեզ հավատով զինել: Առավոտները էսպես թե էնպես միշտ էլ բացվում են. Ոչինչ ու ոչ ոք չի կարող անվերջ խավարում լինել, Քո ճամփան գծող փորձությունների անվերջ շարանում Փորձիր ինքդ քեզ, միտքդ ու հոգիդ արևով զինել: Հերմինե Նուրիջանյան, 27.06.2022թ.
192

Պատերազմը խմբագրեց մեր երազները

Պատերազմը խմբագրեց մեր երազները, Չթողեց էլ հենարաններ ապրելու, Փլատակներ մեր ներսում ու շուրջբոլորը, Ու սին փորձեր կորստի հետ հաշտվելու: Խամրեցին մեր արևները, էլ չկան, Առավոտներն անհոգի են ու անկյանք, Դատարկվել են փողոցները, մեր ներկան, Ինքներս մեզ համոզել ենք, որ դեռ կանք: Էլ նույնը չեն մեր պատկերն ու հայացքները, Խտացել է տխրությունը մեր հոգու, Պատերազմը խմբագրեց մեր երազները, Քանդեց բոլոր հենարաններն ապրելու: Հերմինե Նուրիջանյան, 19.09.2021թ.
1048

Հպարտ ենք

Ունենք մի սուրբ հող, Որ դարերի մեջ Պայքարել անվերջ, Հասել է մինչ մեզ: Ու թե գա նորից ժամն օրհասական, Վտանգված լինի հողը հայկական, Կյանքն էլ պետք լինի, կտա հայորդին՝ Զենքը հանձնելով եկող հաջորդին: Ու հիմա պիտի մենք հպարտ լինենք, Որ հերոս դարձած առյուծներ ունենք, Թեպետ չի սփոփվի վիշտը ծնողի, Բայց անկախ ենք մենք, հետնորդ՝ հաղթողի: Հերմինե Նուրիջանյան, 21.06.2016թ.
382

Ժամանակ

Թանկարժեք նվեր, որ տրվում է մեզ անկախ մեր կամքից, Անընդհատ շտապում, վազում է անվերջ, ու փախչում մեզնից: Մերթ չի հերիքում, ու թվում է, թե Էլ չես հասցնի ասել չասվածը, Որ չհասկացված ու անտեսված ես: Մերթ շատ երկար է, ու ցանկանում ես Ավարտել պահը, մոռանալ ցավը, Հոգումդ թողնել միմիայն լավը: Ուրեմն պետք է ճիշտ կառավարել Կյանքից մեզ տրված ամենաթանկը, Վերքերը բուժող կամ էլ խորացնող, Մեղքերը դատող կամ արդարացնող Ժամանակ կոչվող անսանձ ընթացքը:  Հերմինե Նուրիջանյան, 29.07.16թ.
435

Դարերով մաղված մի բուռ հայրենիք

Դարերով մաղված մի բուռ հայրենիք, Բյուր դարեր տևած գոյության պայքար: Լեզուն ու խաչը մեզ դարձրած կնիք Ավերակ հողին կդնենք նոր քար: Ու ոստեր կտան երազները մեծ, Մեր երազներով կկառչենք հողից: Իր կամքով, ուժով, հավատով անեղծ Հայը դեռ կապրի, կարարի նորից: Հերմինե Նուրիջանյան, 27.02.2020թ.
710

Հիշելու համար նկարներ պետք չեն

Հիշելու համար նկարներ պետք չեն, Ամենաթանկը պահում ենք սրտում. Թանկ մարդիկ, օրեր, վայրկյաններ, պահեր, Նրանց չես կարող նկարում պահել: Այն, ինչ չենք հիշում, երբեք չենք զգացել, Կամ չենք գիտակցել, որ թանկ է պահը, Անհոգ, աներկյուղ, անցավ օրերում Չենք ապրել հավետ կորցնելու ահը: Իսկ այն, ինչ թանկ է, հիշում ենք մենք ստույգ, Հիշում ենք անգամ բույրը վայրկյանի, Չի կարող տանել հուշերը մեր խենթ Ոչ մի խելահեղ, մոլեգին քամի: Ժամանակները որքան էլ փոխվեն, Հուշերը մեզ միշտ կպահեն արթուն, Հիշելու համար նկարներ պետք չեն, Ամենաթանկը պահում ենք սրտում: Հերմինե Նուրիջանյան, 28.02.17թ.
1044

Հայրենիք

Տաք երկիր չվող թռչունը անգամ Գարնանը նորից իր տուն է գալիս, Փնտրում եք գուցե ետ դարձի ճամփան, Բայց գտնել երբեք ձեզ թույլ չեք տալիս: Հյուրի պես եք միշտ տանը օտարի, Ասես մոլորված, անտուն ու անտեր, Որքան էլ լինեք հարգված, սիրելի, Կարոտը ձեզ միշտ կլինի ընկեր: Մայր հողում թողած կամ կորցրած տունը, Հարազատ բակի բարդիները սեգ, Մաշված քաղաքի սիրված անկյունը Հիշելու եք միշտ, ուր էլ որ լինեք: Հիշելու եք ձեր խենթ ընկերներին, Հարազատ դեմքեր ու դեպքեր անվերջ, Մի փոքրիկ մասնիկ մեր հայրենիքից Կրելու եք միշտ հիշողության մեջ: Բայց սերունդները ձեզ չեն հասկանա, Ձեր հիշողությամբ ապրել չեն կարող, Որքան էլ փորձեք նրանց հայ պահել, Օտարության դեմ թույլ են, անկարող: Մայր լեզուն կորցրած ու ձուլված հայը Նման է ասես անփամփուշտ զենքի, Հայրենիք սիրող պատանին երբեք Օտարի լեզվով բախտը չի երգի: Իսկ հայրենիքը հեռվից չեն սիրում, Սիրելու համար ճանաչել է պետք, Ապրել նրանով, ապրել նրանում, Թողնել քո հողում անջնջելի հետք: Հերմինե Նուրիջանյան, 07.12.16թ.
3183

Լինում են պահեր

Լինում են պահեր` երջանկությունից խելագարված ես, Լինում են պահեր` քո անտեր բախտից վիրավորված ես: Լինում են պահեր` կանգնած են կողքիդ բարեկամ, դրկից, Լինում են պահեր` էլ տառապանքիդ չկա կարեկից: Լինում են պահեր, երբ ամբողջ ուժով շարժվում ես առաջ, Լինում են պահեր` խոնարհվում ես նոր փորձության առաջ: Լինում են պահեր` աշխարհում քեզ պես խենթ սիրող չկա, Լինում են պահեր` դառնում ես անսեր, անիմաստ կյանքի հուսահատ վկա: Թող քեզ հետ մնան խնդություն, բերկրանք, Մոռացիր ամեն տխրություն, հառաչ, Հավերժության մեջ պահեր են սրանք, Որ պիտի ապրես ու շարժվես առաջ: Հերմինե Նուրիջանյան 21.07.17թ.
2301

Պայքարող տեսակ

Պայքարող մարդու փառահեղ տեսակ, Որ կրում է միշտ հաղթության պսակ: Կյանքիդ անեզր ծովում դու հիմա Աներեր, անվախ շարժվում ես առաջ, Երազանքներդ նպատակ դարձրած` Գնում ես վստահ, համառ, աննահանջ: Դժվարություններ կգան ու կանցնեն, Ու դու դրանց դեմ անզոր ու անզեն Կփորձես կրկին համառ երազել, Քո կյանքին կապել անթև երազներ: Ու թե հարվածեն կամքիդ պատնեշին Հուսահատության հուժկու ալիքներ, Կճեղքես դրանք հավատով քո մեծ, Կունենաս բախտից ակնկալիքներ: Եվ երբ կհասնես քո նպատակին, Ու թղթե նավդ դու ափ կհանես, Ետ կնայես ու կփաստես կրկին` Հաղթելու համար պետք է պայքարես: Հերմինե Նուրիջանյան, 15.11.17թ.
946