Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Ես քո ստվերն եմ, նկատի՛ր ինձ

Ես կրկին այստեղ եմ, կանգնած քո կողքին։ Ավաղ, այս անգամ դու ինձ չես տեսնում։ Դու նորից կանգնած ես փողոցի ծայրին, նայում ես լուսամփոփի կարմիր գույնին ու մերթ ընդ մերթ թարթում աչքերդ։ Սովորությանդ համաձայն չես նայում լուսամփոփի թվերին, որոնց վերջանալուն պես կվառվի կանաչ լույսը։ Միշտ ասում էիր, թե ատում ես հետ հաշվարկը։ Իսկ ես առհասարակ ատում եմ հաշվարկը։ Ի վերջո երևաց կանաչ լույսը և դու կարող ես անցնել փողոցը։ Ես հետևում եմ քեզ, բայց դու ինձ չես նկատում։ Քայլերդ մեզ տանում են դեպի Աբովյան փողոց, որտեղ երբեմնի մի օր խաչվեցին մեր "կարմիր լուսամփոփով ճանապարհները"։ Ու խաչվելու պահին վառվեցին "կանաչ" լույսերը։ Իմ սիրած շենքերն են՝ հին ու ջերմ շենքերը, որոնք ինձ միշտ ժպտում են։ Շենքերն ինձ նկատեցին, նրանք ժպտում են, բայց դու չես նկատում։ Այդպես, մի ամբողջ օր ես քայլեցի քո կողքին, միասին զբոսնեցինք իմ սիրելի փողոցներով, լսեցինք երգեր, որոնք ես երբևէ չէի լսել, միասին նստեցինք այգու վերջին նստարանին, դու ծխեցիր, ես շնչեցի ծուխը։ Դու մտածում էիր, ես անդադար խոսում, բայց դու ինձ չէիր նկատում։ Խնդրում էի, արտասվում, պատառոտում հագուստս, հագուստդ, քաշում մազերդ, հազար ու մի անգամ կոտրեցի ծխախոտդ, բայց դու ինձ չես նկատում։ Չես էլ նկատել, չես էլ նկատի...
Եթե, որևէ մի օր կարդաս գրածս, խնդրում եմ, նկատիր ինձ, ես քո ստվերն եմ։
Ստեղծվել է 11.08.18 09:12
Հեղինակ: Միլեն
176