Տ - Երբևէ մտածե՞լ ես, որ քո այդ հմայիչ աչքերը կարող են տեսնել իմ գալը, բայց սիրտդ չի լսելու իրեն հարազատ բառերը, կամ, որ այդ ներկայությունը կլինի ժամանակավոր: Չնայած ի՞նչ եմ է խոսում, երբ դու կողքիս ես, էլ ժամ ու ժամանակն ինչիս է ...
Ա -Ինչո՞ւ ես դու այդքան դաժան, ինչո՞ւ ես հրաժեշտի ժամանակ ասում բառեր, որոնք սովորաբար ասվում են հանդիպումների ժամանակ, երբ կարոտից սերը խեղդում է կոկորդդ, բայց ոչ նրա համար, որ խեղդվես, այլ նրա համար, որ խոսես ու սիրտդ հովանա, ինչո՞ւ ես այնպես խոսում, ասես մենք դեռ մի ամբողջ կյանք հանդիպելու ենք, իսկ սա առօրյա զրույց է ...
Տ - Ոչ սա է առօրյա զրույց, ու ոչ էլ մենք հնարավորություն կունենանք մի ամբողջ կյանք հանդիպելու, ես ուղղակի ուզում եմ ամեն ինչ լինի շատ պարզ ու հասարակ, և չեմ ուզում հրաժեշտի ժամանակ ասեմ բառեր ու խոսքեր, որոնցից կթրջվեն աչքերդ, ես չեմ ուզում դրանք նորից թրջված տեսնել, ինչպես այն անգամ, երբ անզգուշաբար վնասեցիր ձեռքդ ու սկսեցիր մանկան նման լաց լինել, դա հաճելի էր, քանի որ այն ժամանակավոր էր ու ժպիտ էր առաջացնում քո ծիծաղին միախառնված լացը, իսկ այս անգամ դրանք կտպվեն հիշողությանս մեջ:
Ա - Ես չեմ ուզում, որ դու գնաս, խնդրում եմ ...
Տ - Իսկ մնալս արդյունք կտա՞:
Ա - Ես արդեն կորցրել եմ քեզ ...
Տ - Կորցրել ես ու ուզու՞մ ես, որ մնամ:
Ա -Դու ոչինչ չե՞ս զգում, այնպիսի տպավորություն է, թե դու միայնակ էիր կանգնած այն կամրջի վրա, որը կտրվեց, բայց ես նույնպես այդ կամրջի վրա էի ...
Տ - Այդ կամուրջը իրականում մեր կապն էր ու այն կտրվեց, երբ գտնվում էինք հակադիր բևեռներում և մինչ մեր նորից իրար գտնելը, այն թողեց իր ազդեցությունը:
Ա - Բայց ես փնտրում էի քեզ, անգամ երազում ես քո անունն էի տալիս, ես կանչում էի քեզ, անգամ երբ մեքենաների աղմուկը խլացնում էր ամեն տեսակ ձայներ, իսկ դո՞ւ ... դու երևի փակել էիր ականջներդ ամուր ...
Տ - Գիտես, միշտ սիրել եմ, երբ կարողացել ես զգալ իրավիճակը, քեզ նույնիսկ հեռավորությունը չի խանգարում դրա համար:
--- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- ---
Մարիամ Այվազյան
Հովհաննես Քրիստարտ Կալինա
Հովհաննես Քրիստարտ Կալինա