Литературный портал

Автор поста

Սիրտ ու հոգի

Բարձյալը՝ Նա, որ հիվանդներին բուժում է, թշվառներին հուսադրում, անհույսներին նոր կյանք տալիս, իմ անզոր ներկայությամբ վերցրեց սիրտս ու կիսեց: Հետո մի կեսը կտրատեց, մասնատեց, բայց չնետեց, այլ կարծես ավելի դառնացնելու համար իմ ցավը այդպես մասնատված, լխկված, վերքոտ, համարյա անշունչ կտորները պահում էր աչքերիս առաջ, որ տեսնեմ ու անընդհատ զգամ հարատև թարմ վերքի մրմուռը:
Սովորաբար զորավոր հարվածները խփում են մի անգամ, բայց ուժգին ու դառը: Նա ինձ բաժին ճակատագրով որոշել էր քամել ինձ անընդհատ, պարբերաբար: Նա կարող էր սրտիս անկյանք կտորները նետել, այրել, մոխրացնել: Ես կդիմանայի, մի որոշ ժամանակ կցավեր, հետո կանցներ, ես կսկսեի նորից մոտս եղած կես սրտով, բայց սպիացած վերքով: Նա չթողեց՝ վերքերս սպիանան, այլ մանր պատառիկները նրա, ինչը իմ սրտի մի մասն էր, պահում էր աչքիս առաջ ու մեկ-մեկ խաղացնում, որոնք անասելի ցավում են, երբ այդ կտորները ամբողջովին պոկված չեն քեզնից:
Ես չէի կարող բուժել դա: Սակայն ես կարող էի դրանք հավաքել ու վառել, խորը վշտով ու տառապանքով իհարկե, փոխարենը դա ինձ կօգներ վերսկսել ապրել, բայց...
...Բայց մարդկային էությունը մեկ թշվառ, սակայն նույնպես փառահեղ հատկանիշ ունի: Այն կառչում է իր ունեցած ամենափոքր հույսի նշույլից՝ հավատալով կյանքի չնչին ակնարկին: Այդ պատճառով նա չի կարող դեն նետել կիսաշունչ կտորտանքներն ու շարունակել ապրել: Նա կնախընտրի սպասել դրանց կենդանացմանն ու ամոքմանը նախքան հույսը վերջնականապես կմարի:
Создано 25.06.19 22:56
© Все права защищены
67