Литературный портал

Автор поста

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(3)

Նազարի առաջին հրապարակային ելույթը

1
Փիրուզան, Նազարն ու Սարգիսը գնում են, մտնում ինչ որ շենք: Սարգիսը ձեռքը գցում է Նազարի ուսին,- Նազար ապեր, կքոքես քյուֆթան ու քյաբաբը, որ էս կանաչեղեն ուտողները վազեն մեր կուսակցություն:
Փիրուզան քայլում է առանձին, խոսում ոչ մեկին չնայելով,- Արգելու՜մ եմ: Չքննարկեք մսամթերքի թեման: Մոռացեք գյուղամիջի զրույցները: Կկարդաք բացառապես իմ գրածը: Սարգիսը հեգնում է,- Փիրուզ ջան, լա՜վ էլ քաջին ղեկավարում ես լավ ձիավորի պես: Սանձն էլ՝ ձիգ:
Փիրուզան թևանցուկ է անում Սարգսին,- Չէ՜, Սաք ապեր, մի՜ քիչ լարված եմ: Պարոն Նազար, հաստատեք, միշտ կողքիս եղեք ու առանց ինձ ոչ մի ավելորդ խոսք ու քայլ:
Նազարը քայլում է Փիրուզայի հետևից,- Հաստատ է, որ սնունդն է պատճառը: Ինչքան համով, էնքա՜ն թափով:
Մտնում են սենյակ, որտեղ նստած են երեք կին և մեկ տղամարդ: Սեղանին թխվածքներով ափսե է դրված:
Փիրուզան համբուրվում է միջին տարիքի տիկնոջ հետ,- Բարև ձեզ: Տիկին Անահիտ, տիկին Ռուզաննա, տիկին Նազիկ, հարգելի պարոն: Ծանոթացեք, մեր ակտիվի և մարտական անցյալի հերոսական էջերի կերտողներն են՝ Քաջ Նազարը և Սարգիս Ապերը:
Անահիտը ցույց է տալիս ազատ աթոռները,- Տեղավորվեք, թանկագին հյուրեր, հյուրասիրվեք: Ձեր մասին շատ ենք լսել: Պարոն Կարենը խոսելու է մեր և իշխող կուսակցության համատեղ ծրագրերից: Պարոն Նազար, խնդրու՜մ եմ, ելույթի ժամանակ ակնարկեք, որ համակրում եք բուսակերությանը: Դա կամրապնդի մեր շարքերը:
Հյուրերը նստում են: Փիրուզան նստում է Նազարի կողքին, շշնջում,- Ասեք՝ այո, ու վերջ:
Նազարը կլանված է իրեն խոստումնալից ժպտացող Ռուզաննայով ու առավել խոստումնալից կանչող թխվածքի կտորներով,- Որպես անվանի քաջ, կանաչի էլ կուտեմ թոշնած, հետն էլ՝ հին պանիր ու թափելու հաց:
Փիրուզան Նազարի ականջին շշնջում է,- Այլևս ոչ մի ապուշ միտք: Կկրկնեք իմ հուշածը,- Անահիտին նայելով, ժպտում է,- Խնդու՜մ եմ, պարոն Նազար, կատակները հետո:
Անահիտը տարակուսած է,- Դա տարածված թյուր կարծիք է: Օգտագործում ենք բուսական ծագման հարուստ տեսականի, կաթնեղեն, յուղ, մեղր: Ինչպես տեսնում եք, ողջ ենք և էներգիայով լի:
Նազարն ու Սարգիսը թխվածք են վերցնում:
Նազարը ծամում է, աչքերը փակում,- Ը՜մմ: Հազի՜վ Աղունիկիս թխածի կարոտն առա: Փիրուզս հուշերս չի հարգում, թափում է: Թափած տեղից գիշերը հանում եմ, սրբում, թաքուն ուտում, որ չպատժի: Թխվածքը հին չի լինում, այլ՝ չոր:
Նազիկը խիստ դեմքով նայում է Անահիտին և Փիրուզային,- Քանի որ երբեք չեն օգտվում, այդ հույսով էլ դրեցինք: Մեր հյուրերը մի՜շտ կրթված անձինք են եղել, սեղանից չեն օգտվել, առավել ևս՝ բարձրաձայնել գաստրոնոմիական կարծիքը: Նազարը երկու թխվածք էլ է վերցնում, մեկն առաջարկում Սարգսին, որը չի մերժում,- Հույսը թխվածքի հետ գնաց: Թխեք նոր հույսեր, ու հենց նախկին դառնան՝ կանչեք, իրացնենք: Պարզաջրեք օրենսդրական դաշտը, դառնա հասկանալի: -դառնում է Փիրուզային, որ իր ականջին շշնջում է,- Ուտելու օրենքով իմ ու քոնը չկա: Կարելին ի՜նչ մեղքս ա: Կե՜ր, քանի դեմդ ա, եթե նախարար չես ու՝ հաշվետվութուն չկա: Ռուզաննան ձեռքերը կրծքին է խաչում,- Հանճարե՜ղ մտքեր են: Երանի՜ Ձեզ, տիկին Փիրուզա, որ միշտ կողքին եք ու իր մտքերով ու վարքով գերլցված,- Փիրուզան կարմրում է, Նազարին առաջարկում իր թաշկինակը, հուշում, թե որտեղերը մաքրի: Նվաղում է,-Իսկակա՜ն հայուհու ամոթխած վարք: Ի՜նչ համարժեք զույգ եք: Թխվածքը վերջացավ, գնանք, ուշ է:

Բոլորը գնում են դալիճ: Սարգիսը նստում է դահլիճի առաջին շարքում նստած Արտաշեսի ու Սեդրակի կողքին: Մյուսները նստում են բեմի վրա տեղադրված սեղանների մոտ: Դեպի Ռուզաննան ձգտող Նազարին Փիրուզան նստեցնում է իր կողքի աթոռին: Կարենը մոտենում է ամբիոնին, ելույթ ունենում: Կարապետը դահլիճից ձայն է տալիս,- Փիրուզ, էլ չե՜ս երևում, եկել եմ՝ կարոտս առնեմ:
Փիրուզան շշնջում է ձեռքով դեմքը փակած,- Ա՜խ, Կարո, ինչու՞ ես քրքրում ամոթս:
Նազարը ցածրաձայն բարկանում է,- Գնա՞մ, դուրս շպրտեմ: Փիրուզան դժվար է շնչում,- Եթե իմ պատճաով հետը վիճեք, կհեռանամ: Խոստացե՜ք:
Նազար,- Բա ո՜նց: Գի՞ժ եմ՝ գժի հետ խելք դնեմ: Ապացուցելու համար ասեցի:
Կարապետը մոտենում է բեմեզրին, դիմում Փիրուզային,- Կարելի՞ է երկու բառ փոխանակել:
Նազարը նայում է Փիրուզային,- Ո՜չ,- Փիրուզան մոտենում է Կարապետին,- Միա՜յն կուսակցական հարցերով, հա՜,- ձայնը ցածրացնում է,-ինքնասիրության դեղ տա՞մ, բուժվես: Կարապետը թղթի գնդով հարվածում է Նազարին,- Լռիր, ապուշ:
Փիրուզան քնքշորեն հարվածում է Կարապետի ձեռքին, շշնջում,-Ե՞րբ ես սովորելու քեզ զսպել, գոնե՜ մարդկանց մոտ: Նազարը բացում է թուղթը, նայում,- Անստորագիր նամակներին չեմ պատասխանում:
Փիրուզան շփոթված տեսքով վերադառնում է իր տեղը, դահլիճի համար աննկատ բռնում Նազարի ձեռքը,- Եթե ելույթ ունենալիս ճշտորեն կարդաք գրածս, այսօր չեմ վռնդի: Պոեզիայի երեկո էլ կանենք: Աղաչու՜մ եմ, իմ պատվի և հեղինակության հարցն է:
Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Ես քեզ սիրում եմ: Ասե՞մ, լսես...
Փիրուզան ձեռքը ետ է քաշում,- Երեկոյան: Գնացե՜ք: Ձեր ելույթն է,- ինքն իրեն շշնջում է,- ապուշի հիմար հովանավոր: Էս ի՜նչ կեղտի մեջ եմ հայտնվել, ու ոչ ելք կա, ո՜չ ձեռք՝ օգնող: Կարապետը ինչ որ միտք կրկնելով գրավում է իր տեղը: Կարենը ևս վերադառնում է իր տեղը:
Անահիտը կանգնում է, դիմում դահլիճին,- Այստեղ է նաև մի հերոս, քաջ հայտնի քաջարի անցյալով, ինչի մասին, ցավոք, լռում է: Ինչը չես ասի, ավա՜ղ, չեղած սխրանքներով ինքնազարդարվածների մասին,- ծափահարում է, դահլիճը միանում է,- Նա նաև որոշ չափով ու իմաստով համակրում է մեր շարժմանը: Պարոն Քաջ Նազար, խոսքը Ձեզ է տրվում: Նազարը մոտենում է ամբիոնին, - Բարև ժողովուրդ ջա՜ն: Լա՜վ հեքիաթի երեկո է: Ելույթս պրծնեմ, կպատմեմ, թե ո՜նց եմ աջ ու ձախ երջանկացրել մարդկանց:
Դահլիճից լսվում են ծիծաղի և ծափի ձայներ,- ճի՜շտ է, ամեն օր դա ենք լսում: Հոյակա՜պ էր: -Կյանքը վեր են ածել հեքիաթի երեկոների:
Փիրուզան շշնջում է Նազարի կողմը,- Թուղթը բացե՜ք:
Նազարը նայում է Փիրուզային,- Բացե՜մ, Փիրուզ ջան, ամեն ինչի բացն եմ սիրում,- բացում է թուղթը, ողջունում դահլիճի առաջին շարքում նստած Սեդրակին, Սարգսին, Արտաշեսին և նրանց կողքին նստած գեր կնոջը, որն անընդհատ ծամում է, - Ըհը՜, Արուսյակ էլ ունե՜մ, թեմա էլ: Լրի՜վ պատրաստ եմ: Դահլիճից լսվում են ծափեր և ձայներ,- Մենք էլ ենք պատրաստ, հերոս:
Կարապետը խոսում է նստած տեղից,- Ջան, ջա՜ն: Ե՞րբ ու ո՞նց անհուսալի ապուշը ջանի իրավունք ստացավ, մենք մնացինք հին թույլտվության հույսին:
Փիրուզան աչքերն է սրբում, շշնջում,- Չփորձե՜ս ազդել ամոթիս վրա, քնաբեր եմ տվել:
Նազարը խոսելիս նայում է ծամող կնոջը,- Մինչև ե՞րբ մենք՝ ազգի ամենագործունյա մասը պետք է սոված մնա ուղղակի և փոխաբերական իմաստով: Ինչքա՞ն նայենք հարևանուհու ձեռքի բրդուճին, մուրալով ստանալ սննդի կտորներ սիրախաղի կամ ծամածռության դիմաց: Նրա ձեռքի չիրը հաց չի դառնա: Մինչև ծամում ենք իշխանության երկարաժամկետ չրերը, բյուջեն դատարկվում է: Պահանջում ենք բանկերի պարտադիր գրավոր հաշվետվություն:
Կարապետը ծափահարում է,- Հիանալի՜ հիմարություն էր: Դահլիճից լսվում են ծափեր,- Այո՜, Ճի՜շտ է:
Սարգիսը կանգնած է ծափահարում,- Ես քո ուտող խմո՜ղ, հերոսական ցավը՜ տանեմ:
Սեդրակը դիմում է դահլիճին,- Ժողովուրդ, թոռիս անունն էլ է Քաջ Նազար, հենց իր պատվին:
Կարապետը դիմում է իր կողքին նստած երիտասարդներին,- Աչքիս՝ ապուշացման հավաք է:
Փիրուզան շշնջում է,- Ա՜խ, Կարո, իրոք, ապուշացել, միամտությանս զոհն եմ դարձել,- Նազարի իրեն նայելու պահին շշնջում է,- Ների՜ր:
Նազարը ոգևորվում է,- Այդ խոսքերից երջանկացա՜,- դալիճը ծափահարում է,- Իրո՜ք, կյանքը բեմադրություն է, մենք՝ ծափ տվող, սոված միամիտներ: Մեզ գնահատականներ են կպցնում, բայց ախր մեր ամեն իբր գիտակից քայլը հատուկ ուժերի կազմակերպածն է: Գեղեցկուհու մատները բռնում ես՝ պաչես, իսկ մեր աչքին սուջուխ է՝ ո՜նց չկծես: Ու խորնարհված լիզում ենք ու կծում, ու պարզում, որ մատներն ուրիշի են, կոպիտ ու կեղտոտ: Միայն անհնազանդության չդադարող ակցիաները սրանց մարդկայնորեն մարդ կդարձնեն:
Ծամող կինն իր մատներին է նայում, ծափահարում: Մի քանիսը միանում են:
Նազարը շշնջում է,- Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար,- դիմում է դահիլիճին,- Հետը շփվում ես, բույրից զգում ուսերի փախլավայի հոտը: Ձգվում ես, որ կծես, որ կյանքի օրենքով է՝ ապտակ ես ստանում, որ էթիկայի օրենքով է: Նույնը քաղաքական դաշտում: Միակ ելքը արտահերթ ընտրություններն են: Ի կո՜չ:
Ռուզաննան ծափահարում է, ցուցադրելով իր բաց ուսերը- Հաճելի՜ օրինակ էր, ախորժաբե՜ր:
Դահլիճում մի տղամարդ է կանգնում, ծափահարում,- Թողե՜ք կծենք ձեր ուսերի մեր փախլավան: Կանանց մատների սուջուխը դեմ արեք, ոչ թե՝ ձեր մատների կոմբինացիան: Դահլիճից լսվում են ձայներ,- Ժողովրդին՝ փախլավա և սուջուխ: Ըմբռնեք, վերջապես, տղամարդկանց ցանկությունը ու բուժեք ժողովրդական մեթոդներով:
Նազարը լսում է ծամող կնոջ զկրտոցը, հճույքի մռմռոց արձակում,- Ըմմմ՜,մ Հազիվ հարազատ ձայներ լսեցի, ո՜նց էի կարոտել ձենիդ զրնգոցին:- ինքն իրեն շշնջում է,- Դե Նազար ջա՜ն, մնացածն՝ ինչպես գյուղում:
Դահլիճից լսվում են ծափեր և ձայներ,- Վերջապե՜ս ժողովրդամետ, ժողովրդի ծոցից ծնված գործիչ տեսանք: - Կանացի գեղեցկության հերոսակա՜ն և ինքնատի՜պ ընկալում: Անահիտը ևս ծափահարում է,- Որպես խորհրդամեծար արվեստագետ, դյութված եմ կանացի ձգողականության խորհրդի Ձեր մեկնաբանմամբ:
Փիրուզան ցածրաձայն դիմում է Նազարին,- Թղթին նայեք, խնդրում եմ: Տեքստը բացեք:
Կարապետը դիմում է դահլիճին,- Ժողովուրդ, կարծես հիպնոսված լինեք: Զարթնեք, ախր: Ուշադիր վերլուծեք լսած անմտությունն առանց էմոցիաների ու կանխակարծության: Նազարը մատով հաստատման ժեստ է ցուցադրում,- Շա՜տ ճիշտ է: Ես կասեի՝ կյանքից վերցրած փոխադրություն: Ամենուր պլակատներ են՝ եթե ինձ գովես, թխվածք ու լավաշ կկտամ: Ու մեր տեսակը, չկշտանալով մեր վրա նստածների տվածից, վերցնում է պայքարի մեթոդով, քանի որ վերաբերմունքն արդեն գովեստ է, տիկին: - մոտենում է շփոթված Փիրուզային, որ աչքերը փակում է, դեմքը՝ խոնարհում, ուսից փախլավա վերցնելու ձև անում, վերադառնում ամբիոնի մոտ,- Ես պահանջում եմ կաբինետի անվերապահ մեղայական հրաժարականը: Էլ ո՜չ մի ժամկետ:
Փիրուզան անշարժ է նույն դիրքով:
Սարգիսը երկար ծափահարում է,- Ես քո նախահարձակ ցավը տանե՜մ: ճի՜շտ ոնց որ թշնամու դեմ: Դու մեր հաղթանակների գրավականն ես:
Սեդրակը թեքվում է դեպի դահլիճը,- Քաջ ունենք, աշխարհը չունի: Ոնց է հարվածում աջ ու ձախ: Կին, թե՝ կաբինետ, առանց մի ժամկետ:
Դահլիճից ձայն է լսվում,- Բազմանշանակ ու հանդուգն ակնարկ էր դառը իրականությանը: Ինքդ վերցու՝ առանց ողորմության սպասելու: Միանշանակ՝ իշխանափոխություն:
Կարապետը կանգնում է,- Բարի ախորժա՜կ, քաջ Նազար: Միայն ապուշը կամ լկտին այստեղ դա կաներ: Իսկ էդ ընկերուհին կորած ու ցեխոտված հոգի է, ամո՜թ իրեն: Անահիտը դիմում է Կարապետին,- Երիտասարդ, դուք հանդգնորեն խանգարում եք պարոն Նազարի գունեղ ելույթը: Դուք բուսակերի՞, թե՞ այլ կարգավիճակով եք այստեղ: Կարապետ,- Բուսակեր չեմ, խոտակեր եմ: Գանձս անտեր թողեցի, աչքս չթարթած կորցրեցի: Ու տեղի անտեղի բառաչում եմ՝ ների՜ր իմ սեր: Բայց սերս բառաչս չի ընդունում ու չի՜ լսում, ու ինքն էլ ապուշացե՜լ է: Ես էլ իրեն չեմ ճանաչում:
Փիրուզան աչքերն է սրբում, շշնջում,- Բա ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ: Անահիտը ժպտում է Կարապետին,- Մեր շարքերում խոտակեր չունենք, բայց կհամարենք մեր շարժման արմատական թև: Որպես խոտակեր կարող եք մասնակցել: Ողջունելի՜ է Ձեր շռնդալից մուտքը մեր իրականություն: Բայց խոտակերներն, ախ՜ր, խաղաղասեր են լինում:
Նազարը ձեռքի շարժումով ողջույն է ուղարկում Կարապետին,- Հարգելիս, ճիշտը նա է, ում ճիշտ են համարում ուրիշները: Թե չէ՝ բոլորս էլ ճիշտ ենք ըստ մեր գրքերի: Գրքերը շա՜տ են ու խառը անձնական բաներ են ասում, մեզ թշնամացնում, բոլորիս խառնում իրար:
Դահլիճից լսվում են ծափեր,- Ճի՜շտ է, մեզ ճիշտ ուղղություն տվեք, ոչ թե՝ դատարկ ճառեր: -Ինչքա՜ն լավ կլիներ, այ էսպես նախօրոք իմանալ՝ ում ծափ տալ, ում սուլել, երբ անջատվել: Կարապետը նայում է շուրջը, մոտենում ծամող կնոջը, նրա ափսեից վերցնում մի բուռ ելակ ու շպրտում Նազարի ուղղությամբ: Սա կռանում է, խուսափում: Ելակներից մեկը լղոզվում է Փիրուզայի կրծքի բացվածքին, մյուսը՝ Անահիտի ճակատին, երրորդն ընկնում է Կարենի բաց բերանը: Կարապետը մի քանի ելակ էլ ուտում է, փորձում էլի վերցնել, բայց ծամող կինն արգելում է:
Փիրուզան դիմում է Կարապետին,- Ինձ չես հարգում, գոնե ներկաներին հարգիր: Էլի՞ աչքի ընկար քո անշնորհքությամբ ու դեռ ընկերությու՜ն ես առաջարկում, երբ վախենում եմ կողքիդ կանգնել: Սա ի՞նչ ներկայացում է:
Կարապետը ձեռքը բարձրացնում է, իջեցնում,- Եթե հարգանքն ու շնորհքն այս ապուշ ելույթն է, հանգի՜ստ արա այն, ինչ անում ես: Ոչ դա եմ հասկանում, ոչ թաքնվող հիմարի առեղվածը: Նազարը գնում է, Փիրուզայի թիկունքում կանգնում,- Չվախենա՜ս, այստեղ եմ:-դիմում է դահլիճին,- Քաջությունը գլխով պատին տալը չի, այլ՝ վտանգը զգալն ու իրեն փրկելը, նաև փախնելով, որ քեզ փրկես, որ հայրենիքը փրկես: Իմ անձը հայրենիքինն է, ոչ թե մանր մունր խանդածին վեճերինը: Ջուր չլցնե՜նք թշնամու ջրաղացին, իմ ժողովուրդ: Զգուշավոր քաջությամբ պահպանենք անկայուն խաղաղությունը: Արտաշեսը կանգնում է,- Կեցցե՜ զգուշությունը, քաջության գրավականը: Վտանգը պատ է, իսկ պատին ճակատ տալը հիմարություն:
Սեդրակ,- Զգուշավոր քաջ ունենք, աշխարհը չունի: Տասնյոթ անգամ մտածում է, մեկ տեղին հարվածում:
Դահլիճը ծափահարում է: Լսվում է ձայն,- Կեցցե՜ խելամիտ, չափավորված վարքը, ընդունված կարգը:
 Կարապետը ձեռքերն է բարձրացնում,- Ես գիժ, սրանք՝ ապուշ: Գիժն ապուշների մեջ կցնդի: Կամ դահլիճն է գժվել, կամ՝ ես եմ կորստի ցավից հիմարացել: Փիրուզ, քեզ չե՜մ ների իմ հավատի կորստյան ցավը,- ընկերների հետ դուրս է գնում դահլիճից:

Նազարը մոտենում է ամբիոնին, ժպտում,- Ու նորի՜ց սպասման ճգնաժամ է: Գովում ենք անարժանին, որ իր տված փշրանքներով կենդանի մնանք ու պայքարենք այսպիսի վայրենության ու Սահակների, Աղունիկների, չաղունիկների, չմո հմոների դեմ: Իսկ գիժ Կարոների ծրագրից դուրս գժությունը խառնում է ամեն ինչ: Ամեն մեկը գոռգոռում է իր գծով ու դառնում ենք գժանոց: Պահանջում եմ կառավարության հստակ հաշվետվություն: Որպես քաջ բոլորին հասանելի եմ,- հերթով համբուրում է Փիրուզային, Անահիտին, Ռուզաննային, որ փոխադարձ է համբուրվում:
Նազիկը շտապ հեռանում է դահլիճից: Կարենը կանգնում է, ձեռքը պարզած սպասում Նազարին, բայց սա նրան չի մոտենում:
Համբուրելու գործընթացը դահլիճը ուղեկցում է ծափերով,- Կեցցե՜ն հասանելի գործիչներն ու կանայք: Նազարը Ռուզաննայի ձեռքը բաց չի թողնում,-Ոնց որ միշտ՝ բոթելով, թաքնվելով, ոտների արանքով հասնում ես նպատակիդ, բարձրանում, իսկ դիմացդ գայթակղությունն է, անպայման կնոջ տեսքով: Փորձում ես ժպտալ ըստ թթված ու մռթմռթան էթիկայի ու էթիկետի, բայց գժվում ես թշերի տոլմայի համ ու հոտից՝ ո՜նց չկծես,- համբուրում է Ռուզաննայի այտը, ձեռքը, թևը,- ձեռքը բռնում ես, գժվում քյաբաբի հոտից, իսկ դիտմամ կիսաբաց արած կուրծքը գոռում է- քյուֆթա չե՞ս սիրում, ինչ է: Ահա թե ինչու եմ պահանջում աշխատավարձի թոշակների ավելացում: Արժանապատիվ եկամուտն է քյուֆթա կերցնում: Անահիտը կանգնում է, ուզում է խոսել:

Փիրուզայի ձայնը դողում է,- Պարոն Քաջ Նազար:
Դուք խոստացե՜լ եք: Նազարը Փիրուզային ժպտում է,- Հիշում եմ սիրունս, պոեզիայիս վրա քյուֆթա խոստացար:- դահլիճից լսվում են ծափի և ծիծաղի ձայներ,- Ձեզ եմ ասում, ո՞նց չհարձակվես աչքերով ու խոսքերով խոստումներ կրակող օբյեկտի վրա:- Ռուզաննան ժպտում է Նազարին, ուսերը և կիսաբաց կուրծքը ցուցադրում,- Կանացի կերպարի հոգևոր սովը խառնվում է ախորժաբեր պատկերին ու այլևս մեր հրամանատարը բնազդն է՝ բնական ու խայտառա՜կ, անհրաժեշտ ու անհամբեր: Խառնվում են իրար կնոջ մարմնի, քյուֆտայի ու քյաբաբի հրապույրը, ու ուշքի ենք գալիս անսպասելի տեղում: Ահա թե ինչի վրա է կառավարության հույսը: Ես պահանջում եմ սահմանադրական փոփոխությունների իմ փաթեթը, ու այլևս անարգել կօգտվենք բնության բարիքներից, սիրված ու կուշտ լինելու իրավունքից: Դահլիճից լսվում են ծափեր և ձայներ,- Անհապաղ սահմանադրական փոփոխություններ: - Մենք էլ ենք ուզում այդպիսի օբյեկտ, սիրված ու կուշտ լինելու խոստումներով : Կարենը ձեռքը բարձրացնում է,- Ես բողոքու՜մ եմ: Տնտեսական աճի որոշ դժվարությունները միտումնավոր չարաշահվում են պարոն Քաջ Նազարի կողմից:
Նազարը բռունցքով հարածում է սեղանին,- Իսկ ինչու՞ ձեր քյուֆթան ու քյաբաբը մերը չդարձան, որ ամեն իրիկուն կեր փնտրելիս չստորացվենք, այլ քայլերի դիմենք, հը՞:
Արտաշեսը կանգնում է, դիմում Կարենին,- Խոստացել եք, կատարեք: Մեզ դարձրեցիք բուսակեր, դուք մնացիք մսակեր: Սեդրակ,- Բուսակերներ ունենք, աշխարհը չունի: Բայց աչքիս ճիշտն իրենք են:
Դահլիճը ծափահարում է, աղմկում,- Խոսքը գործ է: Խոստացել ես, արա:
Կարենը գոռալով է խոսում,-Վստահեցնու՜մ եմ և խոստանու՜մ ինքնաապահովված Հայաստան,- սուլոցների ներքո շտապով դուրս է գնում դահլիճից:
Դահլիճում լսվում են շշնջոցներ, Փիրուզան դեմքը ձեռքով ծածկում է:
Սեդրակը, Արտաշեսն ու Սարգիսը ծամող կնոջ տոպրակից թխվածք են վերցնում,- Խնամիք գացին, մերոնք՝ մացին: Արտաշեսը կանչում է,- Ընլայնե՜լ ժողովրդական մասսաների իրավունքները
Սարգիսը կանգնում է, մատներով հաղթանակի նշան ցուցադրելով,-Հակառակորդին թիկունքից հարվածելը հաղթանակի պայմանն է, իմ գեներալ: Դրանցից մի երկու գերի վերցու, խոսք քաշենք, տենանք՝ ի՜նչ ենք անում:
Սեդրակը միանում է Սարգսին,- Գերիներ կունենանք, աշխարհը չունի, ու ոչ մեկին չենք տա: Մինչև չպարզենք՝ թե ինչ անենք: Մերն ուրիշ ա:
Անահիտը մոտենում է Նազարին, խոսում դողացող ձայնով,- Պարոն Նազար, մենք հարգում ենք ձեր հերոսական անցյալը, ճոխ լեզուն, հաղթելու վայրի կիրքը: Բայց հարգեք միս չուտելու մեր իրավունքը,- իր վրա է ցույց է տալիս,- Օրինակ, կանացի կուրծքը զարդարեք ոչթե վնասակար տարրեր պարունակող և տհաճ հոտեր արձակող քյուֆտայով, այլ կաղամբի ձիգ գլուխներով: Ականջների տոլման, համեմված անմեղ խոզի տանջահար մսով, փոխարինեք կարտոֆիլի եփած շերտիկներով, թևերի քյաբաբը՝ թարմ վարունգով, թշերի մսոտ կոտլետը՝ դդմի ախորժաբեր կոտլետով: Եթե ինձ հյուր գաք, ես մի երեկոյի ընթացքում կփոխեմ ձեր սննդային տեսլականը: Նազարը զարմանում է,- Ես ոչ թե ծածկադմփոցի, այլ՝ ախորժակի ազատության մարտիկ եմ:
Դահլիճից լսվում են ձայներ,- Սննդախանդը տեղ չունի քաղաքականության մեջ:
-Ճի՜շտ է ասում Քաջը: Սա ի՜նչ ծածկադմփոց է:
 -Մի՜ խանգարեք, նա հենց այն է ասում, ինչ մենք ենք ուզում:
- Քաջը ժողովրդի ախորժակի խոսափողն է:
-Ինչու՞ էիք մեզանից թաքցնում ճշմարտությունը, միսաշխարհի հրապույրը:
-Խոսքի և ախորժակի ազատությու՜ն:
-Ես բուսակեր դարձա չքավորությունից դրդված, բայց էլ չե՜մ կարող լսել ստամոքսիս ողբը:
-Բնության կանչը արդարության ձայնն է
- Բուսակեր դարձա, որ բուսական նպաստ ստանամ: Բացի մի գլուխ կաղամբից երեք գազարից, ոչինչ չտվեցիք: Ձեզ մնա, լավ է քյաբաբով մի լավ բրդուճ, քան՝ երեք գլուխ կաղամբ:
Նազարը ձեռքը բարձրացնում է,- Հանուն ժողովրդիս պատրաստ եմ փոխզիջման: Մի կրծքին կաղամբ, մյուսին՝ քյուֆթա, մի թևին՝ քյաբաբ, մյուսին՝ վարունգ: Հանուն հայրենիքի հյուր էլ կգնամ տիկնոջը, կուտենք բոլոր կոտլետները ու պոեզիայով էլ կհաշտվենք: Ըհը՝ հաշտություն հանուն ախորժակի,-համբուրում է Անահիտին,- Իմ համո՜վ բուսակեր:
Սարգիսը կանգնում է, ծափահարում,- Հաշտարար ախպե՜ր, իմ գեներա՜լ, աջ ու ձախ պաչպչելով ու թեմայից շեղելով հաղթեցիր:
Սեդրակը նայում է ծամմող կնոջը,- Պաչպչելով գործն առաջ տանողներ ունենք, աշխարհը չունի՜:
Դահլիճի վերջնամասից ձայն է լսվում,- Մենք սովածացանք: Ընդմիջում արեք:
Մասնակիցների մի խումբ դահլիճից դուրս է գնում:
Ուրիշ ձայն է լսվում, - Ճի՜շտ է, դեպի բուֆետ, ուտենք վերջապես մսով կոտլետ:
Մի խումբ էլ է դահլիճից դուրս է գնում: Աստիճանաբար դահլիճը դատարկվում է:
Անահիտը հենվում է Նազարին, հեկեկում,- Պարոն քաջ Նազար, Ձեզ կանչել էինք, որ օգնեք մեր շարքերի ընդլայնմանը, իսկ դուք այն քայքայեցիք մի ելույթով, ինչպես թշնամուն եք հաղթել սրի մի հարվածով: Հզոր շարժումս դարձավ աղանդ,- լացելով դահլիճից դուրս է գնում:
Ռուզաննան հպվում է Նազարին,- Գոնե մխիթարե՜ք Ձեր բուսակեր գերուն քաջին վայել մեթոդով: Նազարը գրկում է Ռուզաննայի մեջքն ու շշնջում ականջին,- Առաջարկում եմ հեծնել ցանկության օբյեկտին և սլանա՜լ բուսաշխարհում,- նույն պահին Փիրուզան ձեռքից բռնում է, հեռացնում: Ռուզաննային ձեռքով է անում, կանչում,- բայց մյուս անգամ, ամե՜ն անգամ:

2
Ծամող կինն ընդառաջ է գնում Նազարին,- Կյանքիս նշանակալի՜ց երեկոն էր: Երևի անցնեմ մսամթերքի, որ նիհարեմ: Շնորհակալ եմ, իմ անվա՜խ քաջ:
Նազարը թողնում է Փիրուզայի ձեռքը, համբուրում կնոջ ձեռքը, մատները թույլ կծում: Կինը նվաղում է, հենվում Նազարին:
Սա կնոջ թղթե բաժակից թխվածք է վերցնում,- Քաղց՜ր տիկին, մեր գյուղի ամեն երեկոն էլ նշանակալից է եղել, չե՜ք իմացել, անտեղյակ ապրել եք:
Արտաշեսը Սարգսի ու Սեդրակի հետ մոտենում է Նազարին,- Որպես պայքարի մասնակից՝ պահանջում ենք ռազմավարի մեր բաժինը,- զգույշ շարժումներով կնոջն իրեն է հենում, բաժակից թխվածք վերցնում: Մյուսները ևս ակտիվորեն օգտվում են բաժակի պարունակությունից:
Փիրուզան մարտական կեցվածք է ընդունում Նազարի դիմաց,- Վե՜րջ իմ համբերությանը: Գրածս չկարդալը, հիմար մտքեր ասելը, ոչ կոռեկտ վարքը՜, ինձ չենթարկվելը՜: Այս պահից…

Այդ պահին Նազարին է մոտենում մի տղամարդ, - Պարոն Նազար, այստեղի սննդի օբյեկտի տնօրենն եմ: Ձեր հզոր ելույթի շնորհիվ մի օրում եռամսյակի առևտուր արեցի: Վերջապե՜ս էս շեղված մասսայի ախորժակը դարձի եկավ: Օբյեկտիցս բոստանի հոտ էր գալիս: Կես տարի ամեն երեկո իմ հյուրն եք Ձեր մշտական զույգով:- նայում է Փիրուզային,- Հաճելի՜ զույգ ունեք:
Սարգիսը ծամող կնոջ բաժակից թխվածք է առաջարկում տնօրենին, սա հրաժարվում է, ինքն է ուտում,- Ինձ գրիր, ախպեր, կռվի դաշտի մշտական զույգն եմ: Մեկս ջարդել է, մյուսը կոտորել: Իրավունք չկա ախպորը մենակ թողալ ոչ կրակելու, ոչ կերակրվելու դաշտում:
Արտաշեսը գեղեցիկ ժեստով թխվածք է վերցնում, ծամում,- Սաք ապեր, այստեղ պետք է ոչ թե թուր բռնելու շնորհք, այլ՝ եղան դանակի:-դիմում է տնօրենին,- Ինձ գրիր ախպորս զույգ: Ընտի՜ր կենացների տետր ունեմ:
Սեդրակը դիմում է տնօրենին,- Ախպերս ուտող խմող ախպեր ունի, աշխարհը չունի: Ինձ էլ գրիր, երբեմն, ախպեր:
Փիրուզան թևանցուկ է անում Նազարին, ժպտում տնօրենին,- Իրենց ասեք, որ ճաշարանի էտիկետով հերոսի զույգը կնոջ հագուստով և տեսքով պետք է լինի: Թող կանացի հագուստով գան, որ պարոն Նազարն ընտրի ռեստորանի իր զույգին:

Նազարն ազատ ձեռքով գլուխն է քորում, դիմում տնօրենին,- Էս ի՜նչ կրակ էր: Բեր տղերքին փոխարինող գրենք Փիրուզիս հարգելի բացակայի պատճառով: Բժշկի թուղթը բերո՜ղ եմ: Տնօրենը ժպտում է,- Ցավու՜մ եմ, բայց պահանջվում է մշտական զույգ, իգական սեռի:
Նազարը համբուրում է Փիրուզային,- Կռվի դաշտը՝ կռվածին, կայֆի դաշտը՝ սիրածին:
Փիրուզան ժպտում է Սարգսին ու Արտաշեսին,- Ցավու՜մ եմ, որ չզուգավորվեցիք, ու ինձ ընտրեց:
Տնօրենը ժպտում է Փիրուզային,- Շնորհակա՜լ եմ, որ հրավերքը չմերժեցիք: Ձեր սեղանը պատուհանի մոտ է: Տիկի՜ն, դուք լինելու եք մեր երեկոների զարդը,- հեռանում է:
Արտաշեսը դժգոհում է,- Ահա՜ անձնազոհ պայքարի հատուցման դառը դեղը: Հաճույքի ընկերուհին քլնգեց կռվի ընկերոջը: Կռվի դաշտում ախպորս ով փրկի, ճաշարանում՝ ով կցվի:
Սարգիսը խոսում է, նայելով Փիրուզային,- Չէի՜ սպասում ախպորիցս, որ գլուխը կմտցնի սիրած կնոջ շորերի տակ ու էնտեղ կշեղվի ու կմոռանա ախպորը: Ուրեմն անիմաստ ու ձրի չոր թխվածք կերա, դահլիճում գոռգոռացի, հա՞:
Սեդրակը զարմացած է,- Իրար քլնգելու ձևեր ունենք, աշխարհը չունի 
Փիրուզան համբուրում է Սարգսին,- Սաք ապեր, երբ որ մուսան հայտնվում է, վեճերը դադարում են: Արտաշեսը ձգվում է, որ Փիրուզան իրեն էլ համբուրի, ու հիասթափված ուղղվում է,- Ախ, ախպերության քաղցր վիրուս, այդպես է եղել ի վերուստ: Գնա՜նք, տղերք: Մերը պոնչիկն է, որ չհղփանանք,- թույլ հրում է ծամող կնոջը,-Տիկին վերադարձիր, որ բաժանվենք:
Ծամող կինն ուղղվում է, նայում դատարկ տոպրակին, շուրջը,-Ա՜խ, տեսնես կա՞ արժանի տղամարդ:
Սարգիսը ցցւմ է կուրծքը,- Տիկին այստեղ այսքան ազգի հերոս կանգնած, դու արժանի տղամա՞րդ ես փնտրում:
Ծամող տիկինը ժպտում է Փիրուզային,- Տղամարդը նա է, ում կվստահես քո պատիվն ու սննդի տոպրակը: Ես իրեն կվստահեի:
Սարգիսը, Սեդրակը, Նազարը, Արտաշեսը նայում են Փիրուզային,- Ես է՜լ:
Սարգիս,- Գնանք մեր պոնչիկով նարդու՜ն,- Սեդրակի, Արտաշեսի և ծամող կնոջ հետ դուրս է գնում:

3
Փիրուզան և Նազարը նստում են սրահի առանձին սեղանի մոտ: Նրանց մատակարարում են: Կողքի սեղաններից ծափահարում են իրենց, հիացմունք արտահայտում: Փիրուզան ժպտում է բոլորին, շշնջում Նազարին,- ճշտությամբ կրկնեք, ինչ որ ես եմ անում, ոչ մի ավելորդ շարժում:- Նազարը կանգնում է, ժպտում:- Ապրե՜ք, նստեք: Ոնց որ երա՜զ: Մի կողմից լա՜վ է, որ միայն ես չեմ ապուշացած: Բայց ո՞նց, ինչու՞:
Նազարն սկսում է ուտել,- Սիրուն՜ս, հավատա իմ փորձին: Վերևից մի տեղ ծաղիկ է, մյուսում՝ մոլախոտ, բայց թե հողը բարձացնես, տակը նու՜յն որդերն են ու ճիճուները, նեխահոտը: Փիրուզա,- Ա՜յ, այդ նեխահոտն իմ խայտառակ կարգավիճակն է՝ Նազարի սիրուհի: Իսկ վերևում ծաղիկ կլինի, թե մոլախոտ, անհայտ է: Դանդաղ ծամեք, խնդրու՜մ եմ:
Նազարն ուտում է, հետևելով Փիրուզայի արձագանքին,- Տեսա՞ր, սիրունս, ի՜նչ տղա եմ: Գիտե՞ս, բացի քեզնից, քանիս՜ն են ուզում դառնալ սիրուհիս:
Փիրուզան հայացքով և ձեռքի հպումներով ուղղում է Նազարի շարժուձևը,- Ափսեն տեղը դրեք: Արմունկները սեղանին չհենեք: Փակ բերանով ծամեք, ապրեք: Նրանք չգիտեն, ինչ որ ես գիտեմ: Ես Ձեր սիրուհին չեմ, ու այլևս չասեք: Իսկ իրենք թող մտածեն, ինչ ուզում են, արդեն ցեխի մեջ եմ: Լա՜վ, եկեք Ձեր երեկոն չփչացնենք, մինչև՝ ուշքի գամ: Խմում ենք, շնորհավորում, ու այլևս՝ չեք խմում: Ձեզ այստեղ հարբել չի կարելի:
Նազարը փորձում է համբուրել Փիրուզային,- Հոգատար՜ս, ո՜նց ես անհանգստանում:
Փիրուզան շրջապատի համար աննկատ ձեռքով հետ է վանում Նազարի դեմքը, թեթև ապտակում ու ձեռքը թողնում դեմքի մոտ, ժպտում,- Թե չէ՝ կգնամ:
Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը, դատարկում գինու բաժակը,- Լա՜վ չես անում: Գրվեցիր իմ սիրուհին ու չես պաչվում: Գոնե լավ է, որ էսօր օրս է ու պոեզա կանենք, ակտիվ հանդիսատեսով,- հույսով սպասում է Փիրուզայի արձագանքին: Փիրուզան ևս օգտվում է ուտեստներից,- Լավ՜ն են: Խոստացել եմ, կանենք, քանի որ այսօր հաղթող եք, բայց պետք է պակասեցնենք այդ հիմար պոեզիան: Այլևս ուրիշ Փիրուզա եմ: Օգտվեք անձեռնոցիկից: Սպասեք,- ինքն է անձեռնոցիկով սրբում Նազարի երեսը: Նազարը փորձում է համբուրել ձեռքը, չի արգելում,- Մի արեք, այսինքն՝ չափի մեջ: Մի շտապեք, ուտելիքը վերցրեք փոքր կտորներով, ինչպես ես՝ ապուշս եմ կերակրում:
Նազարն ավելի ձիգ է նստում և ավելի զգույշ շարժվում,- Շա՜տ խիստ ես: Համ անում ես, համ՝ ամաչում: Ախր դու՜ գրվեցիր սիրածս, պաչվեցիր բոլորի մոտ: Բայց սիրու՜մ ես, չէ՞:
Փիրուզա,- Ես ասել եմ իմ կարծիքը Ձեր մասին: Այն չի փոխվել, ու չգիտեմ ինչու գրվեցի Ձեր զույգը: Մի ափսե կերակուրի համա՞ր: Չէ՜, Ձեզանից հաջողության հոտ է գալիս ու ես դրա հանդեպ իրավունք ունեմ Ձեր շնորհիվ վաստակած իմ դժբախտությամբ: Խնդրու՜մ եմ, հանգիստ կերեք, փոքր կտորներով: Աստվա՜ծ իմ, ավելի փոքր, լա՜վ է: Երկար ծամեք, ապրե՜ք: Չէ՜, վերջացրեք: Տանը կկերակրեմ, կուզեք՝ պոեզիայով, կուզեք՝ երգելով: Խոստանում եմ: Ախ, իրոք կեղտ է, թեկուզ՝ պսպղան:
Նազարը դադարեցնում է ուտելը,- Կեղտ չէր, սիրունս, մսի կտոր էր: Մենակ թե չկատաղես, պոեզիաս՝ ջնջես: Հազի՜վ պոեզայիս կարոտեցիր: Փիրուզս, աչքիս դու էլ ե՜ս սոված: Լա՜վ էլ նրբակիրթ ձևով երկու աման սրբեցիր:
Փիրուզան վերցնում է նոր բաժին,- Բայց Դուք հո գիտեք, որ անհույս պարտքերի մեջ եմ: Դուք էլ Ձեր ախորժակով ծանր բեռ եք ցանկացած բյուջեի վրա: Ու, բացի անիմաստ խոսելուց, որևէ բանի ընդունակ չեք: Հիմար ձևով մտաք իմ բնակարան ու մնացիք որպես անինքնասեր հյուր ապուշացած թերզարգացածի մոտ: Իրոք, չեմ հասկանում, թե՝ ինչ է կատարվում, ինչ եմ անում: Ոնց որ՝ երազում: Նույնիսկ փոշմանել եմ՝ ուշացած:

Մոտենում է մի կին, ձեռքին հեռախոս, թուղթ և գրիչ,- Բարև ձեզ: Կարելի՞ է մի քանի հարց: Ես «Ինչ են շշնջում քաղաքում» թերթի աշխատակցուհին եմ:
Փիրուզան ժպտում է կնոջը,- Այո, Քնարիկ: Բարև: Նախ նստիր: Օգտվիր, ափսե կա: Քնարիկը նստում է, խոսելիս ժպտում Նազարին,- Շնորհակալ եմ: Շա՜տ հաճելի զույգ եք, շնորհավորու՜մ եմ:
Նազարն ուզում է խոսել, Փիրուզան բռնում է նրա ձեռքը, ժպտում Քնարիկին,- Մենք սոսկ ընկերներ ենք զբաղմունքի բերումով: Պարոն Նազարը կին ունի, և քանի դեռ պաշտոնապես չի բաժանվել իր կնոջից, մեր ինտիմ կյանքի մասին ցանկացած ակնարկ կվիրավորի իմ կանացի արժանապատվությունը: Ես իմ ամուսնունն եմ, որ առայժմ չունեմ:
Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը, պահում երեսի մոտ: Փիրուզան ժպտում է նրան, ձեռքը նրբորեն հետ քաշում, թաքուն սրբում:
Նազարն իրեն շտապով գինի է ցնում, խմում:
Քնարիկը դիմում է Փիրուզային,- Բայց այստեղի ձեր համբույրն ավելին է ակնարկում:
Նազարը համբուրում է Փիրուզային,- Թե լավ չի ստացվել, էլի նկարիր:
Քնարիկը հեռախոսը պահում է նրանց ուղղությամբ:
Փիրուզան շշնջում է Նազարի ականջին,- Վեր ընկեք Ձեր տեղը, թե չէ՝ շիշը կջարդեմ Ձեր գլխին,- Քնարիկի համար աննկատ վանում է Նազարին, ինքն իրեն շշնջում,- Որտե՞ղ է համբերության սահմանը, ինչքա՞ն արժի, ապու՜շ աղջիկ : Նազարը նստում է իր տեղը, նայում Քնարիկին- Հասցրեցի՞ր: Թերթից ես, չէ՞, Փիրուզիս պես,- իրեն գինի է լցնում, խմում, շշնջում,- Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:
Փիրուզան դիմում է Քնարիկին,- Սա՝ որպես ապացույց: Համբույրի արժևորումը սուբյեկտիվ է: Դա ընկերոջ հաջողված ելույթի ուրախության էմոցիոնալ պոռթկում էր: Դուք էլ գիտեք տղամարդու և կնոջ մոտեցումը ընկերության գաղափարին, զսպվածության չափը և կանացի չափանիշները: Ձեզ էլ մաղթում եմ երբեմն այդպիսի պոռթկումներ: Այսօր վերջ, սիրելի Քնարիկ, ցտեսություն:
Քնարիկը կանգնում է,- Իսկ ե՞րբ կարող եմ հարցազրույց վերցնել պարոն Նազարից:
Փիրուզան պայուսակից թուղթ ու գրիչ է հանում, նշում անում,- Ես ընդամենն իր գործավարն եմ, և այդ հարցերի լուծման հոգսն իմ ուսերին է: Տեղյակ կպահեմ, գործընկերուհի: Ցտեսություն: Քնարիկը ժպտում է Նազարին, հեռանում:
Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Բա՜ն չհասկացա, ի՞նչ էր ուզում:
Փիրուզան ձեռքը ետ է քաշում, սրբում,- Ուզում էր ճշտել՝ իրո՞ք Ձեր սիրուհին եմ: Էլ չանեք, կբարկանամ: Բայց Դուք հարբա՜ծ եք:
Նազարը դեմքը մոտեցնում է Փիրուզային՝ բերանը բաց,- Չե՜մ անի, եթե քո ձեռքով երկու կտոր կերակրես, որ ուտելս կա՜յֆ տա:
Փիրուզան կանգնում է,- Չէ, անկեղծ ապուշ եք, իսկ ես անհուսալի, թե լավ բանի հույս ունեմ:
Նազարը խեղճանում է,- Նստի՜ր, մնա՜: Կվազեմ հետևիցդ, կլացեմ: Էլ չե՜մ անի, քո՜ արև:
Փիրուզան նստում է,- Դե լա՜վ, փորձենք: Մեր մասին: Քանի դեռ չեք բաժանվել ձեր կնոջից, ընդամենը Ձեր գործավարն եմ: Ու այլևս չփորձեք մարդաշատ տեղերում ինձ համբուրել, օգտվելով իմ ապուշ կարգավիճակից: Եթե զգամ, որ պետք է, ես կանեմ, իրո՜ք: Ցեխի մեջ չեն լվացվում:
Նազարը ձգվում է դեպի Փիրուզան, սա ետ է գնում, դանակ վերցնում,- Ինչ լա՜վ բան ասեցիր: Որ բաժանվեմ, լրի՜վ կդառաս ինձ կնի՞կ: Ոնց որ երա՜զ: Բա որ սպանի՞,- իրեն գինի է լցնում: Փիրուզան Նազարի բաժակը դնում է իր դիմաց,- Այլևս չփորձեք, արդեն շատ ավելի եք հիմարացել, քան՝ կաք: Սպանելու միտքը խելացի էր: Որոշ ժամանակ կսպասենք, մինչև պարզվեն Ձեր հաղթարշավի հանելուկը և չափը, իմ անկման աստիճանը: Նազարը զգուշորեն ուտում է, նայելով Փիրուզային,- Խանդեցի՜ր, սիրունս: Ի՜նչ լավն ես:
Փիրուզան նայում է շուրջը, ժպտում հեռվում կանգնած տնօրենին, կանգնում,- Խանդելու բան չկա՜: Միայն խղճալու՝ ինքս ինձ: Կփորձեմ կեղտաջրից ինքս դուրս գալ, և՝ օգուտով,- ձեռքը պարզում է մոտեցող տնօրենին,- Ամեն ինչ հոյակա՜պ էր, իրոք: Խորի՜ն շնորհակալություն:
Նազարն այդ ընթացքում արագորեն իրեն գինի է լցնում, խմում: Փիրուզան հոգոց է հանում:
Տնօրենը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Ձեր գովեստն իմ երազանքն էր, ունեցա: Մեզ չմոռանաք,- հեռանում է:
Փիրուզան բռնում է Նազարի ձեռքը,- Գնանք,-Նազարը չի շարժվում: Շշնջում է,- Գնանք պոեզիայի, քանի չեմ փոշմանել,- Նազարը շտապ կանգնում է, օրորվում: Խոսում է լսելի,- Ուշանում ենք, պարոն Նազար,- թևանցուկ է անում Նազարին, շարժվում դեպի ելքը:
(շարունակելի)
Создано 13.05.19 14:45
© Все права защищены
104