Նա անտարբեր նայում էր պատուհանից ու նկատում, որ քաղաքը վաղուց խոր քուն էր մտել, և անգամ հարևանի շունը ողջ օրը այս ու այն կատվի հետևից ընկնելուց հոգնած` ննջել էր լուսնի նուրբ, շղարշե սավանի տակ:Լուսինն էլ կարծես մարդկանց հավերժ անցուդարձից ձանձրացած, ծուլորեն իր լույսն էր սփռում մերթ այս, մերթ այն ճյուղի վրա:Աշխարհի մի գողտրիկ հատված, որ Աստծո կամոք ունակ էր տեսնել աչքը, Մորփեոսի գիրկն ընկած` տեղափոխվել էր երևակայական մի միջավայր` վարդագույն երազներով ու երազանքներով լեցուն: Մութ գիշերի այս խլացնող լռության մեջ նա մտորում էր ինչ պատահի...Մտքեր որոնք լի էին դառնությամբ, և անգամ Շամշադինի կծծան մեղուների արտադրած ամենաքաղցր մեղրը, որ դեռ կպած էր շուրթերին չէր քարող փոփոխել այն խիստ մարդկային զգացումը, որ ամեն բան կյանքում գնում է անդունդը...Ինչու՞ խիստ մարդկային...Չգիտեմ, Նա էլ չգիտեր:Գիտակցաբար` Նա չէր գիտակցում կատարվածը. չէր ցանկանում:«Գիտակցությունը զենք է, որ ցանկացած պահի կարող է գործել, ինչպես թշնամուդ, այնպես էլ քո դեմ»,-մտածում էր Նա:Թե ո՞վ էր Նա, ինքն էլ չգիտեր. բախտի խոնարհ ծառա, կյանքի ուշիմ աշակերտ, նպատակների զինվոր, ցանկությունների գերի, սիրո բանտարկյալ, թե լիարժեք հիմար...հավանաբար, այդ պահին, Նա ամեն ինչ էր և ոչինչ միաժամանակ. բազում երանգներ, որ տարիներ շարունակ լցնում էին նրա հոգու դատարկությունը և առաջացնում էին լիության և բավարարվածության ցնորք վերացան նույնքան արագ, որքան հայտնվեցին:Նա քայլ առ քայլ ազատվում էր տարիների այն կարծր ծեփից, որը ջերմության, ապահովության, կայունության պատրանք էին ստեղծում. հաճելի մի սուտ, որը սիրում էր Նա, և որը սիրում էր իրեն. սուտը սիրում է կույրերի, սնվում է այդ թշվառների ներքին կուրությամբ և վերածում նրանց անդեմ բայերի, որ զանազանվում են միայն սեռով...Բայց Նա ժամանակին ստացավ ապտակ. մի խուլ, դաժան ապտակ`կյանքի սիրո ապտակը, որ ստիպեց սթափվել, որ ստիպեց ոչ թե նայել, այլ տեսնել, նկատել, զգալ, վերլուծել, հասկանալ...Թե ի՞նչ էր պատահել, գիտենք միայն Ես և Նա` Մարմինը և Հոգին, Գիտակցությունը և Զգացմունքը, Ուղեղը և Սիրտը, Ինը և Յանը, մենք շատ անուններ ունենք` իմաստն է նույնը, երբ ներդաշնակ ենք հաղթահարելի է ցանկացած արհավիրք, ինչպես մի գավաթ թեյի շուրջ լուծելի է ցանկացած խնդիր:
70
Կյանքը ի ցույց է դնում մարդկային հոգեկերտվածքի ամենախարխուլ ճեղքերը և ստիպում հասկանալ, որ հաճախ մեր հզորության, խելքի, ջանասիրության և այլ վեհ արժեքների շղարշի տակ թաքնվում է մի թուլամորթ էակ, որը, հասարակության անհիմն''զառանցանքների'' և դրանց հետևանքով մեր ներսում զգացնունքային բռնկումների ու զեղումների ծայրահեղ շիկացման պայմաններում կոտրում և ոջնջացնում է այն բոլոր նպատակներն ու իղձերը, վեհ գաղափարներն ու զգացմունքները, որ երբևէ եղել են:Մեկ մարմին, երկու էակ․ սևի և սպիտակի, հոգու և մարմնի մշտական պայքար։ Տարբերվելը որքան վախ է, նույնքան էլ՝հետաքրքրություն, որքան ձգտում կա դրա մեջ, նույնքան` կյանքի նկատմամբ անհագ ծարավ: Մենք դեռ չծնված արդեն իսկ տարբերվում ենք իրարից: Սկզբում սեռով, ապա անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված մի շարք հատկանիշներով: Հայտնվելով կյանքի խաղատախտակին և որոշ չափով ազատվելով պաշտպանիչ այն կարծր թաղանթից, որ ստեղծում են մեզ համար ծնողները` մենք ստիպված ենք լինում անզիջում պայքար մղել և կատարել բնական ընտրություն` լինել կամ հալածվող, կամ հալածող: Բայց ցանկացած կանոնից կան բացառություններ`մարդիկ ովքեր չեն փորձում խաղալ ինչ-որ դեր, կրել դիմակներ և գործել կյանքի թելադրանքով: Նրանք ապրում են և ներկայանում աշխարհին որպես վառ անհատականություններ: Հիմնականում նման մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր արհամարհվել են շրջապատի կողմից իրենց կյանքի որոշակի փուլում. տարբերվելը նրանց համար պաշտպանվելու, ինչ-որ տեղ նաև ինքնահաստատվելու միջոց է, կան նաև անձինք, ովքեր, իսկապես, աշխարհն ընկալում են յուրովի և արտաքին տեսքի միջոցով, աշխատում են այն արտահայտել:Կարծում եմ յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում է այդպիսի մի խեղկատակ, բայց մենք, մեծամասամբ, առաջնորդվելով բանականությամբ և զսպելով մեր զգացմունքները, նախընտրում ենք միապաղաղ, բայց հաստատուն ներկան, քան վառ, բայց անորոշ ապագան։Իսկ ո՞րն է ճիշտը, կարծում եմ յուրաքանչյուրի համար այն անհատական է։ Կարծում եմ ինքներս մեզ հասկանալու համար պետք է լռել և ականջալուր լինել ներքին ձայնին, որը արթնանում է մեր մութ կողմերի դեմ էլ ավելի ահարկու մենամարտ տալու:
149
...նա նման էր վանդակում ճախրող ծիծեռնակի , որ գերեվարվել էր տղամարդկանց դյութիչ խոստումներով:Նրա աչքերը ազատություն էի տենչում, իսկ մարմինը` կապանքներ. նա գիտեր`այլևս երբեք չի ճախրի բնության գրկում. չի զգա իրեն բնության փերի, ջրերի ալիք, երկնքի արքայազուն դշխո:Այդ զգացումը աներկբա ցասում, կրքերի փոթորիկ, հույզերի պայթյուն էր ձևավորում նրա փոքրիկ, նրբին հոգում:Աչքերը պայքարում էին. դառնում բոսոր մայրամուտ, մարմինը ճկվում ու ցավում էր երկաթե կապանքների ծանրության ներքո, բայց այդ ցավը հաճույք էր, այդ խաղը հաճույք էր, այդ կյանքը անվերջ պայքար էր, երբ ոչ հաղթում ես, ոչ էլ պարտվում...
69
Բալմոնտը ասել է.”Հոգում կա ամեն ինչ, ինչ որ երկնքում և նույնիսկ մի փոքր ավել”:Սիրում եմ նայել գիշերային երկնքին, այն ասես անծայրածիր աշխարհի քարտեզային պատկերը լինի: Սիրում եմ նայել աստղերին,դրանք ասես մեր հոգու խավար հատվածի պայծառ բծերը լինեն՝ խորհրդավոր և մեկուսի:Թվում է, թե միանման են, պարզորոշ, բայց մեկ է գրավում են և հաճախ չես էլ նկատում անգամ, որ աչքերդ հառած երկնքին կերտում ես մարդկանց պատկերներ՝ այդքան նույնանման և այդքան տարբեր:Այսպես և կյանքում՝ յուրաքանչյուրս աստղերի մի շարան, մութ էության հետանաշերտին:Չկան չար մարդիկ, կան դժբախտներ:Չկան անտաղանդներ, կան իրենց տաղանդը չբացահայտածներ:Ժամանակը տալիս է , ժամանակը խլում՝ այն ինչը քոնն է, բայց չի գործածվում:Սիրում եմ այս տողերը ես միշտ կրկնել, քանզի ամենքիս հոգին մի աստղատուն է, որն ժամանակի ընթացքում կամ Վեգայի է վերածվում, կամ էլ մի մեծ սև խոռոչի:Առաջինը՝ լուսավորում է ու ջերմացնում, երկրորդը՝ խորտակում անհետ:Այսպես և երկնքում լուսինն ավելի վառ է լուսարձակում, երբ բազմահազար պայծառ աստղերն իրենց խորհրդավոր պարն են կատարում իր շուրջ:Ինչպես ասել է Կլապյեն.”Խելքը հոգու աչքն է,բայց ոչ ուժը:Հոգու ուժը սրտի մեջ է, իսկ սրտի ուժը՝ մաքրության”:Այո՛, աշխարհին պետք է մաքրություն՝ պետք են բազմահազար մաքուր սրտեր, ուժեղ հոգիներ, անկոտրուն ոգիներ, բայց ինչպե՞ս հասնել այդ ամենին…ՊԱՏԱՍԽԱՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՍՐՏԻ ՄԵՋ Է…
135