Ես կրկին այստեղ եմ, կանգնած քո կողքին։ Ավաղ, այս անգամ դու ինձ չես տեսնում։ Դու նորից կանգնած ես փողոցի ծայրին, նայում ես լուսամփոփի կարմիր գույնին ու մերթ ընդ մերթ թարթում աչքերդ։ Սովորությանդ համաձայն չես նայում լուսամփոփի թվերին, որոնց վերջանալուն պես կվառվի կանաչ լույսը։ Միշտ ասում էիր, թե ատում ես հետ հաշվարկը։ Իսկ ես առհասարակ ատում եմ հաշվարկը։ Ի վերջո երևաց կանաչ լույսը և դու կարող ես անցնել փողոցը։ Ես հետևում եմ քեզ, բայց դու ինձ չես նկատում։ Քայլերդ մեզ տանում են դեպի Աբովյան փողոց, որտեղ երբեմնի մի օր խաչվեցին մեր "կարմիր լուսամփոփով ճանապարհները"։ Ու խաչվելու պահին վառվեցին "կանաչ" լույսերը։ Իմ սիրած շենքերն են՝ հին ու ջերմ շենքերը, որոնք ինձ միշտ ժպտում են։ Շենքերն ինձ նկատեցին, նրանք ժպտում են, բայց դու չես նկատում։ Այդպես, մի ամբողջ օր ես քայլեցի քո կողքին, միասին զբոսնեցինք իմ սիրելի փողոցներով, լսեցինք երգեր, որոնք ես երբևէ չէի լսել, միասին նստեցինք այգու վերջին նստարանին, դու ծխեցիր, ես շնչեցի ծուխը։ Դու մտածում էիր, ես անդադար խոսում, բայց դու ինձ չէիր նկատում։ Խնդրում էի, արտասվում, պատառոտում հագուստս, հագուստդ, քաշում մազերդ, հազար ու մի անգամ կոտրեցի ծխախոտդ, բայց դու ինձ չես նկատում։ Չես էլ նկատել, չես էլ նկատի... Եթե, որևէ մի օր կարդաս գրածս, խնդրում եմ, նկատիր ինձ, ես քո ստվերն եմ։
173
Կյանքում կան պատմություններ, որոնք երբեք ոչ ոքի չես պատմի։ Որքան մթնոլորտը հիշեցի դրանց երբեմնի գոյության մասին դու լռում ես, բարձր լռում։ Հիշում ես, վերապրում, կռվում ու նեղանում ինքդ քեզնից, բայց լռում ես, խորը լռում։ Այնքան բարձր ես լռում, որ լսվում է երակներումդ վեր ու վար անող արյան ձայնը։ Բայց դու լռում ես... Կյանքում կան մարդիկ, ովքեր երբեք չեն մոռացվում։ Ինչպես չես մոռանա քաղաքիդ դատարկ փողոցները, չես մոռանա ձեր բակի հսկա տանձենին, այդպես էլ նրանց չես մոռանում։ Բայց փողոցները լեփ լեցուն են, տանձենին չկա, մարդիկ էլ... Չես մոռանում, բայց չես էլ հիշում։ Կամ էլ այնքան ես հիշում, որ մոռանում ես մերթ ընդ մերթ մոռանալու մասին...խճճվեցի... Մտքերս էլ են երբեմն խճճվում, անցյալից գնում եմ դեպի ապագա, վերադառնում ներկա, աչքերս փակ գնում անցյալ, հետո նորից մեկ շարժումով հայտնվում ներկայում, վազում եմ ապագա ու փախչում անցյալ։ Չհասկացա՞ք...Ուրեմն հաղթող եք։ Կյանքում հաղթող եք, եթե չհասկացաք վերևում գրված և ոչ մի բառի իմաստը, եթե ձեր աչքերի առաջ կինոժապավենի պես չանցավ ձեր կյանքը, եթե չտեսաք ՆՐԱ ժպիտը, ու թե չզգացիք դատարկ փողոցների խլացնող լռությունը։ Հաղթող եք կյանքում՝ կյանքին։ Պինդ կացեք...
135