Литературный портал

Автор поста

Բոհեմական երիտասարդություն

Հերոսը Սյունեն է: Այսօր առավոտյան նա արթնացավ շատ երջանիկ, որովհետև հենց արթնացավ, հիշեց, որ դաս չկա, չնայած դա մեծ բան չէր փոխելու:  Հետևաբար սովորականի պես ալարկոտ ձեռքը տարավ դեպի սովետական զարթուցիչը, առանց աչքերը բացելու մի ձեռքով խարխափեց, գտավ, փորձեց անջատել: Զարթուցիչն ընկավ՝ շարունակելով աղմկել: Սյունեն ստիպված ձգվեց գետին, որ նորից գտնի այն, բայց այս անգամ բաց աչքերով: Նա հասավ զարթուցչին այն դիրքով, որ միայն ոտնաթաթերն էին մնացել անկողնու մեջ, իսկ իր գիշերազգեստը հատակի փոշին հավաքել էր իր վրա: Կարող եք համարել, որ նա այդ օրվա մարզանքն արեց վերջացրեց: Սյունեն լավ կաներ անմիջապես վեր կենար ու հագնվեր, փոշոտված գիշերազգեստն էլ տաներ դներ լվացքի մեքենայի մեջ: Բայց նա, զզվելով սեփական շորերից, հանեց շապիկը ու, թողնելով այն կեղտոտ հատակին՝ հետ մագլցեց տաք ու մաքուր անկողնու մեջ, պտտվեց դեպի պատը ու աչքերը փակեց՝ սուզվելով հաճելի թմբիրի մեջ: Սովորաբար նման իրավիճակում մի թևով գրկում էր իրեն ու պատկերացնում, որ դա մի որևէ տղա է իրեն գրկել: Հետո եթե նինջը ուշանում էր, սկսում էր զրուցել տղայի հետ, բայց իհարկե շշուկով, որովհետև Սյունեն, եթե դեռ չգիտեք, այլևս մենակ չէր ապրում. տեղափոխվել էր ծնողների մոտ, որովհետև եղբոր հիվանդության ծախսերը շատ էին, իսկ տանը միայն հայրն էր աշխատում, ու Սյունեի Երևանում ապրելը արդեն թանկ հաճույք էր իրենց ընտանիքի համար: Նա շատ կուզեր աշխատել ու տան ֆինանսական հոգսը մի փոքր թեթևացներ, բայց չգիտես ինչու, ոչ աշխատանք էր փնտրում, ոչ էլ ինչ-որ բան սովորում, չնայած որ իրեն ճանաչողների կարծիքով բավականին խելացի էր ու քթածակով: 
  Նրան դեռ մի ամիս կա, որ այդպես ալարկոտ արթնանա ու նորից քնի մի քանի ժամ, մինչև հասկանա՝ իր ապրելակերպի անունը դեպրեսիա է:
Создано 11.05.19 10:14
69