Литературный портал

Автор поста

Փրկության աղոթքը

-Տղերք, շարժվեցինք: Պատգարակը զգույշ բարձրացնում եք ու իմ ետևից,- Սաքոն էր… -Սաքո, դանդաղ գնա, հետևիցդ հասցնենք, կերած-խմած վիրավոր ենք է տանում,- կատակում է Գոռը: -Սպասեք էս դժոխքից դուրս գանք, ձեզ կերած-խմած ցույց կտամ, կաշիս ու ոսկորս եք թողել: Դուք մտածեք, թե մորս ինչ պատասխան եք տալու,- կատակելու հերթը վիրավոր Սամվելինն էր: -Դու մի մտածի, Սամ ջան, Գայան մորքուրիս ցավը տանեմ, քեզ մի շաբաթում էլի արջա դարձնելու,- ծիծաղելով ավելացրեց Արշակը: Էսպես կատակելով տղաները Սաքոյի ուղեկցությամբ առաջ էին շարժվում՝ անտեսելով մութն ու ցուրտը, աներևույթ թշնամուն ու հեռվում տրաքող արկերի ձայնը: Սամվելը, իրենց հաղթանդամ և անվախ ընկերը վիրավոր էր…ժամանակ չկար ինչ-որ բան մտածելու…իրենց միակ մտածմունքը Սամվելին փրկելն էր, ով ծանր վիրավորում էր ստացել ականանետից և որի այսքան ժամանակ գիտակցության մնալն ուղղակի հրաշք էր: Սարգիսը, Սամվելը, Արշակն ու Գոռը ողջ պատերազմը միասին էին անցել, միասին անցել էին մի մղձավանջի միջով ու հրաշքով ողջ մնացել…Իսկ հիմա Սամվելը վիրավոր է ու բոլորը մտորումների մեջ են, թե արդյո՞ք կհասցնեն փրկել իրենց ընկերոջը, ում վիճակը գնալով ավելի էր ծանրանում: -Սպասեք, մի րոպե կանգ առեք,-Սաքոն էր,- էդ շների ձայներն եմ լսում: Բոլորը լարեցին իրենց լսողությունը, սակայն ոչ մի ձայն չկար…միայն հեռվից տանկի շարժիչի ձայնն էր լսվում: -Շարժվեցինք… Արշակն ու Գոռը բարձրացրեցին պատգարակն ու շարժվեցին Սաքոյի ետևից: -Տղերք,- Սամվելի թույլ ձայնն էր,- չորս փամփուշտ եմ պահել , մի հատ էլ նռնակ, հենց տեսնեք դրանք գալիս են, ինձ թողնում եք ու նահանջում, ես կպայթեցնեմ ինձ էլ, դրանց էլ: Իմ փրկվելու շանսերը շատ քիչ են…մեզ օգնություն դժվար թե գա…տենց որ, ես իմ անելիքը որոշել եմ: -Այ տղա, էդ ՚՚փառահեղ՚ մտքերը ո՞րտեղից են ծնվում էդ դատարկ գլխումդ,- ծիծաղելով հարցնում է Արշակը՝ տագնապն ու կսկիծը մի կերպ կոծկելով,- սպասի էստեղից դուրս գանք, ինչի վրա մի գրամ չկասկածես, քեզ մի լավ քոթակելու եմ էդ պահածդ նռնակով ու փամփուշտներով: Կատակում էին, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում, որ վիճակը լուրջ է, որ Սամվելի ողջ մնալն արդեն մեծ հարցականի տակ է: Մտածում էին, թե Սամվելի մորը՝ տիկին Գայանեին ինչ պատասխան պետք է տային: Սամվելը տան մինուճարն էր ու տիկին Գայանեի կյանքի իմաստը: Սամից բացի այդ կինը ոչ ոք չուներ այս աշխարհի երեսին: Մեծ դժվարությամբ մեծացրել էր իր որդուն, պահել, փայփայել, ուսման տվել: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ: Հիմա Սամին որ մի բան եղավ, էդ խեղճ կինը ինչպե՞ս պիտի ապրի այս անարդար աշխարհում: Թե ինչքան էին գնացել, քանի բլուր ու ձորակ էին բարձրացել ու իջել, միայն Աստված գիտեր: Քանի քանի անգամ կանգ էին առել, վիրավոր ընկերոջը վիրակապել, կում-կում ջուր խմացրել ու նորից ճամփա ընկել: Երբ հերթական բլուրն էին բարձրանում, աջ կողմից մեքենայի ձայն լսվեց, որը սկզբում հեռվից էր, բայց քիչ-քիչ շարժիչի ձայնը մոտենում էր: -Չշարժվեք,- Սաքոն էր,- պատգարակը դանդաղ դնում եք գետնին ու դիրքավորվում: Բոլորիդ զենքերը պատրաստ կրակելուն: Սաքոյի հրահանգմամբ բոլորը դիրքավորվեցին: Մեքենան մոտ տասը մետր հեռավորության վրա կանգ առավ: Լսվեց դռների բացվելու ձայնը: -Կանգնեք, առաջ չգաք…մի սանտիմետր շարժվեցիք, սաղիդ փռելու եմ գետնին: Զենքերը ցած դրեք, ձեռքերներդ վեր, ոչ մի շարժում, բոլորս մինչև ատամներս զինված ենք, ավելնորդ մի շարժում ու բոլորիդ դիերը էստեղից կտանեն: -Տղերք, ձերոնք ենք, հայ ենք, չկրակեք,- լսվեց մեքենայի մոտից,- շտապի մեքենա է, ձեզ օգնության ենք եկել: Սաքոն տեղյակ էր, որ թշնամին ևս տիրապետում է հայերենին և հնարավոր է, որ սա ծուղակ է: -Չշարժվեք ասում եմ, հանեք ինչ ունեք- չունեք, բիլետները, փաստաթղթերը, հանեք ու լցրեք գետնին: -Ցավդ տանեմ, ախպերս, հայ ենք, հանգիստ եղի: Բայց Սաքոն չէր հանգստանում…հոգում փոթորիկ էր…գլխում իրար հերթ չտալով խենթանալու մտքեր էին ծնվում ու նա զգում էր, որ ուր որ է կխելագարվի: Տեսնելով, որ մեքենայի կողմից շարժ չկա, Սաքոն ավտոմատն ուղղեց դեպի այդ կողմ, մատը դրեց ձգանին ու վերջին հրահանգները տվեց. -Տղերք, սկսում եմ կրակելով առաջանալ, հենց տեսնեք վրա են տալիս, նռնակը կգցեք: Որոշեց մտքում հաշվել մինչև վեցն ու կրակ բացել: Հրաժեշտ տվեց ծնողներին, ընկերներին…կոկորդը սեղմվեց մոր դեմքը հիշելիս, սակայն ուրիշ ելք չկար: Մեկ…երկու…երեք…չորս…հինգ…երբ մեքենայի մոտից լսվեց. -Հա՛յր մեր, որ յերկինս ես,սո՛ւրբ եղիցի անուն Քո… Բոլորը միասին աղոթում էին, աղոթքի ուժից և հոգին փոթորկող հույզերից Սաքոն ողջ մարմնով ցնցվում էր, հեկեկում էր, գլուխը վիրավոր ընկերոջ ձեռքերի մեջ դրած…Մթության մեջ լսվում էր Հայր մերը՝ Սաքոյի, Արշակի, Գոռի, վիրավոր Սամվելի ու տիկին Գայանեի փրկության աղոթքը….
Создано 24.11.22 09:58
174