Հայացքով իրար տիրություն արինք․․․․հայացքով անգամ տիրացանք իրար։ Մեզ հաջողվեց նույնիսկ լռեցնել մեր շուրջբոլորը սեր խոստովանող ու իրար իբր թե բարի խոսքեր ասող զույգերին ու կիսազույերին ընդամենը մեր հայացքների բախումով։ Վահագն Աստծո գալստյանը նմանվեց մեր ամեն աչքերի խաչումը՝ կարծես կրակն ինքն էլ հասկացավ․ թե մեր շուրջը բռնկվեր՝ ուշադրություն դարձնող չէր լինի։ Ով անցնում էր մեր բբերն կապող ուղղի միջնակետով՝ երևի թե ջերմային, էլեկտրական հարված էր ստանում։ Մենք իրար չենք սիրում։ Իրար սիրում են իրար տուն ճանապարհողներն ու մարտի ութին ծաղիկ նվիրողները, իրար փաղաքշական ածականներ շռայլողներն ու գլուխը բարձին դնելուց հետո իրար հեռախոսի “բարի գիշեր, անուշս” ուղարկողները․․․ բայց ոչ երբեք մենք։ Մենք իրար ստեղծում ենք ու ոչնչացնում, անիծում իրար ու կանխատեսում, խեղդում ենք իրար ու հետո փրկում․․․երևի երբ երազեցի հանելուկ սիրել, այդժամ չգիտեի ինչ տենչանքով էի աչքերիդ տրվելու ու ինչ ըղձանքով դրանց անխոս կարգադրություններին ենթարկվելու։ Մեր միջև վարարեցին Տիգրիսն ու Եփրատը, մեր ձգողությունից Պլուտոնը այնքան Երկրին մոտեցավ, որ անզեն աչքով երկնքում կերևար, թե աչքերիցդ այն կողմ ուրիշ որևէ-ինչ նկատելու ունակ լինեի։ Մենք իրար տեսանք 1001-րդ անգամ, 1001-րդ առաջին անգամ ու գլոբուսին չերևացող թշվառ մի երկրի, մի անշուք դպրոցի բակում իրարից 5,5 մետր հեռավորության վրա, դու՝ ցայտաղբյուրին, հանկարծ ծարաված ես էլ՝ նստարանին հենված։ մենք իրար տեսանք 1001-րդ առաջին անգամ ու ընդերքում հանկարծ մի սողանք սկսվեց, կենդանիները անկանոն դարձան, մոլեկուլներն հեղուկում՝ կանոնավոր, հերքվեցին բոլոր օրենքները իմ սիրած-չսիրած գիտության։ Ժայթքեցին բոլոր հանգածները ու երկրի զանգվածի կենտրոնը դարձավ մեզ կապող ուղղի բուն միջնակետը։ Մենք իրար չենք սիրում․․․այդ հասարակ զգացմունքը մեր աչքերը մեզանից խլեցին 1001-րդ առաջին անգամ։ Հայացքով իրար տիրություն արինք՝ պատեր շարեցիր հայացքովդ, որ թարթիչներիս քամի չխաղա, որ չկկոցեմ ու պատկերդ աղոտ շեղությամբ տեսնեմ։ Հայացքով անգամ տիրեցինք իրար․․․հայացքով գոնե սիրեցինք իրար ։
56