13
Արամը գնում
է դեպի Նազենիի տուն՝ նրան հյուր կանչելու, բայց մոտենալու հետ այդ հասարակ թվացող
հարցը մթագնում է, դառնում անպատասխան հարցերի խճճված կծիկ։ Ինչպե՞ս պատմի եղածը՝ կատակո՞վ,
թե՞ լրջորեն, կամ հանուն ինչի՞ խնդրի միանալ իրենց։ Եթե պառավը ձեռ առնի՝ ո՞նց արձագանքի։
Իրոք, անլու՜րջ է: Ինքն էլ դարձել է ուժեղ ու անվերահսկելի որոշման անզոր կատարող ու
վերլուծելու կամք էլ չունի։
-Նորից բարև,
տատ։
Նազենին ժպտում
է,-Բարև, տղաս։
-Պապս կանչում
է
-Մորակա՞ն,
տղա ջան
-Հորական, տատ։
-Իմ լեզվով
խոսիր, չնեղվեմ: Մեծ կին եմ, դարից հետ ընկած:
-Ճիշտ ես: Ես
էլ գլուխ չեմ հանում: Տան մեջ ձայն ենք լսում։ Ասում է՝ ես պապիդ ոգին եմ, Նազենիին
բերեք, տեսնեմ։ Օգնի՜ր տատ, աղջիկները վախեցել են, ես էլ մոլորվել։ Չե՜ս հավատա, քեզ
է ուզում։ Գրքերն է շաղ տալիս, ափսեներ է կոտրում։
-Էն բարի աղջիկը
ձեր հետ է՞:
-.... Չէ, չուզեց,
գնաց:
-Շա՞տ եք խմել:
Ձանձրանում եք:
- Տատ, դիմացդ
կանգնած եմ: Աղջիկները՝ միայն հյութ: Թե չես ուզում, մի արի:
Նազենին հայացքը
թաքցնում է,- Գամ՝ ի՞նչ անեմ, տղա ջան։ Չէ՜, ամոթ է։ Ձեր հետ գործ չունեմ ու ձեր լեզուն
էլ չեմ հասկանում։
- Տատ, մեր
լեզուն գրական հայերենն է։ Էս ի՞նչ ասեցիր։
- Չգիտե՜մ։
Հորդ հեշտ եմ հասկանում, Անոյիս էլ, բայց ձեր հայերենը դժվար եմ հասկանում։ Պապդ էլ՝
թե ասելու բան ունի, թող գա էստեղ, զրուցենք։
-Լավ էլի՜,
տատ։ Գնանք՝ տեղում պարզենք։
-Տղա ջա՜ն,
մի ժամ մի խմեք ու էլ չի կանչի: Իսկ որ էլի կանչեց՝ կգամ։ Գործեր ունեմ։
-Լավ էլի, տատ,
լուրջ եմ ասում։ Ես էլ հարբած չեմ, մեքենա պիտի քշեմ։ Աղջիկները՝ առավել ևս։ Խնդրու՜մ
եմ, արի քո մեծական խոսքն ասա, գոնե աղջիկները քեզ կլսեն։ Ինքն ասում է՝ քեֆն ինձ նվիրեք
ու Նազենիի հետ ինձ հիշեք, իմ մասին խոսեք։
-… Դե լավ,
փոխվեմ, գնանք։ Բայց թե պարզվել է, որ պարապությունից ձեռ եք առնում...
–
Չէ՜, տատ։ Ով
փորձեց, բերանը կփակեմ։
Երբ որ շարժվում
են դեպի ամառանոց, տեսնում են Անահիտին՝ իր բակում։
Անահիտը ժպտում
է իրենց կողմ ու հարցական նայում Նազենիին։
Նազենին նեղված
տոնով է խոսում,- Գնում եմ որպես պարապ քեֆի հատուկ հյուր ու միջնորդ՝ իրենց ու պապի
հիշատակի միջև։ Որ պապին հիշեմ, իրենից պատմեմ։
-Ի՜նչ անսպասելի
ու գովելի միտք է հիմիկվա ջահելների համար։ Պապն արժանի է այդպիսի վերաբերմունքի։
Արամն անկեղծորեն
հուզվում է,- Շնորհակալությու՜ն։
Անահիտը ժպտում
է Արամին,- Ձեզ ուրախ ժամանց, պապին՝ բարի հիշատակ, տատիկին էլ՝ հատուկ դաստիարակչական
մաղթանք։
Արամը նրան
ժպտում է, բայց գլխում կայծակի պարպման հարված զգում,-«Ինչու՞ դաստիարակչական։ Ինչ՞ն
էնպես չեմ արել։ Իբր եղածը քիչ էր, մի հանդիմանանքն էլ՝ իրենից»։
Նազենիին խումբը
դիմավորում է ուրախ աղմուկով։ Տեղավորվում են սեղանի մոտ։
Լևոնն ուրախ
նայում է շշերին,- Լա՜վ եղավ, որ եկար, տատ։ Ինչե՜ր ասես, որ չեղան։
Տաթևը ժպտում
է Նազենիին,- Տատ, աչքիս քեզ շատ է սիրել։ Հը, պապ, գո՞հ ես։
Գայանեն ուզում
է խոսել, փոշմանում է: Բոլորը լարված սպասում են ձայնի։
Տաթևը ծայրահեղ
լարված է,- Ես լսեցի, ասեց՝ «հա»:
Արամը փորձում
է տեղից վեր կենալ, բայց նորից նստում է։
Նվերը բարկանում
է առանց որևէ մեկին նայելու,- Զահրումա՜ր։
Արամը նեղանում
է Նվերից,- Ու՞մ ասեցիր, պապի՞ս։ Հարբած ես:
- Հոսանքին։
Էլի տզզոց լսեցի։ Էլ ու՞մ պետք է ասեի։ Էդպիսի բաների չեմ հավատում։
Նազենին
գլուխն օրորում է,- Ես էլ չլսեցի, բայց լա՜վ բան եք մտածել։ Մարդը տուն է դնում, որ
իր գործն ու անունն ապրեն սերունդի հիշողության մեջ։
Լևոնը լի ըմպանակ
է բարձրացնում,- Դե, եկեք խմենք պապիի հիշատակի կենացը։
Արամի և Տաթևի
ձեռքերն ուղղվում են դեպի Լևոնի բաժակը:
Արամը վերցնում
է այն,- Հետո։ Տատին չենք կանչել, որ վրա վրա խմենք։ Տատ, կպատմե՞ս պապիս մասին։
-Լավ մարդ էր,
լավ վարպետ։ Աղջիկներիս ասեմ, որ նաև ընտիր կոշկակար էր։
Տաթևը զարմանում
է,- Կոշկակար՞։ Արամ, բա ինչու՞ չէիր ասում։
Արամն ուսերն
է թոթվում,- Բայց ե՞րբ, ի՞նչ առիթով: Այ, առիթը կա, հիշողը կա։ Իսկ ի՞նչ ամոթ բան կա
կոշկակարության մեջ:
Նվերը նայում
է Արամի աչքերին,- ճիշտ ես, բայց մեզանից մեկը վատ խոսեց այն աղջկա մասին, որ հեծանիվով
իր օրվա փողն է աշխատում։
Արամը շփոթվում
է,- Ես գործը նկատի չունեի, այլ՝ բնավորությունը:
Խելառոտ է։
Նազենին գլխով
է անում Նվերի կողմը,- Թե էն հաց բերող աղջկա մասին է, վատ բան չասեք։ Մաքուր սրտի
տեր է, ոսկի։
Արամը մեղավոր
ժպտում է Նազենիին,- Դեմ չեմ: Լավ, զրուցենք պապուս մասին։
Շողերը նայում
է Արամին,- Այսօր իր ծննդյան օրն է, հա՞, երևի։
Արամը շփոթվում
է, -Չգիտե՜մ, չե՜մ հիշում։
Տաթևը նույնպես
նայում է Արամին,- Կամ էլ՝ մահվան տարեդարձը երևի։
Արամը չի նայում
Նազենիի կողմը,- Ախր դա չի կարևորը։ Այլ՝ մարդկային գծերը։
Նազենին ժպտում
է Արամին,- Պապի ծննդյան օրն անցել է։ Թե էստեղ էին նշում, Վազգենիս հերն ու մերն ինձ
էլ էին կանչում։
Լևոնը խմում
է իր հյութի բաժակից,- Քեֆչի տղա՞ էր, տատ։
- Պապը շա՜տ
էր սիրում սեղան զարդարողներին։
Տաթևն աշխուժանում
է,- Ինձ շա՜տ կսիրեր
Նազենին նրան
ժպտում է,- Զարդարող, այսինքն՝ սեղանի շուրջ սիրուն խոսքով, երգով, պարով տրամադրություն
ստեղծողներին։ Ասում էր՝ լավ է դատարկ սեղանի մոտ լիասիրտ մարդկանցով, քան թե՝ լի սեղանի
մոտ դատարկ մարդկանցով։
Տաթևը ժպտում
է Լևոնին- Լյովի պես տաղանդավորներին ես էլ եմ սիրում:
Շողերը գլխով
է անում,- Ոսկի՜ խոսքեր են։ Քեզ լավ չես զգում ճոխ, բայց լուռ, միայն ուտողների սեղանների
մոտ։
Նազենին նայում
է սեղանակիցներին,- Ինչքան հասկացա, ձեր ասած ձենն է ստիպել, որ ուտելիք տանեք Անոյիս
ընտանիքին։
-Այո, տատ,
մենք իր մասին չէինք էլ իմանում։
- Հետաքրքի՜ր
է։ Բա ու՞ր է ձեր ոգին։ Խաբեցի՞ք, թե՞ ինձնից է քաշվում։ Կնեղանամ:
Տաթևը Նազենիին
սալաթ է առաջարկում,- Երևի կարոտն առել է, դադրել։ Դու կեր, տատ, համո՜վ է։ Ճիշտն ասա,
տատ, ի՞նչ ես արել, որ քեզ չի մոռանում։
Լևոնը նորից
է ումպ անում հյութի բաժակից,- Տատ, ընկել է հետևիցդ, զգու՜յշ եղիր։
Նազենի,- Մի
վախեցրու՜, տղա ջան։ Ես վախի գետում լողացած կին եմ։
-էդ որ՞ն է,
տատ։
-էդ էն է, որ
կյանքի կեղտը փորձել է ինձ քշել, տանել, բայց նույնն եմ մնացել։ Հասկացեք, ո՜նց ուզում
եք։ Պատմելու բան չի, էն էլ՝ էստեղ։ Բարի՜ մարդ էր։ Եթե հաճախորդը փող չէր ունենում՝
չէր մերժում։ Ասում էր՝ մեծ բան չի: Մի օր դեմս կգա:
Մի պահ լռություն
է տիրում։ Նազենին նայում է Նվերին, շարունակում,- Մի օր ընկերոջը կանչեց օգնելու տանիքի
հարցում։ Ընկերը երեք օր իր գործն արեց ու փողից հրաժարվեց։ Բայց ինքը մինչև էնպես
չարեց, որ ընկերը գոհ մնա, չհանգստացավ։
Տաթևը
նայում է Նվերին,- Բայց Նվերն էլ դժգոհ չի։ Չէ՞, Նվեր։
Արամը
չի թողնում Նվերին խոսել,- Նա իմ ընկերն է անկախ ամեն ինչից, ու ես շնորհակալ եմ, որ
առանց սակարկելու եկավ ու հանեց նեղ վիճակից։ Լյով, նրա խնդիրն իմ խնդիրն է։
Լևոնն
ուսերն է թոթվում,- Եղավ, ոնց ասես։- նայում է Նազենիին,- Տատ, պապին հո հետդ չարություն
չի՞ արել։
Նազենին
ժպտում է,- Չե՜մ ասի, տղա ջան։ Լսեք, ինչ որ պատմում են, ու կնոջը մի հարցրեք նրանից,
ինչից որ չի պատմում։ Մենք եղել ենք հարևաններ, շուրջը քիչ մարդ կար։ Ես գոհ եմ։ Մի անգամ տներից մեկում հաց էին թխում, Վազգենն էլ անցնում
էր էդ կողմերով։ Տանտիրուհուն ասում է,- «Ոնց որ մեռոն լինի ձեր լավաշի հոտը, քույրիկ»։
Քիչ հետո այդ կինը լավաշ է ուղարկում Վազգենին։ Պապը նեղվում է,- «Այ քուր, բայց ես
հիմա փող չունեմ»։ Կինը նեղանում է՝ -«Բայց ո՞վ է լավաշը փողով ուղարկում հարևանին։
Անուշ լինի»։ Ինքն էլ երկար ժամանակ այդ կնոջից ու նրա հարևաններից իր արած գործի համար
փող չվերցրեց։ Թաղում դառել էր խոսելիք։
Արամը հուզվեց,-
Պապիս ցավը տանեմ։
Տաթևը ժպտաց,-
Այդ կինը դու՞ ես։
-Ոչ, բայց դա
ի՞նչ կարևոր է։ Պատմածս ուրիշ բանի մասին էր։
Տաթևը հուզվեց,-
Հասկացա, տատ։ Խնդրում եմ, մի դեպք էլ պատմիր։
-Պատմեմ։ Ընկերոջը
կանչեց բերքահավաքին օգնելու։ Դա էլ լավ մարդ էր, բայց միամիտ։ Մինչ ինքը զբաղված էր
այգում, պարապ ժամին հարևանը ընկերոջ հետ թուղթ
է խաղում ու պարտքի տակ գցում։ Իմացավ, փողը տվեց հարևանին, ասեց, որ էլ իր տուն չմտնի։
Հարևանը փողը վերադարձրեց, ներողություն խնդրեց։
Տաթևը
զարմացած է,- Ինձ թվում է, որ տատին ամեն ինչ գիտի, ու դիտմամբ ինչ որ բան է հասկացնում։
Շողերը
հաստատում է,- Ես էի ուզում ասել։
Արամն
աչքերը փակում է, շշնջում,-Էս ամբողջ եղածը մի կողմից, էդ մտքից էլ գլուխս տրաքում
է։ Լավ է, որ դուք էլ նկատեցիք։
14
Լևոնը
հորանջում է,- Գլուխս պտտվեց, մի քիչ թարմ օդ շնչեմ, գամ։ Ոչ մեկդ չմոտենաք: Կգամ մի
տաս րոպեից,- ու դուրս է գնում։
Տաթևը
փորձում է Լևոնի հյութի բաժակի հեղուկը, հոգոցով ցած դնում,- Ինքն էդպես է։ Երբ ներվայնանում
է, լավ է մենակ թողնել մի հինգ րոպեի չափ։
Լևոնը
դուրս է գալիս շենքից, գնում խորովածի տեղը, թաքստոցից օղու շիշ հանում, շշից ումպ
անում ու քայլում դեպի Անահիտի տուն,- Կարող ա՞ գիտեք՝
փող եմ տպում։ Դու, աղջիկ ջան, հիսուն հազար մի ամսում չես կարում աշխատես, ես անկեղծորեն
քեզ եմ տալիս մի կես ժամվա համար։ Խոսենք, արագ ժամ կապենք, հետ գամ, Տաթոս չիմանա։
Ես հենց էնպես փողերս չեմ ցփնի։ Կյանքն ա ըտենց։ Թե երկուսով էլ ուզեն, կըլնի։ Ինչի՞
պտի չուզես որ, քեզնից ի՞նչ կգնա, որ։
Հասնում
է Անահիտի տուն, դուռը մատով թույլ թխկացնում ու առանց պատասխանի սպասելու ներս մտնում,-Նորից
բարև ձեզ։
Երեխաները
չէին երևում։ Անահիտը, որ պառկած էր թախտին, նստեց,- Բարև ձեզ։
- Իսկ
միգուցե ներս գա՞մ։
Անահիտը
զգաց ալկոհոլի հոտը, արեց անհրաժեշտ հետևությունը,- Իսկ միգուցե ասեք, թե ի՞նչ հարցով
եք եկել։
-Հարցաքննու՞մ
եք։ Ես ախր այն խմբից եմ, որի հետ եկա՜նք, օգնություն բերեցի՜նք։
-Եկել
եք հաշվարկելու՞ օգնության չափը։ Ցուցակը տվեք, հաստատեմ, գնացեք։
- Ինչու՞
էսպես կոպիտ, չոր։ Ես լա՜վ նպատակով եմ եկել։
-Ասեք,
լսում եմ։
-Էն գումարը,
որ տալու եմ սառնարանի ու լվացքի մեքենայի համար, թողնել Ձեզ։
-Հասկացա,
և փոխարենն ի՞նչ եմ անելու։
-Դե....
ոնց ասեմ, ներս թողնել լավ հեռանկարով։
- Ե՞վ....
- Մի երկու
անգամ ընդունեք ինձ, բայց՝ ավելի ջերմ։
- Եվ ի՞նչ
արժի ջերմ ընդունելությունը։ Գին կասե՞ք, որ
իմ աչքից չընկնեմ։
-Ամեն
ինչ լա՜վ կլինի, էլի կբերեմ։ Մենակ ասա՝ հա: Դժգոհ չե՜ս մնա։
- Ոնց
եկել եք, նույն կերպ գնացեք։
-Ախր ինչու՞։
Ես մաքու՜ր սրտով,-դռնից դուրս է գնում, ու այնտեղ մնում կանգնած։
- Էդ մաքուր
սիրտը կդնեք ձեր տան ճակատին, որ մարդիկ հիացած մեծարեն։ Ես անշնորհակալ տիպ եմ,- դուռը
շրխկացնում է Լևոնի դիմաց, վերցնում ջրով լի բաժակ ու փորձում դրսի ձայներից հասկանալ՝ անկոչ հյուրը
գնա՞ց, թե՞ ոչ։
Լևոնը
նորից դուռը ծեծում է, բայց այս անգամ ներս չի մտնում առանց հրավեր։
Անահիտը
դուռը բացում է ու Լևոնի վրա ջուր լցնում,- Մյուս անգամ երեխայի մեզով կպատվեմ, հեռացեք։
Լևոնի
ժպտացող դեմքն աղավաղվում է, -Անշնորհակալ բոզի մեկը,- հեռանում է։
Անահիտը
շշմում է,- ճիշտ եք, ու.... ու ու ,- չիմանալով ասելիքը, պառկում է թախտին, լուռ լալիս։
15
Տաթևը
կանգնում է,- Գնամ Լևոնիս մոտ, սիրտն առնեմ,- դուրս է գալիս բակ, նկատում Անահիտի տան
կողմից եկեղ Լևոնին,- Զգու՜մ էի, ախր։ Ու՞ր էիր, Լյով։ Լավ չեմ:
Լևոնը
բարկանում է,- Չսեցի՞ր, ասեցի՝ հետևիցս չգաս։ Զբոսնու՜մ էի։
-Այդ ինչ
ջու՞ր է վրադ։
-Անցնում
էի, էդ կնոջ երեխեքը ջրեցին։
-Ինչու՞
էիր գնացել իր մոտ։ Ինք՞ն էր կանչել։
Լևոնն
ասելիքը չունեցող աշակերտի պես հազիվ լսելի անկապ բառեր է արտաբերոմ,- Սուրճ... հենց
էնպես ... ստացվեց... մաքուր սրտով....
Արամը
դուռը բացում է, դիմում նրանց,- Ի՞նչ եք ձեններդ գցել, ի՞նչ է եղել։
Տաթևը
լացախառն դժգոհում է,- Լյովը մեզ թողել, գնացել է այդ կնոջ մոտ։ Չգիտեմ՝ նա՞ է կանչել,
թե՞ ինքն է ինքնագլուխ գնացել։ Չէի՞ք կարող համբերել՝ հետո։ Շտա՞պ էր։
Արամը
սաստում է Տաթևին, շշնջում,- Չի կարելի։ Քեզ զսպի՜ր։ Տատը կլսի։
Երեքով
ներս են մտնում։ Արամը Լևոնին ուղեկցում է ննջարան, պառկեցնում մահճակալին, վերադառնում
սեղանի մոտ։
Մի պահ սենյակում լռություն է
տիրում։
Տաթևը
ժպտում է Նազենիին,- Կներե՜ս, տատ։ Բարկացել էի, դու շարունակիր։
Նազենին
կանգնում է,- Էդ բարկանալդ հասկացա, բայց դրա բարոյականությունը՝ չէ։ Ի՞նչ կապ
ունի բարկությունդ Անոյիս վարքի հետ։ Իրեն էդպես ճանաչեցի՞ր, աղջիկ ջան։
Տաթևը
կմկմում է,- Դե…
Արամը
չի թողնում Տաթին խոսել,- Տատ, ընկերս մի փոքր հարբած է եղել, հիմարություն է արել։
Մի նեղացիր, ինքն էդպիսի տղա չի։
-Ես իրենից
չեմ նեղանում։ Ինքն իմ համար ոչ մեկն է։ Քեզանից եմ նեղանում։ Դու ես Վազգենի թոռը,
Կորյունի տղեն։ Դու ես ինձ կանչել տուն, հարգանք խոստանալով։ Ու քաշում եք ինձ համար թանկ, ձեր համար անիմաստ զրույցի
մեջ, որ էդ ընթացքում տղաները գնան Անոյիս մոտ։ Ինչի՞ց երևաց, թե նա էդպիսի կին է։
Դեռ ոչ մի բան չեղած էս գղեցկուհին Անոյիս որակեց: Թե՞ ձեր տարածի արժեքն եք հանում։
Ինչքա՞ն ենք պարտք։ Ասեք, ու էդ հասցեն մոռացեք։
Արամը
չի նայում Նազենիի կողմը,- Չէ, տատ, ախր ես….
-Լռիր,
տղաս։ Վատ, շա՜տ բան եք արել։ Ինձ էլ խաբել ինչ որ հոգիով։ Ես ջհանդամը, էն դժբախտ
երեխու անունն եք հանում, ավելորդ լաց պատճառում։ Ամոթ չունեք, խի՞ղճ էլ չունեք։ Ձեզ
մարդ եք հաշվում, շուրջներդ ամեն ինչ փողով այլանդակում:
Արամը
չգիտի ասելիքը,- Բայց ախր՝ ո՞վ։
-
Դուք։
Հիմա էլ էստեղ էնտեղ կպատմեք, թե ոնց երկու կտոր մսով ջահել կնոջը վայելեցիք ու հասցեն
էլ կտաք.. Ու կգան ձեր նման... Էն խեղճին էլ
ո՞վ դպրոց կնդունի։ Թե՞ ձեր ուզածն է, որ խեղճ մնա ու գաք, երկու կտոր մսով,
գնաք ձեր կյանքին։
Արամն
անձեռնոցիկներով անընդհատ քրտինքն է սրբում,- Տատ, ախր էդպես չի….
Նազենին
մոտենում է ելքի դռանը, կանգնում,- Անոս ամեն ինչով ձեզնից բարձր է ու մաքուր։ Ո՞ր
նորմալ մարդն է մարդու կերածին ու հագածին նայում: Դու էլ, Վազգենի թոռ, էդ պապի թոռը
չես, էդ հոր տղեն էլ չես, ափսո՜ս,- հեռանում է։
Շողերը նեղվում է,- Նեղացավ, գնաց։ Էս էլ էսօրվա
քեֆը բարեգործական կոդով։ Գոնե էսքանով պրծնենք։ Չնեղանաք, երեխեք: Մեզնից գոհ ենք,
բայց լավ մարդ չենք:
Արամը
հոգոցով համաձայնվում է, գնում Նազենիի հետևից,- ճիշտ արեց, շա՜տ ճիշտ։ Ինձ թվում է՝
պապիս ուզածն էս էր: Ասելիք ուներ: Ասեց՝ ու գոհ է։
15
Նազենին
շարժվում է դեպի դարպասը։
Գայանեն,
որ նստած էր շենքի ճակատային մասի պատի տակ, ոտնաձայններ լսելուն պես թաքնվում է,-
Հերիք է, գնամ։ Սրանից ավել չեմ կարող: Սրանցից ոչնչի էլ հասնել հնարավոր չի: Մաշվեց
ինքնահարգանքս։
Երիտասարդները
դուրս են գալիս շենքից, հայացքով ուղեկցում Նազենիին։
Նվերն
այդ ընթացքում խոհանոցում խրոցից հանում է սարքը, գնում, միանում խմբին։
Արամը
թույլ հոգոց է հանում,- Ասելու բան էլ չկա՝ մարդ ասի։
Շողերը
նայում է Անահիտի տան կողմը,- Չպիտի աներ, իրոք։
Տաթևը
դժգոհում է,- Չճնշեք Լյովիս։ Գողը նա չի, ով
չի գողանում,, այլ նա՝ ով չի բռնվում։
Նազենին դարպասի
դռան մոտ կանգնում է, ետ շրջվում երիտասարդների կողմ։ Այդ պահին նկատում է Գայանեին,
ցնցվում։
Արամը լարվում
է,- Էլ ի՞նչ եղավ, տատ։
Նազենին ճակատն
է շփում,- Խեղճի արածն էլ անիմաստ եղավ, քանի որ դուք էիք ու ոչինչ չհասկացաք: Ձեր
արածը եղավ, չմարսվեց։,-դիմում է Տաթևին,-դու ասեցիր գողի համար, ես էլ իմն ասեմ: Պոռնիկը
նա չի, որ երեխայի հոգսի խեղճությունից պառկում է ուրիշ տղամարդու հետ, այլ նա է, որ
օգտվում է կնոջ խեղճությունից։ Էս ձեր արածի
մասին, եթե կհասկանաք,- որոշում է հեռանալ, բայց տեսնելով պատուհանից ներս մտնող Գայանեին,
շարունակում է, ձայնը բարձրացնելով,- Չգիտեմ՝ ում ասելով մի երկու բան եք տարել էդ
խեղճին ու հետո հաշվելով օգուտն ու վնասը, որոշել եք օգուտ քաղել։ Ձեր նմանների համար
բարի գործ անելն օգուտ չի։ Հերթով կգնաք, որ տան մոտ հերթ չերևա ու չխայտառակվի։
Արամը փոձում
է խոսել,- Բայց ախր…
Նազենին ձեռքը
թափ է տալիս, հեռանում, ասելով,- Սևին օճառն ինչ կանի, խևին՝ խրատը։
16
Խումբը
ներս է գնում։ Լևոնն արդեն սեղանի մոտ է,- Սոված եմ, միացեք:
Տաթևը
դժգոհ է Լևոնից,-Տեսա՞ր, ոնց անվերահսկելի ալկոհոլը բերեց անվերահսկելի վարքի:
Արամը
նրան լռելու նշան է անոմ,-Բոլորս էլ լարված
ենք: Հետո՝ անպայման:
- Ծարավեցի,-
Լևոնն ըմպում է հյութի իր բաժակից, զարմացած զննում,- Ե՞րբ։ Այ քեզ բա՜ն։
Շողերն
ու Տաթևը ծիծաղում են,- Իսկ ի՞նչ պիտի լիներ։
Շողերը
հոգոց է հանում,- Անվերահսկելի ու անբացատրելի օր է, կարծես ինչ որ մեկի անողոք սցենարով
ենք շարժվում: Անընդհատ լարվածություն եմ զգում: Ու դրանից քո խմիչքի ու իմ գլխի որակները
ընկել են։
Արամը
համաձայնվում է,- Ես էլ եմ մի տեսակ տրանսի մեջ։ Էլ պետք չի խմել։ Պետք չէր գնալ, Լյով։
Մեր հարևանն է՝ արժանավոր կին,-փորձում է հիշել,- Ի՞նչ ասեց՝ «խեղճի արածն էլ անիմաստ եղավ, քանի որ դուք էիք ու ոչինչ չհասկացաք»: Ո՞վ, ի՞նչ է արել:
Տաթևը
քմծիծաղում է Արամի կողմը,- Հարևանուհուդ համար խանդելու նման ասեցիր։
Շողերը
համաձայնվեց Տաթևի հետ,- Ես էի ուզում ասել։
Լևոնը
նորից է կում անում, բաժակը զննում,- Հիմա այդ մասին չխոսենք։ Շա՜տ եմ նեղված։ Գնամ
մի քիչ էլ տանկեմ, հանգստանամ։
Շողերը
կիթառը մեկնում է Լևոնի կողմը,- Առանձնանալու համար չենք հավաքվել։ Մնա հետներս ու
երգիր։ Կարոտե՜լ եմ երգերիդ, Լյո՜վ։
Լևոնի
դեմքից դժգոհություն է թափվում,- Էսօր բոլորդ՝ ամեն մեկն իր չափով, կերպարս գզում եք,
ու դեռ ուզում եք, որ երգե՞մ։ Տվեք ինձ սուրճ,
տորթ ու մոռացության քսան րոպե, որ երգեմ։
Տաթևը
ցածրաձայն ու անվստահ ձայնով բողոքում է,- Բա քեֆ ենք անում, ամեն ի՜նչ էլ կլինի։ Հա,
բայց ի՞նչ եղավ, որ մի բան էլ բոլորիս վիրավորեց։ Տղամարդն ամեն մեկին չի առաջարկում։
Նա զգում է մերժողին ու համաձայնվողին։
Նվերը
խոսում է կարծես չուզենալով,- Նա էլ նույն բանն էր ասում։ Համաձայնվելու պատճառի մասին։
Տաթևը
բարկացած խեթում է Նվերին,- Թե չէ՝ հենց դու սու՜րբ ես։ Գրազ եմ գալիս, որ որևէ առիթով
դու էլ, Արամն էլ գնալու եք հյուր էդ բարի՜
կնոջը։ Հը, ո՞վ է հետս գրազ գալիս։
Արամ,-
Այդ թեման թողեք, ամո՜թ է։ Մենք չենք գնալու։ Իհարկե՜, տգեղ է օգնել, ու հետո այն սակարկել։
Առավել ևս՝ խեղճ ապրող կնոջ պահով: Այ, Նվերն էկավ իմ կանչով ու չի էլ ակնարկում վարձահատույց
լինելու մասին։
Տաթևն
անբնական ծիծաղում է,- Էդ հույսո՞վ եք գնում մոտը,- բայց զգալով ընկերների հանդիմանող
հայացքները, լռում է։
Միայն
Լևոնն է արձագանքում ծիծաղելով,- Դու էլ բան գտա՜ր համեմատելու։
Շողերն
առարկում է,-Ինչու՞։ Ըստ էության նույնն է։
Արածի դիմաց բավարվածության միտքը։ Շեղումը գալիս է թաքցրած մղումի որակից։ Նվերին
բավական էր ընկերոջն օգնելու փաստը։
Տաթևը
փնչացնում է Նվերի կողմը չնայելով,- Իրեն էլ գիտենք, ցուցարարներից չի՞։
Արամը
բարկացած ու խոսել պատրաստվող Նվերին լռելու նշան է անում,- Նվերն իմ ընկերն է: Թեման փակեք։ Զրույցը
վերածվեց փաստի ապուշացման հետևանքով ստացված շիլաշփոթի բաղադրության անհեռանկար վերլուծության։
Լևոնը
կարծես թե չլսեց Արամի խոսքը,- Ամբողջ պարտքը հեչ արեցի ու շնորհակալութուն էլ չասեց,- ձեռքն անհհույս թափ տալիս, գնում ննջարան։
Արամը
ժեստով հանգստացրեց լարված Նվերին, խոսեց բառերը շեշտելով,- Ինքը քեզ պարտք չի եղել,
որ դու հեչ անես։ Ես իմ տուն օգնելու եկած ընկերոջս գլխին սարքող չեմ։ Լյով, իր հետ
տալիք առնելիքի հարցերը կլուծես իմ միջոցով։ Էլ չասեմ, չլսեմ:
Տաթևը,
որ բորբոքված էր, ձայնը բարձրացրեց,- Խեղճ Լևոնն ի՞նչ անի, որ հասցրեցին։ Կրակն ընկա՞նք,
որ մի քիչ փող ունենք։ Ի՞նչ անեմ՝ բաժանեմ բոլորին ու նստեմ լացե՞մ։ Ասեմ՝ իմացեք,
աղքատն իր խելքից է աղքատ, իսկ հարուստն՝ իր շնորհքի ու ճարպկության շնորհիվ հարուստ։
Լևոնը
ննջարանից ձայն է տալիս,-Ապրե՜ս, Տաթս։ Այո, մենք ուրի՜շ ենք ու մեր հետ չչափվեք ու
դեմներս դուրս չգաք։ Եղա՞վ, ցուցարար ախպեր։
Նվերը
շարժվում է դեպի ելքի դուռը,- Ես գնամ։ Սեղանը հավանեցի, մթնոլորտը՝չէ:
Շողերը
նրան խնդրում է,- Գոնե թխվածքից համտեսեիր։ Արի գնանք խոհանոց, սիրտը՝ տամ քեզ։- ժպտում
է,- Առայժմ՝ թխվածքի:
Նվերն
էլ նրան է ժպտում, ձեռքը տանում սրտին,- Քաղցր ուտելիքից և խոսքից խուսափում եմ, սրտերից՝
զգուշանում,- ու Շողերի հետ քմծիծաղում։
Արամը
կանգնում է, դիմում Նվերին,- Ու՞ր ես գնում։
-Տուն։
Հոսանքը կարգավորված է, ինձ սպասում են։ Դուք շարունակեք։ Մնալս անիմաստ է։ Բարով մնաք,
- մուտքի դռնից դուրս է գնում։
Արամը
ուղեկցում է,- Սպասիր, տաքսի կանչեմ։
Նվերը
ձեռքի շարժումով հրաժարվում է, հեռանում առանց հետ նայելու։
Շողերը
շտապում է Նվերին հրաժեշտ տալ,- Ցտեսությու՜ն, Նվեր։ Հաճելի՜ էր ծանոթանալը,- դիմում
է ընկերներին,-լավ ընկեր է, լավ մարդ։ Հավանեցի:
Ոչ ոք
չի արձագանում։
Նվերը
դուրս է գալիս դարպասից, շարժվում։ Հանկարծ նայում է Անահիտի տան կողմ, ու շարժվում
այն կողմ,- Օրը խոսեմ, ամոթ է։ Չասի՝ եկավ, մեծ մեծ բրդեց, գնաց։
17
Տաթևը
պատուհանից նայում է, քմծիծաղում,- Ես մենակ մեռնելուս օրը չգիտեմ։ Շտապու՜մ եմ, տաքսի
չեմ ուզու՜մ, քաղցր չե՜մ սիրում, սրտերից զգուշանում եմ, ինձ սպասում են։ Ո՞ւր ես շտապում,
ով է սպասում: Ի՞նչ ես ուզում, հեշտ տրվող մարմի՞ն։ Մնացիր դու, Արամ։
Արամը
ևս դուրս է նայում,- Անսպասելի՜ էր,- հեռախոսի վրա համար է հավաքում, – կգաս, նոր կգնաս…
հասկացա… լսու՞մ ես, ասելու բան ունեմ։ Տաքսիով
ուղարկեմ … կնեղանամ,- անջատում է հեռախոսը։
Շողերը
ևս մոտենում պատուհանին,- Ամո՜թ Նվերին։ Լավ տպավորություն թողեց։- նայում է Արամին,-
Գա, որ պատմի՞ եղածը։ Իսկ եթե՝ մնա՞։
Տաթևը
հեգնում է,-Գոնե ասեր, հետը տորթ դնեի: Գնալու առիթ կլիներ, պատճառի թեմային անցնելն
էլ դյուրին լիներ:
Տաթևն ու Լևոնը քինոտ ծիծաղում են,
Արամը հայացքը
փախցնում,- Խնդրու՜մ եմ, այդ թեման փակենք։
-Խեղճ
կին, կանայք,- Շողերը շիկնում է ու փորձում թեման փոխել,- Բայց զգու՞մ եք, տատին ինչ
եկավ՝ գնաց, պապը լռե՜ց։
Արամը
համաձայնվում է,-Հետը գնաց։ Կանչեց, որ հետը տանի՝ հանգի՜ստ զրուցեն։
Սենյակում
ինչ որ ժամանակ հաստատվում է ծանր ու ճնշող լռություն։
Արամը
մոտենում է գրապահարանին,- Աղջիկներ, մինչև Լյովին համոզեք երգել, ես մեր ընտանեկան ալբոմը նայեմ, պապուս հիշեմ։
Տաթևն
աշխուժանում է,- Հետաքրքի՜ր է։ Պահու՞մ եք թղթե ֆոտոները։ Ես էլ նայե՞մ։
Շողերն
էլ մոտենում,- Ես էլ կուզենայի պապիկին տեսնել։ Երևի օգնի կապել օրվա հետ։
Տաթևը
թևանցուկ է անում Արամին ու Շողերին,- Գնանք խոհանոցում նայելու՝ տորթո՜վ, սրճո՜վ։
Լյով քո բաժին տորթը բերե՞մ, թե՞ կմիանաս։
Լևոնն
արագ շարժումներով մոտենում է սեղանին, իր ըմպանակը օղի լցնում, խմում, հետևում նրանց,-Անձամբ
գալիս եմ, բայց հոգով չեմ միանա: Ինձ մե՜ծ կտոր։
Տաթևը
դժգոհելու ձև է անում,- Մի հոգուն էդքան չի հասնում, անկու՜շտ։ Բուրյաթիդ համա՞ր է։
Մինչ իր
բաժինը ստանալը Լևոնը պատառաքաղով թխվածքի կտորներ է համտեսում,- Հը՜մ։ Բուրյաթ չի,
Արյա՜թ է։ Չէ՜, իրեն չէ, բայց մատուցողուհուս՝ եթե գա:
Տաթևը
բարեհոգի քմծիծաղով կսմթում է Լևոնին,- Ու՜ր էր, գար, բռնեի՜, բուրդը գզեի՜։
Շողերն
Արամի հետ ծիծաղում է,- Մարդու հալյուցիանացիան ու սխալները թաքուն երազանքների ձևակերպումն
են։ Զգու՜յշ, չբացահայտվե՜ս, Լյով։
Լևոնն իր բաժինը վերցնում, շտապում է համակարգչի
մոտ,- Ժամանակ չկա, դրա տանկերը կործանեմ, սկսեմ քո անլուրջ մտքերը հասկանալ ու կործանել։
Արամը
ալբոմի նկարներից առանձնացնում է իր պապիկի մասնակցությամբ նկարները, երկար նայում։
Տաթևը
մոտենում է,- Վայ, Արամ, քանի՞ տարեկան ես էստեղ։ Իսկ ինքը՞։
Շողերը
միանում է նրանց,- Ի՜նչ լուրջ դեմքով է։ Դու իրեն ես քաշել։
Արամն
այդ նկարը երկար զննում, գլխով հավանության նշան է ցույց տալիս։
Տաթևը
վերցնում է հաջորդ նկարը,- Հետն ո՞վ է։ Ո՞վ է այս գեղեցկուհին։ Ի՜նչ լավ ժպիտ ունի։
Արամը
հայացքը փախցնում է, խոսում ափսոսանքի նոտաներով,- Մեր հարևանուհին, այդ կինը՝ Անահիտը։
Տաթևը
երկար է նայում նկարին,- Հազա՜ր ափսոս։ Ճաշակով հագնված, երջանիկ դեմքով։ Ի՜նչ դաժան
է կյանքը։ Երջանիկ տիկինը։
Շողերը
ևս երկար է զննում նկարը,- Հիմա հասկացա՜, թե ինչու ես հրապուրված իրենով։ Իրենից կյանք
է ճառագում։
Արամը
տխուր ժպտում է, նկարին նայելով,- Ինչի՞ց ենթադրեցիր, որ հրապուրված եմ, ու՝ իրենով։
Շողերը
տխուր ժպտում է,- Կին արարածն ինտուիցիայով անսխալ կարդում ու վերծանում է ձեր թաքուն
հայացքը, ինտոնացիան, միմիկան, բայց՝ լռում։
Տաթևը
նոր նկար է վերցնում,- Իսկ սա ո՞վ է պապիկիդ ու այն կնոջ հետ։
Արամը
զննում է նկարը,- Չեմ հիշում, կարծեմ՝ հարևան։
Տաթևը
ծիծաղում է,- Շողերը ճիշտ էր։ Կնոջը հիշում ես, հարևանին՝ ոչ։ Նրա ամուսինն է, իրար
ձեռք են բռնել։
Արամը
երկար նայում է նկարին, շպրտում,- Կարծես թե։ Բայց դա ի՞նչ կարևոր է։
Տաթևը
վերցնում է հաջորդ նկարը,- Պապիկդ ո՜նց է քեզ նայում։
Արամը
վերցնում է նույն նկարը, երկար նայում,- Ի՜նչ լավ նկար է։ Էս ո՜նց է ինձ նայում, աստված։
Նկարը չէի էլ տեսել,- կանգնում է,-փորձեմ հանգստանալ, լարված եմ,- գնում է, կանգնում
մուտքի դռան մոտ, նայում Անահիտի տան ուղղությամբ։
Շողերը
հեռվից հետևում է Արամին, նրա հայացքի ուղղությունը։
Ու երբ Արամը հանկարծ նայում է
իրեն, շփոթվում է, իրեն մատնում,-Հետևում ես, թե ինչքան կմնա՞։
Արամը
նորից դուրս է նայում,- Պարզապես դրսին կարոտեցի։-քմծիծաղում է,-դու էլ ի՞նձ ես հետևում,
թե՝ ուր եմ նայում:
Շողերը
մի պահ շիկնում է, հետո նայում Արամի աչքերի մեջ,- Ինչու՞ չէ, եղածից հետո: Չճտե՞մ,
ով եմ ես քեզ համար, եթե հանկարծ գամ այս թաղ իր հետաքրքիր պատմություններով։
Արամը
քմծիծաղում է,-Ամենուրեք էլ նույնն է։ Եթե իմանաս ու խորանալ ուզենաս։
- Հնարավոր
է։ Հարցը իրավիճակի ընկալման ձևի մեջ է։ Երևի պապիկդ էլ այդպիսին է եղել։ Խրթին հարցերի
խորագիտակ մեկնաբան:
-Էլի հեգնում
ես, ու դրա իրավունքն ունես, բայց գոհ եմ, որ պապիս հիշեցինք։
Շողերը
հանկարծ տխրում է,- Հանգստացիր, կարծես թե եկավ,- գնում է խոհանոց:
18
Անահիտը պատուհանից տեսնում
է իր տուն եկող Նվերին,- Էլի եկա՜ն, վարձն ուզելու։ Էլ չլացես, հիմա՜ր։ Սրանք արժանի
չեն քո արցունքները տեսնելուն։
Նվերը մի քանի րոպե չի համարձակվում դուռը ծեծել։
Անահիտը սպասում
է դռան թակոցին, ու դրա ուշանալուց բարկանում
է,- Հը, փողեր՞դ ես հաշվում, ծալում առանձնացնում, որ չտեսնեմ ու շատ չուզե՞մ,- գնում,
ինքն է բացում մուտքի դուռը։
Նվերը հանկարծակիի
է գալիս,- Կարելի՞ է։
Անահիտն իրենով
փակում է մուտքի ճանապարհը,- Այսօր՝ ոչ։ Պատրաստ չեմ:
Նվերը շշմում
է կնոջ ձայնի չոր ու անբարյացակամ տոնից,- Չհասկացա, ընդամենը…
- Դե, ո՞նց
բացատրեմ։ Այսօր չեմ կարող։ Գեղեցիկ չի, բայց հաճախորդին կարելի է ասել։ Կանացի խնդիրներ
ունեմ։
Համեստ կնոջ կերպարի կտրուկ փոփոխությունից Նվերն
իրեն կորցնում է,-Բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես ուզում էի…
- Իսկ ես չե՜մ
ուզում։ Հասկանու՞մ եք, չե՜մ… ուզու՜մ։ Գնացե՜ք։ Մի՜ օգնեք, մի՜ եկեք, մի՜ խղճացեք։
Նվերը, չըմբռնելով
կատարվածի պատճառի էությունը, փորձում է պարզեցնել հարցը,- Կներեք։ Միայն ուզում էի
օրը ճշտել։
- ճշտենք։ Չկա՜
օր, չկա՜մ ես, հաճույքի օբեյկտ չկա այս տանը: Բարո՜վ գնաք, չհուզվեք, ոտքերդ քարերին
չխփեք։
Նվերի համար
իրավիճակը շատ էր վայրենի։ Նկատելով Անահիտի մարմնի դողը, մի նոր փորձ է անում,- Ուզում
եմ օգնել առանց հետին մտքի։ Հանուն երեխաների։
Անահիտը
փղձկում է,- Հեռացե՜ք, չե՜մ ուզում, ոչի՜նչ չեմ ուզում։ Բերեմ տամ, տարեք ձեր բերածը,
որ պրծնեմ էս անամոթ այցերից։
Նվերը
վերջին ճիգն է անում, հուսալով, որ տեղեկությունն ի նպաստ իրեն է,- Ես դրանցում բաժին
չունեմ, հյուր եմ։ Ընդամենն ուզում էի օգնել։
Մի քանի րոպե կսպասեմ, հույսով որ կփոշմանեք։ Ախր մեղք եք: Խնդրում եմ ինձ հավատալ,-
դռնից դուրս է գնում, բակում նստում նստարանին։
19
Արամը,
Շողերն ու Տաթևը խոհանոցում են: Շողերի հեռախոսից երգ է լսվում:
Տաթևը հեռախոսով է
խոսում,- Հեսա երևի մի կես ժամից վերջացնենք։ Չե՜ս հավատա, հեռախոսով պատմելու բան
չի…
Լևոնը լարված դեմքով հետևում է համակարգչի էկրանին,-
Օ՜հ, կյանք իմ անդեմ, ի՞նչ անեմ, որ Այրաթին ջարդեմ, աղջիկների մոտ մեծ մեծ բրդեմ։
Գայանեն
զգուշորեն դուրս է գալիս պահարանից, սենյակի սեղանից օղու շիշ և բաժակ վերցնում, մոտենում
է Լևոնին, խոսում շշուկով,- Սա Ձեզ՝ հարևան սեղանից։
Լևոնն
ընդունում է շիշը, առանց էկրանից կտրվելու,-Ապրես քաղցր, ծարավ էի։
Չասեցի՜ր
է, թե ո՞վ ես։
- Ո՞նց
գլխի չընկար։ Հաշիվ ներկայացնողն եմ։ Կան հաշվետուներ և հաշիվ պահանջողներ։ Հաշիվ պահանջողն
եմ։
-Ինչքա՞ն։
Լավ գործ ա՞։
-Եթե լավ
մարդիկ են հանդիպում, հա։ Ձեր հաշիվը Նվերը փակել է։ Հարցերն իր հետ կլուծեք, վաթսունհինգ
հազար, քաղցր,- անձայն հեռանում է, ստուգում սենյակի իրավիճակը, մտնում խորդանոց։
Լևոնն
առանց էկրանից կտրվելու,- Եկել ա՞, ի՞նչ եղավ,- պատասխան չստանալով, ձայնը բարձրացնում
է,- Բա ուր ե՞ս, գնացի՞ր։
Տաթևը
հեռախոսն անջատում է, ձայն տալիս Լևոնին,- Ո՞վ, Լյով։
-էլի եկավ,
չե՜ս հավատա, որ ասում էի՜։
Տաթևը
շտապում է Լևոնի մոտ, վախեցած նայում շուրջը,- Ո՞վ, Լյով։
Լևոնը
ցույց է տալիս շիշը,- Մատուցողուհին։ Սա էլ
տվեց, թե՝ հարևան սեղանից։
Տաթևը
վախեցած նայում է Լևոնին, կանչում,-Արամ,- Լևոնի ձեռքից շիշը վերցնում է,- Քեզ ո՞նց
ես զգում,- խղճալի հայացքով նայում Լևոնին։
Արամն
ու Շողերը շտապում են ննջասենյակ,- Ի՞նչ է եղել։
Այդ ընթացքում
Գայանեն խորդանոցից դուրս է գալիս, մտնում խոհանոց, միացնում էլեկտրական թեյնիկը, գնում
ննջարան, մոտենում պատուհանին, հետ նայում,- Չէ, վերջին ակորդն էլ եմ խփելու,- պահարանից
շորեր է հանում, աթոռի վրա դրանցից հայելու դիմաց նստած կանացի մարմին հավաքում։ Մանեկենի
գլխին գլխարկ է դնում, աթոռը դնում հայելու առաջ, ու պատուհանից դուրս գնում։
Դրսում
նկատում է Նվերին, որ Անահիտի տան կողմից է գալիս,- Եկա՜վ, ինքնագոհ դավաճանը։
Տաթևը
լացախառն ձայնով Արամին բացատրում է կատարվածը, մի ձեռքով ցուցադրելով շիշը, մյուսը՝
դրած Լևոնի ուսին,- Էլի՜ էդ անտերն է եկել, շիշ թողել, գնացել։ Ես կգժվե՜մ, երեխեք։
Ուրեմն՝ իրոք կա: Բա ու՞ր է։ Էկեք մեկս մնա կողքին։
Լևոնը
դժգոհ շարժումով ուսն ազատում է Տաթևի ձեռքից,- Անտեր չի՜։ Համ էլ ասեց, որ հաշիվը
Նվերը փակել է։ Ապրի ինքը,- աչքից արցունքը սրբում է,- իրա տղամարդ ցավը տանեմ։ Վերջ,
մեր մեջ հաշիվ չկա, Արամ ջան: Գնացեք, խանգարու՜մ եք։
Արամը,
Շողերը, Տաթևը նայում են իրար։
Արամը միմիկայով աղջիկներին լռելու նշան է անում,-Թողեք
Լևոնը խոսի։ Որտեղի՞ց եկավ, ու՞ր գնաց, Լյով,- խոսելու ընթացքում սենյակում զննում
է մահճակալի տակ, պահարանի մեջ։
Լևոնը
բարկանում է- Ուզում եք, որ վիրավորե՞մ։ Որտեղի՞ց են գալիս մատուցողները և ու՞ր են
գնում։ Խոհանոց, ու՞ր։
Տաթևը
լալիս է, հենվում Լևոնին, ով նորից կոպտորեն նրան իրենից հեռացնում է,- Ի՜նչ խոսի։
Հասկանու՞մ եք, թե ի՜նչ է կատարվում։
Շողերը
գլուխը բռնում է,- Ես գնամ խոհանոց։ Լավ չե՜մ, եթե չգժվեմ։
Լևոնը
սրտնեղում է,- Բայց ի՞նչ է եղել, հարևան սեղանից նվերի մեջ վատ բան կա՞։
Տաթևը
լացակումաց ձայնով է խոսում,- Գժվե՞լ ես։ Ամառանոցում ի՞նչ մատուցող։
Լևոնը
շփոթված ձայնն իջեցնում է,- Ուրեմն՝ շփոթել եմ։ Երևի՝ հարևանից։
Արամը
Տաթևին լռելու նշան է անում,-Ենթադրենք, որ Լյովը ճիշտ է։ Մեկը եղել է։
Լևոնը
դժգոհ փնչացրեց,- Ձե՞ռ ես առնում։ Իսկ եթե չենթադրենք, ուրեմն գի՞ժ եմ։
Տաթևը
զգուշորեն շոյում է Լևոնի գլուխը,- Գիժ չե՜ս, չարաշահու՜մ ես էդ անտերը։
-Չե՜մ
չարաշահում, սիրաշահում եմ իմ ինքնասիրությանը։ Չե՜ս հասկանա։
Արամը
լարվում է, ընդունելով ձայն որսացողի դիրք,- Լռեք։ Մենք խոհանոցում ու այդ մեկն
անվախ շիշը սեղանից վերցրել, մտել է այստեղ։ Եթե թաքնվել է, ապա՝ որտե՞ղ,-բացում է
խորդանոցի դուռը,- Լյով, դու ճի՜շտ ես։ Մոտդ ոչ թե սպիտակ տենդ է, այլ՝ սպիտակ հեղուկի
աղճատված հետագիծ։ Հա, վերծանելի:
Տաթևը
լացելով փաթաթվում է Արամին,- Ինչքա՜ն եմ քեզ սիրում։ Ուրեմն ինքն էն բանից չի՞։
Լևոնը
գոռում է, - Չ՜է, առայժմ։ Հենց ամուսնանամ:
20
Արամը
լռելու նշան է անում,- Գժվե՞լ եք։ Տան մեջ օտար մեկն ազատ զբոսնում է, մեզ ձեռ առնում,
դուք հարց եք պարզում։
Շողերը
վերադառնում է,- Մեզանից ո՞վ է թեյնիկը միացրել։
Արամն
անիմաստ շարժումներ է անում,- Ահա՜։ Թեյնիկն էլ է միացրել։ Նայեք, հո բաղնիքում էլ
չի՞ լողացել։ Գոնե մեզ խղճում, նշաններ է թողնում, որ չխելագարվենք: Ինձ կատաղեցնում
է կատարվածի ապուշ անհնարիությունն ու դրա անվախ հանդգնությունը։ Փնտրում ենք ու գտնում։
Մնացածը՝ ես գիտեմ։
Տաթևը
բացում է նջարանի դուռը, շտապ փակում, անուժ ընկնում բազմոցին,- Այնտե՜ղ է, մի բան
արե՜ք։-ճչում է,- Ախր ո՞նց։
Արամը
վճռական քայլերով մտնում է ննջարան,- Տիկին, ի՞նչ եք անում այստեղ, ինչպե՞ս հայտնվեցիք։
Ձեզ հետ եմ,- մանեկենի թևից քաշում է, և հագուստների կառույցը քանդվում է, թափվում հատակին։
Նրա հետևից
եկող Շողերն ու Տաթևը ճչում են, մոտենում, վախեցած տեսքով զննում, ապա հավաքում հագուստները։ Լևոնը տեսածն արձագանքում է ձեռքի անհուսալի ժեստով,
վերադառնում համակարգչի մոտ,- Գժանո՜ց է։ Բայց ախր ասեց, չէ՞ մատուցողուհի։ Ա՜, հավես
չունեմ էս աթեիստների հետ,- գնում, նորից նստում է համակարգչի առջև,- Էսօր բախտդ բերեց,
Այրաթի մեկը։ Մերոնք գժվել- շեղում են։
Արամի շարժումները դառնում են նյարդային ու կտրուկ,-
Ինքը լկտիավարի ասում է- ոգի չեմ, տանն եմ, կինարմատ եմ, գտեք: Ու մենք՝ անզոր,- ստուգում
է ննջարանի պահարանի մեջ, մահճակալի տակ,- մուտքի դռնից դուրս գալիս, կանչում,- Ո՞վ
ես դու, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ենք արել քեզ,- սպասում է պատասխանի, հայացքով զննում
այգու տարածքը, դուռը ներսից փակում, քայլում սենյակում։
Տաթևը
լաց է լինում,- Իբր չգիտեք, թե ով է լկտի կինարմատը, որ էսպիսի բաների ընդունակ է:
Բայց ո՞նց: Երեխեք, արդեն գժվում եմ։ Ինձ ու Լյովին տուն տարեք։
Լևոնը
դժգոհում է առանց համակարգչից կտրվելու,- Գնում ես, գնա՜։ Ես մնում եմ, դրա հարցերը լուծեմ։
-Ու՞մ,
բուրյաթի՞, թե՞....
Արամն
աղջիկներին լռելու նշան է անում,- Լռեք, որ կողմնակի ձայները լսվեն։ Նա ինչ որ տեղ
մոտերքում է։
-Ո՞վ։
- Ով մեկ
պապ է, մեկ՝ մատուցողուի, մեկ՝ ոգի, մեկ՝ չգիտեմ ինչ։ Չգիտեմ, թե ոնց է այդ ամենն արել,
բայց կռահում եմ, որ ինչ որ մեկն է ու նա դեռ մոտերքում է։
Շողերը
լարվում է,- Դու կարծու՞մ ես։
- Ոչ,
վստահ եմ, բայց՝ առանց ապացույցների, եթե չհաշվենք շիշը, թեյնիկն ու մանեկենը։ Թե մի
բռնե՜լ եմ։
Շողերն
արձագանքում է անտարբեր ու հոգնած ձայնով,- Տաթոն ճիշտ է։ Մեզ տուն տարեք, դուք բռնեք
ու բռնվեք։ Եղածը մեզ հերի՜ք էր։ Հա, էդ ոգին հենց այնպես չի: Բան է հասկացնում:
21
Դարպասի
մոտ Գայանեն սպասում է, որ Նվերը մոտենա,- Հը, լավ անցա՞վ։
Նվեր,-
Լավ էլի: Ինչու՞ ես վիրավորում կնոջը։ Սրանցից պրծար, նրա՞ն ես չփխում:
-Ինչո՞վ,
ես վատ բան չասեցի։ Նորմալ, բայց խեղճ կին է, հեշտ բռնվող:
-Գնացի,
որ սառնարանը նորոգելու օրը պայմանավորվեմ, բայց ինքն էլ քեզ նման մտածեց, կոպտեց։
- Ճիշտ
արեց։ Միայնակ ու խեղճ կնոջը գողունի այցելած տղամարդու անհատույց օգնությունը կեղտաբույր
ակնարկ է։
-Դե լավ,
էդ քո խելքի բանը չի։ Պրծա՞ր, ուզածիդ հասա՞ր։ Դե տուն գնա։
- Քեզ
ու քո ուզածի նման: Իսկ դու ու՞ր ես գնում։ Զեկուցելու՞, աղջիկների մոտ գլուխ գովելու՞։
Որի՞:
-Չէ, ասեց,
որ տաքսի կկանչի։
- Հա,
բա իհարկե՜։ Քեզ չի սազի հեծանիով գնալը։ Արի տանեմ
- Կսազի,
բայց թող միասին չտեսնեն։ Մեքենա երևաց, հեռացիր։ Էս կողմ է գալիս։
-Ինչու՞
պետք է թաքնվեմ։ Թող ապացուցեն։
- Ի՞նչ
գիտես, թե ով է, -Նվերը հեռանում է, թաքնվում քարակույտերի հետևում։
22
Արամենց տան մոտ մեքենա է կանգնում: Նրանից իջնում
է մայորի տարբերանշաններով ոստիկանի համազգեստով
հասուն տարիքի տղամարդ։
Գայանեն նրա տեսքից շփոթվում է ու փորձում ձև անել,
իբր գնում է Նազենիի տան կողմ։
Մայորն
ուրախ ձայնով դիմում է Գայաներին,- ճայթուկ, դու՞ ես։ Էստեղ ի՞նչ ես անում։
Գայանեն
փորձում է անտարբեր երևալ,- Գնում եմ։ Բարև Ձեզ և ցտեսություն։
Տղամարդը
ծիծաղում է,- Կարոտե՜լ էի։ Էստե՞ղ ես ապրում։ Հարևա՞ն ենք։
-Ոչ, իսկ
Դու՞ք։
- Սա մեր
ամառանոցն է, աղջիկս։ Միգուցե հյուր գա՞ս, տղայիս հետ կծանոթացնեմ։ Եթե հաջողվի հարս
կբերեմ, վրեժս կլուծեմ՝ խիստ անկանխատեսելի
հեռանկարով։ Հետդ խոսում եմ, իսկ դու հեռանում ես, սիրուն չի, չէ՞։ Իմ տեսքը դիմադրության
ոգու՞դ է հրահրում։
Գայանեն
կանգնում է,- Ի՜նչ անսպասելի էր։ Օ՜յ, շնորհակալ եմ։
-Ինչ՞ն
էր անսպասելի։ Որ իմ ամառնոց՞ն է։
-Ա… այո։
Ոստիկանի տունն ավելի մեծ ու ճոխ է լինում։
Տղամարդը
բարեհոգի ծիծաղում է,- Լեզվիդ տակ էլի ինչ որ բան կա, բայց մեկ է, ցանկալի հյուր ես։
Տղաս է իր շրջապատով։ Հը՞։ ճայթուկ, այդքան խիստ մի՜ եղիր։
- ....
Ես ճայթուկ չեմ։ Գայանեն եմ ու ժամանակ չունեմ։
- Դեռ
հեռվից քեզ տեսա այստեղ։ Ու հիմա էլի այստեղ ես ու շտապու՜մ ես։ Կբացատրե՞ս անհասկացողիս։
-Ըըըըը… բացատրելու ի՞նչ կա… ըը հեռախոսով էի խոսում,
տեղը հարմար էր, կանգնել եմ։ Տուգանվա՞ծ եմ, թե բերման եք ենթարկելու։
-Ա՜խ,
լեզուդ։ Բերման՝ որպես
հյուր, այո։ Չէ, հարս չեմ համարձակվի, բայց ցանկալի հյուր ես։ Մի՜ մերժիր։
Արամը
մուտքի դռնից դուրս է գալիս, տեսնում մայորին,- Հեր, ինչու՞ չես գալիս։
- Էս չքնաղ
աղջկան եմ հյուր կանչում, չի գալիս։ Գիտե՞ս, ինչքան եմ փնտրել։
-Այ քեզ
զուգադիպությու՜ն, ես էլ եմ փնտրել։ Միգուցե ին՞ձ չմերժի։
Գայանեն
փորձում է հեռանալ,- Դե, ձեզ բարի ժամանց։
Արամը
լարվում է,- Հեր, նա մեր տանը հյուր է եղել
ու հիմա որոշ իրեր չկան։ Կամավորության հիմունքով բերման ենթարկիր, պարզենք։
-Իսկ ինքն
ասում է, որ քեզ չի ճանաչում։
-Ստում
է։ Պատվերով ժենգալով հաց բերեց, ես իրեն տուն հրավիրեցի, որ վճարեմ, իսկ ինքն ինձ
վիրավորեց, գնաց ու փողի տեղն ինչ որ բան է տարել։
Գայանեն
ձայնը բարձրացնում է Արամի կողմը,- Կպատասխանեի, եթե կարևորեիր տղամարդու հուգուստը,
որ թյուրիմացաբար հագիդ է։
Տղամարդը
դիմում է Գայանեին ձայնի նույն ուրախ տոնով,- Բան չեմ հասկանում, բայց քեզ լավ գիտեմ
ու ինչ էլ լինի՝ իմ հյուրն ես ու ես քեզ տուն կտանեմ։ Մի բան պարզ է, որ իրար գիտեք
ու դա թաքցնում էիր։ Ինձ մի թող մտամոլոր։ Համ էլ սրանց հացից կուտենք։ Ես էլ եմ սովա՜ծ։
Գայանեն
դիմադրում է, բայց անվստահ շարժումներով,- Թողե՜ք ինձ։ Ես սոված չեմ, ձեր տանը չեմ
եղել ու ոչինչ էլ չեմ տարել։ Կարող եք ստուգել: Հանվե՞մ:
Տղամարդը
թույլ բռնում է Գյանեի ձեռքը,- Չեմ ստիպում, չեմ ստուգում ու չեմ քաշում։ Կարող ես
չգալ։ Բայց ինձ շա՜տ է պետք որ գաս, ու ինձ վստահես։
Գայանեն
ձեռքն ազատում է ու հետևում տղամարդուն,- Բայց ի՞նչ եմ արել, որ վախենամ։
(շարունակելի)